суббота, 5 мая 2018 г.

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ


Քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ թավշյա հեղափոխություն իրականցնող ժողովուրդն իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի շուրթերով բազմիցս երկկողմանի համերաշխության կոչեր է հնչեցրել: Սակայն այդ համերաշխությունը չի կարող միակողմանի լինել: Իշխանությունն ամեն գնով պահպանել ցանկացող կողմն իզուր է զարմանք հայտնում առ այն, որ հանրության առավել ակտիվ մասը հնարավոր բոլոր միջոցներով շարունակում է 55-ականներին անարգանքի սյունին գամել, ծաղրել ու ամոթանք տալ: Դրանում հակասահմանադրական ոչինչ չկա, և նրանք գործում են առաքինության չգրված օրենքների շրջանակներում: Դրա հիմնական պատճառն այն է, որ իշխանությունից զրկվող կողմը որևէ առարկայական նշան ցույց չի տալիս, որ կողմ է համաժողովրդական ու համազգային համերաշխությանն ու միասնությանը: Դեռ ավելին՝ ապրիլի 24-ի օրով Ծիծեռնակաբերդում ձերբակալվեց հայտնի քաղաքական գործիչ և մտավորական Գարեգին Չուքասզյանը, որն իր կալանքի վայրում արդեն 12-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է: Ուստի այսօրվա դրությամբ երկկողմանի համերաշխության միակ հնարավոր նշանի կամ երաշխիքի է վերածվել այն, որ, չսպասելով Նիկոլ Փաշինյանի «դե յուրե» ՀՀ վարչապետ դառնալուն, ՀՀ դատախազությունն ու դատաքննչական պատկան մարմիններն օպերատիվ կերպով ազատ արձակեն բոլոր փաստացի քաղ-բանտարկյալներին՝ հետ կանչելով արդեն մերժված Սերժի թելադրանքով կամ հարկադրանքով հարուցված բոլոր շինծու քր-գործերը:
Կատարե՛ք ձեր այդ համարձակ քայլը և լիակատար Հաղթանակի ցնծություն պարգևեք Շուշիի ազատագրման օրով Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք տոնակատարությանը: Մի՛ թողեք այդ գործը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսերին: Հակառակ դեպքում՝ ՀՀ օրենքների և սահմանադրության շրջանակներում հատուցումը կլինի թեև ուշացած, բայց չափազանց խիստ և անզիջում:
Շտապե՛ք մինչև մայիսի 8-ը կատարել ձեր արժանապատիվ ու հայրենասիրական քայլը: Հետո ուշ է լինելու...
Խաչիկ-Ապեր
05.05.2018թ.

Комментариев нет:

Отправить комментарий