суббота, 13 февраля 2021 г.

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

 ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Թուրքն ուզում է ջարդի, փրթի,
Հայից խլի նոր հատված,
Իսկ հայերս ծռտի-պռտի
Բաներով ենք զբաղված:
Դավաճանին ով պարսավի,
Կտուգանվի հինգ միլիոն.
Շա՜տ ճարպիկ է նոր հարամին՝
Քաղտեխնոլոգ-քամելիոն:
Հաղթանդամ ու կերած-խմած
Ինչքան հայ կա աշխարքում,
Ուսադիր ու դիմակ դրած՝
Դավաճանին է փրկում:
Անջատել են ուղեղները,
Միայն փորն է աշխատում,
Թափ են տալիս մահակները,
Հային ծեծում ու դատում:
Իսկ թուրքի դեմ գնաց կռվեց
Խիզախ, անփորձ պատանին,
Զոհվեց մարտում, չնվիրեց
Իր սիրածին մատանի...
Խաչիկ-Ապեր
13.02.2021 թ.

пятница, 12 февраля 2021 г.

ՎԵՐՋԻՆ ՄԻՏՔԸ

 ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՄԻՏՔԸ

Սատանայապաշտ այլազգիները պիղծ ու գիշատիչ
Իրենց արյունոտ ամփոփ մտքերը նվաճողական
Միշտ ավարտում են կետ-վերջակետով:
Վերջին մի դարում մեզնից խլեցին
Զույգ Մասիսները՝ կետ-ստորակետ,
Ապա մեր երկրից քարտեզի վրա
Թողին կրծոտած մի ստորակետ:
Վերջինիս պոչն էլ ուզում են մաքրել,
Թողնել սոսկ մի կետ՝
Որպես գիշատիչ, նվաճողական
Մտքի վերջակետ:
Սակայն ուրիշ են հինավուրց ու ճոխ
Մեր նշանները կետադրական:
Կամոքն Աստծո և Մայր Բնության՝
Մեր վերջին միտքը գուցե ավարտվի պայթյունավտանգ
Այն երկու կետով
(Զույգ Մասիսների հարևանությամբ),
Որտեղ ուրանի ատոմն է ծխում՝
Դեռևս խաղաղ ծուխն իր սփռելով
Աստղապարույրի ժայռանկարից մինչև Ծիր-Կաթին:
Թերևս սա է մեր վերջին միտքը
Իր վերջակետով, որ հետևանք է
Դարեդար ձգվող Սարդարապատի:

Փույթ չէ այլևս,
Թե ո՞վ ում կատի,
Ո՞վ ում կդատի
Եվ ո՞ւմ կործանման սարսափ կպատի.

Թող լինի Կամքը
Տիեզերական Արդարադատի:

Խաչիկ-Ապեր
1202-2021