пятница, 20 мая 2016 г.

ԴԵՎԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

«-Տղա՛, մին էլ զարկ...»
Հերոսը մեր հեքիաթի
Մեն մի զարկ է տալիս քաջ.
Դևն ինքը թող անջատի
Իր կեսերը ձախ ու աջ:
«Ադրբեջանն» ու «Թուրքիան»
Երկու կեսն են նույն դևի:
Հոգևարքն այս նավթաքամ
Էլ շատ երկար չի տևի.
Մի ամբարտակ կփլվի
Կամ հողմերը կցնցեն,
Եվ դևն անշունչ կփռվի
Անմիաբան ու անզեն:
Խաչիկ-Ապեր
20.05.2016 թ.

вторник, 10 мая 2016 г.

ՕՐԻՆԱԳԻԾ՝ ՀՀ ԱԺ-ում քննարկելու համար

Հիմնվելով պատմա-աշխարհագրական անհերքելի ճշմարտությունների՝ փաստերի, բազմաթիվ գրավոր վկայությունների, պահպանված հայկական պատմա-ճարտարապետական հնամենի բազում հուշարձանների առկայության վրա, ինչպես նաև հաշվի առնելով 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը մեր տարածաշրջանում տեղի ունեցած սահմանային վերաձևումները, որոնց մեծ մասն օտար ու գիշատիչ պետական կազմավորումների կողմից կրել են զավթողական, շովինիստական, հակամարդկային և, հետևաբար, անօրեն ու դատապարտելի բնույթ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.

1. Չճանաչել Հայոց Արցախ աշխարհը որպես առանձին և ինքնուրույն պետություն, այլ այն ընդունել որպես միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության անբաժան մաս:

2. Հնարավորինս սեղմ ժամկետում՝ ներկայիս ՀՀ և ԼՂՀ բնակչության շրջանում միաժամանակ, համաժողովրդական Հանրաքվե անցկացնել և ստանալ ժողովրդի համաձայնությունը մեկ միասնական հայկական պետություն հռչակելու վերաբերյալ:

3. Չճանաչել 1918 թ-ին Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի հանցավոր համաձայնությամբ ապօրինաբար կազմավորված և հետագայում «Ադրբեջան» կոչված պետությունը՝ այն զուրկ համարելով պատմական ու էթնիկական հիմքերից:

4. Հնարավոր բոլոր միջոցներով նպաստել, որ «Ադրբեջան» կոչված տարածքի բնիկ ժողովուրդները՝ լեզգիները, թալիշները, ավարները, ծախուրները և այլք, ստեղծեն իրենց ինքնուրույն պետական կազմավորումները և տեր կանգնեն իրենց պատմական բնօրրաններին:

5. Թյուրիմացաբար «Ադրբեջան» կոչված տարածքի բնիկ ժողովուրդների ազգային-ազատագրական և պետականաշինական գործընթացների ավարտից անմիջապես հետո, նրանց կառավարությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ համաձայնության գալով, ճշգրտել միասնական նորաստեղծ հայկական պետության սահմանները և դրանք ամրագրել միջազգային մակարդակով:

четверг, 5 мая 2016 г.

ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՄՈԼՈՒՑՔ

Մեր ազգային սնապարծության ցայտուն արտահայտություններից մեկն էլ օտարների կողմից ճանաչված լինելու մոլուցքն է: Դա մեր լոպազ պետական պաշտոնյաներին իրավունք և միջոցներ է տալիս, որ իրար հերթ չտալով թռչեն արտասահման, մի քանի օրով ապրեն շքեղ հյուրանոցներում, հպարտ-հպարտ ճեմեն միջազգային հաստատությունների սրահներում և իբր ինչ-որ կարևոր հարցեր քննարկեն օտարազգի իրենց նման լոպազների ու անբանների հետ: Եվ քանի որ նման ցանկություններ ունեցողների թիվն անչափ մեծ է մեր հայրենակիցների շրջանում, ուստի մեկի փոխարեն երկու անկախ պետություն ենք ուզում ստեղծել, հռչակել և միջազգայնորեն ճանաչվել: Արդեն իսկ ունենք երկու նախագահ, երկու օրենսդիր մարմին, երկու կառավարություն և արտգործ նախարարություն, երկու բանակ և այլն: Ընդ որում, աչք ենք փակում կամ հաշտվում այն փաստի հետ, որ պետական պաշտոնյաների ճնշող մեծամասնությունն առիթը բաց չեն թողնում և արդեն բավականին հմտացել են պետական միջոցներ մսխելու կամ փոշիացնելու գործերում:
Ավելի լավ է չճանաչված լինել, բայց լինել միասնական և ուժեղ, քան մաս-մաս ճանաչված լինել, բայց մնալ ջլատված ու թույլ: Արցախի անկախությունը մեր կողմից ճանաչելը հակասում է այս տրամաբանությանը: Արդարացված չէ նաև դա որպես «միջանկյալ ու ժամանակավոր» քայլ ներկայացնելը. դրանով ու՞մ ենք ուզում խաբել՝ ինքներս մե՞զ, թե՞ օտարներին: Առավել քան ակնհայտ է, որ այդ քայլը վնասից բացի մեզ որևէ շոշափելի օգուտ չի տա. Արցախը կշարունակի բաց վերք մնալ հայ ազգի համար՝ կրկին երկար ժամանակ մնալով ներքին ու արտաքին շահարկումների առարկա: Նույնքան անհեթեթ է նաև անկախ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու Սերժ Սարգսյանի գաղափարն ու նախաձեռնությունը: Այս պարագայում նույնպես բնական հարց է ծագում. դրանով ու՞մ է ուզում խաբել լուրջ ու թթված տեսք ընդունած մեր նախագահը՝ մե՞զ, թե՞ օտարներին...Հայոց բանակն ուղղակի չի կարող միաբան ու վճռական չգործել, քանի որ ներկայումս հրատապ ու կենսական խնդիր է դրված մեր առջև՝ թուրք ազերիներին հետ շպրտել մեր սահմաններից և միասնաբար կանխել նրանց բոլոր ստոր ոտնձգությունները: Իհարկե, այդ գործն ավելի արդյունավետ ու հեշտ կարվեր, եթե բանակը ղեկավարվեր մեկ ընդհանուր շտաբից, ինչը բնական ու հասկանալի կլիներ, եթե ունենայինք մեկ միասնական պետություն՝ իր բոլոր անհրաժեշտ կառույցներով ու ատրիբուտներով: Իսկ դրա համար անհրաժեշտ է ու պարտադիր, որ միասնական ու միաժամանակյա հանրաքվեով հռչակվի մեկ միասնական հայկական պետության ծնունդը: Այս մասին տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, բայց իմ խոսքը միշտ հնչել է և հիմա նույնպես շարունակում է հնչել որպես «ձայն բառբառոյ անապատի»... Հենց վաղը մեր խելառ ու ցնդած երեսփոխանները պատրաստվում են ձեռնամուխ լինել Արցախի անկախության «ճանաչման» հարցի քննարկմանը, որ իբր թե դրանով վախեցնեն թուրքերին, ռուսներին և էլի չգիտեմ, թե ում:
Ձեր այդ անխոհեմ քայլը միայն և միայն մեզ համար կարող է ահավոր ու անդառնալի հետևանքների հանգեցնել, ո՜վ, հիպնոսացված և անհեռատես երեսփոխաննե՛ր...

вторник, 3 мая 2016 г.

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԶԱՎԵՇՏԻ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ ՀԱԿՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ

Մեր տարածաշրջանում հայտնվելուց ի վեր զավթիչ թուրքերի ամենավտանգավոր զենքն այն է եղել, որ տարբեր ազգերի ու ցեղախմբերի պատկանող և իրենց հպատակը դարձած բնիկներին մշտապես լարել են իրար դեմ: Դեռ ավելին՝ պետք է խոստովանել, որ հաճախ նրանց հաջողվել է բնիկներից շատերին զանազան ստոր մեթոդներով իսպառ կտրել իրենց ազգային արմատներից և անվերադարձ թրքացնել:
Դատելով դիմագծերից՝ համարձակվում եմ ենթադրել, որ հերոս եզդի զինվոր Քյարամ Սլոյանի արդեն անշնչացած մարմինը գլխատած ոճրագործն իր արմատներն իսպառ մոռացած և իրեն թուրք-ազերի համարող հայ է: Կրկնում եմ՝ սա սոսկ դիմագծերից ստացված ինտուիտիվ տպավորություն է, այլ ոչ թե ինչ-որ փաստերի հիման վրա արված պնդում: Չեմ բացառում նաև, որ այդ սուբյեկտի ծագումնաբանության մեջ խորանալու դեպքում հանկարծ պարզվի, որ իմ այդ առաջին տպավորությունը պատահական ու անհիմն չէ: Բայց այս դրվագում առավել ողբերգականն ու միաժամանակ զավեշտալին այն է, որ այդ ոճրագործին պարգևատրողն ազգությամբ քուրդ է՝ Հայաստանում ծնված քուրդ Հեյդար Ալիևի հարազատ որդի Իլհամ Ալիևը, որն այսօր պետական մակարդակով, Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված, պատերազմում է իր ազգակիցների՝ քրդերի, ինչպես նաև եզդիների ու հայերի դեմ...
Ժամանակն է, որ «Ադրբեջան» հորջորջված արհեստածին պետության տարածքում ներկայումս ապրողները՝ բնիկներն ու իրենց թուրք-ազերի համարողները, մի լավ թափ տան իրենք իրենց, փորձեն փորփրել ու պարզել իրենց իրական ազգային արմատները և ձերբազատվեն թուրք զավթիչների արատավոր անունը կրելուց, քանի որ վերջիններիս գերիշխանությունը, պատմական հանգամանքների բերումով, անհրաժեշտաբար և անշեղորեն մոտենում է իր անփառունակ ավարտին:

воскресенье, 1 мая 2016 г.

Լևոն Մոսինյան - ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԾՐԱԳԻՐ

Սննդին և սննդակարգին վերաբերող վերջին շաբաթների իմ զրույցներով ես փորձեցի ձեզ օգնել, որ, անընդհատ թունավորված լինելով օդից՝ մեքենաների գազային արտանետումներից, ինչպես և սննդի մեջ անընդհատ խառնվող թունավոր հավելումներից, գոնե կարողանանք մեր ունեցած հնարավորությունների չափով պաշտպանվել և ավելի քիչ ազդեցության ենթարկվել դրանցից: Այդ կարգի խնդիրներին մենք տեղեկանում ենք հեռուստաալիքներով, ամեն տեղ տեսնում բժիշկների, փաստաբանների  և մանկավարժների հետ ունեցած մեր շփումներում, անգամ մեքենա վերանորոգողների հետ հաղորդակցվելիս, և եթե չենք կարողանում հիմնավորապես զերծ մնալ դրանցից, գոնե կարողանանք այն չափով, որքանով դա յուրաքանչյուրիցս է կախված, այդ հարցերը մեզ համար լուծել կատարելապես: Դրա համար ես փորձեցի խորհուրդներ տալ, թե ինչպես սնվել, որ մարսողությունը ճիշտ կատարվի, ո՛ր ուտելիքը որի՛ հետ համակցել, երբ և ինչպես ջուր խմել և այլն: Նաև հերթականությամբ թվարկեցի, թե ինչ կարևոր օրենքներ կան սննդաբանության մեջ, որոնց հետևելով մենք կարող ենք շատ թե քիչ պաշտպանել մեր իմունային համակարգը, որից և կախված է մեր առողջությունը:

Այսօր ես կուզենայի խոսել ավելի ընդհանուր և բոլորիս համար ավելի կարևոր  մի նյութի՝ առաքելության մասին: Քանզի երբ մենք չգիտենք, թե մեր առաքելությունը որն է, ինչի համար ենք ծնվել և ինչ պետք է անենք մեր կյանքում՝ ո՛րն է մեր կյանքի գխավոր նպատակը, ինչով պետք է զբաղվենք և ինչպես պետք է անցնի մեր կյանքը, որի մասին մեզ ոչինչ չի ասվել ո՛չ դպրոցում, ո՛չ էլ որևէ այլ տեղ, բնականաբար մենք խավարի մեջ պարզապես իրար ձեռքից ինչ-ինչ բաներ խլելով, իրար վիրավորելով (նույնիսկ սպանելով) ենք գոյատևում: Այլ կերպ ասած, ոչ թե ապրում ենք, այլ ուղղակի ինչ-որ գոյություն ենք պահպանում. քայլում ենք, շնչում, ուտում, բայց ակնհայտ է, որ իրական կյանքը դա չէ: Մենք չգիտենք, թե որն է մեր իսկական առաքելությունը, և հաճախ այն խառնում ենք մեր նպատակների հետ: Նպատակ ենք դնում ըստ մեր ունեցած մակարդակի և համարում, որ հենց դա է մեր առաքելությունը: Դրանից ավելի ցածր մակարդակում էլ մարդիկ ինչ-որ ծրագիր են կազմում ըստ իրենց ունեցած մակարդակի կամ կարծիքի և կրկին համարում, որ այդ ծրագրի իրագործումն էլ հենց իրենց կյանքի նպատակը կամ առաքելությունն է: Է՛լ ավելի ցածր մակարդակում առաքելության դերում երազանքն է դրվում. երազում են հասնել ինչ-որ բանի, և այդ երազանքը չեն կարողանում տարբերել ծրագրից, նպատակից և առաքելությունից: Նույնիսկ կան նաև դրանից ավելի ցածր մակարդակներ, երբ ցանկություններն ու կրքերը մարդիկ չեն կարողանում տարբերել երազանքից, ծրագրից, նպատակից և առաքելությունից:

Վստահ եմ, որ ինձ լսողները կիրթ մարդիկ են և հասկանում են, թե ինչ բան է ցանկություն, ինչ բան է երազանք, ծրագիր նպատակ և առաքելություն: Եվ որ վերջինից ավելի ցածր մակարդակները՝ մարդկանց կրքերը, ցանկասիրությունները կամ հաճույքները հաճախ համարվում են որպես ցանկություն, երազանք, ծրագիր, նպատակ և առաքելություն:

Բարեկամնե՛ր, ինձ համար շատ կարևոր է, որ իմ զրույցները ոչ թե լինեն միայն հաճելի տպավորություն կամ ազդեցություն թողնող ինչ-որ ելույթներ, այլ՝ որ մենք միասին մտածենք այն մասին, որ իրապես որքան շատ մարդիկ կան, որոնք պատժվում են կուրորեն ապրելով կամ իրենց կյանքը նմանացնելով ուրիշ մարդկանց կյանքին, որոնք իրենց համար հեղինակություն են: Մարդը չի կարող ուրիշի նման ապրել կամ ընդօրինակել ուրիշ մեկի կյանքը, որովհետև նրանց անցյալները տարբեր են. նրանք ունեն տարբեր մակարդակներ և դրանց համապատասխանող տարբեր նպատակներ ու առաքելություններ: Ուստի պարզապես հնարավոր չէ ընդօրինակել ուրիշ մեկի կյանքը. ամեն մարդ իր ազատ կամքով պետք է անցնի իր ուրույն ճանապարհը, իր նեղ դռները, իր ջանքերով հասնի երկնքի արքայությանը: Սրանք շատ կարևոր հարցեր են, ու թեև բազմասերիալանոց ֆիլմեր դիտելուց հետո դժվար է ջանք թափել ու հասկանալ, թե հիմա ես ինչի մասին եմ խոսում, բայց առանց առաքելության, առանց բարձր ու վեհ նպատակների՝ մարդը դառնում է մի հիվանդ, որը, վերածվելով անտենայի, մագնիսի կամ բացիլակիրի, տարածում է իր հիվանդությունը բոլոր նրանց մեջ, որոնց համար ինքը հեղինակություն է:

Ցանկասիրությունից ու կրքից ավելի ցածր կանգնած է մոլագարությունը, երբ այլևս մարդուն չես կարող հետ պահել իր մոլությունից՝ լինի նա թմրադեղ ընդունող, մոլի ծխող կամ հարբեցող: Լինում է նաև գիտելիքի, տեղեկության, պաշտոնի, դրամապաշտության մոլագարություն, երբ այլևս ոչ մի բարեկամ, հարազատ կամ որևէ սրբություն չի ճանաչվում: Ուստի այսօր ես փորձում եմ մեկնաբանել, թե ինչ բան է առաքելությունը. այն Աստծո Օրենքը հաստատելն է, Աստծուն մեր մեջ ճանաչելը: Ոչ թե Աստծուն այստեղ-այնտեղ փնտրելը, այլ, ինչպես Հիսուսն է ասել՝ երկնային արքայությունը մեր մեջ փնտրենք: Եվ Երկնային Հորը պաշտենք մեր սրտի և հոգու մեջ ոչ թե արտաքին պաշտամունքի ձևերով՝ ծեսերով, ավանդույթներով ու սովորություններով, այլ ներքին ճանապարհը անցնելով: Ինքնաճանաչումն ու ինքնակատարելագործումը պետք է լինեն մեր առաքելության ճանապարհը, մեր առաքելությունը ճանաչելու միջոցը:

Մայր Թերեզան նույնպես անցավ իր ներքին ճանապարհը՝ Ծառայության ճանապարհը: «Ես Աստծուց չստացա այն, ինչ ուզում էի, բայց Աստուց ստացա այն, ինչ պետք էր»,- մի առիթով ասել է Մայր Թերեզան: Ուզենալը մի բան է, բայց Աստծուց ստանալ այն, ինչ պետք է սեփական առաքելությունն իրականացնելու համար՝ դա արդեն ուրիշ, ավելի կարևոր խնդիր է: Այլ կերպ ասած, առաքելությունն այն է, ինչ պետք է, այլ ոչ թե այն, ինչ մենք ենք ուզում, երազում, ծրագրում կամ, ըստ մեր ունեցած մակարդակի, նպատակ դնում:

Եկեք փորձենք հասկանալ, թե ո՞րն է պատճառը, որ հիվանդանոցները շատանում են, բայց հիվանդներն էլ են շատանում, ամենաքիչը՝ երկու-երեք անգամ: Դեղերի տեսականին հարստանում է, բայց այդ դեղերն ընդունողները, որոնք չունեն որևէ առաքելություն, չունեն լույս իրենց ներսում, չունեն հավատ առ Աստված, վերածվում են «կենդանի դիակների». ի՞նչն է պատճառը, որ այդ դեղերը չեն բուժում նրանց: Ի՞նչն է պատճառը, որ բուժական ամբողջ տեխնիկան զարգանում ու կատարելագործվում է, բայց վիրահատված հաշմանդամների թիվը շատանում է: Հանգստյան գոտիները, տները, հյուրանոցները շատանում են, բայց գրգռված, անհանգիստ, հիվանդ, իրենց հանգիստը բացարձակապես երբեք արդեն չգտնող մարդիկ, որոնք հոգնատանջ իրենց աչքերն են ճպճպացնում, ձեռքերը դողացնում ինչպես ընտանիքներում, այնպես էլ աշխատավայրերում, ավելի ու ավելի մեծ թիվ են կազմում, չնայած այն բանին, որ այդքան շատ հանգստյան տներ կան, հանգստի գոտիներ կան և այլն: Բանն ի՞նչ է, որ ամուսնացողները շատանում են, բայց բաժանվողները երկու անգամ ավելի են շատանում: Բանն ի՞նչ է, որ ամեն քայլափոխի, ամեն խաչմերուկում եկեղեցի կա, բայց մարդիկ չեն փրկվում: Ահա այս հարցերին է, որ պետք է պատասխան տրվի: Ամեն մարդ այդ հարցերի պատասխանները իր ներսում՝ իր սրտի ու հոգու մեջ պետք  է փնտրի և վերափոխի ինքն իրեն: Հեղափոխությունը պետք է կատարվի ոչ թե դրսում՝ արյունահեղությամբ, այլ ներսում: Քանզի երբ մեր գիտակցությունը փոխվում է, փոխվում է նաև մեր կյանքը: Երբ մեր կյանքը փոխվում է, մեզ հետ շփվողներն էլ են փոխվում: Համբերություն է պետք ունենալ, չպետք է շտապենք: Կարևոր է, որ ամեն մարդ իր ներսը փոխի՝ իր հայացքները, մտքերը փոխի, իր գիտակցությունն ընդարձակի և իր կյանքն ապրի առողջ ապրելակերպով՝ առողջ մտքերով, զգացմունքներով, նաև առողջ սննդով, որի մասին բազմիցս խոսել եմ: Այդպիսով կամաց-կամաց պետք է ինքնակատարելագործվել: Ասված է՝ ժայռը կաթիլներով է ծակվում:

Դպրոցների և բուհերի ծրագրերն ամեն տարի փոփոխության են ենթարկվում, բայց անկրթությունը, տգիտությունը, խավարն ավելի է շատանում: Դա երևում է մարդկանց փոխադարձ հարաբերություններից՝ աշխատատեղերում, առևտրի կենտրոններում, ընտանիքների ներսում և այլուր: Բանն ի՞նչ է: Տեխնիկան զարգանում է, ամեն ինչ արագանում է, և մարդը փորձում է հարմարվել այդ արագությանը: Մեքենաները, հրթիռները, օդանավերն ավելի արագընթաց են դառնում, բայց մարդիկ ոչ թե փորձում են իրենց ներսը խաղաղ պահել, այլ մրցման մեջ են մտնում այդ արագությունների հետ. շատ արագ ամուսնանում են, արագ-արագ դաստիարակում են երեխաներ, արագ-արագ ավելորդ ծախսեր (ծնունդներ, հարսանիքներ) են անում, ուստի արագ-արագ էլ հիվանդանում են ու արագ-արագ էլ մահանում: Բայց մի՞թե մեր առաքելությունն այն է, որ ամեն ինչ արագ անենք, բայց ժամանակ չունենանք օրվա մեջ գոնե երեք րոպե հանգիստ նստելու և ասելու՝ թող աշխարհին խաղաղություն լինի, թող լավ լինի բոլորի համար: Ես բոլորին երջանկություն եմ ցանկանում: Մի քանի րոպե խաղաղվելու ժամանակ չունենք, որովհետև ամեն ինչ պետք է արագ անենք, իսկ երջանկությունը խաղաղության մեջ է միայն հնարավոր:

Հնարավոր չէ արագ-արագ աղոթք անել՝ զուտ այն պատճառով, որ կյանքի ռիթմն արագացել է: Աստծուն ոչ թե մեր արագությունն է պետք, այլ մեր անկեղծությունը, սերը, խաղաղությունը, ներդաշնակությունը, հավատարմությունը, համագործակցությունը (այլ ոչ՝ մրցակցությունը) և այլն: Գոնե մի պահ կանգ չենք առնում, որ հարց տանք ինքներս մեզ՝ այս ի՞նչ աշխարհում ենք ապրում, և ո՞րն է այդ աշխարհում մեր առաքելությունը: Արդյո՞ք այն է, որ ինքներս մեզ ցույց տանք, թե ես ամենալավն եմ՝ ամենալավ վազողը, ամենալավ գրողը, ամենալավ բժիշկը կամ ամենալավ մանկավարժը: Ամենա, ամենա, ամենա... վազում ենք և չենք հասկանում, որ ոչ մեկս էլ ճիշտ ճանապարհի վրա չենք, որովհետև չունենք մեր առաքելության գիտակցությունը, այլ միայն ունենք արագ վազք: Ընդհանուր վազք: Եվ եթե մեկը կանգ առնի, բոլորն անպայման տրորելով, ուղղակի ոչնչացնելով կանցնեն նրա վրայով: Բայց եթե մեկը հավատքի, սիրո մեջ լինի, ապա ինչքան էլ ֆիզիկապես ու մարմնապես տուժի, միևնույնն է, նա իրեն խաղաղ կզգա: Երջանկությունը խաղաղության, ներդաշնակության մեջ է: Մրցման և վազքի մեջ չկա երջանկություն: Բոլորդ էլ, վստահ եմ, գիտեք դա: Բայց իմ դերը, որ այսօր խոսում եմ այս մասին, այն է, որ պարզապես ոչ թե նոր բան ասեմ, ինչի մասին դուք չգիտեք, իսկ ես գիտեմ, այլ այն է, որ մենք մտքեր փոխանակենք, և ես հիշեցնեմ ձեզ գրվածը, որ «արթու՛ն կեցեք, քանզի չգիտեք, թե փեսան երբ կգա...»: Ուստի մենք անընդհատ պետք է մեր վարքով, մեր խոսքով, երեխայի հետ ճիշտ խոսելով՝ ամենուրեք, ինչպես նկարչության դասատուն է գնում ամեն մի երեխայի մոտ, որ մի տեղ մի գիծ ուղղի, մի ուրիշ տեղ՝ ծավալ կամ գույն, և դրանով իսկ երեխաները կամաց-կամաց հունի մեջ մտնեն, այդպես էլ մենք պետք է մեր կյանքի ամեն անկյունում փորձենք մի գիծ փոխել, և դա անենք ոչ թե մրցելով կամ համեմատվելով, այլ՝ սիրով):

Եվ այսպես, այսօրվա մեր զրույցն ընդհանրական բնույթի էր, բայց ես փորձեցի ձեր ուշադրությունը կենտրոնացնել առաքելության, ցանկությունների, ծրագրերի և նպատակների վրա, որ մենք դրանց տարբերությունները տեսնենք, իրար չխառնենք և կյանքում իրար ոտնատակ չտանք: Փորձենք ամեն վատի մեջ լավը տեսնել: Ի վերջո չի կարելի վարդը ոչնչացնել սոսկ այն պատճառով, որ փուշ ունի: Փորձե՛նք լավը տեսնել:

Ես ձեզ խաղաղություն եմ ցանկանում: Խաղաղության համաշխարհային կենտրոնից հայտարարված է, որ մենք պետք է 33 օր աղոթք անենք աշխարհի խաղաղության համար, քանի որ մոլորակն ահավոր անհանգիստ վիճակում է:

Բոլորիդ կրկին խաղաղություն եմ մաղթում, և ցանկանում եմ, որ օրվա մեջ մեկ-երկու րոպե ժամանակ գտնեք, որ աղոթեք համայն մոլորակի,  այլ ոչ թե միայն ձեր մատի կամ ձեր բարեկամի լավանալու համար, որովհետև դա ուղղակի հնարավոր չէ, եթե ամբողջ մոլորակը պետք է փրկել:


Խաղաղություն ձեզ, և մինչ նոր հանդիպում եթերում...