пятница, 21 июня 2019 г.

ՆՈՐ ՈՒՂԵՐՁ ԼՈՒՅՍԻ ՎԵՐԻՆ ՈՒԺԵՐԻՑ

Ես ձեզ արթնացման կանչ եմ հղում՝ դեպի Նոր Օր և նոր իրականություն

Էլոհիմ Կիկլոպեոս
20 հունիսի, 2019թ.

ԵՍ ԵՄ Էլոհիմ Կիկլոպեոսը:

Իմ այսօրվա գալուստը կապված է վերջին ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունների մի ամբողջ շղթայի հետ:

Դրանցից նույնիսկ ամենակարևորները շարադրելու համար հարկ կլինի, որ չափից դուրս իջեցնեմ Իմ թրթիռները, իսկ դուք ստիպված կլինեք ձեր գիտակցությամբ հնարավորինս մերձենալ Ինձ:

Եվ այսպես, մեզ վիճակված է վեր կանգնել առօրյա ունայնից և մեր հայացքը հառել Երկրում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Ես պահպանում եմ Աստծո Տեսլականը մոլորակի իրավիճակի համար: Սակայն ձեզ հայտնի է, որ առանց Եղբայրության Երկրի վրա մարմին առած ներկայացուցիչների՝ Մեզ համար դժվար է իրականացնել մոլորակի համար նախատեսված աստվածային պլանը:

Վիթխարի աստվածային թողության շնորհը, որն սկզբնավորվեց 15 տարի առաջ, նպատակ ուներ փոխել մոլորակի քաղաքակրթության զարգացման ընթացքը և այն ուղղել դեպի աստվածային հուն:

Այդ խնդրի իրականացման համար Եղբայրության Սրբազան Մենաստաններում նախապատրաստություն էին անցել լավագույն հոգիներ: Նրանք համապատասխան ուսուցում էին անցել և վառվում էին իրենց բոլոր ուժերն ու ունակությունները գործի դնելու ցանկությամբ, որպեսզի Երկիր մոլորակի հնարավորինս մեծ քանակությամբ հոգիների կարողանան օգնել հնարավորինս շուտ դուրս գալու զարգացման աստվածային ուղի:

Դրա համար պահանջվում էր ամենասեղմ ժամկետներում ընդօրինակման նմուշ ստեղծել ֆիզիկակական ոլորտում, որին հետևելով հնարավոր կդառնար մոլորակում տարածել ճշմարիտ կերպեր՝ նախ և առաջ երեխաների կրթության ասպարեզում:

Սակայն համայն Տիեզերքում գործող հիմնական օրենքներից մեկը՝ դա Ազատ Կամքի Օրենքն է: Մարմին առած անհատն ընտրություն է կատարում և որոշում է կայացնում՝ ելնելով այդ Օրենքից: Եվ նույնիսկ այնժամ, երբ Մենք հստակ տեսնում ենք, որ տվյալ հոգին սխալ ընտրություն է կատարում և շեղվում մարմնավորումից առաջ իր իսկ ընդունած աստվածային պլանից, Մենք չենք կարող միջամտել:

Ցավալի է գիտակցել կարմայի բեռի ողջ ծանրությունը, որն ընկավ այդ մարդկանց ուսերին:

Մենք շարունակում ենք պահպանել Աստծո այն Տեսլականը, համաձայն որի՝ մոլորակի էվոլյուցիան դեպի աստվածային ուղի պետք է սկսվի այն տարածքից, որը ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանը:

Սակայն մի շարք մարդկանց նախընտրանքների շարանը հանգեցրեց կարմայական իրավիճակի վատթարացմանը: Այդ սխալ ընտրությունների հետևանքով մարդկանց գիտակցությունը նեղացավ: Նեղացավ այնքան, որ բազմաթիվ հոգիներ չեն հասկանում, թե ինչ է կատարվում և դեպի ուր մղվել:

Շատերն ունակ չեն ամբողջովին ընկալելու Մեր Ուղերձներն ու Մեր առաջնորդությունը:

Ստեղծված իրավիճակում չի հաջողվի խուսափել կորուստներից, աղետներից ու դժբախտություններից: Հավանականություն կա, որ իր աստվածային առաքելությունը չկատարած Ռուսաստանն իր ներկայիս տեսքով այլևս կդադարի գոյություն ունենալ:

Բայց դա չի նշանակում, որ Մենք հրաժարվել ենք այդ երկրի և համայն մարդկության համար նախատեսված Մեր պլաններից:

Նոր Դարաշրջանն իր նոր էներգիաներով անկասելիորեն ներխուժում է Երկիր մոլորակի կյանքի մեջ:

Հին էներգիաներն ու կառավարման հին եղանակները դատապարտված են կործանման:

Լուսակիրների նոր սերունդը՝ 21-րդ դարի սերունդը, արդեն նախապատրաստված է մեր Սրբազան Մենաստաններում: Հենց հիմա վրա է հասնում այն ժամանակը, երբ այդ սերունդն իր գործուն տարիքի մեջ է մտնում:

Այդ հրեղեն հոգիները զուրկ են այն դոգմաներից, որոնք կաշկանդում էին նախորդ սերունդներին: Նրանք պատրաստ են բարեփոխություններին, և հենց Նոր Դարաշրջանի էներգիաներն են երիտասարդությանն առաջ մղում, որ աստվածային փոփոխություններ իրականացնեն մարդկային կյանքի բոլոր բնագավառներում:

Սակայն քանի որ նախորդ սերունդը չհոգաց մանուկների ու երիտասարդության դաստիարակության համար, ապա գլխավոր վտանգը, որ սպառնում է երիտասարդ սերնդին՝ այն հրապուրանքներն ու գրավչություններն են, որոնք քմայքներ են հարուցում և ծնում ոչ աստվածային սովորություններ ու կապվածություններ: Որքան դժվար են լինում փորձությունները, այնքան շատ ձեռքբերումներ է ունենում հոգին՝ անցնելով այդ փորձություններն ու հաղթանակ տոնելով պատրանքային դրսևորումների նկատմամբ: Նոր սերնդի կողմից ճիշտ ընտրություններ կատարելուց մի քանի տարի հետո կարող է բացվել նոր աստվածային հնարավորություն:

Մենք անհամբեր սպասում ենք, թե լուսակիրների նոր սերունդը երբ կյանք կմտնի և իր իր վրա կվերցնի լիակատար կարմայական պատասխանատվություն: Սկսվում է հաջորդ կոսմիկական բոլորաշրջանը: Էլ ավելի հզոր էներգիաներ են մուտք գործում Երկիր: Այդ պայմաններում, երբ առկա են Նոր Դարաշրջանի էներգիաները, կկարողանա գոյատևել միայն այն, ինչն ամեն ինչով բավարարում է աստվածային սկզբունքներին:

Եղբայրության Սրբազան Մենաստաններում ներկայումս մարմնավորման է պատրասվում լուսակիրների նոր խումբ: Ուստի Ես չեմ հոգնում կրկնելուց, որ մարմնավորվածներիդ վրա կարմայական պատասխանատվություն է դրված այդ հոգիներին ընդունելու և դաստիարակելու համար:

Ուսմունքի ամրակուռ հիմքն արդեն առկա է մոլորակում: Սակայն պահանջվում է հոգածություն և խնամք տածել նոր սերնդի մարդկանց նկատմամբ, որոնց առաքելությունը մոլորակն ամբողջությամբ փոխելն է:

Մարմնավորված և սխալ ընտրություններ կատարծ շատ հոգիներ հիմա արդեն զղջում և ցանկանում են գործով շտկել իրենց թույլ տված սխալները: Պաշտելի Գուան Ինը՝ Բարեգթության ու Կարեկցանքի  Աստվածուհին, արդեն հարց է մտցրել ներկայումս ընթացող Կարմայական Վարչության նիստում, որ թեթևացվի զղջացող այդ հոգիների կարմայական բեռը:

Սիրելինե՛րս, դուք մարմնավորվել եք, որպեսզի գիտակցեք ձեր անմահ էությունը և հաղթեք պատրանքային ուժերին: Ձեզնից ամեն ոք պետք է հաղթանակ տոնի պատրանքային դրսևորումների նկատմամբ: Այդ հաղթանակը պետք է լինի ձեր թերությունների, ձեր գիտակցության ոչ աստվածային վիճակների նկատմամբ: Եվ այդ ներքին հաղթանակը պետք է արտացոլվի ֆիզիկական դրսևորմամբ:

Որքան շատ անհատներ հաղթանակ տոնեն իրենց ներսում, այնքան ավելի արագ Երկրում կթևակոխի Ոսկեդարը:

Ես պահպանում եմ Երկիր մոլորակի Ոսկեդարի տեսլականը:

Իսկ մոլորակի այսօրվա վիճակը հիշեցնում է գիշերային մղձավանջներ:

Ես ձեզ արթնացման կանչ եմ հղում՝ դեպի Նոր Օր և նոր իրականություն...

Միշտ Հաղթանակ...

ԵՍ ԵՄ Էլոհիմ Կիկլոպեոսը

Տատյանա Միկուշինա, 2019թ.
                                                                                                                  թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий