Սպիտամա Զրադաշտ
6 հունիսի, 2010 թ.
Պատիվ ու գովք ուղղահավատներին...
ԵՍ ԵՄ Զրադաշտը...
Ես այսօր եկել եմ, որպեսզի ձեր սրտերում բորբոքեմ
Հուրը...
Ա՜խ, մարդկանց հիշողությունը որքա՜ն կարճ է: Թերևս
ձեզնից շատ քչերն են հիմա հիշում, որ ես շատ անգամ եմ մարմին առել Երկրի վրա,
որպեսզի Երկրի մարդկությանը մատուցեմ իր աստվածային բնույթի մասին Ուսմունքը: Եվ
Հուրն է, որ ամենից ավելի լավ է նշանավորում մարդու աստվածային բնույթը:
Դուք մոռացել եք ձեր աստվածային ծագման մասին: Ուստի
մեզ՝ Մեծ Սպիտակ Եղբայրության Վեհապետներիս, վիճակվում է կրկին ու կրկին ձեզ այցի
գալ տարբեր դեսպանորդների միջոցով, որպեսզի ձեզ հիշեցնենք ձեր Աստվածայնության
մասին:
Ես եղա իմ Ուսուցչի՝ Արամազդի մարգարեն: Հավանաբար
հիմա ձեզ ավելի քաջածանոթ է իմ Ուսուցչի մի այլ անունը՝ Սանատ Կումարա...
Այո, այո՛, Սանատ Կումարա... Այդ Մեծ Ոգին շատ բան է
արել Երկրի մարդկության համար և հիմա ևս շարունակում է Իր Գործը:
Եվ ձեզնից շատերը, շա՜տ շատերը կարող են հիշել իրենց
վաղեմի կապը Սանատ Կումարայի հետ: Այդ հուշը ներքին մակարդակներով առկա է ձեր
ներսում և հազիվհազ է դրսևորվում ձեր արտաքին գիտակցությամբ:
Ո՜վ, Սանատ Կումարայի ուղղահավատնե՛ր...
Ո՜վ, Սանատ Կումարայի մաքրակյացնե՛ր...
Ձեզնից շատերը հիմա կարդում են իմ այս Ուղերձը:
Ձեզնից շատերն այժմ մարմնավորվել են մոլորակի վրա, որպեսզի համակշռություն
պահպանեն, որպեսզի իրենց մարմիններով անցկացնեն Հուրը՝ արարչական Հուրը, որի նշանը
ֆիզիկական ոլորտում կրակի բոցն է: Այն ձեզ հիշեցնում է ձեր էության մասին. քանզի
նուրբ ոլորտից դուք երևում եք հենց կրակի բոցերի պես: Եվ ես բերկրանք եմ զգում,
երբ մոլորակին տիրած խավարում այսուայնտեղ հանկարծ բռնկվում է Սպասավորության
ջահը: Եվ ձեր շուրջը լուսավորվում է Պայծառեցման այն Լույսով, որով լեցուն է ձեր
էությունը:
Ես մտաբերում եմ այն հեռավոր ժամանակները, երբ
մարդկանց նվաճումները չէին գնահատվում ո՛չ քսակի հաստությամբ, ո՛չ էլ զբաղեցրած
պաշտոնով: Հիշում եմ այն ժամանակները, երբ մարդիկ աշխարհում ամենից առավել բարձր
էին դասում արարչական Հրո ի հայտ գալը մարդու ներսից: Եվ այդ Հուրն անզեն աչքով
տեսանելի էր լինում: Հնարավոր չէր լինում ո՛չ թաքցնել սեփական նվաճումները, ո՛չ էլ
մարդկանց մոլորեցնել կեղծ ձեռքբերումներով, որովհետև ամեն ինչ ակներև էր դառնում:
Աստվածային Հուրը միայն աչքերից չէր շողարձակում, այլ բառացիորեն պարուրում էր
բոլոր մարմինները՝ ներառյալ նաև ֆիզիկականը:
Դրանք երանավետ, ոչնչի հետ չհամեմատվող ժամանակներ
էին: Իսկ Սանատ Կումարան հնարավորություն ուներ տարին մեկ անգամ՝ Հրո տոնի
ժամանակ, ներկա գտնվելու մեր մեջ: Եվ բոլորը հնարավորություն էին ստանում տեսնելու
Իր պատկերն այն Հրո միջով, որով Ինքն իջնում էր:
Որքան բարձր էին լինում մարդու հոգևոր նվաճումները,
այնքան նա ավելի շատ էր կարողանում մոտ գալ Արամազդին և խոնարհվել Նրա առաջ: Իսկ
նրանք, որոնց աստվածային բանականությունը մթագնված էր լինում, նույնպես փորձում
էին մոտենալ՝ հավակնելով ցուցադրել Աստծո հետ իրենց միասնությունը: Սակայն
անմիջապես այրվում էին Արամազդի արարչական Հրում կամ շուտափույթ հեռու էին փախչում
խանձված կատուների պես:
Ձեր օրոք այդպես չէ: Դուք պատվում եք ոչ թե
բարեմասնությունը, այլ արատը: Եվ չունեք չափանիշ, որով կարողանայիք զանազանել մեկը
մյուսից: Ամեն ինչը ձեզ նույնաբար գորշ ու անբարետես է երևում: Սակայն ես պնդում
եմ, որ ձեր մեջ կա՛ն ուղղահավատներ: Եվ ես դեպի նրանց սրտերն եմ առաքում իմ Հուրը.
այդ ճառագայթն այժմ կարող է Կրակ բորբոքել նրանց սրտերի զոհարանի վրա: Եվ մարմրող
ճրագների միջավայրում նորից կբորբոքվի արարչական Հուրը:
Ձեր խնդիրն է՝ ետ բերել այն օրհնյալ ժամանակները,
երբ աստվածային Էակները կարողանում էին այցի գալ ձեզ: Թեկուզ կարճատև, թեկուզ
տարին մեկ անգամ՝ բայց եթե դա հաջողվի, ապա դուք ի վիճակի կլինեք ամբողջ տարվա
ընթացքում բարձր պահել ձեր գիտակցությունը և թույլ չտալ այն պարսավելի
անապատացումը, որն այժմ տիրում է ձեր աշխարհում:
Ձեր գիտակցության բոլոր մգլապատ անկյունները, նրա
վրա նստած ողջ վաղեմի փոշին անհրաժեշտ է այրել արարչական Հրով:
Թո՛ղ որ հրե սալամանդրներն այժմ զբաղվեն Երկիր մոլորակի
տարածքի մաքրման գործով:
Թո՛ղ որ Երկիրը ստանա իր մկրտությունը Հրով և
մաքրազերծվի խավարից ու քայքայումից:
Ես եկել եմ ձեր սրտերում կրկին բորբոքելու Հրո պաշտամունքը:
Եկել եմ ձեր սրտերում հաստատելու հավատն ու նվիրվածությունը Արամազդի՝ Սանատ
Կումարայի նկատմամբ:
Նոր դավանանքներ ի հայտ եկան այն կրոնի փոխարեն, որը
ես հիմնադրեցի և եղա դրա մարգարեն: Իրենց հիմքում այդ նոր դավանանքները ոչնչով
չէին հակասում զրադաշտականությանը: Սակայն Հրո դրսևորումը նվազեց: Եվ մարդիկ
կորցրին գիտակցության այն բարձր մակարդակը, որի շնորհիվ կարողանում էին արարչական
Հուր իջեցնել Երկիր մոլորակի համար: Եվ ամեն ինչը ենթակա դարձավ ավելի ու ավելի
շատ անապատացման: Մարդիկ դադարեցին տարբերել Լույսը խավարից:
Ձեր խնդիրն է՝ վերականգնել Հրո անցումը ձեր աշխարհով:
Դուք դա կարող եք անել ձեր չակրաների միջոցով:
Նվիրյալ ու ճշմարիտ Այրե՛ր Սանատ Կումարայի.
144 000 Քրիստոս-Էակնե՛ր, որ մշտապես մարմնավորվում և կրում եք ձեր Սպասավորության
ջահը. ձեր ժամը հասե՜լ է: Արթնացե՜ք...
Ձեր հերոսական ջանքերի շնորհիվ է հենց, որ այս ողջ
ժամանակի ընթացքում մոլորակը հարատևում է: Բայց այժմ հասել է այն պահը, երբ դուք
պետք է սրընթաց առաջ անցնեք:
Պատիվ ու գո՜վք ուղղահավատ առաջամարտիկներին...
Ձեզ վիճակված է անխոնջ կերպով աստվածային
սկզբունքներ հաստատել մոլորակի վրա: Գործունեության ամեն մի բնագավառում: Ամեն
ինչում...
Եվ ձեր էության խորքից վեր հառնող արաչական Հրից
խանձված կատուների պես հեռու կփախչեն բոլոր նրանք, ովքեր կփորձեն մնալ հին
գիտակցությանբ և պահպանել իրենց եսակենտրոնությունն ու վատագույն վարվելակերպերը:
Մաքրակյացնե՛ր Սանատ Կումարայի, Ոգու մարտիկնե՛ր,
առա՜ջ...
Հիմա ձե՛ր հերթն է...
ԵՍ ԵՄ Զրադաշտը՝ հանուն Երկրի մարդկության Սպասավորության Բոցում
Տատյանա Միկուշինա, 2010թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий