пятница, 27 декабря 2013 г.

Վեհապետ Էլ Մորիայի այսօրվա Ուղերձը



Դուք պարտավոր եք Աստծուն վերադարձնել ձեր կյանք

Վեհապետ Մորիա
27 դեկտեմբերի, 2013 թ.

ԵՍ ԵՄ Էլ Մորիան...
Այսօր ես եմ ձեզ այցի եկել...
Ո՜վ, իմ սիրելի սաներ, սիրելինե՛րս, ամեն անգամվա հետ իմ գալուստն ավելի ու ավելի տխուր է դառնում:
Այո՛, ես ստիպված եմ փաստել, որ իմ աշակերտներից շատ շատերը, որոնց հետ ես հույսեր էի կապել, դուրս եկան Ուղուց:
Պատրանքը, նրա դյութանքներն Ուղուց հանեցին իմ ամենանվիրյալ աշակերտներից շատերին, որոնք շատ մարմնավորումների ընթացքում մնում էին ինձ հետ:
Եվ ահա այսօր ես այսպիսի տխուր փաստ եմ արձանագրում:
Ի՞նչ անել հիմա... Արդյո՞ք խուճապահար լինել ու հուսալքվել...
Ասեմ ձեզ, որ մեր խնդիրները բնավ չեն փոխվել: Եվ քիչ քանակով նու՛յնպես մենք ունակ կլինենք վիթխարի աշխատանք կատարելու...
Մարմնավորման մեջ գտնվող իմ աշակերտներից յուրաքանչյուրն իր քաշով մեկ ոսկի արժե: Նրանցից ամեն մեկը ստիպված կլինի մարտնչելու հազարապատիկ գերազանցող պատրանքային ուժերի հետ:
Ի՜նչ արած, սա առաջին անգամը չէ: Հապա հիշե՜ք ձեր մարմնավորումն Արթուր թագավորի օրոք...
Արթնացրե՜ք ձեր ասպետական ոգին և նվիրվածությունն Աստծուն:
Պետք է ձեզ ասեմ, որ Վեհապետների բոլոր պլանները չէ, որ ընթանում են այնպես, ինչպես նախապես ծրագրված էին: Մենք մեկը մյուսի հետևից պարտություններ ենք կրում և կորցնում մեր ամենափորձառու մարտիկներին: Շատ ցավալի է... Այնուհանդերձ՝ ես ձեզ կոչ եմ անում մշտապես ընթանալ միայն Բարձրագույն ուղով...
Միայն այն դեպքում եք դուք անխոցելի դառնում մեզ հակադիր ուժերի համար, երբ ձեր գիտակցությունը մշտապես կենտրոնացնում եք առ Աստված:
Միա՜յն ու միայն նվիրվածություն Աստո Կամքին...
Միա՜յն հաղթանակի հասնելու վճռականություն...
Միա՜յն անխորտակ մնալու ցանկություն...
Ես գիտեմ, որ ծանր է վիճակը: Գիտեմ, որ շատերն են շեղվել Ուղուց: Բայց նաև գիտեմ, որ Լույսի ու խավարի միջև ճակատամարտի ելքն արդեն կանխորոշված է: Եվ գիտեմ, որ Եղբայրության ամեն մի հավատարիմ զինակից ունակ է դիմագրավելու մահվան ու դժոխքի ամբողջ հրոսակախմբերի:
Ոգու՜ Ասպետներ, հարկ է միաբանվե՛լ վճռական ճակատամարտից առաջ...
Պետք է ասեմ, որ ձեզ հարկ կլինի դրսևորելու ձեր բոլոր ունակություններն ու շնորհները: Պետք է դեն նետեք այն ամենը, ինչը ձեզ կապում է պատրանքի ու նրա դրսևորումների հետ՝ լինեն դրանք ձեզնից դուրս, թե ձեր ներսում:
Հենց հիմա՛ է ժամը... Հենց հիմա՛ պետք է անսասան մնալ և ուժերի գերակշռություն ստեղծել ճակատամարտի վճռորոշ հատվածում:
Ուստի ես գտնում եմ, որ պե՛տք չէ վհատվել, պե՛տք չէ խուճապի մատնվել:
Հարկավոր է վերադասավորել մարտական շարքերը և մղվել դեպի հաղթանակ:
Այո՛, ամեն ինչը չէ, որ ստացվում է: Այո՛, թվային գերակշռությունը դեռս մեզ հակադիր ուժերի կողմն է:
Սակայն մենք չենք հոգնում ձեզ համար կրկնելուց, որ Հաղթանակը Լույսի ուժերի կողմը կլինի, քանի որ այդպիսին է համայն այս Տիեզերքի Օրենքը...
Ձեր մարմնավորման մեջ լինելու յուրաքանչյուր րոպեին ու վայրկյանին դուք պետք է գիտակցեք Աստծո հետ ունեցած ձեր կապը: Միայն այդ դեպքում եք դուք ստանում Լույսի անխոցելի պաշտպանությունը:
Միայն այդ դեպքում է, որ դուք կկարողանաք ընթանալ դեպի հաղթանակ:
Իսկ երբ սկսում եք տրտնջալ և ձեր անհաջողությունների պատճառները փնտրել ձեզնից դուրս, երբեք չեք հասնի հաղթանակի:
Ձեր բոլոր անհաջողությունների ու պարտությունների պատճառները ձեր ներսում են:
Երբ թուլացնում եք ձեր Հավատը, կորցնում կապը ձեր Ոգու հետ, խոցելի եք դառնում հակադիր ուժերի համար: Կասկածի ու վհատության որդը թափանցում է ձեր գիտակցության մեջ և անխուսափելիորեն ծնում պարտության տրամադրություն:
Ուստի ամեն օր անխոնջ կերպով ձեզ վրա պատասխանատվություն վերցրեք աշխարհի ճակատագրի համար...
Ամեն օր պահպանե՜ք ձեր մարտական ոգին և նվիրվածությունն Աստծուն...
Ես գիտեմ, որ հակադիր ուժերը կիրառում են ամենանենգ հնարքները: Եվ ասում եմ ձեզ, որ պաշտպանված ու ամխոցելի լինելու համար դուք պետք է միշտ պահպանեք Աստծո հետ ձեր կապը:
Օրվա մեջ քանի՞ ժամ եք մտածում Աստծո մասին...
Շաբաթվա քանի՞ օրն եք նվիրում աղոթքային արթնությանը...
Տարվա մեջ քանի՞ օր եք կատարում Աստծո և Վեհապետների գործերը...
Հարկ է, որ հաշվապահական հաշվարկը կատարեք այն ժամանակի, որը դուք նվիրաբերում եք Աստծուն ու Վեհապետներին:
Այնժամ ձեզ համար պարզ կդառնա ձեր անհաջողությունների ու պարտությունների պատճառը:
Ես պարզ ձևակերպեցի՞ արդյոք ձեր առջև ծառացած խնդիրները:
Ձեր պասսիվության ու ծուլության համար ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել:
Վառարանի մոտ պառկելու հնար չկա, երբ թշնամին գերում է ձեր հողը, ձեր զավակներին ու հարազատներին:
Ամեն ոք պատրանքային ուժերի դեմ պետք է մարտնչի տաս հոգու փոխարեն:
Իսկ մի հոգին կարող դիմակայել հազարին, եթե Աստծո հետ է:
Ես անձամբ կգամ ու կզորեղացնեմ յուրաքանչյուրին, ով այս ժամանակներում վճռականություն կցուցաբերի սեփական կյանքի, սեփական հեղինակության գնով դիմակայելու պատրանքի ուժերին:
Երկրում տիրող այս իրավիճակում ոչինչ նշանակություն չունի, բացի մի բանից՝ դուք պարտավոր եք Աստծուն վերադարձնել ձեր կյանք...
Դա պետք է անեք ամեն գնով՝ անգամ սեփական կյանքի:
Ես օրհնում եմ ձեզ, որ մարտական սխրանք գործեք հանուն Կյանքի...
ԵՍ ԵՄ Էլ Մորիան

Տատյանա Միկուշինա, 2013 թ.
                                                                                                              Թարգմանեց Խ. Մանասելյանը

четверг, 26 декабря 2013 г.

Պյութագորաս-Կութհումիի այսօրվա Ուղերձը



Եթե չեք մտածում Աստծո մասին,
ուրեմն ինքներդ ձեզ հեռացնում եք Աստծուց

Կութհումի
26 դեկտեմբերի, 2013 թ.

ԵՍ ԵՄ Կութհումին:
Ես այսօր եկել եմ, որպեսզի խոսեմ գլխավորի մասին՝ այն մասին, թե որն է ձեր ժամանակների օրախնդիր հարցը:
Ձեր կարծիքով ի՞նչն է ձեզ համար ամենագլխավորը:
Շատերը կասեն, որ իրենց համար ամենագլխավորը փողն է: Մյուսները կասեն՝ առողջությունը:
Որոշները կխոսեն այն մասին, որ իրենց պակասում է սիրո զգացումը, որը կուզենային տածել ուրիշ մեկի նկատմամբ:
Շատ բաներ կան, որ կուզենայիք ունենալ ձեր կյանքում, և միշտ ձեզ թվում է, թե այդ ձեր ուզածը հենց ամենագլխավոր բանն է, որ կա...
Ես չեմ վիճի ձեզնից ոչ մեկի հետ: Քանզի ինքներդ եք ընտրում, թե ինչով զբաղվեք ձեր կյանքում: Եվ ես չեմ եկել, որ ձեզ հակաճառեմ, թե ձեր կյանքի զբաղմունքները սխալ են կամ ոչ ճիշտ:
Ես եկել եմ ուղղակի հիշեցնեմ, թե որն է իրականում գլխավորը ձեզ համար, որն այլևս առկա չէ մարմնավորված մարդկանց մեծ մասի կյանքում: Անշուշտ, խոսքս վերաբերում է Աստծո հետ ձեր միասնությանը:
Աստծո հետ միասնության զգացումը՝ այն Աստծո հետ, որն առկա է ձեր, ձեր մերձավորների, ընկերների, Կյանքի յուրաքանչյուր մասնիկի ներսում, մարդկության կողմից կորսված է:
Եվ եթե ձեզ հաջողվեր վերագտնել այդ միասնությունը, ապա ձեզնից ամեն ոք երջանիկ ու խաղաղված կզգար իրեն: Դուք կզգայիք լիակատար պաշտպանվածություն ու հանդարտվածություն:
Ի՞նչ կասեք, ճիշտ գուշակեցի՞, թե ինչն է պակասում ձեր կյանքում...
Դուք կարող եք այդ պակասող բանը տարբեր կերպ անվանել, բայց իրականում ներկայումս ձեր կյանքերում աղետալիորեն պակասում է  հատկապես այս տիեզերքի Արարչի և Կյանքի յուրաքանչյուր մասնիկում Նրա դրսևորման հետ ձեր միասնության զգացումը:
Ինչու՞ է այդպես ստացվել:
Ինչու՞ եք կորցրել ձեր միասնությունը:
Ինչու՞ եք ձեզ այդպես միայնակ ու անպաշտպան զգում:
Ինչու՞ է ձեր հասարակությունում գերակշռող զգացում դարձել ահը...
Իմ այս Ուղերձով ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր այդ հարցերին:
Հենց դրա համար եմ եկել:
Եվ սկսեմ նրանից, որ հենց ինքներդ եք պատճառ դարձել Աստծո աշխարհից կտրվածության համար: Հավանաբար շատ անգամ եք լսել, որ ձեզ հետ տեղի ունեցող ամեն ինչի համար ինքներդ եք մեղավոր: Անշուշտ,  դա այս տիեզերքի հիմնական օրենքի՝ Կարմայի և հատուցման օրենքի հիմնական դրույթն է:
Այն ամենը, ինչ ունենք ներկայում, իրենց պատճառներն ունեն անցյալի մեր նախընտրանքներում ու արարքներում: Հետևաբար ինքներդ եք պատճառ հանդիսացել այն վիճակի համար, որում ժամանակի այս պահին հայտնվել եք դուք և ձեր հասարակությունը:
Վաղուց ինչ-որ ժամանակ դուք կատարել եք առաջին քայլը՝ հեռանալով ի սկզբանե ձեզ տրված միասնությունից: Այդ քայլը դեպի բաժանում էր տանում: Այդ քայլով դուք որոշեցիք ինքներդ լինել ձեր ճակատագրի տերը: Եվ նախընտրեցիք գործել համաձայն ձեր ցանկությունների ու հակումների:
Կամքի ազատության տեսանկյունից դուք բացարձակապես ճիշտ եք վարվել: Ուղղակի որոշել եք ի հայտ բերել ձեր անհատականությանը բնորոշ հակումներն ու տաղանդները:
Ձեր այդ ընտրությունը տեղի է ունեցել միլիոնավոր տարիներ առաջ: Այդ ժամանակից սկսած, նյութական շրջակա աշխարհն անընդհատ փոխվել է դեպի թանձրանալու կողմը: Եվ հիմա ձեր շուրջը տեսնում եք հենց այն, ինչը մեծ հաշվով ստեղծված է ձեր գիտակցությամբ ու այն գործողություններով, որոնք ձեռնարկել եք՝ հիմնվելով ձեր ազատ կամքի վրա:
Բայց ինչու՞ հիմա ձեզ երջանիկ չեք զգում...
Ինչու՞ ուրախ չեք...
Ինչու՞ համակված չեք այն սիրով, որն այս տիեզերքի յուրահատկությունն է...
Արդյո՞ք այդ ամենի պատճառն այն չէ, որ ինքներդ ձեզ կտրել եք Աստծո աշխարհից:
Ձեր մեջ շատե՞րը կան արդյոք, որ օրվա ընթացքում մտածում են Աստծո մասին: Այն Աստծո մասին, որը ներկա է ամբողջ արարվածում, և դուք էլ, ըստ էության, նրա մարմնավորված մասն եք:
Եթե չեք մտածում Աստծո մասին, ուրեմն ինքներդ ձեզ հեռացնում եք Աստծուց: Եվ Աստծուց այդ ինքնահեռացումը նստած է ձեր գիտակցության մեջ:
Մենք ընդհուպ մոտեցանք որոշում կայացնելու գործին, թե ինչպես վերագտնել Աստծո հետ միասնությունը և դրա հետ կապված անդորրության, ուրախության, երջանկության և խաղաղվածության վիճակը:
Ձեզ հարկավոր է միայն մշտապես մտածել Աստծո մասին, որպեսզի նրան վերադարձնեք ձեր կյանք: Շատ պարզ ու հասարակ որոշում է, այնպես չէ՞. ուզում ես երջանի՞կ լինել. եղի՛ր երջանիկ...
Բայց հենց որ ձեր գիտակցության մեջ կայացնում եք այդ պարզ որոշումը և ձգտում այն իրագործել, ձեր կյանքում տառացիորեն սկսում են անսպասելի հրաշքներ տեղի ունենալ. շրջակա ամեն ինչը սկսում է ձեզ խանգարել, որ չհետևեք ձեր որոշմանը՝ Աստծո հետ միասնական դառնալուն: Նախ և առաջ՝ ձեզ սկսում են տիրել ձեր սեփական մտքերը: Ձեր մարմնական խելքը մեկը մյուսի հետևից ձեզ նորանոր գաղափարներ է հրամցնում: Օրինակ՝ սկսում եք մտածել, որ նախքան կյանքն Աստծուն նվիրաբերելը՝ լավ կլինի գնալ ծով, հանգստանալու: Կամ մտածում եք, թե դեռ վաղ է ձեր կյանքն այդպես սահմանափակելը, քանի որ դեռ կարգին չեք սիրել ձեր սիրած աղջկան (կամ տղային): կամ էլ մտածում եք, թե նախ պետք է բավականաչափ փող կուտակել, որ հետո հանգիստ հնարավորություն ունենաք ամբողջ մնացած կյանքը նվիրաբերելու Աստծուն:
Ձեր ներքին ցանկությունները տարածությունից համապատասխան հնարավորություններ են մոտեցնում, որպեսզի դուք իրականացնեք դրանք: Երկար բաժանումից հետո հանկարծ զանգ եք ստանում ձեր սիրեցյալից: Կամ՝ հանկարծ բարձր վարձատրվող աշխատանք են առաջարկում ձեզ: Կամ՝ էլի նման մի բան: Եվ դուք իսպառ մոռանում եք Աստծուն: Դուք ամբողջովին թաղվում եք ձեր շուրջը եղած կյանքի հոգսերի ու տպավորությունների մեջ:
Մի՛ կարծեք, թե իմ նկարագրածները վատ բաներ են և արժանի համընդհանուր պարսավանքի: Ո՛չ: Այդպիսին է ընդհանուր իրավիճակը, որը ներկայումս հաստատվել է աշխարհում: Բոլոր մարմնավորվածներդ այդ իրավիճակի պատանդներն եք: Դուք գտնվում եք պատրանքային ուժերի լարած թակարդում:
Եվ եթե պատրանքի լաբիրինթոսից դուրս գալու ոչ մի ելք չլիներ, ապա ո՛չ ես, ո՛չ էլ մյուս Վեհապետներն իզուր  չէինք վատնի մեր ժամանակը, որպեսզի գանք և տանք մեր Ուղերձները:
Այնուհանդերձ ես պնդում եմ, որ մեր Ուղերձները կարդացողներից յուրաքանչյուրն ունակ է իր հենց այս մարմանվորման ընթացքում այնքան թուլացնել պատրանքային ուժերի ազդեցությունը, որ նրանք այլևս չկարողանան կառավարել և ձեռնածություններ անել իր հետ, և դրանով իսկ դառնալ իր ճակատագրի տերը:
Հենց դրա համար ենք մենք գալիս և ուսուցանում ձեզ:
Իրականում պատրանքից դուրս գալու ելքը շատ պարզ է: Եվ այդ ելքը ձեր գիտակցության մեջ է:
Դուք որոշում եք կայացնում ազատվելու պատրանքային ուժերի ազդեցությունից:
Եվ ամեն օր առավոտից երեկո հետևողական եք լինում ձեր այդ որոշման մեջ:
Եթե մշտապես նույն ուղղությամբ գնաք, ապա կհասնեք ձեր նպատակին:
Իսկ եթե օրվա ընթացքում փոխեք ձեր շարժման ուղղությունը՝ առավոտվանից շարժվեք Աստծո կողմը, իսկ կեսօրից սկսեք բավարարություն տալ ձեր քմայքներին, ապա երբեք չեք հասնի ձեր  նպատակին՝ Աստծո հետ միասնությանը:
Իսկ ամենից շատ ի՞նչն է ձեզ խանգարում:
Հենց ինքներդ:
Ձեզ հարկավոր է միայն հաղթահարել ձեր մարմնական խելքի դիմադրությունը: Եվ այդ է  հիմնականը, որ պետք է անեք: Դրա համար գոյություն ունեն ճշմարիտ հոգևոր գործառություններ, որոնք օգնում են ձեր գիտակցությունը մշտապես պահելու Աստծո ուղղությամբ:
Դուք ամեն օր պետք է ժամանակ հատկացնեք հոգևոր գործառություններին: Ոչ մի օր չեք կարող բաց թողնել: Քանզի հենց որ դադարեք վերելքի վրա ոտնակները պտտացնել, անմիջապես հետ կգլորվեք դեպի ստորին լանջերը, որից հետո հարկ կլինի նորից սկսել վերելքը դեպի գագաթ:
Ահա սրանք են այն հիմնական սկզբունքները, որոնք կօգնեն ձեզ, եթե վճռական եք տրամադրված վերագտնելու Աստծո հետ միասնության ձեր վիճակը:
ԵՍ ԵՄ Կութհումին

Տատյանա Միկուշինա, 2013 թ.
Թարգմանեց Խ. Մանասելյանը

среда, 25 декабря 2013 г.

Գուան Ինի այսօրվա Ուղերձը



Ձեզ կվիճակվի վերադառնալ Աստծո մոտ

Գուան Ին
25 դեկտեմբերի, 2013 թ.

ԵՍ ԵՄ Գուան Ինը:
Ինչպես իմ քույր Մարիամը, ես նույնպես Ուղերձ եմ բերել ձեզ, որով մտադիր եմ տալ հավատի հիմունքները և ուսուցանել ձեզ հետևողական լինել ձեր հավատի մեջ՝ անկախ բոլոր արտաքին դժվարություններից ու խոչընդոտներից:
Ուստի տրամադրվեք լուրջ խոսակցության:
Մեր առջև խնդիր է դրված գիտակցելու մարդկության գիտակցության մեջ հեղաշրջում անելու օրախնդիր անհրաժեշտությունը: Հասել է բոլորաշրջանների շրջադարձի պահը, և դա այն ժամանակն է, երբ պետք է փոխվի ձեր գիտակցությունը:
Դա տառացիորեն հեղափոխություն կլինի ձեր գիտակցության համար, ինչի մասին ձեզ արդեն ասել է պաշտելի Բաբաջին:
Իսկ ես այսօր եկել եմ, որպեսզի դուք գիտակցեք վերահաս փոփոխությունների բնույթը:
Մարդկությունն իր հիմնական զանգվածով մտել է զարգացման փակուղային ճյուղ: Արտաքին բաների վրա կենտրոնանալու գերակշռությունը, սպառման և կյանքից հաճույքներ ստանալու վրա կենտրոնանալը հանգեցրել են մարդկության գիտակցության հետաճին: Ուստի մոտակա ժամանակներում մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի մարդկությանը վերադարձնենք զարգացման էվոլյուցիոն ուղին, որին բնորոշ է ներքին, Աստվածային արժեքների գերակշռությունը:
Կան հավերժական հատկանիշներ, որոնք ձեզնից անբաժան են մնում ձեր ամբողջ էվոլյուցիոն ուղու վրա: Դրանք ձեզ հայտնի հատկանիշներ են և իրենց օգտին որևէ ապացույցի կարիք չեն զգում:
Ահա դրանք՝ Բարություն, Գթասրտություն, Կարեկցանք, Սեր, ազնվություն, արիություն, նվիրվածություն, նպատակամղվածություն, կայունություն:
Շատ կան հատկանիշներ, որոնք ներկայումս երկրորդ պլան են մղված և մնացել են մարդկության հետաքրքրության շրջանակներից դուրս: Ուստի ներկայումս մեր և ձեր խնդիրն է՝ այդ Աստվածային հատկանիշները վերադարձնել ձեր կյանք:
Ձեզ կվիճակվի վերադառնալ Աստծո մոտ: Իսկ դա նշանակում է, որ մոտակա ժամանակներում ձեզ կվիճակվի հեղաշրջում անել ձեր գիտակցության մեջ:
Միայն այնժամ դուք կարթնանաք հավերժական կյանքի համար, երբ կկարողանաք հաղթահարել պատրանքային ուժերի մոգական ազդեցությունը:
Ես կամենում եմ, որ դուք հավերժ ապրեք:
Ուստի եկել և իմ խրատներն եմ տալիս ձեզ:
Ձեզ թվում է, թե ես հասարակ բաներ եմ ասում, որոնք զուրկ են խորությունից: Դուք կուզենայիք սնունդ ստանալ ձեր ինտելեկտի, ձեր մարմնական խելքի համար:
Ո՛չ, պաշտելինե՛րս, մարմնական մկանները ոչ մի ընդհանուր բան չունեն հոգևոր նվաճումների հետ: Հենց այն պատճառով, որ Ուսմունքը շատ պարզ է, դրան ուշադրություն չեն դարձնում շատ ինտելեկտուալներ, որոնք սովոր են գիտականակերպ ասույթներ ու արտահայտություններ որոճել:
Ճշմարտությունը՝ Աստվածային Ճշմարտությունը, դեպի արտաքին դրսևորումներն ուղղված ձեր մղումներից այն կողմ է գտնվում և կապ չունի ինտելեկտուալ նրբամտության հետ: Չկա և չի կարող Աստված լինել այնտեղ, որտեղ առկա է սեփական նշանակալիությունն ու հեղինակությունը ցուցադրելու միտում:
Աստված հեռու է ֆիզիկական ոլորտում որևէ բացառիկություն ստեղծելուց: Աստծո միասնական մարմնի, օրգանիզմի որևէ մասը չի կարող հավակնել բացառիկության և պնդել ղեկավարելու ու գլխավորելու իր իրավունքը:
Աստվածային առաջնորդությունը ոչ թե դրսից է գալիս, այլ մարդկային անհատների ներսից:
Ուստի ուշադրության կիզակետը հարկ է արտաքին բաներից տեղափոխել ներքինի վրա:
Պատրանքային ուժերի ամբողջ արածն այն է, որ մշտապես ջանում են ձեր ուշադրությունը պահել արտաքին դրսևորումների վրա: Արագ-արագ փոխվում են ձևերը, ապրանքների արտաքին տեսքերը: Նույնը մատուցվում է նաև հեռուստատեսությամբ: Մշտապես ձեզ է մատուցվում կադրերի, լուսային ու ձայնային էֆեկտների արագահոս փոփոխություն: Եվ այդ հնարքներով ճնշվում է ձեր ներքին, Աստվածային էությունը: Ներքին, Աստվածային հատկանիշները փոխարինվում են արտաքին սուռոգատների առատությամբ:
Դուք մշտապես գտնվում եք տեղեկատվական հոսքի ազդեցության տակ և ժամանակ չունեք մտածելու հավերժի մասին:
Եթե չմտորեք հավերժի մասին, ապա չեք կարողանա հավերժ ապրել:
Եթե ժամանակ չհատկացնեք ձեր հատկանիշների շուրջ մեկուսի մտորումներին, ապա չեք կարողանա ձեր ներսում զարգացնել Աստվածայնությունը:
Եթե որակյալ տեքստեր ընթերցելուն ժամանակ չհատկացնեք, ապա կդադարեք մտածել:
Եթե դադարեք մտածել, ապա կկորցնեք ձեր անկախությունը և կընկնեք անորակ տեղեկատվական հոսքի ազդեցության տակ, որը ձեզ դուրս կհանի զարգացման էվոլյուցիոն ուղուց:
Ես չեմ հոգնում ձեզ համար կրկնել, որ եկել է այն ժամանակը, երբ դուք պետք է կյանքի ամբողջ բազմազանությունից այն կողմ գտնեք այն, ինչը հավերժական արժեք է, և հրաժարվեք այն ամենից, ինչը րոպեական արժեք ունի ու անցողիկ է:
Այն բարձրագոչությունն ու բռիությունը, որը բնորոշ է զանգվածային տեղեկատվության ժամանակակից միջոցներին, միայն մեկ նպատակ է հետապնդում՝ ձեզ դուրս հանել զարգացման էվոլյուցիոն ուղուց: Իսկ մեր խնդիրն է՝ փրկել և պատրանքի թավուտներից դուրս հանել հնարավորինս շատ մարդկայիին հոգիների:
Ներկայումս մենք վիթխարի ջանքեր ենք գործադրում, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդկանց գիտակցության մեջ տպավորենք զարգացման Աստվածային ուղու կերպարը: Եվ մենք դրա համար օգտագործում ենք հնարավոր բոլոր միջոցները: Բայց պետք է ձեզ ասեմ, որ շատ բաներ հնարավոր է անել միայն մարմնավորված վիճակում՝ միայն մարդկային ձեռքերով ու ոտքերով:
Ուստի մենք անխոնջ կերպով ձեզ կոչ ենք անում կոնկրետ գործողությունների դիմել ֆիզիկական ոլորտում: Մեր Ուղերձներն օժտված են երկարաժամկետ ազդեցությամբ: Դրանք կարող են ամենօրյա ընթերցողի գիտակցությունը փոխել ընդամենը մի քանի տարվա ընթացքում: Սակայն մեզ հակադիր ուժերը ներդրել են նոր տեխնոլոգիաներ, գիտելիք ստանալու մարդկանց բնական ցանկությունը փոխարինել են տեղեկատվություն ստանալու ձգտմամբ:
Գիտելիք ստանալն ու տեղեկատվական հետաքրքրասիրությունը բավարարելը տարբեր բաներ են:
Գիտելիքները հավերժ են, իսկ տեղեկատվությունը շատ արագ հնանում է: Մշտապես գտնվելով տեղեկատվական հոսքի մեջ՝ դուք կորցնում եք վերլուծելու և զանազանելու կարողությունը: Զանազանման հատկանիշն արգելափակվում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներով: Եվ եթե դուք դեռևս հակված չեք հավատալու Բարձրագույնին, տիեզերակառույցի բանական լինելուն, վերջին հաշվով՝ հակված չեք հավատալու Աստծուն, ապա գործնականում որևէ շանս չունեք պատրանքի լաբիրինթոսից դուրս գալու դեպի հավերժական կյանք:
Ես եկա ձեզ նախազգուշացնելու, որ մոտակա ժամանակներում ձեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցական ընտրություն կատարի՝ արդյո՞ք շարունակելու է անմտորեն ցած սահել դեպի անհավատության ու տգիտության անդունդը, թե՞ հայացքն ուղղելու է դեպի Աստվածային գիտակցության գագաթները:
Պատրանքը հնազանդորեն դեպի ձեզ է շրջվում իր այն կողմով, որը դուք ակնկալում եք տեսնել:
Եթե դուք համակված եք կյանքից անընդհատ հաճույքներ ստանալու մշտական ցանկությամբ, ապա հաճկատարորեն ձեզ կմատուցվեն այդ հաճույքների ավելի ու ավելի նրբակերտ ձևեր: Իսկ եթե ներքին որոշում կայացնեք մղվելու դեպի Աստվածային Ուղին, ապա ձեր կյանքում կգտնեք անհրաժեշտ ամեն ինչ, որոնք կօգնեն ձեզ դուրս գալու էվոլյուցիոն զարգացման ամուր ճանապարհի վրա:
Բոլոր բանալիներն ու մեխանիզմները թաքցված են ձեր ներսում, և միայն դուք եք որոշում կայացնողը: Ոմանք լայն ճանապարհով գնում են ոչ մի տեղ չտանող ուղղությամբ, ոմանք էլ գտնում են այն նեղ արահետը, որը տանում է դեպի հավերժական կյանք:
Ընտրությունը ձերն է:
ԵՍ ԵՄ Գուան Ինը

Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը