среда, 26 февраля 2014 г.

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՎՃԻՌ

Ուկրաինայի այս վերջին դեպքերից հետո վերջնականապես և վճռականորեն ի լուր ամենքի հայտարարում եմ.

Քանի դեռ հայ ազգը չունի իր ազգային շահերից բխող և այդ շահերին հետամուտ լինող նորմալ Ազգային Սահմանադրություն, ես այլևս երբեք չեմ մասնակցելու որևէ ընտրության, հանրահավաքի, փողոցային խժդժության, քաղաքացիական նախաձեռնության ու անհնազանդության, ժողովրդական աշխարհազորի կամ նույնիսկ մտավորականների հավաքի, եթե դրանց միջոցով փորձ է արվելու լուծել կամ բարձրացնել Ազգային Սահմանադրության ստեղծման հետ կապ չունեցող ինչ-որ այլ հարցեր:
Ավելին ասեմ՝ ես առանձնապես ցավ չեմ զգա այն տասնյակ կամ հարյուրավոր հայորդիների համար, որոնք կարող են զոհվել զանազան ներքին բախումների ընթացքում: Յուրաքանչյուր ոք իր բախտի ու իր ճակատագրի տերն է. եթե նրանց վիճակված է անիմաստ կերպով զոհվել, ապա ես կաշխատեմ գոնե թեթև տանել իրադարձությունների նման հանգուցալուծումը:

Ես իմ վճիռը կայացրի. դուք էլ, եթե ուզում եք, կայացրեք ձեր սեփական վճիռը:

вторник, 25 февраля 2014 г.

Մտասևեռման մաթեմատիկական բացատրությունը

Որքան մարդու ուղեղում վխտացող մտքերը շատ են, այնքան նրա «հայտարարը» մեծ է, իսկ տված արդյունքը (քանորդը)՝ փոքր:
Մտասևեռման (մեդիտացիայի, խոկման) արդյունավետությունը մեծանում է, երբ մարդուն հաջողվում է պակասացնել ուղեղում փոխնեփոխ առաջին պլան մղվող մտքերի քանակը:
Իսկ երբ մարդուն հանկարծ հաջողվում է գոնե մի քանի ակնթարթ բացարձակապես ոչ մի բանի մասին չմտածել, ապա դրանով իսկ նա ներքուստ իրականացնում է 0-ի վրա բաժանելու մաթեմատիկական գործողություն, որի արդյունքը, ինչպես գիտեք, անվերջություն է: Այլ կերպ ասած՝ այդ կարճ ակնթարթների ընթացքում կապ է ստեղծվում Աստծո հետ, և մարդն ապրում է անսահման երանության, երջանկության ու ինքնաբավության անսովոր զգացողություն:

Փորձե՛ք, գուցե ստացվի՞...

вторник, 18 февраля 2014 г.

Բեհեղզեբուղի հակապատերազմական խորհրդածությունները

(հատված Գ. Գյուրջիևի «Ամենն ամենայնիվ» գրքաշարի 
Գ գրքի ԽԳ գլխից)

...Երբ Բեհեղզեբուղը, Հասեինն ու Ահունը վերադարձան ջըմփջըմփարանից և նստեցին իրենց սովորական տեղերում, Հասեինը շրջվեց Բեհեղզեբուղի կողմը և կրկին ասաց.
 – Սիրելի՛ պապիկ, թեև Երկիր մոլորակի եռուղեղ էակների գոյատևման գործընթացում տեղի ունեցող զանազան դրվագների վերաբերյալ քո տված սպառիչ բացատրությունների շնորհիվ ես հստակ պատկերացում կազմեցի և համոզվեցի նրանց հոգեկառույցի հակումների տարօրինակության մեջ, այնուհանդերձ իմ ներսում առաջվա պես հարց է առաջանում նրանց հոգեկառույցի մի առանձնահատկության վերաբերյալ, որը դեռևս ես չեմ կարողանում հասկանալ և ինձ անտրամաբանական է թվում՝ նույնիսկ նրանց հոգեկառույցի տարօրինակությունը հաշվի առնելու պարագայում: Իմ մտքերն անընդհատ վերադառնում են այդ անհասկանալի հարցին և դրա վրա էին կենտրոնացած նույնիսկ ջըմփջըմփարանի սրբազնագործության ընթացքում:
Այդ եռուղեղ էակների գոյատևման գործընթացին վերաբերող քո բոլոր բացատրություններից ես ամենայն որոշակիությամբ հասկացա, որ, թեև պատասխանատու գոյատևման ամբողջ ընթացքում, հատկապես՝ երրորդ տրանսապալյան խոտորումից հետո, նրանց բանականությունն առավելապես զուտ մեխանիկական է դարձել, այնուամենայնիվ, նույնիսկ այդ մեխանիկական բանականությամբ, նրանք բավական հաճախ կարողանում են մտածել ու դատել այնքան լավ, որ ի վիճակի են լինում իրենց մոլորակում քիչ թե շատ ճշգրիտ կերպով հաստատել Բնության ամեն տեսակի Օրենքներ, որոնց համապատասխան էլ անգամ որոշ բաներ են հորինում:
Միաժամանակ դրա հետ մեկտեղ, քո բոլոր պատմություններով կարմիր թելի պես անցնում է միայն նրանց հատուկ այն առանձնահատկության հիշատակումը, որը կապված է պարբերաբար իրար ոչնչացնելու նրանց պահանջմունքի հետ:
Եվ ահա, սիրելի՛ պապիկ, ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե այդ ինչպե՞ս է, որ այդքան երկարատև գոյատևումից հետո նրանք դեռևս չեն գիտակցել ու շարունակում են չգիտակցել իրենց այդ հատկության ամբողջ ահավորությունը:
Միթե՞ նրանք իրոք չեն տեսնում, որ այդ գործընթացներն ավելի ահավոր են այն բոլոր սարսափներից, որոնք կարող են լինել համայն Տիեզերքում, և միթե՞ երբեք չեն մտածում այն մասին, որ գիտակցեն դրա ահավորությունն ու մի միջոց գտնեն իրենց միջից դա արմատախիլ անելու համար:
Խնդրու՜մ եմ, պապիկ, բացատրիր ինձ, թե ինչու է դա այդպես, և թե նրանց արտառոց հոգեկառույցը հատկապես ո՞ր կողմերն են պատճառ հանդիսանում իրենց այդ առանձնահատկության համար...
Այսքանն ասելուց հետո Հասեինը կրկին իր սպասողական ու քննախույզ հայացքը հառեց սիրելի պապիկի դեմքին:
Թոռան այդ խնդրանքին ի պատասխան՝ Բեհեղզեբուղը որոշ ժամանակ նրան էր նայում, ինչպես ասում են, «ցավակցական ժպիտով», որից հետո խոր թառանչ քաշեց ու ասաց.
– Է՜հ, սիրելի զավա՛կս... Այդ առանձնահատկությունն ու դրանից բխող բոլոր հետևանքները գլխավորապես պատճառն են նրանց բոլոր աննորմալությունների և, այսպես ասած, «խառնիճաղանճ» տրամաբանության:
Կրկին մի փոքր լռելուց հետո Բեհեղզեբուղը շարունակեց այսպես.
«Շա՛տ լավ, ես կօգնեմ քեզ այդ հարցը պարզելու գործում, մանավանդ, որ մի անգամ արդեն քեզ խոստացել եմ մանրամասնորեն քեզ համար լուսաբանել այն:
Իհարկե, տվյալ դեպքում քո ակտիվ մտածողության զարգացման համար ես չեմ շարադրի իմ անձնական կարծիքը, այլ պատմությունս կտանեմ այնպես, որ դու անհրաժեշտ նյութ ունենաս տրամաբանական համադրության համար և, հետևաբար, կկարողանաս քո ներսում տվյալներ բյուրեղացնել այդ հարցի վերաբերյալ սեփական անձնական կարծիք ունենալու համար:
Ի դեպ, դու հարցրիր, թե միթե՞ նրանք իսկապես երբեք չեն մտորում իրենց այդ նախատրամադրվածության մասին, որն արտակարգ ահավոր է և հատուկ է բացառապես միայն իրենց:
Իհա՜րկե՝ մտորում են, իհա՜րկե՝ տեսնում են...
Նրանցից ոմանք նույնիսկ շատ հաճախ են մտորում և, չնայած նրանց բանականության մեխանիկական կինելուն՝ լիովին հասկանում են, որ իրենց այդ առանձնահատկությունը՝ փոխադարձաբար իրար ոչնչացնելու պարբերական նախատրամադրվածությունը, այնպիսի մի աներևակայելի սարսափ ու այլանդակություն է, որ անգամ հնարավոր չէ նկարագրել:
Բայց, ցավոք, այդ եռուղեղ էակների նմանատիպ մտորումներից այնտեղ երբեք որևէ լավ բան դուրս չի գալիս:
Եվ լավ բան դուրս չի գալիս մասամբ այն պատճառով, որ այդ մասին միայն առանձին էակներ են մտորում, մասամբ էլ այն պատճառով, որ սովորաբար այնտեղ բացակայում են գործողությունների միասնական գիծ ապահովող համամոլորակային կազմակերպությունները. ուստիև, եթե անգամ նշված առանձին էակները մտորում են այդ հարցի շուրջ և որևէ խելացի բան են փաստում այդ սարսափելի երևույթի վերաբերյալ, ապա նրանց այդ փաստումը երբեք լայն տարածում չի գտնում և չի թափանցում մյուս էակների գիտակցության մեջ: Ուստի լրացուցիչ կարելի է միայն ափսոսանք հայտնել այդպիսի հարցերի շուրջ այդ էակների «անկեղծ մտորումների» կապակցությամբ:
Պետք է ասեմ, որ, լինելիական գոյատևման  այնտեղ հաստատված աննորմալ պայմանների պատճառով, նրանցից յուրաքանչյուրի, ինչպես այնտեղ են ասում, «արթմնի վիճակի հոգեկառույցը» պատասխանատու տարիքի հենց սկզբից աստիճանաբար այնպիսին է դառնում, որ նա կարող է «անկեղծ մտածել» և ճշմարիտ լույսի տակ իրերը տեսնել բացառապես միայն այն դեպքում, երբ նրա ստամոքսն այնքան է լցված առաջին լինելիական սննդով, որ նրա, այսպես կոչված, «խաղացկուն նյարդերը» կորցրել են շարժունակությունը, կամ, ինչպես իրենք են ասում, «էլ տեղ չկա». նաև այն դեպքում, երբ նրան արդեն բնորոշ դարձած ու նրա ամբողջ ներկայության համար նախապատվական գործոնների վերածված, եռուղեղ էակին ոչ սազական բոլոր պահանջմունքները, իհարկե, միայն տվյալ պահի առումով, լրիվությամբ բավարարված են:
Իսկ քանի որ նույն այդ հաստատված աննորմալ պայմանների պատճառով ոչ բոլոր էակները հնարավորություն ունեն այդպես բավարարված լինել, ապա այդ և բազմաթիվ այլ պատճառների բերումով, նրանց մեծ մասը, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, չեն կարող ո՛չ անկեղծ մտածել, ո՛չ էլ տեսնել ու ընկալել իրականությունը. ուստի և «անկեղծ մտածողությունն» ու «իրականության գիտակցումը» արդեն վաղուց այդ մոլորակում շատ հազվագյուտ ճոխություն են և նրանց մեծ մասի համար անմատչելի:
Այնտեղ միայն որոշ «կարևոր» էակներ ու իշխանավորներ են կարողանում իրենց պահանջմունքները կշտացնել. իրականում դրանք այն ամենահավոր էակներն են, որոնք կարծես թե իրենց դիրքի շնորհիվ կարող էին ինչ-որ բան ձեռնարկել այդ չարիքն արմատախիլ անելու կամ էլ գոնե ինչ-որ չափով այն փոքրացնելու համար:
Սակայն հենց այդ «կարևոր» և իշխանություն ունեցող էակները, որոնք հնարավորություն ունեն հագենալ տրաքելու աստիճան և գուցե թե կարող էին այդ նպատակով ինչ-որ բան նախաձեռնել, իրականում բացարձակապես ոչինչ չեն անում՝ այս անգամ արդեն բոլորովին ուրիշ պատճառներով:
Իսկ դրա հիմնական պատճառները գոյանում են կրկին նույն այն չարաղետ միջոցից, որն ամրապնդվել է նրանց սովորական լինելիական գործընթացում  և այնտեղ «դաստիարակություն» է կոչվում:
Այդ չարաղետ միջոցն այնտեղ կիրառվում է ամբողջ երիտասարդության պատասխանատու տարիքի ընթացքում, բայց ամենուրեք դա հատկապես կիրառվում է այն ջահել էակների նկատմամբ, որոնք հետագա կյանքում համարյա միշտ, որպես կանոն, դառնում են իշխանավորներ:
Եվ ահա, երբ այդ ջահել էակները, որոնք համարյա միշտ վերածվում են իշխանավորների՝ դառնում են պատասխանատու էակներ և սկսում կատարել իրենց պատասխանատու պարտականությունները, նրանք, իհարկե, ընդհանրապես ոչ մի նախադրյալ չեն ունենում, այսպես կոչված, «տրամաբանական մտածողություն» դրսևորելու համար, քանի որ օգտագործած չեն լինում Մեծ Բնության կողմից նախատեսած այն ժամանակը, որի ընթացքում այդ նպատակների արժանավայել իրականացման համար համապատասխան լինելիական նախադրյալներ  պետք է կուտակեին, այլ այդ ժամանակը ծախսում են միայն այն բանի համար, որ իրենց ներսում զարգացնեն այնպիսի հատկություններ, որոնք բխում են նրանց այդ նշանավոր դաստիարակության արգասիքների համախմբությունից, որը, որպես կանոն, թելադրում է նրանց, թե ինչպես լավագույն ձևով, այսպես կոչված, տրվեն «ինքնասփոփանքի»:
Նրանց այդ աննորմալ դաստիարակությունն է պատճառը, որ նրանց ներսում ոչ միայն չի բյուրեղանում այնպիսի մի բան, ինչը նրանց հնարավորության կտար խորհելու և գործնականում ինչ-որ օգտակար բան անելու, այլև, ընդհակառակը՝ այդ աննորմալ դաստիարակության հետևանքով նրանց ներսում աստիճանաբար ձևավորվում և օրգանական գործառույթների են վերածվում նրանց համար նզովյալ դարձած այն կունդաբուֆեր օրգանի հատկությունների բազմաթիվ հետևանքները, որը նրանց համար հորինել էր մեծ Հրեշտակ, այժմ՝ արդեն Հրեշտակապետ Լույսոսը, և ահա դրանք այդպես սեսրնդեսերունդ ժառանգաբար փոխանցվելով՝ հիմնովին բյուրեղանում են այդ թշվառների հոգեկառույցում:
Այլ կերպ ասած՝ նրանց ներսում ձևավորվում են նշված օրգանի հենց այն հետևանքները, որոնք ներկայումս այնտեղ գոյություն ունեն «էգոիզմ», «կիրք», «փառասիրություն», «եսասիրություն» և այլ անուններով:
Այդպիսի կարևոր կամ իշխանություն ունեցող էակների վերաբերյալ մեր իմաստուն մոլլա Նասրեդինը ևս ունի մի շատ հետաքրքիր բնորոշում: Նա այսպես է ասում. «Այդ մարդկանց կարևորության աստիճանը որոշվում է միայն նրանց կոշտուկների քանակով»:
Ահա այդպես, զավա՛կս...
Երբ քո այդ մոլորակի եռուղեղ էակները, հատկապես ժամանակակիցներից նրանք, ովքեր միջոցներ ունեն կուշտ ուտելու և բոլոր մնացած պահանջմունքները բավարարելու համար, և գուցե նաև հնարավորություն ունեն ինչ-որ բան անելու իրենց մոլորակում տարածված այդ բացառիկ չարիքի դեմ պայքարելու նպատակով՝ արդեն կշտացած և հիշյալ պահանջմունքները բավարարված վիճակով նրանք բազմում են իրենց, այսպես կոչված «փափուկ անգլիական բազմոցների վրա», որպեսզի, ինչպես այնտեղ են ասում, «կերածները մարսեն», և նույնիսկ անկեղծ մտածողության համար այդպիսի հարմար ժամանակի ընթացքում նրանք այդ բարենպաստ պայմաններից ոչ մի օգուտ չեն քաղում, այլ դրա փոխարեն տրվում են հանցավոր ինքնասփոփանքի:
Իսկ քանի որ Տիեզերքի բոլոր եռուղեղ էակների և նրանց թվում նաև քո այդ մոլորակի եռուղեղ էակներն առանց մտածողության գործընթացի չեն կարող գոյատևել, և քանի որ միաժամանակ քո սիրելիներն ուզում են հնարավորություն ունենալ ազատորեն տրվելու իրենց ներսի «Ինքնասփոփանք» կոչվող «չար աստծուն», ապա նրանք աստիճանաբար և շատ արդյունավետ կերպով վարժվում են այն բանին, որ  իրենց ներսում զուտ մեխանիկորեն՝ առանց իրենց կողմից որևէ սեփական լինելիական ճիգի գործադրման, ինչ-որ մտածողության գործընթաց տեղի ունենա:
Հարկ է արժանին մատուցել նրանց. այդ գործում  նրանք արդեն հասել են կատարելության, և ներկայումս, առանց նրանց ներկայության որևէ մասի կողմից գործադրած որևէ միտումնավոր ճիգի՝ նրանց մտքերը հոսում են բոլոր ուղղություններով միաժամանակ:
Օրինակ՝ երբ կշտացած ու բավարարված լինելուց հետո երկրային այդ կարևոր ու իշխանավոր էակները նստում են իրենց հիշյալ բազմոցների վրա, նրանց ուղեղներով անխուսափելիորեն հոսող նմանազգացական մտքերն ազդակներ են ստանում մարսողական ու սեռական օրգաններից և ազատորեն, «սրտի ուզածի չափ» թափառում բոլոր ուղղություններով, և դա տեղի է ունենում այպես անկաշկանդ ու հեշտ, ինչպես եթե նրանք, ավելի ճիշտ՝ նրանց մտքերը, «երեկոյան ժամին զբոսնելիս լինեն փարիզյան Կապուցիների զբոսայգում»:
Երբ քո այդ մոլորակի իշխանավոր էակները նման ձևով նստած են լինում իրենց փափուկ բազմոցների վրա, նրանց մտքերով անցնում են, օրինակ, այսպիսի բաներ:
Ինչպե՞ս վրեժ լուծեն Ջոն Սմիթ անունով ծանոթից, որը մի քանի օր առաջ աչք է տնկել իրենց «դուր եկած» կնոջը՝ այն էլ ոչ թե աջ, այլ ձախ աչքը:
Կամ էլ այդ «մարսողության գործով զբաղված» իշխանավոր կամ կարևոր էակը մտածում է. «Ինչու՞ երեկ ձիարշավարանում ոչ թե իմ սպասած ձին առաջ ընկավ, այլ՝ ուրիշինը»:
Կամ՝ «Ինչու՞ են այդ բաժնեթղթերը, որոնք փաստորեն ոչինչ չարժեն, օր օրի ավելի ու ավելի թանկանում»:
Կամ, վերջապես, նա այսպիսի միտք է ունենում. «Եթե ես Ջոն Սմիթը լինեի, որը նոր եղանակ է հորինել, որպեսզի իր բազմացրած ճանճերի կմախքներից փղոսկրի արտադրություն կազմակերպի, ապա շահույթ ստանալու համար ես այս-այս բաները կանեի, ոչ թե այն, ինչ այդ հիմարն է անում, ինչպես դեզին պառկած շունը, որ ոչ ինքն է ուտում, ոչ էլ ուրիշին է թույլ տալիս ուտել»:
Եվ այդ ոգով՝ էլի շատ բաներ:
Այնուհանդերձ՝ երբեմն այնպես է լինում, որ Երկրի ոմն իշխանավոր կամ կարևոր էակ, գտնվելով ստամոքսի ու սեռական օրգանների ռեֆլեքսները ազդեցության տակ, հանկարծ անկեղծորեն ու լիովին լուրջ սկսում է մտորել այս կամ այն կարևոր հարցի շուրջ, հատկապես՝ այդ ահավոր երկրային հարցի շուրջ:
Բայց իշխանավորների նույնիսկ այդ անկեղծ մտորումները մեծ մասամբ նույնպես տեղի են ունենում ամբողջովին մեխանիկորեն՝ նմանատիպ արտաքին պատահական պատճառներով պայմանվորված: Ասենք՝ նրանց մերձավորներից որևէ մեկը բռնի կերպով զրկվում է կյանքից վերջին նմանատիպ իրենց գործընթացի ժամանակ. կամ՝ որևէ մեկը շատ ուժեղ ու ցավագին վիրավորանք է հասցնում. կամ՝ մի ուրիշը նրանց հաճոյանում է մեծ ծառայություն մատուցելով կամ մի այնպիսի բան նվիրելով, որին չէին սպասում. կամ, վերջապես, երբ նրանք իրապես զգում են սեփական գոյատևման մայրամուտը:
Նաև այդպիսի դեպքերում, երբ այնտեղի իշխանավորները խորհրդածում են իրենց մոլորակում տեղի ունեցող այդ բացառիկ ահավոր երևույթի մասին, նրանք միշտ սաստիկ հուզվում են և, իհարկե, այդ վիճակում երդվում են ամեն գնով ձեռնարկել հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերջ տան այդ աճող չարիքին:
Բայց դժբախտությունն այն է, որ հենց որ այդ անկեղծ հուզված էակների ստամոքսը դատարկվում է, կամ մի փոքր ուշքի են գալիս իրենց «հիմարացնող» արտաքին տպավորությունների ազդեցությունից, ոչ միայն ակնթարթորեն մոռանում են իրենց երդումի մասին, այլև հենց իրենք են սկսում, գիտակցաբար կամ անգիտակցաբար, կատարել հենց այն ամենը, ինչը սովորաբար սկզբնապատճառ է դառնում հանրությունների միջև բռնկվող այդ գործընթացների համար:
Որպես կանոն՝ այն պատճառով, որ այնտեղի այդ իշխանավոր ու կարևոր էակները չեն հատկացնում Մեծ Բնության նախատեսած ժամանակն այն բանին, որ իրենք իրենց նախապատրաստեն արժանավայել պատասխանատու էակ դառնալուն (գլխավորապես հենց այդ պատճառով է, որ նրանց պատասխանատու գոյատևման ժամանակ, նույնիսկ՝ արթմնի վիճակում, այլազան նմանազգացությունները նրանց ընդհանուր ներկայություններում համարյա միշտ մեխանիկորեն են ընթանում) ապա հենց իրենք, առանց որևէ անձնական միտումի, երբեմն էլ՝ կիսագիտակցաբար, ձգտում են ամեն ինչ անել այնպես, որ հաջորդ փոխադարձ ոչմչացման գործընթացն ավելի շուտ վրա հասնի, և նույնիսկ հույս են փայփայում, որ այդ հաջորդ գործընթացն ավելի մեծ մասշտաբներ կընդգրկի:
Նրանց աննորմալ հոգեկառույցում այդպիսի հրեշավոր պահանջմունք առաջանում է այն պատճառով, որ նրանք այդ գործընթացներից անձամբ իրենց կամ իրենց մերձավորների համար որոշակի եսասիրական  շահ են ակնկալում, և իրենց հետամնաց մտածողությամբ նույնիսկ հույս են փայփայում առ այն, թե որքան մեծամասշտաբ լինի հաջորդ այդպիսի գործընթացը, այնքան իրենք կամ իրենց մերձավորներն ավելի շատ կհարստանան:
Երբեմն, զավա՛կս, այնտեղ նույնիսկ այնպես է պատահում, որ քո սիրելիների միջից որոշ իշխանավոր կամ կարևոր էակներ միավորվում և հատուկ ընկերություն են ստեղծում, որպեսզի համատեղ ուժերով գտնեն և գործնականում կիրառեն այդ գերհանցավոր հատկությանը վերջ տալու մի որևէ միջոց:
Այդ առումով՝ հենց այն ժամանակ, երբ ես ընդմիշտ լքում էի այդ արևային համակարգը, քո այդ մոլորակում կրկին շատ խոսակցություններ պտտվեցին այդպիսի մի ընկերություն հիմնելու շուրջ, որը կարծես թե նրանք մտադիր էին «Ազգերի Լիգա» կոչել:
Ես ասացի «կրկին», քանի որ էլի է եղել, երբ նմանատիպ ընկերություններն իրենց սկզբնավորումից շատ չանցած կնքել են իրենց մահկանացուն՝ առանց, այսպես կոչված, «մահվան տառապանքներ կրելու»:
Շատ լավ հիշում եմ, որ առաջին անգամ այդպիսի մի ընկերություն առաջացավ Թիքլյամիշ երկրի Սամոնիքս քաղաքում՝ հենց այն ժամանակ, երբ այդ երկիրը համարվում էր քո այդ յուրօրինակ մոլորակի բոլոր եռուղեղ էակների կուլտուրական կենտրոնը:
Այն ժամանակ առաջին անգամ, Ասիա աշխարհամասի հանրությունների մեծ մասի սովորական էակների շարքերից ելած կարևոր էակները հավաքվեցին նշված վայրում, որպեսզի համատեղ համաձայնության գան առ այն, որ դրանից հետո ասիական տարբեր հանրությունների միջև այլևս որևէ պատճառ չծագի այդպիսի «փոխոչնչացման գործընթացների» համար:
Այն ժամանակվա էակների այդ ընկերությունն իր համար նշանաբան էր ընտրել հետևյալ արտահայտությունը. «Աստված այնտեղ է, որտեղ մարդկային արյուն չի թափվում»:
Սակայն, այլազան անձնական եսասիրական ու փառասիրական նպատակների առկայության հետևանքով, այնտեղ այն ժամանակ հավաքված սովորական երկրային կարևոր ու իշխանավոր էակները շատ շուտով գժտվեցին ու ցրվեցին իրենց տները՝ այդպես էլ ոչինչ չձեռնարկելով:
Թիքլյամիշի բարգավաճումից մի քանի դար անց, նույն Ասիա աշխարհամասում նորից կազմավորվեց էակների նմանատիպ մի ընկերություն՝ այս անգամ մի երկրում, որն այն ժամանակ կոչվում էր «Մոնղոլպլանզուրա[1]»:
Այնտեղի այդ ընկերությունն ուներ հետևյալ նշանաբանը. «Սիրեցե՛ք իրար, և Աստված էլ կսիրի ձեզ»:
Այդ ընկերությունը ևս, նույն պատճառով որևէ արդյունքի չհասնելով, նույն ձևով էլ դադարեց գոյություն ունենալ:
Ավելի ուշ նրանք մեկ անգամ ևս նման ընկերություն հիմնեցին՝ այս անգամ մի երկրում, որը հիմա Եգիպտոս է կոչվում, և այդ ընկերությունն իր գոյությունը սկսեց հեևյալ նշանաբանով. «Միայն այն դեպքում կարող ես մարդ սպանել, եթե սովորել ես լու ստեղծել»:
Է՛լ ավելի ուշ այդպիսի մի նոր ընկերություն հիմնվեց «Պարսկաստան» կոչվող երկրում, որտեղի նորաստեղծ ընկերության համար նշանաբան ընտրվեց հետևյալ խոսքը. «Բոլոր մարդիկ աստվածային են, բայց եթե նրանցից մեկը բռնությամբ սպանում է մի ուրիշին, ապա բոլորը ոչնչություն են»:
Վերջին անգամը բոլորովին վերջերս էր՝ ընդամենը չորս թե հինգ դար առաջ, երբ կրկին այդպիսի ընկերություն հիմնվեց Ասիա աշխարհամասում՝ այս անգամ մի քաղաքում, որը կարծեմ «Մոսուլոպոլիս» էր կոչվում. այս մեկի նշանաբանն էր՝ «Երկիրը պատկանում է մեր ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԱՐՉԻՆ  և հավասարապես ազատ է բոլորի համար»:
Բայց անմիջապես այն բանից հետո, երբ այդ նոր ընկերության անդամների միջև որոշակի տարաձայնություններ ծագեցին, նրանք փոխեցին իրենց նշաբանը, և այդ ընկերությունն իր գոյությունն ավարտեց «Երկիրը միայն մարդկանց պետք է պատկանի» նշանաբանով:
«Երկիրը պատկանում է մեր ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԱՐՉԻՆ և հավասարապես ազատ է բոլորի համար» նշանաբանով իր գործունեությունը սկսած այդ վերջին ընկերության անդամները հավանաբար կարող էին ինչ-որ արդյունավետ բան ձեռնարկել, քանի որ, նախ՝ նրանց նպատակների հիմքում իրատեսական ծրագիր էր դրված, և երկրորդ՝ բոլորն առանց բացառության տարեց ու պատվարժան էակներ էին, որոնք իրենց մոլորակային գոյատևման ընթացքում մեծ փորձ էին կուտակել և, հետևաբար, արդեն ձերբազատվել էին այն ամենի նկատմամբ ունեցած պատրանքներից, ինչ նրանց կարող էր տալ սովորական մոլորակային գոյատևումը:
Եվ դրա շնորհիվ նրանք ավելի քիչ եսասիրական, փառասիրական և այլ հակումներ ունեին, որոնց պատճառով նմանատիպ ընկերություններն այնտեղ սովորաբար կազմալուծվում էին:
Այդ ընկերությունից կարող էր ինչ-որ արդյունավետ բան ստացվել նախ և առաջ այն պատճառով, որ նրանում չկային իշխանավոր էակներ, որոնք հենց այդ եսասիրական և փառասիրական նպատակների պատճառով, վաղ թե ուշ, ամեն մի համամոլորակային ընկերության բոլոր ձեռքբերումները, որոնց իրենց վիճակվում էր անդամակցել՝ նետում են, ընդ որում, երաժշտության ուղեկցությամբ, մեր մոլլա Նասրեդինի փառապանծ խոզերի առաջ, որոնք էլ այդ ամբողջ ձեռքբերումները խժռում են առանց, այսպես կոչված, «ձևականությունների»:
Երկրային այդ իշխանավոր ու կարևոր էակները, հատկապես՝ ժամանակակիցները, պատահում է, որ չեն տապալում այն ազգային միջոցառումները, որոնցից կարող են զգալի շահ ստանալ ինչպես անձամբ իրենց, այնպես էլ իրենց դասին պատկանող էակների համար:
Նման ընկերությունների խնդիրները կարող էին, անկախ դասային պատկանելությունից, օգտակար արդյունքներ տալ նրանց մոլորակի բոլոր էակներին, բայց ամեն անգամ, հենց որ ընկերության գործերը մի փոքր բարդանում են, կամ, ինչպես այնտեղ են ասում, ճգնաժամ է հասունանում, երկրային իշխանավոր էակներին իսկույն ձանձրույթն է պատում, և հենց միայն այդ խնդիրները նրանց հիշեցնելիս, կամ երբ հենց իրենք են նմանազգացությամբ հիշում դրանց մասին, նրանց դեմքերին անմիջապես տառապալից արտահայտություն է դրոշմվում:
Իսկ այն պատճառի մասին, որով «Երկիրը պատկանում է մեր ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԱՐՉԻՆ և հավասարապես ազատ է բոլորի համար» նշանաբանն ունեցող ընկերության էակների ջանքերից ոչինչ դուրս չեկավ (թեև նրանք դրա համար արել էին համարյա այն ամենը, ինչ հնարավոր էր անել այն պայմաններում, որոնք համարյա միշտ իշխում են այդ աննման մոլորակում), ես քեզ կպատմեմ մի փոքր ուշ և նույնիսկ բավական մանրամասն, քանի որ այդ մոլորակում առկա այդ գերհանցավոր հատկությունն արմատախիլ անելու կամ գոնե նվազեցնելու նպատակով քո սիրելիների հիմնադրած հատկապես այդ ընկերության կազմալուծման պատճառներին վերաբերող տեղեկատվությունը կրկին շատ էական կլինի, որ քեզ համար ընդհանրապես  պարզ դառնա նրանց հոգեկառույցի տարօրինակությունը. միևնույն ժամանակ, այդ տեղեկատվությունը որոշակի չափով որպես նյութ կծառայի այն բանի գլխավոր օբյեկտիվ պատճառները հասկանալու համար, թե ինչու են նրանց մոլորակում տեղի ունենում փոխոչնչացման այդ ահավոր գործընթացները:
Իսկ ինչ վերաբերում է ժամանակակից այն ընկերությանը, որի մասին խոսեցի և ասացի քեզ, որ այն քո մոլորակի եռուղեղ էակները ստեղծում են այդ նույն նպատակն ունենալով, որ համատեղ ուժերով պարզեն ու գործնականում համապատասխան միջոցներ ձեռնարկեն իրենց մոլորակում այդ ահավոր գործընթացը լրիվ դադարեցնելու համար, և որը պետք է կոչվի կամ արդեն կոչվում է «Ազգերի Լիգա», ապա, եթե ուզում ես իմանալ իմ անձնական կարծիքը՝ ես ավելի քան վստահ եմ, որ այս անգամ ևս դրանից ոչ մի լավ բան չի ստացվի հետևյալ երկու պատճառներով:
Առաջին պատճառը քեզ համար պարզ կդառնա իմ այս պատմության վերջում. իսկ երկրորդ պատճառն այն է, որ այդ հատկությունն արդեն, ինչպես ասում են, «միս ու արյուն է դարձել» Երկիր մոլորակի եռուղեղ էակների համար: Եվ եթե նրանց մոլորակում այդ խնդրով ոչինչ չեն կարողացել անել անցած դարաշրջանների էակները, որոնք, պատասխանատու էակներ դառնալով, այնուամենայնիվ Լինելիության առումով գոնե հասնում էին, այսպես կոչված, «ինքնադաստիարակության», ապա առավել ևս ոչ մի արդյունավետ բան չեն կարող ձեռնարկել, մտածել և իրականացնել այնպիսի բանականություն ունեցող էակները, ինչպիսին ունեն այդ ժամանակակից ընկերության էակները, որոնք Լինելիության առումով հասել են միայն այն աստիճանի կատարելության, որը մեր թանկագին մոլլա Նասրեդինը բնորոշում է  հետևյալ բառերով. «Հապա տեսե՞ք, նա արդեն մամային պապայից տարբերում է...»:
Այնուհանդերձ ես պետք է նշեմ, որ այդ կարևոր և իշխանավոր ժամանակակից էակները, որոնք կդառնան այդ ժամանակակից ընկերության անդամներ, իրենց այդ նոր արարվածքով անձամբ իրենց համար կհասնեն մի «վերին աստիճանի անհատական» և «վերին աստիճանի օգտակար» արդյունքի. այն է՝ իրենց այդ «պաշտոնական ընկերության» շնորհիվ նրանք կունենան ևս մեկ, ինչպես ասում են, շատ ընդունելի առիթ, որով կշահեն իրենց, այսպես կոչված, «տիրուհու» համակարանքը, ում դերում ժամանակակից իշխանավոր էակների համար հայտնվում են «կինը», «սիրուհին», «զոքանչը» կամ, վերջապես, որևէ խոշոր խանութի «վաճառողուհին» և այլք:
Եվ ահա, իրենց այդ նոր պաշտոնական ընկերության շնորհիվ, նրանք հնարավորություն կստանան ժամանակ անցկացնելու իրենց ընկերների՝ իրենց նման կարևոր ու իշխանավոր էակների հետ, և այդ պաշտոնական «ֆայվ-օ-քլոք[2]»-ների ընթացքում, որոնք անկասկած հաճախ կհրավիրվեն արտաքնապես այն գործերով, որոնք իբր կապված են իրենց այդ կարևոր ընկերության նպատակների հետ, նրանք կկարողանան ժամանակ անցկացնել՝ խույս տալով իրենց «տիրուհիների» թեև լուռ, բայց ահեղ հայացքներից ու աչալուրջ հսկողությունից:
Իշխանավոր էակների նմանատիպ ընկերություններն այնտեղ սովորաբար կազմավորվում են փոխոչնչացման խոշորամասշտաբ գործընթացների ավարտի սկզբում: Եվ համարյա ամեն անգամ դրանք կազմավորվում են հետևյալ կերպ:
Հենց այդ իշխանավորներից մի քանիսը փոխոչնչացման իրենց վերջին գործընթացի ժամանակ այնպիսի «ծանր կորուստներ» են կրել (որոնց «ազդակի գործունեությունը» նրանց  ընդհանուր ներկայություններում դեռևս չի ավարտվել և նրանց հոգեկառույցի ընդհանուր գործունեության մեջ որոշակի համակցություն է ծնել), որ նրանց համար արդեն սովորական դարձած «մեխանիկական գիտակցության» մեջ ակամա սկսել են մասնակցություն ունենալ «խիղճ» կոչվող լինելիական ազդակի՝ նրանց ենթագիտակցության մեջ առկա նախադրյալները. այսինքն՝ նրանց ընդհանուր հոգեկառույցում ակամա գոյացել է այնպիսի համակցություն, որն այդ չարաբաստիկ մոլորակի բոլոր եռուղեղ էակների ներսում երազում էր տեսնել Սրբազնագույն Աշիաթա Շիեմաշը:
Եվ ահա դրա շնորհիվ, զավա՛կս, երբ այդ իշխանավոր էակները հավաքվում և սկսում են եռանդուն կերպով քննարկել իրենց այդ ահավոր հատկությունը, նրանք աստիճանաբար սկսում են դա տեսնել համարյա իրական լույսի տակ. այնժամ նրանց ներսում իսկապես սկսում է հնարավոր ամեն ինչ անելու անկեղծ ցանկություն ի հայտ գալ, որպեսզի հասնեն իրենց մոլորակում տեղի ունեցող այդ ճչացող ահավորությանը վերջ տալուն:
Այդպիսով, եթե այնպես է պատահում, որ, այսպես ասած, «հարություն առած խղճով» մի քանի երկրային իշխանավոր էակներ հանդիպում են իրար, և երկարատև փոխազդեցության շնորհիվ իրականությունը տեսնում ու զգում են ճշմարիտ լույսի ներքո, ապա միավորում են իրենց ջանքերը, որպեսզի համատեղ ուժերով որևէ հնարավորություն գտնեն իրենց այդ անկեղծ ցանկությունը կյանքի կոչելու համար:
Ահա այդ եղանակով են սովորաբար այնտեղ կազմավորվում այդ ընկերությունները:
Հնարավոր է, որ այդ էակները երբևէ կարողանային օգտակար արդյունքների հասնել, բայց ամբողջ դժբախտությունն այն է, որ, որպես կանոն՝ շատ շուտով այդ ընկերություններն են մուտք գործում ուրիշ կարևոր ու իշխանավոր էակներ և սկսում մասնակցել դրանց աշխատանքին:
Վերջիններս նման ընկերություններ են մուտք գործում և մասնակցում աշխատանքներին ոչ այն պատճառով, որ իրենց ներսում էլ է խիղճը սկսում արթնանալ. բնավ՝ ոչ: Նրանք ակտիվանում են սոսկ այն պատճառով, որ, համաձայն նույն այդ սովորական լինելիական գոյատևման  հաստատված աննորմալ պայմանների՝ նրանք, լինելով կարևոր և իշխանավոր, ինքնին հասկանալի կերպով պետք է անդամակցեն բոլոր «կարևոր» ընկերություններին և իրենց մասնակցությունը բերեն դրանց աշխատանքին:
Երբ այդ լրացուցիչ երկրային կարևոր ու իշխանավոր էակները մուտք են գործում այդպիսի ընկերություն և սկսում մասնակցել դրա աշխատանքներին, ապա, հետապնդելով զուտ եսասիրական ու փառասիրական նպատակներ՝ ոչ միայն շատ շուտով այդ ընկերության խնդիրներն ու «արթնացած խղճով» էակների ամբողջ արածն, ինչպես ասում են, «ջուրն են գցում», այլ նաև, որպես կանոն և նույնպես շատ շուտով, սկսում են այդ ընկերության առաջին հիմնադիրների, ինչպես այնտեղ են ասում, «տակը փորել»:
Ուստիև, էակների այդ ընկերությունները, որոնք այնտեղ ստեղծվում են համամոլորակային բարօրություն հաստատելու նպատակով, շատ արագ մեռնում են. մեռնում են՝ ինչպես արդեն ասել եմ, նույնիսկ առանց «մահվան տառապանքներ կրելու»:
Այդ բարի նախաձեռնությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքների արդյունավետության վերաբերյալ նույնպես մեր պատվարժան մոլլա Նասրեդինն ունի մի շատ իմաստուն ասույթ, որն այսպես է հնչում.
«Վերջին դարերի իրադարձությունները մեզ ցույց տվեցին, որ ղարաբաղյան ավանակները երբեք չեն երգի սոխակի ձայնով և երբեք չեն հրաժարվի Շուշվա տատասկափուշ ծամելու իրենց ազնվաբարո հակվածությունից»...



[1] ռուս. տարբերակում՝ Монголпланзура, անգլ. տարբերակում՝ Mongolplanzura
[2] ուղիղ ժամը հինգին

пятница, 14 февраля 2014 г.

Ա՞ԶԳ, ԹԵ՞ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Այսպես կոչված «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի» անդամները  արջի ծառայություն են մատուցում սեփական ժողովրդին: Ներկայումս իբր թե գործող ժողովրդավարական սահմանադրությունը վենետիկյան հանձնաժողովի հետ միասին պետք է անվարան ու անհապաղ նետել աղբարկղը և ստեղծել նոր, Ազզգային Սահմանադրություն, որը պետք է հիմք ծառայի նոր միացյալ հայկական պետություն ստեղծելու համար: 

Ինչքա՞ն կարելի է «մուկ ու կատու» խաղալ...

Մենք աշխարհասփյուռ ազգ ենք, ոչ թե ժողովուրդ: Որպես ժողովուրդ մենք շատ թույլ ենք ու խոցելի, հետևաբար պետք է ունենանք ոչ թե ժողովրդավարական սահմանադրություն, այլ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, որի հիման վրա էլ պետք է կառուցենք հզոր ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:

Եթե մենք դա չանենք, ապա ով ասես կկարողանա մեզ «խալաթ» հագցնել՝ մեր Էությանը չհամապատասխանող զգեստ: Այդպես կվարվեն ռուսները, այդպես կվարվի վենետիկյան հանձնաժողովը:

Հայե՛ր, ու՞ր է ձեր ազգային արժանապատվությունը...
 

четверг, 13 февраля 2014 г.

ՊՈԵԶԻԱ ԵՎ ՀԱԿԱՊՈԵԶԻԱ

Պոեզիա ներկայացնող ճշմարիտ բանաստեղծն իր ժողովրդի հայելին է: Նրա հույզերն ու մտածմունքները լինում են գրավիչ ու ընկալելի, և ժողովրդի մի ստվար զանգված նրա գրվածքներում տեսնելով ինքն իրեն՝ երախտապարտ է լինում դրանց հեղինակին:

Հակապոեզիա ներկայացնող կեղծ բանաստեղծը նույնիսկ ինքն իր հայելին չէ: Նրա հույզերն ու մտածմունքները որքան անկապ ու անընկալելի են թղթին հանձնվում, այնքան նա իր մի խումբ գործընկերների կողմից տաղանդավոր ու մեծ է համարվում և դառնում իր նման գրողների միության անդամ:

понедельник, 3 февраля 2014 г.

ԲՆԱԶԴԱԿԱՆ ՄՈԼՈՒՑՔ

Երկոտանիների մեջ առավել վատթարն ու վտանգավորը ոչ թե շարքային ավազակաբարո մարդասպաններն են, այլ նրանք, ովքեր սառնասրտորեն, արտակարգ եռանդով  ու զարմանալի հետևողականությամբ պատմական հուշարձաններ, հինավուրց մշակութային արժեքներ ու գրքեր են ոչնչացնում:

Դեռևս լրիվ մարդացած չլինելով՝ նրանք չունեն իրենց սեփական պատմությունը, դրա համար էլ առաջնորդվում են իրենցից ավելի վաղ մարդացածների պատմական հետքերը ոչնչացնելու և մարդկության նորագույն պատմությունն իրենցով սկսելու բնազդական մոլուցքով:

Այսօրվա դրությամբ այդպիսի վտանգավոր երկոտանիների վառ օրինակ կարող են ծառայել աֆղանական թալիբները, թուրք-ազերիները և այլք:

Այդպիսիների մեջ, իհարկե, լինում են նաև արդեն գրաճանաչ դարձած մի քանի երկոտանիներ, որոնք զուգահեռաբար փորձում են ուրիշների թողած պատմական հետքերն ամեն գնով վերագրել իրենց կիսավայրենի ցեղակիցներին...