пятница, 25 мая 2018 г.

ՍԻՐԻՈՒՍԻ ՆՇԱՆԸ

Չափազանց դժվար՝ համարյա անհնարին գործ կարող է թվալ ամբողջ երկու տարով ժամանակից հետ ընկած մարդկանց բացատրելը, թե ինչից հետո ինչ է լինում և ինչու: Այնուհանդերձ ճիշտ է ասված, որ ոչինչ անհետևանք չի լինում: Այդ ամբողջ ընթացքում համացանցային էջերում համառ «հաչալուց» և անուշադրության մատնվելուց հետո ի վերջո հայտնվում է միանգամայն իրական մի սպիտակ շուն, որը պարտաճանաչ կերպով ուղեկցում է երթի դուրս եկած ցուցարարներին և դառնում բոլորի սիրելին:
Քչերը կարող են գլխի ընկնել կամ կռահել, որ դա ՄԵԾ Կենտրոնական Արևի՝ Սիրիուսի նշանն է:
Հասկացողը կհասկանա:
Երբեք ուշ չէ և իզուր չէ...
Խաչիկ-Ապեր
25.05.2018թ.

понедельник, 14 мая 2018 г.

ԴԱՌԸ ԴԵՌ-ԵՐԻ ՇԱՐԱՆ

ՀՀ-ում ԴԵՌ գործում է մերժված Սերժի հագով կարված օտարածին սահմանադրությունը, որը, որպես տաք պատմուճան, այսօր իր ուսերին է գցել ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը:
Վերջինից բացի, ԴԵՌ ոչ ոք չի տեսել այն փաստաթուղթը, համաձայն որի՝ սերժանշանակ ՀՀ նախագահն առ այսօր բրիտանահպատակ չէ, ուստի ԴԵՌ անհայտ է, թե փակ դռների հետևում ին՞չ մութ գործարք է կնքվել նրա և ժողովրդական խանդավառ ոգևորության թևերով դեպի վարչապետություն սլացող Նիկոլ Փաշինյանի միջև:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ձերբազատվել, «հանուն խաղաղության և բարեկեցիկ կյանքի», զավթիչ թուրքին հող զիջելու կամ փոխզիջումների գնալու վաղեմի հակումից:
ՀՀ տարածքում օրենքի ուժով ԴԵՌ չի արգելված հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ բազմաթիվ ոճիրներ ու հանցանքներ գործած ՀՀԿ կուսակցության գործունեությունը, ԴԵՌ ավելին՝ հայաստանյան մանր ու մեծ համայնքների գերակշիռ մասը ԴԵՌ գտնվում են հհկ-ական պաշտոնյաների տնօրինության տակ, որոնք ԴԵՌ հույսեր են փայփագում, որ շուտով կրկին վերադառնալու են իշխանության: ՀՀԿ-ն ԴԵՌ իր կազմում ունի 150 000 անդամ, ինչը փոքր թիվ չէ:
Սերժական «արդարադատությունը» ԴԵՌ շարունակում է անխափան գործել, ինչի հետևանքով քաղբանտարկյաները և բազմաթիվ ազնիվ, անմեղ ու հայրենասեր հայեր ԴԵՌ հեծում են բանտերում ու կալանավայրերում:
Հայաստանի ընդերքը ԴԵՌ գիշատչաբար թալանվում է, Հայաստանի բնությունը ԴԵՌ անխճորեն ապականվում է:
Ահա, հաշվի առնելով դառը ԴԵՌ-երի այս ոչ ամբողջական շարանը՝ ես, որպես հայ ազգային ընտրանու ներկայացուցչական խմբի կողմից բարձր վարկանիշի արժանացած մտավորական, որպես ՀԱՅՔ-ի կազմավորման նախաձեռնող խմբի անդամ և ՖԲ-ի ՀՄՖ խմբի գլխավոր համակարգող՝ դիմում և կոչ եմ անում սփյուռքահայ համայնքներին և մեծահարուստներին, որ ԴԵՌ ձեռնպահ մնան ՀՀ տնտեսության «զարգացման» կամ այլ բարեգործական նպատակներով ՀՀ բանկային համակարգում խոշորամասշտաբ ներդրումներ կատարելուց: Հուսախաբությունը կարող է ավելի մեծ ու դառը լինել, քան եղել է ԼՏՊ-ի, ՌՔ-ի կամ ՍՍ-ի օրոք:
Մի՛ խաբվեք դատարկ խոսքերով ու սին հավաստիացումներով:
Անհամեմատ ավելի նպատակահարմար և օգտակար կլինի, եթե ձեր դրամական միջոցներն ու գործարարական կարողությունները ներդնեք Սփյուռքի հայաշատ օջախներում Համահայկական Բանկի բաժանմունքներ ստեղծելու գործում, որոնց տնօրինումն ու վերահսկումն ամբողջությամբ կլինի ձեր ձեռքերում: Դրանով իսկ՝ մեծապես կնպաստեք համահայկական ՀԱՅՔ Արարչապետության շուտափույթ կազմավորման ու կայացման հայրենանվեր գործին:
Խաչիկ-Ապեր
14.05.2018թ.

суббота, 12 мая 2018 г.

ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերջին շաբաթվա ընթացքում շատ քաղաքական գործիչներ ու հայտնի մտավորականներ իրավացիորեն խոսում էին այն մասին, որ ազգային զարթոնքի ի հայտ եկած վիթխարի էներգիան պետք է ուղղորդել դեպի կառուցողական հուն և թույլ չտալ, որ այն մարելու նշաններ ցույց տա: Իշխանափոխության փուլն արդեն մոտենում է իր հաղթական ավարտին, և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել հաջորդ փուլի՝ ազգային զարթոնքն իր գագաթնակետին հասցնելու և դրա դրական, ստեղծագործական էներգիան ի շահ ժողովրդի և հայոց պետականության օգտագործելու ուղղությամբ:
Կարծում եմ, որ դա պետք է տեղի ունենա պետական մակարդակով, թեև շարժիչ ուժը կրկին մնալու է մեր հրաշալի երիտասարդ սերունդը: Այդ առումով նպատակահարմար եմ գտնում խորհուրդ տալ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ լուծարի մի քանի ավելորդ նախարարություններ և դրանց փոխարեն ստեղծի ազգային զարթոնքի էներգիայի արդյունավետ օգտագործման նախարարություն: Կարող եմ մատնանշել նաև այն առաջնային ուղղությունը, դեպի ուր պետք է հոսի այդ էներգիայի առյուծի բաժինը. դա մայրաքաղաքի գործազուրկ հատվածի և երիտասարդական կամավորական խմբերի բնակեցումն է ծայրամասային և սահմանամերձ շրջաններում: Պետական հանցագործ Սերժի «համայնքների խոշորացման» ազգադավ ծրագիրը պետք է փոխարինվի համայնքների շատացման և վերաբնակեցման ծրագրով: Այդ նպատակի գործնական իրականացման համար պետք է օգտագործվեն ինչպես սահմանային գյուղերում դատարված տները, այնպես էլ ապահով հեռավորությունների վրա կառուցված՝ մեծահարուստների շքեղ ամառանոցային առանձնատներն ու դղյակները: Վերջիններիս համաձայնությամբ՝ սկզբնական շրջանում և ժամանակավորապես, այդ շինությունները պետք է օգտագործվեն որպես մայրաքաղաքից, Սփյուռքից և այլ տեղերից ժամանող խմբերի կացարաններ, մինչև լուծվեն նրանց վերջնական բնակեցման ու տարաբաշխման հարցերը:
Անշուշտ, նոր նախարարությունը կունենա նաև այլ ազգանպաստ գործառույթներ, որոնք կծնվեն ժողովրդական զարթոնքի ստեղծագործական պոռթկումների արդյունքում:
Վերջում հարկ եմ համարում նաև ասել, որ եթե նշածս նախարարությունը ստեղծվի, ապա դրա նախարարի ամենահավանական թեկնածուն իմ կարծիքով Վարդգես Գասպարին է: Սա ասում եմ ամենայն լրջությամբ՝ առանց հումորի կամ սարկազմի որևէ նշույլի: Թեև նրա հետ անձնական ծանոթություն չունեմ, բայց տպավորված եմ նրա խիզախությամբ, արդարամտությամբ և գործնական քայլեր անելու կարողությամբ ու վճռականությամբ:
Առայժմ այսքանը:
Խաչիկ-Ապեր
12.05.2018թ.

воскресенье, 6 мая 2018 г.

ՎԵՐՋԻՆ ԿՈՉ-ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Եթե մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը ՀՀ դատախազության ու դատաքննչական մարմինների հանցավոր պաշտոնատար անձինք չուզենան, չհասցնեն կամ չկարողանան իրենց թքածը հետ լիզել ու կալանքից ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անխտիր բոլոր անդամներին (ՀՀ օրենքները լիովին տալիս են այդ հնարավորությունը), ապա դրանից ակնհայտորեն կհետևի, որ Սերժը բոլորովին էլ մերժված չէ: Ուստի մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում վրդովված ժողովուրդը գերակա կարգով կվանկարկի «Քայլ արա, մերժիր Սերժին» և «Սասնա ծռեր»: Մնացած կարգախոսները կարծես թե քիչ թե շատ ի կատար են ածված:
Նկատի՛ ունեցեք, սերժանշանակ ու սերժահպատակ պաշտոնյանե՛ր, որ հակառակ դեպքում Հայոց Թավշյա հեղափոխությունը շարունակվելու է անկախ Նիկոլից, և դրա արդյունքում ձեր պատիժը դառնալու է անխուսափելի ու չափազանց ծանր:
Թող Արամազդի Կամքը լինի:
ԱՄԵՆ
Խաչիկ-Ապեր
06.05.2018թ.

суббота, 5 мая 2018 г.

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ


Քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ թավշյա հեղափոխություն իրականցնող ժողովուրդն իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի շուրթերով բազմիցս երկկողմանի համերաշխության կոչեր է հնչեցրել: Սակայն այդ համերաշխությունը չի կարող միակողմանի լինել: Իշխանությունն ամեն գնով պահպանել ցանկացող կողմն իզուր է զարմանք հայտնում առ այն, որ հանրության առավել ակտիվ մասը հնարավոր բոլոր միջոցներով շարունակում է 55-ականներին անարգանքի սյունին գամել, ծաղրել ու ամոթանք տալ: Դրանում հակասահմանադրական ոչինչ չկա, և նրանք գործում են առաքինության չգրված օրենքների շրջանակներում: Դրա հիմնական պատճառն այն է, որ իշխանությունից զրկվող կողմը որևէ առարկայական նշան ցույց չի տալիս, որ կողմ է համաժողովրդական ու համազգային համերաշխությանն ու միասնությանը: Դեռ ավելին՝ ապրիլի 24-ի օրով Ծիծեռնակաբերդում ձերբակալվեց հայտնի քաղաքական գործիչ և մտավորական Գարեգին Չուքասզյանը, որն իր կալանքի վայրում արդեն 12-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է: Ուստի այսօրվա դրությամբ երկկողմանի համերաշխության միակ հնարավոր նշանի կամ երաշխիքի է վերածվել այն, որ, չսպասելով Նիկոլ Փաշինյանի «դե յուրե» ՀՀ վարչապետ դառնալուն, ՀՀ դատախազությունն ու դատաքննչական պատկան մարմիններն օպերատիվ կերպով ազատ արձակեն բոլոր փաստացի քաղ-բանտարկյալներին՝ հետ կանչելով արդեն մերժված Սերժի թելադրանքով կամ հարկադրանքով հարուցված բոլոր շինծու քր-գործերը:
Կատարե՛ք ձեր այդ համարձակ քայլը և լիակատար Հաղթանակի ցնծություն պարգևեք Շուշիի ազատագրման օրով Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք տոնակատարությանը: Մի՛ թողեք այդ գործը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսերին: Հակառակ դեպքում՝ ՀՀ օրենքների և սահմանադրության շրջանակներում հատուցումը կլինի թեև ուշացած, բայց չափազանց խիստ և անզիջում:
Շտապե՛ք մինչև մայիսի 8-ը կատարել ձեր արժանապատիվ ու հայրենասիրական քայլը: Հետո ուշ է լինելու...
Խաչիկ-Ապեր
05.05.2018թ.