среда, 30 мая 2012 г.

«Մանուկների աստվածաշունչ»


Մանուկներին Աստըծո փունջ
Մի՛ քարոզեք «աստվածաշունչ»,
Մի՛ պղտորեք նրանց հոգին
Դոգմայաշունչ խոսքերով փուչ:

Մանուկներին արևատենչ
Մի՛ ներքաշեք խավարի մեջ,
Մի՛ մթագնեք նրանց հոգին
Մոմի դյութիչ հալոցքով շեջ:

Չէ՞ որ ասվեց ձեզ առանձին՝
«Մանուկների՛ նման եղեք»,
Եվ՝ «Վա՜յ նրան, ով կփորձի
Մի մանկիկի գայթակղել»:




Պոեմ խաչի ու խաչակնքումի


Տաճարը շոյեց վանքին,
Վանքն ասաց՝ խաչակնքի՛ր:

Լուսե մի խաչ գնաց,
Դրոշմվեց երկնքին:

Վանքին անհայտ մնաց,
Թե ով էր իր կողքին:

Խարիսխ ու խաչ», 2012)

понедельник, 28 мая 2012 г.

Երգարվեստի վերջին անցուդարձի մասին

Վերջին շրջանում հաճելի հայտնություն կարելի է համարել թուրքահայ երգչուհի Սիբիլի երևալը հայ երգարվեստի բեմին: Ողջունելի և ուրախալի են ոչ միայն նրա հիասքանչ ու անթերի կատարումները, այլ նաև այն, որ նրան կարծես թե հաջողվեց իր բնական հայեցի միջավայրը ներքաշել նաև երգիչ Անդրեին, որը շոու-բիզնեսի արատավոր ազդեցության հետևանքով արդեն քիչ էր մնում բոլորովին «ձեռքից գնար»: Լիահույս եմ, որ շնորհալի այդ երգչի «դարձ ի շրջանս յուր»-ն  անդառնալի կլինի՝ ի շահ և ի փառս հայ երգարվեստի: Սիբիլի և Անդրեի վերջին զուգերգը Հանրապետության օրվա տոնական համերգին հուզիչ էր և հրաշալի (երգեցին «Առաքել-Մուշեղը»):
Ավա՜ղ, նույն այդ համերգի ընթացքում հնարավոր չէր չնկատել պախարակելի ու վատ կատարումները, որոնց կրկնվող ու շարունակական բնույթն արդեն խիստ մտահոգիչ է դառնում ու սպառնալի՝ հայ երգարվեստի բնագավառում տարբեր ժամանակներում ստեղծված բարձր արժեքների անաղարտությունը միտումնավոր ու համառ խաթարելու առումով: Դեռ հլա մի կո՛ղմ թողնենք «Էրեբունի-Երևան» երգի իբր «նորովի մեկնաբանման» հերթական անդուր փորձը, քանի որ այդ երգի հեղինակներն այլևս մեր կողքին չեն և չեն կարող դրա դեմ բողոքել: Անդրադառնանք միայն հայտնի երգահան և Կոմպոզիտորների միության ներկայիս նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի «Երկիր հայրենի» երգի կատարմանը: Թմբլիկ երգչուհին (անունը չգիտեմ և չեմ ուզում իմանալ) այդ երգը ոչ միայն անարվեստ և անհստակ կատարեց, այլև փորձեց անառողջ ու խռպոտ կիրք ներարկել այդ թանկ երգի իր էժան կատարման վերջնամասում (իբր՝ տեսե՛ք, թե ինչ «էներգետիկ լիցք» կրող երգչուհի եմ...):
Տարօրինակ ու անթույլատրելի եմ համարում, որ  Կոմպոզիտորների միությունը ներկայումս որևէ լծակ չունի ներազդելու հեռուստատեսությամբ ցուցադրվող գոնե տոնական համերգների երգացանկի, երգիչ-երգչուհիների ընտրության և նրանց կատարումների որակի վրա: Մինչև ե՞րբ պետք է շարունակվի շոու-բիզնեսի այս «բեսպրեձելը»՝ ի վնաս հայ երգարվեստի ու ժողովրդի ճաշակի...
Եթե միջամտել ու ներազդել թույլ չեն տալիս, ապա կատարված փաստերից հետո գոնե պետք է որոշ քայլերի, նույնիսկ պատժամիջոցների դիմել այս վտանգավոր վարակի առաջն առնելու համար, երբ երգիչ-երգչուհիները մեծամտաբար փորձում են անհարկի դայլայլներով ու ռիթմական աղավաղումներով «խմբագրել» ժողովրդին լավ հայտնի և սիրված գործերը: Մասնավորապես՝ Ռ. Ամիրխանյանին առաջարկում եմ դատական գործ հարուցել հիշյալ թմբլիկ երգչուհու նկատմամբ և նրան տուգանել սիմվոլիկ 200 դրամ: Սա երևի ավելի փոքր գումար է քան նախկին 2 կոպեկը, բայց նման «տուգանքը» կատակ բան չկարծե՛ք: Հայտնի է, որ իր ժամանակին Կոմիտաս Վարդապետը նման 2-կոպեկանոց «տուգանքներով» մի քանի տարվա ընթացքում կարողացել է կուտակել այնքան գումար, որ այն բավարար է եղել, որպեսզի Փարիզում գիրք հրատարակի: Դա «Հայ Քնար» ժողովածուն էր, որը պարունակում էր գեղջկական երգերի նրա երկարամյա գրառումները (տես՝ Վահան Տեր-Հովհանիսյան - «Անհիշաչար մարդը», «Կոմիտաս» ժողովածու, Երևան, 1930, 96-101):
Նման տուգանքները, կարծում եմ, ոչ միայն հայ երգարվեստին օգուտ կբերեն, այլ նաև դրական դեր կխաղան նորօրյա երգիչ-երգչուհիների ճաշակի ձևավորման գործում:

среда, 23 мая 2012 г.

ՄԵԾԵՐԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԵՐԹ


Այս երթն էլ գուցե
Անտեսել փորձեք,
Բայց աչք-ունկ բացեք,
Իսկ լեզուն՝ գոցեք:
           Մունետիկ

Նարեկացի

Կվիճակվի շատին
Քարե անձավ, կացին,
Ողբաձայն կաղոթի
Մի նոր Նարեկացի...


Սայաթ-Նովա

Մի նոր «Սայաթ-Նովա»
Ձեր կողքին է արդեն,
Բայց ձեզ համար, ավա՜ղ,
Դեռ երգերս բարդ են:


Ջիվանի

Ես՝ բացակա, դու՝ ներկա
Ի՞նչ է փոխվել՝ դեռ ոչինչ.
Կուզես՝ անզոր հեկեկա,
Կուզես՝ ձայնդ զլիր ջինջ...


Կոմիտաս

Կարկառում եմ ձեռքս
Ես Մայր Անահիտին.
-Մի՜ թող, որ տան երգս
Պճնված Լիլիթին...

вторник, 22 мая 2012 г.

Իմ սեղանից՝ ձեր սեղանին

Ասում եք՝ Հայաստանում գրքի տարի է, հա՞... Լավ է, որ գրքի տարի է: Թող լինի գրքի տարի: Այս գրքերն էլ թող լինեն նվաստիս ներդրումն այդ ընդհանուր տոնում.

1. «ԵՍ ԵՄ Հիսուս -Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» (թարգմ. ռուսերենից) - 2012 թ.


2. «Խարիսխ ու խաչ» (բանաստեղծությունների ժողովածու) - 2012 թ.


3. Բաբաջի - «ՕՄ ՆԱՄԱՀ ՇԻՎԱՅԱ» և Սերապիս Բեյ - «Կանչ Լուքսորի եթերային մենաստանից» (թարգմ. ռուսերենից) - 2012 թ.


4. Էլ Մորիա - «Թողության Շնորհ» (թարգմ. ռուսերենից) - օգոստոս, 2012 թ.


5. Գեորգի Գյուրջիև - «Ամենն ամենայնիվ» Գիրք Ա (թարգմ. ռուսերենից՝ անգլերենի համեմատությամբ) - հանձնված է տպագրության


Սեղանից-սեղան պատասխան հյուրասիրություն եմ ակնկալում միայն այն անձանցից, ովքեր ընթացիկ տարում ավելի շատ գրքեր կհեղինակեն:

Առա՜ջ, դե ձե՛զ տեսնեմ... 



Новые книги на латышском и армянском языках!

понедельник, 21 мая 2012 г.

Ավա՜ղ, գիտեմ...


Ավա՜ղ, գիտե՛մ երբ կբացվեն իմ գրքերը.
Երբ կպաղեն ինքնամեծար մութ կրքերը,
Երբ չի լինի օրակարգում հրատապ գործ
Կամ փնտրելու և շնից մազ պոկելու փորձ:

Ավա՜ղ, գիտե՛մ երբ կլսվեն իմ երգերը.
Երբ դրամը չի կապի ոտ ու ձեռքերը,
Երբ կհոգնեն ականջները հարսանիքից
Կամ աղմկոտ կերուխումից ու խնջույքից:

Հետմահու՞ եք «գտնելու» իմ թողածները...
«Անշա՜ռ գործ է». հավերժ լուռ են մեռածները:

Մանուշակագույն ռոմանս

Մանուշակագույն ռոմանս (mp3)
             
                         Հեղինակային կատարում

воскресенье, 20 мая 2012 г.

Ձոն Սանատ Կումարային

Սանատ Կումարա (mp3)

Песня Санату Кумаре - http://www.youtube.com/watch?v=4acgznc62Mg

        Երաժշտությունը և կատարումը՝ Խ. Մանասելյան


Ձոն Սանատ Կումարային

ՕՄ, Սանատ Կումարա,
Արևաշող Արա,
Հավերժ պայծառ, ջահել,
Հրաչյա, լուսահեր,
Էություն եռաձույլ,
Ճառագայթ յոթնաբույլ,
Եղեգ Վահագնածին`
Ծովում անծայրածիր,
Դու և Որդի, և Հայր,
Եվ սիրահորդ մեր Մայր,
Անխորտակ ու անգայթ
Կենտրոն արփիացայտ,
Պատվար երկինքների,
Խարիսխ սանդուղքների,
Գաղտնախորհուրդ շավիղ,
Սիրակարկաչ տավիղ,
Հրաբոսոր կատար,
Փարոս ուղեսատար,
Ոսկեդարի նոր կանչ,
Ավետաբեր ճաճանչ,
Տիեզերափառ Արքա
Անհաս ու բարձրագահ,
Ամենատես Բարձրյալ`
«Հինավուրցդ» կոչյալ,
Նախնյաց հզոր Աստված`
Խավար դարով եղծված:
Սաստիչ զատվածների,
Մեղքով պատվածների,
Փրկիչ գերվածների,
Կրկին ծնվածների...

Ազատ աստվածների
Ու համբարձվածների
Փառավոր Փարավոն,
Սանատ Կումարա, ՕՄ:

Սանատ Կումարա (Արամազդ) - Ուղերձ «Ժամանակը փոխվել է» ժողովածուից


Ժամանակը փոխվել է

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան. եկել եմ այս օրով, որպեսզի հայտնեմ աշխարհին այն նոր հնարավորության, նոր շնորհի մասին, որ Երկնոլորտները որոշել են հայտնի դարձնել աշխարհին մեր նոր ռուսազգի դեսպանորդ Տատյանայի միջոցով:
Շատերի համար անսպասելի կլինի իրադարձությունների ընթացքը: Եվ շատերը հակասական զգացմունքներ կապրեն՝ կարդալով սույն ուղերձը:
Սակայն մենք ոչ ոքի չենք ստիպում հավատալ կամ չհավատալ այն ամենին, ինչ կասվի: Մեր խնդիրն է՝ ձեզ տալ այս գիտելիքները, ձեր ազատ կամքը՝  դրանք ընդունել կամ չընդունել:
Ժամանակը փոխվել է, և սկսվել է Նոր Դարաշրջան: Աշխարհները մերձեցել են իրար: Եվ այն, ինչը մի քանի տարի առաջ՝ նույնիսկ անցած տարի, թվում էր անիրականալի երազանք, այժմ դառնում է իրականություն: Մենք հնարավորություն ենք ստանում խոսելու շատերի միջոցով, և օգտվում ենք այդ հնարավորությունից:
Իրադրությունը Երկրի վրա շարունակում է շիկանալ: Բարձրանում է մոլորակի թրթռումների մակարդակը: Նոր էներգիաներ են գալիս Երկիր: Եվ մարդկության մեծ մասը զգում է այդ էներգիաներն այն ձևով, որ անհնար ու անիմաստ է այլևս ընթանալ խավարում թափառելու այն արահետներով, որոնցով նա ընթանում էր երկար ու ձիգ հազարամյակներ:
Դա արտահայտվում է անբավարարվածության զգացման տեսքով՝ որպես սրտի կարոտ և ինչ-որ բանի սպասում, որն ուր որ է պետք է տեղի ունենա: Առավել զգայուն մարդիկ կորցրել են հետաքրքրությունն իրենց սովորական զբաղմունքների նկատմամբ: Թվում է՝ այն ամենն, ինչ առաջ կարևոր էր և կյանքի իմաստն էր կազմում, այժմ որևէ նշանակություն չունի: Բոլոր նախկին զբաղմունքները՝ դատարկ ժամավաճառությունն ընկերների հետ, անվերջ սերիալների դիտումը, մանր-մունր բաների հետևից ընկնելը, թվում է լրիվ անիմաստ են դարձել: Այդ ամենն արդեն հիշեցնում է երեկվա տոնից մնացած հետտոնական զարդարանք: Այսօր արդեն այդ ամենը զրկվել է իմաստից:
Առավել զգայուն մարդիկ իրենց սրտերում ունեն Նոր Աշխարհի կանխազգացումը՝ այն Աշխարհի, որը պետք է փոխարինի հնին ու իր դարն ապրածին: Եվ որքան էլ մարդկային գիտակցությունը փորձի կառչել կյանքի սովորական դարձած դրույթներից, հին ավանդույթներից՝ լինեն դրանք կրոնական, հասարակական թե ընտանեկան բնույթի, այդ ամենը կսրբվի-կտարվի վերահաս փոփոխությունների քամիով: Եվ միտք չունի դիմադրել այդ փոփոխություններին: Որովհետև այս աշխարհում ամեն ինչ ենթակա է Աստվածային բոլորապտույտի: Եվ ձեզ շնորհված ազատ կա՛մքն էլ իրականում սահմանափակված է իր ժամանակային և տարածական շրջանակներով:
Մատերիական աշխարհի շրջանակներով սահմանափակված մարդկային մահկանացու գիտակցությունը ենթադրում է, թե այս աշխարհում ամեն ինչ ենթակա է մարդու կամ մարդկային առաջնորդների կամքին:
Ո՜չ: Կա քարերը նետելու ժամանակ: Կա քարերը հավաքելու ժամանակ:
Եթե մարդկային օրգանիզմում բույն է դնում քաղցկեղային ուռուցքը, ապա առողջ օրգանիզմը սկսում է ազատվել հիվանդ բջիջներից: Ճիշտ նույնպիսի սկզբունք է գործում նաև այս տիեզերքում:
Եթե որևէ մարդկային քաղաքակրթություն կենտրոնացված է դառնում միայն անձնական հետաքրքրությունների բավարարման վրա, ապա այդպիսի քաղաքակրթությունը ենթակա է ոչնչացման, ճիշտ այնպես, ինչպես քաղցկեղային ուռուցքը կարող է հեռացվել վիրահատական ճանապարհով:
Եվ տվյալ դեպքում դիմադրությունն անօգուտ է: Այն ամենը, ինչ չի համապատասխանի Նոր Գիտակցությանը՝ Ընդհանուր Բարօրության, Բարու, Համագործակցության, Աստվածառաջնորդության սկզբունքներին, կսրբվի Երկրի երեսից այնպես, ինչպես ոչ վաղ անցյալի երկրաշարժն ու ցունամին հաշված ժամերի ընթացքում խլեցին մի քանի հազար մարդու կյանք:
Դադարե'ք ձգտել այս աշխարհում հաճույքներ ստանալուն: Կան անհամեմատ ավելի մեծ հաճույքներ, որոնք հասանելի են նրանց, ովքեր բացում են իրենց սիրտն ու միտքը Վերին Աշխարհների թրթռումների համար:
Ձեզնից դուրս չկա ոչինչ, ինչի կարիքն ունեք: Ամբողջ Աստվածային գիտելիքն ու կատարելությունը ձեր մեջ է: Փնտրե'ք այդ գանձը ձեր սրտում, փնտրե'ք դեպի ձեր մեջ եղած անհաշիվ հարստությունները տանող մուտքը:
Բայց մուտքի համար հարկ կլինի վճարել: Եվ մուտքի գինը ձեր էգոն է: Դուք պետք է հրաժեշտ տաք ձեր ես-ի անցողիկ մասին, ձեր էլեկտրոնային գոտու այն կուտակումներին, որոնք ճոպանների պես ձեզ կապկպում են  Երկրին, մոլորակի թանձր ոլորտին:
Եվ այն կարոտը, որ ձեզնից շատերն ապրում են, այն բանի ստույգ հայտանիշն է, որ դուք հոգնել եք  աշխարհիկ հաճույքներից,  որ պատրաստ եք նուրբ աշխարհների հետ շփմանը:
Այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է՝ պարզապես ընտրություն կատարել և քայլել դեպի անսահմանություն՝ հրաժարվել երեկվա տոնական զարդարանքներից և քայլ կատարել դեպի իրականություն: Սկզբում՝ մեկ քայլ, հետո՝ երկրորդը: Եվ առանց կանգ առնելու գնալ դեպի ձեր իրական Գոյը, դեպի այն, ինչ իրականում կաք:
Ձեր սահմաններից դուրս չկա ոչինչ, որ հետ պահի ձեզ դեպի բարձր իրականաթյուն ձեր ընթացքից: Միայն ինքնե'րդ եք հետ պահում ձեզ:
Միթե՞ չեք կարող գլուխ հանել հազար-հազար վերամարմնավորումներով անիրական աշխարհում թափառող ձեր կրկնակից:
Դուք այլ Ճանապարհ չունեք: Կամ պետք է քայլ անեք դեպի անանց իրականություն, կամ պետք է վերջ տաք ձեր անհատականության գոյությանը:
Առողջ օրգանիզմն ինքն է ազատվում իր մեջ եղած քաղցկեղային բջիջներից: Պատկերավոր ասած՝ գտնվելով Աստծո որովայնում, բոլորդ կարծում եք, թե Աստված թու՞յլ կտա ձեզ ապրելու ձեր հորինած օրենքներով: Ո՜չ, ասում եմ: Նա պարզապես կազատվի այն ամենից, ինչը չի համապատասխանում Իր Կամքին և Իր Օրենքին: Մտածե'ք այն մասին, ինչ ասացի: Եվ ես հույս ունեմ ապագայում հանդիպել ձեզ հետ՝ այս դեսպանորդի միջոցով կամ ցանկացած ուրիշի միջոցով, ով կնախապատրաստի իր տաճարն ինձ որպես հյուր ընդունելու համար:

Սանատ Կումարա: ՕՄ

Տ. Ն. Միկուշինա, 4 մարտի, 2005թ.
Թարգմանեց Խ. Մանասելյանը

суббота, 19 мая 2012 г.

Հիսուս Քրիստոս - Ուղերձ «ԵՍ ԵՄ ՀԻՍՈՒՍ - ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» ժողովածուից


Ես դիմում եմ ձեզնից նրանց, ովքեր իմ նկատմամբ
առանձնահատուկ հարազատություն են զգում

ԵՍ ԵՄ Հիսուս: Ես եկել եմ Աստծո այս դեսպանորդի միջոցով:
Երկրի վրա իմ մարմնավորումից հետո անցել է շուրջ 2000 տարի: Ես երջանիկ եմ, որ կարող եմ օգտվել սույն հնարավորությունից և ոչ մեծ մի Ուսմունք տալ այս դեսպանորդի միջոցով:
Դուք տեղյակ եք, որ իմ մարմնավորման ընթացքում շատ մարդիկ էին գալիս տեսնելու այն հրաշքները, որոնք ես գործում էի, բայց ավելի քիչ մարդիկ էին գալիս, որ լսեն իմ ուսմունքները. և միայն իմ ամենամերձավոր 12 աշակերտներն էին, որ ընդունակ էին այս կամ այն չափով ընկալելու այն գաղտնի գիտելիքները, որոնք ես տալիս էի:
Այդ գիտելիքները չափազանց շատ էին տարբերվում այն ժամանակվա կրոնական համոզմունքներից:
Բայց ես ուսուցանում էի, որովհետև պարտավոր էի ցանել Ճշմարտության սերմերը՝ թեկուզև ոչ շատ մեծ թվով հետևորդների սրտերում:
Ի՞նչ կատարվեց հետո: Նրանց, ովքեր առավել լրիվ էին ընկալել իմ ուսմունքը, սկսեցին հետապնդել, սպանել:
Եվ գտնվեցին ուրիշ ավելի ճարպիկ մարդիկ, որոնք կարողացան հարմարեցնել իմ ուսմունքն իրենց շահամոլ նպատակներին և օգտագործել դրանք իրենց անձնական բարօրության համար՝ չմտահոգվելով, որ աղավաղում են Աստվածային Ճշմարտությունը:
Մեծ անդունդ գոյություն ունի այն ուսմունքի միջև, որ ես տվեցի աշխարհին իմ մարմնավորման ընթացքում, և այն ուսմունքների միջև, որ տալիս են քրիստոնեական եկեղեցիները: Բայց և այնպես, անցած 2000 տարիների ընթացքում առավել զարգացած հոգիները հասկանում էին այդ տարբերությունը և առաջնորդվում էին իմ ուսմունքների այն ընկալմամբ, որն իրենց սրտից էր բխում, այլ ոչ թե մեռյալ տառով աղավաղված գրվածքներից:
Այդ հոգևոր նվիրյալներն այս կամ այն չափով ներքին կապ ունեին ինձ հետ: Եվ ես միշտ արձագանքում էի նրանց սրտերի անկեղծ մղումներին և իմ խրատներով ցուցաբերում էի ողջ հնարավոր օգնությունը, որը նրանք ստանում էին իրենց հոգում:
Եվ հիմա՛ էլ ես ներքին կապ եմ պահպանում մարմնավորման մեջ գտնվող շատ անհատականությունների հետ:
Այս թելադրությունը ես տալիս եմ ձեզ համար՝ ձեզ, որ զգում եք ինձ հետ ձեր ունեցած և կյանքից կյանք պահպանած ներքին հատուկ կապը:
Ձեզ պետք չէ ոչ մի արտաքին ուսմունք, որպեսզի զգաք մեր հաղորդակցման քաղցրությունը և իմ Սերը: Արտաքին ուսմունքները ծառայում են միայն ձեր գիտակցությունը ցնցելու, նրան ուղղություն տալու համար: Ցավոք սրտի, գոյություն ունեցող պաշտոնական եկեղեցին այնքան էլ չի քաջալերում ինձ հետ անմիջական հաղորդակցություն ունենալու ձեր ձգտումը:
Այդ պատճառով, ես դիմում եմ ձեզնից նրանց, ովքեր հատուկ հարազատություն են զգում իմ նկատմամբ. իմացե'ք, որ ես բաց եմ ձեր սրտերում ինձ հետ կապ ստեղծելու համար:
Ես գալիս եմ յուրաքանչյուրի մոտ, ով ինձ հրավիրում է և նախապատրաստել է իր տաճարն ինձ ընդունելու համար:
Մի' ահաբեկվեք, և մի' հուսահատվեք, եթե մեր հաղորդակցությունը միանգամից չի կայանում: Ինձ անհրաժեշտ է, որ ձեր թրթիռները հասնեն որոշակի մաքրության աստիճանի, որից հետո ես կկարողանամ ներկա գտնվել ձեր մեջ և հաղորդակցվել ձեզ հետ:
Ինձ հետ հաղորդակցվելու ձեր մղումը կստեղծի որոշակի ձգտման մագնիս, և ես հնարավորություն կստանամ ներքին հաղորդակցության համար մուտք գործել ձեր սրտի մեջ:
Եթե դուք ուշադրությամբ վերընթերցեք Կտակարանի նույնիսկ այն տարբերակը, որն այժմ մատչելի է ձեզ, ապա կտեսնեք, որ ես երբեք արտաքին ծիսակարգը պահպանելու կոչ չեմ արել: Ես կոչ եմ արել ընթանալ Ուղով, որն անցնում է ձեր սրտերի միջով:
Ես ուսուցանել եմ ձեզ, որ դուք նախապատրաստեք ձեր տաճարները փեսացուի գալստյան համար: Ձեր փեսան՝ դա ձեր Ես-Քրիստոսն է:
Երբ դուք հասնում եք ձեր ստորին չորս մարմինների՝ ձեր հոգու որոշակի մաքրության աստիճանի, ապա հնարավորություն եք ստանում հաղորդակցվելու ձեր բարձրագույն Ես-Քրիստոսի հետ՝ ձեր բարձրագույն մասի հետ, որից հետո ձեր Ես-Քրիստոսի միջոցով հնարավորություն եք ստանում հաղորդակցվելու նաև բոլոր Համբարձյալ Դասերի հետ:
Իրականում ձեզ պետք չէ ոչ մի արտաքին դեսպանորդ, որպեսզի մեր հաղորդակցությունը կայանա:
Ես կտամ ձեզ և' իմ օժանդակությունը, և' իմ խաղաղությունը, և' իմ մխիթարությունը: Այդ ամենը դուք կստանաք ձեր ներսում՝ ձեր սրտում:
Ես կգամ բոլորի մոտ, ովքեր սպասում են ինձ, ովքեր ձանձրացել են առանց ինձ: Ես խոստանում եմ, որ կգամ ձեզնից յուրաքանչյուրի մոտ և կտամ հենց այն, ինչին ամենաշատն է ծարավ ձեր սիրտը: Ես ձեզ գիտելիք կտամ ձեր Սկզբնաղբյուրի մասին՝ այն աշխարհի մասին, որտեղից եկել եք և ուր ձգտում եք վերադառնալ: Ես ձեզ կհիշեցնեմ ձեր առաջին սիրո մասին, ձեզ գիտելիք կտամ այն Ուղու մասին, որը ձեզ կբերի Տուն՝ ձեր Երկնավոր Հոր մոտ:
Մի' հավատացեք նրան, ով ձեզ կասի, թե ահա այս արքայությունն այստեղ է, կամ՝ ահա այդ արքայությունն այնտեղ է: Մի' հավատացեք նրանց, ովքեր կհամոզեն ձեզ կառուցել այդ Արքայությունն արտաքին աշխարհում՝ կկոչվի դա Աստծո Երկրային Արքայություն, թե Կոմունիզմ:
Ձեզ պետք չէ հասնել աշխարհի ծայրը՝ Հնդկաստան, Ամերիկա կամ Տիբեթ, որ գտնեք այդ Արքայությունը:
Աստծո Արքայությունը ձեր գիտակցության վիճակն է: Եվ երբ դուք հասնում եք ձեր գիտակցության զարգացման որոշակի մակարդակին, ապա Աստծո Արքայություն մտնելու թույլտվություն եք ստանում:
Դա ձեզ համար դժվար է հասկանալ, այդ պատճառով խնդրում եմ ուղղակի հավատալ ինձ:
Բռնե'ք իմ ձեռքը: Ամուր պահե'ք այն, և ես ցույց կտամ ձեզ դեպի այդ Արքայությունը տանող ճանապարհը, որը գտնվում է ձեր սրտում:
Միայն թե սկզբում դուք պետք է կամավոր կերպով հրաժեշտ տաք ձեր այն որակներին, որոնք ծանրաբեռնում են ձեր սրտերը և խանգարում ձեզ ճանաչելու ինձ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ ես մոտենում եմ ձեզ և կանգնում ուղիղ ձեր աչքերի առաջ:
Դուք ինձ չեք տեսնի, քանի դեռ չեք կարողանա ազատվել ձեր ուսաբեռից: Դա մի բեռ է, որ գոյացել է ձեզ շրջապատող աշխարհի հետ ունեցած ձեր կապվածություններից:
Ես ձեզ վարժություն կտամ, և խոստացեք, որ այն ամեն օր կկատարեք: Ամեն օր պատկերացրեք, որ ուղիղ ձեր առջև տեսնում եք կուրացուցիչ փայլատակող Լույս: Ձեր մեջ ցանկություն է առաջանում ձուլվելու այդ Լույսին՝ դառնալու նրա հետ մի միասնություն: Բայց այդ Լույսը վառում է ձեզ, և դուք չեք կարողանում մոտենալ նրան:
Քանզի ձեր մեջ կա մի բան, որը Լույսից չէ՝ մի բան, որը խանգարում է ձեզ հասնելու ձեր իսկական բնույթին համապատասխանող վիճակին, այն է՝ Լույս Հուր, Բոց:
Մտորե'ք, ի՞նչն է ձեզ խանգարում: Ի՞նչն է, որ Լույսից չէ: Պետք չէ փորձել միանգամից ազատվել բոլոր անկատարություններից: Գտեք ձեր մեջ այն հատկանիշը, որը ձեր կարծիքով ամենաշատն է խանգարում ձեզ  դրսևորելու ձեր իսկական էությունը: Եթե դուք չեք գտնում, թե դա որ հատկանիշն է, ապա մտասևեռվե'ք ինձ վրա, խնդրե'ք ինձ, և ես կհուշեմ, թե որ հատկանիշն է դա: Այն բացահայտ կդառնա ձեր կյանքում, և դուք կուզենաք ազատվել դրանից:
Դուք այնքան կրքոտ պետք է ցանկանաք ազատվել այդ հատկանիշից կամ վնասակար սովորությունից, որ ինձ ուղղված ձեր յուրաքանչյուր աղոթքում խնդրեք, որ ազատեմ ձեզ այդ հատկանիշից, օգնեմ ձեզ հաղթահարելու ձեր այդ անկատարությունը:
Տվե'ք ինձ ձեր բոլոր անկատարությունները: Խնդրե'ք ինձ, և ես կվերցնեմ բոլորը: Եվ ձեր մեջ այլևս չի մնա ոչինչ, որ խանգարի տեսնել ինձ, երբ կանգնած կլինեմ ձեր առաջ: Ինձ միայն կմնա բռնել ձեր ձեռքը և ձեզ տանել դեպի Աստծո Արքայության այն գաղտնի մուտքը, որը թաքցված է ձեր սրտի գաղտնի մենաստանում:
Իսկ մինչ այդ՝ մենք դեռ կհանդիպենք: Ես ձեզ մոտ կգամ նորից ու նորից, քանի դեռ ունակ չեք լինի լսելու ինձ և զգալու իմ Սերը:

ԵՍ ԵՄ Հիսուս՝
ձեր ընկերն ու եղբայրը ձեր Ճանանպարհին

Դեսպանորդ Տ. Ն. Միկուշինա, 21 մարտի, 2005 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը