понедельник, 21 июня 2021 г.

ԲԱԲԱՋԻԻ ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ

 


ԻՄ Ուղերձի նպատակն է՝ արթնացնել նրանց, ովքեր դեռևս ունակ են արթնանալու պատրանքի քաղցր քնից
 

Պաշտելի Բաբաջի

20 հունիսի, 2021 թ.

 

ԵՍ ԵՄ Բաբաջին...

Այսօր Ես կրկին եկել եմ, որպեսզի դուք մեկ անգամ ևս հիշեք Մեր գոյության և Մեր Ուսմունքի մասին:

Ես եկել եմ ձեզ հիշեցնելու այն Օրենքի մասին, որը գործում է այս Տիեզերքում: Հիշեցնելու այն Սիրո մասին, որը միշտ ձեզ հետ պետք է լինի: Քանզի առանց այդ Սիրո, որը պարուրում է ձեր ողջ էությունը և ընդգրկում ողջ աշխարհը՝ ողջ Արարչությունը, դուք այլևս չեք կարող շարունակել ձեր գոյությունը:

Վախն ու գիտակցության բացասական վիճակներն առաջանում են հենց այնտեղ, որտեղ Սեր չկա:

Ուստի ձեր կյանքերի ընթացքում առաջնայինը պետք է լինի Սիրո զգացման վերականգնումը:

Իմ և մյուս Վեհապետների Ուղերձներում ոչ մի նոր բան չկա, որը Մենք նախկինում՝ բազմահազար տարիներ առաջ, տված չլինեինք իմաստունների, մարգարեների և դեսպանորդների միջոցով:

Այնուհանդերձ հարկ է, որ պարբերաբար ձեզ հիշեցնենք մեր գոյության մասին, որպեզի դուք իմանաք, որ մենակ չեք Տիեզերքում:

Մենք մշտապես հետևում ենք ձեր զարգացմանն ու հոգևոր Ուղով ձեր առաջխաղացմանը: Եվ այնժամ, երբ էվոլյուցիան հասնում է իր զարգացման կրիտիկական կետին և Երկիր մոլորակի բանական քաղաքակրթության բուն գոյությունը հայտնվում է սպառնալիքի տակ, Մենք չենք կարող չգալ և ձեզ չհիշեցնել Մեր Ուսմունքի հիմնադրույթները:

Մենք բազմիցս խոսել ենք ցանկությունների հաղթահարման և ձեր աշխարհի պատրանքային դրսևորումներից հրաժարվելու անհրաժեշտության մասին:

Սակայն ծուլության և անխելամտության պատճառով Մեր հետևորդները հարկ եղած ուշադրություն չեն հատկացնում Մեր ցուցումներին:

Օրինակ՝ այժմ պատրանքը մի շարք նոր թակարդներ է լարել ձեր գիտակցության համար, որոնք ձեզ շեղում են Ուղուց: Փափուկ ու աննկատ: Խոսքս վերաբերում է խելացի հեռախոսների ու, այսպես կոչված, սոցիալական ցանցերի հետ ձեր կապվածությանը: Ինչի՞ց որոշեցիք, թե կապվածության այդ տեսակները ձեր հոգիներին ավելի քիչ վնաս են հասցնում, քան ալկոհոլը, նիկոտինը, ոչ ճիշտ ռիթմով երաժշտությունը, թմրանյութերը, մոլի խաղերը...

Սոցիալական ցանցերում անցկացրած ձեր մի ժամը մի ամբողջ տարով հետ է գցում Ուղով ձեր առաջընթացը: Իսկ կանոնավոր կերպով սոցիալական ցանցերից մեկ տարի օգտվելը կարող է ընդմիշտ ձեզ զրկել էվոլյուցիոն զարգացման հնարավորությունից:

Հաջորդ հարցը, որը Ես կցանկանայի լուսաբանել Իմ այս Ուղերձում՝ Մեր Դեսպանորդի նկատմամբ վերաբերմունքն է: Ես արդեն ասել եմ իմ նախորդ Ուղերձներում[i], որ Մեր Դեսպանորդի նպատմամբ դրսևորած ձեր վերաբերմունքով ենք Մենք դատում, թե ձեր քաղաքակրթությունն ունա՞կ է արդյոք հետագա զարգացման, թե՞ լրացնելու է անցյալի ձախողված քաղաքակրթությունների աղբակույտը:

