понедельник, 31 августа 2015 г.

ՀԱՏԻԿԸ ՈՐՈՄԻՑ ԶԱՏՎՈՒՄ Է...

Ժողովուրդների և ազգերի այս նոր մեծ տեղաշարժը ոչ այլ ինչ է, քան ՀԱՏԻԿԸ ՈՐՈՄԻՑ ԶԱՏԵԼՈՒ համամոլորակային գործընթաց, որի մասին վաղուց է ասված, որ պիտի լինի:
Դրա արդյունքում շատերն ակամա կհայտնվեն մոլորակի հենց այն տարածքներում, որոնք ենթակա են հիմնահատակ կործանման: Իսկ մինչ այդ՝ ահա նրանք գլուխները կախ գնում են դեպի նոր «արոտավայրեր»:
Ով կարողանա իր համար փրկարար բոլոր խոչընդոտներն ու արգելքները հաղթահարելով հասնել «երանելի» հանգրվանին, հետ մնացածների կողմից կհամարվի «խելոք ու ճարպիկ»՝ գրգռելով նախանձ և այլ անառողջ կրքեր...
Իսկ Հատիկները նրանք են, ովքեր չեն լքում Աստծուն և իրենց Հայրենիքը՝ անկախ ունեցած հնարավորություններից և մնացած ամեն ինչից:

пятница, 21 августа 2015 г.

ԽՈՐՀՈՒՐԴ ԾՊՏՅԱԼ ԵՎ ԱՅԼԱԴԱՎԱՆ ՀԱՅԵՐԻՆ

Ծպտյալ և այլադավան հայերը, եթե ցանկություն ունեն բացահայտ դարձնելու իրենց ազգային պատկանելությունն ու վերագտնելու իրենց ազգային ինքնությունը, ապա կարող են արձագանքել ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես գրանցված ու ճանաչված Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության կոչ-հրավերին և ստանալ Արևմտյան Հայաստանի քաղաքացիություն: Մինչև «Թուրքիա» կոչված պետության վերջնական փլուզումը նրանք կարող են պահպանել երկքաղաքացիություն, ինչպես նաև չընկնել ավելորդ քաշքշուկների մեջ՝ կապված հայ քրիստոնեական եկեղեցու նոր ազգապառակտիչ ու հանցավոր դիրքորոշումների հետ: Որքան ինձ հայտնի է, կառավարության գործող գրասենյակները քաղաքացիություն շնորհելու ընթացքում որևէ դավանանքի հարց չեն բարձրացնում և չեն դիմում որևէ կրոնական խտրականության:
Որևէ իսլամացված հայի քրիստոնյա մկրտելու մերժումն անջնջելի նոր խարան կդառնա հայ քրիստոնեական եկեղեցու ճակատին և կդիտվի որպես վճռորոշ ժամանակահատվածում հայ ազգը պառակտելու դավաճանական փորձ՝ անկախ եկեղեցական այրերի առաջ քաշած ցանկացած պատճառաբանությունից ու հանգամանքից:
Հայ ազգն այսօր չունի նման եկեղեցու կարիքը՝ ո՛չ իր «անարատությունն» ամեն գնով պաշտպանած, ո՛չ էլ պղծված ու օլիգարխիային սերտաճած վիճակով...

четверг, 13 августа 2015 г.

ԷԼ Ի՞ՆՉ ԳԱՂՏՆԻՔ, ՀԱՆԵԼՈՒԿ...

Հայերն էլի գաղթում են
Սփռվում ցաքուցրիվ,
Բելը Հայկին հաղթում է՝
Անարյուն ու անկռիվ:

Նահապետն էլ հետ չի գա
Թիկնազորով ու զարմով,
Ու հայ ազգի վերջն է դա՝
Գենով, սերմով ու սաղմով:

Ձեր մեղքով է սա լինում,
Այն ձեզնից մի՛ օտարեք.
Էլ ի՞նչ գաղտնիք, հանելուկ...
Արտագաղթել դադարե՛ք:

Հեռացողը թող հետ գա,
Ի՞նչ կա օտար ափերում.
Ձեր հետ գալով աներկբա
Մեզ Հաղթանակ եք բերում:

Խաչիկ-Ապեր
13.08.2015 թ.