вторник, 11 октября 2016 г.

ՍՊԻՏԱՄԱ ԶՐԱԴԱՇՏ - Պատիվ ու գովք ուղղահավատներին...

Սպիտամա Զրադաշտ
6 հունիսի, 2010 թ.
Պատիվ ու գովք ուղղահավատներին... 

ԵՍ ԵՄ Զրադաշտը...
Ես այսօր եկել եմ, որպեսզի ձեր սրտերում բորբոքեմ Հուրը...
Ա՜խ, մարդկանց հիշողությունը որքա՜ն կարճ է: Թերևս ձեզնից շատ քչերն են հիմա հիշում, որ ես շատ անգամ եմ մարմին առել Երկրի վրա, որպեսզի Երկրի մարդկությանը մատուցեմ իր աստվածային բնույթի մասին Ուսմունքը: Եվ Հուրն է, որ ամենից ավելի լավ է նշանավորում մարդու աստվածային բնույթը:
Դուք մոռացել եք ձեր աստվածային ծագման մասին: Ուստի մեզ՝ Մեծ Սպիտակ Եղբայրության Վեհապետներիս, վիճակվում է կրկին ու կրկին ձեզ այցի գալ տարբեր դեսպանորդների միջոցով, որպեսզի ձեզ հիշեցնենք ձեր Աստվածայնության մասին:
Ես եղա իմ Ուսուցչի՝ Արամազդի մարգարեն: Հավանաբար հիմա ձեզ ավելի քաջածանոթ է իմ Ուսուցչի մի այլ անունը՝ Սանատ Կումարա...
Այո, այո՛, Սանատ Կումարա... Այդ Մեծ Ոգին շատ բան է արել Երկրի մարդկության համար և հիմա ևս շարունակում է Իր Գործը:
Եվ ձեզնից շատերը, շա՜տ շատերը կարող են հիշել իրենց վաղեմի կապը Սանատ Կումարայի հետ: Այդ հուշը ներքին մակարդակներով առկա է ձեր ներսում և հազիվհազ է դրսևորվում ձեր արտաքին գիտակցությամբ:
Ո՜վ, Սանատ Կումարայի ուղղահավատնե՛ր...
Ո՜վ, Սանատ Կումարայի մաքրակյացնե՛ր...
Ձեզնից շատերը հիմա կարդում են իմ այս Ուղերձը: Ձեզնից շատերն այժմ մարմնավորվել են մոլորակի վրա, որպեսզի համակշռություն պահպանեն, որպեսզի իրենց մարմիններով անցկացնեն Հուրը՝ արարչական Հուրը, որի նշանը ֆիզիկական ոլորտում կրակի բոցն է: Այն ձեզ հիշեցնում է ձեր էության մասին. քանզի նուրբ ոլորտից դուք երևում եք հենց կրակի բոցերի պես: Եվ ես բերկրանք եմ զգում, երբ մոլորակին տիրած խավարում այսուայնտեղ հանկարծ բռնկվում է Սպասավորության ջահը: Եվ ձեր շուրջը լուսավորվում է Պայծառեցման այն Լույսով, որով լեցուն է ձեր էությունը:
Ես մտաբերում եմ այն հեռավոր ժամանակները, երբ մարդկանց նվաճումները չէին գնահատվում ո՛չ քսակի հաստությամբ, ո՛չ էլ զբաղեցրած պաշտոնով: Հիշում եմ այն ժամանակները, երբ մարդիկ աշխարհում ամենից առավել բարձր էին դասում արարչական Հրո ի հայտ գալը մարդու ներսից: Եվ այդ Հուրն անզեն աչքով տեսանելի էր լինում: Հնարավոր չէր լինում ո՛չ թաքցնել սեփական նվաճումները, ո՛չ էլ մարդկանց մոլորեցնել կեղծ ձեռքբերումներով, որովհետև ամեն ինչ ակներև էր դառնում: Աստվածային Հուրը միայն աչքերից չէր շողարձակում, այլ բառացիորեն պարուրում էր բոլոր մարմինները՝ ներառյալ նաև ֆիզիկականը:
Դրանք երանավետ, ոչնչի հետ չհամեմատվող ժամանակներ էին: Իսկ Սանատ Կումարան հնարավորություն ուներ տարին մեկ անգամ՝ Հրո տոնի ժամանակ, ներկա գտնվելու մեր մեջ: Եվ բոլորը հնարավորություն էին ստանում տեսնելու Իր պատկերն այն Հրո միջով, որով Ինքն իջնում էր:
Որքան բարձր էին լինում մարդու հոգևոր նվաճումները, այնքան նա ավելի շատ էր կարողանում մոտ գալ Արամազդին և խոնարհվել Նրա առաջ: Իսկ նրանք, որոնց աստվածային բանականությունը մթագնված էր լինում, նույնպես փորձում էին մոտենալ՝ հավակնելով ցուցադրել Աստծո հետ իրենց միասնությունը: Սակայն անմիջապես այրվում էին Արամազդի արարչական Հրում կամ շուտափույթ հեռու էին փախչում խանձված կատուների պես:
Ձեր օրոք այդպես չէ: Դուք պատվում եք ոչ թե բարեմասնությունը, այլ արատը: Եվ չունեք չափանիշ, որով կարողանայիք զանազանել մեկը մյուսից: Ամեն ինչը ձեզ նույնաբար գորշ ու անբարետես է երևում: Սակայն ես պնդում եմ, որ ձեր մեջ կա՛ն ուղղահավատներ: Եվ ես դեպի նրանց սրտերն եմ առաքում իմ Հուրը. այդ ճառագայթն այժմ կարող է Կրակ բորբոքել նրանց սրտերի զոհարանի վրա: Եվ մարմրող ճրագների միջավայրում նորից կբորբոքվի արարչական Հուրը:
Ձեր խնդիրն է՝ ետ բերել այն օրհնյալ ժամանակները, երբ աստվածային Էակները կարողանում էին այցի գալ ձեզ: Թեկուզ կարճատև, թեկուզ տարին մեկ անգամ՝ բայց եթե դա հաջողվի, ապա դուք ի վիճակի կլինեք ամբողջ տարվա ընթացքում բարձր պահել ձեր գիտակցությունը և թույլ չտալ այն պարսավելի անապատացումը, որն այժմ տիրում է ձեր աշխարհում:
Ձեր գիտակցության բոլոր մգլապատ անկյունները, նրա վրա նստած ողջ վաղեմի փոշին անհրաժեշտ է այրել արարչական Հրով:
Թո՛ղ որ հրե սալամանդրներն այժմ զբաղվեն Երկիր մոլորակի տարածքի մաքրման գործով:
Թո՛ղ որ Երկիրը ստանա իր մկրտությունը Հրով և մաքրազերծվի խավարից ու քայքայումից:
Ես եկել եմ ձեր սրտերում կրկին բորբոքելու Հրո պաշտամունքը: Եկել եմ ձեր սրտերում հաստատելու հավատն ու նվիրվածությունը Արամազդի՝ Սանատ Կումարայի նկատմամբ:
Նոր դավանանքներ ի հայտ եկան այն կրոնի փոխարեն, որը ես հիմնադրեցի և եղա դրա մարգարեն: Իրենց հիմքում այդ նոր դավանանքները ոչնչով չէին հակասում զրադաշտականությանը: Սակայն Հրո դրսևորումը նվազեց: Եվ մարդիկ կորցրին գիտակցության այն բարձր մակարդակը, որի շնորհիվ կարողանում էին արարչական Հուր իջեցնել Երկիր մոլորակի համար: Եվ ամեն ինչը ենթակա դարձավ ավելի ու ավելի շատ անապատացման: Մարդիկ դադարեցին տարբերել Լույսը խավարից:
Ձեր խնդիրն է՝ վերականգնել Հրո անցումը ձեր աշխարհով: Դուք դա կարող եք անել ձեր չակրաների միջոցով:
Նվիրյալ ու ճշմարիտ Այրե՛ր Սանատ Կումարայի. 144 000 Քրիստոս-Էակնե՛ր, որ մշտապես մարմնավորվում և կրում եք ձեր Սպասավորության ջահը. ձեր ժամը հասե՜լ է: Արթնացե՜ք...
Ձեր հերոսական ջանքերի շնորհիվ է հենց, որ այս ողջ ժամանակի ընթացքում մոլորակը հարատևում է: Բայց այժմ հասել է այն պահը, երբ դուք պետք է սրընթաց առաջ անցնեք:
Պատիվ ու գո՜վք ուղղահավատ առաջամարտիկներին...
Ձեզ վիճակված է անխոնջ կերպով աստվածային սկզբունքներ հաստատել մոլորակի վրա: Գործունեության ամեն մի բնագավառում: Ամեն ինչում...
Եվ ձեր էության խորքից վեր հառնող արաչական Հրից խանձված կատուների պես հեռու կփախչեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն մնալ հին գիտակցությանբ և պահպանել իրենց եսակենտրոնությունն ու վատագույն վարվելակերպերը:
Մաքրակյացնե՛ր Սանատ Կումարայի, Ոգու մարտիկնե՛ր, առա՜ջ...
Հիմա ձե՛ր հերթն է...


ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ հանուն Երկրի մարդկության Սպասավորության Բոցում

Տատյանա Միկուշինա, 2010թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

вторник, 21 июня 2016 г.

ՏԵՐ ՇԻՎԱՅԻ (ՇԻՎԻՆԻ-ՍԻՒՆԻ) ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ

Ուսմունք Լույսի կիզակետի մասին

Տեր Շիվա
20 հունիսի, 2016 թ.

ԵՍ ԵՄ Շիվան...
Ես եկել եմ ամառային արևադարձի այս օրով...
Ես պատրաստ եմ հանուն ձեզ հաղթահարելու բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, որպեսզի դուք կարողանաք վայելել մեր հաղորդակցության բերկրանքը:
Այժմ ես կամենում եմ, որ դուք կենտրոնացնեք ձեր բոլոր ուժերը և ձեր հոգու ունակությունները:
Հեռացե՛ք առօրեական ունայն մտքերից:
Մարե՛ք քմայքների կրակը:
Հեռու՛ վանեք հակասական զգացմունքները:
Վայելե՛ք ներքին անդորրը, հավերժությունը՝ հավերժության շնչառությունը:
Ներշնչում...
Արտաշնչում...
Միացե՛ք համայն Տիեզերքի շնչառությանը:
Ա՛յ, հիմա կարող եմ ձեզ հետ կիսվել Վեհապետների Ուսմունքով:
Այսօրվա մեր զրույցի առարկան կլինի մի բան, որը շոշափել հնարավոր չէ, և ձեզնից շատերն էլ նույնիսկ ունակ չեն այն զգալու:
Ստիպված կլինեք ուղղակի հավատալու իմ խոսքին: Իսկ եթե հավատալ չեք ուզում, ապա  իմաստ չունի, որ կարդաք կամ լսեք իմ Ուղերձը:
Այսպիսով, պետք է ասեմ, որ մեր Ուղերձներում, հատկապես՝ մեր Դեսպանորդի գործունեության սկզբնական շրջանում, մենք հիշատակել ենք այնպիսի մի հասկացություն, ինչպիսին Լույսի կիզակետն է:
Դուք երևի հիշում եք, որ 2005 թվականին Լույսի կիզակետն Ամերիկայից տեղափոխվեց Ռուսաստան:
Իսկ ի՞նչ բան է Լույսի կիզակետը:
Ես այսօր ձեզ Ուսմունք կտամ հենց այդ թեմայի վերաբերյալ:
Լույսի կիզակետը՝ Աստվածային էներգիա փոխանցելու հնարավորությունն է: Այն տարածության ու ժամանակի իրական մի կետ է, որով վիթխարի քանակությամբ Աստվածային էներգիա է փոխանցվում ֆիզիկական աշխարհին: Աստվածային էներգիայի այդ քանակությունը միանգամայն բավարար է, որպեսզի աշխարհի ցանկացած երկրում իրականացվեն ցանկացած փոփոխություններ:
Սակայն, որպեսզի այդ փոփոխություններն իրականացվեն, պետք է բավարարվեն որոշակի պայմաններ:
Նախ ասենք, որ Լույսի կիզակետն անշարժ ամրացված չէ ֆիզիկական աշխարհում ինչ-որ տեղ: Այն ո՛չ քար է, ո՛չ էլ շինություն:
Լույսի կիզակետն ամրակցված է մեր Դեսպանորդի նուրբ մարմիններին: Դա ֆիզիկական աշխարհին Լույս փոխանցելու նրա ունակությունն է, որը նա ձեռք է բերել ինչպես նախկին մարմնավորումների, այնպես էլ ներկա կյանքի ընթացքում:
Նրա Լույս փոխանցելու ունակությունը դեռ չի նշանակում, թե այդ Լույսը՝ Աստվածային էներգիան, կհասնի թանձրաշխարհին: Ո՛չ, որպեսզի Աստվածային էներգիան տեղ հասնի, անհրաժեշտ է, որ դրա համար առկա լինեն համայն տիեզերքի Բարձրագույն Խորհուրդների և Կարմայական Վարչության համապատասխան որոշումները:
Ներկայումս մեր Դեսպանորդի նուրբ մարմիններին ամրակցված Լույսի կիզակետը փոխանցում է իր նախատեսված հզորության սոսկ 10 տոկոսի չափով:
Ինչու՞ է այդպես...
Պատճառն այն է, որ ֆիզիկական ոլորտում մեր պլանների իրականացման համար պայմաններ չկան:
Մենք երկար ենք խոսել այն հնարավորության մասին, որը 2005 թվականին ընձեռնվեց Ռուսաստանին:
Սակայն անհրաժեշտ էր, որ ֆիզիկական ոլորտում այդ հնարավորության իրականացման համար համապատասխան պայմաններ ստեղծվեն:
Մենք բազմակիորեն խնդրեցինք հոգ տանել մեր Դեսպանորդի համար, ինչը պահանջում էր նվիրյալ սրտերի՝ այնպիսի սրտերի առկայություն, որոնք պատրաստ են ինքնազոհողության գնալ՝ հանուն Լույսի, հանուն Վեհապետների պլանների իրականացման:
Ինչպե՞ս է աշխատում Լույսի կիզակետը. նախ պետք է գտնվեն նկրտում ունեցող, նվիրյալ սրտեր, որոնք մեր Դեսպանորդի նկատմամբ տածած սիրո զգացման, երախտագիտության, հարգանքի ու ակնածանքի շնորհիվ ունակ են դառնում ստանալու այն Աստվածային էներգիայի մի մասը, որը նախատեսված է մեր Լույսի կիզակետի միջոցով տարածել ֆիզիկական աշխարհում:
Եվ մեր էներգիայի նկատմամբ ընկալունակ հոգիների քանակի աճին զուգընթաց՝ Մենք սկսում ենք մեծացնել էներգիայի աղբյուրի հզորությունը, ինչի արդյունքում Լույսի կիզակետով բավարար քանակի էներգիա է ներմղվում  ֆիզիկական աշխարհ:
Այդ ընթացքում մեզ նվիրված սաներից յուրաքանչյուրն ավելի ու ավելի շատ Աստվածային էներգիա է ստանում՝ նման այն բանին, ինչպես ատոմակայանից դեպի դուրս տարածվող լարերով հոսանքը հասնում է բազմաթիվ օբյեկտների, աշխատեցնում մեխանիզմներն ու մեքենաները, լուսավորում տներն ու փողոցները:
Ճիշտ նույն կերպ՝ գործին պատրաստ սրտերի միջոցով Աստվածային էներգիայով հագեցվում է տարածությունը: Ֆիզիկական ոլորտի թրթռանքները փոխվում են, ինչի արդյունքում այն արատավոր բաները, որոնք այժմ տեղի են ունենում Երկրում, կանխարգելվում են տարածությունը հագեցրած Աստվածային Լույսով: Ճիշտ այնպես, ինչպես հանցագործների համար համեմատաբար դժվար է լինում օրը ցերեկով մութ գործեր կատարելը:
Այնուհանդերձ տեղի չունեցավ այն, ինչ Մենք ակնկալում էինք:
Մեր Ուսմունքը մարդկանց պահանջարկին չհամապատասխանեց:
Թեև Մեր Ուսմունքը շատերն էին կարդում, սակայն չգտնվեցին նրանք, որոնց սրտերում լիարժեքորեն բռնկվեր Սպասավորության բոցը:
Կրկնեմ մեկ անգամ ևս՝ Սպասավորության բոցը բռնկվում է միայն այն սրտերում, որտեղ առկա են Վեհապետների և մեր Դեսպանորդի նկատմամբ նվիրվածություն, սեր, երախտագիտություն, հարգանք ու ակնածանք:
Անցած տասը տարիների ընթացքում Մենք չկարողացանք բավարար քանակությամբ այդպիսի նվիրյալ սրտեր գտնել:
Ուստիև Լույսի կիզակետը չէր կարող գործել ամբողջ հզորությամբ, և մարդիկ բավարար քանակի էներգիա չստացան, որպեսզի բարեփոխեն ֆիզիկական ոլորտը:
Իսկ այն բանից հետո, երբ 2012 թ-ին հաշվեհարդարի փորձ եղավ մեր Դեսպանորդի նկատմամբ, Ես նրան հրամայեցի անհապաղ լքել Ռուսաստանի տարածքը:
Եվ այսպես, Աստվածային հնարավորությունը ներկայումս չի գործում Ռուսաստանի տարածքում:
Լույսի կիզակետը դուրս է հանված Ռուսաստանից:
Այս կամ այն երկրի զարթոնքը կամ որևէ երկրում տեղի ունեցած տնտեսական հրաշքը մարդկային ինտելեկտը հակված է կապելու գիտության ու տեխնիկայի նվաճումների, կառավարման կամ էլ առաջավոր տեխնոլոգիաների ներդրման հետ:
Սակայն այդ ամենը սոսկ հետևանքն են այն բանի, որ այս կամ այն երկրի ժողովուրդը թույլ է տալիս, որ իր տարածքում Վեհապետների դեսպանորդ ներկա գտնվի:
Մեր ոչ բոլոր դեսպանորդներն են ազդարարվում: Նրանցից շատերը գործում են կատարելապես անհայտ, բայց և կարողանում են Աստվածային էներգիա ներարկել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է անել՝ ըստ Վեհապետների պլանների:
Իսկ եթե որևէ երկրում մեր դեսպանորդը հետապնդվում է, հալածվում և հարգանքի չի արժանանում, ապա այդ երկիրը կանգնում է անդունդի եզրին...
Սակայն ցանկացած պահի կարելի է փոխել նման իրավիճակը:
Բարեփոխումների համար անհրաժեշտ Աստծո էներգիան անսահմանափակ է:
Սակայն ֆիզիկական ոլորտի բոլոր բարեփոխումները կարող են տեղի ունենալ միայն մարդկանց սրտերով:
Ձեր ձեռքերով և ոտքերով:
Դրա համար է ասվում, որ ապագան կախված է յուրաքանչյուրիցդ՝ տառացիորեն յուրաքանչյուրից, ով հիմա կարդում է այս տողերը:
Եվ քանի որ Ռուսաստանը առանցքային երկիր է համարվել, որից կախված է ամբողջ մոլորակի ապագան, ապա այդ երկրում բարեփոխումների բացակայությունը մոտակա ժամանակներում իր համապատասխան արձագանքը կգտնի ամբողջ մոլորակի համար:
Աստվածային հնարավորությունն այս անգամ չհաջողվեց իրացնել:
Կլինի՞ այլ հնարավորություն և ե՞րբ...
Իսկ դա ձեզնից յուրաքանչյուրից է կախված, պաշտելինե՛րս:

ԵՍ ԵՄ Շիվան...

Տատյանա Միկուշինա, 2016թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը 

пятница, 10 июня 2016 г.

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

«Նոր Հայաստանի» հրապարակած Հայտարարության վերնագիրը և հիմնական շեշտադրումը ճիշտ կլիներ, որ այսպիսին լիներ՝ «Տարածաշրջանային անվտանգության համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման պայմանագիր ստորագրելու նախապայմանը՝ Արցախը Հայաստանի Հանրապետության հետ միավորելն է՝ որպես մեկ միասնական պետություն»: Այս նույն նախապայմանը ՀՀ ԱԺ-ը պետք է առաջ քաշեր դեռևս ԵՏՄ մտնելուց առաջ, բայց դե, ո՞վ է ինձ լսողը...
Ասել եմ և էլի՛ կասեմ՝ առանց Արցախի ինչ-ինչ միջազգային կառույցների մեջ մտնելը կամ միջպետական պայմանագիր ու համաձայնագիր ստորագրելը՝ պետական մակարդակի տխմարություն է ու մեր կողմից կատարված հանցագործություն մեր իսկ ժողովրդի դեմ:
Ոմանք այնքա՜ն անուշադիր են ֆբ-ում և այլուր տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով արված իմ գրառումների ու ահազանգերի նկատմամբ, որ հազար անգամ ասելուց ու բացատրելուց հետո՛ էլ կարող են հարցնել՝ իսկ ինչպե՞ս Արցախը և ՀՀ-ն մեկ միասնական պետություն դարձնենք... Չալարեմ, կրկնեմ մի անգամ ևս՝ միասնական ու միաժամանակյա համաժողովրդական Հանրաքվեով, որը պետք է նշանակեն և անցկացնեն մեր երկու դանդալոշ նախագահները:
Կհարցնեք նաև՝ իսկ ո՞վ կամ ի՞նչը կստիպի, որ մեր դանդալոշ նախագահները վերջապես գնան այդ քայլին: Պատասխանում եմ՝ մենք բոլորս. ավելի կոնկրետ՝ մեր ժողովրդի երկու հատվածների համաժողովրդական հզոր Շարժումը, որն այդ նպատակին հասնելու համար կարող է և իրավունք ունի ծայրահեղ դեպքում նաև զենքի դիմել:
Հետո չեք ամաչի և վերջին անամոթ հա՛րցն էլ կտաք՝ իսկ ո՞վ պետք կազմակերպի այդ համաժողովրդական Շարժումը... Վա՜յ, տնաշեննե՛ր, 70 հատ կուսակցություն ունեք և այդ թվից կրկնակի ավել ՀԿ-ներ ու միավորումներ. էլ ինչի՞ համար են դրանք ստեղծված, եթե այս ամենակարևոր հարցում մատը մատին չպիտի խփեն: Էլ չասած, որ կա նաև լրագրողների մի հսկայական բանակ, որ ամեն մի դատարկ առիթով ժողովրդին բզբզելու և քնահարամ անելու հարցում խելքն իրենը չի:

Մի «քնած առյուծն» ի՞նչ է, որ համատեղ ուժերով՝ իրար հետ համագործակցելով, խելք-խելքի տալով, ձեռք-ձեռքի տալով, չկարողանանք արթնացնել... Եվ դա այն դեպքում, երբ, ինչպես վերջին ժամանակներում իրավացիորեն հաճախ ենք սիրում կրկնել, աշխարհասփյուռ հայությունը կամ մեր ազգն ի վերուստ օժտված է այնպիսի ներուժով, որ կարող աշխարհի բոլոր «քնած առյուծներին» մեկ առ մեկ արթնացնել՝ լինի դա գերմանու առյուծ, ինգլիզի առյուծ, ռսի առյուծ, թե՝ այլ: Հայոց Ցեղասպանության ճանաչման ներկա հաղթարշավը՝ սոսկ դրա մասնավոր վկայությունն է:
Ուրիշների առյուծներին կարողանում ենք արթնացնել, մե՛ր իսկ առյուծին՝ ո՞չ...

пятница, 20 мая 2016 г.

ԴԵՎԻ ՀՈԳԵՎԱՐՔԸ

«-Տղա՛, մին էլ զարկ...»
Հերոսը մեր հեքիաթի
Մեն մի զարկ է տալիս քաջ.
Դևն ինքը թող անջատի
Իր կեսերը ձախ ու աջ:
«Ադրբեջանն» ու «Թուրքիան»
Երկու կեսն են նույն դևի:
Հոգևարքն այս նավթաքամ
Էլ շատ երկար չի տևի.
Մի ամբարտակ կփլվի
Կամ հողմերը կցնցեն,
Եվ դևն անշունչ կփռվի
Անմիաբան ու անզեն:
Խաչիկ-Ապեր
20.05.2016 թ.

вторник, 10 мая 2016 г.

ՕՐԻՆԱԳԻԾ՝ ՀՀ ԱԺ-ում քննարկելու համար

Հիմնվելով պատմա-աշխարհագրական անհերքելի ճշմարտությունների՝ փաստերի, բազմաթիվ գրավոր վկայությունների, պահպանված հայկական պատմա-ճարտարապետական հնամենի բազում հուշարձանների առկայության վրա, ինչպես նաև հաշվի առնելով 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը մեր տարածաշրջանում տեղի ունեցած սահմանային վերաձևումները, որոնց մեծ մասն օտար ու գիշատիչ պետական կազմավորումների կողմից կրել են զավթողական, շովինիստական, հակամարդկային և, հետևաբար, անօրեն ու դատապարտելի բնույթ՝

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.

1. Չճանաչել Հայոց Արցախ աշխարհը որպես առանձին և ինքնուրույն պետություն, այլ այն ընդունել որպես միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության անբաժան մաս:

2. Հնարավորինս սեղմ ժամկետում՝ ներկայիս ՀՀ և ԼՂՀ բնակչության շրջանում միաժամանակ, համաժողովրդական Հանրաքվե անցկացնել և ստանալ ժողովրդի համաձայնությունը մեկ միասնական հայկական պետություն հռչակելու վերաբերյալ:

3. Չճանաչել 1918 թ-ին Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի հանցավոր համաձայնությամբ ապօրինաբար կազմավորված և հետագայում «Ադրբեջան» կոչված պետությունը՝ այն զուրկ համարելով պատմական ու էթնիկական հիմքերից:

4. Հնարավոր բոլոր միջոցներով նպաստել, որ «Ադրբեջան» կոչված տարածքի բնիկ ժողովուրդները՝ լեզգիները, թալիշները, ավարները, ծախուրները և այլք, ստեղծեն իրենց ինքնուրույն պետական կազմավորումները և տեր կանգնեն իրենց պատմական բնօրրաններին:

5. Թյուրիմացաբար «Ադրբեջան» կոչված տարածքի բնիկ ժողովուրդների ազգային-ազատագրական և պետականաշինական գործընթացների ավարտից անմիջապես հետո, նրանց կառավարությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ համաձայնության գալով, ճշգրտել միասնական նորաստեղծ հայկական պետության սահմանները և դրանք ամրագրել միջազգային մակարդակով:

четверг, 5 мая 2016 г.

ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՄՈԼՈՒՑՔ

Մեր ազգային սնապարծության ցայտուն արտահայտություններից մեկն էլ օտարների կողմից ճանաչված լինելու մոլուցքն է: Դա մեր լոպազ պետական պաշտոնյաներին իրավունք և միջոցներ է տալիս, որ իրար հերթ չտալով թռչեն արտասահման, մի քանի օրով ապրեն շքեղ հյուրանոցներում, հպարտ-հպարտ ճեմեն միջազգային հաստատությունների սրահներում և իբր ինչ-որ կարևոր հարցեր քննարկեն օտարազգի իրենց նման լոպազների ու անբանների հետ: Եվ քանի որ նման ցանկություններ ունեցողների թիվն անչափ մեծ է մեր հայրենակիցների շրջանում, ուստի մեկի փոխարեն երկու անկախ պետություն ենք ուզում ստեղծել, հռչակել և միջազգայնորեն ճանաչվել: Արդեն իսկ ունենք երկու նախագահ, երկու օրենսդիր մարմին, երկու կառավարություն և արտգործ նախարարություն, երկու բանակ և այլն: Ընդ որում, աչք ենք փակում կամ հաշտվում այն փաստի հետ, որ պետական պաշտոնյաների ճնշող մեծամասնությունն առիթը բաց չեն թողնում և արդեն բավականին հմտացել են պետական միջոցներ մսխելու կամ փոշիացնելու գործերում:
Ավելի լավ է չճանաչված լինել, բայց լինել միասնական և ուժեղ, քան մաս-մաս ճանաչված լինել, բայց մնալ ջլատված ու թույլ: Արցախի անկախությունը մեր կողմից ճանաչելը հակասում է այս տրամաբանությանը: Արդարացված չէ նաև դա որպես «միջանկյալ ու ժամանակավոր» քայլ ներկայացնելը. դրանով ու՞մ ենք ուզում խաբել՝ ինքներս մե՞զ, թե՞ օտարներին: Առավել քան ակնհայտ է, որ այդ քայլը վնասից բացի մեզ որևէ շոշափելի օգուտ չի տա. Արցախը կշարունակի բաց վերք մնալ հայ ազգի համար՝ կրկին երկար ժամանակ մնալով ներքին ու արտաքին շահարկումների առարկա: Նույնքան անհեթեթ է նաև անկախ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու Սերժ Սարգսյանի գաղափարն ու նախաձեռնությունը: Այս պարագայում նույնպես բնական հարց է ծագում. դրանով ու՞մ է ուզում խաբել լուրջ ու թթված տեսք ընդունած մեր նախագահը՝ մե՞զ, թե՞ օտարներին...Հայոց բանակն ուղղակի չի կարող միաբան ու վճռական չգործել, քանի որ ներկայումս հրատապ ու կենսական խնդիր է դրված մեր առջև՝ թուրք ազերիներին հետ շպրտել մեր սահմաններից և միասնաբար կանխել նրանց բոլոր ստոր ոտնձգությունները: Իհարկե, այդ գործն ավելի արդյունավետ ու հեշտ կարվեր, եթե բանակը ղեկավարվեր մեկ ընդհանուր շտաբից, ինչը բնական ու հասկանալի կլիներ, եթե ունենայինք մեկ միասնական պետություն՝ իր բոլոր անհրաժեշտ կառույցներով ու ատրիբուտներով: Իսկ դրա համար անհրաժեշտ է ու պարտադիր, որ միասնական ու միաժամանակյա հանրաքվեով հռչակվի մեկ միասնական հայկական պետության ծնունդը: Այս մասին տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, բայց իմ խոսքը միշտ հնչել է և հիմա նույնպես շարունակում է հնչել որպես «ձայն բառբառոյ անապատի»... Հենց վաղը մեր խելառ ու ցնդած երեսփոխանները պատրաստվում են ձեռնամուխ լինել Արցախի անկախության «ճանաչման» հարցի քննարկմանը, որ իբր թե դրանով վախեցնեն թուրքերին, ռուսներին և էլի չգիտեմ, թե ում:
Ձեր այդ անխոհեմ քայլը միայն և միայն մեզ համար կարող է ահավոր ու անդառնալի հետևանքների հանգեցնել, ո՜վ, հիպնոսացված և անհեռատես երեսփոխաննե՛ր...

вторник, 3 мая 2016 г.

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԶԱՎԵՇՏԻ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ ՀԱԿՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ

Մեր տարածաշրջանում հայտնվելուց ի վեր զավթիչ թուրքերի ամենավտանգավոր զենքն այն է եղել, որ տարբեր ազգերի ու ցեղախմբերի պատկանող և իրենց հպատակը դարձած բնիկներին մշտապես լարել են իրար դեմ: Դեռ ավելին՝ պետք է խոստովանել, որ հաճախ նրանց հաջողվել է բնիկներից շատերին զանազան ստոր մեթոդներով իսպառ կտրել իրենց ազգային արմատներից և անվերադարձ թրքացնել:
Դատելով դիմագծերից՝ համարձակվում եմ ենթադրել, որ հերոս եզդի զինվոր Քյարամ Սլոյանի արդեն անշնչացած մարմինը գլխատած ոճրագործն իր արմատներն իսպառ մոռացած և իրեն թուրք-ազերի համարող հայ է: Կրկնում եմ՝ սա սոսկ դիմագծերից ստացված ինտուիտիվ տպավորություն է, այլ ոչ թե ինչ-որ փաստերի հիման վրա արված պնդում: Չեմ բացառում նաև, որ այդ սուբյեկտի ծագումնաբանության մեջ խորանալու դեպքում հանկարծ պարզվի, որ իմ այդ առաջին տպավորությունը պատահական ու անհիմն չէ: Բայց այս դրվագում առավել ողբերգականն ու միաժամանակ զավեշտալին այն է, որ այդ ոճրագործին պարգևատրողն ազգությամբ քուրդ է՝ Հայաստանում ծնված քուրդ Հեյդար Ալիևի հարազատ որդի Իլհամ Ալիևը, որն այսօր պետական մակարդակով, Թուրքիայի հետ ձեռք-ձեռքի տված, պատերազմում է իր ազգակիցների՝ քրդերի, ինչպես նաև եզդիների ու հայերի դեմ...
Ժամանակն է, որ «Ադրբեջան» հորջորջված արհեստածին պետության տարածքում ներկայումս ապրողները՝ բնիկներն ու իրենց թուրք-ազերի համարողները, մի լավ թափ տան իրենք իրենց, փորձեն փորփրել ու պարզել իրենց իրական ազգային արմատները և ձերբազատվեն թուրք զավթիչների արատավոր անունը կրելուց, քանի որ վերջիններիս գերիշխանությունը, պատմական հանգամանքների բերումով, անհրաժեշտաբար և անշեղորեն մոտենում է իր անփառունակ ավարտին:

воскресенье, 1 мая 2016 г.

Լևոն Մոսինյան - ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԾՐԱԳԻՐ

Սննդին և սննդակարգին վերաբերող վերջին շաբաթների իմ զրույցներով ես փորձեցի ձեզ օգնել, որ, անընդհատ թունավորված լինելով օդից՝ մեքենաների գազային արտանետումներից, ինչպես և սննդի մեջ անընդհատ խառնվող թունավոր հավելումներից, գոնե կարողանանք մեր ունեցած հնարավորությունների չափով պաշտպանվել և ավելի քիչ ազդեցության ենթարկվել դրանցից: Այդ կարգի խնդիրներին մենք տեղեկանում ենք հեռուստաալիքներով, ամեն տեղ տեսնում բժիշկների, փաստաբանների  և մանկավարժների հետ ունեցած մեր շփումներում, անգամ մեքենա վերանորոգողների հետ հաղորդակցվելիս, և եթե չենք կարողանում հիմնավորապես զերծ մնալ դրանցից, գոնե կարողանանք այն չափով, որքանով դա յուրաքանչյուրիցս է կախված, այդ հարցերը մեզ համար լուծել կատարելապես: Դրա համար ես փորձեցի խորհուրդներ տալ, թե ինչպես սնվել, որ մարսողությունը ճիշտ կատարվի, ո՛ր ուտելիքը որի՛ հետ համակցել, երբ և ինչպես ջուր խմել և այլն: Նաև հերթականությամբ թվարկեցի, թե ինչ կարևոր օրենքներ կան սննդաբանության մեջ, որոնց հետևելով մենք կարող ենք շատ թե քիչ պաշտպանել մեր իմունային համակարգը, որից և կախված է մեր առողջությունը:

Այսօր ես կուզենայի խոսել ավելի ընդհանուր և բոլորիս համար ավելի կարևոր  մի նյութի՝ առաքելության մասին: Քանզի երբ մենք չգիտենք, թե մեր առաքելությունը որն է, ինչի համար ենք ծնվել և ինչ պետք է անենք մեր կյանքում՝ ո՛րն է մեր կյանքի գխավոր նպատակը, ինչով պետք է զբաղվենք և ինչպես պետք է անցնի մեր կյանքը, որի մասին մեզ ոչինչ չի ասվել ո՛չ դպրոցում, ո՛չ էլ որևէ այլ տեղ, բնականաբար մենք խավարի մեջ պարզապես իրար ձեռքից ինչ-ինչ բաներ խլելով, իրար վիրավորելով (նույնիսկ սպանելով) ենք գոյատևում: Այլ կերպ ասած, ոչ թե ապրում ենք, այլ ուղղակի ինչ-որ գոյություն ենք պահպանում. քայլում ենք, շնչում, ուտում, բայց ակնհայտ է, որ իրական կյանքը դա չէ: Մենք չգիտենք, թե որն է մեր իսկական առաքելությունը, և հաճախ այն խառնում ենք մեր նպատակների հետ: Նպատակ ենք դնում ըստ մեր ունեցած մակարդակի և համարում, որ հենց դա է մեր առաքելությունը: Դրանից ավելի ցածր մակարդակում էլ մարդիկ ինչ-որ ծրագիր են կազմում ըստ իրենց ունեցած մակարդակի կամ կարծիքի և կրկին համարում, որ այդ ծրագրի իրագործումն էլ հենց իրենց կյանքի նպատակը կամ առաքելությունն է: Է՛լ ավելի ցածր մակարդակում առաքելության դերում երազանքն է դրվում. երազում են հասնել ինչ-որ բանի, և այդ երազանքը չեն կարողանում տարբերել ծրագրից, նպատակից և առաքելությունից: Նույնիսկ կան նաև դրանից ավելի ցածր մակարդակներ, երբ ցանկություններն ու կրքերը մարդիկ չեն կարողանում տարբերել երազանքից, ծրագրից, նպատակից և առաքելությունից:

Վստահ եմ, որ ինձ լսողները կիրթ մարդիկ են և հասկանում են, թե ինչ բան է ցանկություն, ինչ բան է երազանք, ծրագիր նպատակ և առաքելություն: Եվ որ վերջինից ավելի ցածր մակարդակները՝ մարդկանց կրքերը, ցանկասիրությունները կամ հաճույքները հաճախ համարվում են որպես ցանկություն, երազանք, ծրագիր, նպատակ և առաքելություն:

Բարեկամնե՛ր, ինձ համար շատ կարևոր է, որ իմ զրույցները ոչ թե լինեն միայն հաճելի տպավորություն կամ ազդեցություն թողնող ինչ-որ ելույթներ, այլ՝ որ մենք միասին մտածենք այն մասին, որ իրապես որքան շատ մարդիկ կան, որոնք պատժվում են կուրորեն ապրելով կամ իրենց կյանքը նմանացնելով ուրիշ մարդկանց կյանքին, որոնք իրենց համար հեղինակություն են: Մարդը չի կարող ուրիշի նման ապրել կամ ընդօրինակել ուրիշ մեկի կյանքը, որովհետև նրանց անցյալները տարբեր են. նրանք ունեն տարբեր մակարդակներ և դրանց համապատասխանող տարբեր նպատակներ ու առաքելություններ: Ուստի պարզապես հնարավոր չէ ընդօրինակել ուրիշ մեկի կյանքը. ամեն մարդ իր ազատ կամքով պետք է անցնի իր ուրույն ճանապարհը, իր նեղ դռները, իր ջանքերով հասնի երկնքի արքայությանը: Սրանք շատ կարևոր հարցեր են, ու թեև բազմասերիալանոց ֆիլմեր դիտելուց հետո դժվար է ջանք թափել ու հասկանալ, թե հիմա ես ինչի մասին եմ խոսում, բայց առանց առաքելության, առանց բարձր ու վեհ նպատակների՝ մարդը դառնում է մի հիվանդ, որը, վերածվելով անտենայի, մագնիսի կամ բացիլակիրի, տարածում է իր հիվանդությունը բոլոր նրանց մեջ, որոնց համար ինքը հեղինակություն է:

Ցանկասիրությունից ու կրքից ավելի ցածր կանգնած է մոլագարությունը, երբ այլևս մարդուն չես կարող հետ պահել իր մոլությունից՝ լինի նա թմրադեղ ընդունող, մոլի ծխող կամ հարբեցող: Լինում է նաև գիտելիքի, տեղեկության, պաշտոնի, դրամապաշտության մոլագարություն, երբ այլևս ոչ մի բարեկամ, հարազատ կամ որևէ սրբություն չի ճանաչվում: Ուստի այսօր ես փորձում եմ մեկնաբանել, թե ինչ բան է առաքելությունը. այն Աստծո Օրենքը հաստատելն է, Աստծուն մեր մեջ ճանաչելը: Ոչ թե Աստծուն այստեղ-այնտեղ փնտրելը, այլ, ինչպես Հիսուսն է ասել՝ երկնային արքայությունը մեր մեջ փնտրենք: Եվ Երկնային Հորը պաշտենք մեր սրտի և հոգու մեջ ոչ թե արտաքին պաշտամունքի ձևերով՝ ծեսերով, ավանդույթներով ու սովորություններով, այլ ներքին ճանապարհը անցնելով: Ինքնաճանաչումն ու ինքնակատարելագործումը պետք է լինեն մեր առաքելության ճանապարհը, մեր առաքելությունը ճանաչելու միջոցը:

Մայր Թերեզան նույնպես անցավ իր ներքին ճանապարհը՝ Ծառայության ճանապարհը: «Ես Աստծուց չստացա այն, ինչ ուզում էի, բայց Աստուց ստացա այն, ինչ պետք էր»,- մի առիթով ասել է Մայր Թերեզան: Ուզենալը մի բան է, բայց Աստծուց ստանալ այն, ինչ պետք է սեփական առաքելությունն իրականացնելու համար՝ դա արդեն ուրիշ, ավելի կարևոր խնդիր է: Այլ կերպ ասած, առաքելությունն այն է, ինչ պետք է, այլ ոչ թե այն, ինչ մենք ենք ուզում, երազում, ծրագրում կամ, ըստ մեր ունեցած մակարդակի, նպատակ դնում:

Եկեք փորձենք հասկանալ, թե ո՞րն է պատճառը, որ հիվանդանոցները շատանում են, բայց հիվանդներն էլ են շատանում, ամենաքիչը՝ երկու-երեք անգամ: Դեղերի տեսականին հարստանում է, բայց այդ դեղերն ընդունողները, որոնք չունեն որևէ առաքելություն, չունեն լույս իրենց ներսում, չունեն հավատ առ Աստված, վերածվում են «կենդանի դիակների». ի՞նչն է պատճառը, որ այդ դեղերը չեն բուժում նրանց: Ի՞նչն է պատճառը, որ բուժական ամբողջ տեխնիկան զարգանում ու կատարելագործվում է, բայց վիրահատված հաշմանդամների թիվը շատանում է: Հանգստյան գոտիները, տները, հյուրանոցները շատանում են, բայց գրգռված, անհանգիստ, հիվանդ, իրենց հանգիստը բացարձակապես երբեք արդեն չգտնող մարդիկ, որոնք հոգնատանջ իրենց աչքերն են ճպճպացնում, ձեռքերը դողացնում ինչպես ընտանիքներում, այնպես էլ աշխատավայրերում, ավելի ու ավելի մեծ թիվ են կազմում, չնայած այն բանին, որ այդքան շատ հանգստյան տներ կան, հանգստի գոտիներ կան և այլն: Բանն ի՞նչ է, որ ամուսնացողները շատանում են, բայց բաժանվողները երկու անգամ ավելի են շատանում: Բանն ի՞նչ է, որ ամեն քայլափոխի, ամեն խաչմերուկում եկեղեցի կա, բայց մարդիկ չեն փրկվում: Ահա այս հարցերին է, որ պետք է պատասխան տրվի: Ամեն մարդ այդ հարցերի պատասխանները իր ներսում՝ իր սրտի ու հոգու մեջ պետք  է փնտրի և վերափոխի ինքն իրեն: Հեղափոխությունը պետք է կատարվի ոչ թե դրսում՝ արյունահեղությամբ, այլ ներսում: Քանզի երբ մեր գիտակցությունը փոխվում է, փոխվում է նաև մեր կյանքը: Երբ մեր կյանքը փոխվում է, մեզ հետ շփվողներն էլ են փոխվում: Համբերություն է պետք ունենալ, չպետք է շտապենք: Կարևոր է, որ ամեն մարդ իր ներսը փոխի՝ իր հայացքները, մտքերը փոխի, իր գիտակցությունն ընդարձակի և իր կյանքն ապրի առողջ ապրելակերպով՝ առողջ մտքերով, զգացմունքներով, նաև առողջ սննդով, որի մասին բազմիցս խոսել եմ: Այդպիսով կամաց-կամաց պետք է ինքնակատարելագործվել: Ասված է՝ ժայռը կաթիլներով է ծակվում:

Դպրոցների և բուհերի ծրագրերն ամեն տարի փոփոխության են ենթարկվում, բայց անկրթությունը, տգիտությունը, խավարն ավելի է շատանում: Դա երևում է մարդկանց փոխադարձ հարաբերություններից՝ աշխատատեղերում, առևտրի կենտրոններում, ընտանիքների ներսում և այլուր: Բանն ի՞նչ է: Տեխնիկան զարգանում է, ամեն ինչ արագանում է, և մարդը փորձում է հարմարվել այդ արագությանը: Մեքենաները, հրթիռները, օդանավերն ավելի արագընթաց են դառնում, բայց մարդիկ ոչ թե փորձում են իրենց ներսը խաղաղ պահել, այլ մրցման մեջ են մտնում այդ արագությունների հետ. շատ արագ ամուսնանում են, արագ-արագ դաստիարակում են երեխաներ, արագ-արագ ավելորդ ծախսեր (ծնունդներ, հարսանիքներ) են անում, ուստի արագ-արագ էլ հիվանդանում են ու արագ-արագ էլ մահանում: Բայց մի՞թե մեր առաքելությունն այն է, որ ամեն ինչ արագ անենք, բայց ժամանակ չունենանք օրվա մեջ գոնե երեք րոպե հանգիստ նստելու և ասելու՝ թող աշխարհին խաղաղություն լինի, թող լավ լինի բոլորի համար: Ես բոլորին երջանկություն եմ ցանկանում: Մի քանի րոպե խաղաղվելու ժամանակ չունենք, որովհետև ամեն ինչ պետք է արագ անենք, իսկ երջանկությունը խաղաղության մեջ է միայն հնարավոր:

Հնարավոր չէ արագ-արագ աղոթք անել՝ զուտ այն պատճառով, որ կյանքի ռիթմն արագացել է: Աստծուն ոչ թե մեր արագությունն է պետք, այլ մեր անկեղծությունը, սերը, խաղաղությունը, ներդաշնակությունը, հավատարմությունը, համագործակցությունը (այլ ոչ՝ մրցակցությունը) և այլն: Գոնե մի պահ կանգ չենք առնում, որ հարց տանք ինքներս մեզ՝ այս ի՞նչ աշխարհում ենք ապրում, և ո՞րն է այդ աշխարհում մեր առաքելությունը: Արդյո՞ք այն է, որ ինքներս մեզ ցույց տանք, թե ես ամենալավն եմ՝ ամենալավ վազողը, ամենալավ գրողը, ամենալավ բժիշկը կամ ամենալավ մանկավարժը: Ամենա, ամենա, ամենա... վազում ենք և չենք հասկանում, որ ոչ մեկս էլ ճիշտ ճանապարհի վրա չենք, որովհետև չունենք մեր առաքելության գիտակցությունը, այլ միայն ունենք արագ վազք: Ընդհանուր վազք: Եվ եթե մեկը կանգ առնի, բոլորն անպայման տրորելով, ուղղակի ոչնչացնելով կանցնեն նրա վրայով: Բայց եթե մեկը հավատքի, սիրո մեջ լինի, ապա ինչքան էլ ֆիզիկապես ու մարմնապես տուժի, միևնույնն է, նա իրեն խաղաղ կզգա: Երջանկությունը խաղաղության, ներդաշնակության մեջ է: Մրցման և վազքի մեջ չկա երջանկություն: Բոլորդ էլ, վստահ եմ, գիտեք դա: Բայց իմ դերը, որ այսօր խոսում եմ այս մասին, այն է, որ պարզապես ոչ թե նոր բան ասեմ, ինչի մասին դուք չգիտեք, իսկ ես գիտեմ, այլ այն է, որ մենք մտքեր փոխանակենք, և ես հիշեցնեմ ձեզ գրվածը, որ «արթու՛ն կեցեք, քանզի չգիտեք, թե փեսան երբ կգա...»: Ուստի մենք անընդհատ պետք է մեր վարքով, մեր խոսքով, երեխայի հետ ճիշտ խոսելով՝ ամենուրեք, ինչպես նկարչության դասատուն է գնում ամեն մի երեխայի մոտ, որ մի տեղ մի գիծ ուղղի, մի ուրիշ տեղ՝ ծավալ կամ գույն, և դրանով իսկ երեխաները կամաց-կամաց հունի մեջ մտնեն, այդպես էլ մենք պետք է մեր կյանքի ամեն անկյունում փորձենք մի գիծ փոխել, և դա անենք ոչ թե մրցելով կամ համեմատվելով, այլ՝ սիրով):

Եվ այսպես, այսօրվա մեր զրույցն ընդհանրական բնույթի էր, բայց ես փորձեցի ձեր ուշադրությունը կենտրոնացնել առաքելության, ցանկությունների, ծրագրերի և նպատակների վրա, որ մենք դրանց տարբերությունները տեսնենք, իրար չխառնենք և կյանքում իրար ոտնատակ չտանք: Փորձենք ամեն վատի մեջ լավը տեսնել: Ի վերջո չի կարելի վարդը ոչնչացնել սոսկ այն պատճառով, որ փուշ ունի: Փորձե՛նք լավը տեսնել:

Ես ձեզ խաղաղություն եմ ցանկանում: Խաղաղության համաշխարհային կենտրոնից հայտարարված է, որ մենք պետք է 33 օր աղոթք անենք աշխարհի խաղաղության համար, քանի որ մոլորակն ահավոր անհանգիստ վիճակում է:

Բոլորիդ կրկին խաղաղություն եմ մաղթում, և ցանկանում եմ, որ օրվա մեջ մեկ-երկու րոպե ժամանակ գտնեք, որ աղոթեք համայն մոլորակի,  այլ ոչ թե միայն ձեր մատի կամ ձեր բարեկամի լավանալու համար, որովհետև դա ուղղակի հնարավոր չէ, եթե ամբողջ մոլորակը պետք է փրկել:


Խաղաղություն ձեզ, և մինչ նոր հանդիպում եթերում...