среда, 18 ноября 2015 г.

«ՔԱՆԱԿԻ ԱՆՑՈՒՄԸ ՈՐԱԿԻ» ՀԱՄԱՊԻՏԱՆԻ ՕՐԵՆՔԸ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՆՐԱՔՎԵՆ

«Քանակի անցումը որակի» օրենքը գործում է ոչ միայն անկենդան բնության մեջ, այլ նաև մարդկային ու հասարակական հարաբերություններում: Այն համապիտանի օրենք է:
Եթե դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ձայների հաշվարկի ժամանակ պարզվի, որ քաղաքական պահանջներ կամ իշխանափոխության պահանջ պարունակող անվավեր քվեաթերթիկների քանակը չի գերազանցում մի քանի հարյուրը կամ հազարը, ապա հանձնաժողովների անդամները, վստահված անձինք և դիտորդները միասնաբար դա կընկալեն որպես «էկզոտիկա»՝ դրանց հեղինակներին համարելով մեր ժողովրդի «խենթ ու խելառ» հատվածը, և առանձնապես ուշադրություն չեն դարձնի գրառված պահանջների վրա:
Իսկ եթե նմանատիպ անվավեր քվեաթերթիկների քանակը հանկարծ գերազանցի, օրինակ՝ 250 000-ը, ապա կգործի «քանակի անցումը որակի» համապիտանի օրենքը, և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ինքնաբերաբար կվերածվի ՊԱՀԱՆՋԱՅԻՆ հանրաքվեի: Այդ դեպքում ոչ ոք չի հանդգնի ասել, որ հայ ժողովրդի կազմում 250 000 «խենթ ու խելառ» ՀՀ քաղաքացի կա:
Սակայն պետք է նկատի ունենալ, որ ժողովրդի հավաքական կամքն արտահայտող 250 000 անվավեր քվեաթերթիկները դեռ բավարար չեն, որպեսզի ժողովուրդը հաղթի, և ցանկալի իշխանափոխություն տեղի ունենա: Համարյա բոլորին է հայտնի, որ գործող նախագահն ու ՀՀԿ -ն ընտրակեղծիքների որոշակի ռեսուրսների են տիրապետում և արդեն իսկ սկսել են սովորույթի ուժով դրանք «գործի մեջ դնել»: Ուստի անհրաժեշտ է ու բավարար, որ նմանատիպ պահանջներ պարունակող անվավեր քվեաթերթիկների քանակը գերազանցի 600 000-ը: Դա միանգամայն հնարավոր է, եթե ժողովրդի անկուսակցական մեծամասնությունը կարողանա ազատվել «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզող կուսակցականների հիպնոսի ազդեցությունից և դեկտեմբերի 6-ին ցուցաբերի աննախադեպ ակտիվություն ու հանրաքվեով արտահայտված ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ:
Չգիտեմ, թե դուք ինչ եք մտածում և ինչպես եք տրամադրված, բայց եթե նույնիսկ Հայաստանում ընդամենը տասը այդպիսի "խենթ ու խելառ" կա, ապա ես գերադասում եմ լինել նրանցից մեկը։ Խաբված ստրուկի կարգավիճակով ապրելն ինձ համար չէ։
"Երբ չի լինում էլ դեղ ու ճար, խենթերն են գտնում հնար․․․"
Մեր նշանաբանն է՝ "600 000 ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ"
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ

пятница, 13 ноября 2015 г.

ԱՐՏԱՌՈՑ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ

Իշխանական խավը, հանրաքվեից իր հետագա գոյության համար լուրջ վտանգ կանխազգալով, խուճապահար որոշել է համատեղել «այո»-ի և «ոչ»-ի շրջագայական քարոզչությունը՝ այն վերածելով «կենսախինդ շոու»-ի: Բայց դա ավելի շուտ կնմանվի «ժանտախտի ժամի խնջույքի» և բնականաբար կարժանանա ժողովրդի արդարացի զայրույթին ու ծաղրուծանակին: Մարդիկ նրանց ամենուրեք մոտավորապես այսպես կպատասխանեն. «Ձեր այո-ն ու ոչ-ը թող ձեր գլխին կպչեն, ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ բան: Մենք մեր քվեաթերթիկների վրա մեր արդար պահանջներն ենք գրելու և անվավեր ենք դարձնելու դրանք»:
Այսպիսով, հանրաքվեի ընթացիկ քարոզարշավում արտառոց իրավիճակ է ստեղծված՝ «այո»-ն ու «ոչ»-ը սկսում են միասնաբար պայքարել «անվավեր»-ի դեմ: Կամաց-կամաց պղտոր ջրերը զուլալվում են, և ժողովրդի համար միանգամայն հստակ է դառնում, որ ինչպես «այո»-ն, այնպես էլ «ոչ»-ը միայն կերկարաձգեն բոլորի համար ատելի դարձած իշխանական հանցախմբի ազգակործան ու քայքայիչ գործունեությունը, իսկ քաղաքական պահանջներ պարունակող «անվավեր» քվեաթերթիկները, եթե դրանք գերակշիռ մեծամասնություն կազմեն, սահմանադրական հանրաքվեն կվերածեն ՊԱՀԱՆՋԱՅԻՆ հանրաքվեի և վերջ կտան այդ հակաժողովրդական ու ապազգային գործունեությանը:
Ժողովրդավարական կառավարման համակարգի պայմաններում, թեև հանրաքվեն հազվադեպ ու դժվարամատչելի երևույթ է, բայց այն ժողովրդի ամենազորեղ զենքն ու կռվանն է և պետք է օգտագործվի ըստ ամենահրատապ պահանջի: Ժողովուրդն է հանրաքվեի իրական տերը, և նա միանգամայն իրավասու է ինչպես մերժել իշխանության առաջ քաշած հարցադրումը, այնպես էլ շտկումներ մտցնել դրա մեջ կամ հավաքական գերակշիռ կամարտահայտության արդյունքով բոլորովին այլ հարցադրում ձևավորել:
Ամենայն հավանականությամբ դեկտեմբերի 6-ին հենց այդպիսի մի հանրաքվեի ենք վկա դառնալու: Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունն անշեղորեն մոտենում է իր անփառունակ վախճանին, և հիմա նրա միակ «փրկիչն ու պահապան հրեշտակը» Պարույր Հայրիկյանը կարող է լինել: Վերջինս արդեն ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ Սահմանադրական դատարանից պահանջելով կասեցնել դեկտեմբերի 6-ի հանրաքվեն: Պատրվակը կրկին նրա ինքնասիրահարվածության թերագնահատումն է Սերժ Սարգսյանի ձևավորած սահմանադրական հանձնաժողովի կողմից:
Եթե հանրաքվեն կասեցվի, ապա Սերժի սահմանադրությունը չի անցնի: Իսկ եթե չկասեցվի՝ ապա Սերժը չի անցնի: Երկու դեպքում էլ հաղթող կողմը ժողովուրդն է լինելու:
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նշանաբանն է՝ «600 000 ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ»
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ

четверг, 12 ноября 2015 г.

ՄԱՐԴԱՎԱՐԻ ԲԱՑԱՏՐԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Եթե անշահախնդիր ու հայրենասեր բոլոր քաղաքական գործիչները մարդավարի բացատրեն ժողովրդին, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ոչ թե սահմանադրական, այլ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ հանրաքվե է լինելու, և որ ամեն մի չափահաս ՀՀ քաղաքացի այդ օրը կարող է գնալ և իր սրտի ուզած արդարացի պահանջը գրել իր քվեաթերթիկի վրա, ապա ժողովրդի գերակշիռ մասը մեծագույն հաճույքով կմասնակցեն հանրաքվեին և այդպես էլ կվարվեն՝ ընտրակեղծիքների որևէ լուրջ սողանցք չթողնելով իշխանամետ ուժերի համար:
Մի՞թե չեք տեսնում, որ ժողովուրդը ոչ թե սահմանադրական շինծու փոփոխություններ է ուզում (որը կոնկրետ այս դեպքում ոչ այլ ինչ է, քան Սերժ Սարգսյանի հերթական «ձիու քայլը»), այլ ուզում է արդարացի պահանջներ ներկայացնել ամեն մի թույլատրելի չափ ու սահմանը վաղուց հատած, անբարո իշխանությանը: Ժողովուրդն ակնհայտ պահանջներ է ներկայացնում նաև ընդդիմադիր ուժերին, որ նրանք վերջապես միասնական մարտավարությամբ զորավիգ լինեն իրեն, այլ ոչ թե պառակտեն: Ուրեմն, հարգելինե՛րս, բարի եղեք հարգել ժողովրդի պահանջը և նրան զինել իր ամենազորեղ զենքով՝ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ հանրաքվեով, քանի որ առիթ-անառիթ փողոց դուրս գալով դուք միայն կփոշիացնեք նրա հավաքական կամքը և ի վերջո կմատնեք հուսահատ պարտության:
Մեր ՀԱՂԹԱՆԱԿԻ նշանաբանը պետք է լինի՝ «600 000 ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ»
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