воскресенье, 29 июня 2014 г.

ՎԵՀԱՊԵՏ ԷԼ ՄՈՐԻԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ



Ցույց տվեք ձեր նվաճումները,
և մենք պատրաստ կլինենք
ձեզ ավելի լայն ըմբռնում և ավելի շատ գիտելիքներ տալ...

Վեհապետ Մորիա
29 հունիսի, 2014 թ.

ԵՍ ԵՄ Էլ Մորիան:
Այսօր ես եկել եմ այս ամառային շրջանի ավարտական Ուղերձը տալու նպատակով:
Ես ուրախ եմ, որ հաջողվեց մեր էներգիաները փոխանցել Հինավուրց Հելլադայի տարածքում: Հենց այստեղ ենք մենք հույսեր կապում, որ մեր էներգիաները կունենան ավելի բարձր ազդեցություն: Մեր էներգիաների կիրառման վայրն այս անգամ ստուգվել էր մանրազնին կերպով: Եվ մենք գոհունակությամբ հայտնում ենք, որ գործն արված է և արված է փայլուն կերպով...
Ձեզ հայտնի է, որ մեր Ուղերձների ընդունման վայրում հսկայական քանակությամբ Լույս է ճառագվում: Եվ մենք հույս ունենք, որ մեր դեսպանորդի օգնությամբ այս անգամ մեզ հաջողվեց լավագույն ձևով տնօրինել Լույսը՝ Բարձրագույն եթերային օկտավաներից առաքվող մեր էներգիաները...
Իսկ հիմա ես մտադիր եմ ևս մի քանի խոսք ասել:
Դե ինչ, Ուղերձների փոխանցման մեր աշխատանքն ընթանում է հարկ եղած ձևով ու մակարդակով: Սակայն մեր մնացած աշխատանքի մասին ես չեմ կարող ասել, որ ընթանում է նույնքան արժանավայել և հաջող կերպով:
Ամեն օր հազարավոր մարդիկ կարդում են մեր Ուղերձները: Երկրագնդով մեկ սփռված հազարավոր մարդիկ հնարավորություն են ստանում հաղորդակցվելու մեր էներգիաների և մեր Ուսմունքի հետ:
Բայց ու՞ր են ասպետները... Ու՞ր են այն գործերը, որ դուք կոչված եք կատարել...
Մարմնավորվելուց առաջ դուք որոշակի պարտավորություններ եք ստանձնել: Ամեն անգամ ես գալիս եմ, որպեսզի ձեզ հիշեցնեմ վերցրած պարտավորությունների մասին:
Եվ ի՞նչ...
Ես տեսնում եմ, որ ձեր գործադրած ջանքերը չափազանց նվազ են, ուստիև մենք չենք կարող քիչ թե շատ հաջող հաղթահարել մեզ հակադիր ուժերի դիմադրությունը:
Մեզ համար կարևոր է, որ ուժերի գերակշռություն ստեղծենք ռազմաճակատի յուրաքանչյուր հատվածում, որն անցնում է մարդկային գործունեության ցանկացած բնագավառով:
Մեզ համար կարևոր է, որ այն մարդկանց քանակությունը, որոնք ձգտում են առաջնորդվել Համբարձյալ Դասերի Ուսմունքով և այդ Ուսմունքը կիրառել իրենց կյանքում, սկսի աճել և տարեցտարի ավելանա:
Մարդկության զարգացման այս փուլի համար հատկապես մեր անկեղծ հետևորդների շնորհիվ է, որ մենք կարող ենք իրագործել Եղբայրության պլանները...
Ուստի ես գալիս և անխոնջ կերպով կրկնում եմ, որ մեր խնդիրները չեն փոխվել, և մեր պլաններն իրագործվելու պահանջ ունեն...
Ես կրկին ու կրկին հիշեցնում եմ ձեզ, որ անհրաժեշտ է գործել...
Մեր Ուղերձները կարդացողներից քանի՞սն են, որ անցած կիսամյակի ընթացքում կոնկրետ ջանքեր են գործադրել մեր խնդրանքները կատարելու համար...
Այդ ժամանակահատվածում մենք մի քանի շատ կարևոր նախաձեռնություններ ենք սկսել մեր դեսպանորդի միջոցով:
Ձեզնից շատե՞րն են արդյոք օժանդակություն ցուցաբերել այդ նախաձեռնություններին...
Պետք է ձեզ ասեմ, որ ես հիասթափված եմ: Մենք ավելին էինք ակնկալում, և մեր հույսերը կրկին չարդարացան:
Ձեր իներտությունն  ու ծուլությունը ձեզ պատիվ չեն բերում:
Ես շատ լավ եմ հասկանում, որ շատ բարդ է գործելը և Աստվածային դաշնություն պահպանելն այն պայմաններում, որոնք այժմ գոյություն ունեն Երկիր մոլորակում:
Սակայն ես շարունակում եմ պնդել, որ դուք պետք է ուժ գտնեք ձեր մեջ և շարունակեք առաջխաղացումը: Ես պահանջում եմ, որ մեր սաները վերջապես արթնանան պատրանքի մեջ ունեցած լեթարգիական քնից և սկսեն իրագործել մեր պլանները...
Ձեզ հարկավոր է միայն հաղթահարել սեփական ծուլությունն ու իներտությունը: Հենց որ անեք դա, դուք արդեն կկարողանաք ընկալել մեր թրթռանքներն ու մեր էներգիաները...
Հենց որ ունակ դառնաք ընկալելու մեր էներգիաները, ձեր ներսում ուժ ու ցանկություն կարթնանա գործելու համար, և այլևս ոչինչ չի կարողանա ձեզ կանգնեցնել դեպի Աստված տանող ձեր Ուղու վրա...
Ես ասում եմ ձեզ, որ հարկավոր է դուրս պրծնել ձեզ շրջապատող աշխարհի փտածությունից ու անցողիկությունից...
Ես ասում եմ ձեզ, որ դրա համար պետք է թափ տաք ինքներդ ձեզ և սկսեք գործել...
Ձեր արգելապատնեշները ձեր կարմայական պրոբլեմների հարթության վրա են: Եվ ձեր կարմայական արգելապատնեշերի կծիկը դուք կարող եք քանդել միայն սեփական ջանքերով:
Նախ և առաջ դուք պետք է կամենաք ընթանալ մեր մատնանշած Ուղով:
Դրա համար ձեզնից կպահանջվի ադամանդակուռ հավատ և նվիրվածություն:
Այդ հատկանիշները ձեռք են բերվում սեփական անձի վրա տարվող մանրակրկիտ աշխատանքով՝ ամենօրյա բազմաժամ հոգևոր գործառությունների օգնությամբ:
Շատ եղանակներ գոյություն ունեն, որոնց միջոցով կարող եք մշտապես պահպանել Աստծո հետ ձեր դաշնությունը: Սակայն բոլոր այդ եղանակները պահանջում են ամենօրյա ջանքերի գործադրում:
Ոչ մի օր դուք չեք կարող բաց թողնել: Եթե ծուլության ու թուլակամության պատճառով ընդամենը մի օր չզբաղվեք հոգևոր գործառություններով, ապա հետ կսահեք Ուղու սկզբնամասը և ստիպված կլինեք նորից սկզբից սկսել ձեր վերելքը:
Ո՜չ մի բացառություն...
Սեփական էգոյի ո՜չ մի արդարացում...
Եթե կանգնել եք Եղբայրությանը Ծառայելու ուղու վրա, ապա ո՛չ հանգստյան օր կունենաք, ո՛չ արձակուրդ...
Շատերին վախեցնում է կարգուկանոնի խստությունը: Շատերին թվում է, թե Վեհապետները չափազանց շատ բան են պահանջում:
Ես հստակ ցույց եմ տալիս ձեր հոգու փրկության Ուղին: Բայց ես չեմ կարող ձեր փոխարեն հաղթահարել այն:
Դուք կարող եք ընտրություն կատարել: Այն շատ մեծ չէ. կա՛մ շարունակում եք էվոլյուցիան, կա՛մ հրաժարվում եք էվոլյուցիայի ուղուց և ընտրում անէացումն ու քայքայումը:
Ձեր աշխարհում սկսել են ի հայտ գալ շատ անցանկալի միտումներ:
Մենք մեր բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի օգնենք ձեզ և տանք վերջին հնարավորությունը:
Այսօրվա բոլոր խրատները տրված են...
Ավելին տալ՝ Օրենքը թույլ չի տալիս...
Ցույց տվեք ձեր նվաճումները, և մենք պատրատ կլինենք ձեզ ավելի լայն ըմբռնում և ավելի շատ գիտելիքներ տալ...
Իսկ հիմա ես ձեզ հրաժեշտ եմ տալիս:
Եվ հուսով եմ՝ մինչ նոր հանդիպումներ...

ԵՍ ԵՄ Էլ Մորիան...

Տատյանա Միկուշինա, 2014 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Երեկ անձամբ ներկա եղա Մարինե Վահրադյանի նախաձեռնած հավաքույթներից երկրորդին, որոնց մասնակցում են հայտնի հայ քաղաքագետներ, դիվանագետներ և մտավորականության ներկայացուցիչներ: Թեև հանդիպման ընթացքն ու մթնոլորտն այնպիսին էին, որ նպատակահարմար չգտա ներկայացնելու իմ գործնական առաջարկները և հեռացա նախքան այդ հավաքույթի ավարտը, սակայն, համադրելով մինչ այդ լսածս հերթական կարծիքներն ու դրանց քննարկումները՝ մի ավելորդ անգամ համոզվեցի, որ համաժողովրդական հզոր շարժման միջոցով ՀՀ և ԼՂՀ միաժամանակյա ՀԱՆՐԱՔՎԵ պահանջելն ու անցկացնելը այլընտրանք չունի, եթե հայ ժողովուրդն իսկապես ուզում է խուսափել ներքին ու արտաքին զարգացումների կործանարար հետևանքներից:

Այս պահին մենք չունենք որևէ ուրիշ ելք կամ նպատակ, որը նույնքան պարզ, օրինական, արդարացի, սահմանադրական, արդյունավետ և իրատեսական լինի, որքան ՀՀ և ԼՂՀ միաժամանակյա ՀԱՆՐԱՔՎԵՆ է:

Կոչ եմ անում անհատական և խմբակային նպատակամղված քայլերով անհապաղ նպաստել համաժողովրդական շարժման զարթոնքին՝ առաջնահերթ նպատակակետ ընտրելով ՀՀ և ԼՂՀ նախագահներից ու խորհրդարանական պատգամավորներից միաժամանակյա ՀԱՆՐԱՔՎԵ պահանջելը:

ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՆՐԱՔՎԵ

ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ

пятница, 27 июня 2014 г.

Տիրուհի Պորցիայի այսօրվա Ուղերձը



Արտակարգ անսովոր Ուղերձ

Տիրուհի Պորցիա
27 հունիսի, 2014 թ.

ԵՍ ԵՄ Պորցիան...
Ես կրկին եկել եմ և հանձն եմ առնում ձեզ վստահեցնել, որ այսօրվա մեր զրույցն այնքան էլ ուրախ չի լինի:
Ես հենց նոր եմ դուրս եկել Կարմայական Վարչության նիստից, որպեսզի ձեզ փոխանցեմ իմ Ուղերձը: Կարմայական Վարչության նիստը շատ լարված է ընթանում: Մենք փորձում ենք անցած կիսամյակում տեղի ունեցած թեկուզ ինչ-որ մի քանի դրական փաստեր գտնել, որոնք վկայում են մարդկության գիտակցության մեջ տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին:
Սակայն մենք չենք կարող վստահ լինել, որ ոչ մեծ քանակությամբ անհատների թեկուզ լիովին համոզիչ քայլերը կարող են բավարար լինել:
Մարմնավորման մեջ գտնվող մեր սաներից մենք անկնկալում ենք ավելի մեծ ճկունություն, առաջադրված խնդիրների ավելի լայն ըմբռնում և մեր աշակերտներին ներկայացված բոլոր պահանջների անվերպահ կատարում:
Եվ առաջին հերթին մեզ անհամոզիչ է թվում ձեր կարգապահության մակարդակը:
Շատերը փորձում են այնպիսի գործեր բռնել, որոնք իրենց տեսակետից նպաստում են մարդկության բարօրությանը:
Բայց, ասացե՛ք խնդրեմ, ինչու՞ եք դուք կարծում, որ ձեր արածը համահունչ է այսօրվա մեր պահանջների հետ...
Մենք հատուկ պահում ու պահպանում ենք մեր Դեսպանորդի առաքելությունը, որպեսզի կարողանանք կենտրոնացնել ջանքերը և մարդկանց փոքր քանակությամբ հասնենք ավելի մեծ արդյունքների:
Սակայն մեր աշակերտներից շատերն իրենց սնապարծության կամ ծուլության պատճառով հորինում են իրենց սեփական պլանները և լուծում այնպիսի խնդիրներ, որոնք կարևոր են, բայց՝ ոչ ժամանակի այս պահի համար:
Մի պահ պատկերացրեք, որ ձեր տանը հրդեհ է բռնկվել: Կրակը տարածվում է և հերթով այրում տան բոլոր իրերը: Իսկ դուք՝ փորձում եք այդ պահին նստել և դաշնամուր նվագել: Արդյո՞ք խելամիտ քայլ կլինի դա, թե՞ համարժեք չի լինի տվյալ իրավիճակին...
Այնուհանդերձ՝ մեր սաներից շատ շատերը շարունակում են զբաղվել այնպիսի գործերով, որոնք ինքնին վատը չեն և նույնիսկ կարող են հանգեցնել իրենց հոգիների զարգացմանը: Սակայն մեր Ուսմունքի անկյունաքարերից մեկը՝ բոլոր կենդանի էակներին օգնություն ցուցաբերելու Ուսմունքն է:
Ձեր ֆիզիկական պլատֆորմը, որը միլիոնավոր տարիների ընթացքում ապահովել է ձեր զարգացման հնարավորությունը, ներկայումս հրատապ օգնության կարիք է զգում:
Մարդկության մտավոր գործունեության արդյունքում ստեղծված ամբողջ նեգատիվ տարածությունը մի անխոցելի զրահի է վերածվել, որի միջով չեն կարողանում անցնել մեր Հիերարխիայի արձակած նույնիսկ չափազանց հզոր փրկարար ճառագայթները:
Դուք պարտավոր եք ձեր բոլոր ջանքերը կենտրոնացնել այն բանի վրա, որ չեզոքացնեք մոլորակում կուտակված նեգատիվը:
Սակայն վերջին կես տարվա ընթացքում մենք դրա փոխարեն միայն այդ նեգատիվի մեծացումն ենք տեսնում:
Մենք մեր նպատակներն ու խնդիրները հստակ ենք դնում:
Մենք խոսում ենք աղոթքային արթնության և օրվա մեջ 24 ժամ աղոթքային աշխատանք կատարելու անհրաժեշտության մասին:
Մենք ասում ենք նաև, որ ձեր ժամանակներում միայն աղոթքային աշխատանք կատարելը դեռևս բավարար չէ: Անհրաժեշտ է նաև կոնկրետ ջանքեր գործադրել ֆիզիկական ոլորտում, որպեսզի չեզոքացվի մարդկանց գիտակցությանը տիրած նեգատիվը:
Մեզ հակադիր ուժերն ավելի գործունյա և կազմակերպված դուրս եկան: Փաստորեն մոլորակի ամբողջ տեղեկատվական դաշտը զավթել են այնպիսի մարդիկ, որոնք ներկայացնում են մեզ հակադիր ուժերի շահերը:
Իսկ ինչու՞, այսպես կոչված, լուսակիրները որպես օրինակ չվերցնեն այն, ինչ արդեն արված է տեղեկատվական դաշտում՝ ներառյալ համացանցը, և ուղղակի «մինուս» նշանը փոխեն «պլյուսի»...
Գոյություն ունեն մարդկանց զանգվածային գիտակցությունը փոխելու տասնամյակներով մշակված տեխնոլոգիաներ: Սակայն այդ տեխնոլոգիաներն այս պահին աշխատում են Լույսի և զարգացման էվոլյուցիոն ուղու դեմ:
Եվ եթե դուք հապաղեք նաև հաջորդ կիսամյակի ընթացքում, ապա ո՛չ ես, ո՛չ էլ ուրիշ որևէ  Վեհապետ չեն խոստանա բարեհաջող ելք առաջարկել այն անհավատության ճգնաժամից, որը համակել է ամբողջ Երկիրը:
Այո՛, հատկապես այն պատճառով, որ Աստվածային գիտակցությունն այժմ առկա չէ մարդկանց կյանքերում, մարդկային կյանքի բոլոր բնագավառներում մենք ճգնաժամ ենք արձանագրում:
Ես կնկարագրեմ այն տեխնոլոգիան, որով գործում են խավարի ուժերը:
Սկզբում տարածություն է նետվում ոչ ճիշտ ռիթմ: Դա իր արտացոլանքն է գտնում ժամանակակից երաժշտության մեջ, որն այդքա՜ն դուր է գալիս երիտասարդությանը: Զուգահեռաբար, աստվածային զգացողությունների փոխարեն տարածվում են թմրանյութեր, որոնք թեև նմանատիպ զգացողություններ են առաջացնում, բայց ամբողջովին քայքայում են մարդու նուրբ մարմինները: Դրանց քայքայումից հետո հիվանդանում և մեռնում է նաև ֆիզիկական մարմինը:
Գործողությունների մյուս փուլը՝ գայթակղություններն են: Ձեզ նախ գովազդ են ցուցադրում, որը գրգռում է ձեր ցանկություններն ու պահանջմունքները:
Այնուհետև ձեզ հաճկատարորեն տոկոսով փող են առաջարկում, որպեսզի դրանցող գնեք ձեր գայթակղությունը շարժած առարկաներն ու իրեղենը: Արդյունքում՝ մինչև ձեր մարմնավորման ավարտը դուք բռնված եք մնում ֆինանսական կախվածության թակարդում:
Երիտասարդները, փոխանակ լուրջ աշխատանքով զբաղվելու և հաճույք ստանալու իրենց աշխատանքից, ստիպված են լինում ուղղակի փող հայթայթել՝ թղթի կտորներ, որոնք փոխարինում են ընդհանուր բարօրության համար կատարվող իսկական աշխատանքի պարգևած ուրախությանը: Իսկ դրան հետևում է կյանքից դժգոհելն ու ընդվզումը:
Հաջորդ փուլում քարոզվում է բռնություն և ստեղծվում է զենքի և բիրտ ուժի պաշտամունք: Այնուհետև ստեղծվում է թշնամու կերպար, որը ձեր ներսից դուրս է գտնվում՝ որևէ ազգության, երկրի, կամ բառային հասկացության տեսքով, որը, կախված կիրառվող գաղափարաբանությունից, իբր երջանիկ ապագայից ձեզ հեռացնող մի արտաքին խոչընդոտ է:
Այդ ամենի արդյունքում երիտասարդների մի սերունդը մյուսի հետևից զոհ են գնում հանուն կեղծ իդեալների և արժեքների: Կարման ավելի ու ավելի է խճճվում ու ծանրանում:
Մենք գալիս և պատրաստի դեղատոմսեր ու բացատրություններն ենք տալիս այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Երկրի վրա:
Բացի այդ՝ մենք ձեզ հստակ ցույց ենք տալիս Ուղին և շարժման ուղղությունը:
Սակայն մոլորակի վրա բնակվող միլիոն մարդու մեջ հազիվ թե գտնվի մեկը, որն այնքան օժտված լինի անհրաժեշտ հավատով ու գիտակցությամբ, որպեսզի ականջալուր լինի մեր խորհուրդներին: Մնացածները համառորեն շարունակում են իրենց երթը դեպի անդունդ:
Ես այսօր եկա արտակարգ անսովոր զրույց վարելու համար:
Ես փորձեցի բոլոր շեշտադրումներն իրենց տեղերում դնել:
Բայց ես պետք է խոսեմ ևս մեկ կարևոր բանի մասին: Այն վերաբերում է ձեր ապագային: Ո՛չ ես, ո՛չ Կարմայական Վարչության մյուս անդամները ներկա պահին չենք կարող խոստանալ, որ հաջորդ կիսամյակում կկարողանանք պահպանել մոլորակի համակշռությունը:
Մենք կարող էինք հույսեր կապել Մեծ Կենտրոնական Արևից էներգետիկական օժանդակություն ստանալու հետ, սակայն, որպեսզի այդ օգնությունը ցուցաբերվի, պահանջվում են փաստեր առ այն, որ մարդկությունը լսում է մեզ և ընթանում մեր մատնանշած Ուղով:
Բավարար քանակությամբ այդպիսի փաստեր մենք չենք կարողանում գտնել:
Ուստի ես ամենայն խստությամբ կոչ եմ անում ձեզ՝ մի կողմ դնել ձեր անձնական նախաձեռնությունները և ձեր ջանքերն ամբողջովին կենտրոնացնել աղոթքային գործառությունների և կոնկրետ գործողությունների միջոցով մոլորակի համակշռությունը պահպանելու վրա:
Եվ եթե իմ այս Ուղերձից հետո մեր սաներից մեկնումեկը հանկարծ էլի հարցնի, թե ի՞նչ պետք է անի ինքը, ապա ես կհրաժարվեմ ապագայում կրկին գալ և տալ իմ Ուղերձներն ու խրատները:

ԵՍ ԵՄ Պորցիան

Տատյանա Միկուշինա, 2014 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը


четверг, 26 июня 2014 г.

ՏԻՐՈՒՀԻ ՆԱԴԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ



Ամենից առաջ պետք է ընտանիքու՛մ
ծլարձակեն ամենաբարձր բարոյական իդեալները

Տիրուհի Նադա
26 հունիսի, 2014 թ.

ԵՍ ԵՄ Նադան:
Ես այսօր եկել եմ, որ ձեզ հետ խաղաղ զրույց վարեմ այնպիսի հարցերի շուրջ, որոնք փաստորեն վերաբերում են Երկիր մոլորակում ապրող բոլորին:
Ես կխոսեմ ընտանիքի, օջախի և այն մասին, ինչը մարդկային կյանքի անքակտելի մասն է կազմում, և առանց որի մարդկային կյանքը լիահունչ և ներդաշնակ չէր լինի:
Մարդկանցից շատերը հիասթափված են իրենց ընտանիքից: Նրանք իրենց դժգոհություննեն արտահայտում, իսկ նրանց օջախները վերածվել են կտտանքների խցի:
Ինչու՞ է այդպես լինում: Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել, որ շատերի համար ամենասուրբ բանը՝ ձեր երեխաները, չարժանանան սիրո և հոգածության և ստիպված լինեն մեծանալու վիճաբանությունների ու բացահայտ թշնամանքի մթնոլորտում:
Սիրելինե՛րս, չէ՞ որ միշտ չէ, որ այդպես է եղել: Եվ ձեր ուժերից վեր չէ, որ ձեր ընտանիքներում վերականգնեք ներդաշնակությունը, սերը և խաղաղությունը:
Կուզենայի խոսել ժամանակակից հանրության մեջ կնոջ դերի մասին: Կուզենայի ձեզ հիշեցնել, որ կինն առաջին հերթին ընտանեկան օջախի, խաղաղության ու հանդարտության պահապանն է:
Հենց որ ամեն մի ընտանիքում և յուրաքանչյուր տան մեջ խաղաղություն, սեր և ներդաշնակություն թագավորի՝ մեզ հակադիր ուժերի համար շատ դժվար կլինի հանրությանը մշտական վախի մեջ պահելն ապագայի նկատմամբ:
Հատկապես ընտանիքը, նրա բարօրությունն է դրված ամեն մի առողջ հանրության հիմքում:
Իսկ կինն ընտանիքում հատուկ դեր  է խաղում: Քանզի հենց նրանից է կախված տան մեջ հոգածության ու սիրո մթնոլորտ ստեղծելը:
Ուստի այսօր ես իմ խոսքն առաջին հերթին ուղղում եմ կանանց: Հանրության մեջ ձեր դերն այժմ ելել է առաջին պլան: Հատկապես ձեզնից է կախված, թե ինչ իդեալներ կդավանի մարդկանց հաջորդ սերունդը: Հատկապես ձեզնից է կախված այն բարոյական սկիզբը, որը դուք ունակ կլինեք ներարկելու ձեր զավակներին, և այն բարոյական սկիզբը, որը դուք ունակ կլինեք պահպանելու ձեր ընտանիքներում:
Ամուսնու և կնոջ հարաբերությունների մաքրությունն ինքնաբերաբար նպաստում է ընտանիքի և երեխաների առողջությանը:
Եթե ձեր հարաբերությունները հիմնված են իսկական սիրո վրա, ապա դուք հավատարիմ եք բարձր բարոյական իդեալներին, և այդ իրադրության մեջ երեխաներն ունակ են դառնում սնուցվելու իսկական, անեղծ սիրով: Եվ մայրական կաթի հետ ստացած սիրո հատկանիշը ձեր երեխաներին կուղեկցի մինչև իրենց կյանքի ավարտը:
Երբևէ խորհե՞լ եք արդյոք այն մասին, որ այս կամ այն պետության ընտանիքների մեծամասնությունում Աստվածային իրադրության ստեղծումը ընդամենը մի սերնդի կյանքի ընթացքում կարող է այդ պետության հասարակական հարաբերությունները համապասխանացնել բարոյականության ու առաքինության ամենաբարձր չափանիշներին:
Ուստի հատկապես ընտանիքի, հատկապես ընտանիքի ներսում երեխաների նկատմամբ վերաբերմունքի բարելավման համար պետք է ջանքեր գործադրի հանրության առաջադեմ հատվածը:
Ընտանիքում երկրորդական հարցեր չեն լինում: Կարևոր է ամեն ինչը: Կարևոր է և՛ երեխայի ծնունդը պլանավորելը, և՛ նրա դաստիարակության ու կրթության մասին հոգալը: Կարևոր է, որ ընտանեկան հարաբերությունները խարսխվեն հոգածության ու խնամքի վրա: Այդպիսի մթնոլորտում ապագա սերունդն իր մեջ կներառի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի այն կրի կյանքում և կիրառի ամեն մի բնագավառում:
Խորհե՞լ եք արդյոք այն մասին, թե ինչու՞ եք ընտանիք կազմում. ինչի՞ համար և ի՞նչ նպատակով...
Ինչպես մարդկային գործունեության ցանկացած բնագավառում, ընտանիք կազմելու հարցում նույնպես շատ կարևոր է շարժառիթը:
Եվ եթե դուք ամուսնանում եք միայն այն բանի համար, որ սեքսով զբաղվեք և օրինական հիմքով հագուրդ տաք ձեր սեռական բնազդներին, ապա ամենայն հավանականությամբ որոշ ժամանակ անց ձեր ընտանիքը ձեզ համար կվերածվի բեռի և իսկական տանջանքի:
Որովհետև այն ամենը, ինչ դուք անում եք անձնական հաճույքներ ու վայելքներ ստանալու համար, ձեզ չի կարող իսկական երջանկություն պարգևել:
Իսկ եթե դուք ընտանիք եք կազմում, որպեսզի կյանքում մեկդ մյուսին օգնեք, և ձեր նպատակը երեխաներ ծնելն ու նրանց լավագույն ավանդույթներով դաստիարակելն է, ապա այդ դեպքում ձեր ընտանիքն առավելագույն չափով կմոտենա ձեր իդեալին:
Սակայն որպեսզի ձեր ընտանիքում մշտապես երջանկություն տիրի, անհրաժեշտ է, որ ձեր ընտանիքում առաջին տեղում մնա բարձրագույն բարոյական օրենքի նկատմամբ պաշտամունքը. համընդհանուր լեզվով այդպես է ընդունված ձեր կյանքում անվանել Աստվածային Օրենքը:
Այսպիսով, եթե ձեր ամբողջ կյանքի ընթացքում դուք առաջնորդվում եք Բարձրագույն Օրենքով, ապա ձեր ընտանեկան հարաբերությունները կկառուցվեն բարոյական և առաքինության բարձր չափանիշներով:
Հանդուրժողականությունն ու համբերությունը ամուսինների այն գծերն են, որոնք ուղղակի անհրաժեշտություն են երկարատև ու երջանիկ համատեղ կյանքի համար: Հանդուրժողականությունն ու համբերությունը այն հատկանիշերն են, որոնք բխում են սիրո հատկանիշից՝ իսկական սիրո հատկանիշից, որը համապատասխանում է Աստվածային չափորոշիչներին:
Ինչպես երևի նկատեցիք, ձեր կյանքում ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով եք ունակ Աստվածային Օրենքը մտցնել ձեր կյանք:
Մարդկային կյանքի ցանկացած բնագավառում միշտ կան երկու մոտեցումներ՝ Աստվածային և ոչ աստվածային:
Ընտանիքը և ընտանեկան կյանքը որևէ կերպ բացառություն չեն կազմում այդ կանոնից:
Դեռ ավելին՝ ես ձեզ կասեմ, որ նախ և առաջ ընտանիքու՛մ պետք է ծլարձակեն ամենաբարձր բարոյական իդեալները:
Երբ ընտանիք կազմելու ամենասկզբում դուք ճիշտ նկրտումներ ունեք և դրանից հետո ձեր մտադրությունը համբերատար ու պլանաչափորեն պահպանում եք ամբողջ կյանքի ընթացքում, ապա անպայման ամուր ընտանիք կունենաք, որում մշտապես ներկա կլինի երջանկությունը:
Եվ քանի որ ընտանիք կազմելու գլխավոր նպատակներից մեկը մանկածնությունն է, ապա երեխաների ծնվելու մասին հարկավոր է մտածել դեռևս նրանց սաղմնավորվելուց շատ առաջ: Քանզի նախքան այդ որքան կուսական ու մաքուր լինեն ամուսինների միջև հարաբարությունները, այնքան ավելի մեծ կլինի հավանականությունն այն բանի, որ ձեր ապագա երեխայի մեջ կգրավեք մեծ հոգևոր նվաճումների տեր հոգու:
Ինչու՞ է այնպես ստացվել, որ այդքան շատ երեխաներ են ծնվում, որոնք ժամանակի ընթացքում առաջ են բերում իրենց ծնողների դժգոհությունը:
Պատճառն այն է, որ մանկածնության հարցը ինքնահոսի է թողնված: Ձեզ չի մտահոգում այն, որ բուն բեղմնավորումը պետք է տեղի ունենա որպես Աստվածային Արարչության բարձրագույն գործողություն: Չէ՞ որ հենց մանկածնության հարցում է, որ մարդիկ նմանվում են Աստվածներին:
Սակայն այդ բարձրագույն արաչական գործողությունը դեպքերի մեծ մասում վերածվում է սեքսուալ քմայքների բավարարման կողմնակի արդյունքի:
Արժե՞ արդյոք այդքանից հետո տրտնջալ երեխաներից... Ո՛չ, համաձայն կարմայի օրենքի՝ դուք բեղմնավորման ու հղիության ընթացքում ձեր երեխայի մեջ այնպիսի հոգու եք գրավում, ինչպիսին ձեր գիտակցության մակարդակն է և այն շարժառիթը, որով ամուսնացել եք: Եվ քանի որ ձեր մանչուկի կյանքի առաջին տարիներին շատ կարևոր է մոր դերը, ապա այդ ժամանակի ընթացքում նա տառացիորեն իր մեջ է ներառում ոչ միայն ձեր արարքները, այլև ձեր մտքերը:
Եթե դուք ճիշտ տրամադրվածություն ունեք և ճիշտ շարժառիթներ, ապա ձեր ամեն մի երեխայի ծննդից հետո ձեռք կբերեք երջանկություն և ձեր վաստակը կունենաք հետագա մարմնավորման համար: Եվ անգամ ձեր ընթացիկ կյանքի ուշ շրջանում կարժանանաք ընտանեկան երջանկության վաստակած պարգևների:
Իսկ եթե ձեր երեխաները ձեզ համար պատահական հանգամանքների արյունք են, ապա հազիվ թե դուք երջանիկ լինեք, և հազիվ թե ձեր տանը երջանկություն լինի:
Այս կարճ զրույցում ես չկարողացա շոշափել այն բոլոր հարցերը, որոնք առնչվում են ընտանիքին ու երեխաներին:
Սակայն կարևորն այն է, որ ձեզնից շատերին ես ստիպեցի խորհել այն մասին, թե որքա՜ն կարևոր է ձեր կյանքում ամեն ինչ: Ձեր ամեն մի քայլը հետևանքներ է ծնում, որոնք կարող են կա՛մ երջանկություն բերել, կա՛մ դժբախտություն:
Փաստորեն դուք ինքներդ եք ձեր երջանկության կերտողը:
Հարկավոր է միայն մշտապես գիտակից մնալ և մշտապես զգալ Աստծո հետ ձեր միասնությունը:

ԵՍ ԵՄ Նադան

Տատյանա Միկուշինա, 2014 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

среда, 25 июня 2014 г.

ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ ՈՒՂԵՐՁ



Շրջակա ցանկացած իրադրությունում դուք պետք է հավատարիմ մնաք Բարձրագույն իդեալներին

Կ-17 – ի Վեհապետ
25 հունիսի, 2014 թ.

ԵՍ ԵՄ Կ-17-ի Վեհապետը: Ես առաջին անգամն եմ ձեզ այցի գալիս այս դեսպանորդի միջոցով:
Հնարավոր է, որ դուք իմ անունը լսած լինեք նախորդ դեսպանորդներից: Երկիր մոլորակում ես ներկայացնում եմ Տիեզերական Անվտանգության Ծառայությունը:
Այն հանգամանքը, որ այսօր այցելել եմ ձեզ, պետք է հուշի ընթացիկ պահի կարևորության մասին: Քանզի ես հազվադեպ եմ հնարավորություն ստեղծում ինձ հետ հաղորդակցվելու համար:
Եվ այսպես, այսօր ես եկել եմ ոչ այն բանի համար, որ ուսուցանեմ և խրատներ տամ ձեզ: Այսօր ես եկել եմ, որ ձեզ տամ խիստ որոշակի հանձնարարականներ և նախազգուշացումներ:
Իմ տեսանկյունից՝ մոլորակի իրադրությունը հասել է չափազանց վտանգավոր շրջադարձի: Մենք դժվարությամբ ենք զսպում մեզ հակադիր ուժերին: Հիերարխիայի Լույսի ամբողջ հզորությունը հազիվ է բավարարում իրադրության զսպման համար:
Դուք կարող եք դա նկատել այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Երկրի վրա: Այսուայնտեղ ակտիվանում են ռազմական հակամարտություններն ու պատերազմական գործողությունները: Այսուայնտեղ գլուխ են բարձրացնում մարդկային գիտակցության ամենավատթար դրսևորումները:
Շատ ուժեր կան, որոնք չէին ուզենա, որ մարդկությունն ընտրեր զարգացման Աստվածային ուղին: Այդ ուժերը փորձում են անել և կանեն իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի հնարավորին չափ մեծ քանակի հոգիների դուրս հանեն Աստվածային ուղուց: Դրա համար կիրառվում են բոլոր եղանակները և օգտագործվում են ամենանենգ հնարքները:
Ձեզ հայտնի է, որ մարդկային կյանքի ամենասուրբ ոլորտներում մեզ հակադիր ուժերը մտցնում են իրենց աղճատումները: Նախորդ Ուղերձներում ձեզ ասվել է պաշտամունքի շատ սպասավորների մասին, որոնք փաստորեն չեն ծառայում Աստծուն: Ես հիմա ձեզ կհիշեցնեմ մարդկային կյանքի մի այլ կողմի՝ պատերազմների ու արյունահեղությունների մասին:
Մարդկության զանգվածային գիտակցության մեջ ատելություն և ագրեսիա սերմանելու միջոցով մոլորակի շատ վայրերում տեղի է ունենում զանազան տաք կետերի հրահրում և բորբոքում:
Մարդկանց գիտակցության մեջ ագրեսիան խթանելու գործընթացի էությունը պարզ է: Դա նախ և առաջ տեղեկատվության զանգվածային միջոցներն են, որոնց մեծ մասը գտնվում են մեզ հակադիր ուժերի հովանավորության տակ, և համակարգչային խաղերի արտադրությունը, որոնցով սիրում են խաղալ և՛ երեխաները, և՛ մեծահասակները: Դրանցից շատերն այնպիսի խաղեր են, որոնց մասնակիցները կրակում են զանազան զենքերով և խոցում իրենց հակառակորդներին: Առաջին հայացքից անվնաս թվացող այս ժամավաճառությունը ձեր ժամանակներում վերածվում է հույժ վտանգավոր աղբյուրի:
Երեխաները միշտ էլ սիրել են կռիվ-կռիվ խաղալ: Դրանով նրանք հմտություն են ձեռք բերում իրենց հայրենիքը պաշտպանող զինվորներ դառնալու համար: Եվ դա քաջալերվում ու ողջունվում էր մեր կողմից: Սակայն հիմա, փոխանակ խթանելու ազնիվ շարժառիթները՝ խթանվում է սպանության, արյան, ավարառության ծարավը: Եթե համակարգչային խաղերին գումարենք նաև այն ֆիլմերը, որոնք ագրեսիա են քարոզում և գունեղ կերպով ցուցադրում մարդկանց սպանություններ, ապա կարելի է ասել, որ երիտասարդ սերնդի գիտակցության մեջ աստիճանաբար լղոզվում են բարոյականի ու անբարոյականի, լավի ու վատի եզրագծերը:
Այն երիտասարդները, որոնք դաստիարակվում են համակարգչային մարտախաղերի ու ագրեսիվ մարտաֆիլմերի նման անորակ դրսևորումներով, կորցնում են իրականության զգացողությունը: Գոյություն ունեն շատ կազմակերպություններ, որոնք այդ ֆիլմերով ու խաղերով հիմարացած ջահելներին գրավում են իրենց շարքերը: Եվ բռնության ու ագրեսիայի գաղափարաբանությամբ ուղեղների լվացումից ընդամենը մի քանի տարի հետո այդ ջահելներից կազմավորվում են մասնագիտացված վարձկաններ ու մարդասպաններ:
Առաջին քայլը միանգամայն անվնաս է թվում՝ 6-7 տարեկան երեխան նստում է համակարգչի առաջ և կրակում խաղալիքային նշանակետերի վրա: 12-13 տարեկանից երեխան արդեն սկսում է բռնություններ խթանող ֆիլմեր դիտել:
Իսկ 16-17 տարեկանից անհատն արդեն պատրաստ է, որ իրեն ներքաշեն վարձկաններ ու մարդասպաններ պատրաստող կազմակերպության մեջ:
Այս եղանակով համակարգը բռնություն է տարածում: Սկզբում բռնությունն ամրապնդվում է գիտակցության մեջ, իսկ տասը տարի հետո այդ բռնությունը դրսևորվում է ֆիզիկական ոլորտում՝ այն երիտասարդների միջոցով, որոնք երբեք չեն լսել Աստծո մասին, բայց բազմաթիվ ժամեր են անցկացրել սպանություններ ու բռնություններ դիտելու վրա:
Այն հանրությունում, որտեղ չի վերահսկվում երեխաների զարգացման բարոյական կողմը, շատ դժվար է արմատախիլ անել բռնությունը:
Ուստի մենք՝ Համբարձյալ Վեհապետներս, գալիս և ձեզ հիշեցնում ենք ֆիզիկական ոլորտում կոնկրետ գործողությունների անհրաժեշտության մասին: Այդ գործողությունները պետք է իրականացնել և՛ օրենսդրական, և՛ հասարակական մակարդակներով, ինչպես նաև աշխարհի բոլոր երկրների պետական կառույցների մակարդակներով:
Կան որոշակի ուժեր, որոնք կընդդիմանան այդ գործողություններին:
Սակայն ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ ձեր խնդիրն է՝ գործել Աստվածային վարվելակերպի նմուշներին համապատասխան: Կարևոր չէ՝ արդյունքում ձեր գործերը հաջող կլինեն, թե՝ ոչ: Կարևոր են ճիշտ շարժառիթներն ու ճիշտ գործողությունները:
Հատկապես դա՛ կմնա ձեզ՝ ձեր հոգուն, որպես կենսափորձ, և հենց այդ կենսափորձն է, որ դուք կունենաք ձեր հաջորդ մարմնավորման ժամանակ:
Ինչ վերաբերում է այն կենսափորձին, որը ձեռք են բերում այն անհատականությունները, որոնք ձգտում են ծառայել Լույսին հակադիր ուժերին, ապա դա նույնպես կմնա իրենց հետ: Սակայն կենսափորձ էլ կա՝ կենսափորձ էլ:
Երբ դուք ընտրում եք Աստվածայինը և վարվում բարոյական ու առաքինության ամենաբարձր նմուշներին համապատասխան, դրանով դուք բարձրացնում եք ձեր թրթիռները և վեր բարձրանում էվոլյուցիոն զարգացման պարույրով:
Իսկ երբ ձեր ընտրությունն Աստվածայինի կողմը չէ, դուք հայտվում եք գահավիժող պարույրի մեջ, իսկ ձեր հոգին ցած է սահում ինվոլյուցիոն զարգացման աստիճաններով:
Այդպիսով ձեր ժամանակներում տեղի է ունենում հետագա էվոլյուցիայի համար պիտանի հոգիների արագացված զտում այն հոգիներից, որոնք տեղ են գրավում լինելիության ցածրագույն ոլորտներում և աստիճանաբար հեռանում դեպի անէություն:
Ձեր խնդիրն է՝ հասկանալ, որ կարևոր չէ, թե ով ինչպես է վարվում: Աստծո և Նրա դատաստանի առաջ ձեր հոգու համար չի կարող արդարացում լինել այն, որ դուք վարվել եք բոլորի պես:
Ո՛չ, դուք պետք է սովորեք նախընտրել Աստվածայինը՝ նույնիսկ եթե ձեր չորս կողմում բոլորը զբաղված լինեն բացառապես ոչ աստվածային գործերով:
Ներկայումս հենց այդ ձեռնադրումն են անցնում այն հոգիները, որոնք գտնվում են մարմնավորման մեջ:
Ցանկացած շրջակա իրադրության մեջ դուք պետք է պահպանեք ձեր անկախությունը և Բարձրագույն իդեալներին ձեր լիակատար նվիրվածությունը:
Իսկ հիմա, երբ ձեզ նախազգուշացրի ընթացիկ պահի և դրա առանձնահատկությունների մասին, կուզենայի ձեզ փոխանցել ևս մի քանի ուղերձի խոսքեր:
Դուք մարտիկնե՜ր եք ձեր աշխարհում...
Դուք Լույսի՛ մարտիկներ եք...
Դուք Ոգու ասպետնե՛ր եք...
Երբեք, ձեր կյանքի ոչ մի տեսակի հանգամանքներում մի՛ մոռացեք այդ մասին...
Ձեր պարտքն է՝ Ծառայել Աստծուն և համայն Կյանքին...

ԵՍ ԵՄ Կ-17 - ի Վեհապետը

Տատյանա Միկուշինա, 2014 թ.
թարգմանեց Խ. մանասելյանը

Աթենաս Պալլասի Ուղերձը



Ես ձեզ ուսուցանում եմ ձեր գիտակցության մեջ

հաղթահարել բռնությունը

Աթենաս Պալլաս
23 հունիսի, 2014 թ.

ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը՝ ձեզ այցի եկածս:
Հասել է Ճշմարտության այն անկեղծ որոնողներին խրատներ տալու և ուղերթի խոսքեր ասելու ժամանակը, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում մեր կողմից տրվող Ուսմունքի նկատմամբ:
Ես պետք է ձեզ ասեմ, որ մենք ոչ միշտ ենք գոհ լինում մեր ուսուցման արդյունքով: Լինում են երջանիկ պահեր, երբ մեր Խոսքից բոցավառվում են մարդկանց սրտերը, և մենք գոհունակությամբ նկատում ենք, թե մարդն ինչպես է բառացիորեն ծաղկում աչքի առաջ: Նրա ամբողջ էությունը պայծառակերպվում է Ճշմարտության Լույսով, և Սերը՝ Աստվածային Սերը, բառացիորեն դուրս է հորդում նրա աչքերից:

Բայց և լինում է դրա հակառակը, երբ մարդը մեծ դժվարությամբ է գտնում մեր Ուսմունքը՝ մեր Ուղերձները: Որոշ ժամանակ նա տարվում է դրանցով՝ փորձելով հասկանալ մեր տված Գիտելիքի հիմունքները: Բայց այդ ժամանակն անցնելուց հետո նա թողնում է մեր Ուղերձներն ընթերցելը և հեռանում, որպեսզի Ճշմարտություն գտնի բոլորովին ուրիշ տեղում:

Մենք շատ ենք ցավում նման դեպքերի համար, բայց ոչինչ չենք կարող անել, քանի որ Ազատ Կամքի Օրենքը մեզ թույլ չի տալիս միջամտել մարդկանց որոշումներին:

Սակայն մենք չենք դադարում հուսալ, որ վաղ թե ուշ մարդկությունը կկարողանա հաղթահարել իր անիրական մասի դիմադրությունը և վերջապես կհայտնվի Աստվածային մտքի լայնարձակության մեջ:
ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը՝ Ճշմարտության Աստվածուհին. ես նաև վերահսկում եմ մարդկային կյանքի ուրիշ շատ բնագավառներ: Եվ այսօր ես առանձնահատուկ ուրախություն եմ ապրում մեր այս հանդիպման առիթով, քանի որ այս Ուղերձը տալիս եմ իմ սիրելի Հելլադայի տարածքում:
Օ՜, դուք չեք կարող պատկերացնել, թե որքա՜ն ուրախ եմ ես, ինչպե՜ս է ցնծում իմ էությունը...
Հինավուրց Հելլադան... Որքա՜ն դարեր են անցել այն ժամանակներից, երբ այս վայրերում բնակվող մարդիկ երկրպագում էին ինձ, իմ պատվին կառուցում տաճարներ ու սրբարաններ:
Եկան ուրիշ ժամանակներ, և հիմա մարդիկ ուրիշ Աստվածների են երկրպագում: Սակայն ես չեմ կորցնում իմ հույսը, որ կգա այնպիսի ժամանակ, երբ բոլոր մարդիկ կհամակվեն ու կլցվեն այն Աստվածային Ճշմարտությամբ, որ ամբողջ աշխարհը հենց ինքն է Աստվածային Ճշմարտության արտահայտություն: Ամբողջ աշխարհն Աստծո նվերն է ձեզ՝ ձեր հոգիներին, որ օգնի ձեզ զարգանալու և ճանաչելու ինքներդ ձեզ ու շրջակա աշխարհը:

Որքա՜ն հրաշալի ու գեղասքանչ բաներ կան այդ աշխարհում: Որքա՜ն շատ բան է Աստված անվարձահատույց տվել մարդկությանը՝ որպես Աստվածային պարգև: Դա և՛ արևածագն է ու մայրամուտը, և՛ արևի ջերմությունը, և՛ թռչունների դայլայլը, և՛ ծաղիկների փթթումը, և՛ զեփյուռի երգն ու առուների խոխոջյունը:

Որքա՜ն նվերներ է տվել Աստված մարդկությանը...
Սակայն մարդկությունը երես է թեքել Աստծո նվերներից: Անգամ անմահությունը, որ ձեր հոգիներին պարգև  է տրվել արարման օրից, դուք այլևս որպես այդպիսին չեք ընկալում:
Դուք զարմանալի համառությամբ ստեղծում եք ձեր սեփական անաստված նմուշները և դրանց երկրպագում, ինչպես ոսկե հորթին՝ դրանց սնուցելով ձեր ստացած Աստվածային էներգիայով:
Կար հեռավոր մի ժամանակ, երբ ես ներկա էի մարդկանց միջավայրում: Ես մարդկանց ասում էի, որ կգան այնպիսի ժամանակներ, որ իրենք կմոռանան Աստծուն և իմ գոյության մասին: Բայց ոչ ոք ինձ չէր հավատում:

Եվ ահա հիմա, երբ ես խոսում եմ Աստծո, Համբարձյալ Դասերի մասին, քչերը կան, որ հավատում են մեր իրական գոյությանը:
Քանզի ձեր գիտակցության մեջ կա ինֆորմացիայի հսկայական զանգված, սակայն Ճշմարտությունը՝ Աստվածային Ճշմարտությունը, լքել է ձեզ:
Ուստի ձեր հիմնական խնդիրը պետք է լինի Աստվածային Ճշմարտությունը ձեր աշխարհ վերադարձնելը, որին կհետևի Աստվածային ներդաշնակության ու անդորրի վերադարձը, և ձեր գոյությունը կլցվի իմաստով:

Ներկայումս դուք խորասուզված եք ձեր իսկ հորինած պրոբլեմների մեջ: Ձեզ լրջորեն հուզում են բաներ, որոնք արժանի չեն ձեր ուշադրությանը: Դուք խորասուզվել եք այնպիսի խնդիրների ու վիճակների մեջ, որոնք չպետք է լինեն ձեր աշխարհում: Եվ որքան շատ եք ուշադրություն դարձնում այդ վիճակներին, այնքան ավելի շատ եք դրանց սնուցում ձեր Աստվածային էներգիայով:

Բոլոր այն հորինովի բաները, որոնք տիրաժավորվում են զանգվածային լրատվության միջոցներով, ձեր էներգիայի շնորհիվ լիովին ձեռք են բերում ֆիզիկական կերպարանքներ:
Դուք հնազանդորեն ձեր էությունը ենթարկում եք զանգվածային լրատվության միջոցների տիրաժավորած ստի ամբողջ հոսքի ազդեցությանը, և ստի այդ հոսքը ձեզ ստիպում է կատարել այնպիսի գործողություններ, որոնց մասին ամոթով կհիշեք ձեր ֆիզիկական մարմնի մահից հետո, երբ հայտնվեք մեր Մենաստաններում: Դուք սարսափով կհիշեք այն իրավիճակները, որոնք ինքներդ էիք ստեղծել՝ ստահոդ ներշնչանքների և բացահայտ ստերի ազդեցության տակ:

Ես և մյուս Վեհապետները մշտապես հանդիպում ենք այնպիսի հոգիների հետ, որոնք չեն կարողանում դուրս գալ շոկային ցնցումից, երբ նրանց հայացքի առջև հառնում է իրենց վերջին մարմնավորման ընթացքում գործված չարի ամբողջ ահավոր պատկերը:

Այդպիսի հոգիներից շատերը նորից են ուզում մարմնավորվել, որպեսզի քավեն իրենց գործած մեղքերն ու կեղտոտ արարքների հետևանքները: Սակայն մենք տեսնում ենք, որ հոգին այնքան խոր վերքեր է ստացել, որ հարյուրավոր տարիներ են պետք, որպեսզի կրկին ձեռք բերի Աստվածային անդորր ու ներդաշնակություն, ապա մարմնավորվի՝ իր կարման գիտակցված ձևով բեռնաթափելու ցանկությամբ:

Ես գիտեմ և տեսնում եմ, թե երբեմն որքա՜ն դժվար է լինում այն մարդկանց հոգիների համար, որոնք մարմնավորվում են անցյալում իրենց գործած մեղքերը քավելու նպատակով: Այդ մարդիկ տառապում են և ենթարկվում ահավոր փորձությունների:

Պահանջվում է ի մի բերել ամբողջ արիությունը, դրսևորել վիթխարի անձնազոհություն, որպեսզի նրանք արժանավայել կերպով անցնեն բոլոր փորձությունները՝ իրենց ձեռքերը կրկին չթաթախելով արյան մեջ: Քանզի եթե մարդը զենք է վերցնում ձեռքը, որպեսզի վրեժ լուծի և դրանով իսկ ձեռքերը թաթախում է արյան մեջ, ապա բազմաթիվ մարմնավորումների ընթացքում իր հոգուն զրկում է հոգևոր ուղով առաջ ընթանալու հնարավորությունից:

Եվ հակառակը՝ նա, ով հաղթահարում է վրեժ լուծելու ցանկությունը և հնազանդորեն կրում իրեն բաժին հասած փորձությունները, հաջորդ մարմնավորման ընթացքում իր առջև բացում է Աստվածային Ուղին:

Ես այն Աստվածուհին եմ, որ նաև ռազմական արվեստի բնագավառից եմ խրատներ տալիս: Եվ իմ  Մենաստանում այդ բնագավառից խրատներ տալուս ընթացքում հոգուն ուսուցանում եմ զենքի կիրառումը տարբերակելու ուղիները: Եթե դուք զենք եք վերցնում ոչ թե վրիժառության կամ շահադիտական նպատակով, ինչպես վարվում են վարձու մարդասպանները, այլ սեփական հայրենիքը, սեփական տունն ու ընտանիքը պաշտպանելու ազնիվ նպատակով, ապա նույնիսկ ձեր գործած սպանության կարման անհամեմատ ավելի թեթև կլինի, քան այն մարդկանց կարման, որոնք սպանություն են գործում զավթման ու շահադիտական նպատակներով:
Զենքը ձեռքն առնելու մարդկանց շարժառիթները տարբեր են լինում: Ցավոք, ինչպես հազար տարի առաջ, մարդկության կարման չի կարող հանգուցալուծվել առանց բռնության ու արյունահեղության:

Սակայն ցանկացած արյունահեղություն պետք է որպես դաս ընկալել ձեր հոգու համար: Ձեր գիտակցության մեջ՝ տեղի ունեցածի նկատմամբ ճիշտ արձագանքն ու ճիշտ գնահատականը ունակ են գիտակցության մեջ բեռնաթափելու բռնության կարման՝ առանց հետագայում ֆիզիկական ոլորտում նոր բռնություն գործելու:

Այսպիսով, ես ուսուցանում եմ հաղթահարել բռնությունը գիտակցության մեջ:

Դուք կզարմանաք լսելուց, բայց անհամեմատ մեծ կարմա են ստեղծում ոչ այն մարդիկ, որոնք բռնություն են գործում, այլ նրանք, ովքեր իրենց գիտակցությամբ օժանդակում են բռնությանը:
Քանզի այն բռնությունը, որ հիմա է տեղի ունենում, այն ագրեսիայի հետևանքն է, որը նախկինում տեղ է գտել ձեր գիտակցության մեջ: Բայց եթե հիմա ձեր գիտակցության մեջ ագրեսիվություն կա, ապա այն պատճառ կդառնա հետագա արյունահեղության:

Նախ դուք ձեր գիտակցության մեջ պայմաններ եք ստեղծում ատելության, հակակրանքի ու ագրեսիայի համար, որից հետո այդ ամենը իջանում է ֆիզիկական ոլորտ՝ պատերազմների, արյունահեղությունների ու ահաբեկչական գործողությունների տեսքով:

Մտածե՛ք այսօրվա իմ ասածների շուրջ: Եվ պատճառներ մի՛ ստեղծեք ապագա դժբախտությունների համար:

ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը
Տատյանա Միկուշինա, 2014 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը