суббота, 21 декабря 2019 г.

ՍԱՆԱՏ ԿՈՒՄԱՐԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐՁԸ

Նոր Ելք է սկսվում...
Հին և էվոլյուցիոն զարգացմանն անընդունակ ամեն բան կսրբվի Երկրի երեսից

Սանատ Կումարա
19 դեկտեմբերի, 2019 թ.

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:
Ձեզ հետ հաղորդակցության երկարատև ընդմիջումը պայմանավորված էր նրանով, որ Մենք սպառել էինք այս Տիեզերքի Բարձրագույն Խորհուրդների կողմից Մեզ շնորհված հնարավորությունը, որպեսզի հաղորդակցվեինք Երկրի մարդկության հետ:

Անհրաժեշտ է ամփոփել արդյունքները:

Իմ ամենաառաջին Ուղերձներում, որոնցով ձեզ այցի էի գալիս այս դեսպանորդի միջոցով, Ես խոսում էի այն մասին, որ մարդկությունը մոտեցել է Աստվածային էվոլյուցիոն հնարավորության անցուղու վտանգավոր սահմանագծին, որից անդին նրան անէություն է սպառնում:

Համբարձյալ Դասերը մշտապես փորձում էին մարդկությանը հեռու պահել վտանգավոր նշագծից: Դրա եղանակներից մեկը՝ Մեր Ուղերձների միջոցով Երկրի մարդկության հետ հաղորդակցվելն է: Ուղերձների նպատակը՝ մարդկությանը դեպի էվոլյուցիոն զարգացման անվտանգ ուղի վերադարձնելն է:

Ես ասում էի այն մասին, որ մարդկությունը չի կարող գոյատևել, եթե ինքն իրեն կտրում է Աստծուց: Եթե Աստծուց կտրվածություն կա, ապա դա նման է քաղցկեղային ուռուցքի: Սեփական ցանկությունների ու քմահաճույքների վրա կենտրոնացած մարդկությունը, ուռճացնելով իր ցանկություններն ու կրքերը, դադարում է համապատասխանել Աստծո Մտահղացմանը և այլևս ունակ չի լինում շարունակելու իր գոյությունը:

Մենք չենք ոչնչացնում մարդկությանը: Մարդկությունն ինքն է իրեն ոչնչացնում:
Գիտական բոլոր հայտնագործությունները վերածվում են սպանության գործիքների, երբ մարդկանց կյանքում տեղի է ունենում հրաժարում Բարձրագույն Բարոյական Օրենքից՝ Աստվածային Օրենքից:

Մենք մշտապես փորձեր ենք ձեռնարկում մարդկությանը վերադարձնելու դեպի էվոլյուցիոն զարգացման անվտանգ ուղի: Մեկը մյուսի հետևից Մենք գործի ենք դնում մեր առաքելությունները:

Քանի որ հիմա Ես խոսում եմ ռուս դեսպանորդի միջոցով, տեղին կլինի հիշել Ռուսաստանում վերջին 100 տարվա ընթացքում իրականացված Մեր առանցքային առաքելությունները:

Նախ և առաջ՝ դա կապված էր վերջին ռուսական ցարի Ընտանիքի հետ, որն ամբողջությամբ բաղկացած էր Մեր դեսպանորդներից:
Ի՞նչ կատարվեց այդ ընտանիքի հետ... Բոլորին սպանեցին: Եվ դեռ մինչև հիմա հրեշավոր հայհոյանքներ են տեղում անմեղ նահատակվածների հիշատակին:

Հիշենք մի այլ ընտանիք, որը մեր կողմից առաքված էր Ռուսաստան: Դա Ռերիխների ընտանիքն էր: Նրանք ստիպված եղան փախչել Ռուսաստանից, և շատ տասնամյակների ընթացքում Ռերիխ անունը չէր արտաբերվում իրենց հայրենիքում:Եվ նույնիսկ ներկա ժամանակում տեղի է ունենում Լույսի այն կիզակետի պղծում, որը Մենք ամրացրել էինք Ռուսաստանի մայրաքաղաքում բացված Ռերիխի թանգարանին:

Մենք կրկին գործի դրեցինք Մեր դեսպանորդին, որի միջոցով Ես հիմա տալիս եմ այս Ուղերձը: Եվ ի՞նչ է տեղի ունենում... Մեր դեսպանորդի Աշրամը պղծվում է ու հրդեհվում, իսկ դեսպանորդն ինքը ստիպված է լինում թափառել երկրից երկիր, քաղաքից քաղաք, մի բնակավայրից մյուսը, հանգրվանել օտար տներում ու հյուրանոցներում, ինչպես հայրենազուրկ մեկը: Զենքերի ժամանակակից տեսակներով իրականացվող կանոնավոր ու շարունակական կտտանքների ազդեցությամբ ոչնչացվում է Մեր դեսպանորդի առողջությունը:

Ահա այսպիսին է վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանում իրականացված Մեր առանցքային երեք առաքելությունների ընդհանուր արդյունքը:

Մենք բազմիցս ասել ենք, որ մարդկության գիտակցության մակարդակի մասին Մենք դատում ենք՝ հիմնվելով Մեր դեսպանորդների նկատմամբ ձեր վերաբերմունքի վրա: Հենց միայն Մեր պատգամաբերների նկատմամբ ցուցաբերած ձեր ակնածանքի ու հարգանքի որակի դրսևորմամբ՝ կարող էիք հասնել էվոլյուցիայի անհրաժեշտ մակարդակի: Սակայն նույնիսկ այդ, թվում է՝ հասարակ հնարավորությունը ձեռքից բաց է թողնված վերջին 100 տարիների ընթացքում:

Մենք այլևս չենք կարող շարունակել:

Տեղի է ունենում Մեր կողմից Մեր դեսպանորդի միջոցով այդքան մեծ սիրով ձեր սրտերի մեջ ներարկված էներգիայի հրեշավոր աղավաղում: Էներգիան ձեզ տրվում է, որ բարձրացնեք ձեր գիտակցությունը, ձեր մեջ զարգացնեք աստվածային հատկանիշներ և վեր բարձրանաք էվոլյուցիոն զարգացման աստիճաններով: Փոխարենը դուք այդ էներգիան շարունակաբար օգտագործում եք, որ կյանքից միայն հաճույքներ ստանաք:

Շատ Վեհապետներ զոհաբերեցին իրենց կաուզալ մարմինների մասերը, որպեսզի Մեր Ուղերձների փոխանցման միջոցով պահպանվի Աստվածաշնորհ հնարավորությունը:
Իսկ ի՞նչ զոհաբերեցիք ինքներդ: Ի՞նչ արեցիք, որ պաշտպանեք մեր դեսպանորդին...
Ես հենց նոր դուրս եմ եկել Կարմայական Վարչության նիստից:

Երբեք հարցի դրվածքն այսքան սուր և դրամատիկ բնույթ չէր կրել: Ատլանտիդայի ժամանակներից սկսած՝ հարցն այդքան սուր և դրամատիկ ձևով դրված չի եղել:

Կարմայի Տիրակալները հակված են բաց թողնել կարմայի անիվը, որը վերջին տարիներին Նրանք զսպում էին աննկարագրելի ջանքերով:

Այդ անիվը ծայրեծայր կգլորվի Երկրի վրայով: Արևմուտքից արևելք և հարավից հյուսիս:
Երբ ծուխը կցրվի և  մոխիրը կնստի, Մենք կվերադառնանք, և, որոշ ժամանակ անցնելուց հետո, նոր քաղաքակրթության ներկայացուցիչները կկարողանան Մեզնից ուսում ստանալ:

Իմ անցած Ուղերձում ձեզ հայտնել եմ այն վերջին հնարավորության մասին, որն Իմ կողմից համաձայնեցված է Կարմայական Վարչության հետ: Ես ձեզ խնդրեցի պաշտպանել Մեր դեսպանորդին՝ որպես նշան այն բանի, որ դուք կանգնած եք մնում Հիերարխիայի աստիճանների վրա: Այդ դեպքում Հիերարխիան իրավասու կլիներ պաշտպանել ձեզ նաև հետագայում:

Սակայն ժամկետները լրացան, և Իմ շնորհած հնարավորությունը ձեռքից բաց թողնվեց: Ոչ ոքի հնարավոր չէ մեղադրել կատարվածի համար:

Այդպիսին էր այն ընտրությունը, որը վերջին 100 տարիների ընթացքում կատարեցին Ռուսաստանի լուսակիրների հինգ սերունդները:

Ինչու՞ եմ Ես խոսում միայն Ռուսաստանի մասին և չեմ հիշատակում այլ երկրներ: Բանն այն է, որ տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանը մեզ համար որպես առանցքային երկիր էր ընտրված, որի միջոցով պլանավորել էինք փոխել ամբողջ մոլորակի իրավիճակը:

Դա պայմանավորված էր ինչպես ընթացիկ պատմական պահով, այյնպես էլ այդ երկրի աշխարհագրական դիրքով:

Նոր ելք է սկսվում...  Հին և էվոլյուցիոն զարգացմանն անընդունակ ամեն բան կսրբվի Երկրի երեսից:

Ձեր անհատական ընտրությունը, եթե այն ճիշտ է արված, կդրվի համաշխարհային էվոլյուցիոն փորձի ամբարում:
Երբեք մի՛ մոռացեք, որ ձեր հիմնական ընտրությունը ձեզ կա՛մ անմահ է դարձնում, կա՛մ մահկանացու: Եվ այդ ընտրությունը կապված է այն բանի հետ, թե ձեզ համար ինչն է գլխավոր՝ Աստվա՞ծ, թե՞ ձեր շրջապատի անցողիկ, պատրանքային աշխարհը:

Ես այս օրով եղա ձեզ հետ:
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան
Տատյանա Միկուշինա, 2019թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

среда, 18 декабря 2019 г.

ԱՆԳԼԻԱՆ, ԹՈՒՐՔԻԱՆ և ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԵՆ

1776 թ-ի Անկախության Հռչակագրով ազատագրվելով գիշատիչ Անգլիայի գաղութատիրական լծից՝ ԱՄՆ պետությունն իր վրայից ամբողջությամբ թոթափեց Հյուսիսային Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների ցեղասպանության մեղքը: Ուստի ո՛չ անցյալի, ո՛չ էլ ներկայիս ԱՄՆ կառավարությունները որևէ պատասխանատվություն չեն կարող կրել հնդկացիների ցեղասպանության համար, ինչպես անհիմն հոխորտանքով փորձում է ԱՄՆ-ին սպառնալ ցեղասպան Թուրքիայի կեղծարար նախագահ Էրդողանը:
Պատահական չէ, որ Անգլիան և Թուրքիան ամեն կերպ խուսափում են առերեսվել իրենց հանցավոր անցյալի հետ և ընդունել իրենց ցեղասպանական մեղքերը: Ռուսաստանը, որն անուղղակի կամ քողարկված ձևով իր անժխտելի մասնակցությունն է ունեցել և օժանդակել Թուրքիայի կողմից ուղղակիորեն իրականացվող ցեղասպանական գործողություններին, այնուամենայնիվ ընդունել է Հայոց Ցեղասպանության պատմական փաստը, և դրանով իսկ փոքրիշատե կամ մասամբ քավել է իր բաժին ցեղասպանական մեղքի գոնե մի մասը: Թերևս այդ մեղքն ամբողջությամբ Ռուսաստանն իր վրայից կբեռնաթափի, եթե այդ երկրի ներկայիս իշխանութունները մոտակա տարիներին որևէ կերպ չխոչընդոտեն անկախ Միացյալ Հայաստանի կայացմանն ու հռչակմանը, որից հետո միանգամայն իրատեսական գործ կդառնա վիլսոնյան իրավարար վճռի հիման վրա Միացյալ Հայաստանի դե յուրե ճնանաչված՝ Թուրքիայի հետ պետական սահմանագծի դե ֆակտո վերահաստատումը:
Իսկ թե ցեղասպան Թուրքիայի համար հատուցման իմաստով ինչպիսի հետագա ճակատագիր է սահմանել նախախնամությունը՝ ցույց կտա ժամանակը:
Խաչիկ-Ապեր
18.12.2019թ.

понедельник, 16 декабря 2019 г.

ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ - 5

1920 թ-ի նոյեմբերի 22-ին ուժի մեջ մտած վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակն ազգովի պատշաճ կերպով նշելու նպատակով՝ 2020 թ-ը Հայրենատիրության Տարի հռչակելուն նվիրված իմ այս եզրափակիչ գրառման միջոցով կփորձեմ իմ պատկերացմամբ ուրվագծել հայ ազգային հայրենասիրական ուժերի հիմնական նպատակներն ու անելիքները եկող Տարվա ընթացքում:
Հայրենատիրության Տարվա ընթացքում ազգային հայրենասիրական ուժերը կփորձեն հաղթանակով պսակել երկու հիմնական նպատակ՝
ա) Միացյալ Հայաստանի հռչակում,
բ) Հայոց Պահանջատիրության առարկայական, գործնական և ամբողջական ձևավորում ու հռչակում:
Նշված նպատակները, այսօրվանից սկսած, հնարավոր կդառնա իրականացնել Ա, Բ, Գ հաջորդական տարբերակներով: Այլ կերպ ասած՝ եթե Ա տարբերակն առարկայական ինչ-ինչ պատճառներով չհաջողվի իրականացնել, ապա գործի կդրվի Բ տարբերակը, իսկ եթե Բ տարբերակն էլ նույն կամ այլ պատճառներով ձախողվի, ապա, համազգային ուժերի գերագույն լարումով ու միաբանությամբ, ընթացք կտրվի Գ վերջնական ու հաղթական տարբերակին:
Ստորև կփորձեմ հնարավորինս կարճ անդրադառնալ վերը նշված երեք հնարավոր տարբերակներին:
Ա տարբերակի իրականացումը, որն իմ պատկերացմամբ ամենահեշտն էր ու ամենացանկալին, կարծես թե արդեն ձախողման եզրին է՝ ազգային հայրենասիրական ուժերի անբավարար համախմբվածության և կարևոր քայլերը կատարելու համար անհրաժեշտ ժամանակը թեթևամտորեն ձեռքից բաց թողնելու պատճառներով: Բանն այն է, որ որպեսզի Ա տարբերակը սկսեր գործել և հետագա բարեհաջող շարունակություն ստանար՝ նախ և առաջ ՀՀ ԱԺ պատգամավորները պետք է համարձակություն ունենային 2020 թվականը հռչակել Հայրենատիրության Տարի, և երկրորդ՝ ԱՀ Ազգային խորհդի պատգամավորները հանրային պահանջով պետք է Արցախը հռչակեին ՀՀ մարզ և լուծարեին իրենց ապօրինի կառույցն ու նախագահի ինստիտուտը: Այդ երկու վճռորոշ քայլերը, համաձայն Ա տարբերակի, պետք է արվեին նախքան Հայրենատիրության Տարվա սկիզբը, բայց քանի որ տարեվերջին արդեն շատ քիչ ժամանակ է մնացել, ապա ստիպված ենք հաշտվել այն մտքի հետ, որ Ա տարբերակը, ավաղ, կանգնած է վերջնական ձախողման եզրին: Այնուամենայնիվ չնչին հույսեր դեռևս կան, որ այդ ձախողումը տեղի չի ունենա:
Ամենայն հավանականությամբ՝ Բ տարբերակը կսկսի գործել 2020 թ-ի Ծննդյան տոներից հետո և ՀՀ ու ԱՀ իշխանությունների առջև կդնի անհամեմատ ավելի խիստ (նաև որոշ անձանց համար ուղղակի սպառնագին) պահանջներ: Կարծում եմ, որ այդ տարբերակի շրջանակներում ազգային հայրենասիրական ուժերին կհաջողվի ստորագրահավաքի միջոցով ՀՀ դատախազությունից պահանջել, որ պետական ու ազգային դավաճանության մեղադրանքներով դատական գործեր հարուցվեն ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի, ԱՀ երկարակյաց «նախագահ» Բակո Սահակյանի, Աշոտ Ղուլյանի և այլոց նկատմամբ, որոնք առ այսօր գործուն մասնակցություն են ունեցել (կամ շարունակում են ունենալ) Արցախն «անկախացնելու» միջոցով հայ ժողովրդին պառակտելու ազգադավ գործում: Զուգահեռաբար, համազգային կարող ուժերը կստեղծեն Հայոց Պահանջատիրության Խորհուրդ, որը կզբաղվի Պահանջատիրության բոլոր բաղադրիչները հստակեցնելու, դրանք ի մի բերելու և միջազգային արբիտրաժի պահանջներին համապատասխանող, ներկայանալի ու գործնական տեսքի բերելու պատասխանատու գործով: Բ տարբերակի շրջանակներում կա ևս մեկ կարևոր ստորագրահավաքի հնարավորություն, որի մասին առայժմ գերադասում եմ լռել...
Վերջապես, եթե ՀՀ և ԱՀ իշխանություններին ինչ-որ հրաշքով հաջողվի ձախողել նաև Բ տարբերակը, և Արցախում համառորեն շարունակվի իշխանական ընտրությունների քարոզարշավը, ապա ազգային հայրենասիրական ուժերից կպահանջվի է՛լ ավելի մեծ համախմբում, որպեսզի անկասելիորեն գործի դրվի հաղթական Գ տարբերակը: Դրա առաջին նվաճումը կլինի այն, որ Արցախում նախատեսված իշխանական ընտրությունները հիմնովին կտապալվեն, որից հետո, համաժողովրդական հանրաքվեով կամ որևէ այլ մատչելի եղանակով ազգային հայրենասիրական ուժերը կիրականացնեն ևս մեկ իշխանափոխություն, Միացյալ Հայաստանը կհռչակվի որպես 1-ին հանրապետության օրինական իրավահաջորդ, որն էլ, ամբողջովին ու մինչև վերջնական Հաղթանակ, տեր կկանգնի Հայոց Պահանջատիրությանը:
Անձամբ ես վստահ եմ և հավատում եմ մեր ազգի վերջնական ու փայլուն Հաղթանակին:
Եղիցի...
Խաչիկ-Ապեր
16.12.2019թ.

ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ - 4

ԱՄՆ Սենատի պատմական բանաձևին նախորդած և դրան հաջորդող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակները, 1920 թ-ի նոյեմբերի 22-ից ուժի մեջ մտած վիլսոնյան իրավարար վճիռը, ինչպես նաև միազգայնորեն ընդունված բազմաթիվ իրավական ակտերը միանգամայն բարենպաստ իրավիճակ և բացառիկ հնարավորություն են ստեղծում համայն հայության համար, որպեսզի եկող Հայրենատիրության Տարվա ընթացքում Հայոց Պահանջատիրությունը մղվի առաջին պլան։ Առկա են բոլոր նախադրյալներն ու իրատեսական հիմքերը, որպեսզի ազգային հայրենասիրական ուժերը միաբանվեն և բազմավեկտոր գործունեությամբ Տարվա հենց սկզբից անեն հնարավոր ամեն ինչ՝ Հայոց Պահանջատիրությանը գործնական ու խաղաղ ընթացք հաղորդելու համար։
Մեծ ցավով ստիպված եմ արձանագրել այն փաստը, որ ՀՀ և ԱՀ նյութապաշտ-լիբերալ իշխանությունները, զուրկ լինելով ազգային արժեհամակարգից ու գաղափարախոսությունից, ոչ միայն լրիվ անտարբեր են Հայոց Պահանջատիրության անհետաձգելի հիմնախնդիրների նկատմամբ, այլև կարող են դավաճանաբար մեծապես խոչընդոտել դրանց խաղաղ հանգուցալուծմանը։
Անձամբ ես այն կարծիքին եմ, որ հայ ազգի համար ստեղծված բացառիկ բարենպաստ իրավիճակն անթույլատրելի է ձեռքից բաց թողնել, ուստի ազգային հայրենասիրական ուժերին կոչ եմ անում մոտակա ամիսների ընթացքում ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերն ու միջոցները, որպեսզի նշածս խոչընդոտները վերանան քաղաքական ասպարեզից։
Կարծում եմ, որ այսօրվանից սկսած պետք է մտածել ՀՀ և ԱՀ Միացյալ Ժամանակավոր Կառավարություն կազմելու մասին, որում պետք է ընդգրկված լինեն բացառապես ազգային հայրենասիրական ուժերի ճանաչված ներկայացուցիչներ։
Հապաղել չի կարելի, այլապես ազգովի մեծ և անդառնալի կորուստներ կարող ենք ունենալ ցանկացած չարդարացված հապաղման պատճառով։ Եթե այսօր ժամանակը մեր օգտին է աշխատում, ապա վաղը կարող է դրա ճիշտ հակառակը լինել․․․
Խաչիկ-Ապեր
15․12․2019թ․

пятница, 13 декабря 2019 г.

ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՏԱՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ - 3

ԱՄՆ Սենատի կողմից միաձայն ընդունված բանաձևը հայության համար չպետք է մնա ընդամենը սրտահովանքի կամ բարոյական հաղթանակի մակարդակի վրա։ Միացյալ Հայաստանն իրողություն դարձնելու վիլսոնյան իրավարար վճռի հետ մեկտեղ՝ ճիշտ ժամանակին ընդունված այդ կարևոր ու վճռորոշ բանաձևը նույնպես պետք է դրվի եկող Հայրենատիրության Տարվա հիմքում՝ որպես Հայոց Պահանջատիրության ուղղությամբ գործնական քայլեր անելու ևս մեկ զորեղ նախապայման։
Եկող Հայրենատիրության Տարում Համայն հայության ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացված լինի իրավաքաղաքական պահանջատիրության միջոցով Միացյալ Հայաստանն իրողություն դարձնելու վրա։ Ցանկացած պառակտիչ քայլ կամ քաղաքական ակտ, որն իր բնույթով հակառակ է ուղղված Միացյալ Հայաստանի կերտման գործընթացին, անհապաղ պետք է կասեցվի։ Մասնավորապես, ինչպես Հայրենատիրության Տարվա ամբողջ ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո՝ Արցախում իշխանական ընտրություններ չպետք է տեղի ունենան։ Արցախը ՀՀ-ից անկախացնելու ցանկացած քայլ ծառայում է Միացյալ Հայաստանի փրկարար գաղափարն ի չիք դարձնելու և վիլսոնյան իրավարար վճիռն ուժազրկելու ազգադավ գործին։ Ուստի մինչև տարեվերջ Արցախի Ազգային խորհրդի պատգամավորները հատուկ նիստով պարտավոր են վերահաստատել Միացումը, Արցախը հռչակել ՀՀ մարզ և ինքնալուծարվել։
Ներկա պատմական իրավիճակից ելնելով՝ մինչև տարեվերջ ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց հերթին 2020 թվականը պարտավոր են հատուկ նիստով պաշտոնապես հռչակել Հայրենատիրության Տարի։ Հարցի համազգային նշանակությունն ու կարևորությունն այնքան մեծ է ու բախտորոշ, որ ցանկացած հապաղում կարող է հանգեցնել շուտափույթ իշխանափոխության՝ ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում։
Ի ԶԵ՛Ն, Ի ԳՈ՛ՐԾ, Ի ԲՌՈՒ՛ՆՑՔ
Խաչիկ-Ապեր
13․12․2019թ․

вторник, 12 ноября 2019 г.

ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Ահա և վերջ:
Ականջալուր չլինելով համացանցում հրապարակված բազմաթիվ նախազգուշացումներին ու կոչերին, որ Արցախի երկրամասն իր ներկայիս սահմաններով պետք է խորհրդարանական մակարդակով մինչև տարեվերջ հռչակվի ՀՀ մարզ՝ ԼՂ «Ազատ հայրենիք» կուսակցությանն անդամագրված աղվաններն իրենց հաստագլուխ կուսակցապետին՝ Ուլախ Ունիտազովիչ Վասկրեսենսկուն երեկ առաջադրեցին, որ եկող տարի ընտրվի իրենց ականազերծված փոքրիկ հողատարածքի նախագահ:
Շա՜տ լավ, հասկացանք ձեզ: Իսկական ժամանակն է, որ անկախ Հայաստանի և անկախ Ղարաբաղի սահմանագիծը վերջապես ճշտով գծվի: Թյուրիմացաբար ԼՂ սահմանադրական տարածքին բռնակցված Կովսականի, Բերձորի և Քարվաճառի շրջաններն անհապաղ պետք է վերադարձվեն ՀՀ սահմանադրական տարածք և վերամիավորվեն Սյունիքի մարզի հետ: Եվ եթե այդ վերամիավորումը մոտալուտ խաղաղ բանակցության արդյունքով տեղի չունենա, ապա ԼՂ աղվաններն ստիպված կլինեն խրամատներ փորել նաև իրենց արևմտյան սահմանագծի երկայնքով:
Գարեգին Նժդեհի ոգին իրենց մեջ կրող սյունյաց քաջերն այսուհետև երբեք չեն հանդուրժի, որ իրենց պատմական լեռնաշխարհի մի զգալի հատվածը մնա ռսահպատակ աղվանների ձեռքում և ընդամենը մի քանի տարի հետո շուն ու գելի բաժին դառնա: Դա իրական և լուրջ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության և, մասնավորապես, Սյունիքի մարզի տարածքային ամբողջականության համար:
Ղարաբաղցի աղվաննե՛ր, միայն թե չասեք՝ մենք էլ ենք հայ, Սյունիքի բարբառով ենք խոսում: Ո՛չ, դուք ավելի շատ և ավելի հաճախ ռուսերեն եք խոսում: Եթե իսկապես հայ լինեիք, ապա վաղուց պետք է բոլոր առումներով միացած լինեիք սահմանակից մայր Հայաստանի հետ և շարունակաբար անկախ պետություն դառնալու պլաններ չկազմեիք:
Խաչիկ-Ապեր
12.11.2019թ.


понедельник, 14 октября 2019 г.

ՍԻՐԵՆՔ ՈՒ ՓԱՅՓԱՅԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՎՐԻՊՈՒՄՆԵՐԸ

«Ադրբեջան» կոչվող շինծու պետության բռնապետ Իլհամը բազմիցս հայտարարել է, որ իր վարչակազմը երբեք չի հանդուրժի, որ տարածաշրջանում երկու առանձին հայկական պետություն լինի: Պարզից էլ պարզ է, որ ըստ Իլհամի ախորժակի՝ ԼՂԻՄ-ը պետք է վերադառնա «ադրբեջանի» գիրկը, և Հայաստանը դրանից հետո լինի տարածաշրջանի միակ հայկական պետությունը: Բնականաբար, Իլհամը նաև դեմ է Նիկոլի այն մոտեցմանը, որ «անկախ» Արցախը պետք է հանդես գա որպես բանակցային կողմ:
Սիրենք ու փայփայենք մեր ազգի թշնամիների այս կարգի վրիպումները՝ ի շահ հայության միասնության և Հայոց պետականության ամրապնդման: Այո՛, Հայաստանը տարածաշրջանում պետք է հանդես գա որպես միակ պետություն և մեկ կողմ, բայց իր կազմում ունենալով Արցախը՝ որպես ՀՀ անբաժանելի և անօտարելի մարզերից մեկը:
Ինձ համար տարօրինակ է ու զարմանալի, որ Իլհամի այդ հայտարարություններից հետո մինչև այսօր Արցախը ՀՀ մարզի կարգավիճակ դեռևս չի ստացել: Չէ՞ որ կա դրա օրինական հնարավորությունը. այն է՝ Արցախի ներկայումս գործող խորհրդարանը բնիկ հայկական այդ երկրամասը հռչակում է ՀՀ մարզ և ինքնալուծարվում, որից հետո ՀՀ վարչապետը որևէ մեկին նշանակում է այդ երկրամասի մարզպետ:
Պետք է նաև նկատի ունենալ, որ բոլորովին կարևոր ու էական չէ, թե ՀՀ վարչապետի կողմից հատկապես ով կնշանակվի Արցախի առաջին մարզպետ: Եթե վերջինս լավ չաշխատի կամ արցախահայության սրտով չլինի, ապա հանրային պահանջով հրաժարական կտա, և վարչապետը կառաջարկի նոր, ավելի ցանկալի և ընդունելի մարզպետի թեկնածու: Բայց այդ գործընթացը, բնականաբար, որևէ բացասական ազդեցություն չի ունենա հայ ժողովրդի միասնության և պետականության անսասանության վրա:
Մեր վիճակը բոլորովին այլ, ուղղակի ողբերգական կլինի, եթե վերը նկարագրվածի փոխարեն Արցախում 2020 թ-ին տեղի ունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Չխորանալով արդեն դրսևորված կանխանշանների ու տհաճ մանրամասների մեջ՝ միայն ասեմ, որ դրա վերջնական հետևանքը լինելու է եղբայրասպան քաղաքացիական պատերազմը՝ ինչպես բուն «անկախ» Արցախի ներսում, այնպես էլ դրա «սահմանադրական» սահմաններից դուրս և հենց դրանց ոչ  ճշգրիտ ու անօրինական լինելու պատճառով:
Հայե՛ր, հանկարծ նման ճակատագրական սխալ թույլ չտաք...
Արցախը ՀՀ մարզերից մեկն է և վերջ:
Խաչիկ-Ապեր
14.10.2019թ.

пятница, 23 августа 2019 г.

ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՄՏՈՑԻ

ՊԱՀՄՏՈՑԻ ՋԵՐՄՈՒԿՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Վարչապետ Փաշինյանը փաստորեն այսօր հասել է Ջերմուկ ոչ թե Ամուլսարի հարցով, այլ պարզապես ուզում է ջերմուկցիների հետ մի քիչ պահմտոցի խաղալ:
Էս պահին «Ջերմուկ» հյուրանոցում է պախկվել և ինչ հարց ասես քննարկում է, բացի Ամուլսարի հարցից: Բազմաթիվ «սելֆիներ»՝ մեծ ու փոքր, էգ ու արու խելապակասների հետ: Անհայտ է, թե նրանք ե՞րբ, ինչպե՞ս և ու՞մ շնորհիվ են հայտնվել այդ նորաբաց հյուրանոցում: Բայց եկեք շարունակենք հետևել և տեսնել, թե մեր վարչապետի հաջորդ պախկվելու տեղը ո՞րն է լինելու և ի՞նչ հարցեր է քննարկելու:
Էս պահին պախկվեց կառավարական մեքենայում ու հաստատ ոչ մեկի հետ ոչ մի հարց չի քննարկում:
Էս պահին «Տաքսիների հրապարակում» պահմտոցին կարճ ժամանակով ընդհատվեց: Հիմա վարչապետը մի խումբ ջերմուկցիների առջև (մնացածներին պահմտոցու ճարպիկ հնարքով հասցրել է ցրիվ տալ քաղաքով մեկ) անցել է իր քաղտեխնոլոգիական հնարքներին ու խաբեբայական զինանոցին: Ահա ևս մի «սելֆի»՝ մի ցնդած ջերմուկցու հետ, որի հեչ վեջը չի՝ կողքի սարում երբևէ հանք կբացվի՞, թե ոչ: Նրա ուշքն ու միտքը՝ իր նման խելապակասներին հետո զարմացնելն ու Նիկոլի կողքին նկարված լինելով պարծենալն է:
Հիմա էլի պահմտոցին վերսկսվեց: 5 հոգու հետ վարչապետը գնում է «մի հայաթում սուրճ խմելու»: Իսկ բորբոքված ու դժգոհ ջերմուկցիներին հանգստացրեց նրանով, որ ինքը որոշել է «սքայփ կոնֆերանս» անել «էլարդի» հետ և պարզել, թե նրանց ուզածը, արածն ու ասածն ի՞նչ է վերջապես... Ճիշտ է, կոնֆերանսն անգլերեն է լինելու, բայց դե ինքը խոստանում է բոլոր խոսակցությունները հայերեն թարգմանել՝ հատուկ ջերմուկցիների թանկագին խաթեր համար...
Վե՛րջ, էլ ինձ հետաքրիր չի, էլ չեմ նայի մնացած բաները: Ոչ միայն հետաքրքիր չի, այլև սիրտս սկսեց խառնել ջերմուկցիների նկատմամբ վարչապետ Փաշինյանի ճարպիկ ու ցինիկ,անլուրջ ու թեթևաբարո վերաբերմունքից...
Խաչիկ-Ապեր
23.08.2019թ.

пятница, 28 июня 2019 г.

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ ԿԱՄ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄԱՎՈՐԵԼ ՀԱՄ (Հայ Ազգային Միաբանություն)

Հայ ազգին ու նրա պետական կազմավորումներին սպառնացող հարաճուն վտանգներն ու մարտահրավերներն ստիպում են ինձ մեկ անգամ ևս բարձրաձայնել Հայ Ազգային Միաբանություն (ՀԱՄ) կոչվող համահայկական կառույց ստեղծելու հրատապ անհրաժեշտության մասին:
Ազգայնական գաղափարներով տոգորված քաղաքական ուժերը պետք է անհապաղ վերջ տան հատվածական անարդյունավետ պայքարին և մեկ միասնական բռունցք դառնան ապազգային ու ազգադավ ուժերի գործունեությունը Հայաստանում և Սփյուռքում կասեցնելու համար:
Կարծում եմ, որ այդ ուղղությամբ առաջին քայլը պետք է նախաձեռնի «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության վարչությունը՝ հատուկ նիստով (կամ արտահերթ համագումարով) իրեն վերանվանելով «Սասնա Ծռեր» Համազգային Շարժում: 
Երկրորդ քայլով՝ նշված Շարժմանը պաշտոնական հայտարարություններով պետք է հարեն ազգայնական գաղափարներով տոգորված բոլոր կուսակցությունները, ՀԿ-ները, առանձին անկուսակցական քաղաքական գործիչներ և մտավորականներ: Ըստ իս, ԱԺ վերջին ընտրություններում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը պարտություն կրեց և ԱԺ չանցավ զուտ այն պատճառով, որ ազգայնական ուժերը «ձիերը կապվեցին կառքի հետևից»: Նախ պետք է համազգային Շարժում ծավալվեր, կազմավորվեր ՀԱՄ-ը, որն էլ կապահովեր ազգայնական ուժերի անվերապահ հաղթանակը: Սակայն հիմա էլ ուշ չէ նշված միաբանության ճանապարհով գնալու համար: 
Երրորդ կարևոր քայլը, որ պետք է արվի՝ դա ՀԱՄ հռչակումն է մինչև այս տարվա վերջը Երևանում հրավիրված առաջին Համաժողովի միջոցով:
ՀԱՄ առաջին Համաժողովը պետք է հռչակի և հրապարակի իր նպատակները և այդ նպատակներին հասնելու քիչ թե շատ հստակ ձևակերպված (նախնական) ծրագրային դրույթները:
ՀԱՄ կազմավորումից հետո, ներկայիս «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր անդամներն ու ակտիվիստները ցանկության դեպքում կարող են կրկին համանուն կամ այլ անվամբ կուսակցություն ստեղծել, որպեսզի ընդունված ժողովրդավարական ընտրութան ճանապարհով գան իշխանության: Բնական է, որ ամբողջ ՀԱՄ-ը ջանադիր կերպով կնպաստի դրան:
Ի գո՛րծ...
Խաչիկ-Ապեր
27.06.2019թ.

пятница, 21 июня 2019 г.

ՆՈՐ ՈՒՂԵՐՁ ԼՈՒՅՍԻ ՎԵՐԻՆ ՈՒԺԵՐԻՑ

Ես ձեզ արթնացման կանչ եմ հղում՝ դեպի Նոր Օր և նոր իրականություն

Էլոհիմ Կիկլոպեոս
20 հունիսի, 2019թ.

ԵՍ ԵՄ Էլոհիմ Կիկլոպեոսը:

Իմ այսօրվա գալուստը կապված է վերջին ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունների մի ամբողջ շղթայի հետ:

Դրանցից նույնիսկ ամենակարևորները շարադրելու համար հարկ կլինի, որ չափից դուրս իջեցնեմ Իմ թրթիռները, իսկ դուք ստիպված կլինեք ձեր գիտակցությամբ հնարավորինս մերձենալ Ինձ:

Եվ այսպես, մեզ վիճակված է վեր կանգնել առօրյա ունայնից և մեր հայացքը հառել Երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Ես պահպանում եմ Աստծո Տեսլականը մոլորակի իրավիճակի համար: Սակայն ձեզ հայտնի է, որ առանց Եղբայրության Երկրի վրա մարմին առած ներկայացուցիչների՝ Մեզ համար դժվար է իրականացնել մոլորակի համար նախատեսված աստվածային պլանը:

Վիթխարի աստվածային թողության շնորհը, որն սկզբնավորվեց 15 տարի առաջ, նպատակ ուներ փոխել մոլորակի քաղաքակրթության զարգացման ընթացքը և այն ուղղել դեպի աստվածային հուն:

Այդ խնդրի իրականացման համար Եղբայրության Սրբազան Մենաստաններում նախապատրաստություն էին անցել լավագույն հոգիներ: Նրանք համապատասխան ուսուցում էին անցել և վառվում էին իրենց բոլոր ուժերն ու ունակությունները գործի դնելու ցանկությամբ, որպեսզի Երկիր մոլորակի հնարավորինս մեծ քանակությամբ հոգիների կարողանան օգնել հնարավորինս շուտ դուրս գալու զարգացման աստվածային ուղի:

Դրա համար պահանջվում էր ամենասեղմ ժամկետներում ընդօրինակման նմուշ ստեղծել ֆիզիկակական ոլորտում, որին հետևելով հնարավոր կդառնար մոլորակում տարածել ճշմարիտ կերպեր՝ նախ և առաջ երեխաների կրթության ասպարեզում:

Սակայն համայն Տիեզերքում գործող հիմնական օրենքներից մեկը՝ դա Ազատ Կամքի Օրենքն է: Մարմին առած անհատն ընտրություն է կատարում և որոշում է կայացնում՝ ելնելով այդ Օրենքից: Եվ նույնիսկ այնժամ, երբ Մենք հստակ տեսնում ենք, որ տվյալ հոգին սխալ ընտրություն է կատարում և շեղվում մարմնավորումից առաջ իր իսկ ընդունած աստվածային պլանից, Մենք չենք կարող միջամտել:

Ցավալի է գիտակցել կարմայի բեռի ողջ ծանրությունը, որն ընկավ այդ մարդկանց ուսերին:

Մենք շարունակում ենք պահպանել Աստծո այն Տեսլականը, համաձայն որի՝ մոլորակի էվոլյուցիան դեպի աստվածային ուղի պետք է սկսվի այն տարածքից, որը ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանը:

Սակայն մի շարք մարդկանց նախընտրանքների շարանը հանգեցրեց կարմայական իրավիճակի վատթարացմանը: Այդ սխալ ընտրությունների հետևանքով մարդկանց գիտակցությունը նեղացավ: Նեղացավ այնքան, որ բազմաթիվ հոգիներ չեն հասկանում, թե ինչ է կատարվում և դեպի ուր մղվել:

Շատերն ունակ չեն ամբողջովին ընկալելու Մեր Ուղերձներն ու Մեր առաջնորդությունը:

Ստեղծված իրավիճակում չի հաջողվի խուսափել կորուստներից, աղետներից ու դժբախտություններից: Հավանականություն կա, որ իր աստվածային առաքելությունը չկատարած Ռուսաստանն իր ներկայիս տեսքով այլևս կդադարի գոյություն ունենալ:

Բայց դա չի նշանակում, որ Մենք հրաժարվել ենք այդ երկրի և համայն մարդկության համար նախատեսված Մեր պլաններից:

Նոր Դարաշրջանն իր նոր էներգիաներով անկասելիորեն ներխուժում է Երկիր մոլորակի կյանքի մեջ:

Հին էներգիաներն ու կառավարման հին եղանակները դատապարտված են կործանման:

Լուսակիրների նոր սերունդը՝ 21-րդ դարի սերունդը, արդեն նախապատրաստված է մեր Սրբազան Մենաստաններում: Հենց հիմա վրա է հասնում այն ժամանակը, երբ այդ սերունդն իր գործուն տարիքի մեջ է մտնում:

Այդ հրեղեն հոգիները զուրկ են այն դոգմաներից, որոնք կաշկանդում էին նախորդ սերունդներին: Նրանք պատրաստ են բարեփոխություններին, և հենց Նոր Դարաշրջանի էներգիաներն են երիտասարդությանն առաջ մղում, որ աստվածային փոփոխություններ իրականացնեն մարդկային կյանքի բոլոր բնագավառներում:

Սակայն քանի որ նախորդ սերունդը չհոգաց մանուկների ու երիտասարդության դաստիարակության համար, ապա գլխավոր վտանգը, որ սպառնում է երիտասարդ սերնդին՝ այն հրապուրանքներն ու գրավչություններն են, որոնք քմայքներ են հարուցում և ծնում ոչ աստվածային սովորություններ ու կապվածություններ: Որքան դժվար են լինում փորձությունները, այնքան շատ ձեռքբերումներ է ունենում հոգին՝ անցնելով այդ փորձություններն ու հաղթանակ տոնելով պատրանքային դրսևորումների նկատմամբ: Նոր սերնդի կողմից ճիշտ ընտրություններ կատարելուց մի քանի տարի հետո կարող է բացվել նոր աստվածային հնարավորություն:

Մենք անհամբեր սպասում ենք, թե լուսակիրների նոր սերունդը երբ կյանք կմտնի և իր իր վրա կվերցնի լիակատար կարմայական պատասխանատվություն: Սկսվում է հաջորդ կոսմիկական բոլորաշրջանը: Էլ ավելի հզոր էներգիաներ են մուտք գործում Երկիր: Այդ պայմաններում, երբ առկա են Նոր Դարաշրջանի էներգիաները, կկարողանա գոյատևել միայն այն, ինչն ամեն ինչով բավարարում է աստվածային սկզբունքներին:

Եղբայրության Սրբազան Մենաստաններում ներկայումս մարմնավորման է պատրասվում լուսակիրների նոր խումբ: Ուստի Ես չեմ հոգնում կրկնելուց, որ մարմնավորվածներիդ վրա կարմայական պատասխանատվություն է դրված այդ հոգիներին ընդունելու և դաստիարակելու համար:

Ուսմունքի ամրակուռ հիմքն արդեն առկա է մոլորակում: Սակայն պահանջվում է հոգածություն և խնամք տածել նոր սերնդի մարդկանց նկատմամբ, որոնց առաքելությունը մոլորակն ամբողջությամբ փոխելն է:

Մարմնավորված և սխալ ընտրություններ կատարծ շատ հոգիներ հիմա արդեն զղջում և ցանկանում են գործով շտկել իրենց թույլ տված սխալները: Պաշտելի Գուան Ինը՝ Բարեգթության ու Կարեկցանքի  Աստվածուհին, արդեն հարց է մտցրել ներկայումս ընթացող Կարմայական Վարչության նիստում, որ թեթևացվի զղջացող այդ հոգիների կարմայական բեռը:

Սիրելինե՛րս, դուք մարմնավորվել եք, որպեսզի գիտակցեք ձեր անմահ էությունը և հաղթեք պատրանքային ուժերին: Ձեզնից ամեն ոք պետք է հաղթանակ տոնի պատրանքային դրսևորումների նկատմամբ: Այդ հաղթանակը պետք է լինի ձեր թերությունների, ձեր գիտակցության ոչ աստվածային վիճակների նկատմամբ: Եվ այդ ներքին հաղթանակը պետք է արտացոլվի ֆիզիկական դրսևորմամբ:

Որքան շատ անհատներ հաղթանակ տոնեն իրենց ներսում, այնքան ավելի արագ Երկրում կթևակոխի Ոսկեդարը:

Ես պահպանում եմ Երկիր մոլորակի Ոսկեդարի տեսլականը:

Իսկ մոլորակի այսօրվա վիճակը հիշեցնում է գիշերային մղձավանջներ:

Ես ձեզ արթնացման կանչ եմ հղում՝ դեպի Նոր Օր և նոր իրականություն...

Միշտ Հաղթանակ...

ԵՍ ԵՄ Էլոհիմ Կիկլոպեոսը

Տատյանա Միկուշինա, 2019թ.
                                                                                                                  թարգմանեց Խ. Մանասելյանը

четверг, 6 июня 2019 г.

ՀՐԱՏԱՊ և ԿԱՐԵՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Արցախում ծայր առած և աստիճանաբար թափ հավաքող իշխանական գզվռտոցին վերջ տալու և Արցախը սահուն կերպով մարզի կարգավիճակով Հայաստանին միացնելու համար անհրաժեշտ է ՀՀ-ում սահմանադրական փոփոխության հանրաքվե իրականացնել (մինչև 2020 թվականի սկիզբը կամ կեսերը), որին պարտադիր կերպով պետք է մասնակցեն նաև Արցախի բնակիչները:
Այդ սահմանադրական փոփոխության իմաստը պետք է լինի այն, որ մարզպետներին պետք է ընտրեն մարզերի բնակիչները: Դրանից հետո (2020թ-ի երկրորդ կեսին) ինչպես Արցախում, այնպես էլ ներկայիս ՀՀ մարզերում ժողովուրդը կընտրի արժանի մարզպետներ, և մենք կունենանք մեկ միասնական, արժանապատիվ հայկական պետություն, որի մարզերից մեկը կլինի Արցախը՝ իր ընտրյալ մարզպետով:
Արցախում 2020 թվականին կամ դրանից հետո երբևէ չպետք է տեղի ունենան նախագահական կամ խորհրդարական ընտրություններ, որովհետև դրանք արմատապես կհակասեն միասնական հայ ժողովրդի ազգային շահերին և խիստ բացասական ազդեցություն կունենան նրա խաղաղ կյանքի ու բարեկեցության վրա, ինչպես որ եղել է Արցախի ազատագրումից մինչև հիմա:
Խաչիկ-Ապեր
06.06.2019թ.

среда, 16 января 2019 г.

Ինքնակենսագրական հոդված Տ. Ն. Միկուշինայի մասին (“Awareness Magazine”) ամսագրում


Ինքնակենսագրական հոդված Տ. Ն. Միկուշինայի մասին՝

ամերիկյան «Բանիմացություն» (“Awareness Magazine”) ամսագրում

Իմ ամենամեծ բացահայտումն այն էր,
որ Աստծո աշխարհը հենց այնտեղ է,
որտեղ գտնվում ենք ես և մեզնից յուրաքանչյուրը


Ես ծնվել եմ Արևմտյան Սիբիրի հարավում գտնվող Օմսկ քաղաքում, մի պետության մեջ, որն այժմ չկա՝ Խորհրդային Միությունում:




Ես Աստծո կողմը չէի ձգվում: Սակայն 15 տարեկանում մարզական վնասվածք ստացա և բժիշկների թույլ տված բազմակի սխալների պատճառով սկսեցի մեռնել: Ախտորոշումս՝ սեպսիս,  արյան ընդհանուր վարակվածություն: Մեռնելուս գործը տևեց մոտ մեկ շաբաթ: Հետո բոլորովին անսպասելի սկսեցի ապաքինվել:

Երբ վերագտա ինքս ինձ, հանկարծ հստակ գիտակցեցի, որ մի այլ աշխարհից եմ հետ եկել: Եվ այդ աշխարհում ես ինձ լավ էի զգում՝ անհամեմատ ավելի լավ, քան շրջակա ֆիզիկական աշխարհում: Ինձ գերել էին երկու գաղափարներ. առաջինը՝ հասկացել էի, որ Աստված կա և Նրան պետք է գտնել, և երկրորդ՝ ես պետք է սովորեմ:

Սակայն հասարակությունը, որում ապրում էի, Աստծո գոյությունը չէր ընդունում: Ուստի չկարողացա գտնել այն վայրը, որտեղ կարող էի գիտելիք ստանալ Աստծո մասին:
Ես գերազանցությամբ տեխնիկական համալսարան ավարտեցի, 13 տարի աշխատեցի կոսմիկական տեխնիկայի կառուցման նախագծային բաժանմունքում:

Հետո սկսվեց «վերակառուցման» շրջանը, և դադարեցին աշխատավարձ վճարել: Ես հաշվապահական գործ սովորեցի և փոքր բիզնեսի բնագավառում 10 տարի աշխատեցի որպես հաշվապահ:

1997 թ-ին իմ ձեռքն ընկավ ամերիկյան «Սամմիթ Լայթհաուզ» կազմակերպության Ուսմունքը: Մասնակցեցի այդ կազմակերպության մի քանի միջոցառումների, որոնք անցկացվում էին Ռուսաստանում:

Իմ ծանոթներից շատերն ուցում էին դեսպանորդ դառնալ և Վեհապետներից թելադրություններ ընդունել: Իմ մտքին նման բան չկար: Բայց ավելի հաճախ էի հիշում այն, ինչ հասկացել էի 15 տարեկանում. ես պետք է գտնեմ Աստծուն:

2000 թ-ին իմ կյանքում հայտնվեց մեկը, որն առաջարկեց ինձ սովորեցնել ներխոկում (медитация) անել: Ես դա չէի ուզում: Սակայն այդ մարդու համառ խնդրանքներից հետո համաձայնեցի փորձել:

Տառացիորեն երկու ամիս հետո ես սկսեցի լսել իմ Բարձրագույն Ես-ին: Հետո էլ սկսեցի լսել նուրբ ոլորտի իմ Ուսուցչին: Ապա Ուսուցիչները սկսեցին փոխարինել մեկը մյուսին՝ Կութհումի, Սանատ Կումարա, Սուրիա, Մայտրեյա, Տեր Շիվա... Ներխոկումների ընթացքում վիթխարի աշխատանք էր կատարվում իմ գիտակցության և ենթագիտակցության հետ: Ինձ սովորեցնում էին լսել Վեհապետներին: Աստիճանաբար ես Նրանց ավելի ու ավելի լավ էի լսում:

Պահանջվեց երեք տարի, որպեսզի Վեհապետները բացեն իմ չակրաները և համալարեն դրանց համակարգը:

2002 թ-ի 4 ամիսների ընթացքում ես մի մեծ թեստ անցա: Եթե ինձ առաջարկեին մի անգամ էլ անցնել նույն թեստը, ապա չէի կարողանա: Ես ամբողջովին փլուզվել էի: Երբեմն նույնիսկ ուժ չէի գտնում, որ կերակուր պատրաստեմ ինձ համար:

Տարեվերջին ինձ այցելեց Տեր Մայտրեյան, և Նրա ներկայությամբ ես հանկարծ անսովոր հնազանդություն զգացի Աստծո կամքի առաջ: Ես հասկացա, որ ընդամենը մի ավազահատիկ եմ Աստծո ձեռքում: Նա անսահման սիրում է ինձ: Ես էլ՝ Նրան: Այնքան ուժեղ, որ պատրաստ եմ ենթարկվել Նրան, ինչ էլ որ ասի: Եվ եթե Աստված ուզենար, որ ես մեռնեմ, ապա ուրախությամբ կենթարկվեի Նրա կամքին:

Երբ հաջորդական երեք ներխոկումների ընթացքում ինձ հաջողվեց հասնել հնազանդության այդ նույն վիճակին, թեստն ավարտվեց:

Ես շարունակեցի ներխոկումներս: Դրանք միանգամայն զարմանալի ներխոկումներ էին: Մի անգամ ես հայտնվեցի կատարյալ երանության վիճակում, երբ հասել եմ ամեն ինչին և այլևս գնալու տեղ չկա: Դա լիակատար խաղաղվածության ու լիակատար երջանկության մի վիճակ էր: Ես մարմինս չէի զգում: Միակ բանը, որ ուզում էի՝ դուրս չգալ այդ վիճակից: Բայց շուտով ամեն ինչ վերջացավ:

Դա ինձ համար մեծ բացահայտումը եղավ. Աստծո աշխարհը հենց այնտեղ է, որտեղ գտնվում ենք ես և մեզնից յուրաքանչյուրը: Մեզ այդ աշխարհից բաժանում է մեր գիտակցության մակարդակը՝ մեր թրթռանքը:

Դեպի Աստված տանող Ուղին դրսում չի գտնվում: Այն հենց իմ ներսում է:

2004 թ-ին մի ներխոկման ժամանակ ես իմացա, որ ինձ շնորհվել է Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի Պատմուճան:

Մեծ Սպիտակ Եղբայրությունը՝ Լույսի այն Էակների հավաքական անվանումն է, որոնք հասել են էվոլյուցիոն զարգացման հաջորդ աստիճանին: Նրանք ներկա են Լինելիության նուրբ ոլորտներում: «Մեծ» բառն այստեղ մատնանշում է այդ Էակների հոգևոր նվաճումների բարձր աստիճանը: «Սպիտակը»՝ խորհրդանշում է Լույսի այդ Էակների աուրաների անբիծ ճերմակությունը: Իսկ «Եղբայրություն» բառն այն է արտահայտում, որ Լույսի այդ Էակների միջև հաստատված են փոխհարաբերությունների միանգամայն այլ սկզբունքներ: Նրանք համայն տիեզերքի Արարչի և իրար հետ մշտապես գտնվում են Սիրո ու Միասնության վիճակում:

Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի Պատմուճան շնորհվում է միայն հատուկ պատրաստվածություն անցած անհատականություններին՝ նրանց, որոնց Եղբայրությունը վստահում է, որ ֆիզիկական ոլորտում ներկայացնեն Իրեն: Պատմուճանի առկայությունը թույլ է տալիս, հատուկ մեթոդիկայի կիրառման միջոցով, հավաստիության մեծ աստիճանով Ուղերձներ ընդունել և փոխանցել Լինելիության Բարձրագույն Ոլորտների Էակների կողմից:

Այդ իրադարձության մասին ես նշում կատարեցի իմ օրագրում և մի որոշ ժամանակ մոռացա այդ մասին: Ես մտածում էի, որ եթե իրապես ինձ շնորհվել է Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի Պատմուճան, ապա դա վաղ թե ուշ իրեն կդրսևորի ֆիզիկական ոլորտում:

Այդ ընթացքում նամակագրություն ունեի ԱՄՆ-ում ապրող մի կնոջ հետ: Նա թելադրություններ էր ընդունում Համբարձյալ Վեհապետներից և կարողանում էր հաղորդակցվել Նրանց հետ: Մի առիթով ես նրան տեղեկացրի, որ ես Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի պատմուճան ունեմ:

Այդ ժամանակ ես հաշվապահ էի աշխատում և ինձ թվում էր, թե միաժամանակ ապրում եմ երկու աշխարհներում. ներխոկումների ժամանակ՝ Աստծո աշխարհում, իսկ մնացած ժամանակ՝ սովորական հաշվապահ եմ:

2004 թ-ի օգոստոսի 31-ին, միանգամայն ծիծաղելի պատրվակով, ինձ ազատեցին աշխատանքից. վճարման հանձնարարականում մի տառ էի բաց թողել...
Ես արդեն 46 տարեկան էի: Հաշվառման կանգնեցի զբաղվածության ապահովման ծառայությունում, բայց տարիքիս պատճառով ինձ ոչ մի տեղ գործի չէին ընդունում՝ ասելով, թե «չափազանց ծեր ես»:

2005 թ-ի մարտի 3-ին Ամերիկայից իմ ծանոթն ինձ գրեց, որ իրեն այցելել է Վեապետ Մորիան և հայտնել, որ իմ Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի Պատմուճանն ակտիվանում է, և ես պետք է սկսեմ Թելադրություններ ընդունել Վեհապետներից:

Ես նրան պատասխանեցի, որ լսում եմ Վեհապետներին, բայց դեռ ոչ մի անգամ Նրանցից Թելադրություն չեմ ընդունել: Բայց նա իր նամակներում էլի ու էլի էր պնդում նույն բանը:

Ամերիկայում առավոտ էր, ինձ մոտ՝ ուշ գիշեր: Ես գրեցի ընկերուհուս, որ եթե Վեհապետները գան և ինձ թելադրություն տան, ապա նա առաջին մարդը կլինի, որ կիմանա այդ մասին: Դրանից հետո քնով անցա:

Երբ առավոտյան սկսեցի ներխոկումս, ինձ այցելեց Սանատ Կումարան: Ես տեսա, թե ինչպես է սենյակը լցվում լուսարձակող դեղնա-վարդագույն մշուշով: Սանակ Կումարան ասաց, որ ուզում է իմ միջոցով Ուղերձ տալ:

Ես ասացի, որ ուրախ կլինեի Ուղերձն ընդունել, բայց գրիպ ու մրսածություն ունեմ:
Նա ասաց. «Ուղարկում եմ բուժիչ ճառագայթ»: Մի րոպե անց և՛ մրսածությունս անցավ, և՛ գրիպի հետքերն իսպառ չքացան:

Եվ ահա Վեհապետներից ընդունեցի առաջին Ուղերձը: Դա տեղի ունեցավ 2005 թ-ի մարտի 4-ին:

Վեհապետներն օր-օրի շարունակում էին գալ, և ես ամեն օր Ուղերձ էի ընդունում: Վեհապետները տարբեր էին: Լույսի ավելի քան 50 Էակներ՝ տարբեր աշխարհներից:
Այդպես անցավ մեկ ամիս: Ես շարունակում էի այցելել զբաղվածության կենտրոն, բայց ինձ համար աշխատանք չէր ճարվում:

Փողերս վերջանալու վրա էին, և ես ստիպված էի սահմանափակել իմ սնունդը: Առավոտյան ուտում էի կես բաժակ վարսակի փաթիլներ, իսկ երեկոյան՝ կես բաժակ հնդկաձավար կամ բրինձ:

Իսկ թելադրություններն ամեն օր գալիս էին առանց ընդմիջման: Վեհապետները պայման էին դրել, որ նույն օրվա ընթացքում դրանք զետեղեմ «Սիրիուս» կոչված համացանցային կայքում (http://sirius-ru.net ):

Ինքնուրույն չէի կարողանում հասկանալ, թե այդ ամենն ինչպես է տեղի ունենում, և թե իմ այդ գրառումները որևէ արժեք ունե՞ն, թե՞՝ ոչ: Ինձ վրդովում էր այն, որ առաջին հինգ Թելադրությունները հրապարակելուց հետո ամերիկացի իմ ծանոթն ինձ գրեց, թե պետք է վերջ տամ թելադրություններ ընդունելու գործին, քանի որ դրանք ընդունում եմ իմ ենթագիտակցության միջից:

Ես դիմեցի իմ ծանոթներին, նրանք էլ ինձ ուղարկեցին իրենց ծանոթ պայծառատեսների մոտ: Բոլոր նրանք, ում մոտ եղա, նույն բանն էին ասում, թե իմ ընդունած Ուղերձներն իսկապես աստվածային ծագում ունեն:

Թելադրությունների վերջը չէր երևում. մարտ, ապրիլ, մայիս, հունիս... Հունիսի սկզբից ինձ համար դժվարացավ աշխատանքային ռիթմը պահպանելը: Առավոտյան արթանում էի մեն մի մտքով՝ պետք է Թելադրություն ընդունեմ: Օրն արագ ավարտվում էր, և իմ մտքում լոկ այն էր լինում, թե վաղը պետք է Թելադրություն ընդունեմ:

Դա շատ ծանր էր ինձ համար... Չորսամսյա լարված աշխատանք, երբ պահանջվում է լսել անլսելին, տեսնել անտեսանելին:

Բայց դա դեռ ընդամենն Ուղերձների առաջին շրջանն էր, որ Վեհապետները տվեցին իմ միջոցով:

Դրան հետևեց 12-ամյա նույնպիսի լարված աշխատանքը:

Ես այլևս չէի կարողանում քաղաքում ապրել: Մարդկանց օգնության շնորհիվ ինձ հաջողվեց առանձնատուն կառուցել Օմսկի մոտակայքում:

Այդ տանն Ուղերձներ ընդունեցի մինչև 2012 թվականը:

2012թ-ի ապրիլի 12-ին տան շուրջը եղած փայտյա ցանկապատը չորս կողմից կրակ տվին: Հրդեհն արագորեն տարածվեց սոճիների ու կեչիների վրա: Հրդեհի բոցերը 10 մետրից բարձր էին: Դա ուղղակի կրակի ու ծխի պատ էր:

Ինձ հետ ևս 5 հոգի կային, որոնք օգնության էին հասել: Մենք ստիպված եղանք թաքնվել տան ներսում, քանի որ դրսում սաստիկ շոգ էր ու ծուխ:

Ես բարձրացա ձեղնահարկ, որպեսզի իրեր դուրս բերեմ: Բայց լսեցի, թե ինչպես է տանիքն արդեն ճարճատում: Տանիքի ծածկի տակ փրփրաթիթեղի շերտ կար, որը խիստ դյուրավառ է և վառվելիս թունավոր ծուխ է արձակում: Եվ այդտեղ ես հասկացա, որ բոլորս դատապարտված ենք վառվելու: Դա անխուսափելի էր թվում:

Մտաբերեցի, որ հարկավոր է Աստծուց օգնություն աղերսել: Սկսեցի կանչել. «Միքայել Հրեշտակապե՛տ, օգնի՛ր, օգնի՛ր, օգնի՛ր...»:

Մի քանի այդպիսի կանչերից հետո զգացի, որ տանիքն այլևս չի ճարճատում. կրակի աղմուկը կարծես դադարել է: Ավելի ուշ տեսա, որ սոճին, որի սաղարթը հասել ու հպվում էր ձեղնահարկին, հանկարծակի դադարեց այրվել: Կրակն արդեն ներքևի ճյուղերին էր հասել ու այրել դրանք, բայց սոճին ինքնուրույն հանգավ: Կրակը ոչ ոք չմարեց:

Այն, որ մենք փրկվեցինք, ուղղակի հրաշք էր:

Վեհապետների պնդմամբ ես ստիպված եղա լքել Ռուսաստանը: Անընդհատ մի վայրից մյուսն էի տեղափոխվում, որպեսզի հարմար տեղ գտնեմ աշխատելու և Ուղերձներն ընդունելու համար:

Ուղերձների քանակը հասավ 500-ի, լույս տեսան ավելի քան 70 գրքեր: Դրանցից շատերն այսօր թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, բուլղարերեն, լատիշերեն, լիտվերեն, պորտուգալերեն, հայերեն և մի շարք այլ լեզուներով:

Կուզենայի, որ իմ ընդունած Ուղերձների շնորհիվ մարդիկ հասկանային, որ Աստված հենց այնտեղ է, որտեղ մենք կանք: Մեզ Նրանից բաժանում են միայն մեր թրթռանքները:

Ըստ էության, մենք բոլորս Աստված ենք՝ մարմին առած վիճակով: Մեզնից յուրաքանչյուրով Աստված դրսևորում է Ինքն իրեն:

Տատյանա Միկուշինա,
Լույս և սեր
թարգմանեց Խ. Մանասելյանը