воскресенье, 27 июля 2014 г.

ՀԱՆՐԱՔՎԵ

Գոչում, կանչում, պահանջում եմ՝
Մեզ պետք է մեծ ՀԱՆՐԱՔՎԵ.
Հայությունը նահանջում է
Եվ վերանում ծվեն-ծվեն:

Բավ է, հայե՜ր, ոտքի՛ ելեք,
Մեզ պետք է նոր ՀԱՆՐԱՔՎԵ.
Ծովանալով ալիք-ալիք՝
Հավաքական ու՛ժ ցույց տվեք:

Առաջնորդնե՛ր, գեներալնե՛ր,
Պահանջեցե՜ք ՀԱՆՐԱՔՎԵ.
Գյուղ ու քաղաք, ջահել ու ծեր,
Բերե՜ք ձեր մասն ու ձեր քվեն:

Որպես մի նոր «Ձենով Օհան»՝
Խորհուրդ ու ձայն եմ ձեզ տվել.
Թողե՛ք մահակ ու հրահան,
Նախ պահանջեք ՀԱՆՐԱՔՎԵ:

Խաչիկ-Ապեր
27.07.2014 թ.

пятница, 25 июля 2014 г.

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ


Ես չեմ սիրում խոշոր քաղաքները,
Եռուզեռն ու եռքը քաղաքակիրթ.
Սիրում եմ, երբ շուրջս խաղաղվել է,
Եվ դաշն է իմ հոգին տիեզերքին:

Հսկա քաղաքներ կան ավազի տակ
Եվ բազում մահաբեր զենք ու սարքեր,
Բայց և եղել է կյանք պարզ ու շիտակ,
Եվ բարձր մի լեռ է մարդուն փրկել:

понедельник, 21 июля 2014 г.

ՃՇԳՐՏՈՒՄ


Ինձ մի՛ կոչեք «սանյասին».
Հոգիս հին է ավելի,
Քան աննկուն Սյունյաց սյուն:

«Շիվա» չասե՛ք իմ Աստծուն,
Այլ «Հինավուրց», Շիվինի՝
Կեռ-խաչ ու գլխին սինի:


Խաչիկ-Ապեր
21.07.2014 թ.

вторник, 15 июля 2014 г.

ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐ

Այն հանգամանքը, որ «Նախախորհրդարան» կոչված կառույցի անդամները որևէ կերպ չեն նպաստում և չեն արձագանքում ՀՀ և ԼՂՀ միաժամանակյա ՀԱՆՐԱՔՎԵ պահանջելու նպատակով համաժողովրդական Շարժում ծավալելու հրատապ անհրաժեշտությանը, լուրջ կասկածներ է հարուցում առ այն, որ այդ կառույցը կցանկանար որևէ գաղափարի շուրջ համախմբված տեսնել հայ ժողովրդին: Ընդհակառակը՝ նրանց ծրագրած «ճանապարհային քարտեզը» և դրանից բխող պատեհապաշտ պոռթկումները վկայում են այն մասին, որ այդ կառույցը նպատակամղված ձևով դրսի պատվեր է կատարում, այն է՝ ամեն հարմար առիթով պառակտել հայ ժողովրդին, սերմանել «մայդանական» տրամադրություններ ու խժդժություններ և դրանց ալիքի վրա փորձել զավթել իշխանությունը:

Խիստ կասկածելի է նաև այն, որ «Նախախորհրդարանի» ծրագրի մեխը Հայաստանում ժողովրդավարության «բարենորոգումն» է, այնինչ կառույցի առաջատարները դա անվանում են «արմատական փոփոխություն կառավարման համակարգում»:

Ուրախ կլինեի, եթե «Նախախորհրդարանի» անդամներից որևէ մեկը կարողանար լուրջ փաստեր ու փաստարկներ ներկայացնել՝ սույն հիմնավոր կասկածները փարատելու համար:

воскресенье, 13 июля 2014 г.

ԲԱՑԱՌԻԿ ԴԻՊՈՒԿ ԲՆՈՐՈՇՈՒՄ

Վերջին 2000 տարվա հայության բարքն ու ապրելակերպն, ըստ իս, ամենադիպուկը բնորոշել է Հովհաննես Թումանյանը՝ իր «Անբախտ վաճառականները» հանճարեղ բալլադով: Այս ամբողջ ընթացքում սերնդե-սերունդ մեր հայրենակիցների մի մասը «ճայի» կարգավիճակով են հանդես գալիս, մի մասը՝ «չղջիկի», մի փոքր մասն էլ՝ «աղա փուշի»: Իհարկե, մշտապես եղել են նաև մի քանի «կողքից դիտողներ», բայց նրանց երբեք չի հաջողվել որևէ կերպ փոխել համազգային դրսևորումների և ուժերի վերը նշված կայուն հարաբերակցությունը:

Բնական է, որ նման իրավիճակում ազգային վեհ գաղափարներից ու նպատակներից խոսելը միանգամայն ավելորդ և անհույս գործ է... Ազգի համար միակ փրկությունը կարող է լինել այն, որ «ճայը» զրկվի ծովից, «չղջիկը»՝ խավարից, «աղա փուշը»՝ նյութական հարստությունից:

понедельник, 7 июля 2014 г.

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Արտաշես Գեղամյանը Բաքվում արտահայտել է ոչ թե իր սեփական կամ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ ցանկությունն ու կամքը, այլ ամբողջ հայ ժողովրդի ցանկությունն ու կամքը:

Այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը չի ուզում ՀՀ և ԼՂՀ միաժամանակյա Հանրաքվե պահանջելով միավորվել մեկ միասնական պետության մեջ, դրդում է ինձ նման տխուր եզրակացություն անել:

Իսկ առանձին լրագրողներ ու քաղաքական գործիչներ ուղղակի ձևեր են թափում, հրապարակավ բողոքելով Արտաշես Գեղամյանի՝ Բաքվում արտահայտած դիրքորոշումից: Ըստ էության, Գեղամյանն արտահայտել է նաև նրանց թաքուն ցանկությունը, որ Արցախի կարգավիճակը մոտակա տարիներին լինի և շարունակի մնալ հենց այդպիսին՝ օդում կախված կռվախնձոր:
Այլապես անցած երկու տարիների ընթացքում նրանք վաղուց պետք է միացած լինեին բազմաթիվ անգամ հնչեցված այն կոչին, որ անհրաժեշտ է պահանջել ՀՀ և ԼՂՀ միաժամանակյա ՀԱՆՐԱՔՎԵ և մեկընդմիշտ ու անդառնալիորեն լուծել Արցախի չարչրկված հարցը: