воскресенье, 22 июня 2014 г.

ՏԵՐ ՍՈՒՐԻԱՅԻ (ՄԻՀՐ) ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ



Ուսմունք գիտակցության փոփոխության մասին



Տեր Սուրիա

22 հունիսի, 2014 թ.





ԵՍ ԵՄ Սուրիան:

Ես կրկին եկել եմ մեր դեսպանորդի միջոցով:

Այսօրվա մեր զրույցը նվիրված կլինի ամենակենսական հարցին, այն է՝ ձեր գիտակցության փոփոխությանը:

Առանց չափազանցության կարելի է ասել, որ գիտակցության փոփոխության հարցը ոչ միայն ամենակարևորն է, այլև գիտակցության փոփոխությանը վերաբերող Ուսմունքը հենց այն հիմնական Ուսմունքներից մեկն է, որը Կարմայի և Վերամարմնավորումների Ուսմունքների հետ մեկտեղ մենք փոխանցում ենք ձեզ մեր դեսպանորդի միջոցով:

Եթե ամեն օր, ձեր կյանքի նշանակալի ժամանակահատվածի ընթացքում դուք առաջնորդվեք այդ երեք հիմնական Օրենքներով, ապա կկարողանաք ապահովել ձեր հոգու անմահությունը:

Իհարկե, եթե դուք Աստծուն չեք հավատում, և չեք հավատում համայն այս Տիեզերքում գործող Բարձրագույն Օրենքին, ապա մեր Ուսմունքը ևս ձեզ վրա հարկ եղած ազդեցությունը չի գործի:

Այնուհանդերձ՝ վերադառնանք գիտակցության փոփոխությանը վերաբերող Ուսմունքին:

Ես մեկ անգամ ևս ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն բանի վրա, որ այդ Ուսմունքն ունակ է ապահովելու ձեր հոգու անմահությունը: Ինչու՞: Որովհետև ձեր աշխարհն արտացոլված պատրանքային աշխարհ է: Եվ փաստորեն դուք հայտնվում եք այն արտաքին պատրանքի մեջ, որը համապատասխանում է ձեր գիտակցության մակարդակին:

Ամեն մարդ իր սեփական պատրանքի մեջ է գտնվում: Եվ, գտնվելով մեծ քաղաքի կենտրոնում և հանդիպելով հազարավոր մարդկանց հետ, ձեզնից յուրաքանչյուրի պատկերացումն արտաքին աշխարհի մասին կլինի հենց այն, ինչը համապատասխանում է ձեր գիտակցության մակարդակին:

Օրինակ՝ միևնույն փողոցով անցնող երկու մարդկանց պատրանքները տարբեր կլինեն, եթե նրանց գիտակցությունների մակարդակները տարբեր են:

Նրանցից մեկն իր շուրջը կտեսնի միայն բացասական բաներ՝ անորակ ապրանքների գովազդ, աղբ, ճչուն հագուստներով կանայք:

Մյուսը, որի գիտակցության մակարդակն ավելի բարձր է, ուշադրություն կդարձնի ժպտացող երեխաների, ամպերի, սիրագորով մայրերի գեղեցկության վրա:

Այդ երկու մարդկանցից ամեն մեկն իր պատրանքի մեջ կգտնվի:

Աստված այնքան Մեծահոգի է, որ ամեն մարդու թույլ է տալիս գտնվելու իր պատրանքի մեջ, որը նրա զարգացման համար տալիս է լավագուն հնարավորություններ:

Մեր Ուսմունքին բնորոշ է այն, որ սեփական պատրանքի մեջ գտնվող ամեն մարդու թույլ է տալիս ստանալու այն ուղղության ըմբռնումը, որով նա կարող է ընթանալ ու կատարելագործվել՝ մոտենալով Աստվածային կերպերին:

Մենք ըմբռնում ենք տալիս առ այն, թե ինչպես պարզ ու մատչելի հնարքներով գիտակցությունը փոխել այնքան, որ շրջապատի պատրանքը ձեզ երևա իր Աստվածային կողմով:

Մեր հանձնարարականներն այնքան պարզ են, որ հասկանալի են անգամ երեխայի համար:

Եթե դուք մշտապես հեռուստատեսությամբ անորակ հաղորդումներ եք դիտում, լսում ձեր էությունն ավերող երաժշտություն, ինքներդ ձեզ մթագնում թմրանյութերով, ալկոհոլով ու ծխախոտով, ուտում անորակ սնունդ, ապա տարօրինակ չի՞ լինի արդյոք, որ հայտնվեք Աստվածային կերպերին մոտ իրականության մեջ...

Նման բան ձեզ հետ տեղի չի ունենա, քանի որ դուք ամեն ինչ անում եք, որ ինքներդ ձեզ կտրեք Աստվածայինի հնարավորությունից ու դրսևորումից:

Սակայն Աստված ձեզ համար միշտ հնարավորություն է թողնում. դուք կարող եք ջանքեր գործադրել և մեկը մյուսի հետևից հրաժարվել վատ սովորություններից: Դուք կարող եք աստիճանաբար ձեր էությունը մաքրել ամեն մի վնասակար ու անբարո բանից, և որոշ ժամանակ անց կկարողանաք նկատել, թե ինչպես է փոխվում արտաքին շրջապատը: Դուք աստիճանաբար կանցնեք մի այլ պատրանքի մեջ, որը կհամապատասխանի ձեր փոխված գիտակցությանը:

Ըստ էության, ես ձեզ տվեցի Ուսմունքի բուն էությունը՝ նրա միջուկը:

Եվ եթե դուք լուրջ ու խոհուն կերպով մոտենաք մեր Ուսմունքների ուսումնասիրությանը, ապա կբացահայտեք, որ ամբողջ տասը տարվա ընթացքում մենք ձեզ ուսուցանում ենք մի պարզ Ճշմարտություն՝ փոխել սեփական գիտակցությունը:

Տասնյակ Ուղերձներով մենք անխոնջ կերպով նույն բաներն ենք կրկնում՝ ինքներդ ձեզ շրջապատեք ճիշտ Աստվածային կերպերով, հրաժարվե՛ք անկատար բաներ դիտելուց, հրաժարվե՛ք վնասակար սովորություններից, և ձեր առաջ կբացվի Աստվածային աշխարհը:

Իհարկե, մենք լիովին հաշվի ենք առնում, որ մեր լսարանը չափազանց փոքր է, որպեսզի բավականաչափ արագ, առանձին անհատների գիտակցության փոփոխության միջոցով փոխվի մոլորակի իրադրությունը:

Սակայն ես կրկնում եմ նորից ու նորից. կա և միշտ գոյություն ունի այնպիսի հավանականություն, որ մոլորակի իրադրությունը փոխվի մեր Ուսմունքին անկեղծորեն հետևող ընդամենը մի քանի հազար մարդու օգնությամբ:

Մեր Ուսմունքն օժտված է մարդկանց սրտերի մեջ ներթափանցելու և նրանց ներքին ջահերը վառելու կարողությամբ:

Եվ նույնիսկ այն դեպքում, եթե դուք չկարողանաք փոխել մոլորակի իրադրությունը, բայց անկեղծորեն մղվեք դեպի ամենայն Աստվածայինն ու բարեպաշտ կյանք վարեք, ապա ձեր հոգու համար անմահություն կվաստակեք:

Իսկ եթե անկեղծ սրտով տարածեք մեր Ուսմունքը և պատրաստ լինեք զոհաբերելու սեփական կյանքը՝ հանուն Երկրում Ճշմարտության տարածման ու մարդկանց հոգիների փրկության, ապա մեր աշխարհում կարժանանաք ամենաբարձր պատիվների:

Ես նաև ասում և կրկնում եմ ձեզ համար, որ Աստվածային Ճշմարտությանը Ծառայելու ուղին, գիտակցության փոփոխման ուղին հեշտ չի լինի ձեզ համար: Քանզի հենց որ սկսեք փոխել ձեր թրթիռները՝ հետևելով վարքի Աստվածային ձևաչափերին ու բարձր բարոյական նորմերին, անմիջապես արտաքին աշխարհը կսկսի հակադրվել ձեզ: Դուք այդ աշխարհում եք գտնվում, բայց նրան արդեն չեք պատկանում: Եվ քանի որ արտաքին աշխարհի թրթռանքն ավելի ցածր է, ապա այն ինքնաբերաբար կսկսի հակադրվել ձեզ:

Դուք կբախվեք և՛ գայթակղությունների, և՛ ուղղակի ընդդիմության: բայց չեք կարողանա կռվին՝ կռվով և բռնությանը՝ բռնությամբ պատասխանել, քանզի դա ձեզ համար քայլ կլինի դեպի ետ:

Միայն ձեր Ոգու ուժով կարող եք չեզոքացնել արտաքին ընդդիմությունն ու ձեզ դեռևս բնորոշ բացասական էներգիաների ներքին դիմադրությունը:

Մեր հետևորդներից շատերը համարում են, որ իրենք գտնվում են շատ բարձր ոգեղեն մակարդակի վրա: Նրանք համարում են, որ իրենց Ոգու ուժով կարող են ընդդիմանալ արտաքին ազդեցություններին: Սակայն նրանցից շատերն իրականում գտնվում են Ուղով առաջընթացի ընդամենն առաջին աստիճանների վրա: Դուք ինքներդ ձեր էության ներսում պետք է զգաք այն նուրբ եզրագիծը, որը ձեզ հեռացնում է այն պահից, երբ արդեն ձեր Ոգու ուժով կարող եք դիմագրավել արտաքին ազդեցություններին: Իսկ մեր մյուս հետևորդները պետք է ակտիվորեն ընդդիմանան արտաքին անկատարությանը:

Դուք պետք է գործեք, պետք է ակտիվ մասնակցություն ունենաք արտաքին գործունեության բնագավառում և ձեռք բերեք սեփական փորձ: Եվ միայն բարոյականության և Աստվածային Օրենքի կողմնակցի կարգավիճակով մի քանի մարմնավորում ունենալուց հետո է, որ դուք այնքան կամրացնեք ձեր Ոգին, որ միայն ձեր այդ Ոգու ուժով կարողանաք հակադրվել արտաքին բացասական ուժերին:

Գաղտնիքի կարգով ասեմ, որ մարմնավորվածների մեջ հենց հիմա կան մարդիկ, որոնք մեզ ընդդիմադիր ուժերին հակադրվում են իրենց Ոգու ուժով: Սակայն դուք նրանց անունները երբեք չեք իմանա: Այդ եզակի քաջարի մարդիկ ամեն ինչ անում են, որ մարդկային անկատար գիտակցության պատճառով չոչնչանա Երկրի ֆիզիկական պլատֆորմը:

Իսկ դուք, որ կարդում եք այս Ուղերձները, պետք է ձեր բոլոր ուժերն ու կարողություններն ակտիվորեն  կիրառեք ֆիզիկական ոլորտի ձեր գործողություններում: Միայն համատեղ դրական ակտիվ գործողությունների միջոցով է հնարավոր բեկում առաջացնել աշխարհում հաստատում գտած բացասական միտվածության մեջ:



 ԵՍ ԵՄ Սուրիան, այսօր եղա ձեզ հետ



Տատյանա Միկուշինա, 2014 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը


Комментариев нет:

Отправить комментарий