четверг, 24 сентября 2015 г.

ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՔՎԵ


Իշխանական, կուսակցական դասն այսօրվա 
Հայոց երկրին, ժողովրդին ի՞նչ է տվել. 
Դատարկվող ու վարկով ապրող երկիր սովյալ 
Եվ կասեցված ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ:

Երկրի ղեկը ձեռքին պահող խավն այսօրվա
Ինքն իրեն ու օտարներին ի՞նչ է տվել.
Ինքնամեծար, նյութապաշտ խաղ ամենօրյա
Եվ անտեսված, չկայացած ՀԱՆՐԱՔՎԵ:

Իսկ երբ շուտով կանգնենք դառը փաստի առաջ,
Եվ հարկ լինի մեղք ու սխալ հերթով թվել,
Ափսոսանքով ամեն մի հայ տառաճանաչ
Կփաստի նախ չկայացած ՀԱՆՐԱՔՎԵՆ:

Եվ մի՛ ասեք, թե արել ենք հանրաքվե
Մեր առանձին տարածքների երկու մասում:
Մի՞թե հենց այդ պատճառով չենք մենք հայտնվել
Կռվի, վեճի, բախումների այս պիղծ փոսում:

Արցախն արդյոք չդարձրի՞նք կռվախնձոր՝
Ներքաշելով հաշտարար ու խաղաղապահ,
Որ չարեցինք նույն օրվա մեջ սուրբ ու հզոր
ՄԻԱՑՈՒՄԻ ՀԱՆՐԱՔՎԵ միասնաբար,

Այլ սոսկ ընկանք անկախության ճանաչումի
Թավուտները՝ մեզնից անկախ ու անորոշ.
Հայ զինվորի հաղթանակը արժեք չունի՞,
Որ պահում ենք երկու գերբ ու երկու դրոշ...:

суббота, 19 сентября 2015 г.

ԱՆԻՄԱՍՏ «ՈՉ»-ԵՐ ՄԻ՛ ՀՆՉԵՑՐԵՔ

Եթե Սերժ Սարգսյանից ու նրա վարչակարգից դժգոհությունն իսկապես համատարած բնույթ է կրում, ապա ժողովուրդն առանց որևէ լուրջ դժվարության ու արգելքի կարող է քաղաքական պահանջներ գրառելով անվավեր դարձնել համաժողովրդական հանրաքվեի քվեաթերթիկների 60 տոկոսից ավելին (դիտմամբ համեստ թիվ եմ ասում): 

Նման արտառոց ու աչք ծակող փաստի դեմ նույնիսկ ամենակատաղի ու ստոր կեղծարարները ոչինչ անել չեն կարողանա, քանի որ, ուրիշ բան որ չլինի, հանրաքվեի կայացման հենց հաջորդ առավոտյան տեղական ու արտասահմանյան բոլոր լրատվամիջոցները հեղեղված կլինեն դրան վերաբերող սենսացիոն լուրերով ու հաղորդումներով: 

Մնում է միայն հոգ տանել, որ այդ հաղորդումներում ու սոցցանցերում զետեղված փաստագրական նկարներում հստակ երևան հաշվիչ հանձնաժողովների սեղանների վրա հպարտորեն վեր ցցված անվավեր քվեաթերթիկների կույտերը: 

Իսկ եթե ես սխալվում եմ, ասինքն՝ «հոմոսերժիկուսի» վերածված քաղաքացիների քանակն արդեն շատ մեծ թիվ է կազմում ժողովրդի մեջ, ապա բարի եղեք սուսուփուս կրել ձեր լուծը և անիմաստ «ոչ»-երի կոչեր չհնչեցնել...

четверг, 17 сентября 2015 г.

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՐՁ

Դրսից պարտադրվող սահմանադրական փոփոխություններն այսպես թե այնպես ենթակա են կասեցման, սակայն մոտակա իրադարձություններն այնպես են զարգանալու, որ դա տեղի չի ունենալու համաժողովրդական հանրաքվեն կասեցնելու գնով։ Բանն այն է, որ երբ Ազգային խորհուրդն այդ հարցով որոշում կայացնի և հանրաքվեի անցկացման օր նշանակի, դրանից հետո կույր ու հնազանդ պետական բյուրոկրատական ապարատն իրեն հատուկ եռանդով անմիջապես գործի կանցնի, և հանրաքվեի կասեցման ամեն մի փորձ դեմ կառնի անտեսանելի ու անըմբռնելի խուլ պատի և կտապալվի։
Ընդամենը ամիս-ամիսուկես անցնելուց հետո "Ոչ"-ի ճակատն արդեն կզգա իմ այս կանխատեսման ճշմարտացիությունը, և այդ միավորման մեջ ընդգրկված անհատներն ու խմբերը կվերածվեն պարտված բանակի զինվորների։ Դրա հետ կապված՝ պառակտումն ու ընդհանուր հուսալքության մթնոլորտն այնքան ծանր ու ճնշող կլինի, որ ընդդիմադիր պայքարին մասնակցող քաղաքական ուժերն ու մտավորականներն այլևս բավարար եռանդ ու ժամանակ չեն ունենա, որ կարողանան ժողովրդին իրազեկելու միջոցով սահմանադրական հանրաքվեն վերածել պահանջային հարաքվեի, որի իրականացման մեխանիզմը կանխապես բազմիցս լուսաբանել եմ ֆբ-ի իմ գրառումներով և առանձին կայացած անհատական զրույցներով։ Ուստի այդ կարևոր գործով նրանք պետք է սկսեն զբաղվել հենց այսօրվանից, որպեսզի համաժողովրդական հանրաքվեից առաջ չհայտնվեն ցայտնոտի մեջ, իսկ հանրաքվեի ավարտից հետո՝ անհաղթահարելի տխուր փաստերի առաջ․․․

понедельник, 14 сентября 2015 г.

ՄԵՆՔ ԵՆՔ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԻՐԱԿԱՆ ՏԵՐԸ

Թեև գործող սահմանադրությունն, ըստ էության, միայն ՀՀ նախագահին է իրական հնարավորություն տալիս համաժողովրդական հանրաքվե նշանակելու, բայց հանրաքվեի կայացման ժամանակ դրա իրական տերը ժողովուրդն է: Ուստի և համաժողովրդական հանրաքվեից ոչ թե նախագահը պետք է օգուտ ստանա, այլ ամբողջ ժողովուրդը:
Ուրեմն՝ տեր կանգնենք մեր հանրաքվեին, ակտիվորեն մասնակցենք ու հարկ եղած չափով վերահսկենք այն, որպեսզի կարողանանք առավելագույն օգուտ քաղել դրանից:
Անհրաժեշտ եմ համարում մեկ անգամ ևս կրկնել, որ ժողովուրդն իրավասու է սահմանադրական փոփոխությունների համար նշանակված հանրաքվեն վերափոխել պահանջային հանրաքվեի, քանի որ սահմանադրական փոփոխություններից շատ ավելի կարևոր, վաղուց հասունացած ու հրատապ լուծման կարիք ունեցող պահանջներ կան ծառացած հայ ժողովրդի առաջ:
Եթե ամեն մի ՀՀ քաղաքացի իր քվեաթերթիկի վրա գրառի այն պահանջը, որն ինքն առավել կարևոր ու հրատապ է համարում, ապա անկախ ամեն ինչից (կեղծարարությունից, ճնշումներից, կաշառքներից և այլն)՝ ժողովրդի համախմբվածությունը կդառնա կատարված փաստ, իսկ հաղթանակը՝ տպավորիչ, շոշափելի ու անառարկելի:

ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ "ԱՅՈ" Է ՊԵՏՔ

Միայն "ոչ"-ի ճակատով աշխարհ չենք շինի, մեզ նաև կառուցողական "այո" է պետք։ "Ոչ"-ի լոզունգը կիսատ է և հաստատ չի աշխատի։

Պետք է լրացում անել՝ "Այո՛ պահանջային հանրաքվեին", որպեսզի ՀՀ քաղաքացիները որոշակի պահանջներ գրառելով՝ անվավեր դարձնեն քվեաթերթիկները և սահմանադրական հանրաքվեի պաշտոնական հարցադրումը թողնեն անպատասխան։

Եթե նման անվավեր քվեաթերթիկները մեծ քանակ կազմեն, ապա ինքնաբերաբար հանրաքվեն կվերածվի պահանջայինի և կդառնա ժողովրդի անուղղակի համախմբվածության վկայություն ու շոշափելի հաղթանակ։

Անկախ այն բանից, թե որքանով կկեղծվեն արդյունքները՝ պետք է թույլ տալ, որ հանրաքվեն կայանա, որպեսզի ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունենան հրատապ լուծման կարիք ունեցող պահանջներ ներկայացնել իշխանություններին։

Նման լավ առիթ այս հանցավոր իշխանություններն էլ հազիվ թե տան ժողովրդին, ուստի արդեն նշանակված համաժողովովրդական հանրաքվեն պետք է անցկացնել ժողովրդի համար առավելագույն օգուտով։

пятница, 11 сентября 2015 г.

ՔՈՌՆ ԻՆՉ ԿՈՒԶԻ՝ ԵՐԿՈՒ ԱՉՔ

Ներկայիս թալանչի իշխանավորների ամենամեծ հույսն ու ակնկալիքն այն է, որ սահմանադրական հանրաքվեի օրը ժողովուրդը համատարած «ոչ» է ասելու, և ամեն ինչ մնալու է առաջվա պես: «Քոռն ի՞նչ կուզի՝ երկու աչք»: Նրանք կեղծիքների առանձնապես շատ չեն գնա, որովհետև «այո»-ն էլ է իրենց օգտին, «ոչ»-ն էլ: Եթե «ոչ»-երը գերակշռեն, ապա կշարունակեն հին ձևերով թալանել, իսկ եթե «այո»-ները գերակշռեն, ապա կսկսեն նոր ձևերով թալանել: Բնականաբար՝ «փորձած թանը անփորձ մածունից լավ է», այսինքն «ոչ»-երի գերակշռությունը ներկայիս թալանչի իշխանավորների համար համեմատաբար ավելի ձեռնտու տարբերակ է:
Գործող իշխանությունների օգտին կաշխատի նաև ինչ-ինչ ուժերի կողմից սահմանադրական հանրաքվեի կասեցումը կամ հենց իրենց կողմից՝ անորոշ ժամանակով հետաձգումը:
Իշխանական կուսակցապետերի մոգոնած այս արտառոց ու անպատեհ իրավիճակից ժողովրդի պատվով դուրս գալու միակ ճիշտ ելքն այն կլինի, որ հանրաքվեի պաշտոնական հարցադրումը միահամուռ կերպով անպատասխան թողնի է և, արդարացի պահանջներ գրառելով քվեաթերթիկների վրա, դրանք զանգվածաբար անվավեր դարձնի:
Ուստի այժմվանից սկսեք մտածել, թե փակ քվեախցիկի ներսում ի՞նչ արդար պահանջ եք խնամքով գրի առնելու ձեր քվեաթերթիկի վրա, որ այն անվավեր դառնա:
Անձամբ ես արդեն մտածել եմ և գրելու եմ հետևյալը՝ «Պահանջում եմ ՀՀ և ԼՂՀ միավորել մեկ միասնական պետության մեջ»: