суббота, 26 декабря 2015 г.

ՀԻԼԱՐԻՈՆ ՍՄԵՐԴԻՍ - Նամակ Սուրբ Հովհաննեսի վանքից

Նամակ Սուրբ Հովհաննեսի վանքից
ապրիլ, 1881 թ.
…Մեր զրադաշտական եղբայրները հրճվանքով կլսեն ժողովրդական հիշողության գրքից քաղված և առասպելի վերածված իրենց պատմության մի էջի մասին: Այդ գիրքը, որը լեցուն է զառամ անցյալ ունեցող իրենց նախահայրերի վեհությամբ, երբ նրանք ոչ միայն հպարտ ու անկախ ազգ էին, այլ նաև կապված էին միասնական դավանանքով, միասնական պետությամբ ու միասնական քաղաքակրթությամբ՝ սրընթացորեն անէության գիրկն է նետվում: Այդ գրքի ճակատագիրը հիշեցնում է նախաքրիստոնեական դարերի այն արժեքավոր ձեռագրերի բախտը, որոնք երբեմն ցաք ու ցրիվ ի հայտ են գալիս հինավուրց վանքերի գրադարաններում: Սկզբում դրանց լայն լուսանցքներն օտագործվել են քահանայական թեզեր գրառելու համար, հետո նաև բովանդակությունն է ջնջվել վայրագ ձեռքով, որ իբր տեղ ազատվի ինչ որ արիանոսական աղանդի շուրջ տարվող վիճաբանական քննարկումների համար…
Որքան էլ տարօրինակ է, նույնիսկ այն ոչ շատ ավանդապատումները, որոնք հասել են մինչև մեր օրերը, իրենց ապաստանը չեն գտել բեհդինների՝ Կերմանի (հարավ-արևելյան ոստան Իրանի տարածքում – ծ.թ.) ծայրագավառում ցրված և իրենց հինավուրց հավատին կառչած այն մի բուռ «ճշմարիտ հավատի հետևորդների» («բեհդին» տերմինի ստուգաբանությունն է՝ vahvī-daēnā, որը հավանաբար բարեպաշտ իմաստն ունի – ծ.թ.) միջավայրում, այլ, ընդհակառակը՝ կենտրոնացվել են Մեծ Հայքի կամ Մեծ Հայաստանի լեռնաշղթայի և Վանա լճի շուրջ՝ կիսաքրիստոնեական հայկական բնակչության միջավայրում: Որպեսզի դրանք ամբողջական ու անվնաս կերպով ազատագրվեն մուսուլմանական, քրիստոնեական ու հեթանոսական խառնիճաղանճ կծիկից, ավելի փորձառու ձեռքի կարիք է զգացվում, քան թե «Կապույտ մորուս» հեքիաթի կախարդված արքայադուստրն ունի: Մեծագույն բարեբախտություն է, որ հիմնական գրառումների որոշակի մասը հաջողվեց փրկել, և ներկայումս դրանք պահպանվում են գլաններից կազմված մի ողջ գրադարանի տեսքով: Մի գեղեցիկ օր դրանք ի վիճակի կլինեն հիմնովին խարխլելու բոլոր այդ Անկետիլ-Դյուպերոնների*, Շպիգելների** ու Հաուգների*** վայրի տեսություններն ու մեկնաբանությունները: Voxpopuli, voxdei…
Հրաշապատումային ամեն ինչը եռանդագին իր մեջ ներքաշող ժողովրդական խոսքն ու զրույցն իմաստալից ֆանտազիաների սարդոստայն են հյուսել իրական փաստի կենտրոնական միջուկի շուրջ. այն բարբառում է, որ վեհանձնագույն մեկը, որը համառորեն նույնացվում է Մաժանի՝ իր նախահայրերին վաղուց միացած, վերջին տասնվեց դարերի մեծագույն Քուրմ-մոգի հետ, ամեն օր մայրամուտից առաջ քրոնիկների գիրքը թևի տակ դրած՝ հայտնվում է Ալադաղի լեռնագագաթներից մեկի կատարին գտնվող անմատչելի քարանձավի մուտքի մոտ…
Բացի «գեբրերից»՝ Կերմանի բեհդիններից, միլիոնավոր հինավուրց կրակապաշտներ ներկայումս վերածվել են մուսուլմանների և քրիստոնյաների: Շատ են այն ժողովրդական ավանդապատումները, որոնք վկայում են բռնի քրիստոնեացման ու մահմեդականացման ընթացքում հեղված արյան մասին: Հայամարդու [1] ժամանակներից հետո ընկած երկու դարագլուխների ընթացքում Գրառող Հրեշտակի հեղած արցունքները հազի՜վ թե կարողանան լվանալ Գրքում նրա կողմից գրի առնված զազրելի ու դաժան այն բոլոր չարագործությունները, որոնք քրիստոնյաներն ու մուսուլմանները թույլ են տվել Զրադաշտի հետևորդների հանդեպ: Դարերի ընթացքում կերտված Հրո տաճարները նորահայտ «սրբերի»՝ «ազնվահամբավ» մարդկանց (որոնց մասին եկեղեցական ասքեր են հյուսված, այսպես կոչված, Եկեղեցական Պատմության մեջ), մոլեռանդության հետևանքով միայն բազմաթիվ ավերակներ են մնացել, որոնցից յուրաքանչյուրը կարող է վկայել իր սեփական ողբալի պատմությունը:
Ես հենց նոր այցի եմ եկել այդպիսի մի պատմական հուշարձանի, որը վեր է խոյացվել հեռավոր անցյալում՝ ավելի հեռավոր, քան պատրաստ են դա ընկալել ժամանակակից եվրոպացիները: Ես այս նամակը գրում եմ կրակապաշտական զոհասեղանի վրա, որը կառուցվել է սրանից 4000 տարի առաջ, ինչ որ հրաշքով փրկվել ավերումից և հիմա վերածվել շատ հարմար գրասեղանի:
Երրորդ օրվա լուսաբացին լքելով Դիադինը (գյուղաքաղաք Վանա լճի հյուսիսային կողմերում. հայերեն անունը՝ Տատեոն – ծ.թ.)՝ սառույցների ու ձյուների միջով ես ճամփա ընկա դեպի Ալադաղի ստորոտը և 36 ժամ անց մոտեցա հենց այն նույն քարանձավին…
Աշխարհագրության լեզվով ասած՝ Ալադաղը մի ողջ լեռնաշղթայի ժամանակակից անվանումն է, որն ընկած է Բայազետից ու Դիդցինից հարավ. Նպատը, Շուշիկ-Դաղը, Չիր-Գերուկը և Կումբեկ-Դաղն առանձին լեռնագագաթներ են (Եփրատի ակունքի շրջակայքում՝ Ծաղկանց լեռներ – ծ.թ.), թեև միասնաբար անվանվում են Ալադաղ՝ «Աստծո սար»: Այս լեռնագագաթները համեմատելի չեն Հիմալայների հետ, քանի որ ամենաբարձր գագաթը, ծովի մակարդակից հաշված՝ կազմում է ընդամենը 11600 ֆուտ: Բայց սրանք հետաքրքիր են իրենց առասպելներով: Դեռ վաղ ու անօգուտ է ասելն այն, ինչը կարող է գաղտնիք բացահայտել:
Ձեր հնէաբանների ու էթնաբանների ոտն ու ձեռը դեռևս կապկպված են բիբլիական ջրիմուռներով, որոնք դեռ էլի մեկ հարյուրամյակից ոչ պակաս կխանգարեն Իրական Գիտելիքի ծառին, որպեսզի այն արմատներ ձգի արևմտյան հողում… Այնուհանդերձ ես ձեզ կարող եմ պատմել ժողովրդական ավանդապատումից, որը հիմնված է իրական փաստի վրա:
Իմանալով լեռնաժայռերն ուսումնասիրելու իմ մտադրության մասին՝ Դիադինից եկած ոմն հայ պատրիարք, ջանալով կյանքի մայրամուտին հնարավորինս լավ օգտագործել քրդերի հալածանքից անվնաս մնացած իր միակ օրգանը՝ լեզուն, այս առիթով չափից դուրս սանձազերծեց այն: Ի՜նչ ջանք ասես, որ նա չթափեց ինձ ահաբեկելու համար: Ոչ մի մահկանացու, ասում էր նա, չի կարող հասնել այդ վայրին և կենդանի մնալ: Այն բանից զատ, որ բոլոր անձավները «Մաժանի» անձնական սեփականությունն են, ամեն տեղից, ուր կարող է ոտք դնել որևէ ճանապարհորդ, սրբազան հուր է ժայթքում և մոխրացնում նրան՝ ի հատուցումն սրբապիղծ ոտնձգության. բացի այդ, ամենաբարձր քարանձավում պահվում է Նոյան տապանը:
«Իսկ Արարատի գագաթի տապանի մասի՞ն ինչ կասեք»,- հետաքրքրվեցի ես: Եվ անմիջապես էլ բախտ վիճակվեց գնահատելու նորագույն երկրաբանական հայտնագործության ողջ կարևորությունը. հինավուրց ժամանակներում Արարատը Ալադաղի մասն էր կազմում, բայց պարսիկների ձեռքն ընկելով՝ հապճեպ բաժանվել է նրանից և հանգրվանել քրիստոնեական տարածքում, փախուստից առաջ «սրբազան» տապանի հուսալի պահպանության գործը Ալադաղին հանձնելով: Եվ ցայսօր «Մաժանը» հրաժարվում է հետ հանձնել այն [2]: Մի այլ ավանդույթ, որն առկա է բեհդիների միջավայրում և Յազդի օազիսում (հինավուրց բնակավայր Սպահանից 250 կմ դեպի արևելք – ծ.թ.), պատմում է ձեռնադրյալ մոգերի մասին, որոնք նախապատմական ժամանակներում, իրենց գիտելիքների ու իմաստության շնորհիվ վերածվել են «աստվածների»: Նրանք ապրել են հայոց լեռներում և եղել են աստղաբաշխներ: Աստղային աստվածություններից տեղեկանալով, որ շուտով աշխարհը ջրասույզ է լինելու, նրանք այն լեռանը, որի վրա ապրել են, ստիպել են հուր ու լավա ժայթքել, որպեսզի խեժով ծածկվի լեռան ողջ մակերևույթը և հուսալիորեն ջրից պաշտպանի մեծ քարանձավի մուտքը: Այնուհետև նրանք լեռան ներսն են առել բոլոր բարեպաշտներին՝ իրենց նախիրներով և ունեցվածքով հանդերձ, իսկ անհավատներին թողել են, որ կորստյան մատնվեն: Կարելի է գտնել նաև սրա ավելի պարզունակ տարբերակը, որն ավելի մոտ կլիներ պատմական փաստերին: Սակայն այս մասին՝ առայժմ ոչ մի խոսք:
Ձեզ իհարկե հայտնի է, որ հայերը, որոնք դավանանքի առումով ընդհուպ մինչև քրիստոնեական դարաշրջանի չորրորդ և նույնիսկ յոթերորդ դարը փարսեր**** էին, իրենց կոչում են հայք կամ Հայկի հետնորդներ, որը եղել է բաբելոնյան արքա Բիլի (Բելի [3]) ժամանակակիցը:
Մահից հետո նրան աստվածացնելով՝ հայերը պաշտել են նրան որպես արևային և լուսնային աստված: Ըստ պաշտոնապես ընդունված թվարկության՝ Հայկն իր ծաղկունքն է ապրել Ք.ծ. 2200 տարի առաջ, իսկ համաձայն ճշմարտության՝ դա եղել է 7000 տարի առաջ: Նրանց առասպելը պատմում է, որ Հայկն իր տոհմով ստիպված է եղել գաղթել Բաբելոնից Հայաստան՝ Բելի կրոնական հալածանքների պատճառով, որը ջանում էր փարսական հավատը վերածել սաբեականի՝ Լուսնի պաշտամունք ներմուծելով Արևի պաշտամունքի մեջ: 26 դար անց (ըստ պաշտոնական թվագրության), երբ Տրդատ արքան՝ [հայոց փարս*****] Արշակունիներից վերջինը, սկսեց բռնի կերպով նրանց քրիստոնյա դարձնել (չորրորդ դար), և նոր հավատն այստեղ տարածեց «Լինելիության» տիեզերածնական իր տարբերակը, Հայկը պատիվ ունեցավ վերածվելու Նոյի որդու՝ Հաբեթի հետնորդի: Բայց ո՞վ է Նոյը. բարեհամբավ մի նահապետ, որն օժտված է բոլոր առաքինություններով, բացի մեկից՝ երբևէ ծնված լինելու բախտից: Բայց նույնիսկ մոռացվող ավանդապատումներն են վկայում այն մասին, որ հայերը հավատարիմ են մնացել Զրադաշտի ուսմունքներին: Նրանք հետևել են այդ ուսմունքներին այն ժամանակներից սկսած, երբ Մուզար Օհանը կամ Անեդոտը՝ Երկնի կամ Արևի Առաքյալը (առաջին Օդակոն Անո-Դափոսը՝ մարդ-ձուկը) ամեն արևածագի ծովից հայտնվելով և մայրամուտին էլ ետ սուզվելով՝ ուսուցանել է նրանց շնորհի ուսմունքը՝ ողջ նրանց արվեստն ու մշակույթը: Եղել է դա Ամենոն Հալդեցու օրոք՝ 68 սարի (Խորենացու մոտ՝ «շար» – ծ. թ.) կամ 244800 տարի Ջրհեղեղից առաջ: Դրանից հետո (ինչպես ժամանակագրական գլանների հիման վրա պնդում են ասորագետները) ևս մի քանի Օդակոններ են դուրս ելել ծովից, իսկ վերջինը նրանցից՝ հալդական արքա Ուբարա-Տուտուի («Մայրամուտի հրացոլքի»)՝ Բերոսի (Խորենացու մոտ՝ «Բերոսոս» – ծ. թ.) նախաջրհեղեղյան արքաներից նախավերջինի օրոք [4]: Այդ ջրային ուսուցիչները՝ բոլորն առանց բացառության, դուրս են ելել Պարսկական Ծոցի ջրերից՝ գալով իրենց բնակավայրերից, որոնք անհայտ հողերում են գտնվում [5]:
Եթե ուսումնասիրենք Անեդոտի մասին ասքը, որը մեզ է հասել Ապոլոդորոսի (մ.թ.ա. 2-րդ դարի հույն պատմիչ – ծ.թ.) կողմից, ապա և այն ամրապնդենք Հայաստանի նախաքրիստոնեական առասպելներով, որոնք վկայում են, որ Անեդոտն է իրենց համար բացահայտել հողի սերմերը, ուսուցանել է խոնարհվել մայր-Երկրին և հայր-Արևին և ցույց տվել, թե ինչպես այդ երկուսի օգնությամբ պտուղ աճեցնել, այսինքն՝ իրենց մատուցել է հողագործության արվեստը, ապա հազիվ թե զարմանանք, եթե պարզ դառնա, որ նրանց պատմական հիշողության մեջ հալդական Օհանն ու Զրադաշտը նույնական են: Հալդական Անեդոտն անվանվել է «Որդի Ձկան», իսկ վերջին բառը հենց Զրադաշտի մոր անունն է: Հետաքրքիր է, թե ի՞նչ կասեն այս առթիվ Զենդ-Ավեստայի ձեր հետազոտողները՝ փարսերն ու եվրոպացիները: Հնարավոր է, որ շատ կզարմանան, եթե իմանան, որ հենց Զրադաշտ-Անեդոտի հելլենականացված անվան շնորհիվ է (հույների մոտ այն վերածվել է Հովհաննեսի), որ հայերի քրիստոնեացումն ընթացել է ո՛չ այնքան ցավագին, որքան որ կարող էր լինել իրականում: Եվ ես պատրաստ եմ դա հենց հիմա ապացուցել:
Ալադաղից ուղևորվեցի Դիադինից փոքր-ինչ դեպի արևմուտք և կանգ առա Սուրբ Հովհաննեսի՝ «Հովհաննես Նախավկայի» վանքի մոտ: «Սուրբ Հովհաննեսը» Հայաստանի հինավուրց քրիստոնեական վանքերից է: Այն կառուցվել է նախաջրհեղեղյան Հրո տաճարի տեղում՝ Եփրատի ձախ ափում, վեհափառ Նպատի ստորոտում: Քրիստոնեական դարաշրջանից շատ առաջ այստեղ քաղաք է եղել, որին ոմանք Բագավան են անվանել, ոմանք էլ՝ Դիցավան: Այն նվիրված է եղել Ահուրա-Մազդային կամ Արամազդին: Այդ երկիրը հարուստ է ավանդապատումներով, և նույնիսկ եկեղեցական գրադարաններն են պահպանել նախաքրիստոնեական դարերի բազմաթիվ հուշարձանների բնօրինակներ: Այլ բաների շարքում այստեղ կա մի հաստ ձեռագիր, որի մագաղաթներում գրառված են հայ կրակապաշտների բոլոր տոների ժամանակագրությունը: Հատուկ ճոխությամբ աչքի է ընկել Նոր տարին, որը նրանց մոտ նշվել է օգոստոսին: Զրադաշտական փիլիսոփայությամբ հղկված հայկական քաղաքակրթությունը կարծես թե օգտվել է համարյա բոլոր ժամանակակից հարմարավետություններից: Այդ ժամանակագրություններն (քրիստոնեական դարաշրջանի 4-րդ դար) իրենց մեջ ասք են պարունակում նաև Բարձրագույն քուրմ Մաժանի (որի ուրվականով ամեն օր ինձ փորձում են ահաբեկել ներկայիս տեղաբնիկները) մահվան ու թաղման մասին: Նա Տիգրան 3-րդ արքայի եղբայրն էր: Երբ փոխվել է այս աշխարհից, արքա եղբայրը նրա հիշատակին կառուցել է վեհաշուք հրո տաճար: Դրան կից շինվել են նաև մի քանի հյուրանոցներ, որոնք օթևան ու սնունդ են տվել ամեն ճամփորդի և մխիթարություն ուխտի եկածներին՝ անկախ իրենց ազգությունից (նույնը վկայում է նաև Խորենացին – ծ.թ.): Ավա՜ղ, դրանք իրենց հավատի վերջին արևաշող օրերն էին: 302 թ.-ին Տրդատ արքան, արքունիքի և բանակի աչքի առաջ, հենց այս նույն վայրում Եփրատի ջրերով քրիստոնյա է կնքվել Գրիգոր Լուսավորչի կողմից: Անկասկած է, որ երանելի սուրբն իրեն լուսավորված է համարել փայլուն գաղափարով. այլապես, եթե այդ պայծառացումն այն ժամանակ չլիներ, ապա բազմամիլիոն հայեր ցայսօր կմնային որպես կրակապաշտներ:
Թեև արքան ու արքունիքի մի մասը քրիստոնյա են դարձել, այնուհանդերձ ժողովուրդն ընդդիմացել է դրան և նոր հավատի է բերվել բռնի ուժով: Այդ դիմադրությունը խորտակելու նպատակով Գրիգորը հենց այդ նույն տարում խորհուրդ է տվել արքային, որ հողին հավասարացնի Բագավանի հրո տաճարը և դրա տեղում կառուցի քրիստոնեական եկեղեցի: Այնուհետև դրանում թաղվել են մասունքներ (կողոսկր և երկու մատի ոսկորներ), որոնք իբր պատկանել են սուրբ Հովհաննես Մկրտչին կամ «Նախավկային»:
Մակեդոնիայից մեկուկեսդարյա կախվածության ընթացքում (Ք.ծ.ա. 325թ.-ից սկսած) հայերն իրենց մարդ-ձուկ Անեդոտին արդեն հասցրել էին կնքել Հովհաննես անունով: Ուստի և նրանց հեշտորեն կարողացան հավատացնել, որ «Հոհաննես Մկրտիչը», որը մարդկանց ջուրն էր մտցնում, նույնական է այն Հովհաննեսի կամ Օհանի հետ, որը ջրից դուրս ելնելով խրատում էր իրենց նախնյաց, ապա կրկին վերադառնում էլ ետ դեպի ջուրը: Կարճ ասած՝ անվան ու տարերքի նույնականությունն օգտակար դաշնակիցը դարձան այն պլանի, որը մոգոնել էր դիվանագետ սուրբը: 11-րդ դարի վերջում արդեն ողջ Հայաստանը քրիստոնեացված էր [6]:
Բարոյական խրատը, որը կարելի է հետևեցնել այս պատմությունից, այն է, որ ծերունիները մահանում են, նոր սերունդ է հասակ առնում, սակայն նույն այն մոլեռանդ ու աղանդական ոգին, որն այսօր թև է տալիս միսիոներին ու հոգևորականին, թև է տվել նաև անցյալի միսիոներին ու հոգևորականին, քանզի հոգևորական դասն ամենադիմացկունն է: Հալդական Օհանի առասպելն ու նրա նկատմամբ հավատը ժամանակակից փարսականության միակ տարբերիչ գծերն են հինավուրց հայերի մոտ: Եվ այնուհանդերձ ես չեմ ուզում պնդել, թե նախքան Սասանյանների ժամանակաշրջանը փարսականության մեջ նմանատիպ հավատ չի եղել՝ թեկուզ և առասպելների տեսքով: Այն ժամանակ, երբ Սասանյանների անկման հետ մեկտեղ մարեցին պարսից պետականության վերջին կայծերը, համարյա բոլոր այն գրքերն ու գրվածքները, որոնք Ալեքսանդրը խնայել էր, անհետ կորսվեցին: Ինձ քաջ հայտնի է, որ Սասանյան դինաստիան վերականգնեց մոգերի դավանանքն իր ողջ նախաստեղծ հրաշափառությամբ: Իսկ հինավուրց հալդական մոգերը հավատում էին Օհանին՝ մարդ-ձկանը, պատգամաբերին, որին առաքել է Բելը՝ Արևային Աստվածությունը, որպեսզի խրատի մարդկությանը (ինչպես Բերոսոսն է ասում՝ Բելի տաճարի քուրմը): Զրադաշտին դիտել որպես մոգերի դավանանքի հեղաշրջող՝ նույնն է, թե մոտեցնել նրա ծաղկունքի դարաշրջանը քրիստոնեական դարաշրջանի շեմին. իսկ այդ դեպքում այդքան մեծ տարակարծություն գոյություն չէր ունենա նրա ապրած ժամանակի վերաբերյալ, ինչպիսին հիմա մենք տեսնում ենք հույն պատմիչների մոտ:
Նամակիս վերջում՝ ևս մի քանի խոսք: Բյուզանդական կայսր Հերակլիոսը, 634-639 թթ. վերադառնալով պարսկական արշավանքից և տեսնելով, թե որքան խղճուկ վանքում է թաղված այնպիսի գանձը, ինչպիսին «Նախավկայի» մասունքներն են, հրամայեց քանդել այդ շինությունը և դրա տեղում կառուցել վիթխարի մի եկեղեցի: Դրա արտաքին վեհաշուք ու հոյակերտ համամասնությունները մինչև այսօր էլ հիացնում են անցորդին: Դա Հայաստանի ամենամեծ շինությունն է (Ներկայումս այն հիմնովին ավերված է – ծ.թ.): Սակայն ներսը խավար է ու դատարկ: Պատը, որի վրա դրվատված է բյուզանդական կայսրի գովելի վարքը, խոցոտված է մուսուլմանական փամփուշտներով… Գմբեթը հենված է չորս գրանիտե զանգվածեղ սյուների վրա, որոնցում մի շարք խուցեր են արված, որոնք դասավորված են մի քանի հարկերով: Խցերն իրար հետ կապվում են սյուների շուրջը պտույտ տվող պարույրաձև աստիճաններով և ունեն գաղտնուղիներ, որոնցով վտանգի պահին դրանց կենվորները կարող են հասնել մինչև գմբեթ, իսկ այնտեղից՝ ուղիղ դեպի լեռան սրտում գտնվող բնական քարանձավները: Ոչ վաղ անցյալի քրդական ներխուժումների հետևանքով անհետացել են եկեղեցական սպասքի վերջին մնացորդներն ու զոհասեղանը, և նույնիսկ սուրբ կողոսկրն ու երկու մատը չեն կարողացել պաշտպան կանգնել այս վայրին: Եվ միայն հինավուրց ձեռագրերից ու գրքերից կազմված գրադարանն է, որ որպես անպետքություն ցաք ու ցրիվ փռված է խցերի բոլոր անկյուններում և իր կողմը չի գրավում ոչ մի քրդի: 1877 թ.-ին այստեղ եղած երեք վանականներից միայն մեկն է մնացել, որից էլ դաշույնի ու մի քանի աբասի [7] դիմաց ստացա մի քանի արժեքավոր ձեռագրեր…
Հ. Ս.
Ծանոթագրություններ՝ թարգմանչի կողմից
*Անկետիլ Դյուպերոն – 18-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ և ազգագրագետ: 1771 թ.-ին ֆրանսերենի է վերածել և հրատարակել Զենդ-ավեստայի որոշ ձեռագրեր:
**Շպիգել – 19-րդ դարի գերմանացի գիտնական: Հայտնի է որպես Զենդ-ավեստայի մի հատվածի՝ Վիդվեդատի, թարգմանիչ գերմաներեն լեզվի (1877 թ.):
***Մարտին Հաուգ – արևելագետ (օրիենտալիստ). հայտնի է որպես «Նոթեր ֆարսերի մասին» գրքի հեղինակ:
****Նամակում «փարս» տերմինը գործածված է «զրադաշտական» իմաստով, որի համար հիմք է հանդիսացել Հնդկաստանի հյուսիսային շրջաններում բնակվող փարսերի զրադաշտական կրոնին ցայսօր հավատարիմ մնալու հանգամանքը: Վերջիններս մեր տարածաշրջանից Հնդկաստան են գաղթել Ալեքսանդր Մակեդոնացու, հետագայում նաև արաբական արշավանքների ընթացքում և դրանց հետևանքով:
****Բառը կամ բառերը հավանաբար կորսվել են սույն «Նամակ…»-ը Ե.Պ.Բ.-ի «Մահ և անմահություն» ժողովածուի մեջ զետեղվելու կամ գրքի հետագա հրատարակումների ընթացքում: Ռուսերենից թարգմանելու համար օգտվել եմ «Նամակ…»-ի գրքային ռուսերեն տարբերակից՝ ի վիճակի չլինելով գտնել դրա առաջին անգամ հրապարակված ամսագրային տարբերակը:
թարգմանիչ՝ Խ. Մանասելյան

среда, 23 декабря 2015 г.

ՎԵՀԱՊԵՏ ԷԼ ՄՈՐԻԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ

Հատկապես հիմա է սկսվում Երկիր մոլորակի կենսահոսքերի բարօրության համար գործելու ձեր ժամանակը

Վեհապետ Մորիա
23 դեկտեմբերի, 2015 թ.

ԵՍ ԵՄ Վեհապետ Մորիան...
Այս պահին, այս օրով Ես ահա ձեզ այցի եմ եկել, ո՜վ, իմ սիրելի սանե՛ր:
Ես շատ լավ եմ հասկանում, թե որքան են խտացել ամպերը, և որքա՜ն է դժվարացել Մեզ հակադիր ուժերի ճնշմանը դիմակայելը:
Թվում է, թե ոչ մի ուրախալի և դրական բան չկա:
Սակայն Ես եկել եմ ձեզ հավաստիացնելու, որ, ընդհակառակը, կա՛ ուրախանալու և տոնական առիթ...
Մենք ձեզ հետ երկար զրույց ունեցանք և տվեցինք Մեր Ուսմունքը:
Եվ ահա վերջապես այն քչերիդ համար, որ ամբողջապես յուրացրիք Մեր Ուսմունքը, վրա հասավ այն ժամանակահատվածը, որին ձեզ նախապատրաստում էինք ո՛չ միայն այս երկար ու ձիգ 10 տարիների ընթացքում, երբ ձեզ ուսուցանում էինք Մեր դեսպանորդի միջոցով: Իհարկե, ոչ: Դուք ձեր այս աշխատանքին նախապատրաստվում էիք շատ ու շատ մարմնավորումների ընթացքում:
Մեկ անգամ չէ, որ Մենք ասել ենք, որ ներկայումս մարմնավորման մեջ են Մեր լավագույն աշակերտները: Դա պայմանավորված է ներկա ժամանակների խստությամբ և Լույսի ու խավարի միջև ընթացող ճակատամարտի շիկացումով:
Ահա և ձեզ համար վրա հասավ վճռական փուլը...
Այն ամենը, ինչ մինչև հիմա անում էինք, սոսկ դրա նախապատրաստությունն էր:
Երկու ուժերը համամոլորակային գոտեմարտի են բռնվել մարդկության ապագայի համար՝ ուժեր, որոնք փորձում են պահպանել պատրանքը և ուժեր, որոնք ցանկանում են մարդկությանը վերադարձնել Տուն՝ Աստծո մոտ:
Երբ ուժերը լարված են, և յուրաքանչյուր կողմը գործի է դնում իր ողջ ներուժը, վրա է հասնում քաոսի ժամանակաշրջանը. ամեն ինչ խառնվում է իրար և համարյա հնարավոր չի լինում զանազանել, թե ով ում կողմից է հանդես գալիս:
Եվ հենց այդ քաոսի ժամանակ է, որ գալիս է ձեր գործելու հերթը:
Հակադիր ուժերն օգտագործում են ազդեցության կոպիտ լծակներ՝ կոպիտ ֆիզիկական ուժ, կպչուն կերպեր ու կարծրատիպեր:
Սակայն նրանցից առավել խորամանկներն ու ճարպիկները հասկանում են, որ որքան շատ գործի դրվեն կոպիտ ուժեր, այնքան կմեծանա հավանականությունը, որ հենց իրենք փլուզվեն այդ ուժերի ազդեցությամբ: Ուստի և նրանք օգտագործում են զանգվածային գիտակցության ու ենթագիտակցության վրա ազդելու ավելի նուրբ հնարքներ՝ տարածելով վախի, ագրեսիայի, ատելության ու հակակրանքի վիճակներ:
Սակայն, սիրելինե՛րս, բոլոր այդ վիճակները Նոր աշխարհում չեն կարող շարունակություն ունենալ:
Աշխարհը Նոր ժամանակների շեմին է գտնվում: Եվ այդ Նորի գալուստը նույնքան անխուսափելի է, որքան արևածագը գիշերվանից հետո՝ անկախ խավարի թանձրությունից:
Ահա հենց այդ ժամանակ է, որ մեր նվիրյալ սաներից յուրաքանչյուրն անփոխարինելի է դառնում: Քանզի քաոսի ժամանակահատվածում ամենամեծ ազդեցությունն ունենում են թույլ ազդակները:
Ես կբերեմ բժշկի օրինակը, որի բուժման մեթոդն ասեղնաբուժությունն է:
Պատկերացրեք, որ նրա այցելուն լուրջ հիվանդությամբ է տառապում: Եթե բժիշկը բարձրակարգ է, ապա բարակ ասեղի մի թույլ ազդակը բավարար է լինում, որ հիվանդի վիճակն արդեն լավանա: Իսկ մի քանի այդպիսի ազդակներն ունակ են լրիվ բուժելու հիվանդին:
Մեր նվիրյալ աշակերտները տիրապետում են հմտությունների, որոնց միջոցով իրենց ներսում պահպանում են էներգիաների համակշռություն՝ ինչպիսի արտաքին քաոսում էլ որ գտնվելիս լինեն:
Այդպիսով նրանք վերածվում են Մեր այն նրբագույն էներգիաները ձեր աշխարհ փոխանցող հաղորդիչների, որոնք ունակ են փոխելու աշխարհի իրադրությունը:
Մեր աշակերտներից կան բոլոր երկրներում: Հենց նրանց միջոցով էլ Մենք կարող ենք ազդել աշխարհի իրադրության վրա:
Մենք ուրախ ենք, որ հասավ այն ժամանակը, երբ Մենք կարող ենք օգտագործել Մեր պահուստային ուժը: Հենց հիմա է այն ժամանակը, երբ սոսկ քչերի ներքին զորության օգտագործումով կարելի է համամոլորակային մակարդակով փոխել աշխարհում հաստատված իրավիճակը:
Դե ինչ, ձեզ հաջողություն եմ մաղթում:
Միշտ հիշեք, որ արտաքինը որոշվում է ներքինով: Ուստի եթե բավականաչափ քանակությամբ անհատականություններ ցանկացած արտաքին քաոսի պայմաններում կարողանան պահպանել ներքին հանդարտությունն ու ներդաշնակությունը, բերկրանքն ու սերը, ապա աշխարհին տիրած իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել հաշված տարիների ընթացքում:
Նաև երբեք չպետք է մոռանալ, որ այդ քաոսի վիճակից իրավիճակը նույնպիսի արագությամբ կարող է և դեպի վատը գնալ:
Ուստի չի՛ կարելի թուլանալ...
Պահանջվում է լիակատար մարտական պատրաստվածություն...
Լիակատար կենտրոնացում դեպի Բարձրագույնը...
Արտաքինը որոշվում է ներքինով...
Հատկապես հիմա է սկսվում Երկիր մոլորակի կենսահոսքերի բարօրության համար գործելու ձեր ժամանակը...
Պահպանե՛լ ներքին հավասարակշռությունը նույնիսկ այնժամ, երբ ամբողջ աշխարհն աչքի առաջ կփլվի...
Աստվածային Ուղին ընտրած ոչ մի հոգի չի կարող կորչել...
Հենց որ ձեր ընտրությունն Աստծո կողմն է լինում, բոլոր Երկնային Զորախմբերը ցանկացած արտաքին հանգամանքների պայմաններում պաշտպան են կանգնում ձեր հոգուն:
Ուստի ձեր կյանքի ամեն մի ակնթարթին հիշե՛ք Աստծո մասին և ձեր ամբողջ կյանքն անմնացորդ նվիրեք Աստծուն ու Նրա Օրենքի հաստատմանը:

ԵՍ ԵՄ Մորիան...

Տատյանա Միկուշինա, 2015 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը


вторник, 22 декабря 2015 г.

ԱԹԵՆԱՍ ՊԱԼԼԱՍԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ

Ուսմունք արդարացի և անարդարացի պատերազմների մասին

Աթենաս Պալլաս
22 դեկտեմբերի, 2015 թ.

ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը:
Այսօր Ես կրկին ձեզ այցի եմ եկել:
Հավանաբար դուք չեք մոռացել ինձ և հիշում եք, որ Ես Կարմայական Վարչության անդամ եմ:
Ինձ նաև գիտեն որպես Ճշմարտության Աստվածուհի:
Վաղ անցյալում հատուկ իմ պատվին կառուցված տաճարներում մարդիկ պաշտում էին Ինձ:
Դա հինավուրց ժամանակներում էր, իմ սիրելի Հելլադայում:
Իսկ հիմա Ես կամենում եմ ձեզ հիշեցնել, որ Ես նաև արդարացի պատերազմների հովանավորն եմ:
Ձեր աշխարհում ամեն ինչ երկդիմի բնույթ ունի: Ուստի, որքան էլ ձեզ համար տարօրինակ թվա Ինձնից սա լսելը՝ անարդարացի պատերազմներից զատ կան նաև պատերազմներ, որոնք արդարացի բնույթ ունեն:
Հետևաբար, նախքան այս կամ այն պատերազմին մասնակցելը՝ հարկավոր է շատ լավ կշռադատել այն շարժառիթները, որոնցով առաջնորդվում եք դուք և այն մարդիկ, ովքեր իշխանության կրող են և որոշում են ընդունում պատերազմ սկսելու մասին:
Նախ և առաջ դուք պետք է հասկանաք՝ այդ պատերազմով շահադիտական նպատակնե՞ր եք հետապնդում, թե՞ պաշտպանում եք ձեր հողը, ձեր տունն ու ընտանիքն արտաքին թշնամուց, որը ձեզ սպառնում է և հարվածներ հասցնում ձեր հայրենիքին:
Շարժառիթը կարևոր է պատերազմի մասնակցող ամեն մի առանձին ռազմիկի համար: Եթե կռվին մասնակցելու գնացող մարդու շարժառիթը շահադիտական է, ապա պատերազմին մասնակցելը նրա համար հավասարազոր է ոչ ճիշտ գործողության կարմայի կուտակման:
Շահադիտական շարժառիթ կարող են ծառայել փողը, իշխանությունը, կոչումը կամ պաշտոնը, ինչպես նաև ռազմավարը:
Կարմայի օրենքը համայն Տիեզերքի բարդագույն օրենքներից մեկն է: Այդ պատճառով եկեք պարզենք, թե անարդարացի պատերազմին մասնակցելն ինչպես է անդրադառնում մասնակից երկրի և դրա մարդկանց վրա:
Իհարկե, ցանկացած պատերազմի ընթացքում բռնություն է կիրառվում և մարդիկ են զոհվում: Ուստի կարևոր է հասկանալ, թե ինչ կարմա է ձեռք բերում անարդարացի պատերազմ վարող երկիրը:
Անարդարացի պատերազմի ամեն մի մասնակից կարմայի իր բաժինն է բերում: Բայց ամեն մի այդպիսի պատերազմի մասնակից նաև մայր ու հարազատներ ունի: Նրա ամբողջ ընտանիքը և նույնիսկ հեռավոր հարազատներն իրենց վրա են վերցնում անարդարացի պաերազմին մասնակցողի կատարած սպանությունների ու ավերածությունների կարման: Արդյունքում թուլանում է նրա ընտանիքն ու ամբողջ տոհմը, ինչը կարող է տոհմի ֆիզիկական ու մտավոր այլասերման պատճառ դառնալ:
Այդպիսով, անարդարացի պատերազմի կարման ազդում է նույնիսկ այն մարդկանց վրա, ովքեր հեռու են զինված հակամարտությանն անմիջականորեն մասնակցելուց:
Բացի այդ, կա նաև անարդարացի պատերազմին մասնակցող ամբողջ երկրի կարման: Այն ընկնում է տվյալ երկրի ամբողջ բնակչության ուսերին և բախշվում հասարակության բոլոր անդամների միջև: Ոպես կանոն, դա հանգեցնում է տվյալ երկրին հատկացվող Աստվածային էներգիայի հոսքի դադարեցմանը:
Աստվածային էներգիայի անբավարար լինելը դրսևորվում է որպես առատության պակաս, սով, տվյալ երկրի բնակչության մի զգալի մասի հոգեկան խանգարումներ՝ շիզոֆրենիա, դիվահարություն, ընկճվածություն, սուիցիդի հակում, ագրեսիա:
Եվ իհարկե, անարդարացի պատերազմի կարմայի մեծ մասն ընկնում է այն մարդկանց ուսերին, որոնք նման պատերազմ սկսելու որոշում են կայացնում:
Սակայն, ինչպես վերն ասեցի, կարմայական բեռից բաժին է հասնում նաև այդ երկրում ապրող ամեն մի բնակչի: Քանզի ոչ մի պատերազմ չի կարող կայանալ, եթե չլինեն այն մարդիկ, որոնք համաձայնվում են մասնակցել նման պատերազմի՝ հանուն անձնական շահի, թալանի կամ էլ հանուն կենդանի թիրախների վրա իրենց սպանելու հմտությունները կատարելագործելու:
Առողջ հասարակությունը երբեք թույլ չի տա, որ իրեն ներգրավեն անարդարացի պատերազմի մեջ, քանի որ շատ լավ գիտակցում է, որ այդպիսի պատերազմին մասնակցելը պատասխանատվություն է դնում իր հետագա սերունդների ուսերին:
Իսկ հիմա խոսենք արդարացի պատերազմի մասին: Եթե ռազմիկը մարտի է գնում իր երկիրը, հողը և ընտանիքը պաշտպանելու նպատակով և չունի շահադիտական մղումներ, եթե անշահախնդրորեն պատրաստ է իր կյանքը զոհել հանուն իր երկրի բարեկեցության, ապա այդ գործողությունն արդար է համարվում, և անգամ նրա զոհվելը ոչ թե թուլացնում է նրա ընտանիքն ու տոհմը, այլ, ընդհակառակը, հարստացնում է նոր էներգիայով:
Հանուն մերձավորների ինքնազոհաբերման գնալը կարող է բռնություն չդիտվել այն դեպքում, եթե մեկը պատրաստ է կենդանի վահանի դեր կատարել հարձակվողի ու իր մերձավորների միջև:
Ինքնազոհաբերության այդ բարձրագույն գործողությունը բարի կարմա է ստեղծում ամբողջ տոհմի և երկրի համար:
Իմ այսօրվա Ուղերձի նպատակն էր՝ բացատրություններ տալ արդարացի և անարդարացի պատերազմների մասին:
Ես կարծում եմ, որ աշխարհում ներկայումս հաստատված պայմաններում իմ այս Ուսմունքն օգտակար կլինի ձեզ համար, և դուք այն կկարողանաք կիրառել ձեր կյանքում:

ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը

Տատյանա Միկուշինա, 2015 թ.

թարգմանեց Խ. մանասելյանը

ՏԵՐ ՇԻՎԱՅԻ (ՇԻՎԻՆԻԻ) ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ

Միայն հավատն առ Աստված և համայն Արարչության նկատմամբ սերը կարող են մոտակա ժամանակներում փրկել մարդկությանը

Տեր Շիվա
21 դեկտեմբերի, 2015 թ.

ԵՍ ԵՄ Շիվան...
Այսօր... Ես եկա...
Խորապես ցավում եմ, որ եկել եմ ձեզ հաղորդակից դարձնելու անուրախ լուրերի:
Ի՜նչ արած, այս աշխարհում ամեն ինչ սոսկ պատրանք է:
Եվ ինքներդ եք ընտրում, թե ո՛ր պատրանքի մեջ լինեք:
Ձեր պատրանքը ձևավորվում է ձեր գիտակցությամբ: Եվ եթե կամենում եք մշտապես գտնվել վախի, ատելության, չարակամության մեջ, ապա ձեզ շրջապատող պատրանքը համալարվում է ձեր գիտակցության հետ, և արտաքին աշխարհում ձեր անկատարության արտացոլանքն ստանում է պատերազմի, ահաբեկչության, սոցիալական լարվածության և ֆինանսական անկայունության տեսք:
Այդ ամենն ինքներդ եք ընտրում, պաշտելինե՛րս:
Դա՛ է ձեր ընտրությունը:
Մեր խնդիրը սոսկ այն է, որ ձեզ հրավիրենք Մեր սեղանի մոտ և ձեզ առաջարկենք Մեր ուտեստները:
Բայց դուք կարող եք հրաժարվել և մոտ չգալ:
Այդպիսին է ազատ  կամքի Օրենքը:
Վերջին տասը տարիների ընթացքում գործում էր մի թողության շնորհ, որը ոչ միայն Մեզ թույլ էր տալիս գալ և Ուղերձների միջոցով ձեզ ուսուցանել, այլ նաև Մեր էներգիաները փոխանցել ձեր աշխարհին:
Ձեզնից պահանջվում էր ուսուցանվելու համաձայնություն տալ և հետևել Մեր հանձնարարականներին:
ՀԵնց միայն անձամբ Իմ կողմից շնորհված վիթխարի թողությունը կարող էր բեկում մտցնել ամբողջ աշխարհի իրադրության մեջ:
Համաձայնեք, որ 10-ամյա ուսուցում տալուց հետո Մենք իրավասու էինք ձեզ խնդրելու, որ ինչ-որ բան անեք հանուն մարդկության Բարօրության:
Ուստի Ես տվեցի մի թողության շնորհ, որն ինքնին կարող էր ամեն ինչ փոխել դեպի լավը. Ես մեր Դեսպանորդին խնդրեցի, որ «ՀԱՆՈՒՆ ԲԱՐՕՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» շարժում նախաձեռնի:
Եվ ի՞նչ ստացվեց. ամբողջ աշխարհից հազարավոր մարդիկ առաջ նետվեցին, որ կատարե՞ն իմ խնդրանքը. աշխարհին տան բարօյականության գաղափարը՞...
Ո՛չ: Հենց այն կիսամյակի ընթացքում, երբ Ես պահում էի էներգիայի հոսքը և այն ուղղորդում այդ թողության շնորհի լայն սփռման համար, մեր հետևորդները քննարկումներ սկսեցին և կասկածանքների գիրկն ընկան:
Դուք ձեռքից բաց թողեցիք վիթխարի հնարավորություն: Մարդկության լավագույն ներկայացուցիչները չհանձնեցին Մեր դպրոցի ավարտական քննությունը:
Դուք ձեր թեստը ձախողեցիք:
Արդյունքը երկար չսպասեցրեց:
Հենց որ դուք հրաժարվում եք Աստվածային կերպերից, անմիջապես աշխարհում ուժեղանում են հակադիր տենդենցները:
Դուք հրաժարվում եք բարոյականությունից և ստանում ձեր աշխարհի լիակատար անբարոյականության դրսևորումներ՝ խաբեբա քաղաքական գործիչներ և տնտեսագետներ, ահաբեկչության ուժեղացում և պատերազմների սանձազերծում:
Թույլ տվեք ձեզ հիշեցնել, որ դուք գտնվում եք հետևանքների աշխարհում. ձեր ամեն մի նախընտրանքին համապատասխանում է հենց այն արդյունքը, դեպի ուր միտված է ձեր այդ նախընտրանքը:
Բաց թողնված հնարավորությունները ձեզ կանգնեցնում են հենց այն հումանիտար արհավիրքի առաջ, որի վրա հասնելուն դուք ամեն կերպ աջակցել եք:
Այսպիսով, մարդկության առաջադեմ հատվածը, որն այս ամբողջ ընթացքում կարդում էր Մեր Ուղերձները, կատարեց իր ընտրությունը:
Մենք պարտություն կրեցինք:
Եվ, իհարկե, ձեզ կվիճակվի բախվել ձեր կատարած ընտրության հետևանքների հետ:
Երբ Վեհապետների պլանը չի իրագործվում, երբ դուք ականջալուր չեք լինում ձեր խղճի ձայնին, այլ տրվում եք կասկածանքներին ու ծուլությանը, ապա արժանանում եք համապատասխան հետևանքների, և այդ հետևանքները, եկող տարվանից սկսած, ավելի ու ավելի կուժգնանան:
Կուզենայի ձեզ համար լուսաբանել Մեր Ուսմունքի ևս մի դրույթը, որը վերաբերում է Մեր Դեսպանորդի հետ ունեցած կարմայական կապին:
Երբ Մեր Դեսպանորդը ենթարկվում է հալածանքի, զրպարտության, հարձակումների՝ դա հսկայական կարմա է առաջացնում, որն իր մակարդակով հավասարազոր է Աստծո հետ ունեցած կարմային:
Ինչպես հայտնի է՝ Աստված ում ուզում է պատժել, նրան զրկում է բանականությունից:
Խելացնորությունը միայն առանձին մարդու չէ, որ կարող է համակել: Խելացնորությունը կարող է համակել ամբողջ երկրների ու ժողովուրդների:
Մարդկության պատմության ընթացքում  բազմաթիվ անգամ դուք դա տեսել եք: Ֆաշիզմն ու կոմունիզմը՝ ազգերի ու ժողովուրդների խելացնորության հիվանդության նմանատիպ դրսևորումներ են:
Ինչպես անաստվածության կարման, այնպես էլ Մեր Դեսպանորդի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը կարմայի ամենածանր տեսակներից են:
Ես այսօր եկա, որ ձեր արտաքին գիտակցությանը հասանելի դարձնեմ այն վերահաս իրադարձությունների պատճառները, որոնց առաջացման համար՝ Մեր Ուղերձները կարդացող յուրաքանչյուր ոք իր ջանքերն է գործադրել:
Երկրների խելացնորությունը ծնում է պատերազմներ և դրանց հետևանքները՝ սով, հումանիտար աղետներ...
Հնարավո՞ր է դրանցից խուսափել...
Հնարավոր է: Դրա համար անհրաժեշտ է, որ ձեր կյանքերում ճանաչվի Աստվածային Օրենքի գերակայությունը:
Կա միայն մեկ Ճշմարտություն: Եվ բոլոր ճշմարիտ մարգարեները, դեսպանորդները և մեսիաները մարդկության զարգացման ողջ պատմության ընթացքում տվել են միայն մեկ Աստվածային Ճշմարտություն՝ ամենայն ինչ Աստված է:
Աստված ձեր մեջ է և ձեզնից դուրս:
Միայն հավատն առ Աստված և համայն Արարչության նկատմամբ սերը կարող են մոտակա ժամանակներում փրկել մարդկությանը:
Իսկ հիմա Ես պետք է լքեմ ձեզ:
Կարմայի բեռը պետք է խավար ծածկույթի տակ առնի մարդկությանը:
Տառապանքներն ունակ են մաքրելու գիտակցությունը ճիշտ այնպես, ինչպես աղոթքն ու ապաշավանքը:

ԵՍ ԵՄ Շիվան...

Տատյանա Միկուշինա, 2015 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը 

ՍԱՆԱՏ ԿՈՒՄԱՐԱՅԻ (ՀԱՅՐ ԱՐԱՄԱԶԴԻ) ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ

Ուղու ցանկացած կետից կարելի է հետ շրջվել և վերադառնալ զարգացման Աստվածային Ուղին

Սանատ Կումարա
20 դեկտեմբերի, 2015 թ.

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:
Ես կրկին եկա...
Տխուր է դիտել այն, ինչ այս բարդ ժամանակներում տեղի է ունենում Երկրի վրա:
Կարելի՜ էր խուսափել վատթար զարգացումներից:
Եվ Մենք պատրաստ ենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ անել, որպեսզի փրկենք հնարավորինս շատ մարդկային հոգիների:
Սակայն, սիրելինե՛րս, մնացածը ձեր գործն է...
Ինքներդ ուզու՞մ եք փրկվել արդյոք...
Ի զորու՞ եք արդյոք շարունակելու Կյանքը...
Երբեմն որքա՜ն դժվար է լինում հասկանալ, թե ի՞նչն ձեզ խանգարում վերադառնալ Աստվածային Ուղի:
Ի՞նչն է խանգարում, որ ներքին վստահություն ձեռք բերեք Աստծո և Հավերժական Կյանքի գոյության նկատմամբ:
Չէ՞ որ հենց միայն Աստծո նկատմամբ հավատը բառացիորեն հաշված տարիների ընթացքում կարող է ձեր կյանք վերադարձնել Ասստվածային կերպերը, Բարոյականության Օրենքը:
Սակայն ճշմարիտ հավատ ձեռք բերելու համար հարկավոր է շատ ու շատ աշխատել: Առնվազն հարկ է, որ կատարվեն այն հանձնարարականները, որոնք վերջին տասը տարիների ընթացքում ձեզ տրվել են Մեր դեսպանորդի միջոցով:
Դժվա՞ր էր հետևել մեր խորհուրդներին ու հանձնարարականներին:
Ինչու՞ եք գերադասում լողալ այն սուռոգատների պղտոր հոսանքով, որոնք հաճկատարորեն ձեզ են մատուցում զանգվածային լրատվության միջոցները:
Ինչու՞ որևէ ջանք չեք գործադրում, որպեսզի ձեզ ու ձեր երեխաներին զերծ պահեք այն ամենից, ինչը խեղում է ձեր հոգիները և այլևս ուժ ու կարողություն չի թողնում, որ ընթանաք լուսավոր ուղով:
Այնուհանդերձ, երբեք չափազանց ուշ չի լինում:
Ուղու ցանկացած կետից կարելի է հետ շրջվել և վերադառնալ դեպի զարգացման Աստվածային Ուղին:
Մի՞թե այս մասին Մենք ձեզ չենք ասել...
Այո, մե՜ծ կարմա է կուտակված: Այո, դժվա՜ր է կտրվել անորակ էներգիաներից և ձեր գիտակցության բացասական վիճակներից:
Սակայն Մենք ուսուցանում ենք, որ մեղքերի խոստովանանքն ու թույլ տրված սխալների զղջումը կիսով չափ թեթևացնում են կարմայական բեռը: Իսկ մյուս կեսը կարող է չեզոքացվել աղոթքների մաքուր էներգիայով:
Բայց եթե մարդկության առավել գիտակից հատվածը չի ընդունում Մեր հանձնարարականները և չի հետևում Մեր խորհուրդներին, ապա բացվում է մի այլ, ավելի դժվարին ուղի՝ տառապանքների ուղին:
Պետք է ձեզ ասեմ, որ մարդկությունն արդեն հատել է շեմը և իր առաջին քայլերն է անում այդ տառապանքների ուղով:
Ձեզնից շատերը դժգոհում են կյանքից՝ դրանում սիրո բերկրանքի բացակայությունից:
Բայց դա սոսկ ձեր ընտրած տառապանքների ուղու առաջին ծաղիկներն են, և դեռ ինչե՜ր են սպասվում առջևում...
Մենք մշտապես մարդկությանը մատնացույց էինք անում ավելի հեշտ ուղին: Եվ հիմա ևս շարունակում ենք ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը, որպեսզի գոնե ոչ շատ մեծ քանակությամբ հոգիներ կարողանան ընտրել փրկության ուղին և ընթանան դրանով:
Մենք մեր ջանքերը գործադրում ենք նույնիսկ այնժամ, երբ արդեն ավարտվել է մեր Ուղերձները փոխանցելու թողության շնորհի ժամկետը:
Մեզնից ամեն Ոք զոհաբերել է սեփական նվաճումների էներգիաները, որպեսզի գա և իր Ուղերձը տա մարդկությանը:
Մեզնից ամեն Ոք անում է հնարավորը և անգամ անհնարինը:
Մենք գործի ենք դնում այն ամբողջ հզորությունը, որը թույլատրում է օգտագործել Կարմայական Վարչությունը:
Սակայն Մեր առավել նուրբ էներգիաները վրիպում են ձեր գիտակցությունից, քանի որ այն մշտապես սուզված է շրջապատող իրականության բացասական թրթռանքների մեջ:
Ուստի Մենք ձեզ համար անխոնջ կերպով էլի ու էլի ենք կրկնում. որպեսզի կարողանաք օգտվել մեր օգնությունից ու օժանդակությունից, պետք է հնարավոր ամեն ինչ անեք, որ ձեր թրթիռները պահեք հնարավոր ավելի բարձր մակարդակի վրա:
Ցավոք, մեծ քաղաքներում դրան հասնել այլևս հնարավոր չէ:
Քաղաքներն նեցուկ են դարձել այն ուժերի համար, որոնք բարուրել են մարդկությանը և նրան էվոլյուցիոն ուղով ընթանալու հնարավորություն չեն տալիս:
Քաղաքների հաշվով մենք ճակատամարտը տանուլ տվեցինք:
Սակայն այն մարդիկ, որոնք ապրում են ոչ մեծ բնակավայրերում, դեռևս կարող են ընկալել Մեր թրթիռները և իրենց գիտակցությունը պահել բավարար բարձր մակարդակի վրա:
Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք կարողանաք քաղաքներից ձեր ելքն ի կատար ածել:
Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ ձեզ համար բավարար հարմարավետություն ապահովեք նույնիսկ քաղաքներից շատ հեռու:
Սակայն ֆիզիկական ոլորտում ձեր փոխարեն գործել հնարավոր չէ:
Մենք վաղօրոք ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ քայլերը, որ դյուրին դարձնենք ձեր անցումն ու տառապանքները: Բայց Մենք չենք կարող անել գործի այն մասը, որ ձեզ է թողնված:
Գիտցե՛ք, որ վրա է հասել այն ժամանակահատվածը, որից հետո այլևս չեք կարողանա վերադառնալ դեպի անվտանգ էվոլյուցիոն ուղին:
Եվ դա ձեր ընտրությունն է:
Որքան էլ ցավալի լինի դեպի անդունդ տանող ձեր քայլերը դիտելը՝ Մենք չենք կարող ձեզ կանգնեցնել, եթե հաստատ որոշել եք նետվել անդունդը:
Ես այսօր եկա այն հույսով, որ ձեր գիտակցությանը հասցնեմ այն ճշմարտությունը, որ վրա է հասել տառապանքների ուղուց խուսափելու վերջին հնարավորության ժամը:
Եվ այդ հնարավորությունը դեռևս բաց է ընտրյալների համար:

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

Տատյանա Միկուշինա, 2015 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

пятница, 18 декабря 2015 г.

Գ. Գյուրջիև - ԱՄԵՆՆ ԱՄԵՆԱՅՆԻՎ - «Բեհեղզեբուղի պատմածներն իր թոռանը» (հատված)

ԳԼՈՒԽ ԽԲ
Բեհեղզեբուղը Ամերիկայում
(հատված)

Երկու «դիոնոսկ» անց, երբ միջհամակարգային «Քարնակ» տիեզերանավը վերսկսեց իր անկումը, և մեր հարգարժան մոլլա Նասրեդինի համոզված հետևորդները կրկին զբաղեցրին իրենց սովորական տեղերը, Հասեինը կրկին դիմեց Բեհեղզեբուղին հետևյալ խոսքերով.
– Սիրելի՛ պապիկ, ինչպես ինձ հանձնարարել ես, կարո՞ղ եմ քեզ հիշեցնել, որ պատմես այն… եռուղեղ էակների մասին... ինչպե՞ս էին կոչվում... Երկիր մոլորակի այն էակների մասին, որոնք բազմանում ու գոյատևում են մոլորակի այն վայրի տրամագծորեն հակառակ կողմում, որտեղ ծաղկում է ներկայիս երկրային քաղաքակրթությունը... Այն եռուղեղ էակների մասին եմ ասում, որոնք, ինչպես դու ասացիր, «ֆոքստրոտի» մեծ սիրահարներ են:
– Ա՜, ամերիկացիների մասի՞ն ես ասում:
– Այո, ճիշտ է, ամերիկացիների մասին,– ուրախ բացականչեց Հասեինը:
– Իհարկե, հիշեցի: Ես իսկապես քեզ խոստացել էի մի փոքր պատմել  այնտեղի այդ ժամանակակից ցնդածների մասին:
Եվ Բեհեղզեբուղը սկսեց պատմել.
«Քո այդ մոլորակի մակերևույթի այդ ՝ ներկայումս Հյուսիսային Ամերիկա կոչվող մասում ես եղա այդ արևային համակարգը վերջնականապես լքելուցս անմիջապես առաջ:
Ես այնտեղ մեկնեցի այդ մոլորակի վրա ունեցած իմ վերջին բնակության վայրից՝ Եվրոպա աշխարհամասի Փարիզ քաղաքից:
Եվրոպա աշխարհամասից ես այնտեղ մեկնեցի շոգենավով՝ հետևելով այնտեղի բոլոր, այսպես կոչված, «դոլարատերերի» օրինակին, և ժամանեցի «Հյուսիսային Ամերիկայի» գլխավոր քաղաքը՝ Նյու-Յորք, կամ, ինչպես այնտեղ են երբեմն անվանում, «Երկրի ազգերին միաձուլող» քաղաքը:
Հետևելով փարիզյան իմ ծանոթներից մեկի խորհրդին՝ նավահանգստից ես անմիջապես գնացի «Մաջեստիկ» կոչվող հյուրանոցը, որն ինչ-ինչ պատճառներով ոչ պաշտոնապես դեռևս «հրեական» էր կոչվում:
Հենց «Մաջեստիկ» հյուրանոցում տեղավորվելուս օրը ես գնացի հանդիպելու մի «միստրի» հետ, ինչն ինձ նույնպես խորհուրդ էր տվել փարիզյան իմ մի ուրիշ ծանոթ:
Այդ աշխարհամասում «միստր» են ասում արական սեռի ամեն մի էակի, ով, այսպես կոչված, «փեշ» չի հագնում:
Երբ ես գտա այդ միստրին, որին ուղղված հանձնարարական նամակ ունեի, նա, ինչպես վայել է յուրաքանչյուր իսկական ամերիկյան գործարարին, մինչև ականջները խրված էր անհաշիվ, ինչպես այնտեղ են ասում, «դոլարային գործերի մեջ»:
Կարծում եմ, որ այստեղ՝ այդ ամերիկացիներին վերաբերող իմ լուսաբանումների ամենասկզբում, պետք է նշեմ, որ այն եռուղեղ էակները, հատկապես ժամանակակիցները, որոնք քո այդ մոլորակի մակերևույթի այդ մասի հիմնական բնակչությունն են կազմում, համարյա անխտիր բոլորն զբաղվում են միայն դոլարային գործերով:
Մյուս կողմից, լինելիական գոյատևման համար անհրաժեշտ արհեստներով ու «մասնագիտություններով» զբաղվում են բացառապես այն էակները, որոնք ուրիշ աշխարհամասերից ժամանակավորապես են այդտեղ հասել, ինչպես ասում են, «փող աշխատելու» նպատակով:
Ներկայիս քո սիրելիների, գլխավորապես այդ աշխարհամասում բազմացողների լինելիական գոյատևման շրջակա պայմանները նույնիսկ այդ իմաստով են վերածվել «տրալյալյա-օլյալյա-լյալյա»-ի, կամ, ինչպես մեր հարգարժան մոլլա Նասրեդինն է գնահատական տալիս՝ «օճառի պղպջակի, որին չպայթելու համար հանգիստ միջավայր է պետք»:
Ներկայումս այնտեղ նրանց սովորական համակեցության շրջակա պայմաններն արդեն այնպիսին են դարձել, որ եթե իրենց լինելիական գոյատևման համար անհրաժեշտ և ուրիշ աշխարհամասերից եկող արհեստավարժ մասնագետները դադարեն փող աշխատելու նպատակով  այնտեղ գնալ, ապա լիովին կարելի է ասել, որ այնտեղ հաստատված կարգն ու նրանց սովորական գոյատևումը միանգամայն կփլվի ընդամենը մեկ ամսվա ընթացքում, քանի որ նրանց մեջ չի գտնվի գոնե մեկը, ով կկարողանա գոնե հաց թխել:
Այնտեղ աստիճանաբար այդ աննորմալ վիճակին հասցնող գլխավոր պատճառն այն է, որ մի կողմից՝ հենց իրենք օրենք են ընդունել, որը սահմանափակում է ծնողների իրավունքներն իրենց զավակների նկատմամբ, և մյուս կողմից՝ դպրոցներում երեխաների համար մտցրել են, այսպես կոչված, «դոլարային խնայդրամարկղ»՝ դա համատեղելով դոլարի նկատմամբ երեխաների մեջ սեր սերմանելու սկզբունքի հետ:
Ինչպես այդ, այնպես էլ սովորական գոյատևման, կրկին իրենց կողմից հաստատված, ուրիշ շատ այլազան արտառոց արտաքին պայմանների պատճառով «դոլարային բիզնեսի» և հենց դոլարի նկատմամբ այդ սերն այդ աշխարհամասի ամեն բնիկ բնակչի ընդհանուր ներկայության համար դառնում է տիրապետող ձգտում, հենց որ նա հասնում է իր, այսպես կոչված, «տենդագին գոյատևման» պատասխանատու տարիքին:
Ահա թե ինչու է նրանցից ամեն մեկը միշտ զբաղվում «դոլարային բիզնեսով» և, դեռ ավելին, միշտ միանգամից դրա մի քանի տեսակով:
Թեև վերոհիշյալ «»միստրը», որին ուղղված հանձնարարական նամակ ունեի, նույնպես խիստ զբաղված էր իր «դոլարային գործերով», այնուհանդերձ ինձ շատ սրտաբաց ընդունեց: Երբ կարդաց իմ հանձնած հանձնարարական նամակը, նրա ներսում միանգամից սկսվեց այն տարօրինակ պրոցեսը, որն արդեն նկատել են նույնիսկ քո սիրելիներից ոմանք, քանի որ դա նույնպես բնորոշ է դարձել ընդհանրապես ներկայիս բոլոր քո սիրելիներին և իրենց կողմից անվանվում է «մեծամտացում»:
Եվ այդ պրոցեսը նրա ներսում ընթացք ստացավ այն պատճառով, որ իմ հանձնած նամակում հիշատակված էր իմ մի ուրիշ ծանոթի՝ նույնպես «միստրի», ազգանունը, որը շատերի ու նաև նամակը կարդացող «միստրի» կարծիքով համարվում էր «սատանի պես ճարպիկ», ինչպես նրա մասին խոսում էին թիկունքից. այսինքն՝ «դոլարներ դիզելու մասնագետ էր»:
Չնայած նա ամբողովին համակված էր ներկայիս քո սիրելիներին բնորոշ նշածս յուրահատկությամբ՝ այնուհանդերձ ինձ հետ խոսելու ընթացքում աստիճանաբար հանդարտվեց և վերջ ի վերջո հայտնեց ինձ, որ «ամբողջովին իմ տրամադրության տակ է»: Բայց հանկարծ ինչ-որ բան հիշեց, որից հետո ավելացրեց, որ խորապես ցավում է, քանի որ իր կամքից անկախ հանգամանքների բերումով չի կարող այդ օրն ինձ հատկացնել, այլ միայն հաջորդ օրը, որովհետև չափազանց զբաղված է կարևոր գործերով:
Եվ իրոք, եթե անգամ շատ ուզենար, նա այլ կերպ չէր կարող վարվել, քանի որ մշտապես դոլարային գործերի տակ կքած այդ տարաբախտ ամերիկացիներն իրենց ուզած բանը կարող են անել միայն կիրակի օրերին, այնինչ այն օրը, երբ ես այցելել էի նրան, ամենևին կիրակի չէր:
Այդտեղ՝ այդ աշխարհամասում, բոլոր դոլարային և այլ գործերը երբեք կախված չեն էակների կամքից, այլ ճիշտ հակառակն է՝ քո սիրելիներն իրենք են ամբողջովին  կախված իրենց այդ գործերից:
Կարճ ասած, քանի որ օրը կիրակի չէր, այդ իսկական ամերիկացի միստրը չկարողացավ վարվել այնպես, ինչպես ուզում էր. չկարողացավ ինձ հետ գալ և ինձ ներկայացնել ինձ պետք եղած մարդկանց, որի պատճառով ստիպված եղանք պայմանավորվել, որ կհանդիպենք հաջորդ առավոտյան «Բրոդվեյ» կոչվող նշանավոր փողոցի որոշակի տեղում:
Այդ Բրոդվեյ փողոցը ոչ միայն Նյու-Յորքի ամենաառաջին ու գլխավոր փողոցն է, այլև, ինչպես այնտեղ են պնդում, քո այդ մոլորակի բոլոր խոշոր քաղաքների փողոցների մեջ ամենաերկարն է:
Եվ այսպես, հաջորդ առավոտյան ես գնացի նշանակված վայրը:
Քանի որ «տաքսի ամվտոմենքենան», որով ես գնացի այնտեղ, միստր Ֆորդի գործարանի արտադրանք չէր, ապա տեղ հասա շատ շուտ, և, հետևաբար, այն «միստրը» դեռ այնտեղ չէր:
Սպասելով նրան՝ ես սկսեցի զբոսնել, բայց քանի որ նյու-յորքյան, այսպես կոչված, «բորսայական միջնորդներն» իրենց «շարժը» իրենց նշանավոր «արագ նախաճաշից» առաջ իրագործում են հենց Բրոդվեյի այդ մասում, ապա այդտեղ հավաքվածներն այնպիսի մի խցկոց էին սարքել, որ դրանից խույս տալու համար ես որոշեցի գնալ և նստել մի այնպիսի վայրում, որտեղից նկատելի կլիներ իմ սպասած միստրի գալուստը:
Այդպիսի հարմար տեղ, երևի, մոտակա ռեստորանն էր, որի պատուհաններից կարելի էր տեսնել բոլոր անցորդներին:
Իմիջիայլոց պետք է ասեմ, որ քո սիրելիների ոչ մի ուրիշ խմբավորման գոյատևման վայրերում այդքան շատ ռեստորաններ չկան, որքան այդ Նյու-Յորքում:
Դրանցից առանձնապես շատ կան գլխավոր մասում, իսկ դրանց տերերը մեծ մասամբ «հայեր»  են, «հույներ» և «ռուսաստանցի հրեաներ»:
Իսկ հիմա, զավա՛կս, որպեսզի կարողանաս մի փոքր հանգստանալ ակտիվ մտածողությունից, ես ուզում եմ սահմանափակվել բացառապես մեր սիրելի ուսուցիչ մոլլա Նասրեդինի մտածողության ձևով և պատմել մի վերին աստիճանի յուրօրինակ սովորույթի մասին, որը վերջին տարիներին մեծ տարածում է գտել այդ ժամանակակից նյու-յորքյան ռեստորաններում:
Քանի որ այսպես կոչված «ալկահոլային խմիչքների» արտադրությունը, ներկրումն ու սպառումն այդ խմբավորման իշխանավորները ոչ շատ վաղուց խստիվ արգելել են սովորական էակներին, որոնց հետ իշխանավորներն իրենց սեփական բարեկեցության հույսերն են կապում, ապա ենթադրվում էր, որ սովորական էակի համար այնտեղ հիմա համարյա անհնարին է այդպիսի խմիչքներ ստանալը: Միևնույն ժամանակ այդ նյույորքյան ռեստորաններում կարելի է գտնել ցանկացած քանակությամբ ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչք՝ «արաղ», «դուսիկո», «շոտլանդական վիսկի», «Բենեդիկտին», «օղի», «Գրանդ Մարնիեր» և այլն, որոնք ամենատարբեր պիտակներ ունեն և պատրաստված են բացառապես միայն այդ աշխարհամասի ափերի մոտ ընկած, այսպես կոչված, «հին բեռնանավերում»:
Նշված գործի բուն «ցիմեսն» այն է, որ եթե վեր տնկես մատնեմատդ և աջ ձեռքիդ ափով բերանիդ կեսը ծածկելով արտաբերես քո ուզած խմիչքի անունը, ապա անմիջապես, առանց մի ավելորդ խոսքի, այդ խմիչքը կհայտնվի քո սեղանին, բայց, իհարկե, լիմոնադի կամ նշանավոր «ֆրանսիական վիչիի» շշով:
Իսկ հիմա ամբողջ ուժով աշխատիր լարել կամքդ և քո ընդհանուր ներկայության մեջ այնպես համակենտրոնացնել «զգայարաններդ», որ, բացարձակապես ոչինչ բաց չթողնելով, կարողանաս ընկալել ու քո ներսում նախագոյացնել այն ամենը, ինչ վերաբերում է նրան, թե այդ աշխարհամասի ափերի մոտ ընկած բեռնանավերում ինչպես են պատրաստվում թվարկածս ալկոհոլային խմիչքները:
Ես խիստ ափսոսում եմ, որ բաց թողեցի այդ ժամանակակից երկրային «գիտության» բոլոր մանրամասներին հարկ եղած չափով ծանոթանալու հնարավորությունս:
Այն ամենը, ինչ ինձ հաջողվեց իմանալ, այն է, որ այդ պատրաստուկների բոլոր բաղադրատոմսերը պարունակում են հետևյալ թթուները՝ «ծծմբականը», «ազոտականը» և «աղայինը». իսկ այդ գործում ամենակարևորը ժամանակակից նշանավոր գերմանացի պրոֆեսոր Քիշմանհոֆի «հմայական խոսքն» է:
Այդ վերջին բաղադրամասը՝ պրոֆեսոր Քիշմանհոֆի հմայական խոսքը, որը հատուկ նախատեսված է ալկոհոլային խմիչքների համար, ուղղակի զարմանահրաշ է, և ասում են, թե գործում է հետևյալ կերպ.
Նախ և առաջ, այդ գործի մասնագետներին արդեն հայտնի որևէ հին բաղադրատոմսով պետք է պատրաստել հազար շիշ խմիչք. անպայման հազար շիշ, քանի որ մի շիշ ավել կամ պակաս լինելու դեպքում կախարդանքը չի ազդի:
Այդ հազար շիշը պետք է շարել հատակին, ապա դրանց արանքում զգուշորեն դնել այնտեղ գոյություն ունեցող որևէ իսկական ալկոհոլային խմիչքի մի շիշ և սպասել տասը րոպե: Դրանից հետո ձախ ձեռքով պետք է տրորել աջ ականջը և շատ դանդաղ, որոշակի ընդմիջումներով արտասանել նշված սպիրտային կախարդանքի խոսքերը:
Այդ ամենի արդյունքում ոչ միայն բոլոր հազար շշերի պարունակություններն են վերածվում այդ մեկ շիշ իսկական ալկոհոլային խմիչքին, այլև բոլոր հազար շշերի վրա նույնիսկ հայտնվում է այն նույն պիտակը, որը կա իսկական ալկոհոլային խմիչք պարունակող միակ շշի վրա:
Այդ աննման գերմանացի պրոֆեսոր Քիշմանհոֆի աճպարարությունների շարքում, ինչպես իմացա, կան մի քանիսը, որոնք իսկապես զարմանահրաշ են:
Տվյալ բնագավառի մասնագետ այդ նշանավոր գերմանացի պրոֆեսորն իր այդ զարմանահրաշ աճպարարությունները սկսել է, ինչպես ասում են, «հորինել» բոլորովին վերջերս՝ փոխադարձ ոչնչացման համաեվրոպական վերջին գործընթացի առաջին տարիներին:
Երբ նրա հայրենիքում՝ Գերմանիայում, սննդամթերքի ճգնաժամ սկսվեց, նա, իր հայրենակիցների դժվարին կացության նկատմամբ ցավակցությունից դրդված, հորինեց իր առաջին աճպարարությունը, որով շատ էժան ու խնայողական «հավի արգանակ» էր պատրաստում:
Նրա այդ առաջին աճպարարությունը կոչվում է գերմանական հավի արգանակ, և դրա պատրաստման եղանակը ևս չափազանց հետաքրքրական է:
Օջախի վրա դրված շատ տարողունակ կաթսայի մեջ սովորական ջուր է լցվում, որին ավելացվում են շատ բարակ կտրտված մաղադանոսի տերևներ:
Այնուհետև պետք է լայն բացել խոհանոցի դռները (եթե մեկ դուռ է, ապա պետք լայն բացել նաև պատուհանը), որից հետո, շատ բարձր ձայնով արտասանելով հմայական խոսքերը, մեծ արագությամբ խոհանոցով մեկ քշել որևէ հավի:
Այդքանն անելուց հետո կաթսայի մեջ արտակարգ համեղ «հավի արգանակը» պատրաստ է:
Հետո ես լսեցի, որ փոխադարձ ոչնչացման այդ մեծ գործընթացի ժամանակ Գերմանիայի էակներն այդ աճպարարությունը կիրառել են վիթխարի մասշտաբով, քանի որ հավի արգանակ պատրաստելու այդ եղանակն, այսպես ասած, շատ լավ կամ, նվազագույնը՝ չափազանց խնայողական դուրս եկավ:
Պատճառն այն է, որ մի հավը կարող է իր այդ պարտականությունը կատարել բավական երկար ժամանակ, քանի որ նրան կարելի է խոհանոցով մեկ հա քշել ու քշել, քանի դեռ «գործադուլ չի արել» ու չի հրաժարվել շնչելու գործից:
Իսկ եթե հավը, քո սիրելիների միջավայրում գոյատևելով հանդերձ, չի վարակվել կեղծավորությամբ և իսկապես է կորցրել շնչելու ցանկությունը, ապա այդ չնախատեսված դեպքի համար, ինչպես ես հետո իմացա, Գերմանիա կոչվող հանրության էակներն ընդհանուր սովորույթ ունեին:
Այն է՝ երբ հավը  գործադուլ էր անում, նրա տերերը շատ հանդիսավոր կերպով նրան տապակում էին վառարանի մեջ և այդ հանդիսավոր առիթով անպայման ճաշի էին հրավիրում իրենց բոլոր ազգականներին:
Հետաքրքիր կլինի նաև նշել, որ նրանց մի ուրիշ ոչ պակաս նշանավոր պրոֆեսոր՝ Շթայներ ազգանվամբ, իր, այսպես կոչված, «գերբնական երևույթների գիտական հետազոտությունների» ընթացքում մաթեմատիկորեն գտավ, որ այն դեպքում, երբ հավերը մատուցվում են այդպիսի «ճաշկերույթների» ժամանակ, դրանց տերերը միշտ միևնույն բանը պետք է արտասանեն:
Այն է՝ տանտիրուհին աչքերը պետք է հառի երկնքին և, հավը ցույց տալով, մեծ հուզմունքով ասի, որ դա «նշանավոր պամիրյան փասիան է», որը Պամիրից ուղարկել էր իրենց շատ սիրելի ազգականը, որն այնտեղ իրենց մեծ «Ֆադերլանդի» հյուպատոսն է:
Ընդհանրապես այդ մոլորակում աճպարարություններ գոյություն ունեն բոլոր հնարավոր նպատակների համար:
Այդ աճպարարությունները հատկապես սկսեցին թափով բազմանալ, երբ այդ յուրօրինակ մոլորակի շատ էակներ գերբնական երևույթների մասնագետներ դարձան՝ կոչվելով «օկուլտիստներ», «սպիրիտուալիստներ», «թեոսոֆներ», «մանուշակագույն մոգեր», «խիրոմանտներ» և այլն:
Բացի այն, որ նրանք կարողանում են «գերբնական երևույթներ» առաջացնել, այդ «մասնագետները» նաև շատ լավ կարողանում են այնպես անել, որ անթափանցը թափանցիկ թվա:
Ալկոհոլի օգտագործման այդ ամերիկյան արգելքը կարող է ևս մի օրինակ ծառայել՝ հրաշալի լուսաբանելով այն, թե այնտեղի ժամանակակից պատասխանատու իշխանավորների մոտ ինչ աստիճանի հետաճ է ապրել լինելիական մտածողության  նախադրյալներ բյուրեղացնելու հնարավորությունը՝ այն իմաստով, որ նման անհեթեթությունն այնտեղ փաստորեն կրկնվում է:
Այնտեղ՝ այդ աշխարհամասում, այդ արգելքի պատճառով հիմա առանց բացառության բոլորն են ալկոհոլ օգտագործում, նույնիսկ նրանք, ովքեր այլ պայմաններում հավանաբար երբեք չէին օգտագործի:
Այդ Ամերիկա աշխարհամասում ալկոհոլի օգտագործման հետ կապված հիմա տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Պախրակարանի էակների հետ` կապված կակաչի սերմեր ծամելու սովորության հետ:
Տարբերությունը միայն այն է, որ Պախրակարանի էակներն այն ժամանակ գոնե տարվել էին իսկական կակաչի սերմերով, իսկ ամերիկացի էակներն այժմ օգտագործում են ձեռքներն ընկած ցանկացած հեղուկ, եթե միայն դա իրենց մոլորակում գոյություն ունեցող որևէ ալկոհոլային խմիչքի անունն է կրում:
Իսկ մյուս տարբերությունն այն է, որ այդ արգելված ապրանքի սպառումը կառավարության աչքից թաքցնելու գործում ներկայիս Ամերիկա աշխարհամասում բազմացող էակները բոլորավին էլ այնպես միամիտ չեն, ինչպես Պախրակարանի դարաշրջանի էակները:
Թե այդ առումով որքան հեռուն են գնացել ներկայիս քո սիրելիները, դու կարող ես շատ լավ հասկանալ հետևյալ օրինակներից:
Ներկայումս այնտեղ՝ այդ աշխարհամասում, ամեն մի ջահել դեղնակտուց, որի շուրթերին «մայրական կաթը» դեռ նոր է չորացել, անպայման իր հետ ունի այն, ինչն արտաքին տեսքից սովորական անշառ «պորտսիգար» կամ ծխախոտատուփ է թվում. և ահա, նստելով ռեստորանում կամ որևէ նշանավոր պարասրահում, նա անփութորեն գրպանից հանում է այդ պորտսիգարը կամ ծխախոտատուփը, և շրջապատում բոլորը երևակայում են, իհարկե, որ նա պատրաստվում է ծխել:
Ոչ մի նման բան... նա այդ պորտսիգարը կամ ծխախոտատուփը պարզապես ձեռքում մի փոքր պտտեցնում է և, հո՛պ-լյա, նրա ձախ ձեռքին հայտնվում է մի փոքրիկ բաժակ. այնուհետև աջ ձեռքով նա շա՜տ հանգիստ պորտսիգարից կամ ծխախոտատուփից այդ փոքրիկ բաժակի մեջ լցնում է ինչ-որ մի խմիչք, հնարավոր է՝ շոտլանդական վիսկի, բայց, իհարկե, պատրաստված այնպես, ինչպես արդեն ասել եմ, ամերիկյան առափնյա մի որևէ բեռնանավում:
Այն ժամանակվա այնտեղի իմ դիտումների ընթացքում ես ականատես դարձա նաև այսպիսի մի տեսարանի:
Նշված ռեստորաններից մեկում` իմ սեղանից մի փոքր հեռու, նստել էին երկու ջահել ամերիկուհիներ:
Ռեստորանի աշխատողը, կամ, ինչպես իրենք են ասում, «մատուցողը» նրանց համար բերեց մի շիշ ինչ-որ հանքային ջուր և մի զույգ բաժակ:
Կանանցից մեկը հատուկ եղանակով պտտեց իր նորաձև հովանոցի պոչը, որից հետո ինչ-որ մի հեղուկ՝ հավանաբար էլի շոտլանդական վիսկի կամ նման մի բան, սկսեց նույն կերպ հանգի՜ստ հոսել կոթից դեպի բաժակները:
Կարճ ասած, տղա՛ս, այդ Ամերիկա աշխարհամասում կրկնվում է ճիշտ այն, ինչը դրանից ոչ շատ վաղ տեղի ունեցավ Ռուսաստան կոչվող մեծ հանրությունում: Այնտեղի պատասխանատու իշխանավոր էակները նույնպես արգելեցին իրենց նշանավոր «ռուսական օղու» օգտագործումը, ինչի արդյունքում էակները շատ արագ այդ «օղու» փոխարեն սկսեցին օգտագործել ոչ պակաս հայտնի «հանջա», ինչի հետևանքով մինչև այժմ այնտեղ օրական հազարավոր դժբախտ էակներ են մահանում:
Բայց տվյալ դեպքում մենք արժանին պետք է մատուցենք ժամանակակից ամերիկացի էակներին. իրենց նշանավոր ալկոհոլի օգտագործումն իշխանություններից թաքցնելու արվեստում նրանք անսահման ավելի «քաղաքակիրթ» են քան Ռուսաստան կոչվող հանրության էակները:
Եվ այսպես, զավա՛կս, որպեսզի խույս տամ այդ փողոցային իրարանցումից, ես մտա մի տիպիկ նյույորքյան ռեստորան և այնտեղ նստելով սեղաններից մեկի մոտ՝ սկսեցի պատուհանից նայել ամբոխին:
Քանի որ այնտեղ՝ քո այդ մոլորակում, ընդունված է, որ ռեստորանում կամ դրա նման վայրում նստող մարդիկ պետք է անպայման ինչ-որ բանի համար, այսպես կոչված, «փող» վճարեն այդ հաստատության տիրոջ օգտին, ապա ես նույն կերպ վարվեցի և պատվիրեցի իրենց նշանավոր «օրանժադից»:
Այդ նշանավոր ամերիկյան խմիչքը բաղկացած է հյութից, որը քամվում է նարինջից կամ նրանց նշանավոր, այսպես կոչված, «թուրինջից», և այդ աշխարհամասի էակները դրանից աննկարագրելի քանակությամբ խմում են միշտ և ամենուրեք:
Պետք է խոստովանել, որ իրենց այդ նշանավոր օրանժադն իրոք երբեմն շոգ եղանակին թարմացնում է նրանց, բայց մյուս կողմից՝ այսպես կոչված, ստամոքսի ու աղիքների «լորձաթաղանթների» վրա թողած իր ազդեցությամբ այդ խմիչքն այն բազմաթիվ գործոններից մեկն է, որոնք, միասին վերցրած, աստիճանաբար, թեև դանդաղ, բայց կատարելապես անդառնալիորեն ավերածություն են առաջացնում իրենց «ոչ պետքական» ու «անտեսվող» մի գործառույթում, որը կոչվում է «ստամոքսի մարսողական գործառույթ»:
Եվ այսպես, այդ նշանավոր օրանժադը ձեռքիս նստած հիշյալ ռեստորանում, ես դիտում էի անցորդներին այն հույսով, որ նրանց մեջ կտեսնեմ իմ սպասած միստրին, միաժամանակ նայում էի ռեստորանում իմ շուրջը եղած առարկաներին:
Սեղանի վրա, որի մոտ նստած էի, այլ բաների շարքում ես տեսա այդ ռեստորանի, այսպես կոչված, «կերակրացանկը»:
Քո այդ մոլորակում «կերակրացանկ» են անվանում այն թուղթը, որի վրա գրված են տարատեսակ կերակուրների ու խմիչքների անուններ, որոնք կան տվյալ ռեստորանում:
Այդ թղթի բովանդակությունը կարդալիս, իմիջիայլոց, ես նկատեցի, որ այդ օրը այդտեղ կարելի էր պատվիրել ոչ պակաս քան յոթանասունութ տարբեր կերակուրներ:
Դա ինձ զարմացրեց, և ես հետաքրքրվեցի, թե իրենց խոհանոցում այդ ի՞նչ չափսերի օջախ պետք է ունենան այդ ամերիկացիները, որ կարողանան ընդամենը մեկ օրվա ընթացքում պատրաստել յոթանասունութ տարբեր տեսակի կերակուրներ:
Ասեմ նաև, որ ես այնտեղ եղել եմ բոլոր աշխարհամասերում և հյուրընկալվել տարբեր կաստաների պատկանող շատ էակների կողմից:
Ես նաև իմ սեփական կացարաններում եմ անհաշիվ անգամ տեսել, թե ինչպես են կերակուր եփում: Այնպես որ արդեն քիչ թե շատ գիտեի, որ մի կերակուր եփելու համար պահանջվում է ամենաքիչը երկու-երեք կաթսա. և անմիջապես հաշվեցի, որ իրենց խոհանոցում յոթանասունութ տեսակի կերակուր պատրաստելու համար այդ ամերիկացիներն, իհարկե, ձեռքի տակ պետք է ունենան մոտավորապես երեք հարյուր կաթսա ու թավա:
Ուստի իմ գլխում միտք ծագեց անձամբ գնալ և տեսնել, թե ինչպես է հնարավոր մի օջախի վրա տեղավորել երեք հարյուր կաթսա. դրա համար որոշեցի, այսպես կոչված, «լավ թեյավճար» տալ ինձ օրանժադ բերած մատուցողին, որպեսզի ինձ թույլատրեն սեփական աչքերով տեսնել ռեստորանի խոհանոցը:
Մատուցողն այդ գործն ինչ-որ կերպ դասավորեց, և ես մտա խոհանոց:
Երբ ես այնտեղ հայտնվեցի, ի՞նչ ես կարծում... Ի՞նչպիսի տեսարան բացվեց իմ առաջ... Հարյուրավոր կաթսաներով ու թավաներով բեռնված վառարա՞ն...
Ոչ մի նման բան:
Ես միայն մի փոքրիկ, այսպես կոչված, «գազօջախ» տեսա՝ այնպիսին, ինչպիսին ունենում են, այսպես կոչված, «ծեր ամուրիներն» ու «մարդատյաց աղջիկները», այսինքն` «բոլորովին անպետք պառաված օրիորդները»:
Այդ «պստլիկ գազօջախի» մոտ նստած էր «շոտլանդական ծագումով» չափազանց հաստլիկ խոհարարը և թերթ էր կարդում, ինչն անբաժան է ամեն մի ամերիկացուց. կարծես թե «Թայմս» էր ձեռքին:
Ես զարմացական հայացքս պտտեցրի չորս կողմ, անգամ այդ խոհարարի ծոծրակը զննեցի:
Քանի դեռ այդպես նայում էի, ռեստորանի սրահից խոհանոց մտավ մատուցողը և իր յուրահատուկ անգլերենով մի բավականին բարդ կերակուրի անուն ասաց հաստավիզ խոհարարին:
Պետք է ասեմ, որ այդ դժվարահունչ կերակուրը պատվիրող մատուցողի ակցենտից ես գլխի ընկա նաև, որ նա բոլորվին վերջերս է Եվրոպա աշխարհամասից եկել՝ ակներևաբար երազելով գրպանները լցնել ամերիկյան դոլարներով, այսինքն՝ այն նույն երազանքով, որն իրոք ունենում է երբևէ Ամերիկայում չեղած ամեն մի եվրոպացի, և որը հիմա Եվրոպայում ոչ մեկին չի թողնում հանգիստ քնել:
Երբ «ամերիկյան մուլտիմիլիոնատիրոջ» այդ հավակնորդը հաստավիզ խոհարարին պատվիրեց վերոհիշյալ ընտիր կերակուրը, վերջինս անշտապ ու ծանրորեն տեղից վեր կացավ և ամենից առաջ ձեռքը մեկնեց պատից կախված «ամուրիական թավայի» կողմը:
Այնուհետև վառեց իր «թզուկական գազօջախը», թավան տեղավորեց դրա վրա և նույնպիսի ծանրաշարժությամբ մոտեցավ բազմաթիվ պահարաններից մեկին. այնտեղից ինչ-որ պահածոյի տուփ հանեց, բաց արեց և դրա պարունակությունը շուռ տվեց հիշյալ թավայի մեջ:
Դրանից հետո նույն ձևով մոտեցավ մի ուրիշ պահարանի և մի ուրիշ պահածոյի տուփ հանեց. բայց այս անգամ թավայի մեջ լցրեց դրա պարունակության միայն մի փոքր մասը և, խառնելով ստացված զանգվածը, զգուշորեն այդ ամենը լցրեց սեղանի վրա դրված ափսեի մեջ. այնուհետև կրկին նստեց իր նախկին տեղը և շարունակեց թերթի ընդհատված ընթերցանությունը:
Այդ «ընտիր կերակուրը» պատվիրող մատուցողը շուտով վերադարձավ խոհանոց՝ ձեռքին ունենալով շատ մեծ, այսպես կոչված, «պղնձյա սկուտեղ», որի վրա արդեն մեծ քանակությամբ սնամեջ մետաղի կտորներ կային, որոնց պղնձյա դանակներ ու պատառաքաղներ են ասում. նա այդ տարօրինակ ճաշատեսակը դրեց հիշյալ սկուտեղի վրա և տարավ ռեստորանի սրահը:
Երբ վերադարձա և նստեցի սեղանիս մոտ, ինձնից ոչ շատ հեռու տեսա մի միստրի, որը, շուրթերը ծպծպացնելով, ուտում էր հենց այն կերակուրը, որի պատրաստմանն ինձ վիճակվեց ականատես լինել:
Պատուհանից փողոցի կողմը նայելով՝ ես վերջապես ամբոխի մեջ տեսա այն միստրին, որին սպասում էի, և անմիջապես հաշիվը փակելով` դուրս եկա ռեստորանից:
Իսկ հիմա, զավակս, պահպանելով մեր սիրելի ուսուցչի մտածելակերպը, երևի թե արժե քեզ մի փոքր պատմել նաև այդ ամերիկացիների «խոսակցական լեզվի» մասին:
Հարկ է, որ իմանաս, որ մինչև այդ աշխարհամաս մուտք գործելս ես արդեն կարողանում էի խոսել այդ աշխարհամասի էակների լեզով՝ այսպես կոչված, «անգլերեն»:
Սակայն այդ Հյուսիսային Ամերիկայի գլխավոր քաղաքը հասնելուս հենց առաջին օրվանից սկսած, ես արդեն մեծ անհարմարություններ էի զգում իմ «խոսակցական հաղորդակցության» ժամանակ, քանի որ, ինչպես պարզվեց, թեև այդ էակներն իրար հետ հաղորդակցվում են անգլերենով, բայց նրանց անգլերենը բավականին առանձնահատկություններ ունի և, հիրավի, միանգամայն յուրահատուկ է:
Այդպիսով, այդ անհարմարությունը զգալով, ես որոշեցի սերտել նաև նրանց այդ յուրահատուկ «խոսակցական անգլերենը»:
Այնտեղ հասնելուս երրորդ օրը, իմ նոր ծանոթ միստրի մոտ գնալու ճանապարհին, որին հատուկ էի այցելում, որպեսզի ինձ համար այդ «անգլերենի» ուսուցիչ ճարի, հանկարծ երկնքում լուսարձակներով արտացոլված «ամերիկյան գովազդ» տեսա, որում գրված էր.

ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ Մ-Ր. ՉԱՏԵՐԼԻՑԻ ՄԵԹՈԴՈՎ
293-րդ Հյուսիսային փողոց, 13

Նշված էին նաև ուսուցանվող լեզուներն ու դրանց ժամկետները. մասնավորապես, այդ «ամերիկյան ագլերենի» վերաբերյալ ասվում էր, որ այն կարելի է յուրացնել հինգ րոպեից մինչև քսանչորս ժամվա ընթացքում:
Սկզբում ոչինչ չկարողացա հասկանալ, այնուհանդերձ որոշեցի հաջորդ առավոտյան գնալ նշված հասցեով:
Երբ հաջորդ օրը գտա այդ միստր Չատերլիցին, նա ինձ անձամբ ընդունեց և լսելով, որ ուզում եմ իր մեթոդով ուսումնասիրել «ամերիկյան անգլերենը», նախ և առաջ ինձ բացատրեց, որ իր մեթոդով այդ լեզուն կարելի է սովորել երեք տարբեր ձևերով, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է յուրահատուկ պահանջների:
«Առաջին ձևը,– ասաց նա,– այն մարդու խոսակցական լեզուն է, որն ստիպված է մեզ մոտ վաստակել մեր ամերիկյան դոլարներից:
Երկրորդ ձևն այն մարդու համար է, որը թեև մեր դոլարների կարիքը չունի, այնուամենայնիվ զբաղվում է դոլարային բիզնեսով և, բացի այդ, ուզում է, որ աշխարհիկ հարաբերությունների ընթացքում մեր ամերիկացիները կարծեն, թե ինքը ոչ թե պատահական «ինչ-որ մեկն» է, այլ անգլիական դաստիարակություն ստացած իսկական «ջենտլմեն»:
Իսկ ինչ վերաբերում է ամերիկյան անգլերենի երրորդ ձևին, ապա դրան պետք է տիրապետի յուրաքանչյուր ոք, ով ուզում է ամեն տեղ և ցանկացած ժամանակ շոտլանդական վիսկի ճարել»:
Քանի որ նրա ուսուցանման համակարգի երկրորդ ձևի տևողությունն ամենահարմարն էր ինձ համար, ես որոշեցի նրան անմիջապես վճարել պահանջվող դոլարները, որպեսզի իմանամ այդ համակարգի գաղտնիքը:
Երբ պահանջվող դոլարները վճարեցի, և նա արտաքինից կատարելապես անտարբեր, բայց իրականում քո այդ մոլորակի բոլոր էակներին արդեն բնորոշ դարձած ագահությամբ իմ տված դոլարները տեղավորեց գրպանում, ինձ բացատրեց, որ երկրորդ ձևը սովորելու համար հարկավոր է հիշել միայն հինգ բառ՝
1.      maybe (գուցե, կարող է պատահել),
2.      perhaps (հնարավոր է,),
3.      tomorrow (վաղը),
4.      oh, I see (հա, հասկացա),
5.      all right (հրաշալի է):
Նաև ավելացրեց, որ եթե վիճակվի զրուցել մեկ կամ մի քանի միստրների հետ, ապա պետք է ժամանակ առ ժամանակ արտասանեմ այդ հինգ բառերից ցանակացածը:
«Այդքանը միանգամայն բավարար կլինի,– ասաց նա,– որ ամեն ոք համոզվի, որ նախ՝ դուք հրաշալի տիրապետում եք անգլերենին, և երկրորդ՝ որ դուք դոլարային բիզնեսում սկսնակ չեք»:
Թեև հարգարժան Չատերլիցի համակարգը շատ յուրօրինակ էր և գովեստի արժանի, այնուամենայնիվ գործնականում այն կիրառելու ոչ մի առիթ չունեցա:
Իսկ առիթ չեղավ այն պատճառով, որ հաջորդ օրը պատահաբար փողոցում հանդիպեցի իմ հին ծանոթին՝ Եվրոպայից եկած, այսպես կոչված, «խմբագրին», որը մեր զրույցի ընթացքում ինձ վստահեց ամերիկյան լեզվի ավելի կատարյալ մի գաղտնիք:
«Գտե՞ք ինչ, իմ սիրելի դոկտոր, քանի որ դուք այնտեղի իմ թերթի բաժանորդն եք, ապա չեմ կարող ձեզ համար չբացել այստեղի լեզվի գատնիքներից մեկը»:
Այնուհետև նա ասաց.
«Ծանոթ լինելով մեր եվրոպական մի քանի լեզուներին՝ դուք կարող եք իմ այս գաղտնիքը կիրառել և կատարելապես տիրապետել այստեղի լեզվին և իրոք խոսել ամեն ինչի մասին, և ոչ թե ուրիշներին ստիպել, որ կարծեն, թե դուք տիրապետում եք անգլերենին, որի համար, չեմ ժխտում, Չատերլիցի համակարգն իսկապես հրաշալի է գործում»:
Հետո նա բացատրեց, որ եթե արտաբերեմ եվրոպական որևէ լեզվի պատկանող որևէ բառ և միաժամանակ երևակայեմ, թե բերանիս մեջ տաք-տաք կարտոֆիլ կա, ապա արդյունքում կստացվի անգլերեն լեզվի որևէ բառ:
Իսկ եթե միաժամանակ պատկերացնեմ նաև, որ տաք-տաք լինելուց բացի այդ կարտոֆիլի վրա նաև ծեծած «կարմիր պղպեղ» է շաղ տված, ապա իմ առոգանությունը կատարելապես կհամընկնի ամերիկյան անգլերենի առոգանությանը:
Դրանից բացի, նա ինձ խորհուրդ տվեց, որ չամաչեմ եվրոպական լեզուներից բառեր ընտրելուց, քանի որ անգլերենն ընդհանրապես գոյացել է համարյա բոլոր եվրոպական լեզուների պատահական խառնուրդից, և քանի որ այդ լեզուն ամեն մի պարզ հասկացության համար մի քանի բառ ունի, ապա դրա արդյունքում «դուք միշտ կգտնեք հարկ եղած բառը»:
«Իսկ եթե հանկարծ արտաբերեք մի այնպիսի բառ, որն այդ լեզվում լրիվ բացակայում է, ապա մեծ դժբախտություն չի լինի, քանի որ վատագույն դեպքում ձեր զրուցակիցը կմտածի, թե ուղղակի ինքը չգիտի այդ բառը:
Այն ամենը, ինչ պետք է անեք, մշտապես տաք-տաք կարտոֆիլի մասին հիշելն է, և... էլ չարժե «գլուխ ցավեցնել» այդ հարցով:
Վստահեցնում եմ, որ այդ գաղտնիքը կաշխատի, և առանց վախի կարող եմ ասել, որ եթե իմ խորհրդին ճշտորեն հետևելու դեպքում ձեր «լեզուն» այստեղ կատարյալ չհամարվի, ապա կարող եք հրաժարվել իմ թերթի բաժանորդը լինելուց»:
Մի քանի օր հետո ինձ հարկ եղավ գնալ Չիկագո քաղաքը:
Իր մեծությամբ դա այդ աշխարհամասի երկրորդ քաղաքն է և, այսպես ասած, «Հյուսիսային Ամերիկայի» երկրորդ գլխավոր քաղաքը:
Ինձ ճանապարհ դնելիս իմ նյույորքյան ծանոթ միստրը երաշխավորական նամակ տվեց ինձ, որ հանձնեմ Չիկագոյում ապրող մի ուրիշ միստրի:
Չիկագո քաղաքը հասնելուն պես ես ուղիղ գնացի հիշյալ միստրի մոտ:
Չիկագոցի այդ միստրը բավական սիրալիր ու քաղաքավարիդուրս եկավ:
Նրան կոչում էին «միստր Բելիբատոն»:
Այդ սիրալիր ու քաղաքավարի միստր Բելիբատոնը նույն օրվա երեկոյան ինձ առաջարկեց միասին գնալ իր ինչ-որ ընկերների տունը, որպեսզի ես, իր խոսքով ասած, «չձանձրանամ» օտար քաղաքում:
Ես իհարկե համաձայնեցի:
Տեղ հասնելով` մենք այնտեղ գտանք բավական մեծ թվով երիտասարդ ամերիկացի էակների՝ մեզ նման հյուրերի:
Բոլոր հյուրերը չափազանց ուրախ էին և բավականին «գինովցած»:
Նրանք հերթով «ծիծաղաշարժ պատմություններ» էին պատմում, և դրանց առաջացրած ծիծաղը սենյակում կախվում էր այն օրերի ծխի պես, երբ ամերիկյան «հոթ դոգ» արտադրող ամերիկյան գործարանների ծնելույզների վերևում փչում է հարավային քամին:
Քանի որ ծիծաղաշարժ պատմություններն ինձ էլ են գրավում, ապա Չիկագոյում անցկացրած իմ առաջին երեկոն իսկապես շատ ուրախ անցավ:
Այդ ամենը միանգամայն խելամիտ ու շատ հաճելի կարող էր լինել, եթե այդ առաջին երեկոյի ընթացքում լսածս պատմությունները մի «առանձնահատկություն» չունենային, որն ինձ շատ զարմացրեց ու շփոթմունքի մեջ գցեց:
Այն է՝ ինձ զարմացրեց դրանց, այսպես կոչված, «երկիմաստությունն» ու «անպատկառությունը»:
Այդ պատմությունների երկիմաստությունն ու անպատկառությունն այն աստիճանի էին, որ դրանց ամերիկացի հեղինակներից յուրաքանչյուրը կարող էր մի դյուժին միավորներով առաջ անցնել «Բոկաչչոյից», որի անունը լավ հայտնի է Երկիր մոլորակում:
Բոկաչչոն այն հեղինակի անունն է, որը Երկրի էակների համար «Դեկամերոն» անունով գիրք է գրել. այն լայնորեն այնտեղ ընթերցվում է նաև հիմա և բոլոր աշխարհամասերի համարյա բոլոր հանրություններում բազմացող ժամանակակից էակների սիրելի գիրքն է:
Հաջորդ օրը, նույնպես երեկոյան, այդ սիրալիր միստր Բելիբատոնը կրկին ինձ տարավ իր ընկերների մի ուրիշ խմբի հյուր:
Այստեղ նույնպես շատ ամերիկացի երիտասարդ էակներ կային՝ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, որոնք նստոտել էին շատ մեծ սենյակի տարբեր անկյուններում և խաղաղ ու անվրդով զրուցում էին:
Երբ մենք էլ նստեցինք, շուտով ինձ մոտեցավ մի լավիկ ջահել ամերիկուհի, նստեց իմ կողքին և սկսեց լեզվին տալ:
Ես արձագանքում էի այնտեղ ընդունված կարգով, և մենք շատախոսեցինք ամեն ինչի մասին, ընդ որում, իմիջիայլոց, նա ինձ շատ հարցեր էր տալիս Փարիզ քաղաքի վերաբերյալ:
Զրույցի կեսից այդ ամերիկացի, ինչպես իրենք են ասում, «երիտասարդ լեդին» հանկարծ, առանց որևէ տեսանելի պատճառի, սկսեց շոյել իմ վիզը:
Ես անմիջապես մտածեցի. «Որքա՜ն բարեհոգի է... Նա, իհարկե, վզիս վրա «ոջիլ» է նկատել, և հիմա վզիս այդ մասը շոյում է, որպեսզի գրգիռն անցնի»:
Բայց երբ շուտով նկատեցի, որ ներկա եղող բոլոր ամերիկացի երիտասարդ էակները նմանապես շոյում են մեկը մյուսին, շատ զարմացա և չկարողացա հասկանալ, թե բանն ինչ է:
«Ոջիլի» մասին իմ առաջին ենթադրությունն արդեն տեղին չէր, քանի որ դժվար էր ենթադրել, թե բոլորի վզերին ոջիլ կա:
Ես սկսեցի մտորել և, որքան էլ ջանացի, ոչ մի բացատրություն չգտա:
Միայն հետո, երբ տնից դուրս էինք եկել և արդեն փողոցում էինք, ես միստր Բելիբատոնին խնդրեցի ինձ բացատրել այդ առեղծվածը: Նա անմիջապես սկսեց քրքջալ անզուսպ ծիծաղով և ինձ անվանեց «միամիտ գեղցի»: Այնուհետև մի փոքր հանգստանալուց հետո նա ասաց.
«Ա՜յ թե տարօրինակն եք. չէ՞ որ մենք քիչ առաջ ներկա էինք զույգերի գրկախառնվելու ու պաչպչվելու երեկույթին»:
Հետո, շարունակելով ծիծաղել իմ միամտության վրա, նա բացատրեց, որ նախորդ օրը նույնպես երեկույթ էր, բայց՝ «անեկդոտների երեկույթ»:
«Իսկ վաղը,– շարունակեց նա,– ես պատրաստվում եմ ձեզ տանել «լոգանքի երեկույթի», որտեղ երիտասարդները միասին լոգանք են ընդունում, իհարկե, հատուկ լողազգեստներ հագած»:
Տեսնելով, որ իմ դեմքին դեռևս զարմանք ու տարակուսանք կա, նա ասաց.
«Բայց եթե ձեզ ինչ-որ պատճառով դուր չեն գալիս այդպիսի «անհամ զվարճությունները», ապա մենք կարող ենք գնալ և մասնակցել այնպիսի զվարճությունների, որոնք ոչ բոլորին են մատչելի: Այստեղ այդպիսի շատ «ընկերություններ» կան, և ես դրանցից մի քանիսի անդամ եմ: Այդ երեկույթների ժամանակ, որոնք ոչ բոլորի համար են բաց, մենք կարող ենք, եթե ուզում եք, ավելի «շոշափելի» բաների հասնել»:
Սակայն ես չօգտվեցի այդ հաճոյակատար ու չափազանց «դուրեկան» միստր Բելիբատոնի սիրալիրությունից, քանի որ հաջորդ առավոտյան մի հեռագիր ստացա, որն ինձ ստիպեց վերադառնալ Նյու-Յորք»:
Իր պատմության այս մասում Բեհեղզեբուղը հանկարծ մտորումների մեջ ընկավ: Երկարատև լռությունից հետո նա խոր թառանչ արձակեց և շարունակեց պատմել.
«Հաջորդ օրը ես չմեկնեցի առավոտյան գնացքով, ինչպես որոշել էի հեռագիրը ստանալուց հետո, այլ մեկնելս հետաձգեցի մինչև երեկոյան գնացքի ժամը:
Քանի որ մեկնելս հետաձգելու պատճառը կարող է լավագույնս քեզ ցուցադրել այն չարիքը, որն այդ ամերիկացի էակների մի գյուտի արդյունքն է, որը շատ լայն տարածում է գտել ամբողջ մոլորակում և քո այդ դժբախտ մոլորակի մնացած բոլոր եռուղեղ էակների, այսպես ասած, «հոգեկառույցների շարունակական այլասերման» գլխավոր պատճառներից մեկն է, ապա ես այդ մասին կպատմեմ մի փոքր ավելի մանրամասն:
Այդ աշխարհամասի էակների հենց այդ վնասակար գյուտը, որը հիմա ուզում եմ պարզաբանել քեզ համար, ոչ միայն քո այդ դժբախտ մոլորակում բազմացող բոլոր եռուղեղ էակների հոգեկառույցների ավելի շատ «այլասերման» տեմպի արագացման պատճառն էր, այլև եղել է ու մնում է այն բանի պատճառը, որ մյուս բոլոր աշխարհամասերի ժամանակակից էակների մոտ արդեն ամբողովին ավերվել է մի լինելիական գործառույթ, որից հարկ է, որ ունենան բոլոր եռուղեղ էակները, և այն միակ գործառույթն է, որը մինչև վերջին հարյուրամյակը դեռևս ծագում էր նրանց ներկայություններում. խոսքս վերաբերում է այն լինելիական գործառույթին, որն ամենուրեք կոչվում է «իրականության նկատմամբ հավատի առողջ բնազդ»:
Ամեն մի եռուղեղ էակի համար խիստ անհրաժեշտ այդ գործառույթի փոխարեն աստիճանաբար բյուրեղացվել է մի ուրիշ հատուկ, միանգամայն որոշակի գործառույթ, որն իր կրողին ստիպում է մշտապես կասկածել ամեն ինչին:
Այդ վնասակար գյուտը կոչվում է «գովազդ»:
Որպեսզի մնացած ասելիքս ավելի հասկանալի լինի, ես պետք է նախ պատմեմ քեզ, որ մի անգամ, Ամերիկա մեկնելուց մի քանի տարի առաջ, երբ ճանապարհորդում էի Եվրոպա աշխարհամասում, մի քանի գիրք գնեցի գնացքում կարդալու համար, որպեսզի կարճեմ սպասվելիք երկար ու հոգնեցուցիչ ճանապարհը: Գրքերից մեկում, որի հեղինակն այնտեղ շատ հայտնի մի գրող էր, ես հոդված կարդացի այդ Ամերիկայի մասին, որում շատ էր խոսվում այդ նույն Չիկագո քաղաքի, այսպես կոչված,  «սպանդանոցների» մասին:
Այնտեղ «սպանդանոց» են անվանում այն հատուկ վայրը, որտեղ երկրային եռուղեղ էակները վերջ են տալիս այլ արտաքին տեսք ունեցող տարբեր էակների գոյությանը, քանի որ սովորություն ունեն դրանց մոլորակային մարմիններն օգտագործել որպես առաջին լինելիական սնունդ՝ կրկին իրենց սովորական լինելիական գոյատևման  աննորմալ ձևով հաստատված պայմանների պատճառով:
Դեռ ավելին, իրենց այդ գործողությունը կատարելով հատուկ հաստատություններում, նրանք նույնիսկ ասում ու երևակայում են, թե դա անում են անհրաժեշտությունից դրդված և, այսպես ասած, կատարելապես, ինչպես իրենք են ասում, «մարդասիրաբար»:
Հիշյալ ժամանակակից երկրային շատ հայտնի գրողը՝ այդ գրքի հեղինակը, հիացմունքով, որպես «ականատես», նկարագրում էր այդ նույն Չիկագո քաղաքի՝ իր կարծիքով հիանալի կազմակերպված սպանդանոցը:
Նա նկարագրում էր դրա զանազան մեքենաների կատարելությունն ու արտակարգ մաքրությունը: Ոչ միայն, գրում էր նա, այդ ուրիշ տեսակի էակների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն է այդ սպանդանոցում հասնում «աստվածայնության» աստիճանի, այլև մեքենաներն այնքան կատարյալ են, որ համարյա այնպես է ստացվում, որ ցուլին մի դռնից մտցնում են, և ընդամենը տասը րոպե անց հաստատության մյուս ծայրում գտնվող դռնից, եթե ուզում եք, կարող եք ստանալ ուտելու համար արդեն պատրաստ տաք նրբերշիկներ: Վերջում նա հատուկ ընդգծում էր, որ այդ ամենը կատարվում է բացառապես միայն «ժամանակակից» մեքենաներով՝ առանց մարդու ձեռքի մասնակցության, ինչի հետևանքով, ինչպես նա էր պնդում, այնտեղ ամեն ինչն այնքան մաքուր ու հավաք է, որ դրանից ավելի մաքուր ու հավաք դժվար է պատկերացնել:
Այդ գիրքը կարդալուցս մի քանի տարի անց ինձ վիճակվեց այդ չիկագոյական սպանդանոցի մասին կրկին կարդալ համարյա նույն բանը՝ այս անգամ նույնքան լուրջ ռուսական ամսագրի էջերում, որտեղ նմանապես գովաբանվում էր այդ սպանդանոցը:
Եվ հետո այդ չիկագոյական սպանդանոցի մասին լսեցի հարյուրավոր տարբեր էակներից, որոնք իբր իրենց նկարագրած հրաշքների ականատեսներն էին եղել:
Կարճ ասած, դեռևս նախքան Չիկագո հասնելս ես արդեն լիովին համոզված էի, որ այդտեղ Երկրում իր նախադեպը չունեցող մի «հրաշք» կա:
Այստեղ պետք է հիշեցնեմ, որ ինձ միշտ հետաքրքրում էին նրանց այդ հաստատությունները՝ հենց այն վայրերը, որոնցում քո սիրելիները վերջ են տալիս տարբեր արտաքին տեսք ունեցող երկրային էակների գոյությանը. դեռ ավելին, այն ժամանակից սկսած, երբ ես Մարսի վրա կազմակերպեցի իմ աստղադիտարանը և պետք է գործ ունենայի դրա համար անհրաժեշտ զանազան մեքենաների հետ, ես միշտ և ամենուրեք շատ էի հետաքրքրվում նաև ուրիշ ամեն տեսակի մեքենաներով:
Այդպիսով, երբ ինձ վիճակվեց լինել հենց այդ Չիկագո քաղաքում, ես մտածեցի, որ իմ կողմից աններելի արարք կլինի, եթե չօգտվեմ առիթից և չտեսնեմ այդ նշանավոր «չիկագոյական սպանդանոցը»: Եվ ահա այն օրվա առավոտյան, երբ պետք է հեռանայի այդ քաղաքից, ես որոշեցի չիկագոցի իմ նոր ծանոթներից մեկի ուղեկցությամբ գնալ և տեսնել քո սիրելիների այդ հազվագյուտ կառույցը:
Երբ տեղ հասանք, գլխավոր տնօրենի օգնականներից մեկի խորհրդով մենք որպես ուղեկցորդ ընտրեցինք այնտեղի բանկի ծառայողներից մեկին, որը կապ ուներ այդ սպանդանոցի հետ, և նրա հետ միասին մտանք սպանդանոցը տեսնելու:
Վերջինիս ուղեկցությամբ մենք նախ անցանք այն տեղով, որտեղ այդ դժբախտ չորքոտանի էակներին բերում և պահում են նախքան մորթելը:
Այդ տեղը ոչնչով չէր տարբերվում քո այդ մոլորակում եղած բոլոր նմանատիպ հաստատություններից՝ այն տարբերությամբ, որ այստեղ այն անհամեմատ ավելի մեծ տարածք էր զբաղեցնում: Մյուս կողմից՝ այն անհամեմատ ավելի կեղտոտ էր, քան նախկինում ուրիշ երկրներում տեսածս սպանդանոցները:
Այնուհետև մենք անցանք ևս մի քանի, այսպես կոչված, «օժանդակ շինություններով»: Դրանցից մեկը պատրաստի մսի «սառնարանային պահեստն էր», մյուսը նախատեսված էր ուղղակի մուրճի օգնությամբ չորքոտանի էակների կյանքին վերջ տալու և դրանց կաշիները քերթելու համար՝ կրկին ճիշտ այնպես, ինչպես սովորաբար արվում է ուրիշ սպանդանոցներում:
Իմիջայլոց, երբ անցնում էինք այդ վերջին օժանդակ շինությունով, հիշում եմ, որ մտածեցի՝ այս տեղը հավանաբար նախատեսված է հատուկ հրեաների համար նախատեսված կենդանիներ մորթելու համար, որոնք, ինչպես արդեն գիտեի, չորքոտանի էակներին սպանում են հատուկ եղանակով՝ համաձայն իրենց կրոնում նշված օրենքի:
Հիշյալ օժանդակ շինություններով անցնելը բավական երկար տևեց, և այդ ամբողջ ընթացքում ես սպասում էի այն պահին, երբ վերջապես կհասնենք այն բաժանմունքը, որի մասին շատ էի լսել և որոշել էի անպայման տեսնել:
Բայց երբ ուղեկցորդին հայտնեցի այդ բաժանմունքը հնարավորին չափ շուտ հասնելու իմ ցանկությունը, իմացա, որ մենք արդեն այդ նշանավոր չիկագոյական սպանդանոցում եղած ամեն ինչը տեսել ենք, և այլևս ոչ մի ուրիշ բաժանմունք չկա: Այդպիսով, սիրելի՛ զավակս, ես այնտեղ ոչ մի տեղ մեքենաներ չտեսա, եթե չհաշվենք ռելսերի վրայի վագոնները, որոնցից կան բոլոր սպանդանոցներում՝ մսեղիքը տեղափոխելու համար. իսկ ինչ վերաբերում է կեղտոտությանը, ապա այդ չիկագոյական սպանդանոցում ամենուրեք ինչքան ասես կեղտ կար սփռված:
Թիֆլիս քաղաքի սպանդանոցը, որը ես տեսել էի դրանից երկու տարի առաջ, իր մաքրությամբ ու կազմակերպվածությամբ շատ միավորներով առաջ էր Չիկագո քաղաքի այդ սպանդանոցից:
Օրինակ՝ Թիֆլիսի սպանդանոցում ոչ մի տեղ հատակին մի կաթիլ արյուն չէիր տեսնի, այն դեպքում, երբ չիկագոյական սպանդանոցում ամենուրեք ամեն քայլափոխի արյան ամբողջ լճակներ կային:
Ակներևաբար, ամերիկյան գործարարների ինչ-որ մի ընկերություն, որն ընդհանրապես զբաղվում է բիզնեսի ամեն մի բնագավառը «գովազդելու» գործով, պետք է գովազդեր նաև այդ չիկագոյական սպանդանոցը, որպեսզի դրա մասին մոլորակով մեկ իրականությանը բոլորվին չհամապատասխանող կեղծ պատկերացում տարածեր:
Ինչպես այնտեղ ընդհանրապես ընդունված է, նրանք, իհարկե, դոլարներ չեն խնայել նաև այդ դեպքում, և քանի որ ներկայիս, այսպես կոչված, «լրագրողների» ու «թղթակիցների» սրբազան «խղճի» լինելիական գործառույթը լրիվ հետաճ է ապրել, ապա այդ ամենի արդյունքում բոլոր աշխարհամասերում բազմացող քո բոլոր սիրելիների մոտ բյուրեղացել է հենց այդ որոշակի, հրեշավոր կերպով չափազանցված պատկերացումը Չիկագո քաղաքի սպանդանոցի վերաբերյալ:
Եվ իսկապես կարելի է ասել, որ նրանք այդ գործը կատարել են իսկական ամերիկյան ձևով:
Ամերիկա աշխարհամասի եռուղեղ էակներն այնպես են վարպետացել իրենց այդ գովազդային գործում, որ նրանց վերաբերյալ լիովին կարելի է կիրառել մեր սիրելի մոլլա Նասրեդինի մի ասույթը. «Միայն նա կարող է կճղակավորների ընկերը դառնալ, ով այնքան կկատարելագործի իր բանականությունն ու լինելիությունը, որ կարողանա լուն ուղտ սարքել»:
Իսկապես, նրանք այնքան են հմտացել «լուն ուղտ սարքելու» գործում և այնքան հաճախ են դա անում, որ արդեն ներկա ժամանակներում իսկական ամերիկյան ուղտ տեսնելիս մարդ «իր ողջ էությամբ պետք է ուշքը գլխին պահի», որպեսզի այն տպավորությունը չստանա, թե իր տեսածն ընդամենը լու է:
Չիկագոյից ես կրկին վերադարձա Նյու-Յորք, և քանի որ իմ բոլոր պլանները, որոնց իրականացման համար ես եկել էի այդ աշխարհամասը, այն ժամանակ անսպասելի արագ և բավական հաջող իրականացան, նաև տեսնելով, որ շրջակա հանգամանքներն ու այդ քաղաքի եռուղեղ էակների սովորական գոյատևման պայմանները համապատասխանում են նրան, ինչ պետք էր իմ պարբերական լիակատար հանգստի համար, որն ինձ համար սովորական էր դարձել քո այդ մոլորակի մակերևույթին վերջին անգամ անձնապես գտնվելու ընթացքում, ես որոշեցի մնալ այդտեղ և այդ էակների հետ ուղղակի գոյատևել իմ ներսում անխուսափելիորեն ընթացող լինելիական նմանազգացություններին համապատասխան:
Հիշյալ եղանակով գոյատևելով արարածներիայդ մեծ ժամանակակից խմբավորման կենտրոնական վայրում և տարբեր առիթներով հաղորդակցվելով նրանց մեջ եղած զանազան տիպերի հետ՝ ես հենց այդ ժամանակ,առանց որևէ նախնական մտադրության, այլ միայն, այսպես ասած, «ընթացքում» իմ վիճակագրական նյութերը հավաքելու արդեն ձեռք բերած սովորությանս շնորհիվ, որոնք, ինչպես արդեն ասել եմ քեզ, հավաքում էի վերջին անգամ քո սիրելիների միջավայրում անձամբ լինելուս ողջ ընթացքում՝ գլխավորապես նպատակ ունենալով համեմատել, թե որքան են տարածված բոլոր հիվանդություններն ու բոլոր արտառոց, այսպես կոչված, «լինելիական սուբյեկտիվ արատները» էակների տարբեր խմբավորումներում, ես արձանագրեցի մի փաստ, որն ինձ շատ հետաքրքրեց. այն է՝ այնտեղ իմ հանդիպած եռուղեղ էակների կեսից ավելիի ընդհանուր ներկայություններում առաջին լինելիական սննդի փոխակերպության տեղի ունեցող գործառույթն աններդաշնակացված է, այսինքն, ինչպես հենց իրենք կասեին, նրանց մարսողական օրգանները փչացած են, և նրանց համարյա քառորդ մասն ունեն կամ հավակնում են ունենալու այդ էակներին բնորոշ այն հիվանդությունը, որն իրենք «իմպոտենցիա» են անվանում, և որի հետևանքով քո այդ մոլորակի բավական մեծ քանակությամբ ժամանակակից էակներ ընդմիշտ զրկված են իրենց ցեղը շարունակելու հնարավորությունից:
Երբ պատահաբար արձանագրեցի այդ փաստը, իմ ներսում մեջ հետաքրքրություն ծագեց հատկապես այդ նոր խմբավորման էակների նկատմամբ, ուստիև փոխեցի նրանց հետ գոյատևելու նախկինում իմ նախատեսած կերպը և իմ անձնական հանգստի ժամանակի կեսը հատկացրի ինձ համար տարօրինակ և նրանց համար ողբալի այդ փաստի պատճառների դիտմանն ու հետազոտմանը: Այդ նպատակը հետապնդելուս ընթացքում ես նույնիսկ, առիթից օգտվելով, այցելեցի այդ նոր ժամանակակից խմբավորման էակների տարբեր գավառական բնակավայրեր. դրանցից ոչ մեկում երկու օրից ավելի չմնացի, բացառությամբ «Բոստոն» քաղաքի, կամ, ինչպես իրենք են երբեմն կոչում, «այն մարդկանց քաղաքի, որոնք խուսափել են ռասայական այլասերվածությունից»: Այդտեղ ես մնացի մի ամբողջ շաբաթ:
Եվ ահա, իմ դիտումների ու վիճակագրական հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ վերը նշված երկու հիվանդությունները, որոնք հայտնի չափերով տարածված են ընդհանրապես բոլոր աշխարհամասերում բազմացող ժամանակակից էակների միջավայրերում, այդ աշխարհամասում այնքան չափից դուրս են տարածված, որ դրանց վերահաս հետևանքներն ինձ համար անմիջապես ակնհայտ դարձան. այն է՝ եթե այդտեղ դրանք շարունակեն տարածվել նույն արագությամբ, ապա քո հետաքրքրությունը շարժած եռուղեղ էակների այդ ժամանակակից մեծ ու անկախ խմբավորումը կարժանանա նույն ճակատագրին, որին ոչ վաղ անցյալում արժանացել է այն մեծ հանրությունը, որին «միապետական Ռուսաստան» էին կոչում, այսինքն՝ այդ նոր խմբավորումը նույնպես կոչնչանա:
Ոչնչացումը կտարբերվի սոսկ բուն գործընթացով: «Միապետական Ռուսաստանի» ոչնչացման գործընթացը տեղի ունեցավ այնտեղի, այսպես կոչված, իշխանավոր էակների բանականության աննորմալությունների հետևանքով, այն դեպքում, երբ այդ Ամերիկայի հանրության ոչնչացման գործընթացը տեղի կունենա օրգանական աննորմալությունների հետևանքով: Այլ կերպ ասած՝ առաջին հանրության «մահը» տեղի ունեցավ, ինչպես ասում են, «իրենց խելքից», իսկ երկրորդի մահը վրա կհասնի այդ հանրության էակների «ստամոքսից ու սեքսից»:
Բանն այն է, որ արդեն վաղուց է հաստատվել, որ ընդհանրապես քո այդ մոլորակի եռուղեղ էակների երկարաժամկետ գոյատևման հնարավորությունը ներկայումս կախված է բացառապես այդ երկու վերոհիշյալ լինելիական գործառույթների նորմալ գործունեությունից, այն է՝ նրանց, ինչպես իրենք են ասում, «մարսողությունից» և «սեռական օրգանների» գործունեությունից:
Բայց նրանց ընդհանուր ներկայության համար անհրաժեշտ հենց այդ երկու գործառույթներն են, որ ներկայումս գնում են լիակատար հետաճի ուղղությամբ, և դեռ ավելին՝ արագացված տեմպերով:
Այդ Ամերիկա կոչվող հանրությունը ներկայումս դեռ շատ երիտասարդ է. այն դեռևս, ինչպես քո այդ մոլորակում են ասում «թմբլիկ պստիկի» է նման:
Այսպիսով, եթե իրենց գոյատևման այդ երկու գլխավոր շարժիչ ուժերի նկատմամբ այդ դեռևս այդքան երիտասարդ էակները դեպի հետ են շեղվել, ապա իմ կարծիքով այդ դեպքում, ինչպես ընդհանրապես լինում է Մեգալակոսմոսում, կրկին Անսահմանին միախառնվելու նպատակով հետագա առաջխաղացման աստիճանը կախված կլինի սկզբնական ազդակից ստացած ուժերի ուղղությունից և աստիճանից:
Մեր Մեծ Մեգալակոսմոսում բանականությամբ օժտված բոլոր էակների համար նույնիսկ գործում է, այսպես ասած, օրենք, համաձայն որի՝ միշտ և ամենուրեք հատկապես պետք է զգուշանալ սկզբնական ազդակից, քանի որ էներգիա ձեռք բերելով` այն վերածվում է ուժի, որը Տիեզերքի ամբողջ գոյի հիմնական շարժիչն է և ամեն ինչը տանում է դեպի Ելակետային Լինելիություն»:
Պատմության այս մասում Բեհեղզեբուղին «լեյտուչանբրոս» բերեցին, որի բովանդակությանն ականջ դնելուց հետ նա կրկին շրջվեց Հասեինի կողմը և ասաց.
«Ես կարծում եմ, զավա՛կս, որ ընդհանրապես Երկրում ծնունդ առնող և քո հետաքրքրությունը շարժած եռուղեղ էակների հոգեկառույցի տարօրինակությունն առավել մանրամասն պատկերացնելու և հասկանալու առումով  քեզ համար ահագին օգտակար կլինի, եթե ես մի փոքր ավելի մանրամասն քեզ բացատրեմ այն պատճառները, որոնք ամերիկյան եռուղեղ էակների ընդհանուր ներկայություններում այդ երկու հիմնական գործառույթները դարձնում են աններդաշնակ:
Շարադրանքի հարմարության համար այդ երկու հիմնական գործառույթներից յուրաքանչյուրի աններդաշնակության պատճառները ես քեզ կբացատրեմ առանձին-առանձին և կսկսեմ նրանց առաջին լինելիական սննդի փոխակերպության գործառույթի աններդաշնակացման, կամ, ինչպես հենց իրենք կասեին, ստամոքսների փչացման պատճառները բացատրելուց:
Նրանց այդ գործառույթի աններդաշնակացման համար եղել են և հիմա նույնպես կան մի քանի որոշակի պատճառներ, որոնք հասկանալի են նույնիսկ սովորական նորմալ եռուղեղ էակների բանականության համար, բայց գլխավոր և հիմնական պատճառն այն է, որ նրանց հանրության կազմավորման հենց ամենասկզբից, աննորմալ ձևով կազմավորված իշխանությունից բխող ամեն տեսակի շրջակա պայմանների ու ազդեցությունների հետևանքով նրանք աստիճանաբար վարժվեցին, և հիմա արդեն վերջնականապես են վարժվել այն բանին, որ որպես առաջին լինելիական սննունդ երբեք բացարձակապես ոչ մի թարմ մթերք չեն օգտագործում, այլ օգտագործում են բացառապես արդեն քայքայված մթերքներ:
Ներկայումս այդ հանրության էակներն իրենց առաջին լինելիական սննդառության համար համարյա երբեք չեն օգտագործում որևէ ուտելիք, որը դեռևս իր մեջ պարունակում է բոլոր այն ակտիվ տարրերը, որոնք ամեն մի էակի մեջ մտցրել է Բուն Մեծ Բնությունը, և որոնք անհրաժեշտ են ներսում ուժեր կուտակելու և նորմալ գոյատևելու համար. դրա փոխարեն նրանք բոլոր այդ մթերքները նախապես «պահածոյացնում», «սառեցնում» և «առանձնացնում» են և դրանք օգտագործում միայն այն ժամանակ, երբ նորմալ գոյատևման համար անհրաժեշտ ակտիվ տարրերի մեծ մասն արդեն ցնդած է լինում:
Եվ այդ աննորմալությունը կայացել է քո հետաքրքրությունը շարժած եռուղեղ էակների, տվյալ դեպքում՝ այդ նոր խմբավորման էակների լինելիական գոյատևման սովորական գործընթացում և այնտեղ ամենուրեք շարունակում է տարածվել ու հաստատվել, իհարկե, նաև այն բանի հետևանքով, որ այն ժամանակից սկսած, երբ նրանք՝ քո այդ մոլորակի ընդհանրապես բոլոր եռուղեղ էակները, դադարեցին իրենց ներսում պարտադիր լինելիական ջանքեր գործադրել, նրանց ընդհանուր ներկայություններում աստիճանաբար ի չիք դարձավ այն լինելիական նախադրյալների բյուրեղացման հնարավորությունը, որոնց շնորհիվ, նույնիսկ ճշմարիտ գիտելիքներով առաջնորդվելու բացակայության պայմաններում, սեփական դրսևորումներով իրենց իսկ վնաս հասցնելը կարող բնազդորեն գիտակցվել:
Տվյալ դեպքում, եթե այդ դժբախտներից գոնե մի քանիսն օժտված լինեին եռուղեղ էակներին բնորոշ բնազդով, ապա կարող էին, թեկուզ պարզապես սովորական պատահական լինելիական նմանազգացությունների և համադրումների շնորհիվ սկզբում հենց իրենք գիտակցել, որից հետո նաև բոլոր մյուսներին տեղեկացնել այն մասին, որ հենց որ առաջին լինելիական սննդի համար պիտանի ընդհանրապես ցանկացած սննդամթերքի մեջ առկա սկզբնական կապն ընդհանուր Բնությունից կտրվում է, ապա անկախ այն բանից, թե որքան կատարյալ է տվյալ մթերքը մեկուսացվում, այսինքն՝ «հերմետիկորեն պահածոյացվում» կամ «առանձնացվում», այն պետք է, ինչպես Տիեզերքում ամեն ինչը, փոփոխվի և քայքայվի՝ այն նույն սկզբունքին ու կարգին համապատասխան, որոնցով ի սկզբանե կազմավորվել է:
Այստեղ հարկ է, որ իմանաս ակտիվ տարրերի վերաբերյալ, որոնցից Բնությունը կազմավորել է բոլոր տիեզերական գոյացությունները (ինչպես Տետարդակոսմոսներով փոխակերպվողները, այնպես էլ էակների համար առաջին սնունդ ծառայող մթերքները, ինչպես նաև ընդհանրապես բոլոր մյուս ամբողջովին ոգեկոչված ու կիսաոգեկոչված գոյացությունները), որ երբ համապատասխան ժամը հասնում է, այդ ակտիվ տարրերը, ինչպիսի պայմաններում էլ դրանք գտնվելիս լինեն, պարտադիր կերպով սկսում են որոշակի հաջորդականությամբ առանձնանալ այն զանգվածներից, որոնց մեջ միաձուլվել էին տրոգոավտոէգոկրատական գործընթացի ժամանակ:
Նույն բանն, իհարկե, տեղի է ունենում ամերիկացի էակների համար արժեքավոր այն սննդամթերքների հետ, որոնք նրանք պահպանում են, այսպես կոչված, «հերմետիկորեն փակ պահածոյի տուփերում»:
Որքան էլ «հերմետիկորեն» այդ մթերքները փակված լինեն, հենց որ վրա է հասնում, այսպես ասած, «տարբաժանման» ժամը, համապատասխան ակտիվ տարրերը անխուսափելիորեն սկսում են առանձնանալ ընդհանուր զանգվածից: Եվ ընդհանուր զանգվածից այդ եղանակով առանձնացած ակտիվ տարրերն այդ հերմետիկորեն փակ տուփերում խմբավորվում են իրենց ծագմանը համապատասխան, որպես կանոն, «կաթիլների» ու «պղպջակների» տեսքով, որոնք, այսպես ասած, անմիջապես ցնդում են, հենց որ տուփերը բացվում են օգտագործման համար, և գոլորշանալով ցրվում տարածության մեջ դեպի իրենց համապատասխան տեղերը:
Այդ աշխարհամասի էակներն այնուամենայնիվ երբեմն թարմ պտուղներ են օգտագործում, բայց իրականում դրանք պտուղներ չեն, այլ, ինչպես կասեր մեր սիրելի ուսուցիչը, պարզապես «այլանդակներ»:
Ծառերը մշակելու եղանակով, որոնցից առատորեն կան այդ աշխարհամասում, զանազան «նոր տեսակի» գիտնականներն իրենց «իմաստակություններով» կամաց-կամաց հասել են նրան, որ ներկայումս այդ ամերիկյան պտուղները լինելիական սննդի տեսակից վերածվել են միայն, այսպես ասած, «աչք շոյող տեսարանների»:
Հիմա արդեն այնտեղի պտուղներն այնպիսին են, որ համարյա ոչ մի ընդհանուր բան չունեն այն ամենի հետ, ինչ Մեծ Բնությունն նախատեսել է այդ էակների նորմալ լինելիական գոյատևման ընթացքում որպես սնունդ օգտագործելու համար:
Այնտեղի այդ նոր տեսակի գիտնականները, իհարկե, շատ հեռու են հասկանալուց, որ երբ որևէ վերմոլորակային գոյացություն որևէ այդպիսի եղանակով արհեստականորեն պատվաստվում ու մշակվում է, անցում է կատարում մի վիճակի, որին Օբյեկտիվ Գիտությունը «աբսոիզոմոս[1]» է անվանում, և որում այդ գոյացությունը շրջակա միջավայրից կլանում է այնպիսի նյութեր, որոնք պիտանի են միայն, այսպես ասած, «ինքնաբերական ինքնարտադրվող սուբյեկտիվ ներկայությունը» ծածկելու համար:
Բանն այն է, որ նրանց այդ ներկայիս վերջին քաղաքակրթության հենց ամենասկզբում բոլոր անհաշիվ առանձին խմբավորումների էակների հետ ինչ-որ ձևով այնպես է պատահել, որ եռուղեղ էակներին Վերից տրված հիմնական պատվիրանի յոթ ասպեկտներից, որն ասում է. «ձգտիր ներքին ու արտաքին մաքրության հասնել»՝ միակ ասպեկտը, որի աղավաղված տարբերակն իրենց իդեալն են դարձրել, այն է, որն արտահայտվում է հետևյալ բառերով.
«Օգնիր, որ քո շրջապատի ամեն ինչը՝ ինչպես շնչավոր, այնպես էլ դեռևս անշունչ, ձեռք բերի գեղեցիկ տեսք»:
Եվ իրոք, հատկապես վերջին երկու դարերում նրանք այնտեղ ձգտել են հասնել «գեղեցիկ արտաքինի», բայց, իհարկե, միայն իրենցից դուրս գտնվող այն տարատեսակ իրեղենի առումով, որոնց բախտ է վիճակվել այդ ժամանակաշրջանում, ինչպես իրենք են ասում, «մոդայիկ» դառնալ:
Նշված ժամանակաշրջանում նրանց բոլորվին չի հետաքրքրել, թե այս կամ այն արտաքին իրն ընդհանրապես ունի՞ արդյոք որևէ բովանդակություն. միակ բանը, որ պահանջվել է՝ դրա «զարմանահրաշ արտաքինն» է:
Իսկ ինչ վերաբերում է այդ պտուղների «արտաքին գեղեցկությունն» ապահովող՝ այդ աշխարհամասի ժամանակակից էակների նվաճումներին, ապա իսկապես, զավա՛կս, ես այդպիսի գեղեցիկ արտաքինով պտուղներ, ինչպիսիք ներկայումս կան այդ Ամերիկա աշխարհամասում, երբեք չեմ տեսել ոչ միայն այդ մոլորակի մյուս աշխարհամասերում, այլև այդ արևային համակարգի մյուս մոլորակներում. մյուս կողմից՝ ինչ վերաբերում է այդ պտուղների ներքին պարունակությանը, ապա այդ առումով կիրառելի է միայն մեր սիրելի ուսուցչի սիրած արտահայտությունը, որը կազմված է հետևյալ բառերից.
«Մարդու համար բոլոր լինելիական բարերարություններից մեծագույնը գերչակի յուղի ազդեցությունն է»:
Իսկ թե ինչ բարձունքների է հասել այդ պտուղներից պահածոներ պատրաստելու նրանց արվեստը, ինչպես ասում են, «ոչ հեքիաթում կպատմվի, ոչ էլ գրչով կգրվի»: Պետք է դրանք անձամբ տեսնես, որ քո ընդհանուր ներկայությունում ապրես «հիացմունքի» ազդակի այն աստիճանը, որին կարելի է հասնել՝ տեսողական օրգանով ընկալելով այդ ամերիկյան մրգային պահածոների արտաքին գեղեցկությունը:
Երբ անցնում ես այդ աշխարհամասի էակների քաղաքների՝ հատկապես Նյու-Յորքի գլխավոր փողոցներով և դիտում մրգեղենի որևէ խանութի ցուցափեղկերը, ապա դժվար է լինում անմիջապես ասել, թե աչքդ ինչ է տեսնում: Ոչ այն է՝ Եվրոպա աշխարհամասի Բեռլին քաղաքի ապագայապաշտների նկարների ցուցահանդեսն է, ոչ այն է՝ «աշխարհի մայրաքաղաքում», այսինքն Փարիզ քաղաքում օտարերկրացիների համար բացված օծանելիքների խանութների ցուցափեղկերը:
Միայն որոշակի ժամանակ ացնելուց հետո, երբ վերջապես հաջողվում է որսալ այդ ցուցափեղկերի արտաքին տեսքի զանազան մանրամասներ և կրկին ինչ-որ կերպ դատողություններ անել, դու կարող ես հստակ արձանագրել, թե գույներով ու տուփերի ձևերով որքա՜ն ավելի բազմազան են այդ ամերիկյան ցուցափեղկերի մրգային պահածոները՝ համեմատած Եվրոպա աշխարհամասի հիշյալ ցուցափեղկերի հետ. և դա հավանաբար բացատրվում է նրանով, որ այդ նոր խմբավորման էակների ընդհանրական հոգեկառույցի այն համակցությունը, որը գոյացել է նախկին ինքնուրույն ժողովուրդների խառնուրդից, պարզվում է, ավելի լրիվ է համապատասխանում բանականության նվաճումների իմաստի ու բարիքի ավելի լավ ընկալմանն ու ավելի խոր ճանաչողությանը՝ ինչպես ժամանակակից Գերմանիա կոչվող հանրության էակների հայտնաբերած և այնտեղ «անիլին» ու «ալիզարին» կոչվող քիմիական նյութերի, այնպես էլ Ֆրանսիա կոչվող հանրության էակների «օծանելիքների» առումներով:
Ես ինքս, երբ այնտեղ առաջին անգամ այդպիսի մի ցուցահանդես տեսա, չդիմացա և խանութ մտնելով` գնեցի բոլոր գույների մրգային պահածոներ պարունակող  ավելի քան քառասուն տարբեր ձևի տուփ:
Ես դրանք գնեցի, որպեսզի հաճույք պատճառեմ այդ ժամանակ ինձ ուղեկցող եվրոպացի և ասիացի էակներին, որոնց աշխարհամասերում այդպիսի հազվագյուտ գեղեցկությամբ պտուղներ չկան: Երբ իմ գնումները բերեցի տուն և բաժանեցի նրանց, այդ էակները սկզբում դրանց տեսքով զարմացած ու հիացած էին ոչ պակաս, քան ես, բայց հետո, երբ դրանք ճաշակեցին որպես առաջին լինելիական սնունդ,  հենց միայն նրանց դեմքերի արտահայտություններն ու երեսների գույները տեսնելով կարելի էր հասկանալ, թե այդ պտուղներն ընդհանրապես ինչպիսի ազդեցություն են գործում էակների օրգանիզմի վրա:
Այդ աշխարհամասում ավելի վատ վիճակում է այն մթերքը, որն ինչպես իրենց, այնպես էլ համայն Տիեզերքի համարյա բոլոր եռուղեղ էակների համար ամենակարևոր առաջին լինելիական սննունդն է՝ հենց այն, որը «պրոսֆորա[2]» է կոչվում, իսկ իրենք անվանում են «հաց»:
Նախքան այդ ամերիկյան հացի բախտը նկարագրելը ես պետք է ասեմ քեզ, որ քո այդ մոլորակի ցամաքային մակերևույթի այն մասը, որը «Հյուսիսային և Հարավային Ամերիկա» է կոչվում, կազմավորվել է տարբեր պատահական համակցությունների շնորհիվ, որոնք առաջացել են նախ՝ այդ դժբախտ մոլորակի հետ պատահած երկրորդ մեծ «ոչ օրինաչափ արհավիրքով» և երկրորդ՝ այն աշխարհագրական դիրքով, որն այդ ցամաքը զբաղեցնում է «համահամակարգային շարժման» պրոցեսի նկատմամբ՝ ունենալով, այսպես կոչված, «հողաշերտ», որը հարմար է եղել և հիմա էլ է հարմար այն «աստվածային հատիկի» մշակության համար, որից պատրաստվում է հենց այդ «պրոսֆորան»: Գիտակցված ձևով օգտագործվելու դեպքում այդ աշխարհամասերի հողային մակերևույթն ընդամենը մեկ, ինչպես ասում են, «բարենպաստ եղանակի» ընթացքում կարող է տալ «սրբազան Յոթնապարապարշինողի գործընթացի լիակատար ավարտ», կամ, այլ խոսքով ասած, «քառասնիննապատիկ բերք», և նույնիսկ դրա կիսագիտակցական օգտագործման դեպքում, ինչը չի իրականացվում, այդտեղի հողն անհամեմատ ավելի մեծ քանակությամբ «աստվածային հատիկ» է տալիս, քան մնացած աշխարհամասերում:
Այսպիսով, զավա՛կս, երբ զանազան բարենպաստ հանգամանքների բերումով այդ աշխարհամասի էակները շատ ունեցան այն առարկայից, որը քո հետաքրքրությունը շարժած եռուղեղ էակների ժամանակակից ներկայացուցիչների արտառոց հոգեկառույցի համար երազանքների առարկա է և այնտեղ ամենուրեք «դոլար» է կոչվում, ինչի հետևանքով նրանք այնտեղ վաղուց հաստատում գտած ավանդույթով իրենց «պատկերացումներում», այսպես կոչված, «գերազանցության զգացում» ձեռք բերեցին բոլոր մյուս աշխարհամասերի էակների նկատմամբ, որի արդյունքում էլ, ինչը նույնպես հիմա այնտեղ սովորական բան է, նրանք սկսեցին բոլոր առիթներով խելքներին զոռ տալ, որպեսզի հասնեն իրենց ժամանակակից իդեալին, սկսեցին ամբողջ ուժով իմաստակություն բանեցնել նաև այդ աստվածային հատիկի հետ, որից պրոսֆորա են պատրաստում:
Նրանք սկսեցին ամեն տեսակ հնարքներ բանեցնել այդ աստվածային հատիկը, այսպես ասած, այլանդակելու համար, որպեսզի դրանից ստացվող մթերքին տան «գեղեցիկ ու զարմանահրաշ արտաքին տեսք»:
Այդ նպատակով նրանք բազմաթիվ մեքենաներ հորինեցին, որոնց օգնությամբ «քերում», «սանրում», «հարթում» ու «փայլեցնում» են այն ցորենը, որը դժբախտություն է ունենում աճելու իրենց աշխարհամասում, և նման գործերը շարունակում են այնքան, մինչև լրիվ ոչնչացնում են բոլոր այն ակտիվ տարրերը, որոնք  կենտրոնացված են հատիկի մակերեսին՝ անմիջապես, այսպես կոչված, «թեփուկների» տակ, և հատկապես որոնք Մեծ Բնության կողմից նախատեսված են էակների ընդհանուր ներկայություններում վերականգնելու համար այն, ինչը նրանք լրիվ սպառել են՝ արժանավայել կերպով ծառայելով Նրան:
Այդ պատաճառով, զավա՛կս, այնտեղ ներկայումս արտադրվող պրոսֆորան, կամ հացը, որի համար որպես հումք է ծառայում այդ աշխարհամասում առատորեն աճող ցորենը, այն օգտագործող էակների համար ոչ մի օգտակար բան չի պարունակում, և դրա օգտագործումից նրանց ներկայություններում ոչինչ չի առաջանում, բացի վնասակար գազերից ու, ինչպես այնտեղ են ասում, «ճիճուներից»:
Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ  եթե նրանք իրենց համար այդ ցորենից չեն ստանում որևէ բան, որը նրանց թույլ կտար ավելի լավ ու ավելի գիտակցաբար ծառայելու Մեծ Բնությանը, այնուհանդերձ, իրենց ներսում ստեղծելով այդ «ճիճուներին»՝ նրանք իսկապես, թեև անգիտակցաբար, շատ մեծ օգուտ են տալիս իրենց մոլորակին համատիեզերական Մեծ Տրոգոավտոէգոկրատին ծառայելու գործում. չէ՞ որ ճիճուները նույնպես էակներ են, որոնց միջոցով տիեզերական նյութերը փոխակերպության են ենթարկվում:
Ամեն դեպքում՝ այդ աշխարհամասում բազմացող էակներն իրենց հացի նկատմամբ իմաստակություն բանեցնելով արդեն հասել են այն բանին, ինչին ահավոր շատ էին ձգտում հասնել, այն է՝ մյուս բոլոր աշխարհամասերի էակները երբեք չեն զլանա նրանց հասցեին ասել, ինչպես օրինակ այս դեպքում, մոտավորապես այսպիսի բան.
«Զարմանալի զիլ տղերք են այդ ամերիկացիները. նույնիսկ նրանց հացն է ինչ-որ անսովոր տեսակի՝ այնպե՜ս «հրաշալի», այնպե՜ս սպիտակ... Ուղղակի հրաշք է, ժամանակակից քաղաքակրթության հրաշքների հրաշքը»:
Բայց նրանց «հեչ վեջը չի լինի», որ ցորենի այդ այլանդակումից հետո նրանց հացը դարձել է ոչ միայն «անօգուտ», այլև նրանց ստամոքսները փչացնող անհաշիվ գործոններից մեկը: Չէ՞ որ նրանք էլ իրենց հերթին կանգնած են ժամանակակից, այսպես կոչված, «եվրոպական քաղաքակրթության» առաջին շարքերում...
Նրանց ամբողջ այդ միամտության մեջ ամենահետաքրքրականն այն է, որ նրանց նորմալ գոյատևման համար Բնության կողմից այդ աստվածային հատիկի մեջ կազմավորած ամենալավ ու ամենաօգտակար բաները նրանք տալիս են իրենց խոզերին կամ պարզապես վառում են, իսկ իրենք օգտագործում են միայն այն նյութը, որը ցորենի մեջ Բնությունը դրել է միայն այն ակտիվ տարրերի փոխադարձ կապն ապահովելու համար, որոնք հիմնականում գտնվում են, ինչպես արդեն ասացի, հենց հասկի թեփուկների տակ...




[1] ռուս տարբերակում՝ абсоизомос, անգլ. տարբերակում՝ absoizomosa
[2] ռուս. տարբերակում՝ просфора, անգլ. տարբերակում՝ prosphora


թարգմանությունը՝ Խ. Մանասելյանի