пятница, 31 мая 2013 г.

Սահմանադիր Ժողով հրավիրելու հրատապ անհրաժեշտության մասին

Կարծում եմ, որ քչերը կվիճարկեն, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն նրա ներկայիս տարածքում ապրողների, այլ նաև տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով Հայոց բնօրրանից տարագրված բոլոր հայերի հայրենիքն է: Ուստի եթե աշխարհի 12 միլիոն հայությունը կարողանա Սահմանադիր Ժողով հրավիրել ինչպես ՀՀ և Արցախի բնակչության, այնպես էլ Սփյուռքի բոլոր օջախների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա լիակատար իրավունք կունենա միասնական որոշմամբ լուծարելու ՀՀ հակահայկական հանցավոր կառավարության մարմինները և կազմելու նոր ազգային կառավարություն՝ առաջնորդվելով ազգային նոր Սահմանադրության դրույթներով:

четверг, 23 мая 2013 г.

ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ

Հայ գյուղացուն հարկավոր է
Կարկուտի դեմ վարկավորել,
Ոռոգումը կարգավորել,
Վարուցանքը սարքավորել,

Հողը թույնով չարքավորել,
Որդ ու լվիճ սորտավորել,
Կռնատակն ու մեջքը քորել
Եվ հարցնել, թե անմշակ
Մեր հանդերից ու՞ր է կորել...

Իսկ միգուցե հարկավոր է
Էժան գնով բերք ու բարիք
Թալանե՞լը չափավորել.

Իսկ կա՞ մեկը վերևներում,
Որ կամենա ու կարող է
Այս վերջինը կարևորել...

Կուսակցուհու հավաքական կերպարի նորամուտը ՖԲ

Գաղջինե Բալոտովնայի հեղինակավոր կարծիքը

Ճղճիմ Ճահճունու ճոխ ճառը մինչև մազերի ծայրը հուզել էր ՃԺ երեսփոխան և նրա հավատարիմ կուսակցուհի Գաղջինե Բալոտովնային: Առաջին ալիքը ներկայացնող մոծակի խոսափողի դիմաց նա հետևյալ կարծիքը հայտնեց.
- Ճղճիմ Ազոտիչի այս ճառին ես վաղուց էի սպասում. հոտն առել էի, որ այսօր կկայանա, դրա համար էլ ահա ներկա եմ ՃԺ այս նիստին: Համով-հոտով ելույթ էր՝ ամեն ինչ տեղը տեղին ու պատշաճ...

вторник, 21 мая 2013 г.

ԴԱՌԸ ԽՈՍՔԵՐ



Ու՞ր էիք, հայե՛ր...

Կյանքում մեր տեղը չգիտենք հաստատ,
Բայց Աստծո տեղն ենք հարցնում երգով.
Ապրում ենք անգետ, խեղճ ու անազատ
Եվ մեզ սահմաններ գծում մեր ձեռքով:

Թշնամին եկել, մեր հողն է զավթել,
Իսկ մենք ողբում ենք անզոր, պառակտված,
«Ապահով» վայր ենք փնտրում, որ գաղթենք
Եվ անհույս ճչանք. «Ու՞ր էիր, Աստված...»:

Կեռ լուսին շողաց գարնան երկնքում,
Եվ եղավ եղեռն, և եղան վայեր...
Ձեր հողը, ջուրը, երկինքն էր տնքում,
Իսկ դուք լու՞ռ էիք... Ու՞ր էիք, հայե՛ր...

Մի քաջ Անդրանիկ, մի Աղբյուր Սերոբ,
Եվ բազում «խելոք» քաջազնունիներ...
Որպեսզի հողդ չտաս քո ձեռով,
Պետք է անհողդողդ և ազնիվ լինել:


Բավ է, հայե՛ր

Աստված՝ ձեր մեջ, դուք՝ անաստված,
Ձեր խելքին եք զոռ տալիս
Եվ, հուսահատ ու պառակտված,
Նույն ողբերն եք ծոր տալիս,

Որ անտեր եք, աստծուց լքված,
Մեկը չկա՝ ձեզ փրկի...
Բա՜վ է, հայե՛ր, ճկված, կքված՝
Փրկիչ փնտրեք անհարկի:

Թե՛ ձեր ուժը, թե՛ ձեր զենքը
Ձեր ներսում եք թաքցրել
Եվ ձեր նախնյաց խրոխտ դեմքը
Սև սքեմի տակ դրել:

суббота, 18 мая 2013 г.

ՎԵՀԱՊԵՏՆԵՐԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԻ ՆՈՐ ԳԻՐՔ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ

Սույն թվականի մայիսի 17-ին Երևանի «Նահապետ» հրատարակչությունը լույս ընծայեց Վեհապետների ուղերձների նոր ժողովածու՝ «ԵՐԿՆԱՅԻՆ ԲԱՐԵԳԹՈՒԹՅՈՒՆ» վերնագրով:
 Ժողովածուն պարունակում է Համբարձյալ Տիրուհիների (Մարիամ Աստվածածին, Գուան Ին, Աթենաս Պալլաս, Պորցիա, Նադա և այլք) ուղերձները, որոնք 2005-2012 թթ. ընթացքում Երկրի մարդկությանն են փոխանցվել Մեծ Սպիտակ Եղբայրության ներկայիս Դեսպանորդ Տատյանա  Միկուշինայի միջոցով:

Գիրքը կարելի է գնել Երևանի «Բուկինիստ» գրախանութից (Մաշտոցի պողոտա):
126 էջ, գինը՝ 1850 դր

пятница, 17 мая 2013 г.

Դանիել Վարուժան - «Է ՏԱՌԸ ՄԵՐ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ ՄԵՋ»

Բերանդ կես բա՛ց. որովայնդ ներս քաշե՝ շունչ առնելու համար, և ամբողջ ուժովդ հնչե – Է՜: Եվ ահա կոկորդեդ հանած պիտի ըլլաս այն ամեն գոյությունները, որոնք երևակայությանդ մեջ իսկ հազիվ կը պատկերանան: Միտքդ, եթե այդ գոյությանց կեսը կրնա ըմբռնել աղոտ կերպով, թերևս ուրիշ բանով լավ պիտի չկրնա բացատրել, բայց եթե այդ փոքր տառովը, այդ չնչին նշանովը:

Սկսյալ հյուլլեե մը, նշանախեցիե մը ավելի մեծ չափով և ավելի ընդարձակությամբ մարմիններ կը պարփակե այս տառն իր մեջ: Թե կենդանի և թե անկենդան բնությունք հոն են՝ իրենց ամեն ձևերովն ու գույներովը:

Այդ տառը ընդարձակ հայելի մ’ըլլալ կը թվի և ամբողջ տիեզերքը կանդրադարձնե. դիտե՛ հոն, և նախ՝ դուն զքեզ պիտի տեսնաս. հոն՝ ծովը պիտի անցնի իր փրփուրներովն, իր հավիտենական մութ անդունդներովը, ձուկերովն ու խեցիներովը և ամենեն չնչին ավաչովը. հոն է ամեն բան. փոքր զեռնու մը սողոսկյունեն՝ մինչև իշու մը ականջներու խաղցնելը պիտի տեսնես: Անհուն և աննշմարելի աշխարհները. աստղերն ու արևը հո՛ն պիտի թավալին, և թերևս Գալիլեոս մ’ալ, դիտակը աչքին, իր զմայլումներովը պիտի պատկերանա:

Մեծցնենք այդ տառը. գծերու թանձրություն մը տանք իրեն. և սրբազան գործ մ’ընելու պես՝ ջնջենք մեր անտարբեր ժպիտը. ամփոփենք մեր միտքը. աս անգամ ավելի դողդոջուն և երկյուղած ձայնով մը հնչելով՝ Է՜: Եվ գիտե՞ք ինչ ըսել է… Եթե կուզեք գիտնալ նշանակությունը՝ կարդացեք այս մեծ Էն պզտիկին մեջ. այն ատեն պիտի ըմբռնենք զինքը, այսինքն ա՛յն, որ կրցավ “չէ”են “է”ն բաժնել, հանել, անծայրածի՜ր կարողություն:

Շաթոպրիան կըսե. “Ամեն ջանք ընդունայն պիտի ըլլա զԱստված բացատրելու, բավական է ըսել՝ Է…”

Ո՜հ, հիրավի, ո՜ տառդ նվիրական, դուն ամեն ինչ ես, դուն կյանք ես, դուն հավիտենական Սերն ես: Թո՛ղ որ խորին երկյուղածությամբ խոնարհիմ առջևդ, երբ եկեղեցվո մը ճակատը՝ եռանկյունի մը միջև զքեզ կը նշմարիմ ճաճանչներու մեջ փառապանծ:

Առաջին անգամ, երբ մանուկ շրթներով քեզ հնչել սովրեցա, կարծես այն օրեն ես իմ էությունս ճանչցա:

Այո՜, ձեզմով սովրեցա զզվանքի հեգնող ծիծաղ մը ձգել քու հակառակորդիդ` չ-ին վրա, որ լոկ սխալանք մ’է, անէացող նյութականթյուն է, սկեպտիկի մը ցնորքն է, գարշություն է, մղեղ է, ոչինչ է:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ 1903թ.

«Հինավուրց Ուսմունքի էությունը»

13 – 15 мая 2013 года в Москве состоялся семинар
«Суть Древнего Учения»

 http://r.sirius-ru.net/2013/2013-05-01.htm

вторник, 14 мая 2013 г.

«ՄԻ՛ ԴԱՏԵՔ, ՈՐ ՉԴԱՏՎԵՔ...»

Հիսուս եկավ և ասաց. «Մի՛ դատեք, որ չդատվեք»: Հիրավի՝ նրանք, ովքեր որոշակի հիմքեր ու պատճառներ ունեն դատվելուց երկյուղելու համար, թող չդատե՛ն: Բայց, իժի և խավարի ծնունդնե՛ր, խնդրեմ հաշվի առեք նաև այն, որ Հիսուսի այդ խոսքից բոլորովին չի հետևում, որ չի գտնվելու և չի գալու մեկը, որ դատի բոլոր անաստվածներին, կեղծավորներին, թալանչիներին, ազատ ու արդար մարդկանց բանտողներին ու վտարողներին, սանձարձակ «ազատներին», բանսարկուներին և Հայոց երկրի մութ անկյուններում ծվարած մյուս բոլոր իժերին ու կարիճներին:
Ինչպես ժամանակին Գրիգոր Պարթևը ստիպված եղավ իր անփառունակ կյանքի վերջին օրերը ճգնելով անցկացնել հեռավոր ու խուլ մի անձավում և Աստծուց թողություն հայցել իր ծանրագույն մեղքերի համար, այնպես էլ դու՛ք եք շատ շուտով ձեր ոչ պակաս ծանր մեղքերի համար թողություն հայցելու նմանատիպ անձավներում ու խուցերում...

ԵՍ ԵՄ Հովհաննես Մկրտիչը, որի անունով այսօր եկեղեցի եք ուզում «օծել» ձեր կեղտոտ ձեռքերով ու ծուռ մտքերով:

воскресенье, 12 мая 2013 г.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի մարզի Քաշաթաղի շրջանում նախատեսվում է քաղաքական պայքարի նոր դաշտ բացել հայ կուսակցականների համար: Կամավոր կերպով իրենց ընտանիքներով այնտեղ տեղափոխվող կուսակցականներին, Սերժ Սարգսյանից ու Բակո Սահակյանից թաքուն, միանշանակ կտրվեն որոշակի արտոնություններ (գյուղապետ, թաղապետ, կուս-բջջի քարտուղար և այլն):

Դիմումները ներկայացնել Նախախորհրդարանի քարտուղարությանը:

суббота, 11 мая 2013 г.

«Թախտաբիթիները»

Դառն ու օրհասականին միտվող այս օրերին, երբ Սերժ Սարգսյանի գլխավորած թալանչի իշխանավորներն օր օրի ավելի են լկտիանում ու լպիրշանում՝ համառ ու հետևողականորեն ստիպելով հայ գյուղացիներին ու քաղաքացիներին լքելու իրենց բնակության վայրերը և արտագաղթելու, կամա թե ակամա նրանց ուժ ներարկող շարքային կուսակցականներին, որոնք դեռ չեն հրաժարվել իրենց կուսակցությանն անդամակցելուց, պետք է ուշքի բերել, քննադատել, ծաղրել, հալածել և վերջապես դադարեցնել նրանց հետ որևէ առնչություն ունենալը: 

Որպեսզի Սերժ Սարգսյանի հանցավոր իշխանական բուրգը խարխլվի և վերջապես փլուզվի, այս կարևոր գործով պետք է նույնքան հետևողականորեն զբաղվեն բոլոր ազնիվ ու անկաշառ մտավորականները և Նախախորհրդարանի առաջնորդները՝ համահայկական Սահմանադիր Ժողով հրավիրելուն զուգընթաց: Ահա սա է, որ պետք է լինի կրկին թափ հավաքող համաժողովրդական շարժման առաջնահերթ գործերից մեկը:
 

Թիկունքս պահեք, որ ես էլ իմ կողմից և իմ հերթին ի լուր ամենքի համարձակորեն հայտարարեմ, որ կուսակցականները ժողովրդի անկողնում վխտացող և նրա մահճակալի տակի պուճախներում ծվարած փայտոջիլներն են՝ «թախտաբիթիները»:

пятница, 10 мая 2013 г.

ՆԵՏԵԼ ՁՈՐԸ...

Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե մենք պետք է պատրաստ լինենք արատավոր ու հանցավոր իշխանական համակարգի դեմ երկարատև ու համառ պայքար մղելուն (Րաֆֆի Հովհաննիսյան, Նախախորհրդարան և այլք), մինչև որ հասնենք բաղձալի հաղթանակի՝ դրանով իսկ փափուկ բարձ են դնում պայքարելու պատրաստ հայորդիների գլխի տակ և կոտրում այդ պայքարի ոգին:
 
Իսկ իրականում, մինչև Նոր Սահմանադրության ընդունումը, պետք է վարվել մարցեցիների և Արագածոտնի գյուղացիների պես. ամեն անպետք բան անհապաղ նետել ձորը՝ չսպասելով և չմտածելով, թե ինչ կասեն այդ առթիվ թալանչի իշխանավորները:

понедельник, 6 мая 2013 г.

Ո՞ՐՆ Է ԴՐԱԿԱՆԸ

Իրար հաջորդող խայտառակ ընտրությունների «շոկային հարվածների» միակ դրական արդյունքն այն է, որ տրամաբանելու, դեպքերն ու իրադարձությունները վերլուծելու և համադրելու քիչ թե շատ ունակություն ունեցող հայորդիները, չնայած դանդաղ, բայց նկատելի տեղաշարժով սկսում են գիտակցել, որ ժողովրդավարություն կոչվող չարիքի արմատը կուսակցականության մեջ է: Գարեգին Նժդեհն այդ մասին վաղուց է ասել, իսկ ձեր խոնարհ ծառան բազմիցս մատնանշել է այն խաղաղ, անվտանգ և արդյունավետ ուղին, որով հայ ժողովուրդը կարող է գլուխն ազատել այդ օտարամուտ չարիքից: Լիահույս եմ, որ այսուհետև ֆբ-ի իմ ընկեր-ընկերուհիներից շատերը մի փոքր ավելի լուրջ կվերաբերվեն իմ կոչերին, առաջարկածս գործնական քայլերին և դրանց համահունչ ու հարակից «պոետական զեղումներին»:
Մասնավորապես, «Սարդարապատ» շարժման առաջամարտիկներին կրկին անգամ բարեկամաբար խնդրում և առաջարկում եմ հանկարծ անպատասխան չթողնել իրենց ծրագրերի վերաբերյալ արված իմ հարցադրումները, այլապես կարող են պայքարի ելած իրենց համակիրներին կանգնեցնել նոր հուսալքության և հիասթափության առջև:

суббота, 4 мая 2013 г.

ՎԻՇԱՊԱՔԱՂ

Սովորաբար վիշապի թռած գլուխները որոշ ժամանակ շարունակում են երախները բացուխուփ անել, իբր թե հլա դեռ կրակ են դուրս ժայթքելու: Հետո խաղաղվում են, և ցնծացող ժողովուրդը ուռա է գոչում, ծափ տալիս:

Հիմա ժողովուրդը դեռ գլխի չի ընկել, որ վերջին վիշապն ու գալիք վիշապացուն նուրբ ոլորտում արդեն գլխատված են: Ժողովրդի հիմնական զանգվածն ահուդողով սպասում է, որ շուտով նոր գլուխներ են աճելու կամ, որ ավելի վատ է՝ հաջորդ բազմագլուխ վիշապն է գալու: 
Սարսափ ծնող այդ թյուրիմացության իրական պատճառը նյութական աշխարհի բնական իներտությունն է:

Ես բազմագլուխ վիշապ ասացի, դուք բազմակուսակցական ժողովրդավարական համակարգ հասկացեք: 

пятница, 3 мая 2013 г.

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ

Խորապես հարգելով ու համակրելով «Սարդարապատ» շարժման առաջնորդներին և լիովին ընդունելով, որ մեզ ոչ թե սոսկ իշխանափոխությունը կփրկի, այլ համակարգափոխությունը՝ այնուամենայնիվ կուզենայի վերջապես հասկանալ, թե ինչով է տարբերվելու նոր համակարգը հնից, եթե երկուսն էլ իրենց գործողություններն ու ծրագրերը կազմում են՝ գործող ժողովրդավարական սահմանադրության դրույթներից ելնելով: Մի սահմանադրության, որը մեզ պարտադրվել է դրսի հայտնի ուժերի կողմից, և որի դրույթների կեղծ ու վնասակար լինելու մեջ արդեն բազմիցս համոզվել ենք: Միթե՞ միակ տարբերությունը քաղաքացիների հետ լրացուցիչ պայմանագրեր կնքելն է: Ի՞նչ երաշխիք կա, որ դրանք նույնքան դժվար չի լինի հարկ եղած դեպքում անվավեր դարձնելը, որքան հիմա ընտրված և ընտրվող թալանչի իշխանավորներից գլուխներս պրծացնելու գործն է:
Կա ևս մեկ կարևոր և, իմ կարծիքով, անլուծելի հարց. գործող սահմանադրությունը երկրում երկիշխանություն չի նախատեսում, և բնական է, որ գործող իշխանությունները, հղում անելով նույն սահմանադրության վրա, բոլոր հնարավոր միջոցներով կկանխեն նման վիճակի առաջացումը՝ անլուր հալածանքների ենթարկելով «Սարդարապատի» առաջնորդներին: Ասենք թե՝ վերջիններս շատ քաջ են և պատրաստ են դրան. բայց ի՞նչ կշահի դրանից ժողովուրդը. ընդամենը ևս մի քանի լրացուցիչ վտարանդինե՞ր...
 

«Սարդարապատի» առաջնորդներից ու համակիրներից որևէ մեկը կարո՞ղ է տալ այս հարցերի պատասխանները:

ԶԱՐԹՈՒՑԻՉԻ ՓՈԽԱՐԵՆ

Ո՜վ, քնաթաթախ և քնի մեջ անկապ-անկապ բարբաջող հայե՛ր, եթե գոնե մի պահ արթնանայիք, ապա գուցե հասկանայիք, որ ձեզ անընդհատ ու բազմիցս խիստ գործնական քայլեր ու շարժումներ են առաջարկվում, որոնց միջոցով գուցե թե կկարողանայիք լրիվ արթնանալ և բուժել ձեր չսպիացող և արդեն մահվան հոտ արձակող վերքերը: Բայց, ավա՜ղ, դուք դեռ էլի շարունակում եք մի կողքից մյուսին շուռ գալ, ոմանք՝ քաղցր քնի, ոմանք մղձավանջային երազի, ոմանք էլ երազախաբության մեջ հայտնվելով:
Ի՜նչ արած, շարունակե՛ք ինքներդ ձեզ արթուն համարելով քնած մնալ, մինչև լրվեն բոլոր ժամկետները, սպառվեն բոլոր այլընտրանքային հնարավորությունները, և ձեր ժամանակավոր քունը վերածվի հավերժականի:

Անուշ քուն, քաղցր երազներ...

ԿՈՉ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԻՆ

Շարքային հայ կուսակցականնե՛ր, հենց միայն ձեր կուսակցությանն անդամակցելու փաստով դուք ակամա ջուր եք լցնում համամոլորակային չարի ջրաղացին, որի նպատակը հայ ժողովրդին անողոքաբար թալանելն է, հայ ազգին թուլացնելն ու Հայաստանը հայաթափելը: Նպատակն իրականացվում է համակարգված ձևով՝ "ժողովրդավարություն" կոչված խիստ արատավոր համակարգի միջոցով, որի հիմքն ու հլու պաշտպանները տեղական կուսակցություններն են: Որպեսզի այդ հիմքի վրա կառուցված իշխանական արատավոր բուրգը փլուզվի և դրա փոխարեն կառուցվի իրապես ազգային շահեր հետապնդող նոր իշխանական բուրգ, նախ պետք է խարխլել համամոլորակային չարին հաճկատարորեն ծառայող հին բուրգի հիմքերը: Ուստի պատմական ու վճռորոշ այս ժամանակահատվածում,երբ արտագաղթն արդեն սպառնալից չափերի է հասել, դուք պետք է մի կողմ դնեք ձեր մանր-մունր անաշխատ շահերը, ընտրակաշառքներն ու խաբուսիկ ակնկալիքները և անհապաղ հրապարակայնորեն հրաժարվեք ձեր կուսակցական անդամությունից՝ ի շահ հայ ժողովրդի միաբանության և նրա գոյատևման պայքարի հաղթանակի: 

Մի՛ հապաղեք, մի՛ հապաղեք, մի՛ հապաղեք...

четверг, 2 мая 2013 г.

Ով ինչի է արժանի

«Բոմժերն» ու մուրացկանները ողորմության են արժանի, քչով բավարարվողները՝ սիրո, բարեկեցիկ ապրողները՝ հարգանքի, հարուստները՝ խղճահարության, գերհարուստները՝ հրատապ օգնության կամ բուժման:
 

Մի խոսքով՝ համարյա բոլոր մարդիկ ինչ-որ լավ բանի արժանի են:

среда, 1 мая 2013 г.

ՄԵԶ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

Հենց որ «Սարդարապատի» նախախորհրդարանի առաջնորդներն ու առաջամարտիկները հասկանան և ընդունեն, որ «ժողովրդավարությունը» հայ ազգի թշնամիների հորինվածքն է և դիտմամբ է համապատասխան սահմանադրության միջոցով պարտադրվել հայ ժողովրդին, այնժամ Հայաստանում տեղի կունենան հիրավի հեղափոխական իրադարձություններ: Ժողովրդավարության լավը չի լինում, հարգարժան տիկնայք և պարոնայք, բավական է զբաղվեք սիզիփյան աշխատանքով: Հայ ազգին ազնվապետությունն ու ազնվապետական սահմանադրությունն է սազական: Միթե՞ չձանձրացաք ազնիվ մարդկանց տականքներ դարձնելու «ժողովրդավարական» նորանոր հնարքներ հորինելուց և դրանք ժողովրդի գլխին փորձարկելուց...

ԵՐԱԶ

Երազիս մեջ կապույտ թռչուն բռնեցի.
Տեսնես ինչի՞ նշան է...
Ղունղունացող հավք էր կոկիկ, գեղեցիկ,
Թե՞ աղավնու նման էր...