Եկեք միասին քննարկենք:

Երկրի մարդկության հետ մենք աշխատում ենք միլիոնավոր տարիներ: Հիմնական հոգևոր աշխատանքն ու ուսուցումը Մենք անցկացնում ենք հատուկ ստեղծված վայրերում՝ Եղբայրության Աշրամներում: Մեր այս Դեսպանորդի Առաքելության սկզբում այդպիսի մի Աշրամ ստեղծվեց Օմսկի մոտակայքում: Դա հինավուրց ուժային կենտրոն է, որտեղից Մենք պլանավորել էինք տարածել Մեր Ուսմունքը և մարդկության գիտակցությունը բարձրացնել նոր մակարդակի:

Մեր սաների պարտականությունն է՝ հոգ տանել Մեր Դեսպանորդին և անհրաժեշտ պայմաններ ապահովել Ուսմունքի տարածման համար:

Մի քանի տարվա ընթացքում Մենք Ուղերձներ տվեցինք Մեր Դեսպանորդի Աշրամում՝ շրջակա տարածքը հագեցնելով Աստվածային թրթռանքներով: Ձեզ մնում էր միայն վերցնել Մեր տված Շնորհը և աչքի լույսի պես այն պաշտպանել հակադիր ուժերի ներկայացուցիչներից:

Սակայն Մեր այդ առաջնակետը (ֆորպոստը) զավթեցին հակադիր ուժերը: Պղծեցին ու ավերեցին այն:

Ծանր կարմա նստեց այն լուսակիրների ուսերին, որոնք հատուկ մարմնավորվել էին, որպեսզի պաշտպանեն Մեր Առաքելությունը Ռուսաստանում:

Այդ կարման այնքան նեղացրեց լուսակիրների գիտակցությունը և մթագնեց տեսողությունը, որ նրանք դադարեցին Լույսը խավարից տարբերել և հասկանալ Մեր Ուսմունքի ամենապարզ դրույթները:

Մարդիկ, որոնք Երկրի աղը պետք է դառնային[ii], դրսևորեցին դավաճանության և ուրացման դառը պտուղներ:

Ի՞նչ կվիճակվի նրանց... Դեն նետվել ու փռվել այն ճանապարհին, որով կընթանան ապագա էվոլյուցիոն կենսահոսքերը:

Կան սխալներ, կան մոլորություններ և կան մեղքեր: Ամեն բան կարելի է հասկանալ ու ներել: Սակայն ամենածանր մեղքի՝ դավաճանության համար, ո՛չ արդարացում կարող է լինել, ո՛չ էլ ներում:

Մեր Դեսպանորդի մարմիններին ամրացված Լույսի Կիզակետը պաշտպանելու համար Մենք ստիպված եղանք Դեսպանորդին դուրս հանել Ռուսաստանի սահմաններից:

Երբ որևէ մարդ դատապարտելի արարք է կատարում Մեր Դեսպանորդի նկատմամբ, նա կարմա է ստեղծում, որը նստում է նրա ցեղի մի քանի սերնդի ուսերին:

Մեր այս Դեսպանորդի պարագայում այնպես ստացվեց, որ Ռուսաստանի պետական մարմիններն սկսեցին հետապնդել և ճնշումներ գործադրել Դեսպանորդի, ինչպես նաև նրա հարազատների ու մերձավորների նկատմամբ:

Մեր Դեսպանորդի պատմուճանի առանձնահատկությունն այնպիսին է, որ Դեսպանորդի դեմ ուղղված ցանկացած արարք անդրադառնում է պատմուճանից և հազարապատիկ ուժով վերադառնում նրան, ով թույլ է տվել այդ արարքը: Դա վերաբերում է ինչպես չար կամքն ի կատար ածող առանձին մարդ-կատարածուներին, այնպես էլ ամբողջական երկրներին, որոնք հարկ եղած պատվի չեն արժանացնում Մեր Դեսպանորդին:

Ռուսաստանի հետ Մենք մեծ հույսեր էինք կապել: Ներկայումս այդ հույսերն արդարացված չեն:

100 տարվա ընթացքում Ռուսաստանը երկու անգամ մերժեց Մեծ Սպիտակ Եղբայրության օգնության ձեռքը:

Առաջին անգամ դա տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին, երբ մերժվեց Ռերիխների ընտանիքի միջոցով փոխանցված Մեր Ուղերձը, իսկ երկրորդ անգամ՝ 21-րդ դարի սկզբին, երբ Ռուսաստանի տարածքում հետապնդումների ենթարկվեց Մեր Դեսպանորդը:

Երկիրը, որը մերժում է Մեր օգնությունը և հալածանքների ենթարկում Մեր Դեսպանորդին, չի կարող իր գոյությունը շարունակել որոշակի պատմական ժամանակահատվածից այն կողմ և դատապարտված է մասնատման ու մահվան:

Տվյալ երկրի բնակչության մեծամասնությունը չի հասկանա իր գլխին թափվող աղետների ու դժբախտությունների պատճառը: Սակայն Ես կկրկնեմ ևս մեկ անգամ՝ երկրներն իրենց ընտրությունը կատարում են իրենց լավագույն ներկայացուցիչների ձեռամբ:

Ավա՜ղ, ձեր լավագույն ներկայացուցիչները գարշելի ոչխարներ դուրս եկան, իսկ որոշ գառան մորթով գայլեր շարունակում են սողոսկել նրանց շարքերը, որպեսզի վերջնականապես մոլորեցնեն[iii]:

Ես ուզում եմ, որ ձեր գլուխը մտնի այն բանի պատճառի ըմբռնումը, որը շուտով տեղի կունենա և արդեն տեղի է ունենում:

Չար դևեր գոյություն չունեն մինչև այն պահը, քանի դեռ նրանք չեն տեղավորվել ձեր գիտակցության մեջ: Երբ լուսակիրները չեն կատարում իրենց առաքելությունը, մոլորակը հայտնվում է հակադիր ուժերի իշխանության տակ:

Երկար ժամանակ չի կարող գոյատևել այն քաղաքակրթությունը, որն ինքն իրեն կտրել է Աստծուց և Նրա Օրենքից:

Այդպես եղել է անցյալի շատ քաղաքակրթությունների հետ, այդպես կլինի նաև ձեր քաղաքակրթության հետ:

Զրկվելով Լույսի Կիզակետից և Մեր Ուղերձների անմիջական փոխանցումից՝ Ռուսաստանի լուսակիրները չկարողացան իրենց գիտակցությունը պահել հարկ եղած մակարդակի վրա և կատարեցին երկրի համար իրենց ընտրությունը: Քանի որ, համաձայն Աստծո մտահղացման, Ռուսաստանը պետք է ուղի ցույց տար ամբողջ աշխարհին, ապա վերջինս ամբողջությամբ հայտնվեց քաոսի ու խառնաշփոթի գոտում:

Առանց Աստծո էներգիայի ոչինչ չի կարող գոյատևել:

Իսկ ո՞րն է ելքը:

Ելք միշտ կա՝ վերադառնալ զարգացման Աստվածային Ուղի:

Ընդունել Մեր առաջնորդությունը և պահպանել Աստծո Պատվիրանները: Չխախտել Բարոյական Օրենքը:

Պատվել Աստծուն, Վեհապետներին և Մեր Դեսպանորդներին:

Իմ այսօրվա Ուղերձի նպատակն էր՝ արթնացնել նրանց, ովքեր դեռևս ունակ են արթնանալու պատրանքի քաղցր քնից:

Մեր օգնությունը միշտ կարող է ցուցաբերվել: Բայց դրա համար պետք են հոգիներ, որոնք ունակ են սխրանքի, ինքնազողության, սպասավորության: Հոգիներ, որոնք իրենց անոթները նախապատրաստել են Աստծո էներգիայի համար, որով Մենք միշտ պատրաստ են լցնել մաքուր սրտերը:

ԵՍ ԵՄ Բաբաջին

 

Տատյանա Միկուշինա, 2021թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

  

 



[i] Պաշտելի Բաբաջի, 5 դեկտեմբերի 2009թ., 20 հունիսի 2010թ.

[ii] Մտթ., 5:13

[iii] Սանատ Կումարա, 19 դեկտեմբերի 2020թ.