среда, 18 сентября 2013 г.

ԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Ինչպես առանձին անհատի կամ ժողովրդի վերաբերմունքն է իր բազմահազարամյա բարձրագույն աստվածության, անանուն Աստծո և բարձրագույն Ճշմարտության նկատմամբ, այնպես էլ տիեզերքն է համապատասխան ձևով վերաբերվում այդ անհատի կամ ժողովրդի կյանքին ու ճակատագրին: Հիրավի, ինչ որ ցանես, այն կհնձես: Լույսը մերժողը հայտնվում է խավարի ճիրաններում, Աստծուն և Նրա Որդուն հայհոյողը՝ դարավոր տառապանքների ու անհավատության միջավայրում: Եթե վստահ չեք, թե ով է իրական Որդին և որն է իրական Ճշմարտությունը, ապա գոնե մի՛ մեծամտացեք և գնահատականներ ու կարծիքներ մի՛ շռայլեք՝ ի լուր աշխարհի ցուցադրելով ձեր անհուսալի ու ողբալի անտեղյակությունը, տկարամտությունն ու հոխորտանքը:

Զգուշացե՛ք, ով ինչ անում է՝ իրեն է անում:

понедельник, 16 сентября 2013 г.

Եղունգների և մարդկանց մասին

Եղունգները Մայր բնությունը պարգևել է մարդուն ոչ միայն այն բանի համար, որ մարդը դրանցով իր գլուխը քորի կամ քերի, այլ որ նրանք ինքանզոհողության գնան հանուն մատների պաշտպանության և մարդու ձեռքի անվնաս մնալու:

Նմանապես, ամեն մի հայ չպետք է իրեն եղունգից վեր դասի և պատրաստ պետք է լինի գնալու ինքնազոհողության՝ հանուն իր ժողովրդի և իր Հայրենիքի պաշտպանության:

Մարդկանց միջև տարբերությունը միայն այն է, որ մեկը բութ մատի եղունգի արժեք ունի, մյուսը՝ ճկույթի և այլն: 

ՆԵՐՔԻՆ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐ, ՈՐՆ ԻՆՔՆԵՐՍ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵՆՔ

Կտրականապես չպետք է թույլ տալ, որ ներկայիս իշխանությունները նոր Սահմանադրության փոխարեն «սահմանադրական բարեփոխումներ» դնեն հանրաքվեի: Դա կլինի մեր վերջնական ու անդառնալի կապիտուլյացիան ու ազգային անճարակության նոր վկայությունը: Համաժողովրդական հանրաքվեն պետք է կայանա ՀՀ և ԼՂՀ տարածքներում միասնաբար և ընդունի որակապես նոր, միասնական սահմանադրություն:

Վաղուց ժամանակն է, որ մենք վերջապես ավարտին հասցնենք մեր ներքին պետական շինարարությունը՝ անկախ այն բանից, թե այդ մասին ինչ կարծիք կհայտնի կամ դրան ինչպես կվերաբերվի արտաքին աշխարհը: Դա մեր ներքին հարցն է, և ինքներս էլ չպետք է վարանենք այն վերջնականապես լուծել: Միասնական հանրաքվեով ընդունված նոր Սահմանադրությունը պետք է սահմանադրորեն հռչակի նոր, միացյալ ու ինքնիշխան հայկական պետության ծնունդը, որը կլինի ՀՀ և ԼՂՀ իրավահաջորդը:

среда, 11 сентября 2013 г.

ՊԵՏԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՈՒՂԵՆԻՇՆԵՐ

ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ ՁԳՏՈՒՄ

Հայ ժողովրդի երկու հատվածների`ՀՀ և ԼՂՀ պետական կազմավորումների համարյա միատարր ու համերաշխ բնակչության` միասնական սահմանադրությամբ մեկ պետական միացյալ կազմավորում ստեղծելու և իր պատմական բնօրրանում կամ դրա մի մասում միասնաբար ապրելու բնական ու արդարացի ձգտումը որևէ կերպ չի հակասում ու չի վնասում այլ ազգերի ու ժողովուրդների պետական կամ կենսական շահերից որևէ մեկին: Եթե այդ ձգտումը հակասում է որևէ միջազգային օրենքի դրույթներից որևէ մեկին, ուրեմն տվյալ դրույթը սխալ է կամ առնվազն սխալ է ձևակերպված, ուստիև միջազգային կառույցների կողմից ենթակա է շուտափույթ վերացման կամ փոփոխության:



ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒՆԻ

Նախքան եվրոպական, եվրասիական, տարածաշրջանային կամ որևէ այլ միջպետական կառույցի տնտեսական կամ քաղաքական համաձայնագրերին կամ համագործակցությանը միանալը՝ հայ ժողովուրդը պետք է ավարտին հասցնի իր ներքին պետական շինարարության, լիակատար անկախության և ինքնիշխանության հաստատման հրատապ ու կենսական կարևորություն ունեցող խնդիրները, որոնք կիսատ և անկատար են մնացել ինչ-ինչ արտաքին ուժերի խանգարիչ, պառակտիչ և թշնամական ազդեցությունների պատճառով:



ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՏՆԱՀԱՐՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍՈՂԱՆՑՔ

Որևէ երկրի ներքին ու արտաքին օրենսդրական դրույթների նկատմամբ միջազգային օրենքների, պայմանագրերի և համաձայնագրերի սահմանադրորեն գերակա հռչակելը անթույլատրելի է և խախտում է այդ երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, քանի որ ժամանակի ընթացքում անկանխատեսելի միջազգային ու տարածաշրջանային իրադարձությունները կարող են լուրջ հակասություններ ու խնդիրներ առաջացնել այդ երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օրենսդրորեն կարգավորվող հարաբերություններում: Այդ հակասություններն ու խնդիրները կարող են կործանարար հետևանքներ ունենալ հատկապես այնպիսի երկրների ու ժողովուրդների համար, որոնք դեռևս գտնվում են պետականության և ինքնիշխանության հաստատման ու ամրացման փուլում:



ՄԵԶ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾԵՆՔ ՄԵՐԸ

Ամեն մի երկրի սահմանադրություն առաջին հերթին նախատեսված պետք է լինի այդ երկրի ազգաբնակչության հիմնական տարրի բնականոն կյանքն ու նրա հետագա զարգացումն ու վերարտադրությունն օրենսդրորեն կազմակերպելու, կարգավորելու ու վերահսկելու համար, իսկ միջազգային պահանջներին բավարարելն ու առանձին օտարազգի «փորձագետների» կարծիքները պետք է ունենան երկրորդական, ոչ շատ էական նշանակություն: Նման «փորձագետները» հաճախ այնքան էլ քաջատեղյակ չեն լինում իրենց «օգնությանը» դիմած ազգի բարոյական արժեհամակարգից, ավանդական կենցաղավարությունից ու «չգրված օրենքներից», որոնք հնարավորին չափ պետք է արտացոլված կամ հաշվի առնված լինեն սահմանադրական հոդվածներում կամ դրանց ենթակետերում:
Ցավոք, ՀՀ սահմանադրության ստեղծումն ու դրա հետագա բարեփոխումն իրականացվեցին այդ «փորձագետների» կարծիքներն արտակարգ կարևորելով և նրանց առատորեն վարձահատույց լինելով, ինչի կարիքը բոլորովին չկար: Դեռ ավելին՝ որոշ սահմանադրական դրույթների պարագայում նրանց արտահայտած «դրական» կարծիքը մենք պետք է ընկալեինք մեզ համար «բացասական» և՝ ընդհակառակը...
 
 


Միով բանիվ՝ դեռևս ուշ չէ, որ մեզ համար ստեղծենք մերը: 

вторник, 10 сентября 2013 г.

ՀԱԼԴԻ ԱՍՏԾՈ ԱՍՏԵՂԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ կամ «ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ»

1. Նախաջրհեղեղյան նախատիպ - գտնվել է 1979 թ, Գերմանիայի Ակ (Ach) դաշտավայրում, պեղումների ժամանակ (փորագրություն փղոսկրի վրա): Տարիքը գնահատվել է 32,5-38 հազար տարի: Ծագումնաբանությունն անհայտ է:


2. Նախահայկական (հալդական) տարբերակ (Էրեբունի).






3. Հին Հունական (եվրոպական) փոխակերպություններ.


4. Ժամանակակից հայկական փոխակերպություն.


суббота, 7 сентября 2013 г.

ՀԱՅԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՉ ԿԱՆԱԴԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Կոչ եմ հղում կանադահայությանը, որ սիրիահայ համայնքին սպառնացող վերահաս ահեղ վտանգը կանխելու նպատակով ձեռնարկեն հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի Կանադան պաշտոնապես դուրս գա G20-ի այն 11 երկրների ցուցակից, որոնք պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ հետ համատեղ ռմբակոծելու Սիրիան:

ՀԱՅԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՈՉ ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Կոչ եմ հղում ֆրանսահայությանը, որ սիրիահայ համայնքին սպառնացող վերահաս ահեղ վտանգը կանխելու նպատակով լրացուցիչ ու շարունակաբար ամեն հնարավոր ջանք գործադրեն, որպեսզի Ֆրանսիան պաշտոնապես դուրս գա G20-ի այն 11 երկրների ցուցակից, որոնք պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ հետ համատեղ ռմբակոծելու Սիրիան:

пятница, 6 сентября 2013 г.

«Անակնկալների» անբացահայտ մասի վերլուծության համառոտ փորձ

ՀՀ նախագահն իր վերջին երկու «անակնկալներով» ակամա ծառայություն մատուցեց Լույսի և Բարու ուժերին: Մոսկովյան բանակցությամբ նա, թեկուզ և փոքր չափով, նվազեցրեց սիրիական պատերազմի կտրուկ թեժացման հավանականությունը և սիրիահայ համայնքի գլխին կախված վտանգն ու սպառնալիքը: Ինչպես ժողովուրդն է սիրում ասել նման դեպքերում՝ «Մկան շ...ը ջրաղացին օգուտ է»: Այս պարագայում այնքան էլ կարևոր չէ, որ նա իր այդ քայլը հիմա բացատրում է Եվրասիական մաքսային միություն մտնելու իբր անխուսափելի անհրաժեշտությամբ և «համեստորեն» դա վերագրում հարազատ կուսակցության «քաղբյուրոյի» որոշման՝ իր կողմից հլու իրականացմանը:

Ավելի վաղ դրսևորված «անակնկալը» վերաբերում է այդ նույն «քաղբյուրոյի» մի ուրիշ հեռահար որոշմանը, որը նպատակ է հետապնդում սահմանադրական բարեփոխությունների ու համապատասխան հանրաքվեի միջոցով ամրապնդելու և հարատև դարձնելու սեփական իշխանությունը:

Չնայած ամբողջ մեկ տարի և մի ամիս տևած իմ բազմաթիվ փորձերին՝ եզակի բացառություններով ինձ այդպես էլ չհաջողվեց արթնացնել և համախմբել հայ մտավորականությանն ու հայ ազգային ճշմարիտ ընտրանուն, որպեսզի գիտակցեն Նոր Սահմանադրություն ունենալու առարկայական ու հրատապ անհրաժեշտությունը և լծվեն այն կերտելու գործին: Եվ ահա ՀՀ նախագահը լուրջ մարտահրավեր է նետել հայ ազգային ընտրանուն (եթե այն իսկապես գոյություն ունի...):

Եթե Միացյալ Հայքի Նոր Սահմանադրությունն իրողություն դառնա և ՀՀ+ԼՂՀ բնակչության շրջանում դրվի համաժողովրդական հանրաքվեի, ապա չեմ բացառում, որ այն նախանձելի նախադեպ ու ընդօրինակման նմուշ դառնա Ռուսաստանի և մյուս՝ այլասերվածությունն օրենսդրորեն մերժող երկրների ժողովուրդների համար:

Ի գո՛րծ, հայեր, ժամանակը չի սպասում...

четверг, 5 сентября 2013 г.

ԵԿԵՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԻՐԱՐ ՉԽԱՌՆԵՆՔ

Անկախ տարբեր երկրների բնակիչների այլասերվածության ու փչացածության աստիճանից և այդպիսիների թվաքանակից`եթե մի երկրի իշխանական մարմինները պետականորեն և օրենսդրորեն փորձում են պայքարել այդ այլասերվածության դեմ, իսկ մի ուրիշ երկրի կամ միության իշխանավորներն, ընդհակառակը` օրենսդրորեն քաջալերում են այլասերվածությունը և այն փորձում պարտադրել նաև ուրիշ երկրների, ապա բնական ու հասկանալի կլինի, եթե մենք` հայերս, համակրենք ու պաշտպանենք առաջին երկրին և աշխատենք որևէ առնչություն չունենալ երկրորդ տեսակի երկրների հետ:

Եթե մի երկրի իշխանական մարմինները պետականորեն խաղաղասիրական կոչեր են հնչեցնում և ՄԱԿ-ում վետոյի իրավունքով փորձում են վիժեցնել որոշ խիստ ռազմատենչ երկրների չհիմնավորված հավակնություններն այլ երկրների նկատմամբ, իսկ այդ ռազմատենչ երկրների կառավարիչներն ասում են` չէ որ չէ, մենք պետք է ռմբակոծենք ու տորպեդահարենք այս ու այս երկրները, քանի որ դրանց կառավարիչներն իրենց երկրների ներսում այս ու այս բանը մեր ուզածով չեն անում և դրանով իսկ ոտնահարում են մեր "ազգային շահերը", ապա բնական և հասկանալի կլինի, եթե մենք` հայերս, համակրենք ու պաշտպանենք առաջին երկրին և մերժենք ու պարսավենք երկրորդ տեսակի երկրներին:

Սակայն, հայե'ր, եկեք ամեն ինչ իրար չխառնենք. համակրել ու պաշտպանել մի որևէ երկրի` բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է ազգովի ստրկանանք ու խեղճանանք տվյալ երկրի իշխանությունների առջև` հրաժարվելով այդքան դժվարությամբ ձեռք բերած մեր անկախությունից կամ թեկուզ կիսանկախությունից:

вторник, 3 сентября 2013 г.

ԵԶՈՊՈՍԻ ԱՌԱԿՆԵՐԻՑ

Նախրապանը հորթերից մեկը կորցրեց, ընկավ դեսուդեն, բայց իզուր, և Զևսին խոստացավ, որ մի այծ մատաղ կանի, եթե գողը գտնվի: Նա մտավ անտառ և տեսավ, որ առյուծը խժռում է իր հորթը: Նախրապանը լեղաճաք եղած՝ ձեռքերը պարզեց դեպի երկինք և բացականչեց. «Օ՜, մեծդ իմ Զևս, ես քեզ խոստացա մի այծ մատաղ անել, եթե գողին գտնեմ, իսկ հիմա մի ամբողջ եզ եմ խոստանում, եթե գողից փրկվեմ»:

Առակս վերաբերում է այն 700 հայ գլադիատորներին, որոնք այսօր հայ օլիգարխներից մեկի աչքն են մտնում, որ աշխատատեղ ունենան, իսկ վաղը խեղճացած իրար մեջ կտրտնջան, որ այդ սրիկան հայավարի խժռում է իրենց ստացած եկամտի առյուծի բաժինը: