понедельник, 29 декабря 2014 г.

Բարոյականությունը՝ Նոր Դարաշրջանի գաղափարախոսությունն է

Բաց նամակ
ուղղված մեր Մոլորակի բոլոր մտածող ու ոչ անտարբեր մարդկանց

Ժամանակակից մարդկային հանրությունը գտնվում է  համակարգային խոր ճգնաժամում: Եվ այդ ճգնաժամից հասարակությանը չի կարող հանել ոչ մի տնտեսական, դրամական կամ քաղաքական բարեփոխություն:
Միակ բանը, որ ներկա փուլում կարող է օգնել մարդկությանը՝ Ոգեղենության և Բարոյականության վերածնունդն է: Բարոյականությունը հատուկ է ամեն մի մարդու: Դա նրա Խիղճն է, հոգում առկա Աստված: Աստծո հասկացությունը մեծ մասամբ կապվում է կրոնականության, եկեղեցականության, ծիսականության հետ: Ընդ որում Աստված ընկալվում է մարդուց դուրս ինչ-որ տեղ: Ուստի և մարդիկ Աստծուն որոնում են տաճարներում և այլ պաշտամունքային հաստատություններում: Բայց Աստված անհամեմատ ավելի մոտ է գտնվում մեզ, միշտ մեզ հետ է՝ մեր սրտերում: Մեզ հարկավոր է միայն գիտակցել այդ կարևոր ճշմարտությունը և Աստծուն վերադարձնել մեր կյանք, Նրանով լցնել մեր գիտակցությունը:
Մարդու մեջ Աստված դրսևորվում է նրա Խղճի տեսքով, իրականացնում բարոյական ինքնահսկում և միշտ գիտի, թե ինչն է լավ, ինչը՝ վատ, որտեղ է Բարին, որտեղ՝ Չարը:
Որոշ եվրոպական երկրներում «բարոյականություն» բառը քիչ է գործածվում, ավելի շատ օգտագործվում են դրա հոմանիշները՝ «էթիկան» և «առաքինությունը», որոնք Եվրոպայից մեզ են հասել նախաքրիստոնեական ժամանակներից: Բարքի ու բնավորության իմաստ ունեցող հին հունական ethos եզրույթը և դրա լատինական moralis տարբերակն ունեին բարեմասնությունների համախմբության իմաստ: Իսւկ ռուսերենում нравственность բառը, որի արմատը հին ռուսական нрав եզրույթն է, իր մեջ պարունակում է ևս մեկ գաղտնախորհուրդ իմաստ՝ կապ Աստվածային Իմաստության  հետ:
Մեր ժամանակներում նույնիսկ այն եվրոպական երկրներում, որտեղ բարոյականություն բառը գործածվում է, այն աստիճանաբար դուրս է գալիս առօրյա կյանքից, և որքան մարդը երիտասարդ է, այնքան ավելի քիչ է ծանոթ այդ բառին: Ավելի հաճախ դրա իմաստը կապվում է եկեղեցական դոգմաների ու արգելքների հետ, որոնք էլ դիտվում են որպես ոտնձգություն անձի ազատության դեմ: Խղճի հասկացությունը դառնում է ոչ մոդայիկ ու հնացած և ոչ միշտ է դրական իմաստով հասկացվում, որովհետև խիղճը ոչ բոլոր դեպքերում է ռացիոնալ ու խելամիտ նյութական տեսակետից, ինչը տիրապետող է սպառողական հասարակությունում: Աստծո հասկացողությունն ավելի հաճախակի է բացասական իմաստ ստանում: Այդ տենդենցին վարպետորեն ու ճարպկորեն օժանդակում են շատ ԶԼՄ-ներ:
Հրաժարվելով բարոյականությունից և Աստծուց՝ Բարձրագույն Բարոյական Օրենքից, մեր քաղաքակրթությունը սկսել է հետզարգացում ապրել: Հետևանքներն ակնհայտ են:
Անհոգի և անխիղճ հասարակությունում բազմերանգ գույներով սկսում են տարածվել բազմաթիվ արատներ, զանազան նեգատիվ բաներ ու ագրեսիա: Հատկապես բարոյականության բացակայությունից են ծագում բոլոր մնացած պրոբլեմները՝ ահաբեկչությունը, հանցավորությունը, գողությունը, օգտապաշտությունը, կաշառակերությունը, սեռական այլասերումները, նույնասեռական ամուսնությունները, ԶԼՄ-ների նեգատիվ ուղղվածությունը, համակարգչային մարտախաղերը, հեռացումը դեպի վիրտուալ իրականություն, ստրեսները, հոգեկործան երաժշտությունը, ծխախոտը, ալկոհոլը, թմրանյութերը...
Հասարակության պրոբլեմները շատանում են քաղցկեղային բջիջների պես, և հասարակությունը սկսում է այլասերվել:
«Մի՛ սպանիր», «մի՛ գողացիր», «կեղծ վկայություն մի՛ տուր» պատվիրանները հազարամյակներով գոյություն ունեն աշխարհի շատ կրոններում, սակայն տարեցտարի աճում է հանցավորությունը: Պետությունը ստիպված է վիթխարի օրինապաշտպան ծառայություններ պահել, հսկայական միջոցներ ծախսել բանտերի վրա: Իսկ այդ մեծաքանակ պահուստները կարող էին և ծառայել հասարակության ուրիշ, ավելի հրաշալի ծրագրերի համար, եթե բուն մարդն իր ներսում ունենար Բարձրագույն Բարոյական Օրենքի՝ Աստվածային Օրենքի, ըմբռնումը:
Պետական ծառայողները, որոնք կաշառք են վերցնում և անբարեխիղճ ձևով կատարում իրենց պարտականությունները, հույս ունեն ապրել երկար ու երջանիկ կյանքով: բայց եթե նրանք իրենց հոգում ունենային Աստծուն և իմանային, թե ինչպես է գործում Աստվածային Օրենքը, ապա կհասկանային, որ իրենց ամեն մի ցանած սերմը բումերանգի նման վաղ թե ուշ վերադառնալու է հենց իրենց:
Միլիոնավոր մարդկանց մտքերի վրա ազդող զանգվածային լրատվության միջոցների հիմնական մասը, որոնք օրուգիշեր հեռարձակում են գովազդներ, բացասական բնույթի նորություններ, «դատարկ օպերաներ» ու դետեկտիվ ֆիլմեր, մտահոգված են սոսկ փող աշխատելու գործով: Իսկ եթե հեռուստաալիքների գլուխ կանգնած լինեին բարձր բարոյականություն ունեցող մարդիկ, որոնք չհարմարվեին գիտակցության միջին մակարդակի պահանջների հետ, այլ իրենց ժամանակն ու ուժերը ներդնեին դաստիարակչական, իմաստասիրական և էսթետիկական բնույթ ունեցող ֆիլմեր ու հաղորդումներ ստեղծելու գործում, ապա հասարակության պրոբլեմներն ինքնաբերաբար կսկսեին նվազել:
Ինչու՞ ենք Աստծուն հեռացրել մեր կյանքից: Չէ՞ որ մարդկության լավագույն ներկայացուցիչները՝ կոմպոզիտորներ, գրողներ, բանաստեղծներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ, շատերն իրենց կյանքում հանգել են Աստծուն ընդունելուն:
Գիտնականները՝ նրանց թվում և ժամանակակիցներ, ապացուցել են մեր աշխարհի Աստվածայնությունը՝ յուրաքանչյուրը հետազոտություններ կատարելով իր բնագավառում: Տարբեր երկրների մաթեմատիկոսների, ֆիզիկոսների և աստղաֆիզիկոսների՝ Ի. Լ. Ռոզենտալի, Վ. Ա. Նիկիտինի, Ս. Վայնբերգի, Ռ. Բրոյերի, Ֆ. Դայսոնի, Դ. Պոլկինհորնի, Դ Բարրոուի, Ֆ. Թրիպլերի, Դ. Ջինի և այլոց հետազոտությունների արդյունքները նրանց հանգեցրել են այն եզրակացության, որ Տիեզերքը կառավարվում է գոյություն ունեցող Գերբանականության կողմից:
Նմանատիպ պնդումներով տարբեր ժամանակներում հանդես են եկել Ալբերտ Այնշթայնը, Մաքս Պլանկը, Չարլզ Դարվինը, Կ. Ֆլամարիոնը, Ն. Ի. Պիրոգովը, Ֆ. Կրիկը, Ա. Դ. Սախարովը, Պ. Պ. Գարյաևը, Ս. Վ. Զենինը և աշխարհի շատ ուրիշ գիտնականներ:
Եթե գիտնականներն արդեն ապացուցել են Աստծո գոյությունը, ինչու՞ ենք մենք ամոթխածորեն լռում կամ դիտմամբ հրաժարվում Նրա գոյությունից: Ինչու՞ ենք Աստծուն հեռու վանում մեր կյանքից: Չէ՞ որ կյանքից հեռացնելով Ամենագլխավորը, մենք զրկվում ենք հիմնաձողից, ուղենիշից, կյանքի իմաստից, դադարեցնում ենք մեր էվոլյուցիան և պարզապես քաոսային ձևով ընթանում դեպի կործանում:
2014 թվականի ապրիլին մենք ստեղծեցինք «Հանուն Բարոյականության» միջազգային Հասարակական Շարժումը և մշակեցինք 10 պարզ դրույթներից բաղկացած Բարոյականության Կոդեքսը: Ի՞նչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք, որ մարդկանց մեջ գերակշռի խիղճը, բարոյականությունը. որ ամեն մի մարդու, ամեն մի ընտանիքի ներսում առկա լինի պաշտամունք Բարոյական Օրենքի նկատմամբ. որ բարոյականությունը դառնա ամեն մի պետության և ամբողջ մարդկության գաղափարախոսությունը:
Աստվածային Օրենքն ընդհանուր է ամբողջ մարդկության համար, այն որպես հիմք է ծառայում բոլոր դավանաբանությունների, կրոնների և հոգևոր-բարոյական ուսմունքների համար: Հազարամյակներ շարունակ Երկիր են իջել Մեծ Ուսուցիչներ, Իմաստուններ, իրենց հետ բերելով բարոյական, Աստվածային պատվիրաններ: Եվ այնտեղ, որտեղ դրանք պետական կառույցի հիմք են դարձել, հասարակությունը բարգավաճել է: Հենց որ Աստված և բարոյական արժեքները դուրս են հանվել առօրյա կյանքից, անմիջապես քայքայում է սկսվել՝ ընդհուպ մինչև լիակատար անկում ու ոչնչացում:
Պետական գաղափարախոսության մակարդակով Աստծուն հետ բերելով ամեն մի մարդու և ամբողջ հասարակության կյանք, մենք կունենանք բոլոր իսկական բարիքները՝ ֆիզիկական, հոգեկան և հոգևոր առողջություն, Սիրո և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ամուր ընտանիք, համագործակցության նոր ձևեր, պատերազմներից ու հակամարտություններից զուրկ աշխարհ, ուր բոլոր մարդիկ իրար նկատմամբ եղբայրաբար կվերաբերվեն:
Նշենք, որ «Աստծուն հետ բերել» ասելով մենք նկատի չունենք որևէ կրոնի կամ հավատքի գերակայության հաստատում: «Աստված» ասելով մենք հասկանում ենք Բարոյական Օրենքը:
Պետության մեջ բարձր բարոյական, Աստվածային դրվածքի հաստատումն ունակ է մի սերնդի կյանքի ընթացքում ստեղծել հասարակական հարաբերություններ, որոնք համապատասխանում են առաքինության ու բարոյականության ամենաբարձր չափանիշներին: Հետևանքը կլինի այն, որ դրանք կնպաստեն պետության բարգավաճմանը: Հենց դրա համար էլ «Հանուն Բարոյականության» Շարժումը մշակել է ծրագրային փաստաթուղթ՝ «Բարձր Բարոյականության Վարդապետությունը», որը մի հայեցակետ է հասարակության ներկայիս վիճակի պատճառների վերաբերյալ, տալիս է որոշակի բազիսային հասկացություններ և ցույց է տալիս գաղափարախոսական ճգնաժամից դուրս գալու ուղին: Վարդապետությունում ներկայումս աշխարհում գոյություն ունեցող սպառողական հասարակությունը համեմատվում է բարձր բարոյական հասարակության հետ՝ հիմնված այնպիսի հիմնարարար հասկացությունների համեմատական համադրության վրա, ինչպիսիք են՝ Աստված, մարդ, ֆիզիկական աշխարհ, հասարակություն, ազատություն, իշխանություն և այլն:
«Բարձր բարոյականության Վարդապետությունը» պարունակում է բարձր բարոյական հասարակության գաղափարախոսության հայեցակարգը, որը կարող է հիմք ծառայել պետական քաղաքականության ձևավորման և բարոյականության բարձրացման ոլորտում նպատակային ծրագրեր մշակելու համար:
Մեր կյանքում ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով ենք ունակ մեր կյանք մտցնել Աստվածային Օրենքը: Ժամանակն է վերանայելու ամբողջ արժեհամակարգը, կյանքի բոլոր ոլորտներում տիրող փոխհարաբերությունները:  Բարոյականության հասկացությանը հարկավոր է տալ պետական գաղափարախոսության կարգավիճակ: Անհրաժեշտ է ժողովրդի գիտակցության մեջ Աստծո ըմբռնումն ամրապնդել որպես համայն Տիեզերքում գործող Բարձրագույն Բարոյական Օրենք: Հարկավոր է պետական մակարդակով քարոզել այնպիսի բարոյական հասկացություններ, ինչպիսիք են՝ խիղճը, անկեղծությունը, բարությունը, համեստությունը, բարյացակամությունը և այլն: Ամեն մարդ պետք է սկսի իր կյանքում կատարել միայն բարոյական ընտրություններ: Որպեսզի և՛ վերևից՝ իշխանական մակարդակից, և՛ ներքևից՝ ժողովրդի սրտից ծլարձակի Բարոյականության հասկացությունը: Որպեսզի Աստված վերջապես մեր կյանքում զբաղեցնի գլխավոր տեղ: Որպեսզի Նոր Դարաշրջանում մարդիկ իրենց զգան որպես Աստծո զավակներ, գիտակցեն իրենց Աստվածային ծագումը և ձեռք բերեն այն ներդաշնակությունը, խաղաղությունը, բերկրանքը, երջանկությունը, որին արժանի են...
Եթե համամիտ եք այս նամակի գաղափարին, ապա կարող եք ձեր օժանդակությունը հայտնել ինչպես այս Բաց նամակին, այնպես էլ «Հանուն Բարոյականության» Շարժմանը (http://www.z-n.center ): Որպեսզի հասարակությունում բարոյականության վերածնունդ տեղի ունենա, կարևոր են գործերով օժանդակությունն ու ջանքերի համախմբումը:

Տ. Ն. Միկուշինա, հասարակական գործիչ, ք. Օմսկ
Ե. Յու. Իլյինա, «Հանուն Բարոյականության» ՄՀՇ նախագահ, ք. Նովոսիբիրսկ


թարգմանեց Խ. Մանասելյանը