понедельник, 13 апреля 2020 г.

ԱՆՀՆԱՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱ

Այսօրվա դրությամբ ՖԲ սոցիալական ցանցը թեև առայժմ դրականորեն տարբերվում է խավարի ուժերին հլու-հնազանդ ծառայող հեռուստաալիքներից, սակայն այս եթերային հարթակը նույնպես աստիճանաբար ապականվում է անորակ ու անարժեք նյութերով, մարդկանց զգոնությունը բթացնող և առանցքային կենսական հարցերից մարդկանց ուշադրությունը շեղող հրապարակումներով:
Արդյունքում ստացվում է այնպես, որ ինչքան էլ կարևոր ու հրատապ լուծում պահանջող խնդիրներ բարձրաձայնվեն ՖԲ հարթակում՝ դրանք մնում են անհետևանք, և մենք բոլորս օր-օրի ավելի ենք խրվում Երկիր մոլորակը պարուրող անթափանց խավարի հաստ շերտի տակ:
Միթե՞ ելք չկա, միթե՞ դատապարտված ենք անլույս ու անհույս կործանման...
Միթե՞ խավարի դեմ պայքարի բոլոր ձևերը սպառված են, սրերը՝ բթացված, Թուր-Կայծակին՝ հանգած...
Համարձակվում եմ պնդել, որ այդպես չէ: Ամենախավար գիշերից հետո կրկին Լուսաբաց է լինում՝ որքան էլ այդ գիշերը երկար ու տանջալից թվա:
Օրինակ՝ ներկայիս պանդեմիայի պայմաններում, երբ համաշխարհային չարի ուժերին կարծես թե հաջողվել է համարյա բոլոր գիտակից ու մտածող մարդկանց քշել իրենց տները և նրանց ընդարմացնել քնի և արթնության սահամանագծի վրա, այդ վիճակում հանկարծակի կարող են բանականության այնպիսի հզոր լույսեր առկայծել ու բռնկվել, որ աշխարհին տիրած խավարն ընդամենը մի քանի օր հետո ցրվի մշուշի պես:
Ձեր տունը ձեր Լույսի ամրո՛ցը դարձրեք, մարդի՛կ:
Ձեր պատշգամբները զարդարեք ազատության ու խավարի դեմ անհաշտ պայքարի պաստառներով:
Ձեր ունեցած ամանեղենը զնգզնգացրե՛ք ձեր բաց պատշգամբներից ու պատուհաններից: Քաղաքների փողոցներում դրանց ձայնն այս օրերին ավելի զորեղ ու ազդեցիկ պիտի հնչի, քան եկեղեցական զանգերի ձայնն էր հնչում Սարդարապատի հերոսամարտից առաջ:
Ձեր հուժկու բողոքի ձայնը բարձրացրե՛ք մեր Հայրենիքը ստրկացնող և բաժան-բաժան անող իշխանական-դավաճանական ուժերի դեմ:
Ինքնակազմակերպվե՛ք՝ ձայն-ձայնի տալով:
ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ՝ ՁԱՅՆ ԱՍՏԾՈ
Խաչիկ-Ապեր
13.04.2020թ.

Комментариев нет:

Отправить комментарий