понедельник, 7 января 2013 г.

Կոչ՝ ուղղված նախագահի կուսակցական թեկնածուներին


Մեծարգո պարոն նախագահ Սերժ Սարգսյան, մեծարգո պարոնայք Պարույր Հայրիկյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Արամ Հարությունյան.
Եթե ՀՀ կուսակցությունների պայքարն Ազգային Ժողովում առավել շատ տեղեր ունենալու կամ ՀՀ Կառավարության կազմում առավել շատ պորտֆելներ ունենալու միտումներով կարելի է արդարացված համարել, ապա ներկա պահին հաշվի առնելով, որ՝

ա) երրորդ հանրապետության անցած տարիների ընթացքում գործող կուսակցությունները գաղափարապես սնանկացել են, և նրանց գործողություններն այլևս համարժեք չեն իրենց որդեգրած նախասկզբնական գաղափարներին,
բ) գլոբալ և տարածաշրջանային զարգացումները հայ ժողովրդին ներկայացնում են որակապես նոր մոտեցումներով և գաղափարներով առաջնորդվելու անհրաժեշտություն,
գ) նոր մարտահրավերները աշխարհասփյուռ հայության առջև դնում են վերկուսակցական  համախմբվածության և արտագաղթի անհապաղ դադարեցման պահանջ,
դ) ցանկացած կուսակցական առաջնորդի նախագահության թեկնածությունը կասկածելի է դարձնում նախագահական առաջիկա ընտրությունների արդար և թափանցիկ ընթացքը՝ անկախ ընտրակեղծիքների իրական առկայությունից, պետական քարոզչությունից և ընտրությունների արդարացիության ԿԸՀ հավաստիացումներից,

խոնարհաբար կոչ եմ հղում ձեզ, որ, հետևելով մյուս նմանատիպ կուսակցությունների առաջնորդների օրինակին՝ հրաժարվեք նախագահի թեկնածու առաջադրվելուց, դիմեք ինքնաբացարկի և դրանով իսկ ժողովրդին հնարավորություն տաք նախագահ ընտրելու առաջադրված անկուսակցական թեկնածուներից որևէ մեկին, քանի որ միայն այդ դեպքում ժողովրդի մեջ լիակատար համոզվածություն կարող է ծնվել, որ ընտրություններն իրոք արդար են ընթացել:

Հակառակ դեպքում, այսինքն՝ եթե ինքնաբացարկ չհայտարարեք, ապա ձեր պահվածքը կդիտվի որպես չարդարացված իշխանատենչության արտահայտություն և հայ ժողովրդի հավաքական ուժը ջլատելու փորձ, ինչը կհանգեցնի քաղաքացիական անհնազանդության զանազան դրսևորումների և ժողովրդական հուզումների:

Նախապես է ասված, Աստված օգնական:

ՀՀ քաղաքացի, ռադիոֆիզիկոս, բանաստեղծ, թարգմանիչ և երգահան՝
Խաչիկ Մանասելյան

пятница, 4 января 2013 г.

Ի՞նչ է սպասվում մեզ հունվար-փետրվար ամիսներին

Որո՞նք են նոր ժամանակների պահանջները, որոնք պետք է բավարարվեն նոր տարվա առաջին ամիսների ընթացքում, որպեսզի հայ ժողովուրդն ու Հայաստանը սահուն կերպով՝ առանց անհարկի ցնցումների, մուտք գործեն հոգևոր զարթոնքի և աննախադեպ տնտեսական զարգացման բարենպաստ հունի մեջ.

ա) նախագահական ընտրարշավը պետք է լինի լրիվ ապակուսակցականացված;
բ) նախագահի առաջադրված բոլոր թեկնածուներն անխտիր պետք է լինեն անկուսակցական;
գ) ընտրությունների ընթացքում մեծ կամ փոքր որևէ կուսակցություն բացահայտ կամ անբացահայտ կերպով չպետք է պատրաստակամություն հայտնի սատարելու նախագահի որևէ թեկնածուի;
դ) ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ կուսակցական պատկանելությունից, իր ընտրությունը պետք է կատարի խղճի մտոք, անկաշկանդ ու ազատ՝ տուրք չտալով կուսակցական կամ այլ տիպի որևէ պարտավորվածության կամ կողմնակի հարկադրանքի:

Որպեսզի թվարկված հրատապ պահանջները բավարարվեն և նախագահական ընտրություններն ընթանան առանց կեղծիքների, հայ մտավորականությունը, հոգևոր ընտրանին, բոլոր արդարամիտ հայորդիները միահամուռ կերպով պետք է եռանդուն գործունեություն ծավալեն՝ չխնայելով ոչինչ և միաժամանակ մնալով օրինականանության սահմաններում: Անհրաժեշտ քայլերն ու դրանց կիրառման ժամկետները կերևան մոտակա օրերի ընթացքում, սակայն ցանկացած հապաղում, անվստահության կամ թուլամորթության դրսևորում կարող են ստեղծել համաժողովրդական ընդգրկում ունեցող լրացուցիչ խնդիրներ, անելիքներ և դժվարություններ:

Հայ ժողովրդի Հաղթանակն այլընտրանք չունի: