четверг, 28 марта 2013 г.

«Այդ իսկ է նրանց վարձքը...»

Չեմ նախանձում այն բնիկ և նորաբնակ երևանցիներին, որոնք մայիսի 5-ին ոչ թե կենդանի մարդու կընտրեն քաղաքապետարան կազմելու համար, այլ խրտվիլակ՝ երեք տառանոց կուսակցության անուն... Ահա այն ամենը, հարգելի մայրաքաղաքի բնակիչնե՛ր, որ բաժին կհասնի ձեզ ժամանակակից «ժողովրդավարություն» կոչվող անփառունակ համակարգից: Այդ իսկ է ձեր վարձքը, քանզի դուք այնքան անտաղանդ ու անճարակ գտնվեցիք, որ չկարողացաք ժողովրդական շարժման առաջնորդի հավակնություն դրսևորած Րաֆֆի Հովհանիսյանին հանել ո՛չ անիմաստ հացադուլից, ո՛չ էլ ոտից գլուխ կուսակցականության ճահճի մեջ ընկղմվելուց: Այնինչ սկզբում, հավանաբար երկնային կարճատև մի պայծառացման շնորհիվ, նա կոչ էր անում վեր կանգնել կուսակցական նեղ ու ճղճիմ շահերից և միանալ իրեն: Ավա՜ղ, հենց ինքը չկարողացավ հավատարիմ մնալ իր կոչին և ընդդիմացավ ապրիլի 8-ի համաժողովրդական երթին, որը պետք է կայանար հանուն համերաշխության և արդարության:


Այդ իսկ է ձեր վարձքը, հարգելի մայրաքաղաքցինե՛ր, խելոք ու սուսուփուս մայիսի 5-ին գնացեք և ամեն մեկդ ձեզ համար մի կուսակցականակերտ խրտվիլակ ընտրեք...

среда, 27 марта 2013 г.

Ներքևից ապակուսակցականացումը որպես ուղիղ ճանապարհ

Ապրիլի 8-ի համաժողովրդական երթը կարող է չափազանց արդյունավետ և օգտակար լինել շիվար վիճակում հայտնված քաղաքական գործիչների, ակտիվիստների և համայն հայ ժողովրդի համար, եթե դրան զուգակցվի կամ դրանից հետո ծայր առնի հանրության համատարած ապակուսակցականացումը ներքևից՝ ժողովրդի հետագա ճակատագրով մտահոգ շարքային կուսակցականների կողմից: Ափսոսում եմ, որ անձամբ ես որևէ կուսակցության անդամ չեմ, այլապես անդամության վկայականս կշրխկացնեի իմ կուսակցական պարագլխի ճակատին և այդ մասին հանդիսավորությամբ կհայտարարեի հանրահավաքներից մեկի ժամանակ, որպեսզի օրինակ ծառայեմ մնացածների համար:
Միթե՞ չեք տեսնում, որ չընտրված նախագահն իր դիրքը պահպանում և երկարաձգում է միայն և միայն կուսակցություններին իրար դեմ հանելու և դրանով իսկ ժողովրդին պառակտելու միջոցով: Զարմացած եմ, որ այս կարևոր կռվանը չեն տեսնում կամ, չգիտես ինչու, անտեսում են նաև «Սարդարապատ» շարժման առաջամարտիկները:

Իսկ ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերին, ապա, ըստ իս, ցանկալի կլինի, որ նա ոչ թե շարունակի հրաժարվել սնունդ ընդունելուց, այլ հրաժարվի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը լինելուց, ինչպես հաճկատարորեն նրան սիրում են ներկայացնել իշխանական մարմիններն ու լրատվամիջոցները: Նա ի վերջո մի օր ստիպված է լինելու ընտրություն կատարել, թե ում է հավատարիմ մնում՝ իրեն նախագահ ընտրած ժողովրդի՞ն, թե՞ իր կուսակցական պատկանելությանն ու կեղծ ժողովրդավարությանը:

пятница, 22 марта 2013 г.

ՀԱՂԹԱՀԱՎԱ՞Ք, ԹԵ՞ ԲԱԽՏԱՀԱՎԱՔ...

«Ղոչաղ» հայ կուսակցականները այնպիսի ճակատագրական սխալ թույլ տվեցին, որ հետայսու հանրահավաքները, ոչ թե «հաղթահավաք» կկոչվեն, այլ «բախտահավաք»: Ում բախտը բերի՝ կդառնա Երևանի ավագանու անդամ:
Ընդամենը այդքան բան: Գնացեք, ձեր հարցերն ինքներդ լուծեք և ժողովրդին էլ քնահարամ մի՛ արեք...

ՀԱՅԻ ԲԱԽՏԻ ԱՆԱԽՐՈՆԻԿ ԽՃԱՆԿԱՐ

Լալկան կանայք խրոնիկ՝
Սերիալներից համառ
Տրամադրում են գալիք
Հայի ողբի համար:

Թերևս անկարող ենք
Բեկել ողբի ուղին,
Քանզի պատկանում ենք
Եղերամոր ճյուղին:

Իսկ Աստղիկը խնդուն
Ահից է նվաղել,
Երբ Վահագնը հանդում
Վիշապներ է քաղել

Եվ հարդածածկ թաղել
Ծիր-Կաթինում ահեղ՝
Զլանալով ջահել
Կեսի սիրտը շահել:


Պտղի տեղ ծնվել է
Միասեռամոլուցք,
Որն արդեն դարձել է
Չարագուշակ ուռուցք:

Ազգը կմահանա.
Մահանում է ահա,
Կուսակից լինելն է
Մեր բռնած «մահանան»...

четверг, 21 марта 2013 г.

ՑԱՎԱԼԻ Է, ԲԱՅՑ ՓԱՍՏ Է...

Ամփոփելով ասեմ, որ այս ամբողջ քաղաքական թոհուբոհում անփառունակ պարտություն կրեցին և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ համայն հայ ժողովուրդը: Ինչպես ռուսներին, մեզ նույնպես հեշտությամբ կարողացավ հաղթել համամոլորակային չարը: Վերջին հարվածը եղավ «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած ցուցակը ԿԸՀ-ին: Հետայսու ստիպված եմ այդ կուսակցության և նրա առաջնորդի հետագա քայլերը՝ լինեն դրանք բազմամարդ հանրահավաքներ, թե շարունակական հացադուլ կամ այլ «դուլեր», որակել որպես անհարկի և վտանգավոր արկածախնդրություն:

ՎԻՃԱԿԸ ՆԵՏՎԱԾ Է...

Գարնանային գիշերահավասարի այս օրով բազմաչարչար հայությունն արտոնեց և «բարեհոգաբար» թույլ տվեց, որ իր կուսակցական զավակներն ու առաջնորդները ներկայանան ուր որ հարկն է (ԿԸՀ) և ընտրեն Խավարը:
 
Ի՜նչ արած... Վիճակը նետված է, և Մայր բնությունն ու Երկինքը պարտավոր են հարգել կատարված ընտրությունը: Եվս երկու հազար տարի համապատասխան պայմաններ կապահովվեն, որպեսզի հայ ժողովուրդը հագուրդ տա իր խավարասիրական անհագ մղումներին...

вторник, 19 марта 2013 г.

"Քաղաքակրթվե՞լ ենք..."

Հին ժամանակներում, ըմբոստացած ժողովրդի ուշադրությունը վտանգավոր հիմնահարցերից շեղելու համար, բռնակալներն ու չարի մյուս ծառաները մի բուռ ոսկեդրամ էին նետում, որից հետո ծայր առած գզվռտոցը ժողովրդին վերածում էր աններդաշնակ ամբոխի: Հիմա "քաղաքակրթվել են" թե՛ ըմբոստացողները, թե՛ նրանց հնազանդեցնող չարի ծառաները: Վերջիններս հիմա իրենց շարքերն են ներքաշում առավել ըմբոստներին ու աղմուկ բարձրացնողներին, առաջարկելով հարմար աթոռ կամ պաշտոն՝ "օրինական" թալանին մասնակցելու և արագորեն հարստանալու համար: 

Երկու դեպքում էլ վերջնական արդյունքը նույնն է. պայքարի ելած ժողովուրդը պառակտվում է և շատ շուտով վերածվում անկազմակերպ ամբոխի:

Վախենամ, թե այս "սցենարով" առաջնորդվելն այս անգամ կործանարար լինի հայ ժողովրդի համար... 

пятница, 15 марта 2013 г.

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ

Նախագահ վերաձևակերպվելու անհիմն ու էգոիստական հակումներ ցուցաբերող Սերժ Սարգսյանն անսքող ու սքողված բոլոր միջոցներով փորձում է գործի դնել բոլոր ժամանակների բռնակալներին բնորոշ «բաժանեմ, որ տիրեմ» անփառունակ սկզբունքը: Մասնավորապես՝ Երևանի ավագանու ընտրությունները որպես խայծ օգտագործելով, նա իր ամենաաննշան քմայքներին հնազանդորեն «օրինական և տրամաբանական» տեսք տվող ՀՀԿ հետ պայքարի մեջ մտնելու թատերաբեմ է ուզում ներքաշել մյուս բոլոր մանր ու մեծ, հին ու նոր կուսակցություններին՝ ակնկալելով, որ նրանց միջև «գզվռտոց» ծայր կառնի, ինչն էլ կպառակտի համախմբման ուղին բռնած ժողովրդին:

«Բաժանեմ, որ տիրեմ» ցեցային սկզբունքին ժողովուրդն ու նրա համախմբման անհրաժեշտությունը գիտակցող կուսակցությունների ղեկավարները պետք է անհապաղ հակադրեն «համախմբվենք, որ հաղթենք» փրկարար սկզբունքը՝ մի կողմ դնելով առանց այն էլ չնչին շերտադասային ու միջկուսակցական տարաձայնությունները: Կարծում եմ, որ չափազանց արդյունավետ քայլ կլինի, եթե նշածս ղեկավարները ելույթ ունենան Ազատության հրապարակում և պաշտոնապես ժողովրդին իրազեկ դարձնեն ժամանակավոր ինքնալուծարման վերաբերյալ իրենց կուսակցությունների համագումարների կամ համաժողովների որոշման մասին: Օրինակ՝ ՀՅԴ հին ու բազմափորձ կուսակցությունը ժամանակավորապես կարող է լուծարել իր հայաստանյան կառույցն ու գրասենյակը՝ մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունից անցնի ամենաքիչը 40 օր: Այնուհետև այդ կառույցը կարող է վերագրանցվել և վերսկսել իր գործունեությունը:

Ներկա պահին՝ պայքարի ամենահրատապ և ազդեցիկ քայլը մանդատների և կուստոմսերի խմբային կամ անհատական վերադարձն է: Իսկ ինչ վերաբերում է Երևանի ավագանու մայիսի 5-ին նշանակված ընտրություններին, ապա իմ աներկբա կարծիքն այն է, որ դրանց կայացումը կլինի վաղաժամ, վնասակար և վտանգավոր: Րաֆֆի Հովհաննիսյանին երդմնակալությունից հետո բավարար ժամանակ պետք է տրվի, որպեսզի նա, ժողովրդի առավել գիտակից հատվածի հետ համատեղ, երկրում հաստատի կարգուկանոն և հայեցի ու մարդավայել հարաբերություններ:

Աստված օգնական, ԱՄԵՆ

среда, 13 марта 2013 г.

Հեղափոխությու՞ն, թե՞ տեղափոխություն

Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Հայաստանում հեղաշրջում է տեղի ունենում կամ՝ հեղափոխություն: Սա ոչ թե հեղափոխություն է, այլ տեղափոխություն. ժողովուրդն իր հիմնական զանգվածով տեղափոխվում է գիտակցության մի նոր, ավելի բարձր մակարդակի վրա: Մակարդակների տարբերությունը պետք է գիտակցենք ոչ միայն մենք, այլ նաև աշխարհի բոլոր ժողովուրդները, քանի որ վաղ թե ուշ հետևելու են մեր օրինակին: Աստծո Կամքն է այդպիսին: Անշուշտ, մեզ համար խիստ ցանկալի է, որ առաջինը դա գիտակցի Ռուսաստանի ժողովուրդը և աջակցի մեզ, այլ ոչ թե փորձի մեզ հետ քաշել դեպի հին գիտակցության մակարդակ, որի վրա ռուս ժողովուրդը, ավաղ, շարունակեց մնալ՝ չկարողանալով դիմակայել Մեդվեդևի և Պուտինի կլանի կոնսերվատիվիզմի ահեղ ճնշմանը: Մեզ համար հին մտածողությանը վերադառնալն այլևս անհնարին է, չնայած առաջատարների համար միշտ էլ դժվար է լինում: Հուսանք, որ աշխարհի առաջադեմ ու առավել գիտակից ուժերը կհասկանան դա և մեզ կաջակցեն հնարավոր բոլոր միջոցներով:
Բանն այն է, որ Երկիր մոլորակի ընդհանուր ֆոնի ցածրհաճախային թրթռանքը վերջին տասնամյակում 7,5 Հց-ից արդեն հասել է 12 Հց-ի: Դրան համարժեք՝ պետք է բարձրանա նաև մարդկանց գիտակցությունը: Մայր Բնությունը դանդաղկոտություն չի հանդուրժի և գործընթացն արագացնելու համար համապատասխան վայրերում առավել հաճախակի կառաջացնի երկարատև ձնաբքեր, ջրհեղեղներ, մեծամասշտաբ հրդեհներ, ցունամիներ և այլ արհավիրքներ, որոնց ականատեսն ենք դառնում եվրոպական երկրների մեծ մասում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ճապոնիայում և այլուր: Իսկ Հայաստանում, ինչպես տեսնում ենք, նախորդ մի քանի տարիներին և հիմա եղանակն ու կլիման բարեխառն են ու հաճելի:
Աղոթենք, որ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանից հետ գալով, իր հետ ձնաբքեր և սառնամանիքներ չբերի...

суббота, 2 марта 2013 г.

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Մոտենում է մարտի 21-ը՝ գարնանային գիշերահավասարի օրը: Հայ ժողովրդին դեռևս իրավունք է վերապահված վերջնական ընտրություն կատարելու, թե ինչն է նախընտրում՝ Լու՞յսը, թե՞ խավարը: Սահամանադրությունը և մարդկային մյուս օրենքներն, ըստ էության, երկրորդական են և վաղ թե ուշ հարմարեցվում են ժողովրդի կատարած ընտրությանն ու կամքին:

Այսօր համարյա բոլորն են համոզվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի սիրտը բաբախում է ժողովրդի համար, և նա իր հետ բերում է լույս, սեր, բարություն: Այս արժեքները տևական ժամանակով կեղծել հնարավոր չէ: Ամենաշատը երկու-երեք օրից առավել զգայուն սրտերը նշմարում են կեղծիքը և մի կողմ քաշվում՝ ահազանգելով նաև մյուսներին: Պետք է քաջություն ունենանք ընդունելու, որ ընտրապայքարային այս ամբողջ ընթացքում կեղծիքի որևէ նշույլ չի դրսևորվել Րաֆֆի Հովհաննիսյանի ո՛չ խոսքերում, ո՛չ էլ գործողություններում, այլ դրսևորվել է միայն անմիջականություն, անկեղծություն և բարություն:

Պետք է նաև քաջություն ունենանք խոստովանելու, որ նախորդ առաջնորդի սրտում արդեն հիմնավորապես բույն է դրել հոգևարք ապրող համամոլորակային չարը, և նա իր գործողություններում առաջնորդվում է միայն այդ մեռնող ուժի թելադրանքով՝ իր հետ բերելով նենգություն, կեղծիք, չարակամություն, խավար, սուգ: Այս արժեքները մուտք չունեն Նոր դարաշրջան և կտրականապես մերժվում են երկնային Վերին Ուժերի կողմից:

Եթե Հայ առաքելական եկեղեցին միանա ժողովրդի հիմնական զանգվածին և ընտրի Լույսը (ինչը բնական կլիներ և հասկանալի), ապա կդառնա ժողովրդի հիմնական հատվածի աչքի լույսը և կհամարվի աշխարհի ամենալավ ու սուրբ եկեղեցին: Իսկ եթե հակադրվի ժողովրդին և գերադասի մնալ խավարում, ապա ձեռք կբերի վտանգավոր աղանդի կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Աստծուն ու ժողովրդին չսպասարկող ցանկացած կրոնական կառույց ոչ այլ ինչ է, քան աղանդ, որը ծառայում է տվյալ ժողովրդի համար օտար ինչ-որ ուժերի շահերի:

«Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային», «Ով ինձ հետ չէ՝ ինձ դեմ է»,- ասել է Հիսուս Քրիստոս Նազովրեցին՝ երկնային հզորագույն Վեհապետներից մեկը և Արամազդի Որդին: