понедельник, 29 июля 2013 г.

«ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» նախաձեռնող խմբի ՀՌՉԱԿԱԳԻՐԸ



ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ /հռչակագիր/

Ազգային ինքնակազմակերպման անհրաժեշտությունը
Առկա կործանարար վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Հայության ինքնակազմակերպումը, քանզի մեր փոխարեն ոչ ոք մեր խնդիրները չի լուծի: Ազգային ինքնակազմակերպումը միտված չէ կուսակցություն ստեղծելուն: Սա այն մարդկանց կամավոր միասնությունն է, որոնք պատասխանատվություն են զգում ազգի և աշխարհի հանդեպ:
Ազգային ինքնակազմակերպումը կկատարի Հայության գլխավոր պահանջը` ազգային համախմբման, որը կապահովի արդարություն, ազգային անվտանգություն և համազգային խնդիրների լուծում: Ինքնակազմակերպումը հիմնվում է իմաստուն կանոնների վրա, որոնք քաոսը վերածում են համակարգի, համադրում տարանջատ պատկերացումներն ու էներգիաները, որպեսզի իրագործվեն առավելագույնս օգտակար գործողություններ: Առաքինի մարդկանց կազմակերպված բեկումնային զանգվածն ունակ է արմատապես փոխելու իրավիճակը:

Ինքնակազմակերպման նպատակը` արմատական դրական փոփոխություններ ՀՀ-ում և հայկական աշխարհում:

Ինչ աշխարհում ենք մենք ուզում ապրել
Եսակենտրոն հասարակությունները նյութապաշտական, առևտրա-վաշխառուական աշխարհընկալումով սպառել են իրենց և արգելակում են մարդկության բարեշրջումը: Աշխարհի մտածող մարդիկ արմատական փոփոխություններ են փափագում: Ինչպիսի աշխարհում մենք` հայերս, ուզում ենք ապրել, կախված է մեզնից, արդյունավետ ինքնակազմակերպվելու մեր ունակությունից: Մենք ուզում ենք, որ մեր երկիրը լինի արդար, բարի, անվտանգ, օրինակ ծառայի Երկիր մոլորակի բոլոր մարդկանց համար, որ ամբողջ աշխարհի հայերը հպարտանան նրանով:

Ազգային ինքնակազմակերպման հիմնարար հիմքը
Ազգային ինքնակազմակերպումը կընթանա բացառապես ոգեղեն սկզբունքների հիմքով, որն ապահովում է մարդկանց միջև ճիշտ փոխըմբռնումն ու համագործակցությունը: Հիմքային ոգեղեն սկզբունքները խորապես ներդաշնակ են մեր արժեքներին և բխում են հայի ճշմարիտ էությունից: Հիմքային ոգեղեն սկզբունքները համապարփակ են և ընդգրկում են մարդկային կեցության բոլոր կողմերը: Ուստի հասարակական կյանքի նույնիսկ չնչին հարցերը լուծվելու են ելնելով սկզբունքների աստիճանակարգից, որի գագաթում են գտնվում հիմքային ոգեղեն սկզբունքները:

Ազգային ինքնակազմակերպման հիմքային կազմակերպչական սկզբունքները
·         կամավորությունը, ազատությունը, պատասխանատվությունը և վերահսկողությունը;
·         ճշմարիտ ժողովրդավարություն և ճշմարիտ աստիճանակարգ;
·         բացազատությունը, բացախոսությունը և թափանցիկությունը;
·         բարյացակամությունը և փոխօգնությունը;
·         նախաձեռնությունը, ներդաշնակությունը և համեստությունը

Ժողովրդավարություն
Ժողովրդավարությունը օգտակար է և անհրաժեշտ իրար ճանաչող և գիտակցական մոտ մակարդակի տեր մարդկանց շրջապատում, այլապես այն վերածվում է անհեթեթության: Ահա մի քանի օրինակներ` 1/ խելոքն ու հիմարը, վաստակ ունեցողն ու խարդախը հավասար են և ունեն մեկական ձայն; 2/ արդի ժողովրդավարությունը` ազգային ճշմարիտ ընտրանուն իշխանության ղեկը ստանձնել թույլ չտվող գործիք է, այդպիսով ժողովուրդը դառնում է մարմին առանց գլխի; 3/ մեծ փողերը և քաղտեխնոլոգիաներն ի զորու են «կապիկին» իշխանություն տալ և սևացնել կարգին մարդուն; 4/ մարդկանց մեջ բորբոքում են սեփական նշանակալիության կեղծ զգացումը, ներշնչելով, իբր իրեն` ժողովրդին պատկանում է այն, ինչ ինքը երբեք չի ունեցել և չի կարող ունենալ` իշխանություն; 5/ մարդկանց հույսերը և եռանդն ուղղվում է դեպի անհեթեթ անվերջություն` մենք ընտրել ենք վատ իշխանություն` «մենք էլ իրեն կփոխենք և կընտրենք ուրիշը, մինչև կստանանք լավը»; 6/ ժողովրդավարությանը չի հետաքրքրում ժողովրդի ցանկության էությունը, ժողովուրդը կարող է աղետալի ուղի ընտրել և ժողովրդավարական սկզբունքն ի զորու չի որևէ բան հակադրել; 7/ ժողովրդավարական իշխանությունը իջեցնում է ժողովրդի հոգե-բարոյական և մտավոր մակարդակը, քանզի հուսալի կառավարման համար նրան անհրաժեշտ է նեղ մասնագիտացված բանող անասուն, «ուտել, խմել, զվարճանալ»` կյանքի իմաստով: 8/ «ժողովրդավարությունն ունի թերություններ, սակայն ավելի լավ դեռ ոչինչ չկա»` այդ լայնատարած սուտն իշխում է օգտվելով մարդկանց չիմացությունից:

Ճշմարիտ ժողովրդավարություն
Ժողովրդավարությունը բարդ և բազմաշերտ երևույթ է, որը դրսևորման շատ ուղիներ և եղանակներ ունի: Հինավուրց համայնքային կյանքը կառուցվում էր ճշմարիտ աստիճանակարգի և ժողովրդավարության սկզբունքներով: Աստիճանա-կարգված ժողովրդավարության շատ սկզբունքներ պահպանում էին միջնադարյան հայկական համայնքները, մեր գերդաստանները և համքարությունները: Ճշմարիտ ժողովրդավարությունը հիմնված էր ավանդական բարոյականության վրա ևարմատացածէր ընտանիքի անդամների, տեղական կապերի ու մարդկանց մեջ, որոնք զգում էին խմբային սերտ փոխօժանդակություն և լավ գիտեին մեկը մյուսի բարոյական ու գործնական որակները, իրենք էին կազմում և իրականացնում իրենց նախագծերը, գնահատում և լսում էին առավել փորձառուների, իմաստունների և բոլորով նրանց խնդրում էին ստանձնել ղեկավարման գործը: Սա անհասանելի կատարելատիպ է քաղաքացիական հասարակության ներկայիս ջատագովների համար:
Ազգայինի համեմատ ավելի փոքր ընդգրկում ունեցող համայնքի ինքնակազմակերպումն ու ճշմարիտ ժողովրդավարական ընտրությունները ժամանակին իրենց արդարացնում էին: Մեզ կվիճակվի առաջին անգամ, որակապես այլ մակարդակով կազմակերպվել և ձևավորել աստիճանակարգա-ցանցային կառույցը: Այդ գործընթացում հայերի ստեղծագործ հանճարը կհաղթահարի ծագած բոլոր խոչընդոտները և հաջողությամբ կլուծի այդ կարևորագույն խնդիրը: Ճշմարիտ ժողովրդավարությունն ու աստիճանակարգը ինքնակազմակերպման միջուկն է:

Ճշմարիտ աստիճանակարգ
Տարածված աստիճանակարգերի հիմքում են` հարկադրանքը, հնազանդեցումը, կեղծավորությունը, եսասիրությունը, պետ-ենթակա հարաբերությունը: Ճշմարիտ աստիճանակարգը` աշխարհակառույցի օրենքն է, գիտակցության մակարդակների աստիճանավորումը: Այն հիմնված է սիրո, բարյացակամության, ազատության, վստահության, ընդհանուր բարօրության, ուսուցիչ-աշակերտ, հայր-որդի հարաբերությունների վրա: Ճշմարիտ աստիճանակարգի բարձրագույն օղակները գործում են ելնելով հիմքային սկզբունքներից և օրենքներից: Մարդկանց կյանքում հսկայական նշանակություն ունի ղեկավարի անձնական օրինակը: Այն ոգեշնչում է ժողովրդին կամ բարոյալքում նրան: Չկան այնպիսի մարդիկ, որ չգնահատեն ղեկավարի ազնվությունն ու անշահախնդրությունը: Ոչինչ ավելի զզվելի չէ, քան ղեկավարը, որը փող է սիրում, քծնանք և անձնական հարմարավետություն:

Գործունեության հիմնական ուղղությունները
1. Աշխարհայացք, գաղափարախոսություն, հայագիտություն: 2. Մշակույթ և կրոն: 3. Առողջ ապրելակերպ և առողջապահություն: 4. Բնապահպանություն: 5. Գիտություն, կրթություն և դաստիարակություն: 6. Ներքին և արտաքին քաղաքականություն: 7. Տնտեսություն, գործարարություն և ֆինանսներ: 8. Ազգային անվտանգություն և պաշտպանություն:    9. Պետական կառավարում և արդարադատություն: 10. Սոցիալական և ժողովրդագրական խնդիրներ: 11. Սփյուռք: 12. Կազմակերպում և համակարգում:

Հիմնական գերխնդիրը
Անհրաժեշտ է առանձնացնել հիմնական գերխնդիրը` կազմակերպչական գործունեությունը: Մյուս ուղղությունները շատ կարևոր են, սակայն նրանք ազգային ինքնակազմակերպման համակարգաստեղծ առանցքը չեն:

Նախագծեր
Գործունեության բոլոր ուղություններով ազգային ինքնակազմակերպման ընթացքի մասնակիցներն իրենք կկազմեն և կիրականացնեն իրենց կողմից առաջարկած նախագծերը, օգտագործելով և ներգրավելով անհրաժեշտ մարդկային ներուժը և նյութական պաշարներ: Անհրաժեշտ փորձաքննությունից հետո, ինքնակազմակերպման աստիճանակարգա-ցանցային կառույցի բարձրագույն օղակը կորոշի առաջարկած նախագծերի իրականացման առաջնությունն ու հերթականությունը: Առավել կարևոր և բարդ նախագիծը` ՀՀ-ում իմաստուն իշխանության կայացումն է:

Վստահություն
Գործող աշխարհակարգը հանգեցրել է պետությունների, կոլեկտիվների և մարդկանց միջև փոխադարձ անվստահության: Հնարավոր չէ վստահել ոչ իրի, ոչ պաշտոնի, ոչ մասնագիտացման, ոչ որևէ անձի, մինչև յուրաքանչյուր որոշակի դեպքում համոզվածություն ձեռք չես բերել: Նեղ շրջաններում վստահություն լինում է, իսկ ամբողջի մեջ այն բացակա է: Վստահության խնդիրը հատկապես սուր է ՀՀ-ում: Շատ քիչ են այնպիսի մարդիկ, ովքեր կարող են տարբերել կեղծը, ճշմարտանմանը և ճշմարիտը: Դրա համար հարկ է ունենալ բնատուր ներըմբռնում և ինչպես մարդկանց, այնպես էլ հասարակական և համաշխարային գործընթացների խոր իմացություն: Իսկ մեր ժողովուրդը, երբ անասելի հիասթափվեց Ղարաբաղյան շարժման առաջնորդներից, որոնց սկզբնական շրջանում անկեղծորեն հավատում էր և սատարում ամբողջ հոգով, ոչ ոքի չի հավատում և իրավացիորեն, հանձինս քաղգործիչների տեսնում է վիշապների:

Ճշմարիտ ազգային ընտրանի
Հայության ինքնակազմակերպման ընթացքում անհրաժեշտաբար կլուծվի համազգային գլխավոր խնդիրը` կայացնել ազգային ճշմարիտ ընտրանի: Ազգային ընտրանին` դա ազգի լավագույն մասն է, որն իր աշխարհայացքով, գաղափարներով, իմացությամբ և վարք ու բարքով ապացուցում է նվիրում բազմահազարամյա պատմության ընթացքում հաստատված հիմքային ոգեղեն, ազգային արժեքներին:
Հայության կենսակայունությունը զգալի չափով պայմանավորված է ընտանեկան ավանդույթներով, որոնց համաձայն կարևորագույն որոշումներն ընդունում էր ընտանիքի գլուխը: Ազգի մակարդակով դա նշանակում է, որ բարձրագույն իշխանությունը պետք է պատկանի ազգային ճշմարիտ ընտրանուն, որը միակ իրավասու հաստատությունն է ազգի զարգացման հարցերում:

Գործունեության կազմակերպումը
Ազգային ինքնակազմակերպման աստիճանակարգա-ցանցային կառույցը բաղկացած է երեք շերտերից` առաջատարներ, ջատագովներ, սատարողներ: Ամեն շերտի համար կան չափանիշներ` մասնակիցների համապատասխանության տվյալ շերտի պահանջներին: Ազգային ինքնակազմակերպման գործընթացը սկսելու համար ինքնակազմակերպվել է համախոհ մարդկանց Նախաձեռնող խումբ:
Յուրաքանչյուր ջատագովը պիտի նախապես ստանա վստահության և աջակցման երաշխիք իրեն ճանաչող մարդկանց /սատարողներ/ կողմից: Երբ ի հայտ գան մի քանի տասնյակ ջատագովներ /ջատագովների շերտի առաջին մակարդակը/, նրանք իրենց կազմից կընտրեն ջատագովների երկրորդ մակարդակը և Նախաձեռնող խումբը կլուծարվի: Որքան որ կաճի ազգային ինքնակազմակերպման գործընթացի մասնակիցների թիվը, համապատասխան կձևավորվեն ջատագովների շերտի առավել բարձր մակարդակները: Այնուհետև կձևավորվեն առաջատարների շերտի մակարդակները:
Այդպիսով կստեղծվի աշխարհի Հայության աստիճանակարգա-ցանցային կառույցն իր բաժանմունքներով գործունե- ության բոլոր ուղություններով: Մենք փոխադարձաբար կուժեղացնենք իրար, քանի որ արդարության և բարյացակամության մթնոլորտում /որի ծայրահեղ անբավարարությունը խեղդում և ճնշում է մեզ/ մեր անկաշկանդ ոգին կհասնի իր բարձր կարողություններին: Ինքնակազմակերպված ազգն առաջնորդվելով իր ազգային ոգով կդառնա սեփական ճակատագրի /նաև քաղաքական/ լիակատար տերը: