вторник, 21 июня 2016 г.

ՏԵՐ ՇԻՎԱՅԻ (ՇԻՎԻՆԻ-ՍԻՒՆԻ) ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ

Ուսմունք Լույսի կիզակետի մասին

Տեր Շիվա
20 հունիսի, 2016 թ.

ԵՍ ԵՄ Շիվան...
Ես եկել եմ ամառային արևադարձի այս օրով...
Ես պատրաստ եմ հանուն ձեզ հաղթահարելու բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, որպեսզի դուք կարողանաք վայելել մեր հաղորդակցության բերկրանքը:
Այժմ ես կամենում եմ, որ դուք կենտրոնացնեք ձեր բոլոր ուժերը և ձեր հոգու ունակությունները:
Հեռացե՛ք առօրեական ունայն մտքերից:
Մարե՛ք քմայքների կրակը:
Հեռու՛ վանեք հակասական զգացմունքները:
Վայելե՛ք ներքին անդորրը, հավերժությունը՝ հավերժության շնչառությունը:
Ներշնչում...
Արտաշնչում...
Միացե՛ք համայն Տիեզերքի շնչառությանը:
Ա՛յ, հիմա կարող եմ ձեզ հետ կիսվել Վեհապետների Ուսմունքով:
Այսօրվա մեր զրույցի առարկան կլինի մի բան, որը շոշափել հնարավոր չէ, և ձեզնից շատերն էլ նույնիսկ ունակ չեն այն զգալու:
Ստիպված կլինեք ուղղակի հավատալու իմ խոսքին: Իսկ եթե հավատալ չեք ուզում, ապա  իմաստ չունի, որ կարդաք կամ լսեք իմ Ուղերձը:
Այսպիսով, պետք է ասեմ, որ մեր Ուղերձներում, հատկապես՝ մեր Դեսպանորդի գործունեության սկզբնական շրջանում, մենք հիշատակել ենք այնպիսի մի հասկացություն, ինչպիսին Լույսի կիզակետն է:
Դուք երևի հիշում եք, որ 2005 թվականին Լույսի կիզակետն Ամերիկայից տեղափոխվեց Ռուսաստան:
Իսկ ի՞նչ բան է Լույսի կիզակետը:
Ես այսօր ձեզ Ուսմունք կտամ հենց այդ թեմայի վերաբերյալ:
Լույսի կիզակետը՝ Աստվածային էներգիա փոխանցելու հնարավորությունն է: Այն տարածության ու ժամանակի իրական մի կետ է, որով վիթխարի քանակությամբ Աստվածային էներգիա է փոխանցվում ֆիզիկական աշխարհին: Աստվածային էներգիայի այդ քանակությունը միանգամայն բավարար է, որպեսզի աշխարհի ցանկացած երկրում իրականացվեն ցանկացած փոփոխություններ:
Սակայն, որպեսզի այդ փոփոխություններն իրականացվեն, պետք է բավարարվեն որոշակի պայմաններ:
Նախ ասենք, որ Լույսի կիզակետն անշարժ ամրացված չէ ֆիզիկական աշխարհում ինչ-որ տեղ: Այն ո՛չ քար է, ո՛չ էլ շինություն:
Լույսի կիզակետն ամրակցված է մեր Դեսպանորդի նուրբ մարմիններին: Դա ֆիզիկական աշխարհին Լույս փոխանցելու նրա ունակությունն է, որը նա ձեռք է բերել ինչպես նախկին մարմնավորումների, այնպես էլ ներկա կյանքի ընթացքում:
Նրա Լույս փոխանցելու ունակությունը դեռ չի նշանակում, թե այդ Լույսը՝ Աստվածային էներգիան, կհասնի թանձրաշխարհին: Ո՛չ, որպեսզի Աստվածային էներգիան տեղ հասնի, անհրաժեշտ է, որ դրա համար առկա լինեն համայն տիեզերքի Բարձրագույն Խորհուրդների և Կարմայական Վարչության համապատասխան որոշումները:
Ներկայումս մեր Դեսպանորդի նուրբ մարմիններին ամրակցված Լույսի կիզակետը փոխանցում է իր նախատեսված հզորության սոսկ 10 տոկոսի չափով:
Ինչու՞ է այդպես...
Պատճառն այն է, որ ֆիզիկական ոլորտում մեր պլանների իրականացման համար պայմաններ չկան:
Մենք երկար ենք խոսել այն հնարավորության մասին, որը 2005 թվականին ընձեռնվեց Ռուսաստանին:
Սակայն անհրաժեշտ էր, որ ֆիզիկական ոլորտում այդ հնարավորության իրականացման համար համապատասխան պայմաններ ստեղծվեն:
Մենք բազմակիորեն խնդրեցինք հոգ տանել մեր Դեսպանորդի համար, ինչը պահանջում էր նվիրյալ սրտերի՝ այնպիսի սրտերի առկայություն, որոնք պատրաստ են ինքնազոհողության գնալ՝ հանուն Լույսի, հանուն Վեհապետների պլանների իրականացման:
Ինչպե՞ս է աշխատում Լույսի կիզակետը. նախ պետք է գտնվեն նկրտում ունեցող, նվիրյալ սրտեր, որոնք մեր Դեսպանորդի նկատմամբ տածած սիրո զգացման, երախտագիտության, հարգանքի ու ակնածանքի շնորհիվ ունակ են դառնում ստանալու այն Աստվածային էներգիայի մի մասը, որը նախատեսված է մեր Լույսի կիզակետի միջոցով տարածել ֆիզիկական աշխարհում:
Եվ մեր էներգիայի նկատմամբ ընկալունակ հոգիների քանակի աճին զուգընթաց՝ Մենք սկսում ենք մեծացնել էներգիայի աղբյուրի հզորությունը, ինչի արդյունքում Լույսի կիզակետով բավարար քանակի էներգիա է ներմղվում  ֆիզիկական աշխարհ:
Այդ ընթացքում մեզ նվիրված սաներից յուրաքանչյուրն ավելի ու ավելի շատ Աստվածային էներգիա է ստանում՝ նման այն բանին, ինչպես ատոմակայանից դեպի դուրս տարածվող լարերով հոսանքը հասնում է բազմաթիվ օբյեկտների, աշխատեցնում մեխանիզմներն ու մեքենաները, լուսավորում տներն ու փողոցները:
Ճիշտ նույն կերպ՝ գործին պատրաստ սրտերի միջոցով Աստվածային էներգիայով հագեցվում է տարածությունը: Ֆիզիկական ոլորտի թրթռանքները փոխվում են, ինչի արդյունքում այն արատավոր բաները, որոնք այժմ տեղի են ունենում Երկրում, կանխարգելվում են տարածությունը հագեցրած Աստվածային Լույսով: Ճիշտ այնպես, ինչպես հանցագործների համար համեմատաբար դժվար է լինում օրը ցերեկով մութ գործեր կատարելը:
Այնուհանդերձ տեղի չունեցավ այն, ինչ Մենք ակնկալում էինք:
Մեր Ուսմունքը մարդկանց պահանջարկին չհամապատասխանեց:
Թեև Մեր Ուսմունքը շատերն էին կարդում, սակայն չգտնվեցին նրանք, որոնց սրտերում լիարժեքորեն բռնկվեր Սպասավորության բոցը:
Կրկնեմ մեկ անգամ ևս՝ Սպասավորության բոցը բռնկվում է միայն այն սրտերում, որտեղ առկա են Վեհապետների և մեր Դեսպանորդի նկատմամբ նվիրվածություն, սեր, երախտագիտություն, հարգանք ու ակնածանք:
Անցած տասը տարիների ընթացքում Մենք չկարողացանք բավարար քանակությամբ այդպիսի նվիրյալ սրտեր գտնել:
Ուստիև Լույսի կիզակետը չէր կարող գործել ամբողջ հզորությամբ, և մարդիկ բավարար քանակի էներգիա չստացան, որպեսզի բարեփոխեն ֆիզիկական ոլորտը:
Իսկ այն բանից հետո, երբ 2012 թ-ին հաշվեհարդարի փորձ եղավ մեր Դեսպանորդի նկատմամբ, Ես նրան հրամայեցի անհապաղ լքել Ռուսաստանի տարածքը:
Եվ այսպես, Աստվածային հնարավորությունը ներկայումս չի գործում Ռուսաստանի տարածքում:
Լույսի կիզակետը դուրս է հանված Ռուսաստանից:
Այս կամ այն երկրի զարթոնքը կամ որևէ երկրում տեղի ունեցած տնտեսական հրաշքը մարդկային ինտելեկտը հակված է կապելու գիտության ու տեխնիկայի նվաճումների, կառավարման կամ էլ առաջավոր տեխնոլոգիաների ներդրման հետ:
Սակայն այդ ամենը սոսկ հետևանքն են այն բանի, որ այս կամ այն երկրի ժողովուրդը թույլ է տալիս, որ իր տարածքում Վեհապետների դեսպանորդ ներկա գտնվի:
Մեր ոչ բոլոր դեսպանորդներն են ազդարարվում: Նրանցից շատերը գործում են կատարելապես անհայտ, բայց և կարողանում են Աստվածային էներգիա ներարկել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է անել՝ ըստ Վեհապետների պլանների:
Իսկ եթե որևէ երկրում մեր դեսպանորդը հետապնդվում է, հալածվում և հարգանքի չի արժանանում, ապա այդ երկիրը կանգնում է անդունդի եզրին...
Սակայն ցանկացած պահի կարելի է փոխել նման իրավիճակը:
Բարեփոխումների համար անհրաժեշտ Աստծո էներգիան անսահմանափակ է:
Սակայն ֆիզիկական ոլորտի բոլոր բարեփոխումները կարող են տեղի ունենալ միայն մարդկանց սրտերով:
Ձեր ձեռքերով և ոտքերով:
Դրա համար է ասվում, որ ապագան կախված է յուրաքանչյուրիցդ՝ տառացիորեն յուրաքանչյուրից, ով հիմա կարդում է այս տողերը:
Եվ քանի որ Ռուսաստանը առանցքային երկիր է համարվել, որից կախված է ամբողջ մոլորակի ապագան, ապա այդ երկրում բարեփոխումների բացակայությունը մոտակա ժամանակներում իր համապատասխան արձագանքը կգտնի ամբողջ մոլորակի համար:
Աստվածային հնարավորությունն այս անգամ չհաջողվեց իրացնել:
Կլինի՞ այլ հնարավորություն և ե՞րբ...
Իսկ դա ձեզնից յուրաքանչյուրից է կախված, պաշտելինե՛րս:

ԵՍ ԵՄ Շիվան...

Տատյանա Միկուշինա, 2016թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը 

пятница, 10 июня 2016 г.

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

«Նոր Հայաստանի» հրապարակած Հայտարարության վերնագիրը և հիմնական շեշտադրումը ճիշտ կլիներ, որ այսպիսին լիներ՝ «Տարածաշրջանային անվտանգության համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման պայմանագիր ստորագրելու նախապայմանը՝ Արցախը Հայաստանի Հանրապետության հետ միավորելն է՝ որպես մեկ միասնական պետություն»: Այս նույն նախապայմանը ՀՀ ԱԺ-ը պետք է առաջ քաշեր դեռևս ԵՏՄ մտնելուց առաջ, բայց դե, ո՞վ է ինձ լսողը...
Ասել եմ և էլի՛ կասեմ՝ առանց Արցախի ինչ-ինչ միջազգային կառույցների մեջ մտնելը կամ միջպետական պայմանագիր ու համաձայնագիր ստորագրելը՝ պետական մակարդակի տխմարություն է ու մեր կողմից կատարված հանցագործություն մեր իսկ ժողովրդի դեմ:
Ոմանք այնքա՜ն անուշադիր են ֆբ-ում և այլուր տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով արված իմ գրառումների ու ահազանգերի նկատմամբ, որ հազար անգամ ասելուց ու բացատրելուց հետո՛ էլ կարող են հարցնել՝ իսկ ինչպե՞ս Արցախը և ՀՀ-ն մեկ միասնական պետություն դարձնենք... Չալարեմ, կրկնեմ մի անգամ ևս՝ միասնական ու միաժամանակյա համաժողովրդական Հանրաքվեով, որը պետք է նշանակեն և անցկացնեն մեր երկու դանդալոշ նախագահները:
Կհարցնեք նաև՝ իսկ ո՞վ կամ ի՞նչը կստիպի, որ մեր դանդալոշ նախագահները վերջապես գնան այդ քայլին: Պատասխանում եմ՝ մենք բոլորս. ավելի կոնկրետ՝ մեր ժողովրդի երկու հատվածների համաժողովրդական հզոր Շարժումը, որն այդ նպատակին հասնելու համար կարող է և իրավունք ունի ծայրահեղ դեպքում նաև զենքի դիմել:
Հետո չեք ամաչի և վերջին անամոթ հա՛րցն էլ կտաք՝ իսկ ո՞վ պետք կազմակերպի այդ համաժողովրդական Շարժումը... Վա՜յ, տնաշեննե՛ր, 70 հատ կուսակցություն ունեք և այդ թվից կրկնակի ավել ՀԿ-ներ ու միավորումներ. էլ ինչի՞ համար են դրանք ստեղծված, եթե այս ամենակարևոր հարցում մատը մատին չպիտի խփեն: Էլ չասած, որ կա նաև լրագրողների մի հսկայական բանակ, որ ամեն մի դատարկ առիթով ժողովրդին բզբզելու և քնահարամ անելու հարցում խելքն իրենը չի:

Մի «քնած առյուծն» ի՞նչ է, որ համատեղ ուժերով՝ իրար հետ համագործակցելով, խելք-խելքի տալով, ձեռք-ձեռքի տալով, չկարողանանք արթնացնել... Եվ դա այն դեպքում, երբ, ինչպես վերջին ժամանակներում իրավացիորեն հաճախ ենք սիրում կրկնել, աշխարհասփյուռ հայությունը կամ մեր ազգն ի վերուստ օժտված է այնպիսի ներուժով, որ կարող աշխարհի բոլոր «քնած առյուծներին» մեկ առ մեկ արթնացնել՝ լինի դա գերմանու առյուծ, ինգլիզի առյուծ, ռսի առյուծ, թե՝ այլ: Հայոց Ցեղասպանության ճանաչման ներկա հաղթարշավը՝ սոսկ դրա մասնավոր վկայությունն է:
Ուրիշների առյուծներին կարողանում ենք արթնացնել, մե՛ր իսկ առյուծին՝ ո՞չ...