Մանկական էջեր

Մանկական շարք՝ «Արևն ինձ հետ է» 
(Որոմ, թե հատիկ ժողովածուից)

Խաղողի այգում

Գրիգորը վազի կողքին
Բացականչեց` ա՜յ քեզ բան,
Խեղճ մրջյուններն ինչքան մե՜ղք են.
Կորցրել են տան ճամփան:

Վա՜յ թե բնից դուրս են եկել
Ու մեր այգում կորել են...
Պապի՛, քանի դեռ ցերեկ է,
Ման գանք, գտնե՛նք բոլորին:

Պապը եկավ բահը ձեռքին,
Կռացավ ու, ի՞նչ տեսնի.
Բերքից ճկռած վազի կողքին
Մրջնանոց չէ, այլ… ոզնի:


Իմ նախաճաշը

Արևը դեռ չի ծագել`
Նոր է ուզում, որ ծագի.
Բայց ես շորերս հագել
Ու վազում եմ մեր այգի:

Մեկ է, ինչքան շուտ վազեմ,
Պապիկն արդեն այգում է,
Տնտղում է թուփ ու վազեր
Ու քթի տակ երգում է.

ՙԱ՛յ բաղվանչի, բաղվանչի,
Բաղդ բաղի նման չի…՚.
Չե՜ք գտնի մի ուրիշին`
Պապիս նման հանաքչի:

Մրգերի այս շրջանին
Ես չեմ սիրում կաթ ու թեյ,
Այլ սիրում եմ ճթերից
Խաղող պոկել և ուտել:

Շարքերի մեջ վազերի
Ունենք նաև ձմերուկ,
Դեղնած սեխեր հյութալի,
Կարմիր լոլիկ ու վարունգ:

Հաղարջ ունենք` սև, կարմիր,
Խոշոր-խոշոր ելակներ.
Պոկիր, նայի՛ր չորս կողմից,
Փչի՛ր մի հատ, հանգիստ կեր:


Արևն ինձ հետ է
Ամեն օր մեր պատշգամբից
Բարևում եմ արևին
Եվ խնդրում եմ ես իմ պապին,
Որ ինքն էլ գա բարևի:

Իսկ պապիկս ասում է, թե
Հոգնած է ու չի ուզում,
Ու հետո էլ ցրտից թեթև
Միշտ մրսում է ու հազում:

Իսկ ես ձմռան ցրտին ազատ
Կգնամ դուրս, կխաղամ
Ու, թե պապը առնի ու տա`
Կուտեմ շա՜տ-շատ պաղպաղակ:

Եվ իզուր է նա ասում, թե
Գրիգո՛ր ջան, կմրսե՛ս:
Ախր, արևը ինձ հե՜տ է.
Ինչու՞ պիտի մրսեմ ես:


Տուն կշինեմ

Վահագնը` իմ ապերիկը,
Դեռ չորեքթաթ է քայլում,
Այնքա՜ն սիրուն, լավ բալիկ է`
Աչքեր ունի սև, փայլուն:

Հավաքովի տուն եմ շինում,
Ինքը գալիս է, քանդում,
Տեղը հանգիստ հեչ չի՛ մնում,
Չարչարում է ինձ, տանջում:

Երբ մեծանանք, ես մեզ համար
Տուն կշինեմ պինդ քարից,
Մե՜ծ կլինի, ամուր, հարմար`
Լավը բոլոր տներից:


Ծանոթացե՛ք, քույրիկս է

Իմ քույրիկը` Հեղինեն,
Չաչանակ է ահավոր,
Բայց միշտ տեղը տեղին է
Անում գործերն իր բոլոր:

Երբ չեմ գտնում ինչ-որ բան,
Իսկույն ինքը գտնում է.
Այսպիսի մի օգնական
Ուրիշները փնտրում են:

Պապիկն ինձ է շատ սիրում,
Հեղինեին` տատիկը.
Ես տատիկին եմ ներում,
Իսկ պապիկին` քույրիկս:


Կիրակին քիչ է

Իմ մայրիկը աշխատում է
Երկար ու շատ ամենքից.
Երբ զարթնում եմ, մեղմ ժպտում է
Ու դուրս գալիս տան շեմքից:

Երեկոյան, երբ մթնում է,
Տուն է մտնում միշտ հոգնած,
Եվ դժգոհում, սրտնեղում է,
Թե դեռ ինչքա՜ն գործ մնաց:

Առավոտյան քնից ելնում,
Նորից գործի է գնում,
Մեր խոսելուն, զրուցելուն
Մի կիրակի է մնում:

Ու, քանի դեռ կիրակի չէ,
Կարոտում ենք մայրիկիս,
Կիրակին էլ, ախր, քի՜չ է,
Չի՛ հերիքում ոչ մեկիս...


Լավ պատրաստվեմ

Կեսօրին մեզ պապը այսօր
Գազանանոց կտանի,
Որ ցույց տա մեզ մանր ու խոշոր,
Անթիվ վայրի կենդանի:

Մի գիրք ունեմ` «Ո՞վ է, ի՞նչ է»
Նայեմ, գոնե ճանաչեմ,
Որ մռնչան, գոռան, հաչեն,
Վախից հեռու չփախչեմ:

Թե չէ քույրիկս իսկույն կասի.
ՙՏեսա՞ք դուք այս վախկոտին…՚,
Հա՛ կպատմի նա այդ մասին
Եվ իմ հոգին միշտ կուտի:



Գժվել էին…

Հայրիկը ինձ ֆուտբոլ տարավ`
Չդիմացա՛ աղմուկին,
Կուչ եկա ու մի բուռ դառա,
Նմանվեցի մկնիկի:

Գժվել էին մարդիկ կարծես.
Գոռում էին ու գոչում,
Եվ այդպես էլ չիմացա ես,
Թե ու՞մ և ի՞նչ են կանչում:


Որ պապիկը չվախենա

Կինոյում ես տեսել էի
Ճարպիկ ու քաջ մի սարդ-մարդ,
Եվ նրա պես ուզում էի
Մագլցել վեր, ինչպես սարդ:

Հայրիկս ինձ համար գնեց
Մի հանդերձանք սարդային,
Բայց պապիկը չհավանեց`
Էլ չէր ուզում ինձ նայի.

- Չե՛մ ուզում ես տեսքիդ նայել,
Բոլորովին չի՛ սազում.
Հանդերձա՛նք չէ մարդուն վայել`
Կվախենամ երազում:

Որոշեցի ես էլ իզուր
Չվախեցնել պապիկին.
- Հանել եմ էլ, պապի՛, տե՞ս, որ
Նույն Գրիգո՛րն եմ կրկին:



 

Վահանի գաղտնիքը

Իմ տատիկն ու պապիկը մեզ
Չեն ուղարկում մանկապարտեզ,
Եվ մեր տնից ուր գնում են,
Մեզ իրենց հետ միշտ տանում են:

Վահանն էլ մի տատիկ ունի,
Որ թոռան հետ գլուխ չունի.
Դա տատիս հենց ինքն է ասել,
Ու ես էլ եմ կողքից լսել:

Շա՜տ եմ խղճում Վահանիկին,
Խղճում եմ և իր տատիկին:
Ով էլ լսի` կզարմանա.
Նման բանին ո՞նց դիմանաս:

Իր թոռնիկին հենց նայում է,
Գլուխն ուսից չքանում է,
Ու չի կարող նա էլ արդեն
Տեսնել, լսել, խոսել, ուտել:

Դե, Վահանն էլ արթնանում է,
Տատի տեսքից վախենում է
Ու լացելով` տխուր այդպես,
Նա գնում է մանկապարտեզ:

Չգիտեմ էլ, թե ինչ անեմ,
Որ այդ վշտից նրան հանեմ.
Գուցե տատիս խնդրեմ, գնա
Մի երկու օր հետը մնա՞…


Նամակ մուլտ նկարող քեռիներին

Հայրիկն ասաց` երբ փոքր էի, բարի մուլտեր շատ կային.
Հիմա շատ են կեղծ ու անդուր, մարդ չի ուզում, թե նայի:

Ո՛չ թիթեռն է թիթեռի պես, ո՛չ գազաններն են գազան,
Անճոռնի են ու այլակերպ, հրեշնե՜ր են այլազան:

Նույնիսկ ուրախ մուլտերն են չար, հերոսները սիրուն չեն,
Միշտ կռվում են ու գոռգոռում, կռվազան են, թող կորչե՛ն…

Ես հայրիկի հին մուլտերից նայեցի, շա՜տ սիրեցի,
Մուլտ նկարող քեռիներին փոքրիկ նամակ գրեցի.

ՙՁեր նկարած մուլտիկներում թող բոբոներ չլինեն,
Որ գիշերն ինձ երազ չգան ու ինձ քնից չհանեն:

Թող մուլտերը ուրախ լինեն, գունեղ լինեն և հուզիչ,
Բարին ոչ թե ուժով հաղթի, այլ բարությամբ համոզիչ:

Թե չէ` ես ձեր մուլտիկները չեմ ուզենա էլ նայել,
Որ հանկարծ ինձ ես չպահեմ բոբոյի պես անվայել՚...



Անիի դպրոցը

Երբ ձմեռը ցուրտ է ու ձյուն,
Օրերն էլ շուտ են մթնում,
Անին իրենց տուն չի հասնում`
Ճամփից թեքվում է մեր տուն:

Իր մայրիկին նա զանգում է,
Որ ասի` տեղ է հասել,
Հեռախոսով միշտ պատմում է
Դպրոցում ինչ են խոսել:

Հետո հաց է ուտում արագ,
Խաղում մեզ հետ քիչումիչ,
Հանում գրքեր հաստ ու բարակ
Ու մոռանում ամեն ինչ:

Վահագնիկը շուռ է տալիս,
Պայուսակը ավերում,
Անիին դա դուր չի գալիս,
Բայց էլի դասն է գրում:

Հեղինե՛ն է արագ-արագ
Գալիս իրերը դարսում,
Ու էլ Անին դրա վրա
Թանկ ժամանակ չի ծախսում:


Ես էլ կողքից մտածում եմ.
ՙԻնչքա՜ն գործ կա անելու.
Այդքան դասն ու լրջությունը
Իմ գլխին էլ է գալու՚:


Մանուշակի փերին

Ծաղկի մասին Անին մի շատ
Սիրուն հեքիաթ էր գրել,
Ու հոտավետ մի մանուշակ
Տետրի արանքն էր դրել:

Մանուշակը թառամել էր,
Փշուր-փշուր թափվել ցած,
Բայց տետրի մեջ մնացել էր
Անուշ բուրմունք մի անանց:

Ուսուցչուհին շատ էր գովել.
- Ի՜նչ լավ հեքիաթ ես գրել,
Երևում է, քեզ օգնել են
Ծաղիկների փերիներ:

- Ես մանուշակ էի դրել…
Խոստովանել էր Անին,
Բայց նրան չէր հանդիմանել
Ուսուցչուհին իր բարի:


Մրջակերտի փրկիչը
(անտիպ ֆանտաստիկ պատմվածք)

Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, բույրակայանում տագնապ է, բույրակայանում տագնապ է...
Ամենուրեք բոլորն ընդհատեցին իրենց աշխատանքը, որպեսզի լսեն Կենտրոնական բույրակայանի ձայնառաքիչից լսվող հաղորդումը, որը, նրբանցքներում ու փողոցներում հատուկ տեղադրված ձվիկների կիսակճեպներից անդրադառնալով, հասավ մինչև քաղաքի ամենահեռավոր արվարձանները:
– ...Րոպեն 10-ն անց է 12 վայրկյան: Հյուսիս-արևելքից եկող հոտը նման չէ որևէ չորքոտանու, սողունի, թռչունի կամ միջատի հոտի: Մրջակերտին է մոտենում մի անծանոթ էակ, որը, ըստ հոտի աճման ցուցանիշի, ընդհուպ կմոտենա քաղաքի հյուսիս-արևելյան դարպասին մոտավորապես րոպեն 12-ն անց 12 վայրկյանին:
Տագնապը կարճ տևեց: Վերսկսվեց սովորական աշխատանքային եռուզեռը, քանի որ շատերը գերադասեցին համարել, որ եղածն ընդամենը քամու հերթական խաբկանք էր: Բայց...
– Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, ձայնակայանը հաղորդում է, ձայնակայանը հաղորդում է...
Տագնապի ալիք անցավ նրբանցքներով ու փողոցներով:
– ...Քաղաքի հյուսիս-արևելյան կողմից անհայտ էակի քայլերի ձայն է լսվում: Դրանց պարբերության համաչափությունից դատելով՝ էակը երկոտանի է: Այն քաղաք կհասնի րոպեն 12-ն անց 12 վայրկյանին: Մրջակերտին վտանգ է սպառնում, Մրջակերտին վտանգ է սպառնում:
Արուները խումբ-խումբ հավաքվեցին և սկսեցին կարծիքներ փոխանակել: Էգերը շտապեցին իրենց ձվերի ու ձագուկների մոտ:
Քիչ անց խոսեց նաև գլխավոր դիտակայանը: Ըստ վերջինիս տեղեկատվության՝ էակն ունի 350 մրջնաչափ հասակ և հսկայական, կոշտ ու տձև ոտնաթաթեր: Գլխամասի վրա խոշոր, պսպղուն աչքեր կան, որոնք դեմքից կարծես մի փոքր առաջ են ընկած: Կրծքի մասում կլորավուն ու սև ցցվածք ունի: Մորթու վերևի կեսը կապտավուն է, ներքևի կեսը սև, և այնպես է լխլխկում ու տատանվում քամուց, կարծես ուր որ է կընկնի մարմնի վրայից: Գլխի ամենավերևի մասում հորիզոնական ու կոր ցցվածք կա: Մեջքն ուռուցիկ է և դեպի հետ կախված, կարծես ինչ որ բան է շալակել...
Դիտակայանի ամեն մի նոր տվյալն անշեղորեն ավելացնում էր Մրջակերտին տիրող սարսափը:

* * *
Գլխավոր քուրմ Մերջը շտապ խորհուրդ հրավիրեց: Ավագանին հավաքվեց, և անմիջապես աղմուկ ու վիճաբանություններ սկսվեցին: Ծերունի Մերջը լռություն պահանջեց և ասաց.
– Զավակնե՛րս, պետք է ի մի բերենք մեր բոլոր ուժերն ու ամբողջ մեր հինավուրց իմաստությունը: Դատելով եղած տվյալներից՝ կարող եմ ասել, որ մեզ մոտեցող էակը մարդ է...
– Մա՞՜րդ... – ավագանու շարքերով սարսափախառն զարմանքի ալիք անցավ:
– Այո՛, մարդ,– շարունակեց Մերջը,- աղետի վտանգը մեծ է, իսկ մենք դրան դիմակայելու շատ քիչ ժամանակ ունենք: Բոլորին խնդրում եմ մտածել և առաջարկներ ներկայացնել, որից հետո վճիռ կկայացնենք, թե ինչ քայլեր ձեռնարկենք քաղաքը վերահաս կործանումից փրկելու համար:
Ավագանու անդամները սկսեցին եռանդուն շփել իրենց  գլուխները: Լարված լռության մեջ անցավ հինգ վայրկյան, որից հետո ավագանու շարքային քրմերից մեկն ասաց.
– Քաղաքի ամբողջ բնակչությունը տարհանել այլևս չենք հասցնի: Մնում է միայն, որ բոլոր մրջնիկներին ու ձվերը արագորեն տեղափոխենք քաղաքի հարավ-արևմտյան թաղամասերը, որտեղ նրանք քիչ թե շատ ապահով կլինեն: Իսկ մեծահասակները թող հավասարաչափ ցրվեն քաղաքի մնացած մասերում և յուրաքանչյուրն սպասի իր անխուսափելի ճակատագրին:
– Ես դեմ եմ այդ առաջարկին,- անմիջապես ընդդիմացավ ավագանու մի ուրիշ անդամ, որը հավանաբար չէր սիրում քրմերին,– երբեք վստահ չի կարելի ասել, թե մարդը քաղաքի որ մասում կդնի իր հսկա ոտնաթաթը: Քաղաքի բոլոր կողմերին ու արվարձաններին հավասարապես նույն վտանգն է սպառնում:
– Թույլ տվեք զեկուցե՛լ,– ասաց Մրջակերտի սպարապետը,– մեր բանակը երբեք այնքան մարտունակ չի եղել, որքան այս ժամին: Գտնում եմ, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է: Կարծում եմ նաև, որ մեր քաջարի մարտիկներին կհաջողվի հախուռն գրոհներով ու խայթոցներով շեղել մարդու ընթացքը դեպի Մրջակերտ: Ներկայումս բանակը մարտականորեն է տրամադրված և պատրաստ է մի լավ դաս տալ այդ մարդ կոչվածին:
– Դա վտանգավոր նախաձեռնություն է, զավա՛կս,– առարկեց Մերջը,– իմ երկար կյանքի ընթացքում արդեն մի անգամ ինձ բախտ վիճակվել է բախվել մարդ էակի հետ: Այն ժամանակ մեր քաղաքը կոճղից այն կողմ էր և Մրջարան էր կոչվում: Պետք է ասեմ, որ ներկայիս մեր կոճղն էլ հսկա ու գեղեցիկ ծառ էր, թեև արդեն չորանալու եզրին էր: Այն ժամանակվա մարդ էակը թեև այնքան մեծ ու վիթխարի չէր, ինչպիսին հիմա մեզ մոտեցողն է, բայց նա, մեծ աղմուկ հանելով, ինչ-որ շարժուն ատամով հատեց ծառն ու պատրաստվում էր ուտել այն: Մարտիկների մեր ջոկատները քաջաբար հարձակման անցան, բազում խայթոցներ հասցրին այդ էակին, բայց նա չնահանջեց և է՛լ ավելի կատաղեց: Որքա՜ն զոհեր ու ավերածություններ եղան այդ ընթացքում, այնուամենայնիվ մարդը մաս-մաս արեց ծառն ու ամբողջությամբ տարավ իր հետ, իսկ Մրջարանից միայն ավերակներ մնացին:
– Կարելի՞ է...– ձայն խնդրեց գունատ ու նիհար մի մրջյուն, որը պատմություն էր դասավանդում Մրջակերտի դպրոցներից մեկում:
– Խոսի՛ր, զավա՛կս, բոլորը լսում են քեզ,– ասաց Մերջը:
– Պատմությունից և հին ավանդազրույցներից հայտնի է, որ մարդիկ շատ վտանգավոր և միևնույն ժամանակ շատ տարօրինակ էակներ են: Պատահել է, որ նրանք դաժանաբար կոխրճել ու ավերել են գերհսկա մրջնաքաղաքներ, իրենց հետ դեպի անհայտություն տարել բազմաթիվ քաջարի մրջյունների. պատահել է՝ վերջին վայրկյանին շեղել են իրենց ընթացքի ուղությունը՝ ամենաչնչին վնաս իսկ չպատճառելով. պատահել է՝ հսկա գերանով խառնշտորել ու ավերել են մի ամբողջ քաղաք, բայց պատահել է նաև, որ մի քանի րոպե շարունակ նստել ու սարսափի մեջ են պահել քաղաքը, հետո վեր կացել ու հանգիստ հեռացել: Առավել հին ավանդազրույցները հիշատակում են նաև դեպքեր, երբ որոշ մրջնաքաղաքներ մարդու ավերածություններից փրկվել են մեր նախնիների արտակարգ հնարամտության շնորհիվ: Ես չեմ բացառում, որ նրանք ինչ-որ հնարքներ բանեցնելով կարողացել են իսկապես շեղել մարդու քայլերի ուղղությունը: Ուստի առաջարկում եմ...
– Մարդը մեզ իսկի չի էլ տեսնի, ինչքան էլ փորձենք զանազան օյինբազություններ անել,– առարկեց Կենտրոնական դիտակայանի պետը,– այդ էակի աչքերը հավանաբար տեսնում են միայն իրեն համաչափելի բաներ:
– Բայց ինչ-որ բան այնուամենայնիվ պետք է ձեռնարկե՞նք, թե ոչ: Կարծես թե այլ ելք չունենք, առավել ևս՝ ժամանակ: Ես կրկին առաջարկում եմ...
Այդ պահին խորհրդարանի դահլիճում պարզորոշ լսելի եղավ մարդու քայլերի ձայնը.
– Դրա՜խկ, դրա՜խկ...
– Խորհրդակցությունն ավարտված է, զավակնե՛րս,– ամփոփեց Մերջը,– ուսուցիչը ճիշտ է ասում: Կվարվենք այսպե՛ս. մեր քաջարի մարտիկները թող ամենաքիչը երկու շարքով անցնեն մարդ-էակի առջևից և անեն հնարավոր ամեն բան, որ գրավեն նրա ուշադրությունը և ընթացքը շեղեն Մրջակերտից՝ մեր թանկագին ու հարազատ քաղաքից: Ի գործ, զավակնե՛րս: Եթե մեր այս մտահղացումը հաջողությամբ չպսակվի, ապա, ի՜նչ արած, փրկվեցե՜ք, ով ինչպես կարող է:
Եվ Մերջը գլուխը կախ, արցունքն աչքերին, քայլերն ուղղեց դեպի իր խուցը:
Րոպեն 12-ն անց էր 10 վայրկյան:

* * *
Մարդը քայլում էր անտառային հազիվ նկատելի, նեղ արահետով: Մեջքին ոչ մեծ ուսապարկ կար, գլխին՝ ամառային թեթև կեպի, աչքերին՝ արևային ակնոցներ: Հավանաբար նա լուսանկարիչ էր, քանի որ խոշոր օբյեկտիվով լուսանկարչական մի ապարատ ուներ կրծքին: Նա քայլում էր անշտապ՝ քթի տակ մի երգի մի եղանակ դնդնացնելով:
Ծառերի ստվերն ավարտվեց, և մարդը հայտնվեց մի ոչ մեծ բացատում: Այն արտակարգ գեղեցիկ էր: Մեղմ քամին օրորում էր երփներանգ ծաղիկները: Բացատը լի էր բազմագույն թիթեռներով, որոնք թևածում ու նստում էին ընտրված ծաղիկների վրա: Մեղուների ու բզեզների մեղմ դզզոցը խառնվել էր ծաղիկների բույրային համանվագին:
Մարդը հիացմունքով խոր շունչ քաշեց, գրպանի թաշկինակով սրբեց ճակատի քրտինքը և մի քանի անգամ լուսանկարեց բացատի առավել գեղեցիկ հատվածները: Հետո սկսեց ծաղիկներ ընտրել և փունջ կազմել: Հավանաբար որոշել էր մի փոքրիկ կոլաժ լուսանկարել, քանի որ աչքերով հարմար վայր էր փնտրում:
Բացատի հարավ արևմտյան մասում հսկա մի կոճղ նկատելով՝ մարդը քայլերն ուղղեց դեպի այդ կողմ: Տեղ հասնելուն պես հիասթափվեց, որովհետև կոճղի մոտ մրջնաբույն կար, որը նրա մտահղացման մեջ չէր մտնում: Լուսանկարիչն արդեն ուզում էր հետ դառնալ, որ մի ուրիշ վայր ընտրի, բայց այդ պահին մրջյունների երկշարք մի շարասյուն նկատեց, որը կոճղից հեռանալով ցրվում էր մոտակա բարձր խոտերի մեջ: Մարդը կռացավ, հանեց ակնոցները: Նրա ուշադրությունը գրավեց մի մրջյուն, որը կարծես փորձում էր քայլել հետևի ոտքերի վրա, տեղապտույտ էր տալիս և, միաժամանակ, հետ չէր մնում շարասյունից: Մարդը ժպտաց, ապա մոտիկ պլանով լուսանկարեց շարասյան հենց այն հատվածը, որտեղ այդ հետաքրքիր մրջյունն էր գտնվում: Այնուհետև փոքրիկ մի ծղոտով այդ մրջյունին առանձնացրեց շարքից և ափի մեջ առավ: Մրջյունը սարսափած, արդեն սովորական մրջյունային քայլքով, սկսեց վազվզել մարդու տաք ափի մեջ: Վերջինս շուտով թույլ տվեց, որ մրջյունը ցած իջնի իր ափից, կրկին ձեռքն առավ ծաղիկների փունջը և դանդաղ հեռացավ:

* * *
Վտանգն անցած էր:
Ծերունի Մերջը, այս անգամ արդեն ուրախության արցունքներն աչքերին, ընդհանուր տոնախմբության րոպե ազդարարեց:
Մրջյունները շրջապատել էին րոպեի հերոսին: Դա Մրջակն էր՝ Մրջակերտի ամենահնարամիտ և ճարպիկ մրջյունը:
– Կեցցե՛ Մրջակը... Նա հերոս է... Նա անպարտելի է...– լսվում էր տարբեր կողմերից:
Բայց գլխավոր բժշկի փորձառու հայացքից չվրիպեցին Մրջակի գունատությունն ու շփոթված շարժումները, և նա շտապ պատգարակ պահանջեց:

* * *
Մրջակը պառկել էր հիվանդանոցային հարմարավետ ու փափուկ անկողնում: Ամբողջ երկու րոպե նա անուշ քնեց, հետ արթնացավ և երջանիկ հայացքը հառեց անորոշ ուղղությամբ:
Շուտով սկսեցին այցելել բազմաթիվ ընկերներ, բարեկամներ ու ծանոթներ: Ամեն ոք փորձում էր հաճոյանալ նրան, դրվատանքի կամ մաղթանքի խոսքեր ասել:
–Խորհուրդը քեզ արդեն հերոս է հռչակել,– տեղեկացնում էր մեկը:
– Դու հիմա Մրջակերտի ամենահանրահայտ մրջյունն ես,– գովում էր մի ուրիշը:
– Ամենադժվարին ու ծանր աշխատանքներն այսուհետև միայն քեզ  են հանձնարարելու,– հաճոյանում էր մյուսը:
Մրջակը միշտ լուռ էր մնում: Բայց աչքերից երևում էր, որ երջանիկ է...
Հիվանդանոցի բակում հերթ էր գոյացել, քանի որ Մրջակին շատերն էին ուզում անպայման այցելել, զրուցել հետը: Նրանց մեջ էր նաև Մրջոն, որը հենց նոր էր վերադարձել հեռավոր գործուղումից և վերջին դեպքին ականատես չէր եղել: Նա անընդհատ հարցեր էր ուղղում սրան-նրան՝ փորձելով ամենայն մանրամասնությամբ իր համար պարզել տեղի ունեցածի իսկությունը.
– Ասացե՛ք խնդրեմ, Մրջակն իրո՞ք կռվել է մարդու դեմ... Մրջակը մարդուն հաղթե՞լ է... Իսկ որտե՞ղ է հիմա մարդը... Մարդուն ե՞րբ ենք ուտելու...



Комментариев нет:

Отправить комментарий