среда, 20 декабря 2017 г.

ՏԵՐ ՇԻՎԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ

Դուք պետք է նվաճեք ձեր Հաղթանակը

Տեր Շիվա

20 դեկտեմբերի, 2017 թ.




ԵՍ ԵՄ Շիվան...
Այսօր՝ հենց այս կանխորոշյալ օրը, Ես եմ եկել ձեզ կարևոր Ուղերձ տալու:
Ոչ այն բանի համար, որ դա Մեզ է պետք, այլ՝ ձեզ, որ մարմին առած վիճակում եք և երբեմն բոլորովին չեք հասկանում, թե ինչ է տեղի ունենում:
Իրոք, իրավիճակը շարունակում է սրվել: Կարման խտանում և իջանում է: Տեղի ունեցողը հասկանալն ավելի ու ավելի է բարդանում:
Մենք դա գիտեինք, սիրելինե՛րս, և ձեզ նախապես զգուշացնում էինք:
Մենք բազմիցս ենք ասել, որ ֆիզիկական ոլորտի թրթռանքները բարձրանում են: Իսկ երբ դրանք բարձրանում են, կարմայի էջքն ավելի բուռն է դառնում:
Հիշեք այն իրավիճակը, երբ փետուրե բարձը բակ եք հանում: Բարձը լրիվ մաքուր է թվում, բայց բավական է հատուկ ճիպոտով ծեծեք, և բարձից անմիջապես փոշու ամպ է բարձրանում: Ահա ճիշտ այդպիսի մի բան է տեղի ունենում, երբ մենք բարձրացնում ենք ֆիզիկական ոլորտի թրթռանքների մակարդակը:
Այն ամենը, ինչ խաղաղ ննջում էր ձեր ենթագիտակցության մեջ՝ հազարավոր անցյալ մարմնավորումների դարսաշերտերը, արթնանում են և սկսում դրսևորվել ֆիզիկական ոլորտում:
Դա օրինաչափ գործընթաց է, քանզի տիեզերական ժամկետները մոտեցել են, և հասել է անցյալի կարման բեռնաթափելու ժամանակը: Ահա հենց հիմա՛ է այդ ժամանակը վրա հասել: Բանն այն է, որ նոր տիեզերական բոլորաշրջանում պետք է դրսևորվեն միայն կատարյալ էներգիաներ:
Մենք ձեզ ասել ենք ժամկետների և վրա հասնող ժամանակների մասին:
Ահա ժամանակը հասել է:
Մենք նաև ասել ենք, որ հիմա մարմին են առել մարդկության լավագույն ներկայացուցիչները: Խոսել ենք ձեր դերի և պատասխանատվության մասին: Քանզի էներգիաների համակշռությունը կարող են պահպանել միայն լավ նախապատրաստված հոգիները՝ այդ առաքելության համար հատուկ նախապատրաստվածները:
Համակշռություն պահպանելու եղանակները հայտնի են: Եվ վերջին 12 տարիների ընթացքում այս Դեսպանորդի միջոցով  շատ թողության շնորհներ և Աստվածային Ողորմածություններ են տրվել, որոնք թույլ են տալիս կարմայի էջքը համակշռել աղոթքների, աղոթքային Արթնությունների և ֆիզիկական ոլորտում կատարվող ճիշտ գործողությունների միջոցով:
Տասնյակ թողության շնորհներ են տրվել, որպեսզի դրանց միջոցով առավելագույնս թեթևացվի կարմայական բեռը:
Եվ... Թողության շնորհներից ոչ մեկը չօգտագործվեց:
Պաշտելինե՛րս, Մենք ձեզ օգնության ձեռք ենք մեկնում: Բայց Մենք չենք կարող ձեր փոխարեն ընդունել Երկնքի օգնությունը:
Ուսմունքը տրվում է մոլորակի ամենախավար ժամանակահատվածում, որպեսզի առավել լուսավոր հոգիները կարողանան դրանից օգտվել և թեթևացնել շատերի կարմայական բեռը: Սակայն ձեր փոխարեն Մենք չենք կարող գործել ֆիզիկական ոլորտում: Ձեր փոխարեն չենք կարող աղոթել:
Ես ունեմ ձեր ականջի համար անհաճո բաներ ասելու իրավունքը, քանի որ անձամբ Ես Ինքս այս Դեսպանորդի միջոցով մի քանի թողության շնորհներ եմ տվել: Բայց դրանցից և ոչ մեկը դուք չօգտագործեցիք:
Ամենավերջինը՝ 33-օրյա աղոթքային Արթնությունն էր, որն Իմ խնդրանքով տեղի ունեցավ այս տարվա աշնանը:
Մենք դրա համար ընտրել էինք կարևոր պատմական պահ և կարևոր աստղաբաշխական ժամկետներ: Կարմայական Վարչության կողմից էներգիայի վիթխարի քանակություն էր հատկացվել՝ կարմայի հարյուրամյա կուտակները բեռնաթափելու համար: Դրա մեջ մտնում էին և՛ առաջին համաշխարհային պատերազմի, և՛ Ռուսաստանի բոլշևիկյան հեղափոխության, և Ռուսաստանի ու ողջ աշխարհի հարյուրամյա անաստվածության կարմաները: Այդ կարմայական կծիկի մեջ ներգրավված էին տասնյակ առավել զարգացած երկրներ:
Պահանջվում էր Ռուսաստանից ընդամենը 1200 մարդկանց 33-օրյա մասնակցությունը, որպեսզի Երկնքի արգելապատնեշները բացվեն և փոխակերպության ենթարկվի 100-ամյա այդ կարմայի առյուծի բաժինը:
Դա մի վիթխարի թողության շնորհ էր, որը հազարապատիկ կթեթևացներ կարմայական ծանրաբեռնվածությունը:
Չափազանց ցավալի է, բայց այդ Արթնությանը մասնակցեցին հազիվ կեսը այն լուսակիրների, որոնց հետ Մենք նախապես հույսեր էինք կապել:
Մյուսները զանազան պատճառներ գտան գործից խուսափելու համար. մեկը ծուլացավ, մյուսը տրտնջաց դոգմաներից, որոնցից դեռ չի հասցրել ձերբազատվել, մյուսն էլ ցանկություն ու ժամանակ չունեցավ...
Երևում է՝ դուք պարզապես դեռ չեք հասկացել, թե ինչպիսի անդունդի առջև եք կանգնած:
Համաձայնեք, որ Մենք հնարավոր ամեն ինչ արել ենք, որ ձեզ հեռու պահենք ամենաահավորից:
Միակ բանը, որ Մենք չենք կարող անել՝ ձեր ազատ կամքին միջամտելն է:
Եթե դուք ձեր ազատ կամքով ուզում եք անդունդը նետվել, ապա Մենք չենք կարող ձեզ հետ պահել: Դա ձեր ընտրությունն է և պատասխանատվությունը:
Սա այն հունձքի ժամանակն է, երբ միայն լավագույն հոգիները կկարողանան ընթանալ հետագա էվոլյուցիոն ուղով:
Ընտրությունն ինքներդ եք կատարում: Դա ձեր ընտրությունն է և պատասխանատվությունը:
Լույսի և խավարի կռիվն ընթանում է ձեզնից յուրաքանչյուրի ներսում: Ձեզ բավականաչափ չափանիշներ են տրվել, և ցուցանվել է տարբերակում կատարելու անհրաժեշտությունը:
Երբ աշակերտները պատրաստվում են կյանք մտնել, նախ ուսում են առնում և ստանում գիտելիքներ: Հետո գալիս է քննություն հանձնելու պահը: Եվ ամեն աշակերտ ցուցադրում է իր ուսումնառության չափը:
Ստացած գիտելիքները նրա համար օգտակար են լինում ամբողջ կյանքի ընթացքում: Իսկ եթե աշակերտներն անփույթ են և չեն ուզում սովորել, ապա նրանք զրկվում են զանազանելու և շարժման ուղղությունը հասկանալու կարողությունից: Նրանց վիճակվում է խավարում անընդհատ դեսուդեն ընկնել և ելք որոնել:
Բոլոր գիտելիքները տրված են, ուղենիշները՝ սահմանված:
Օրինակ՝ ասվել է այն մասին, որ Ուսմունքն անպայման պետք է ամրապնդել գործնական աշխատանքով և այն կիրառել կյանքում, որովհետև Ուսմունքը հենց Կյանքի համար է:
Ասվել է գործելու անհրաժեշտության մասին, բայց նաև ասվել է, որ այդ գործունեությունը պետք է ճիշտ շարժառիթներ ունենա: Այլապես ձեր բոլոր գործողությունները լրացուցիչ կարմա կստեղծեն:
Դուք մեզ չեք կարող հանդիմանել, թե այս ամենադժվար ժամանակներում Մենք ձեզ լքել ենք և չենք ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը:
Ամեն ինչ տրվել է, և տրվել է բաց ու թափանցիկ՝ ժամանակի ներկա փուլի համար հնարավոր ամենամատչելի ծավալով:
Իսկ հիմա ժամանակը փոխվել է:
Կարման այնքան է խտացել, որ դուք Մեզ արդեն չեք լսում:
Վրա է հասել ուղու ամենադժվարին շրջանը: Հոգիներից յուրաքանչյուրը պետք է միայնակ թռիչք գործի:
Միայն ամենաուժեղներն ու խիզախները, անշահախնդիր ու նվիրյալ հոգիները կկարողանան ապացուցել էվոլյուցիան շարունակելու իրենց իրավունքը:
Իսկ Մենք հեռու ենք քաշվում: Զի իմաստ չունի ինչ-որ բան ցույց տալ, երբ մարդիկ չեն տեսնում: Իմաստ չունի ինչ-որ բան ասել, երբ մարդիկ չեն լսում: Եվ իմաստ չունի թողություն շնորհել, երբ դրանից օգտվող չկա:
Ես մաղթում եմ, որ ձեր մեջ ուժ գտնեք վերահաս բոլոր փորձություններին դիմակայելու համար:
Աշխատեք հիշել Մեր բոլոր խորհուրդները:
Ձեզ կփրկեն Հավատը և Սերը:
Խավարն անուժ է: Այն սնվում է ձեր էներգիայով:
Արժե՞ արդյոք սնունդ տալ անկատարությանը:
Դուք պետք է նվաճեք ձեր Հաղթանակը...
Մաղթում եմ, որ հաղթեք...

ԵՍ ԵՄ Շիվան...
Միշտ Հաղթանակ...
Տատյանա Միկուշինա, 2017 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը


воскресенье, 10 сентября 2017 г.

ՀԱԿԸՆԴԴԵՄ ՎԱՐԿԱԾ՝ ՔԱՐԱՀՈՒՆՋԸ ՈՐՊԵՍ ՆԱԽԱՋՐՀԵՂԵՂՅԱՆ և ՀԵՏՋՐՀԵՂԵՂՅԱՆ ՎԱՂ ՇՐՋԱՆԻ ԲՈՒԺԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Բազումքի և Քնարի համաստեղության բարձրակարգ արարիչ-շինարարների կողմից բազմամիլիոն տարիներ առաջ, հազարամյակների ընթացքում կատարելության հասցված մարդկային մարմինները, որոնք զգեստ են ծառայում երկրաբնակ Արարչածին հոգիների համար, օժտված են 7 զգայարաններով, որոնցից միայն ստորին չորսի գոյության վերաբերյալ ժամանակակից մարդիկ ոչ մի կասկած չունեն: Դրանք են՝ տեսողության, լսողության, հոտառության ու համի և մաշկահպումային կամ շոշափելիքի զգայարանները:
Սննդային և այլ թունավորումներից զերծ մնացած մարդկային ֆիզիկական մարմինն ունի ևս երեք զգայարաններ, որոնք սերտորեն կապված են նրա էներգետիկական կենտրոնների (չակրաների կամ ձագարաձև թասերի) հետ: Դրանք են՝ հեռահաղորդակցության զգայարան (տելեպատիա), քաշազգացական զգայարան (լևիտացիա) և տարածազգացական զգայարան (տելեպորտացիա):
Կան ևս 5 զգայարաններ, որոնք զուտ Արարչածին հոգու հետ են կապված և սկսում են գործել, երբ ֆիզիկական մարմնի՝ որպես հագուստ ծառայելը մոտենում է իր ավարտին (բնական մահվան):
Մարդու մարմինը համարվում է կատարյալ առողջ, եթե մարմնական 7 զգայարանները գործում են անխափան և ունեն բարձր զգայունություն: Այդ դեպքում, օրինակ, մարդու աչքը կարող է ընկալել նույնիսկ մեկ-երկու լույսի քվանտի (ֆոտոնի) առաջացրած լուսային հետքը, կամ մաշկով զգալ երկու տարբեր մարմինների ջերմաստիճանային տարբերությունը՝ մեկ հազարերորդականի ճշտությամբ: Մարդու ֆիզիկական մարմինը բարձր զգայնություն ունեցող բազմաֆունկցիոնալ ընդունիչ է, որի նմանը ժամանակակից գիտությունն ու տեխնիկան չեն կարող ստեղծել տեսանելի ապագայում:
Բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Քարահունջի դիտակայանի օղակաձև տարածքները, որոնք շրջապատված են հատուկ անցքեր ունեցող քարերով, հալդական բարձրագույն քրմերի համար ծառայել են որպես մարդկային մարմինների դիագնոստիկայի և դրանց բուժման կենտրոններ: Այդ նպատակի համար օգտագործվել են ինչպես քրմերի սեփական զգայարաններն ու դրանց էներգետիկական ազդեցությունները, այնպես էլ առանձին աստղերի բարերար ճառագումները: Հիվանդը «դուրս է գրվել» Քարահունջի բուժարարական կենտրոնից, երբ քրմերը համոզվել են, որ նրա բոլոր մարմնական զգայարաններն արդեն ունեն քիչ թե շատ բավարար զգայնություն: Դա ամենաստույգ հայտանիշն է, որի դեպքում մարդուն կարելի է լրիվ առողջ համարել:

Խաչիկ-Ապեր
09.09.2017թ.

четверг, 24 августа 2017 г.

ԱՐԱՄԱԶԴ-ՍԱՆԱՏ ԿՈՒՄԱՐԱՆ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ Է ԻՄԱՍՏՈՒՆ ՆԱՐԱԴԱՅԻՆ

ԱՐԱՄԱԶԴ-ՍԱՆԱՏ ԿՈՒՄԱՐԱՆ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ Է ԻՄԱՍՏՈՒՆ ՆԱՐԱԴԱՅԻՆ
(Չհանդոգյա Ուպանիշադ, Է Պրապաթակա)

Ա քհանդա
1․ Նարադան մոտեցավ Սանատ Կումարային և ասաց․
- Ուսուցանի՛ր ինձ, Տե՛ր իմ։
Սանատ Կումարան ասաց․
- Խնդրում եմ նախ ասես, թե ուր ես հասել։ Հետո Ես կհայտնեմ այն, ինչ վեր է դրանից։
2․ Նարադան ասաց․
- Տե՛ր իմ, ես գիտեմ Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան, չորրորդը՝ Աթհարվավեդան, հինգերորդը՝ Իթիհասա Պուրանան, Վեդաների Վեդան՝ քերականությունը, գիտեմ նախնիներին հարգելու կանոնները՝ Պիտրիան, թվերի գիտությունը՝ Ռասին, գուշակելու արվեստը՝ Դայվան, տոմարագիտությունը՝ Նիդհին, բանավեճի արվեստն ու տրամաբանությունը՝ Վակավա-կույան, Վարքուբարքի կանոններն ու քաղաքականությունը՝ Էկայանան, ուսմունքը դևերի մասին՝ Դևա Վիդիան, աստվածների ծագումնաբանությունը՝ Բրահմա Վիդիան, ուսմունքը տարրոգիների մասին՝ Բհութա Վիդիան, զինարվեստը՝ Քշատրիա Վիդիան, տաղաչափական արվեստը՝ Չհանդրասը, աստղաբանությունը՝ Նաքշատրա Վիդիան, օձագիտությունը՝ Սարպա Վիդիան և գեղեցիկ արվեստները՝ Դևահանա Վիդիան։ Ահա սրանք են, որ ես գիտեմ, Տե՛ր իմ։
3․ Այս ամենն իմանալով հանդերձ, Տե՛ր իմ, ես գիտեմ մանտրաները միայն, բայց չեմ խորացել Բարձր Ոգու՝ Աթմանի Էության մեջ։ Եվ լսել եմ քեզ նման Տիրակալներից, որ նա, ով գիտե Աթմանը, հաղթահարում է տխրությունը։ Ես տխուր եմ, Տե՛ր իմ, օգնի՜ր ինձ հաղթահարելու իմ այս տխրությունը․․․
Սանատ Կումարան ասաց նրան․
- Հիրավի, այն ամենը, ինչ դու սովորել ես և գիտես, սոսկ անուններ են։
4․ Արդարև, անուններ են միայն Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան, չորրորդը՝ Աթհարվավեդան, հինգերորդը՝ Իթիհասա Պուրանան, Վեդաների Վեդան՝ քերականությունը, նախնիներին հարգելու կանոնները՝ Պիտրիան, թվերի գիտությունը՝ Ռասին, գուշակելու արվեստը՝ Դայվան, տոմարագիտությունը՝ Նիդհին, բանավեճի արվեստն ու տրամաբանությունը՝ Վակավա-կույան, Վարքուբարքի կանոններն ու քաղաքականությունը՝ Էկայանան, ուսմունքը դևերի մասին՝ Դևա Վիդիան, աստվածների ծագումնաբանությունը՝ Բրահմա Վիդիան, ուսմունքը տարրոգիների մասին՝ Բհութա Վիդիան, զինարվեստը՝ Քշատրիա Վիդիան, տաղաչափական արվեստը՝ Չհանդրասը, աստղաբանությունը՝ Նաքշատրա Վիդիան, օձագիտությունը՝ Սարպա Վիդիան և գեղեցիկ արվեստները։ Այս բոլորը՝ անուն են միայն։ Հարգի՜ր անվան խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
5․ Քանզի նա, ով հարգում է անվան խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, կարող է իր կամքի տերը լինել անվանը ենթակա սահմաններում՝ միայն նա, ով հարգում է անվան խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի անունից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է անունից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

Բ քհանդա
1․ - Հիրավի, խոսքն ավելի վեր է, քան անունը։ Խոսքի միջոցով ենք իմանում Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան, չորրորդը՝ Աթհարվավեդան, հինգերորդը՝ Իթիհասա Պուրանան, Վեդաների Վեդան՝ քերականությունը, նախնիներին հարգելու կանոնները՝ Պիտրիան, թվերի գիտությունը՝ Ռասին, գուշակելու արվեստը՝ Դայվան, տոմարագիտությունը՝ Նիդհին, բանավեճի արվեստն ու տրամաբանությունը՝ Վակավա-կույան, Վարքուբարքի կանոններն ու քաղաքականությունը՝ Էկայանան, ուսմունքը դևերի մասին՝ Դևա Վիդիան, աստվածների ծագումնաբանությունը՝ Բրահմա Վիդիան, ուսմունքը տարրոգիների մասին՝ Բհութա Վիդիան, զինարվեստը՝ Քշատրիա Վիդիան, տաղաչափական արվեստը՝ Չհանդրասը, աստղաբանությունը՝ Նաքշատրա Վիդիան, օձագիտությունը՝ Սարպա Վիդիան և գեղեցիկ արվեստները, ինչպես նաև ուսմունքն աստվածային արարմունքների մասին, երկինքն ու երկիրը, քամին ու եթերը, ջուրն ու հուրը, աստվածներին ու մարդկանց, անասուններին ու թռչուններին, խոտերն ու ծառերը և բոլոր կենդանի էակներին՝ մինչև որդերը, մոծակներն ու մրջյունները․ նաև այն, ինչ արդար է կամ անարդար, ճշմարիտ է կամ սուտ, բարի է կամ չար, հաճելի է կամ տհաճ։ Զի եթե խոսքը չլիներ, անհնար կլիներ իմանալ արդարն ու անարդարը, ճշմարիտն ու սուտը, բարին ու չարը, հաճելին ու տհաճը։ Արդարև, խոսքն է այդ ամենն իմանալի դարձնում։ Հարգի՜ր խոսքի խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է խոսքի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, կարող է իր կամքի տերը լինել խոսքին ենթակա սահմաններում՝ միայն նա, ով հարգում է խոսքի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի խոսքից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է խոսքից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

Գ քհանդա
1․ Հիրավի, միտքը վեր է խոսքից։ Ինչպես բռունցքն իր մեջ պահում է ամալակա բույսի երկու պտուղ, կամ կոլայի, ակշայի երկու պտուղ, այնպես էլ միտքն է իր մեջ պարփակում թե՛ խոսքը, թե՛ անունը։ Զի եթե մեկը մտածի իր մտքում՝ «Ես կուսումնասիրեմ մանտրաները», ապա կուսումնասիրի դրանք։ Եթե մեկը մտածի իր մտքում՝ «Ես արարքներ կգործեմ», ապա կգործի դրանք։ Եթե մեկը մտածի իր մտքում՝ «Ես ցանկանում եմ զավակներ ու արջառ», ապա կցանկանա դրանք։ եթե մեկը մտածի իր մտքում՝ «Ես փափագում եմ այս աշխարհը և մյուս աշխարհը», ապա կփափագի դրանք։ Վասնզի միտքն աշխարհ է և Աթմանի դրսևորում։ Հարգի՜ր մտքի խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է մտքի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, կարող է իր կամքի տերը լինել մտքին ենթակա սահմաններում՝ միայն նա, ով հարգում է մտքի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի մտքից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է մտքից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

Դ քհանդա
1․ Հիրավի, կամենալը (Sankalpa) վեր է մտքից։ Զի եթե մեկը կամենում է մի բան, ապա և մտածում է դրա մասին և արտահայտում խոսքով՝ օգտվելով անուններից։ Անունները վերածվում են մանտրաների, մանտրաները՝ ծիսական զոհաբերությունների։
2․ Արդարև, կամենալն աթմանն ու հենարանն է այն ամենի, ինչ ամփոփում է իր մեջ։ Կամեցել են երկինքն ու երկիրը, կամեցել են քամին ու եթերը, ջուրն ու հուրը։ Դրանց կամեցման շնորհիվ անձրևն է կամենում․ անձրևի կամեցման շնորհիվ սնունդն է կամենում․ սննդի կամեցման շնորհիվ կամենում են հոգու կենսական թրթիռները․ կենսաթրթիռների կամեցման շնորհիվ կամենում են մանտրաները․ մանտրաների կամեցման շնորհիվ կամենում են ծիսական զոհաբերությունները․ զոհաբերությունների շնորհիվ աշխարհն է կամենում․ աշխարհի կամեցման շնորհիվ կամենում է ամենայն ինչ։ Ահա այսպիսին է կամենալը։ Հարգի՜ր կամեցման խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է կամեցման խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, հասնում է իր կամեցած աշխարհներին, որոնք իր նման անսասան են և ապահով հենարանի վրա խարսխված։ Կամեցմանը ենթակա սահմաններում կարող է իր կամքի տերը լինել  միայն նա, ով հարգում է կամեցման խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի կամենալուց։
- Այո՛, կա այն, ինչ վեր է կամենալուց։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

Ե քհանդա
1․ Հիրավի, բանականությունը վեր է կամենալուց։ Զի եթե մեկը բանական է, ապա կամենում է, ապա և մտածում, մտածածն արտահայտում խոսքով, խոսքը՝ անունների միջոցով։ Անուններից ծնվում են մանտրաները, մանտրաներից՝ ծիսական զոհաբերությունները։ Բանականությունն աթմանն է այն ամենի, ինչ ամփոփում է իր մեջ։ Ուստի եթե մեկը շատ բան գիտի, բայց բանական չէ, ապա նրա մասին ասում են․ «Ոչինչ է նա, թեև շատ բան գիտի․ եթե բանական մարդ լիներ, ապա այդքան անգիտակից ձևով չէր պահի իրեն»։ Իսկ եթե մեկը, քիչ բան իմանալով հանդերձ, բանական մարդ է, ապա բոլորը սիրով լսում են նրան։ Արդարև, բանականությունը աթմանն ու հենարանն է այն ամենի, ինչ ամփոփում է իր մեջ։ Հարգի՜ր բանականության խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է բանականության խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, հասնում է բանական աշխարհներին, որոնք իր նման անսասան են և ապահով հենարանի վրա խարսխված։ Բանականությանը ենթակա սահմաններում կարող է իր կամքի տերը լինել  նա, ով հարգում է բանականության խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի բանականությունից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է բանականությունից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

Զ քհանդա
1․ Հիրավի, ներխոկումը (ներհայեցողությունը - meditation) վեր է բանականությունից։ Երկիրը կարծես ներխոկման մեջ է․ ներխոկման մեջ են եթերը, երկինքը, ջրերը, լեռները, աստվածներն ու մարդիկ։ Ուստի մարդկանց մեջ նրանք, ովքեր վեհության են հասնում այս աշխարհում, կարծես մասնակից են այդ ընդհանուր ներխոկմանը։ Մանր ու գռեհիկ մարդիկ կռվազան են, զազրախոս ու նենգամիտ։ Իսկ վեհ մարդիկ կարծես արժանացած լինեն ներխոկման շնորհին։ Հարգի՜ր ներխոկման խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է ներխոկման խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, կարող է իր կամքի տերը լինել ներխոկման ընդգրկած սահմաններում՝  միայն նա, ով հարգում է ներխոկման խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի ներխոկումից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է ներխոկումից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

Է քհանդա
1․ Հիրավի, իմացությունը (Vijnana) վեր է ներխոկումից (Dhyana)։ Զի իմացության միջոցով ենք իմանում Ռիգվեդան, Յաջուրվեդան, Սամավեդան, չորրորդը՝ Աթհարվավեդան, հինգերորդը՝ Իթիհասա Պուրանան, Վեդաների Վեդան՝ քերականությունը, նախնիներին հարգելու կանոնները՝ Պիտրիան, թվերի գիտությունը՝ Ռասին, գուշակելու արվեստը՝ Դայվան, տոմարագիտությունը՝ Նիդհին, բանավեճի արվեստն ու տրամաբանությունը՝ Վակավա-կույան, Վարքուբարքի կանոններն ու քաղաքականությունը՝ Էկայանան, ուսմունքը դևերի մասին՝ Դևա Վիդիան, աստվածների ծագումնաբանությունը՝ Բրահմա Վիդիան, ուսմունքը տարրոգիների մասին՝ Բհութա Վիդիան, զինարվեստը՝ Քշատրիա Վիդիան, տաղաչափական արվեստը՝ Չհանդրասը, աստղաբանությունը՝ Նաքշատրա Վիդիան, օձագիտությունը՝ Սարպա Վիդիան և գեղեցիկ արվեստները, ինչպես նաև ուսմունքն աստվածային արարմունքների մասին, երկինքն ու երկիրը, քամին ու եթերը, ջուրն ու հուրը, աստվածներին ու մարդկանց, անասուններին ու թռչուններին, խոտերն ու ծառերը և բոլոր կենդանի էակներին՝ մինչև որդերը, մոծակներն ու մրջյունները․ նաև այն, ինչ արդար է կամ անարդար, ճշմարիտ է կամ սուտ, բարի է կամ չար, հաճելի է կամ տհաճ։ Արդարև, այս ամենն իմանում ենք իմացության միջոցով։ Հարգի՜ր իմացության խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է իմացության խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, կարող է իր կամքի տերը լինել իմացության ընդգրկած սահմաններում՝  միայն նա, ով հարգում է իմացության խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի իմացությունից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է իմացությունից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

Ը քհանդա
1․ Հիրավի, զորությունը (Bala) վեր է իմացությունից։ Մեկ զորավոր մարդը կարող է ահուդողի մեջ պահել հարյուրավոր իմացողների։ Զորավորը, բարձրանալով, նաև գործունյա մարդ է դառնում, ապա և շրջագայելով այցելում է իմաստուններին, նստում նրանց առաջ։ Նստելով իմաստունների առաջ՝ նա դառնում է տեսնող, լսող, մտածող, հասկացող, գործող և իմացող մարդ։ Արդարև, երկիրն անսասան է մնում զորության շնորհիվ, եթերն անսասան է մնում զորության շնորհիվ, երկինքը, լեռները, աստվածներն ու մարդիկ անսասան են մնում զորության շնորհիվ, անասունները, թռչունները, խոտերն ու ծառերը և բոլոր կենդանի էակները մինչև որդերը, մոծակներն ու մրջյունները՝ զորության շնորհիվ։ Ողջ աշխարհն ամուր է մնում զորության շնորհիվ։ Հարգի՜ր զորության խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է զորության խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, կարող է իր կամքի տերը լինել զորության ընձեռած սահմաններում՝  միայն նա, ով հարգում է զորության խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի զորությունից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է զորությունից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

Թ քհանդա
1․ Հիրավի, սննդառությունը վեր է զորությունից։ Զի եթե մեկը չսնվի տասը օր ու գիշեր, ապա, եթե կենդանի էլ մնա, ի զորու չի լինի տեսնել, լսել, մտածել, հասկանալ, գործել և իմանալ։ Իսկ սնվելու շնորհիվ կդառնա տեսնող, լսող, մտածող, հասկացող, գործունյա և իմացող մարդ։ Հարգի՜ր սննդառության խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է սննդառության խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, կարող է իր կամքի տերը լինել սննդառության ընձեռած սահմաններում՝  միայն նա, ով հարգում է սննդառության խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի սննդառությունից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է սննդառությունից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

Ժ քհանդա
1․ Հիրավի, ջուրը վեր է սննդից։ Զի եթե անձրև չգա, ապա հոգու զգայարաններին կպարուրի վախը․ «Սննդի պակասություն կլինի»։ Իսկ եթե առատ անձրև տեղա, հոգու զգայարանները կկայտառանան․ «Սնունդն առատ է լինելու»։ Ջրով են կենսական կերպարանք առնում երկիրը, եթերը, լեռները, աստվածներն ու մարդիկ, անասուններն ու թռչունները, բոլոր կենդանի էակները մինչև որդերը, մոծակներն ու մրջյունները։ Արդարև, այս ամենը ջրի շնորհիվ է կենսական կերպարանք առնում։ Հարգի՜ր ջրի խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է ջրի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, կարող է իր կամքի տերը լինել ջրի ընձեռած սահմաններում՝  միայն նա, ով հարգում է ջրի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի ջրից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է ջրից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

ԺԱ քհանդա
1․ Հիրավի, հուրը վեր է ջրից։ Զի հուրը միանում է քամուն և շիկացնում եթերը։ Եվ այնժամ ասում են․ «Շոգ է, երկնքից կրակ է թափվում, ուրեմն շուտով անձրև է գալու»։ Ահա այս նշանով է սկզբում հուրը դրսևորում իրեն և ապա եթերից ստեղծում ջուրը՝ երկինքը ծայրեծայր շամփրելով և որոտ առաջացնելով։ Այդ ժամանակ է, որ մարդիկ ասում են․ «Կայծակը փայլատակեց, ամպերը որոտացին, ուրեմն շուտով անձրև կսկսվի»։ Հարգի՜ր հրի խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է հրի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, կարող է իր կամքի տերը լինել հրի ընձեռած սահմաններում՝  միայն նա, ով հարգում է հրի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի հրից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է հրից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

ԺԲ քհանդա
1․ Հիրավի, եթերը (Akasha) վեր է հրից։ Զի եթերն է արևի և լուսնի, ինչպես նաև կայծակի, աստղերի ու հրի գոյության վայրը։ Կանչում ենք եթերի միջով, լսում ենք եթերի միջով, պատասխանում ենք եթերի միջով։ Եթերի գրկում ուրախանում ենք, երբ միասին ենք լինում, և եթերի գրկում չենք ուրախանում, երբ առանձին ենք լինում։ Եթերի մեջ են ծնվում բոլոր իրերը և ծնվելուց հետո կրկին դեպի եթերն են ձգվում։ Հարգի՜ր եթերի խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է եթերի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, հասնում է եթերով լի աշխարհներին, որոնք լուսավոր են, անսահման, ճնշումից ու ցավից զերծ և տարածվում են անհունորեն։ Եթերի ընդգրկած սահմաններում կարող է իր կամքի տերը լինել նա, ով հարգում է եթերի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի եթերից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է եթերից։

- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։


ԺԳ քհանդա
1․ Հիրավի, հիշողությունը (Smarana) վեր է եթերից։ Զի եթե հիշողությունից զրկվածները մի տեղ հավաքվեն, ապա ոչինչ չեն լսի, ոչինչ չեն մտածի, ոչինչ չեն իմանա։ Իսկ եթե հիշողություն ունենան, ապա կլսեն իրար, կմտածեն ու կիմանան։ Արդարև, հիչողության միջոցով է, որ ճանաչում ենք մեր զավակներին․ հիշողության շնորհիվ է նաև, որ ճանաչում ենք մեզ պատկանող անասուններին։ Հարգի՜ր հիշողության խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է հիշողության խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, կարող է իր կամքի տերը լինել հիշողության ընդգրկած սահմաններում՝ նա, ով հարգում է հիշողության խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի հիշողությունից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է հիշողությունից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

ԺԴ քհանդա
1․ Հիրավի, Հույսը (Asa)  վեր է, քան հիշողությունը։ Զի Հույսով ջերմացած հիշողությունը մանտրաներն ուսումնասիրելու փափագ է ծնում, ծիսական զոհաբերություններ կատարելու, զավակներ ու արջառներ ունենալու, այս և մյուս աշխարհը ճանաչելու փափագ է ծնում։ Հարգի՜ր Հույսի խորհուրդը և ներհայիր այն իբրև Բրահմանի դրսևորում, ո՜վ իմաստուն Նարադա։
2․ Քանզի նա, ով հարգում է Հույսի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում, Հույսի շնորհիվ հասնում է իր բոլոր փափագների իրականացմանը։ Նրա աղոթքներն իզուր չեն անցնում։ Հույսի ընդգրկած սահմաններում կարող է իր կամքի տերը լինել նա, ով հարգում է հույսի խորհուրդը և ներհայում այն իբրև Բրահմանի դրսևորում։
- Տե՛ր իմ, իսկ կա՞ մի բան, որ վեր լինի Հույսից։
- Այո՛, կա այն, ինչ վեր է Հույսից։
- Ասա՛ ինձ դրա մասին, Տե՛ր իմ։

ԺԵ քհանդա
1․ Հիրավի, Պրանան վեր է Հույսից։ Ինչպես անվակունդին ամրացված են բոլոր անվաճաղերը, այնպես էլ ամենայն ինչ՝ Անունից մինչև Հույս, ամրացված են Պրանային։ Պրանան շունչ է տալիս ինքն իրեն։ Պրանան հայր է, Պրանան՝ մայր, Պրանան՝ եղբայր և քույր, Պրանան՝ ուսւոցիչ է և Բրահմանի դրսևորում։
2․ Զի եթե մեկն անվայել բան է ասում հոր, մոր, եղբոր, քրոջ, ուսուցչի կամ բրահմայի հասցեին, ապա նրան ասում են․ «Անաչի՛ր, դու վիրավորում ես հորդ, մորդ, եղբորդ, ուսուցչիդ կամ բրահմային»։
3․ Բայց եթե Պրանան արդեն լքել է նրանց, և նրանց մարմինները ենթակա են հրկիզման, ապա նրան ոչ ոք չի ասի․ «Դու սպանում ես հորդ, մորդ, եղբորդ, քրոջդ, ուսուցչիդ կամ բրահմային»։
4․ Արդ, ուրեմն, Պրանան այդ ամբողջն է։ Արդարև, նա ով տեսնում, մտածում և իմանում է այս մասին՝ դառնում է Աթիվադին և վերջին խոսքն է ասում ցանկացած բանավեճում։ Ուստի եթե մարդիկ նրան ասեն՝ «Դու Աթիվադին» ես, ապա թող նա չժխտի դա և ասի․ «Այո՛, ես Աթիվադին եմ»։

ԺԶ քհանդա
Այնուհետև Սանատ Կումարան ասաց Նարադային․
– Արդարև, Աթիվադին է նա, ով բանավեճում հաղթում է գերագույն Ճշմարտության (Satya) շնորհիվ։
Նարադան հարցրեց․
– Տե՛ր իմ, կարո՞ղ եմ ես Աթիվադին լինել Ճշմարտության շնորհիվ։
– Բայց նախ պետք է ձգտես իմանալ Ճշմարտությունը։
– Ես ձգտում եմ իմանալ Ճշմարտությունը, Տե՛ր իմ։

ԺԷ քհանդա
– Հիրավի, եթե մեկն իմանում է, ապա ասում է Ճշմարտությունը։ Ով չի իմանում՝ չի ասում․ Ճշմարտությունն ասում է իմացող մարդը միայն։ Բայց նախ պետք է ձգտես իմանալ Իմացությունը։
– Ես ձգտում եմ իմանալ Իմացությունը, Տե՛ր իմ։

ԺԸ քհադա
– Հիրավի, եթե մեկը մտածում է, ապա իմանում է։ Ով չի մտածում՝ չի իմանում․ Իմանում է մտածող մարդը միայն։ Բայց նախ պետք է ձգտես իմանալ մտածողությունը։
– Ես ձգտում եմ իմանալ մտածողությունը, Տե՛ր իմ։

ԺԹ քհանդա
– Հիրավի, եթե մեկը հավատում է, ապա մտածում է։ Ով հավատ չունի՝ չի մտածում․ մտածում է հավատք ունեցող մարդը միայն։ Բայց նախ պետք է ձգտես իմանալ հավատքը։
– Ես ձգտում եմ իմանալ հավատքը, Տե՛ր իմ։

Ի քհանդա
– Հիրավի, եթե մեկը նվիրված է իր Ուսուցչին ու հաստատակամ է, ապա հավատում է։ Ով նվիրված ու հաստատակամ չէ՝ չի հավատում․ հավատում է նվիրված ու հաստատակամ մարդը միայն։ Բայց նախ պետք է ձգտես իմանալ նվիրվածությունն ու հաստատակամությունը։

– Ես ձգտում եմ իմանալ նվիրվածությունն ու հաստատակամությունը, Տե՛ր իմ։

(շարունակելի)

среда, 21 июня 2017 г.

ԱՐԱՄԱԶԴ - ՍԱՆԱՏ ԿՈՒՄԱՐԱՅԻ ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ

 Ներկայումս միայն ձեր ջանքերից է կախված մարդկության ապագան
 
Սանատ Կումարա
20 հունիսի, 2017 թ.
 
ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:
Ես ահա եկել եմ:
Որքան էլ դժվարին լինեն մոլորակի պայմանները, Մենք ձեզ օգնության ենք շտապում: Եվ մեր ամեն մի հանդիպման ժամանակ ձեզ ենք մեկնում Մեր օգնության ձեռքը:
Անփոփոխ կերպով:
Մշտապես:
Աշխարհների միջով:
Այսօր Ես եկել եմ, որպեսզի պատասխանեմ այն հարցին, որը մտովի կամ բարձրաձայն հնչեցնում են ձեզնից շատերը. «Ի՞նչ անել... Կա՞ արդյոք որևէ ելք այն փակուղուց, որին այժմ դեմ է առել մարդկությունը»:
Պաշտելինե՛րս, Ես չեմ հոգնում կրկնելուց, որ ցանկացած իրավիճակից միշտ կա աստվածային ելք, և ցանկացած խնդիր ունի իր աստվածային լուծումը:
Եթե այդ ելքն ու այդ լուծումը չլինեին, ապա Մենք այսքան ջանք ու էներգիա չէինք ծախսի, որ գանք ու ձեզ հասցնենք Մեր Խոսքը:
Այժմ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ներկայումս Երկրի վրա մարմնավորվել են աննախադեպ քանակությամբ լուսակիրներ:
144 000 մարմնավորված լուսակիրներից յուրաքանչյուրը ներուժ ունի հասնելու Քրիստոս-գիտակցության մակարդակին: Դուք նաև գիտեք, որ դա մարդկային գիտակցության այն մակարդակն է, որով հնարավոր է դառնում մարդկանց ամենաբարձր մակարդակի համախմբումը: Ըստ էության, գիտակցության այդ մակարդակն առավելագույն չափով մոտեցված է Համբարձյալ Դասերին:
Գիտակցության այդ մակարդակում հնարավոր է լուսակիրների ճշմարիտ Ոգեղեն համախմբում:
Դա Սուրբ Հոգու Համայնքի գիտակցության մակարդակն է: Դա նաև Երկրի վրա Լույսի Եղբայրության գիտակցության մակարդակն է:
Եվ դա է հենց այն մակարդակը, որին անհրաժեշտ է ձգտել-հասնել...
Հենց որ 144 000 լուսակիրները հասնեն Քրիստոսի գիտակցության մակարդակին և միաբանվեն Երկրի հոգևոր Եղբայրության մեջ, մոլորակի իրադրությունը կփոխվի համարյա ակնթարթորեն:
Ինչու՞ մինչև այժմ դա տեղի չի ունենում: Ինչու՞ լուսակիրները չեն կարողանում միաբանվել...
Ես կարող եմ պատասխանել այդ հարցին:
Պատճառը ձեր մեջ փնտրեք: Երբ Միասնության, Եղբայրության և Սիրո Ոգին հառնում է ձեր սրտերում, ձեր գիտակցությամբ դուք բարձրանում եք Քրիստոս-գիտակցության մակարդակին:
Ձեզնից ամեն ոք ունեցել է պայծառացման, ներքին երջանկության և Բերկրանքի այդպիսի րոպեներ:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ կարողանաք այդ վիճակը պահպանել հնարավորինս երկար ժամանակով. սկզբում՝ մեկ ժամ, հետո՝ ամբողջ օրվա ընթացքում, այնուհետև՝ շաբաթների, ամիսների, տարվա ընթացքում:
Այնժամ վրա կհասնի այն պահը, երբ գիտակցության այդ մակարդակը ձեզ համար բնական կդառնա, և այլևս ոչ մի պատրվակով դուք չեք ուզենա բաժանվել դրանից: Աշխարհի ոչ մի հրապուրանք այլևս ունակ չի լինի ձեզ դուրս հանելու աստվածային ներքին Ուղուց:
Իսկ հիմա եկեք միասին խորհրդածենք. ինչու՞, չնայած բոլոր ջանքերին, չի հաջողվում պահպանել գիտակցության այդ բարձր մակարդակը:
Կան աշխարհում գործող ուժեր, որոնց Մենք անվանում ենք Մեզ հակադիր ուժեր: Այդ ուժերի խնդիրն է՝ թույլ չտալ մարդկությանը, որ անցում կատարի իր էվոլյուցիոն զարգացման նոր մակարդակին:
Այդ ուժերը գործում են ինչպես հենց ձեր ներսից, այնպես էլ դրսից: Ուստի, պաշտելինե՛րս, դժվա՜ր է ոչ միայն գիտակցության արժանավայել մակարդակ  պահպանելը, այլև թեկուզ կարճ ժամանակով դրան հասնելը:
Իսկ ո՞րն է ելքը...
Միայն ամենօրյա գիտակցված ջանքերի գործադրումը՝ Աստծուն մոտենալու համար...
Միայն համառությունը...
Միայն նվիրվածությունն Աստծո Կամքին...
Դուք հստակ պետք է գիտակցեք, որ ներկայումս միայն ձեր ջանքերից է կախված մարդկության ապագան:
Հարկավոր է միաբանվել անարատության ու նվիրվածության ճերմակահուր-լազուր դրոշի ներքո:
Անխտիր բոլոր լուսակիրներին է դա վերաբերում...
Միշտ հիշե՛ք. միաբանվելու, համագործակցելու ունակությունը՝ Քրիստոս-գիտակցություն ձեռք բերելու հայտանիշն է:
Ջրհոսի դարաշրջանի էներգիաները՝ միաբանության, համագործակցության էներգիաներն են:
Ուստի այն ամենը, ինչ Նոր դարաշրջանի էներգիաներին հակառակ է գործում, կսրբվի երկրի երեսից:
Դա անբեկանելի գործընթաց է:
Ուստի և ձեզ Ուսմունք է տրվում ընտրության մասին:
Ինքներդ եք ընտրում՝ ընթանա՞լ Ուղով, թե՞ արժանանալ խաշամի ճակատագրին:
Դա ձե՛ր ընտրության հարցն է:
Եվ այդտեղ է ձեր պատասխանատվությունը:
Աստված ամենակարող է:
Բայց Նա չի միջամտի ձեր ազատ կամքին:
Եվ եթե ձեր ազատ կամքով դուք որոշել եք ընթանալ դեպի անդունդ տանող ուղով, ապա դա ձեր ընտրությունն է և ձեր պատասխանատվությունը:
Արդեն իսկ մարմին առած 144 000 լուսակիրները, որոնք ունակ կդառնան պահպանելու իրենց Քրիստոս-գիտակցության մակարդակը, կփոխեն աշխարհը:
Կա պլան, և կա համապատասխան շարժման ուղղություն:
Ե՛վ ինքներդ ձեզ, և՛ ձեր կողքին եղածներին ամեն օր հիշեցրե՛ք գիտակցության հնարավորինս բարձր մակարդակ պահպանելու անհրաժեշտության մասին:
Ամեն օր ձգտե՛ք համախմբվել անարատության ու բարոյականության, Աստծո Կամքին նվիրվածության և դեպի լուսավոր ապագա մղվածության ճերմակահուր-լազուր դրոշի ներքո:
Ես ձեզ հաջողություն եմ մաղթում դեպի Հավերժություն տանող ձեր Ուղու վրա...

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

Տատյանա Միկուշինա, 2017 թ.


թարգմանեց Խ. Մանասելյանը