понедельник, 29 декабря 2014 г.

Բարոյականությունը՝ Նոր Դարաշրջանի գաղափարախոսությունն է

Բաց նամակ
ուղղված մեր Մոլորակի բոլոր մտածող ու ոչ անտարբեր մարդկանց

Ժամանակակից մարդկային հանրությունը գտնվում է  համակարգային խոր ճգնաժամում: Եվ այդ ճգնաժամից հասարակությանը չի կարող հանել ոչ մի տնտեսական, դրամական կամ քաղաքական բարեփոխություն:
Միակ բանը, որ ներկա փուլում կարող է օգնել մարդկությանը՝ Ոգեղենության և Բարոյականության վերածնունդն է: Բարոյականությունը հատուկ է ամեն մի մարդու: Դա նրա Խիղճն է, հոգում առկա Աստված: Աստծո հասկացությունը մեծ մասամբ կապվում է կրոնականության, եկեղեցականության, ծիսականության հետ: Ընդ որում Աստված ընկալվում է մարդուց դուրս ինչ-որ տեղ: Ուստի և մարդիկ Աստծուն որոնում են տաճարներում և այլ պաշտամունքային հաստատություններում: Բայց Աստված անհամեմատ ավելի մոտ է գտնվում մեզ, միշտ մեզ հետ է՝ մեր սրտերում: Մեզ հարկավոր է միայն գիտակցել այդ կարևոր ճշմարտությունը և Աստծուն վերադարձնել մեր կյանք, Նրանով լցնել մեր գիտակցությունը:
Մարդու մեջ Աստված դրսևորվում է նրա Խղճի տեսքով, իրականացնում բարոյական ինքնահսկում և միշտ գիտի, թե ինչն է լավ, ինչը՝ վատ, որտեղ է Բարին, որտեղ՝ Չարը:
Որոշ եվրոպական երկրներում «բարոյականություն» բառը քիչ է գործածվում, ավելի շատ օգտագործվում են դրա հոմանիշները՝ «էթիկան» և «առաքինությունը», որոնք Եվրոպայից մեզ են հասել նախաքրիստոնեական ժամանակներից: Բարքի ու բնավորության իմաստ ունեցող հին հունական ethos եզրույթը և դրա լատինական moralis տարբերակն ունեին բարեմասնությունների համախմբության իմաստ: Իսւկ ռուսերենում нравственность բառը, որի արմատը հին ռուսական нрав եզրույթն է, իր մեջ պարունակում է ևս մեկ գաղտնախորհուրդ իմաստ՝ կապ Աստվածային Իմաստության  հետ:
Մեր ժամանակներում նույնիսկ այն եվրոպական երկրներում, որտեղ բարոյականություն բառը գործածվում է, այն աստիճանաբար դուրս է գալիս առօրյա կյանքից, և որքան մարդը երիտասարդ է, այնքան ավելի քիչ է ծանոթ այդ բառին: Ավելի հաճախ դրա իմաստը կապվում է եկեղեցական դոգմաների ու արգելքների հետ, որոնք էլ դիտվում են որպես ոտնձգություն անձի ազատության դեմ: Խղճի հասկացությունը դառնում է ոչ մոդայիկ ու հնացած և ոչ միշտ է դրական իմաստով հասկացվում, որովհետև խիղճը ոչ բոլոր դեպքերում է ռացիոնալ ու խելամիտ նյութական տեսակետից, ինչը տիրապետող է սպառողական հասարակությունում: Աստծո հասկացողությունն ավելի հաճախակի է բացասական իմաստ ստանում: Այդ տենդենցին վարպետորեն ու ճարպկորեն օժանդակում են շատ ԶԼՄ-ներ:
Հրաժարվելով բարոյականությունից և Աստծուց՝ Բարձրագույն Բարոյական Օրենքից, մեր քաղաքակրթությունը սկսել է հետզարգացում ապրել: Հետևանքներն ակնհայտ են:
Անհոգի և անխիղճ հասարակությունում բազմերանգ գույներով սկսում են տարածվել բազմաթիվ արատներ, զանազան նեգատիվ բաներ ու ագրեսիա: Հատկապես բարոյականության բացակայությունից են ծագում բոլոր մնացած պրոբլեմները՝ ահաբեկչությունը, հանցավորությունը, գողությունը, օգտապաշտությունը, կաշառակերությունը, սեռական այլասերումները, նույնասեռական ամուսնությունները, ԶԼՄ-ների նեգատիվ ուղղվածությունը, համակարգչային մարտախաղերը, հեռացումը դեպի վիրտուալ իրականություն, ստրեսները, հոգեկործան երաժշտությունը, ծխախոտը, ալկոհոլը, թմրանյութերը...
Հասարակության պրոբլեմները շատանում են քաղցկեղային բջիջների պես, և հասարակությունը սկսում է այլասերվել:
«Մի՛ սպանիր», «մի՛ գողացիր», «կեղծ վկայություն մի՛ տուր» պատվիրանները հազարամյակներով գոյություն ունեն աշխարհի շատ կրոններում, սակայն տարեցտարի աճում է հանցավորությունը: Պետությունը ստիպված է վիթխարի օրինապաշտպան ծառայություններ պահել, հսկայական միջոցներ ծախսել բանտերի վրա: Իսկ այդ մեծաքանակ պահուստները կարող էին և ծառայել հասարակության ուրիշ, ավելի հրաշալի ծրագրերի համար, եթե բուն մարդն իր ներսում ունենար Բարձրագույն Բարոյական Օրենքի՝ Աստվածային Օրենքի, ըմբռնումը:
Պետական ծառայողները, որոնք կաշառք են վերցնում և անբարեխիղճ ձևով կատարում իրենց պարտականությունները, հույս ունեն ապրել երկար ու երջանիկ կյանքով: բայց եթե նրանք իրենց հոգում ունենային Աստծուն և իմանային, թե ինչպես է գործում Աստվածային Օրենքը, ապա կհասկանային, որ իրենց ամեն մի ցանած սերմը բումերանգի նման վաղ թե ուշ վերադառնալու է հենց իրենց:
Միլիոնավոր մարդկանց մտքերի վրա ազդող զանգվածային լրատվության միջոցների հիմնական մասը, որոնք օրուգիշեր հեռարձակում են գովազդներ, բացասական բնույթի նորություններ, «դատարկ օպերաներ» ու դետեկտիվ ֆիլմեր, մտահոգված են սոսկ փող աշխատելու գործով: Իսկ եթե հեռուստաալիքների գլուխ կանգնած լինեին բարձր բարոյականություն ունեցող մարդիկ, որոնք չհարմարվեին գիտակցության միջին մակարդակի պահանջների հետ, այլ իրենց ժամանակն ու ուժերը ներդնեին դաստիարակչական, իմաստասիրական և էսթետիկական բնույթ ունեցող ֆիլմեր ու հաղորդումներ ստեղծելու գործում, ապա հասարակության պրոբլեմներն ինքնաբերաբար կսկսեին նվազել:
Ինչու՞ ենք Աստծուն հեռացրել մեր կյանքից: Չէ՞ որ մարդկության լավագույն ներկայացուցիչները՝ կոմպոզիտորներ, գրողներ, բանաստեղծներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ, շատերն իրենց կյանքում հանգել են Աստծուն ընդունելուն:
Գիտնականները՝ նրանց թվում և ժամանակակիցներ, ապացուցել են մեր աշխարհի Աստվածայնությունը՝ յուրաքանչյուրը հետազոտություններ կատարելով իր բնագավառում: Տարբեր երկրների մաթեմատիկոսների, ֆիզիկոսների և աստղաֆիզիկոսների՝ Ի. Լ. Ռոզենտալի, Վ. Ա. Նիկիտինի, Ս. Վայնբերգի, Ռ. Բրոյերի, Ֆ. Դայսոնի, Դ. Պոլկինհորնի, Դ Բարրոուի, Ֆ. Թրիպլերի, Դ. Ջինի և այլոց հետազոտությունների արդյունքները նրանց հանգեցրել են այն եզրակացության, որ Տիեզերքը կառավարվում է գոյություն ունեցող Գերբանականության կողմից:
Նմանատիպ պնդումներով տարբեր ժամանակներում հանդես են եկել Ալբերտ Այնշթայնը, Մաքս Պլանկը, Չարլզ Դարվինը, Կ. Ֆլամարիոնը, Ն. Ի. Պիրոգովը, Ֆ. Կրիկը, Ա. Դ. Սախարովը, Պ. Պ. Գարյաևը, Ս. Վ. Զենինը և աշխարհի շատ ուրիշ գիտնականներ:
Եթե գիտնականներն արդեն ապացուցել են Աստծո գոյությունը, ինչու՞ ենք մենք ամոթխածորեն լռում կամ դիտմամբ հրաժարվում Նրա գոյությունից: Ինչու՞ ենք Աստծուն հեռու վանում մեր կյանքից: Չէ՞ որ կյանքից հեռացնելով Ամենագլխավորը, մենք զրկվում ենք հիմնաձողից, ուղենիշից, կյանքի իմաստից, դադարեցնում ենք մեր էվոլյուցիան և պարզապես քաոսային ձևով ընթանում դեպի կործանում:
2014 թվականի ապրիլին մենք ստեղծեցինք «Հանուն Բարոյականության» միջազգային Հասարակական Շարժումը և մշակեցինք 10 պարզ դրույթներից բաղկացած Բարոյականության Կոդեքսը: Ի՞նչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք, որ մարդկանց մեջ գերակշռի խիղճը, բարոյականությունը. որ ամեն մի մարդու, ամեն մի ընտանիքի ներսում առկա լինի պաշտամունք Բարոյական Օրենքի նկատմամբ. որ բարոյականությունը դառնա ամեն մի պետության և ամբողջ մարդկության գաղափարախոսությունը:
Աստվածային Օրենքն ընդհանուր է ամբողջ մարդկության համար, այն որպես հիմք է ծառայում բոլոր դավանաբանությունների, կրոնների և հոգևոր-բարոյական ուսմունքների համար: Հազարամյակներ շարունակ Երկիր են իջել Մեծ Ուսուցիչներ, Իմաստուններ, իրենց հետ բերելով բարոյական, Աստվածային պատվիրաններ: Եվ այնտեղ, որտեղ դրանք պետական կառույցի հիմք են դարձել, հասարակությունը բարգավաճել է: Հենց որ Աստված և բարոյական արժեքները դուրս են հանվել առօրյա կյանքից, անմիջապես քայքայում է սկսվել՝ ընդհուպ մինչև լիակատար անկում ու ոչնչացում:
Պետական գաղափարախոսության մակարդակով Աստծուն հետ բերելով ամեն մի մարդու և ամբողջ հասարակության կյանք, մենք կունենանք բոլոր իսկական բարիքները՝ ֆիզիկական, հոգեկան և հոգևոր առողջություն, Սիրո և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ամուր ընտանիք, համագործակցության նոր ձևեր, պատերազմներից ու հակամարտություններից զուրկ աշխարհ, ուր բոլոր մարդիկ իրար նկատմամբ եղբայրաբար կվերաբերվեն:
Նշենք, որ «Աստծուն հետ բերել» ասելով մենք նկատի չունենք որևէ կրոնի կամ հավատքի գերակայության հաստատում: «Աստված» ասելով մենք հասկանում ենք Բարոյական Օրենքը:
Պետության մեջ բարձր բարոյական, Աստվածային դրվածքի հաստատումն ունակ է մի սերնդի կյանքի ընթացքում ստեղծել հասարակական հարաբերություններ, որոնք համապատասխանում են առաքինության ու բարոյականության ամենաբարձր չափանիշներին: Հետևանքը կլինի այն, որ դրանք կնպաստեն պետության բարգավաճմանը: Հենց դրա համար էլ «Հանուն Բարոյականության» Շարժումը մշակել է ծրագրային փաստաթուղթ՝ «Բարձր Բարոյականության Վարդապետությունը», որը մի հայեցակետ է հասարակության ներկայիս վիճակի պատճառների վերաբերյալ, տալիս է որոշակի բազիսային հասկացություններ և ցույց է տալիս գաղափարախոսական ճգնաժամից դուրս գալու ուղին: Վարդապետությունում ներկայումս աշխարհում գոյություն ունեցող սպառողական հասարակությունը համեմատվում է բարձր բարոյական հասարակության հետ՝ հիմնված այնպիսի հիմնարարար հասկացությունների համեմատական համադրության վրա, ինչպիսիք են՝ Աստված, մարդ, ֆիզիկական աշխարհ, հասարակություն, ազատություն, իշխանություն և այլն:
«Բարձր բարոյականության Վարդապետությունը» պարունակում է բարձր բարոյական հասարակության գաղափարախոսության հայեցակարգը, որը կարող է հիմք ծառայել պետական քաղաքականության ձևավորման և բարոյականության բարձրացման ոլորտում նպատակային ծրագրեր մշակելու համար:
Մեր կյանքում ամեն ինչ կախված է այն բանից, թե որքանով ենք ունակ մեր կյանք մտցնել Աստվածային Օրենքը: Ժամանակն է վերանայելու ամբողջ արժեհամակարգը, կյանքի բոլոր ոլորտներում տիրող փոխհարաբերությունները:  Բարոյականության հասկացությանը հարկավոր է տալ պետական գաղափարախոսության կարգավիճակ: Անհրաժեշտ է ժողովրդի գիտակցության մեջ Աստծո ըմբռնումն ամրապնդել որպես համայն Տիեզերքում գործող Բարձրագույն Բարոյական Օրենք: Հարկավոր է պետական մակարդակով քարոզել այնպիսի բարոյական հասկացություններ, ինչպիսիք են՝ խիղճը, անկեղծությունը, բարությունը, համեստությունը, բարյացակամությունը և այլն: Ամեն մարդ պետք է սկսի իր կյանքում կատարել միայն բարոյական ընտրություններ: Որպեսզի և՛ վերևից՝ իշխանական մակարդակից, և՛ ներքևից՝ ժողովրդի սրտից ծլարձակի Բարոյականության հասկացությունը: Որպեսզի Աստված վերջապես մեր կյանքում զբաղեցնի գլխավոր տեղ: Որպեսզի Նոր Դարաշրջանում մարդիկ իրենց զգան որպես Աստծո զավակներ, գիտակցեն իրենց Աստվածային ծագումը և ձեռք բերեն այն ներդաշնակությունը, խաղաղությունը, բերկրանքը, երջանկությունը, որին արժանի են...
Եթե համամիտ եք այս նամակի գաղափարին, ապա կարող եք ձեր օժանդակությունը հայտնել ինչպես այս Բաց նամակին, այնպես էլ «Հանուն Բարոյականության» Շարժմանը (http://www.z-n.center ): Որպեսզի հասարակությունում բարոյականության վերածնունդ տեղի ունենա, կարևոր են գործերով օժանդակությունն ու ջանքերի համախմբումը:

Տ. Ն. Միկուշինա, հասարակական գործիչ, ք. Օմսկ
Ե. Յու. Իլյինա, «Հանուն Բարոյականության» ՄՀՇ նախագահ, ք. Նովոսիբիրսկ


թարգմանեց Խ. Մանասելյանը

четверг, 28 августа 2014 г.

Գ. Ի. Գյուրջիև - «Հանդիպումներ հիշարժան մարդկանց հետ»

ՄԻՍՏՐ ԻՔՍ ԿԱՄ ՆԱՎԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ
(հատված)

...Երկու տարի անց, մի գեղեցիկ օր Պողոսյանը հայտնվեց Թիֆլիսում, որտեղ այդ ժամանակ ես ապրում էի, և եկավ ինձ տեսակցության: Նա արդեն ավարտել էր ճեմարանը, կարճ ժամանակով եղել էր Կարսում՝ ծնողների մոտ, և հիմա պետք է ամուսնանար միայն այն բանի համար, որ իրեն եկեղեցական համայնք տրվի: Ծնողները նրա համար արդեն հարսնացու էին գտել, բայց նա դեռևս տատանվում էր՝ չիմանալով, թե ինչ որոշի: Այդ օրերը նա անցկացրեց գրքեր կլանելով, որոնք ես էի նրան մատակարարում: Երբ ես աշխատանքից տուն էի գալիս (որպես հնոցապան էի աշխատում Թիֆլիսի երկաթգծի կայարանում), մենք շատ անգամ զբոսնում էինք Մուշտաիդի ընդարձակ տարածքներում և երկար խոսում ու զրուցում իրար հետ:
Մուշտաիդում այդպիսի զբոսանքներից մեկի ժամանակ ես Պողոսյանին կատակով առաջարկեցի ինձ հետ միասին աշխատել երկաթգծի կայարանում և շատ զարմացա, երբ հաջորդ օրը նա տվեց իր համաձայնությունը և ինձ խնդրեց, որ օգնեմ գործի ընդունվել: Ես չփորձեցի հետ համոզել և մի գրությամբ նրան ուղարկեցի իմ ընկեր ինժեներ Յարոսլևի մոտ, որն էլ իր հերթին անմիջապես նրան իր երաշխավորությունը տվեց երկաթգծի վարպետի մոտ: Եվ արդյունքում Պողոսյանն աշխատանքի ընդունվեց որպես փականագործի օգնական:
Այդպես շարունակվեց մինչև հոկտեմբեր: Պողոսյանը չէր պատրասվում վերադառնալ իր նախկին կյանքին: Մի անգամ Յարոսլևի տանը ես ծանոթացա նրա ծանոթներից մեկի՝ ինժեներ Վասիլևի հետ, որը նոր էր եկել Կովկաս, որպեսզի հետախուզական աշխատանքներ կատարի երկաթգծի նոր պլանավորվող մի ճյուղավորումում՝ Թիֆլիսի ու Ղարաքիլիսայի միջև: Մեր ծանոթությունից մի քանի օր հետո Վասիլևն ինձ առաջարկեց իր հետ մեկնել որպես թարգմանիչ: Առաջարկված վարձատրության չափը շատ հրապուրիչ էր, քանի որ չորս անգամ գերազանցում էր իմ ստացածը: Էլ չասած, որ հնոցապանի իմ աշխատանքն ինձնից շատ ուժեր ու ժամանակ էր խլում: Ես Պողոսյանին առաջարկեցի մեզ հետ մեկնել՝ համապատասխան պաշտոն ստանձնելով, բայց նա մերժեց իմ առաջարկը, քանի որ իր ներկա աշխատանքով շատ էր հետաքրքրված և ուզում էր շարունակել այդ գործը:
Մեր այդ արշավը տևեց երեք ամիս: Մենք ոտատակ տվեցինք Թիֆլիսի ու Ղարաքիլիսայի միջև ընկած բոլոր հարթավայրերը, և այդ ընթացքում ես վատ չվաստակեցի, քանի որ աշխատավարձից բացի լրացուցիչ եկամուտի որոշ չափով կասկածելի մի քանի աղբյուրներ էլ ունեցա: Նախապես իմանալով, թե կոնկրետ ո՛ր բնակավայրերով է անցնելու պլանավորվող երկաթգծի ճյուղավորումը՝ ես իմ վստահելի մարդուն ուղարկում էի այդ փոքրիկ քաղաքների կամ գյուղերի տեղական իշխանությունների ներկայացուցիչների մոտ և առաջարկում այնպես «դասավորել», որ երկաթգիծն անցնի իրենց բնակավայրով: Որպես կանոն՝ իմ առաջարկն ընդունվում էր, և ես իմ «ծառայության» դիմաց համապատասխան պարգևատրում էի ստանում, ինչը երբեմն բավական շոշափելի գումար էր կազմում:
Նախքան Թիֆլիս վերադառնալս պարզ դարձավ, որ ես նյութապես բավականաչափ ապահովված եմ, որպեսզի ամբողջությամբ նվիրվեմ այն գերբնական երևույթներն ուսումնասիրելու գործին, որոնք ինձ հետաքրքրում էին:
Պողոսյանը, որն այդ ժամանակ արդեն փականագործ վարպետ էր դարձել, հիմա ավելի շատ ազատ ժամանակ ուներ ընթերցանությանը նվիրելու համար: Վերջին ժամանակներում նա հատկապես սկսել էր հետաքրքրվել հին հայկական գրականությամբ և հսկայական քանակությամբ գրքեր էր կլանում այդ թեմայով:
Մենք միաժամանակ այն եզրակացությանը հանգեցինք, որ մեր նախնիներն «ինչ-որ բան» են իմացել, և այդ գիտելիքն անվերադարձ կորսվել է: Ժամանակակից գիտությունը բանալի չունի այդ գաղտնիքը բացելու համար: Հիասթափվելով ժամանակակից գիտական գրականությունից և չգտնելով բազմաթիվ հարցերի պատասխանները՝ մենք մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրինք հին գրականության վրա: Քանի որ հնարավորություն ունեինք աշխատելու հինավուրց գրքերի հսկա հավաքածուի հետ, մենք շատ նոր բաներ կարողացանք քաղել: Հետո մենք որոշեցինք վերադառնալ Ալեքսանդրապոլ և այնտեղ մի մեկուսի տեղ գտնել, որ կարողանանք մեր ժամանակն ամբողջությամբ նվիրել հնադարյան գրքեր կարդալուն: Այդպիսի տեղ մեզ համար դարձան Անի քաղաքի ավերակները, որոնք գտնվում էին Ալեքսանդրապոլից մոտ երեսուն մղոն հեռավորության վրա: Ավերակների մեջ մենք մեզ համար խրճիթ պատրաստեցինք, իսկ սնունդը գնում էինք մոտակայքում գտնվող գյուղակներից ու հովիվներից:
Անին Բագրատունիների մայրաքաղաքն էր դարձել 961 թվականին: 1046 թ.-ին այն զավթել են բյուզանդացիները, և այդ ժամանակ Անին կոչվում էր նաև Հազար եկեղեցիների քաղաք: Ավելի ուշ քաղաքը նվաճել են թուրք-սելջուկները, իսկ 1125-1209 թվականների միջև հինգ անգամ գրավվել է Վրաստանի կողմից. 1239 թ-ին Անին զավթել են մոնղոլները, այնուհետև 1313 թ-ի երկրաշարժից քաղաքն ամբողջովին ավերվել է: Ավերակների մեջ կիսաքանդ վիճակում են Կաթողիկոսի նստավայրը, որը կառուցվել է 1010 թ-ին, 11-րդ դարի երկու եկեղեցիներ և մի եկեղեցի, որը կառուցվել է 1215 թ-ին:
Չեմ կարող լռության մատնել մի փաստ, որը կարող է հետաքրքրել իմ ընթերցողներին: Հայոց մայրաքաղաք Անիին վերաբերող տարեթվերը միակ տեղեկատվությունն է, որ ես քաղել եմ պաշտոնական աղբյուրներից: Դա առաջին և վերջին անգամն է, որ ես դիմել եմ հանրագիտարանի օգնությանը:
Գոյություն ունի հինավուրց մի առասպել այն մասին, թե երկար ժամանակի ընթացքում Հազար եկեղեցիների քաղաք կոչված Անին ինչու է հետագայում սկսել կոչվել Հազար և մեկ եկեղեցիների քաղաք: Մի անգամ հովիվներից մեկի կինը բողոքում է ամուսնուն, թե եկեղեցում հավաքվող ամբոխի աղմուկն ու իրարանցումը խանգարում են իրեն, որ ամբողջությամբ տրվի աղոթքի: Եվ ահա այդ հովիվը, կնոջ տրտունջները փարատելու նպատակով մի առանձին եկեղեցի է կառուցում նրա համար: Պետք է ասեմ, որ այն ժամանակներում «հովիվ» բառը մի փոքր այլ բովանդակություն ուներ. նախկինում հովիվներն իրենց արածեցրած հոտերի իրական տերերն էին և հաճախ շատ հարուստ էին լինում: Երբ այդ հովիվն ավարտում է եկեղեցու շինարարությունը, այն անվանում է հովվի կին Փիրուզի եկեղեցի, և այդ ժամանակից սկսած՝ Անին սկսում է կոչվել Հազար և մեկ եկեղեցիների քաղաք: Որոշ աղբյուրներ վկայում են, թե հովվի կառուցած այդ եկեղեցուց դեռ շատ առաջ այդ քաղաքում արդեն հազարից ավելի եկեղեցիներ են եղել, սակայն պեղումերի արդյունքում հայտնաբերված քարի վրայի գրառումները հաստատում են հարուստ հովվի և նրա բարեպաշտ կնոջ պատմության իսկությունը:
Հինավուրց քաղաքի փլատակների մեջ ապրելով և ամբողջ մեր ժամանակն ընթերցանությամբ ու քննարկումներով անցկացնելով՝ մենք երբեմն հանգստի համար պեղումներով էինք զբաղվում այն հույսով, որ ինչ-որ հետաքրքիր բան կգտնենք, քանի որ փլատակների տակ շատ ստորգետնյա անցուղիներ կային: Մի անգամ մենք այդպիսի անցուղիներից մեկում մի տեղի հանդիպեցինք, որի հողաշերտն իր բնույթով տարբերվում էր: Շարունակելով փորփրել, մենք նեղ մի անցք գտանք, որի մյուս ծայրը փակված էր քարերով: Քարերը հեռացնելուց հետո մենք տեսանք մի փոքրիկ սենյակ, որի կամարները ժամանակի ազդեցության տակ ճկվել էին: Դա վանականի համարյա դատարկ խուց էր, որի հատակին կավե անոթի կտորտանք կար ու փայտի փոշի, որ, անկասկած, ինչ-որ փայտե կահույքից էր մնացել: Դարակի նմանվող մնացորդների մեջ մենք հայտնաբերեցինք հին մագաղաթների մի կույտ: Դրանց որոշ մասը փոշու էր վերածվել, բայց կային նաև քիչ թե շատ պահպանված նմուշներ: Ծայրահեղ զգուշությամբ մենք դրանք հասցրինք մեր խրճիթը և փորձեցինք կարդալ: Պարզվեց, որ դրանք գրված են մի լեզվով, որը սկզբում մեզ հայերեն թվաց, բայց որևէ բառ հասկանալ հնարավոր չեղավ: Թեև ինչպես ես, այնպես էլ Պողոսյանը կատարելապես տիրապետում էինք հայերենին, բայց այդ գրառումները հասկանալու մեր փորձերն ապարդյուն անցան, քանի որ դրանք գրված էին շատ հին հայերենով, որը քիչ ընդհանուր բան ուներ ժամանակակից հայերենի հետ: Մագաղաթներն այնքան շարժեցին մեր հետաքրքրասիրությունը, որ մենք, դրանք մեզ հետ վերցնելով, շտապ վերադարձանք Ալեքսանդրապոլ և շատ օրեր ու գիշերներ ծախսեցինք դրանք վերծանելու վրա: Վերջապես, հսկայական ջանքեր գործադրելուց և հաճախակի գրաբարի գիտակների օգնությանը դիմելուց հետո մեզ հաջողվեց ինչ-որ բաներ պարզել: Դրանք նամակներ էին, որոնք մի վանական ուղարկել էր մյուսին՝ ոմն հայր Երեմի: Մեզ հատկապես հետաքրքրեց դրանցից մեկը, որը հանելուկային բնույթ ուներ: Այդ մագաղաթը, ցավոք, շատ էր վնասված և որոշ բառեր բացարձակապես հնարավոր չէր կարդալ, բայց մենք արդեն բավական փորձառու էինք դարձել վերծանության գործում: Ամենաշատը մեզ այդ պատմական փաստաթղթի ավարտական մասը հետաքրքրեց և ոչ՝ դրա սկզբնամասը: Սկսելով սովորական երկարաշունչ ողջույնի խոսքերով՝ նամակագիրն իր նամակն ավարտում էր երջանկություն մաղթելով և բարեհաջող կյանք էր կամենում այն վանքում, որում հավանաբար ապրում էր հայր Երեմը: Այդ նամակի վերջնամասում կար մի տեղեկություն, որը հատկապես գրավեց մեր ուշադրությունը: Այն այսպիսին էր. «Մեր պատվելի հայր Թելվանտը վերջապես իմացավ ճշմարտությունը Սարմունգյան եղբայրության մասին: Նրանց միաբանությունն  իսկապես հիսուն տարի առաջ գոյություն է ունեցել Սիրանուշ քաղաքի մերձակայքում, և ժողովուրդների տեղահանության ժամանակ նրանք էլ են գաղթել ու հաստատվել Իզրումինի դաշտավայրում՝ Նիվսիից երեք օրվա հեռավորության վրա»: Դրանից հետո նամակագիրն անցնում էր ուրիշ, ավելի քիչ հետաքրքիր նյութերի:
Մեզ ամենաշատն ապշեցրել էր այն, որ «Սարմունգ» բառը, որը հանդիպում է «Մերկ Հավատ» կոչվող գրքում, հայտնի էզոթերիկական դպրոցի անվանումն է, որը, համաձայն պատմական աղբյուրների վկայության, Քրիստոսի Ծննդից 2500 տարի առաջ կազմավորվել է Բաբելոնում, ինչպես նաև մ.թ. 6-7 դարերի ընթացքում ծաղկում է ապրել Մեսոպոտամիում ինչ-որ տեղ: Ուրիշ վկայություններ այդ մասին չկան:
Այդ էզոթերիկական ուսմունքը, որի մեջ հսկայական գիտելիքներ են կենտրոնացված, տալիս է բազմաթիվ գաղտնիքների լուծման բանալին: Ես ու Պողոսյանը վաղուց էինք հետաքքրված այդ ուսմունքով և երազում էինք ավելի ամբողջական ու հավաստի տեղեկություններ ստանալ դրա մասին: Եվ ահա, մեզ համար լրիվ անսպասելի, այդ էզոթերիկական դպրոցի մասին հիշատակություն գտանք այդ հինավուրց մագաղաթներում: Բայց հիշատակությունից բացի ուրիշ տեղեկություններ չկային, և մենք այդպես էլ ոչ մի նոր բան չիմացանք:
Եվս մի քանի օր համառ որոնումներ կատարելուց հետո մենք պարզեցինք հետևյալը: Մոտավորապես վեցից յոթերորդ դարերում ասորիների հետնորդ այսորներին բյուզանդացիները Մեսոպոտամիից քշել են Պարսկաստան: Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել հենց մեր գտած  նամակները գրելու ժամանակներում: Մենք կարողացանք պարզել, որ ներկայիս Մոսուլ քաղաքը՝ նախկին Նիեվիա պետության մայրաքաղաքը, այն ժամանակ կոչվել է Նիվսի, և որ ներկայումս այդ քաղաքի ու նրա մերձակայքի բնակչությունը հիմնականում կազմված է այսորներից: Եթե այդ էզոթերիկական դպրոցն իսկապես այն ժամանակ գոյություն է ունեցել, ապա այն միայն այսորական դպրոց կարող էր լինել: Եվ եթե հիմա այդ ուսմունքի հետևուրդներ կան, ապա նրանց պետք է փնտրել այսորական միջավայրում: Նկատի ունենալով մագաղաթում նշված երեք օրվա ճանապարհի հեռավորությունը Մոսուլ քաղաքից, մենք որոշեցինք, որ այդ վայրը պետք է գտնվելիս լինի Ուրմիայի և Քրդստանի արանքում ինչ-որ տեղ, որը հույս ունեինք փնտրել և գտնել առանց մեծ դժվարության: Այդ վայրը գտնելը դարձավ մեր կյանքի նպատակը:
Այսորները, որոնք, ինչպես արդեն նշեցի, ծագել են ասորիներից, ներկայումս ցրված են ամբողջ աշխարհով մեկ: Նրանցից շատերն ապրում են Անդրկովկասում, հյուսիս-արևմտյան Պարսկաստանում և արևելյան Թուրքիայում, ինչպես նաև ամբողջ Միջին Ասիայի տարածքում: Համարվում է, որ նրանց քանակը մոտ երեք միլիոն է: Նրանց մեծ մասը նեստորականներ են, այսինքն չեն ընդունում Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթը, մնացածները վահաբականներ են, կաթոլիկներ, գրիգորյաններ: Նրանց մեջ նաև կան սատանայապաշտներ, սակայն մեծ թիվ չեն կազմում:
Վերջին ժամանակներում տարբեր կրոնների քարոզիչներ հաճախ փորձում են այսորներին իրենց հավատքին դարձնել, սակայն արժանին պետք է մատուցել այսօրներին. նրանք ոչ միայն ձևացնում են, թե դավանափոխ են եղել, այլև կարողանում են նյութական շահ կորզել դրանից, ինչն արդեն խոսելիք է դարձել ուրիշ ազգերի միջավայրում: Անկախ կրոնական տարբերություններից՝ դավանափոխության այդ ամբողջ մրցավազքը կառավարվում է Արևելյան Հնդկաստանից:
Այսորներն ապրում են ոչ մեծ գյուղակներում, իշխանական գործառույթներն իրականացնում են հոգևոր անձինք: Մի քանի գյուղակներ կազմում են ցեղական համայնք, որը կառավարում է իշխանը, կամ, ինչպես իրենք են ասում, մելիքը: Բոլոր մելիքները ենթարկվում են նահապետին, որի իշխանությունը ժառանգաբար փոխանցվում է հորեղբորից եղբորորդուն. ընդունված է համարել որ այն սկիզբ է առել Սիմոնից՝ Հիսուս Քրիստոսի եղբորից: Հարկ է հիշատակել, որ այսորները խիստ տուժել են առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խաղալիք դառնալով ռուսական ու անգլիական քաղաքական գործիչների ձեռքին: Յուրաքանչյուր երկրորդ այսորն սպանվել է քրդերի և պարսիկների վրիժառությունից, իսկ կենդանի մնացածները փրկվել են միայն ամերիկյան հյուպատոս դոկտոր Յ.-ի գործողությունների շնորհիվ: Եթե այդ պատվարժան մարդը դեռ ապրում է, ապա հարկ է, որ այսորները պատվո պահակ կանգնեն նրա տան դռանը, իսկ եթե արդեն մեռած է, ապա արժե, որ նրա արձանը կանգնեցնեն իր հայրենիքում:
Այն ժամանակահատվածում, երբ ես և Պողոսյանը պատրաստվում էինք դուրս գալ գիտարշավի, տեղի հայերի շրջանում թափ էր առնում ազգային հիմքով քաղաքական շարժում: Հայերի շուրթերին այն մարդկանց անուններն էին, որոնք կռվում էին Հայաստանի ազատագրության համար. հատկապես հաճախ էր լսվում պատանի Անդրանիկի անունը, որը հետագայում դարձավ ազգային հերոս:
Ամենուրեք ինչպես Թուրքիայի ու Պարսկաստանի, այնպես էլ Ռուսաստանի հայերը կազմավորում էին քաղաքական կազմակերպություններ, որոնք, սակայն, այդպես էլ չկարողացան համախմբվել: Դրսից տարվող քաղաքականությունը, որի հիմնական նշանաբանն էր՝ «բաժանիր, որ տիրես», երկպառակություն մտցրեց ազգային ազատագրական շարժման կողմնակիցների շարքերում:
Մի անգամ` վաղ առավոտյան, երբ ես սովորականի պես գնում էի Արփաչայ գետում լողանալու, կես ճանապարհին՝ Կարակուլի կոչվող վայրում իմ հետևից հասավ Պողոսյանը և հայտնեց, որ մի օր առաջ` վանահայր Զ.-ի հետ զրուցելիս ինքը իմացել է, որ Հայկական կոմիտեն մտադիր է իր կուսակցության անդամների թվից կամավորներ հավաքագրել և հատուկ առաքելությամբ նրանց ուղարկել Մուշ:

«Իմ գլխում միտք ծագեց,– շարունակեց Պողոսյանը,– որ մենք կարող ենք այդ հանգամանքից օգտվել մեր նպատակներին հասնելու համար, այսինքն՝ դրանից օգտվելով փորձենք գտնել դեպի Սարմունգյան եղբայրություն տանող ճանապարհը»...

среда, 20 августа 2014 г.

Ե. Պ. Բլավատսկայա - «Գաղտնի Վարդապետության» առաջաբանը


 (թարգմանության սևագիր հատված)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

«Խոնարհ լսել, բարով դատել...»
Շեքսպիր

Անգլիայում թեոսոֆիական գրականության ի հայտ գալուց հետո սովորական դարձավ այդ ուսմունքն «էզոթերիկական բուդդիզմ» անվանելը: Եվ սովորություն դառնալը հաստատեց այն հին ասացվածքը, որը հիմնված է ամենօրյա փորձի վրա՝ «Մոլորությունը ցած է սահում թեք հարթության վրայով, մինչդեռ ճշմարտությունը պետք է դժվարությամբ ուղի հարթի դեպի լեռնագագաթ»:
Հինավուրց ճշմարտաբանությունները հաճախ ամենաիմաստունն են: Մարդկային միտքը հազիվ թե կարողանա զերծ մնալ նախապաշարմունքներից, և վճռորոշ, հաստատված կարծիքները հաճախ ձևավորվում են ավելի շուտ, քան տվյալ առարկան կհասցնի իր բոլոր կողմերով հիմնավորապես հետազոտվել: Ասվածը վերաբերում է նաև այն տիրապետող մոլորությանը, որը մի կողմից՝ թեոսոֆիան սահմանափակում է բուդդիզմով, իսկ մյուս կողմից՝ Հաութամա Բուդդայի քարոզած կրոնական փիլիսոփայության դրույթները խառնում է վարդապետությունների հետ, որոնք պ-ն Սինեթն առատորեն շաղ է տվել իր «Էզոթերիկական բուդդիզմ» գրքում: Դրանից ավելի մեծ սխալմունք դժվար է պատկերացնել: Դա մեր թշնամիների ձեռքն ուժեղ զենք տվեց ընդդեմ թեոսոֆիայի, քանի որ, ինչպես հայտնի գիտնականներից մեկն է սրամիտ արտահայտվել, նշված գրքում «ո՛չ էզոթերիզմ կա, ո՛չ էլ բուդդիզմ»: Պ-ն Սինեթի աշխատության մեջ բերված էզոթերիկական ճշմարտությունները դադարեցին էզոթերիկական լինել հենց դրանց հրապարակման պահին. գիրքը չի տալիս նաև Բուդդայի դավանաբանությունը, այլ միայն մինչև այժմ գաղտնի ուսմունքի որոշ դրույթներ, որոնք ներկա հատորներում բացատրվում և լրացվում են ուրիշ շատ դրույթներով: Բայց անգամ դրանք, թեև բացում են Արևելքի Գաղտնի Վարդապետության շատ հիմնարար թեզիսներ, այնուհանդերձ միայն մի փոքր բարձրացնում են թանձր ծածկույթի եզրը: Քանզի ոչ ոք՝ անգամ ապրող Ադեպտներից մեծագույնը, ուզենար էլ, չէր կարողանա առանց պարզելու անհավատ աշխարհի ծաղրին ներկայացնել այն, ինչը երկար դարագլուխների ու դարերի ընթացքում այդքան խնամքով թաքցվել է այդ աշխարհից:
Սինեթի «Էզոթերիկական բուդդիզմը» շատ անհաջող վերնագրով հրաշալի աշխատություն է, թեև այդ վերնագիրը նույն բանը նկատի ունի, ինչ այս աշխատության վերնագիրը՝ «Գաղտնի Վարդապետություն»: Վերնագրի անհաջող լինելը պայմանավորված է նրանով, որ մարդիկ սովոր են իրերի մասին դատել ավելի շատ արտաքինից, քան դրանց նշանակությունից ելնելով, և նրանով, որ այդ սխալն այնքան ընդհանրական դարձավ, որ նույնիսկ Թեոսոֆիական ընկերության անդամները դարձան այդ սխալ պատկերացման զոհերը: Սակայն հենց սկզբից բրահմիններն ու շատ ուրիշներ բողոքեցին նման վերնագրի դեմ: Եվ հանուն արդարության ես պետք է ավելացնեմ, որ «Էզոթերիկական բուդդիզմն» ինձ ներկայացվեց իր ավարտուն տեսքով, և ես բոլորովին չէի պատկերացնում, թե հեղինակն ինչպես է մտադիր գրել «բուդհիզմ» բառը:
Այդ սխալի պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա, ովքեր առաջինը հասարակական ուշադրությունը հրավիրեցին այդ թեմաների վրա և հոգ չտարան ցույց տալու այն տարբերությունը, որ կա «բուդդիզմ» բառի՝ էթիկայի այն կրոնական համակարգի միջև, որ քարոզվել է Վեհապետ Հաութամայի կողմից և կոչվել նրա անունով՝ Պայծառակերպված Buddha, և «բուդհիզմ» բառի միջև, որը ծագել է իմաստություն կամ գիտելիք (Vidyā) նշանակող Budha բառից, որի սանսկրիտական արմատը buth-ն է՝ իմացության կամ ճանաչողության ունակությունը: Մենք ինքներս՝ Հնդկաստանի թեոսոֆիստներս ենք իսկական մեղավորները, թեև հետագայում գործադրեցինք բոլոր ջանքերը, որպեսզի այդ սխալն արմատախիլ արվի[1]: Այդ ցավալի թյուրիմացությունից հեշտ էր խուսափելը. հարկավոր էր միայն երկկողմանի համաձայնության գալով փոխել բառի ուղղագրությունը և «բուդդիզմ» բառի փոխարեն գրել «բուդհիզմ»: Բայց այդ եզրույթը ճիշտ չէ, քանի որ անգլերենով պետք է գրվեր և կարդացվեր «բուդդաիզմ», իսկ դրա հետևորդները կոչվեին «բուդդայականներ»:
Այս բացատրությունը կատարյալ անհրաժեշտություն է այնպիսի աշխատության սկզբում, ինչպիսին ներկա աշխատությունն է: Իմաստության կրոնն ամբողջ աշխարհի ժողովուրդների ժառանգությունն է՝ հակառակ «Էզոթերիկական բուդդիզմում»[2] բերված այն պնդմանը, թե՝ «սրանից երկու տարի առաջ (1883 թ.-ից) ոչ միայն ես, այլև ներկայիս եվրոպացիներից ոչ մեկն անգամ այն գիտության այբուբենը չգիտեր, որն այստեղ առաջին անգամ շարադրված է գիտական տեսքով...» և այլն: Այդ մոլորությունը հավանաբար սպրդել է անփութության պատճառով: Սույն աշխատության հեղինակին հայտնի էր այն ամենը, ինչ «ժողովրդականացված» է «Էզոթերիկական բուդդիզմում», դրանից անհամեմատ շատ ավելին և շատ տարիներ ավելի շուտ, քան նրա պարտքը դարձավ Գաղտնի Վարդապետության մի փոքր մասը փոխանցելու երկու եվրոպացիների, որոնցից մեկն էլ հենց «Էզոթերիկական Բուդիզմի» հեղինակն էր. և, իհարկե, այս տողերի հեղինակն օժտված է անվիճելի (թեև հենց իր համար բավականին երկիմաստ) առավելությամբ՝ ունենալու եվրոպական ծագում և կրթություն: Բացի այդ, Սինեթի կողմից շարադրված փիլիսոփայության մեծ մասը, անգամ «Քողազերծված Իսիդայի» հրատարակումից առաջ,  Ամերիկայում ուսուցանվել է երկու եվրոպացիների և իմ գործակից գնդապետ Գ. Ս. Օլքոթին: Վերջինիս երեք Ուսուցիչներից առաջինը հունգարացի Ձեռնադրյալ էր, երկրորդը՝ Եգիպտացի, երրորդը՝ Հնդիկ: Հատուկ թույլտվություն ստանալուց հետո գնդապետ Օլքոթը տարբեր եղանակներով փոխանցել է որոշ ուսմունքներ: Եթե մյուս երկուսը նույն բանը չեն արել, ապա պարզապես այն պատճառով, որ դրա թույլտվությունը չեն ստացել, քանի որ նրանց հասարակական աշխատանքի ժամանակը դեռ չէր հասել: Բայց ոմանց համար այդ ժամանակը հասել էր, և որպես դրա ապացույց կարող են ծառայել պ-ն Սինեթի աշխատությունները: Դրանից զատ՝ պետք է նկատի ունենալ ամենագլխավորը, որ ոչ մի թեոսոֆիական գիրք դույզն-ինչ անգամ լրացուցիչ արժեքավորվում չի ստանում հեղինակություններ վկայակոչելու շնորհիվ:
Ադին կամ Ադհի Բուդհան՝ Համընդհանուր կամ Նախասկզբնական ու Ամենաբարձրագույն Իմաստությունը՝ մի եզրույթ, որն օգտագործել է Արիասանգհան իր գաղտնախորհուրդ գրվածքներում, ներկայումս օգտագործվում է Հյուսիսային բուդդիզմի բոլոր միստիկների կողմից: Այդ սանսկրիտական եզրույթով ամենավաղ շրջանի արիացիներն անվանել են Անիմանալի Աստվածությանը: «Բրահմա» բառը չի հանդիպում ո՛չ վեդաներում, ո՛չ ուրիշ վաղեմի աշխատություններում. այն նշանակում է Բացարձակ Իմաստություն, և Ադիբհուտա բառը Ֆիտցէդվարդ Հոլը թարգմանել է որպես «Ամենայնի մշտնջենական, ոչ արարյալ պատճառ»: Անասելի երկարատև դարագլուխներ պետք է անցնեին, նախքան Բուդդա մականունը դառնար այնքան, այսպես ասած, մարդեղենացված, որ այդ եզրույթն իրավունք ստանար կիրառվելու մահկանացուների համար և վերջապես տրվեր Նրան, ում անգերազանցելի բարեմասնություններն ու գիտելիքներն արժանի դարձրին Նրան կրելու «Անսասան Իմաստության Բուդդա» տիտղոսը: «Բոդհա» բառը նշանակում է աստվածային բանականության կամ հասկացողության ի ծնե առկայություն, իսկ Բուդդա բառը՝ դրա ձեռքբերումը սեփական ջանքերով ու նվաճումներով, մինչդեռ Բուդհան՝ ճանաչողության ունակությունն է՝ մի անցուղի, որով աստվածային գիտելիքը հասնում է Էգոյին. այն է՝ բարու և չարի զանազանումը, ինչպես նաև աստվածային խիղճն ու ոգեղեն հոգին, որն Աթմայի համար որպես փոխանցիչ է ծառայում: «Երբ Բուդհին կլանում է մեր էգոտիզմը (ոչնչացնում է այն)՝ իր բոլոր վիկարաներով հանդերձ, մեզ հայտնի է դառնում Ավալոկիտեշվարան, և մենք հասնում ենք Նիրվանայի և  Մուկտիի վիճակներին»: Մուկտին նույնն է, ինչ Նիրվանան՝ մայայի կամ պատրանքի կապանքներից ազատագրվելը: Բոդհի է կոչվում նաև հոգեզմայլանքի հատուկ վիճակը, որին սամադհի են ասում, և որի ժամանակ սուբյեկտը հասնում է հոգևոր գիտելիքի բարձրագույն աստիճանին:
Խելակորույս են նրանք, ովքեր իրենց կույր ու մեր դարաշրջանի համար ժամանակավրեպ ատելությամբ առ բուդդիզմը և բուդիզմի նկատմամբ հակազդեցությամբ ժխտում են դրա էզոթերիկական ուսմունքները, որոնք նաև բրահմինների ուսմունքներն են՝ միայն այն պատճառով, որ դրա անվանումն ասոցացվում է այն սկզբունքների հետ, որոնք իրենք, լինելով միաստվածության կողմնակիցներ, դիտարկում են որպես չարանենգ վարդապետություններ: «Խելակորույս» բառն այս դեպքում ճիշտ ընտրված եզրույթ է: Քանզի կոպիտ ու հակատրամաբանական մատերիալիզմի մեր դարաշրջանում սոսկ էզոթերիկական փիլիսոփայությունն է ունակ դիմակայելու այն ամենի նկատմամբ կրկնական հարձակումներին, ինչ մարդն իր ներքին հոգևոր կյանքում համարում է ամենաթանկն ու սրբազանը: Էզոթերիկական իմաստություն ուսումնասիրող ճշմարիտ փիլիսոփան կատարելապես ձերբազատվում է անձերից, դոգմատիկ հավատքից և առանձնահատուկ կրոններից: Էզոթերիկական փիլիսոփայությունը հաշտեցնում է բոլոր կրոնները և դրանցից յուրաքանչյուրի վրայից հանում է արտաքին, մարդկային թաղանթը, ցույց է տալիս դրանցից ամեն մեկի արմատի նույնականությունը ցանկացած ուրիշ մեծ կրոնի հիմքի հետ: Այն ապացուցում է Բնության մեջ Աստվածայինի և Բացարձակ Սկզբունքի անհրաժեշտությունը: Նաև այն չի ժխտում Աստվածությունը, ինչպես և Արևը: Էզոթերիկական փիլիսոփայությունը երբևէ չի մերժել «Աստծուն Բնության մեջ», ինչպես և Աստվածությանը՝ որպես բացարձակ ու վերացական Էություն: Այն միայն հրաժարվում է ընդունել, այսպես կոչված, միաստվածական կրոնների աստվածներին, որոնց մարդը ստեղծել է ըստ իր պատկերի և նմանության, և որոնք Մշտնջենական-Անիմանալի Աստծո սրբապիղծ ու ողբալի ծաղրանկարներն են: Բացի այդ, այն արձանագրությունները, որոնք մենք մտադիր ենք ներկայացնելու ընթերցողին, ընդգրկում են ամբողջ աշխարհի էզոթերիկական վարդապետությունները՝ սկսած մարդկության ծագումից, իսկ բուդդիստական օկուլտիզմն այդ ամենում զբաղեցնում է միայն իր օրինական տեղը՝ ոչ ավելին:
Հիրավի, Հաութամայի մետաֆիզիկայի Դան կամ Ջաննա (Դհիանա)[3] կոչվող գաղտնախորհուրդ մասերը, որքան էլ բարձր համարվեն Իմաստության կրոնի վարդապետություններին անգիտակ անձանց համար, ընդամենը ամբողջի չնչին մասն են կազմում: Հնդիկ Բարեփոխիչն իր ընդհանուր Ուսմունքը սահմանափակել է Իմաստության կրոնի զուտ բարոյական և ֆիզիոլոգիական ասպեկտներով՝ մարդ էակով և էթիկայով: «Անտեսանելի և աննյութական» բաները, մեր երկրային ոլորտի սահմաններից դուրս գտնվող Լինելիության գաղտնիքները նա բոլորովին չի շոշափել զանգվածների հետ ունեցած իր շփումներում՝ գաղտնախորհուրդ ճշմարտությունները պահելով միայն իր Արհատների ընտրյալ շրջապատի համար: Վերջիններս ձեռնադրում են ստացել Սապտապարնա (Մահավանսայի Սատտապանի)  կոչվող նշանավոր քարանձավում՝ Բայբհահար լեռան մոտակայքում (պալիական ձեռագրերում՝ Վեբհարա): Այդ քարանձավը ժամանակին գտնվել է Ռաջագրիհայում՝ Մոգադհայի հինավուրց մայրաքաղաքում, և համընկնում է հենց այն Չետա կոչված քարանձավի հետ, որը հիշատակում է չինացի ուխտագնաց Ֆա-Հյանը, ինչպես ենթադրում են որոշ հնէաբաններ[4]:
Ժամանակն ու մարդկային երևակայությունն արագորեն աղճատել են այդ ուսմունքի անաղարտությունն ու փիլիսոփայությունը, այն բանից հետո, երբ Արհատների գաղտնի ու սրբազան շրջապատից նրանց լուսավորչական գործունեության ընթացքում այն դուրս է բերվել մետաֆիզիկական պատկերացումների առումով ավելի անպատրաստ միջավայր, քան Հնդկաստանն է, ինչպիսիք են՝ Չինաստանը, Ճապոնիան, Սիամը և Բիրման: Թե ինչպես են վարվել այդ մեծ հայտնությունների սկզբնական անաղարտության հետ՝ կարելի է տեսնել, ուսումնասիրելով, այսպես կոչված, «էզոթերիկական» բուդդիստական հինավուրց դպրոցներն իրենց ժամանակակից հանդերձանքով՝ ոչ միայն Չինաստանում և ուրիշ բուդդայական երկրներում ընդհանրապես, այլև նույնիսկ Տիբեթի այն դպրոցներում, որոնք հանձնվել են չձեռնադրված լամաների ու մոնղոլական նորարաների հոգածությանը:
Ուստի ընթերցողը պետք է նկատի ունենա, որ շատ կարևոր տարբերություն գոյություն ունի օրթոդոքսալ բուդդիզմի՝ Հաութամա Բուդդայի ընդհանրական ուսմունքի և Նրա Էզոթերիկական բուդհիզմի միջև: Այնուհանդերձ, Նրա Գաղտնի Վարդապետությունը ոչնչով չի տարբերվել Նրա օրոք ապրած ձեռնադրյալ բրահմինների Վարդապետությունից: Բուդդան ծնվել էր Արիացիների Երկրում, ծագումով հնդիկ էր և պատկանում էր քշատրիների կաստային: Նա եղել է «երկու անգամ ծնվածների» կամ Դվիժայի  (ձեռնադրյալ բրահմինների) հետևորդ: Ուստիև Նրա Ուսմունքը չէր կարող տարբերվել նրանց վարդապետություններից. ամբողջ բուդդիստական ռեֆորմի իմաստը սոսկ այն մասի դուրս հանման մեջ էր, որը բոլորից գաղտնի էր պահվում, բացառությամբ ճգնավորների և Տաճարի Ձեռնադրյալների կախարդված շրջանակից: Երդման պատճառով ի վիճակի չլինելով փոխանցել այն ամենը, ինչ հաղորդվել էր Իրեն՝ Բուդդան, թեև ճշմարիտ էզոթերիկական գիտելիքի վրա հիմնված փիլիսոփայություն է ուսուցանել, բայց աշխարհին տվել է սոսկ այդ ամենի նյութական պատկերը, իսկ հոգին պահել է իր ընտրյալների համար: Արևելագետների շարքում կան շատ չինացի գիտնականներ, որոնք լսել են ինչ-որ «Հոգու Վարդապետության» մասին: Բայց ոչ ոք չի հասկացել դրա ճշմարիտ իմաստն ու նշանակությունը:
Այդ վարդապետությունը, գուցե թե չափազանց ջանադիր գաղտնապահությամբ, պահպանվել է սրբարաններում [սրբություն սրբոցներում-h.թ.]: Դրա գլխավոր դոգման ու նկրտումը՝ Նիրվանան, պարուրած գաղտնիքն այնպես է գայթակղել ու գրգռել այն հետազոտող գիտնականների հետաքրքրասիրությունը, որ, ի վիճակի չլինելով դա բացել տրամաբանորեն ու բավարար չափով՝ քանդելու փոխարեն ուղղակի կտրատել են դրա Գորդյան հանգույցը և հայտարարել, որ Նիրվանան նշանակում է բացարձակ ոչնչացում:
Ներկա դարի առաջին քառորդում ի հայտ եկավ հատուկ տեսակի գրականություն, որը տարեցտարի ավելի է որոշակիացնում իր ուղղվածությունը: Ընդհանուր առմամբ հիմնված լինելով, այսպես ասած, սանսկրիտագետների ու արևելագետների գիտական հետազոտությունների վրա՝ այդ գրականությունը գիտականի համարում ուներ: Հինդուիստական, եգիպտական և մյուս հինավուրց կրոնները, առասպելներն ու տարբերանշաններն արտահայտում էին սոսկ այն, ինչ սոմվոլիստներն իրենք ուզում էին դրանցում տեսնել, և այդպիսով, ներքին իմաստի փոխարեն ներկայացվում էր սոսկ կոպիտ արտաքին ձևը: Հայտնագործական եզրակացություններով և circulus vitiosus տեսություններով (Սանսկրիտի և Պալիի շատ գիտնականների մտահանգումներում սովորաբար հղումները փոխարինվում էին կանխակալ եզրակացություններով) պաճուճավորված սքանչելիագույն աշխատություններ արագորեն հայտնվեցին, և գրադարանները հեղեղվեցին հակասական ատենախոսություններով, որոնք ավելի շատ վերաբերում էին ֆալոսային ու սեռական պաշտամունքներին, քան իսկական սիմվոլիզմին:
Գուցե հենց դա է իրական պատճառը, որ երկարատև, խոր լռությունից ու բազմահազարամյա գաղտնիությունից հետո ներկայումս ակնարկներ են արվում վաղնջական ժամանակների սրբազան Ուսմունքի որոշ ճշմարտությունների մասին: Դիտավորյալ եմ «որոշ ճշմարտություններ» ասում, քանի որ այն, ինչ պետք է չասված մնա, չի կարող տեղավորվել այսպիսի հարյուրավոր հատորներում, ինչպես նաև չի կարող վստահվել սադուկեցիների ներկա սերնդին: Բայց անգամ այն քիչը, որ հիմա տրվում է՝ ավելի գերադասելի է, քան այդ կենսական ճշմարտություններն ամբողջովին լռության մատնելը: Մերօրյա աշխարհը՝ անհայտի նկատմամբ իր անզուսպ մղումով (որը ֆիզիկոսները չափազանց հապճեպորեն ամեն անգամ պատրաստ են շփոթելու Անիմանալիի հետ, երբ խնդիրը դուրս է գալիս իրենց ըմբռնման շրջանակներից), ոգեղեն ոլորտից արագորեն շարժվում է դեպի դրան հակադիր ոլորտը: Այժմ մեր առջև լայնարձակ դաշտ է՝ անհամաձայնության և անվերջանալի պայքարի իսկական դաշտավայր. մի ամբողջ Նեկրոպոլ, ուր թաղված են մնացել մեր Ոգու-Հոգու բարձրագույն ու ամենասրբազան նկրտումները: Ամեն նոր սերնդի հետ Հոգին դառնում է ավելի կաթվածահար ու թերզարգացած: «Շատ սիրելի աշխարհիկ հեթանոսներն ու ավարտուն երես թեքածները», որոնց մասին խոսում է Գրիլեոսը , քիչ են հոգում անցյալի մեռած գիտությունների վերածննդի մասին. բայց կա լուրջ աշակերտների մի հրաշալի փոքրամասնություն, որոնք իրավունք ունեն իմանալու այն մի քանի ճշմարտությունները, որոնք հիմա արդեն կարող են տրվել նրանց: Եվ հիմա դա անելն անհամեմատ ավելի շատ է պետք, քան տասը տարի առաջ, երբ լույս տեսավ «Քողազերձված Իսիդան», կամ անգամ այն ժամանակ, երբ հրատարակվեցին էզոթերիկական գաղտնիքները բացատրելու ամենավերջին փորձերը:
Ամենամեծ և գուցե ամենալուրջ առարկություններից մեկն այս աշխատության արժանահավատության և դրան վստահելու նկատմամբ կծառայեն նախնական Ստանցաները: Ինչպե՞ս կարող են ստուգվել դրանցում պարփակված պնդումները... Ճիշտ է՝ այս հատորներում հիշատակված սանսկրիտական, չինական և մոնղոլական աշխատությունների մեծ մասը հայտնի են որոշ արևելագետների, այնուհանդերձ այն գլխավոր աշխատությունը, որից քաղված են Ստանցաները, եվրոպական գրադարաններում չկա: Ձիան (կամ՝ Ձան) Գրքին մեր բանասերներ բոլորվին ծանոթ չեն կամ, ամեն դեպքում, նրանք երբևէ չեն լսել տվյալ վերնագրով գրքի մասին: Դա իհարկե մեծ կորուստ է նրանց համար, ովքեր իրենց հետազոտությունները կատարում են պաշտոնական գիտության նախանշած մեթոդներով, սակայն օկուլտիզմի հետևորդների և բոլոր ճշմարիտ օկուլտիստների համար դա մեծ նշանակություն չունի: Սույն Վարդապետության գլխավոր հիմքը սփռված է հարյուրավոր ու հազարավոր սանսկրիտական ձեռագրերում, որոնցից որոշներն արդեն թարգմանված են և, ինչպես սովորաբար լինում է՝ մեկնություններով աղավաղված, մյուսներն էլ դեռևս սպասում են իրենց հերթին: Ուստի ամեն մի հետևորդ հնարավորություն ունի համոզվելու այստեղ բերված պնդումների ճշմարտացիության մեջ, ինչպես նաև՝ ստուգելու արված մեջբերումների մեծ մասը: Սոսկ մի քանի նոր փաստերի (նոր՝ անիրազեկ արևելագետի համար) և հատվածների համար, որոնք առկա են Մեկնաբանություններում, աղբյուրը դժվար հասանելի կլինի: Բացի այդ, որոշ ուսմունքներ դեռ մինչև այժմ փոխանցվում են բանավոր կերպով. այնուհանդերձ՝ դրանց վերաբերյալ ակնարկների յուրաքանչյուր դեպքում կարելի է հանդիպել Չինաստանի և Տիբեթի բրահմիններին պատկանող տաճարային գրականության անհաշիվ հատորներից համարյա յուրաքանչյուրում:
Ամեն դեպքում, ինչ էլ որ բաժին հանի այս աշխատության հեղինակին ապագա անբարյացակամ քննադատությունը, կա լիովին արժանահավատ մեկ փաստ: Այն էզոթերիկական դպրոցների անդամները, որոնք տեղաբաշխված են Հիմալայներից անդին և որոնց ճյուղավորումները կարող են հայտնաբերվել Չինաստանում, Հնդկաստանում, Տիբեթում և անգամ Սիրիայում՝ չհաշված Հարավային Ամերիկան, հավակնում են ունենալ բոլոր գաղտնախորհուրդ և փիլիսոփայական աշխատությունները, որոնք կան ձեռագիր և տպագիր տեսքով. մի խոսքով, բոլոր այն աշխատությունները, որոնք երբևէ գրի են առնվել լեզուներով ու գծանշաններով՝ սկսած գրային արվեստի ծագման ամենասկզբից, սկսած հիերոգլիֆներից և վերջացրած Կադմուսի և Դեվանագարիի այբուբեններով:
Մշտապես պնդումներ են եղել, որ Ալեքսանդրիայի գրադարանի ոչնչացման ժամանակներից սկսած՝ ամեն մի աշխատություն, որն իր բովանդակությամբ կարող էր անգետին տալ Գաղտնախորհուրդ Գիտության որոշ գաղտնիքների վերջնական գաղտնազերծում և ըմբռնում՝ ջանադիր կերպով որոնվել են այդ Եղբայրության անդամների ջանքերով: բացի այդ, նրանք, ովքեր գիտեն, ավելացնում են, որ նմանատիպ բոլոր աշխատությունները, հենց որ գտնվել են, ոչնչացվել են բացառությամբ երեք պատճենների, որոնք թաքցվել ու պահպանվում են անվտանգ պայմաններում: Հնդկաստանում այդ թանկարժեք ձեռագրերից վերջինները ձեռք են բերվել և թաքցվել Միապետ Ակբարի գահակալության օրոք:
Պրոֆեսոր Մաքս Մյուլլերը նշում է, որ Ակբարին ոչ մի կաշառքի ու սպառնալիքի միջոցով չի հաջողվել բրահմինների ձեռքից դուրս քաշել Վեդաների բնագիր տեքստերը, մինչդեռ գլուխ են գովում, թե եվրոպացի արևելագետները դրանք ունեն իրենց ձեռքի տակ[5]... Խիստ կասկածելի է, թե Եվրոպան կարող էր ունենալ ամբողջական տեքստը, և ապագան կարող է պահուստային խիստ տհաճ անակնկալներ մատուցել արևելագետներին:
Կան նաև պնդումներ, որ նմանատիպ բովանդակություն ունեցող ամեն մի սրբազան գիրք, որի տեքստը բավարար չափով չի ծածկված սիմվոլներով կամ որոշ չափով անմիջականորեն առնչվում է հինավուրց գաղտնածեսերին, նախ վերաշարադրվել է այնպիսի գաղտնագրով, որը կարող է դիմագրավել ամենահմուտ գաղտնազերծողների արվեստին, որից հետո ոչնչացել է ընդհուպ մինչև ամենավերջին պատճենը: Ակբարի գահակալության օրոք մի քանի մոլեռանդ պալատականներ, որոնք դժգոհ էին անհավատների կրոնների նկատմամբ Միապետի մեղսավոր հետաքրքրվածությամբ, հենց իրենք են բրահմիններին օգնել Ձեռագրերը թաքցնելու գործում: Այդ Բադաոնին իր Muntakhab’t Tawurikh-ում գրում է հետևյալը.

«Քանի որ նրանք (շրամաններն ու բրահմինները) բարոյականությանը վերաբերող իրենց տրակտատներում գերազանցում են մյուս գիտուն մարդկանց ինչպես ֆիզիկական, այնպես էլ կրոնական գիտություններով և ապագայի իրենց իմացությամբ, ոգեղեն ներուժով ու մարդկային կատարելությամբ հասնում են բարձր աստիճանի, ապա նրանք բանականության ու վկայությունների վրա հիմնված ապացույցներ ներկայացրին... և իրենց վարդապետություններն այնքան ամուր տպավորեցին... որ ոչ մի մարդ... այժմ չի կարող թերահավատություն ներշնչել Նորին Մեծությանը, եթե անգամ լեռները վերածվեին ավազի կամ երկինքը փուլ գար... Նորին Մեծությունը հիանում է այդ անհավատ աղանդների իմացություններով, որոնց հաշիվ չկա, իսկ նրանց «Հայտնությունների» գրքերի վերջը չի երևում»[6]:

Այդ աշխատությունը «գաղտնի էր պահվում և չի տպվել մինչև Ջհանգիրի գահակալությունը»: Բացի այդ, բոլոր լայնարձակ ու հարուստ մենաստաններում կան ստորգետնյա տաճարներ ու քարանձավային գրադարաններ, որոնք ժայռափոր են, այն դեպքում, երբ Gonpa - ն (մենաստան) կամ Lhakang - ը կառուցված են լեռան վրա: Արևմտյան Ցայդամի սահմաններից անդին, Գուն-լունյայի մեկուսի անցուղիներում կան մի քանի այդպիսի գաղտնի գրապահոցներ: Ալթին-դաղի լեռնաշղթայում, ուր ոչ մի եվրոպացի դեռ ոտք չի դրել, կա մի գյուղակ, որը դժվար է գտնել խոր լեռնանցքում. տնակների ոչ մեծ կուտակ է դա՝ ավելի շուտ գյուղակ, քան մենաստան, աղքատիկ տաճարով ու ծեր լամայով՝ ճգնավոր, որն ապրում է մոտակայքում և հսկում այն: Աստվածապաշտ ճամփորդներն ասում են, թե մենաստանի տակ գտնվող ստորգետնյա ցուցասրահներում ու դահլիճներում գրքերի այնքան հավաքածուներ կան, որոնց քանակն այնքան մեծ է, որ դրանք հազիվ տեղավորվեն անգամ Բրիտանական թանգարանում:
Համաձայն նույն ավանդապատումի՝ ջրազուրկ Թարիմ երկրի ներկայումս անմարդաբնակ տարածքները, որոնք իսկական անապատ են Թուրքեստանի սրտում, վաղեմի ժամանակներում ունեցել են ծաղկուն ու հարուստ քաղաքներ: Ներկայումս ընդամինը մի քանի կանաչ օաիզիսներ են կենդանություն հաղորդում այդ ահավոր միայնությանը: Այդ օազիսներից մեկն իրենով ծածկում է մի լայնարձակ քաղաքի գերեզման, որը թաղված է անապատի ավազի հաստ շերտի տակ և ոչ ոքի չի պատկանում. սակայն այստեղ հաճախ մոնղոլներ ու բուդդիստներ են այցելում: Ավանդապատումը նաև խոսում է դրա լայնարձակ ստորգետնյա շինությունների ու լայն անցուղիների մասին, որոնք լիքն են աղյուսակներով ու գլաններով: Գուցե՝ դատարկ խոսակցություններ են, գուցե՝ իրական փաստեր...
Ավելի քան հավանական է, որ այս ամենը թերահավատ քմծիծաղ կառաջացնի: Բայց նախքան զրույցների արժանահավատությունը կասկածի տակ առնելն ընթերցողը թող մի պահ դադար առնի և խորհրդածի հետևյալ լավ հայտնի փաստերի շուրջ: Արևելագետների համատեղ պրպտումները, ինչպես նաև հատկապես վերջին տարիներին կատարված աշխատանքները համեմատական բանասիրության և կրոնների մասին գիտության բնագավառներում հնարավորություն են տալիս պնդելու, որ ձեռագրերի և անգամ տպագիր աշխատանքների անհաշիվ մի քանակություն կա, որոնք հայտնի էին որպես գոյություն ունեցող, և հիմա այլևս չեն ճարվում: Դրանք անհետացել են՝ որևէ հետք չթողնելով: Եթե այդ աշխատություններն աննշան լինեին, ապա ժամանակի պայմանների բերումով կկործանվեին, և դրանց անունները կջնջվեին մարդկանց հիշողությունից: Բայց դա այդպես չէ, քանի որ հիմա ապացուցված է, որ այդ աշխատությունների մեծ մասն անեղծ բանալիներ են պարունակել այն ստեղծագործությունների համար, որոնք դեռևս տարածված են, բայց միանգամայն անհսկանալի են իրենց ընթերցողներին, եթե չկան այդ մեկնությունների ու բացատրությունների լրացուցիչ հատորները:
Այդպիսին են, օրինակ, Կոնֆու-ցզիի նախորդի՝ Լաո-ցզիի աշխատությունները: Ասում են, թե նա 930 գիրք է գրել բարոյականության ու կրոնների մասին և 70 գիրք՝ մոգության վերաբերյալ. ընդհանուր հաշվով՝ 1000 գիրք: Մինչդեռ նրա վարդապետության սիրտը հանդիսացող «Դաո-դէ-ցզի» մեծ աշխատությունը և «Դաոսներ» սուրբ գիրքն ունեն, ինչպես ցույց է տալիս Ստանիսլավ Ժյուլենը, «մոտ 5000 բառ»[7], հազիվ տասներկու էջ: Այնուհանդերձ պրոֆեսոր Մաքս Մյուլլերը գտնում է, որ առանց մեկնությունների տեքստը հասկանալ հնարավոր չէ, այնպես որ պ-ն Ժյուլենն իր թարգմանությունը կատարելիս պետք է օգտվեր ավելի քան վաթսուն մեկնությունների ցուցումներից, բայց դրանցից ամենահինը հասնում է մինչև Ք.ծ. 163 թվականը և ոչ ավելի վաղ, ինչպես տեսնում ենք: Մեկնություններից այդ «ամենահնին» նախորդած չորսուկես դարերի ընթացքում բավարար ժամանակ կար, որպեսզի Լաո Ցզիի իսկական վարդապետությունը թաքցվի բոլորից՝ բացառությամբ նրա ձեռնադրյալ հոգևորականներից: Ճապոնացիները, որոնց մեջ ներկայումս կարելի է գտնել Լաո-ցզիի ամենագիտուն հոգևորականներին ու հետևորդներին, պարզապես ծիծաղում են եվրոպացի ու չինացի գիտնականների սխալների ու վարկածների վրա: Եվ ավանդությունն էլ հաստատում է, որ մեր եվրոպական սինոլոգներին այժմ մատչելի մեկնությունները ոչ թե անեղծ օկուլտային գրառումներ են, այլ սոսկ միտումնավոր դիմածածկույթներ, և որ իսկական մեկնությունները, ինչպես և բոլոր տեքստերը վաղուց չքացել են անգետ նորելուկների աչքից:
ԿոնՖու-ցզիի աշխատությունների մասին կարդում ենք հետևյալը.

«Եթե մեր հայացքն ուղղենք դեպի Չինաստան, ապա կտեսնենք, որ Կոնֆու-ցզիի կրոնը հիմնված է «Ցզին» կոչվող Հինգ գրքերի և «Շու» կոչվող Չորս գրքերի վրա. այդ գրքերն ինքնին նշանակալի չափեր ունեն, և դրանց կից կան ծավալուն մեկնություններ, առանց որոնց անգամ ամենաքաջատեղյակ գիտնականները չեն համարձակվի սուզվել դրանց գաղտնախորհուրդ կանոնի խորքերը»[8]:

Բայց նրանք չեն խորացել դրանում, և դա տրտնջոց է առաջացնումը կոնֆուցիականների միջավայրում, ինչպես 1881 թվականին Փարիզում պնդում էր այդ Ընկերության շատ քաջատեղյակ անդամներից մեկը:
Եթե մեր գիտնականները փորձեն դիմել սեմիտական կրոնների, քաղդեական արձանագրությունների (որոնք քրիստոնեության մեկնակետ ու հիմք հանդիսացող Մովսեսի Աստվածաշնչի՝ եթե ոչ գլխավոր աղբյուրը, ապա ավագ քույրն ու խրատատուն են) հինավուրց գրականությանը, ապա ի՞նչ կկարողանան գտնել... Բաբելական հին կրոնների հիշատակի հավերժացման համար, Քաղդեայի Մոգերի աստղաբանական դիտումների հսկայական բոլորաշրջանի արձանագրման համար, նրանց հոյակապ և հատկապես օկուլտային գրականությանը վերաբերող ավանդապատումների արդարացման համար ի՞նչ է մնացել հիմա... Սոսկ մի քանի դրվագներ, որոնք վերագրվում են Բերոսոսին:
Բայց դրանք էլ համարյա զրկվել են իրենցից որևէ արժեք ներկայացնելուց, անգամ բանալի չեն կարող ծառայել ամբողջ կորածը բնութագրելու համար, քանի որ անցել են Կեսարիայի եպիսկոպոսի՝ այդ ինքնակոչ գրաքննիչի և իրեն խորթ կրոնների սրբազան տարեգրությունների հրատարակչի ձեռքով և անկասկած առ այսօր կրում են նրա «գերհավաստի, արժանահավատ» ձեռքի կնիքը: Քանզի ինչպիսի՞ն է Բաբելոնի երբեմնի մեծ կրոնին վերաբերող այդ տրակտատի պատմությունը...
Այն Ալեքսանդր Մեծի համար հունարեն լեզվով գրել է Բերոսոսը՝ Բելի Տաճարի հոգևոր սպասավորը, այն աստղաբանական և ժամանակագրական արձանագրությունների հիման վրա, որոնք պահպանում էին այդ Տաճարի սպասավորները. արձանագրություններ, որոնք ծածկում էին 200000-ամյա ժամանակաշրջան, և այդ տրակտատը հիմա կորսված է: Ք.ծ.ա. առաջին դարում Ալեքսանդր Պոլիգիստորը մի շարք քաղվածքներ է արել այդ տրակտատից, որոնք նույնպես կորսված են: Եվսեբիոսը (Ք.ծ. 270-340 թթ.) օգտվել է այդ քաղվածքներից իր «Քրոնիկոնը» գրելու համար: Եվրոպական ու քաղդեական Գրվածքների առանձին կետերի նմանությունն ու համարյա նույնականությունը[9] մեծ վտանգ են ներկայացրել Եվսեբիոսի համար, որը հանձն է առել խաղալու նոր կրոնի պաշտպանի ու ջատագովի դեր և որպես հիմք է ընդունել հրեական գրվաքներն ու դրանց կից անհեթեթ ժամանակագրությունը:
Այժմ համարյա կասկած չի հարուցում այն, որ Եվսեբիոսն այն այստիճան չի խնայել Մանեթոնի եգիպտական սինխրոն աղյուսակները, որ Բունզենը[10] նրան մեղադրում է ամենաանբարեխիղճ ձևով պատմությունը խեղաթյուրելու մեջ, իսկ հինգերորդ դարի պատմիչ Սոկրատեսը, ինչպես նաև ութերորդ դարի սկզբի Կոնստանդնապոլսի փոխ-պատրիարք Սենսիլիոսը նրան մերկացնում են՝ համարելով ամենալկտի ու անպատկառ կեղծարար: Նման դեպքում ո՞վ կհավատա, որ նա մեծ զգուշավորություն է ցուցաբերել քաղդեական արձանագրությունների նկատմամբ, որոնք այն ժամանակ արդեն վտանգ էին ներկայացնում նոր և այդքան հապճեպ ընդունված կրոնի համար:
Այսպիսով, բացառությամբ այդ ավելի քան կասկածելի դրվագների, ամբողջ քաղդեական գաղտնախորհուրդ գրականությունն անհետ չքացել է անգետների աչքից, ինչպես կործանված Ատլանտիդան: Բերոսոսի պատմության մեջ առկա մի քանի փաստեր, որոնք բերված են հետագա շարադրանքում, կարող են պայծառ լույս սփռել Լքյալ Հրեշտակների ծագման հարցի վրա, որոնք կերպավորվել են որպես Բել և Վիշապ:
Եթե այժմ որևէ հետազոտող իր հայացքն ուղղի արիական գրականության հնագույն նմուշին՝ Ռիգ-Վեդային, և ճշտորեն հետևի այն տվյալներին, որոնք հաղորդում են հենց արևելագետները, ապա կնկատի, որ թեև Ռիգ-Վեդան պարունակում է սոսկ 10 580 ոտք կամ 1028 հիմն, այնուհանդերձ, չնայած «Բրահմանների» և բազմաթիվ բացատրությունների ու մեկնությունների առկայությանը՝ այն առ այսօր ճիշտ չի հասկացվել: Ինչու՞ է այդպես... Ակներևաբար այն պատճառով, որ «Բրահմաններն» իրենք, որոնք «պարզունակ հիմների» սխոլաստիկական ու հինավուրց տրակտատներ են, պահանջում են բանալի, որն արևելագետները չեն կարողացել գտնել:
Իսկ գիտնականներն ի՞նչ են ասում բուդդայական գրականության վերաբերյալ. ամբողջությամբ տիրապետու՞մ են արդյոք դրան... Իհարկե, ոչ: Թեև հայտնի են հյուսիսային բուդդայականների Կանջուրի ու Թանջուրի 325 հատորները, որոնցից յուրաքանչյուրն, ինչպես ասում են, «չորսից հինգ ֆունտ կշիռ ունի», բայց իրականում ոչինչ հայտնի չէ իսկական Լամայականության վերաբերյալ: Սակայն Սադհարմալանկարայում[11] ասված է, որ գաղտնախորհուրդ կանոնը բաղկացած է 29 368 000 տառերից կամ, եթե հաշվի չառնվեն կից տրակտատներն ու մեկնությունները, այն հինգից վեց անգամ գերազանցում է Աստվածաշնչի պարունակությանը, որն, ինչպես պնդում է պրոֆեսոր Մաքս Մյուլլերը, ունի ընդամենը 3 567 180 տառ: Հետևաբար, չնայած այդ 325 հատորների առկայությանը (իրականում ճիշտ թիվը 333-ն է, քանի որ Կանջուրը 108 հատոր ունի, իսկ Թանջուրը՝ 225)՝ «թարգմանիչները, փոխանակ մեզ մատուցեն անեղծ շարադրանքները, դրանք հեղեղել են իրենց մեկնություններով, որպեսզի արդարացնեն իրենց տարբեր դպրոցների դոգմաները[12]»: Դեռ ավելին, «ըստ Հյուսիսի և Հարավի բուդդայական դպրոցների պահպանած ավանդության՝ Գաղտնախորհուրդ Բուդդայական Կանոնը նախապես պարունակել է 80 000 կամ 84 000 տարակտատներ, բայց նրանց մեծ մասը կորսվել է և մնացել է ընդամենը 6000-ը»,– այսպես է ասում պրոֆեսորն իր ունկնդիրներին: Բայց դրանք կորսվել են, ինչպես միշտ, եվրոպացիների՛ համար: Իսկ ո՞վ կարող է ամենայն վստահությամբ ասել, որ դրանք կորսվել են նաև բուդդայականների ու բրահմինների համար...
Եթե ի դատողություն ընդունենք բուդդայականների տածած պաշտամունքը Բուդդայի գրած և Օրհնյալ Օրենքի ամեն մի տողի նկատմամբ, ապա համարյա 76 000 տրակտատների կորուստը պարզապես հրաշք կթվա: Հակառակ դեպքում յուրաքանչյուր ոք, ով ծանոթ է իրադարձությունների բնականոն ընթացքին, ավելի շուտ կստորագրեր այն պնդման տակ, որ այդ 76 000 տրակտատներից 5000-ը կամ 6000-ը կարող էին ոչնչացվել այն ժամանակներում, երբ բուդդայականներին հալածում էին Հնդկաստանում և արտաքսում այնտեղից: Բայց քանի որ ճշտորեն հաստատված է, որ բուդդայական Արհատներն իրենց կրոնական ելքը սկսել են նպատակ ունենալով նոր կրոնը տարածել Քաշմիրից ու Հիմալայներից այն կողմ դեռևս մեր թվականությունից 300 տարի առաջ[13] և Չինաստան են հասել Ք.ծ.հ. 61 թվականին[14], երբ Քաշիափան միապետ Մին-դիի հրավերով մեկնել է այնտեղ, որպեսզի «Երկնքի Որդուն» ծանոթացնի բուդդայականության դոգմաների հետ, ապա տարօրինակ է հնչում արևելագետների նման պնդումը կորստյան մասին, իբրև թե դա իրոք հնարավոր է եղել... Նրանք մի պահ անգամ հնարավոր չեն համարում, որ այդ տեքստերը կարող են կորած լինել միայն Արևմուտքի և հենց իրենց համար, կամ էլ որ ասիական ժողովուրդները կարող են նման անօրինակ խիզախություն ունենալ, որպեսզի իրենց գաղտնախորհուրդ արձանագրություններն անհասանելի դարձնեն օտարերկրացիների համար՝ այդ եղանակով հրաժարվելով թույլ տալ, որ «իրենց նկատմամբ այդքան մեծ գերազանցություն ունեցող» ռասայի ներկայացուցիչները դրանք պղծեն և ի չար գործ դնեն:
Դատելով համարյա ամեն մի արևելագետի[15] ցավակցական խոսքերից ու բազմաթիվ խոստովանություններից՝ հասարակությունը կարող է բավականաչափ համոզված լինել, որ (ա) հինավուրց կրոններ ուսումնասիրողներն իրոք շատ քիչ տվյալներ ունեն, որոնցից կարելի կլիներ այնպիսի վերջնական եզրահանգումներ անել, ինչպիսիք նրանք սովորաբար անում են հին դավանանքների վերաբերյալ և (բ), որ տվյալների այդպիսի սուղությունը ոչ մի դեպքում չի խոչընդոտում նրանց հեղինակավոր պնդումները: Գուցե կարելի կլիներ ենթադրել, որ շնորհիվ այն բազմաթիվ արձանագրությունների, որոնք վերաբերում են եգիպտական աստվածաբանությունն ու գաղտնածեսերին և որոնք պահպանված են դասականների ու մի քանի հինավուրց գրողների մոտ, գոնե Եգիպտոսի Փարավոնների ժամանակների ծեսերն ու դոգմաները լավ հասկացված պետք է լինեին՝ ամեն դեպքում ավելի լավ, քան Հնդկաստանի չափազանց վերացական իմաստասիրություններն ու Պանթեիզմը, որոնց կրոնի ու լեզվի մասին Եվրոպան հազիվ թե որևէ պատկերացում ուներ մինչև այս դարի սկիզբը: Նեղոսի երկայնքով, ամբողջ այդ երկրի երեսին առ այսօր դրված են ամեն տարի ու ամեն օր պեղվող ու մշտապես նոր գտածոներ, որոնք պերճախոս կերպով պատմում են իրենց պատմությունը: Այնուհանդերձ՝ ըմբռնում չկա: Օքսֆորդի բանասեր գիտնականներից մեկն ինքն է խոստովանում այդ ճշմարտությունը՝ ասելով.

«Մենք տեսնում ենք դեռևս կանգուն բուրգերը, տաճարների ավերակներն ու դրանց պատերով կազմված լաբիրինթոսները, որոնք զարդարված են հիերոգլիֆներով և աստվածների ու աստվածուհիների տարօրինակ պատկերներով: Պապիրուսների փաթույթներում, որոնք չեն վախենում ժամանակի քայքայումից, մենք նույնիսկ ունենք դրվագներ, որոնք կարող են անվանվել եգիպտացիների սուրբ գրքեր: Այնուհանդերձ, թեև այդ խորհրդվոր ռասայի հինավուրց արձանագրություններից արդեն շատ բան է վերծանված, սակայն Եգիպտոսի կրոնի գլխավոր աղբյուրն ու ծիսական սպասավորության իսկական իմաստը դեռևս հեռու է բացահայտված լինելուց[16]»:

Ահա այստեղ նույնպես պահպանվել են խորհրդավոր հիերոգլիֆներով արձանագրությունները, բայց կորսվել են այն բանալիները, որոնց միջոցով դրանք հասկանալի են դառնում:
Իրապես, մեր մեծագույն եգիպտագետներն այնքան քիչ տեղեկություններ ունեն եգիպտացիների թաղման ծեսերի և մումիաների սեռը մատնանշող արտաքին նշանների վերաբերյալ, որ դա հանգեցրել է անենազվեշտալի սխալների: Ընդամենը մեկ-երկու տարի առաջ նման մի սխալ ի հայտ եկավ Բուլագում՝ Կահիրեում: Մումիան, որը մինչ այդ համարվում էր, թե պատկանում է աննշան մի փարավոնի կնոջ, վզից կախված ժանյակի վրա հայտնաբերված գրառման շնորհիվ պարզվեց, որ պատկանում է Եգիպտոսի մեծագույն Փարավոններից մեկին՝ Սեզոստրիսին...
Այնուհանդերձ՝ որոշելով, որ «բնական կապ գոյություն ունի լեզվի և կրոնի միջև», և որ «նախքան արիական ռասայի տրոհվելը գոյություն է ունեցել մեկ միասնական արիական կրոն», ինչպես և նախքան սեմիտական ռասայի տրոհվելը՝ մեկ միասնական սեմիտական կրոն ու նախքան չինացիների տրոհվելը թուրանական ցեղերի՝ մեկ միասնական թուրանական կրոն (իրականում գտնելով միայն «երեք հինավուրց կրոնների կենտրոններ» և «երեք լեզուների կենտրոններ») և նույնքան անտեղյակ լինելով այդ նախասկզբնական կրոններից ու լեզուներից, որքան դրանց ծագումից՝ պրոֆեսորը չի հապաղում հայտարարել, թե «աշխարհի գլխավոր կրոնների հավաստի պատմական հիմքը  գտնված է գիտական հետազոտությունների համար...»:
Որևէ առարկայի «գիտական հետազոտությունը» չի երաշխավորվում դրա «պատմական հիմքով», և ձեռքի տակ նման աղքատիկ տվյալներ ունեցող ոչ մի բանասեր, որքան էլ նա ականավոր լինի, չի կարող արդարացվել, եթե իր մտահանգումները ներկայացնում է որպես պատմական փաստեր: Անկասկած, նշանավոր արևելագետը սպառիչ կերպով ապացուցել և ամենայն հաճույք է պատճառել հասարակությանը, որ, համաձայն Գրիմի հնչյունաբանական օրենքների, Օդինն ու Բուդդան իրարից միանգամայն տարբեր և առանձին անձեր են, և դա ապացուցել է գիտականորեն: Իսկ երբ առիթից օգտվում է և ասում, թե Օդինը «պաշտվում էր որպես գերագույն Աստվածություն մի ժամանակաշրջանում, որը շատ վաղ է ընկած Վեդաներից ու Հոմերոսից[17]», ապա դրա համար նա դույզն-ինչ «պատմական հիմք» չունի, այլ պատմություն և փաստ  է հորինում իր սեփական մտահանգումներին ծառայեցնելու համար, որոնք կարող են չափազանց «գիտական» երևալ գիտուն արևելագետների աչքին, թեև բավականին հեռու են ճշմարտությունից: Մարտին Հաուգից սկսած, վերջացրած հենց իրենով՝ պրոֆեսոր Մաքս Մյուլլերով, նշանավոր բոլոր բանասերների ու արևելագետների միջավայրում շրջանառվող այդ վիճելի հայացքները ժամանակագրության վերաբերյալ, ինչպես Վեդաների օրինակում՝ ակնհայտորեն ապացուցում են, որ նրանց պնդումները ոչ մի «պատմական հիմք» չունեն և, ինչպես հաճախ է լինում, «ներքին համոզմունքը» սոսկ հետևում է մարմրող մոմին, այլ ոչ թե փրկարար փարոսին: Նույն կերպ և ժամանակակից համեմատական առասպելաբանության գիտությունն ավելի լավ առարկություններ չունի, որպեսզի ժխտի գիտուն գրողների կարծիքները, որոնք վերջին հարյուրամյակում պնդում են «Նախասկզբնական Հայտնության դրվագների» գոյության մասին, որոնք «տրվել են մարդկային ամբողջ ռասայի նախնիներին և պահպանվում են Հունաստանի և Իտալիայի տաճարներում»: Քանզի դա հենց այն է, ինչի մասին ժամանակ առ ժամանակ աշխարհին տեղեկացրել են արևելյան բոլոր ձեռնադրյալ Պանդիտները: Եվ երբ սինգալեզցիներից մի հոգևոր անձ տողերիս հեղինակին վստահեցնում էր այն փաստի հավաստիության մեջ, որ բուդդայական Գաղտնախորհուրդ Կանոնին վերաբերող ամենակարևոր տրակտատները թաքցվել են այնպիսի երկրներում ու վայրերում, որոնք անմատչելի են եվրոպական գիտնականների համար, վերջերս մահացած Սվամի Դայանանդ Սարասվատին՝ մերօրյա Հնդկաստանի խոշորագույն սանսկրիտագետը, Թեոսոֆիական Ընկերության մի քանի անդամների համար հավաստեց նույն փաստը նաև հինավուրց բրահմինական աշխատությունների առնչությամբ: Իսկ երբ նրան տեղեկացրին, որ պրոֆեսոր Մաքս Մյուլլերն իր դասախոսությունների լսարանին հայտնել է, թե տեսությունն առ այն, որ «գոյություն է ունեցել նախասկզբնական գերբնական մի հայտնություն, որը տրվել է մարդկային ռասայի նախնիներին՝ հիմա քիչ հետևորդներ ունի», այդ սուրբ ու գիտուն մարդը միայն ծիծաղեց: Նա այսպիսի ուսանելի պատասխան տվեց. «Եթե պարոն Մոքշ Մյուլլերը (այդպես նա անվանեց պրոֆեսորին) բրահմին լիներ և գար ինձ հետ, ես նրան կտանեի Գուպտայի քարանձավը (գաղտնի սրբատեղի), որը գտնվում է Հիմալայների Օկհի Մատհի մոտակայքում, և նրա համար շուտով պարզ կդառնար, որ այն ինչ Կալապանիով (օվկիանոսի սև ջրերով) Հնդկաստանից անցել է Եվրոպա, ընդամենը պարունակել է մեր սրբազան գրքերի որոշ մասերից քաղված մերժված պատճենների առանձին դրվագներ: «Նախասկզբնական Հայտնություն» իրոք եղել է, և այն գոյություն ունի առ այսօր. նաև այն երբեք չի կորսվի աշխարհի համար և կրկին ի հայտ կգա. թեև, իհարկե, Mlechchha'м-ը պետք է անցնի»: Նեղվելով այդ թեմայով տրված հետագա հարցերի առատությունից՝ նա այլևս չկամեցավ ավելին ասել: Դա եղել է Մերուտում, 1880 թվականին:
Որևէ կասկած չկա, որ նախորդ դարում բրահմինների խաղացած այն զեղծարարությունը, որի զոհն են դարձել գնդապետ Ուիլֆորդը և սըր Վիլյամ Ջոնսը, դաժան կատակ է եղել, բայց այն միանգամայն արժանի կատակ էր, քանի որ ոչ ոք այդ գործում արժանի չէ ավելի մեծ հանդիմանության, քան քարոզչականները և հենց ինքը՝ գնդապետ Ուիլֆորդը: Առաջինները, ինչպես վկայում է հենց ինքը՝ սըր Վիլյամ Ջոնսը[18], այնքան անզգույշ են եղել, որ պնդել են, թե «հնդիկները համարյա քրիստոնյա են, քանի որ նրանց Բրահման, Վիշնուն և Մահեշան ոչ այլ ինչ են, քան Քրիստոնեական Սուրբ Երրորդությունը[19]»: Դա շատ լավ դաս է եղել նրանց համար: Ապա գիտուն արևելագետները կրկնակի զգուշավոր են դարձել, և գուցե հենց այդ պատճառով են նրանցից ոմանք չափազանց վախվորված դարձել, որի հետևանքով նախկին մտահանգումների ճոճանակը սկսել է թեքվել դեպի հակառակ կողմը: Քանզի «բրահմինների շուկայի այդ առաջին մատուցումն» ի պատասխան գնդապետ Ուիլֆորդի խնդրանքի՝ այժմ արդեն արևելագետների միջավայրում պարզորոշ անհրաժեշտություն ու ցանկություն է ծնել, որ ամեն մի հինավուրց սանսկրիտական ձեռագիր հռչակեն նույնքան ժամանակակից, որ քարոզչականների համար միանգամայն արդարացված լինի այդպիսի հարմար առիթից օգտվելը: Եվ նրանց իրենց մտավոր ունակությունների ընձեռած չափով հենց այդպես էլ վարվում են, ինչի մասին է վկայում վերջերս տեղի ունեցած անհեթեթ փորձն ապացուցելու, թե Պուրաններում եղած՝ Կրիշնայի ամբողջ պատմությունը բրահմինները փոխառել են Աստվածաշնչից... Սակայն այդ նշանավոր հավելումների հետ առնչվող փաստերը, որոնք իր դասախոսություններում  իր օգտին (հետագայում՝ ի դժբախտություն իրեն) մատնացույց է անում օքսֆորդյան պրոֆեսոր Ուիլֆորդը, բոլորովին չեն խոչընդոտում այն եզրակացությունները, որոնց անխուսափելիորեն պետք է հանգի Գաղտնախորհուրդ Ուսմունքն ուսումնասիրող ամեն ոք: Քանզի եթե այդ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ո՛չ Նոր, ո՛չ էլ անգամ Հին Կտակարանը ոչինչ չեն փոխառել բրահմինների ու բուդդայականների հինավուրց կրոններից, ապա դրանից դեռ չի հետևում, որ հրեաներն իրենց իմացած ամեն ինչը չեն փոխառել քաղդեական արձանագրություններից, որոնք էլ հետագայում աղավաղել է Եվսեբիոսը: Իսկ ինչ վերաբերում է քաղդեականից առաջ եղածին, ապա ամենայն հավանականությամբ նրանք իրենց նախասկզբնական գիտելիքները ստացել են բրահմիններից, քանի որ Ռոուլինսոնը նշում է, թե անկասկած է վեդայական ազդեցությունը Բաբելոնի վաղ առասպելաբանության վրա: Նաև գնդապետ Վանե Քենեդին վաղուց արդարացիորեն նկատել է, որ Բաբելոնն իր հիմնադրման հենց սկզբից եղել է սանսկրիտական և բրահմինական գիտունության միջավայր: Բայց բոլոր նմանատիպ ապացույցները պետք է կորցնեն իրենց նշանակությունը պրոֆեսոր Մաքս Մյուլլերի մշակած նորագույն տեսության առկայության դեպքում: Այդ տեսությունը հայտնի է բոլորին: Հնչյունաբանական օրենքների կոդն այժմ համաշխարհային հանգուցալուծիչի դեր է կատարում բազմաթիվ ժողովուրդների աստվածների միջև ցանկացած «կապի» հաստատման և նրանց նույնականացման համար: Օրինակ՝ թեև Մերկուրիի (Բուդհայի, Թոթ-Հերմեսի և այլոց) Մոր անունը Մայա է եղել, և Հաութամա Բուդդայի Մոր անունը նույնպես Մայա է եղել, ինչպես նաև Հիսուսի Մոր անունը՝ կրկին Մայա (Պատրանք, քանի որ Մարիամը մարե, մորե բառերից է ծագել, ինչը խորհրդանշում է մեծ Պատրանքը), այնուհանդերձ այդ երեք անձինք իրար հետ կապ չունեն և չեն կարող ունենալ, որքան էլ ««Բոպը» հաստատի հնչյունաբանական օրենքների իր կոդը»:
Չգրված պատմության բազմաթիվ կծիկներն ի մի բերելու իրենց ջանքերով մեր արևելագետները խիզախել են հանդուգն քայլ կատարել՝ a priori մերժել այն ամենը, ինչը չի համընկնում իրենց հատուկ եզրահանգումների հետ: Այդպիսով, այն դեպքում, երբ ամեն օր նորանոր բացահայտումներ են արվում վաղեմի ժամանակների դարավոր խավարում գոյություն ունեցած մեծ արվեստների ու գիտությունների մասին, և չնայած այդ ամենին՝ անգամ որոշ հնագույն ժողովուրդների գիր ունենալն է ժխտվում և նրանց կուլտուրական կոչելու փոխարեն բարբարոս են կոչում: Այնուհանդերձ, անգամ Կենտրոնական Ասիայում երբևէ գոյություն ունեցած լայնարձակ քաղաքակրթության հետքերը դեռ նոր պետք է բացահայտվեն: Այդ քաղաքակրթությունն, անկասկած, նախապատմական է: Իսկ ինչպե՞ս է հնարավոր պատկերացնել մի քաղաքակրթություն, որը որևէ ձևի գրականություն, տարեգրություն կամ ժամանակագրություն չունենա: Սովորական առողջ բանականությունը պետք է որ հուշեր անցյալի գիրկն անցած ցեղերի պատմության կոտրտված հանգույցների տեղերը: Տիբեթի բարձրավանդակը գրկած վիթխարի ու անխորտակ լեռների պատը՝ սկսած Խուան-խեի վերին հոսանքներից մինչև Կարակորումի բլուրները, հազարամյակների ընթացքում վկան է եղել մի քաղաքակրթության գոյության, որը ներկայիս մարդկությանը կարող է արտառոց գաղտնիքներ հաղորդել: Այդ տարածքների արևելյան և կենտրոնական մասերը՝ Նան-շանն ու Ալթին-դաղը, հեռավոր ժամանակներում ունեցել են քաղաքներ, որոնք հաջողությամբ կարող էին մրցել Բաբելոնի հետ: Մի ամբողջ երկրաբանական շրջան է անցել այդ երկրի վրայով այն բանից հետո, երբ այդ քաղաքները դադարել են գոյություն ունենալ, ինչի մասին վկայում են շարժվող ավազների բարխանները, ինչպես և Թարիմի ավազանի կենտրոնական հարթավայրերի ներկայումս անպտուղ ու մեռած հողաշերտերը: Սոսկ որոշ սահմանամերձ հողատարածքներն են հայտնի դարձել ճանապարհորդներին:  Այդ ավազոտ սարահարթերում ջուր կա, և թարմ օազիսներ են ծաղկում այնտեղ, ուր եվրոպացին իր ոտքը դեռ չի հասցրել կամ էլ դրել է ներկայումս դավաճանական հողի վրա: Այդ կանաչ օազիսների մեջ կան նաև այնպիսիները, որոնք անմատչելի են անգամ տեղացի անգետ ճամփորդների համար: Մրրիկները կարող են «վեր հանել ավազի սարեր և ծածկել ամբողջական հարթավայրեր, բայց դրանք չեն կարող ոչնչացնել այն, ինչին չեն կարող հասնել: Երկրի խոր ընդերքում կառուցված ստորգետնյա պահոցներն անվտանգ վիճակում են,  և քանի որ դրանց մուտքերը լավ քողարկված են, ապա որևէ մտավախություն չկա, թե որևէ մեկը դրանք կբացահայտի, անգամ եթե մի քանի բանակներ ներխուժեն այդ ավազածածկ տարածքները, որտեղ

Ո՛չ թուփ կա, ո՛չ լիճ, չես տեսնի ոչ մի տուն.
Ատամնաձև գրկած լեռնապարն է հսկում
Հարթ դաշտերը՝ տոչոր ավազի տակ անցած...

Սակայն կարիք չկա ընթերցողին անցկացնել անապատի միջով, երբ հինավուրց քաղաքակրթության նույն ապացույցները հանդիպում են նույնիսկ այդ երկրամասի համեմատաբար բնակեցված շրջաններում: Օրինակ՝ Չերչեն օազիսը, որը գտնվում է Չերչեն-Դարյա գետի մակարդակից 4000 ֆուտ բարձրության վրա, բոլոր ուղղություններով շրջապատված է հինավուրց քաղաքների ու բնակավայրերի ավերակներով: Այնտեղի շուրջ 3000 մարդկային էակները հարյուրավոր մեռած ժողովուրդների ու ռասաների մնացորդներն են, որոնց բուն անվանումներն անհայտ են մեր ազգագետներին: Մարդաբանն ավելի շատ դժվարությունների կհանդիպի նրանց դասակարգման, բաժանման ու վերադասավորման գործում, մանավանդ որ բոլոր այդ նախաջրհեղեղյան ռասաների ու ցեղերի հետնորդներն իրենք էլ շատ քիչ բան գիտեն իրենց նախնիների մասին՝ այնքան, որ կարծես լուսնից ընկած լինեն: Երբ նրանց հարցուփորձ են անում իրենց ծագման մասին, պատասխանում են, որ չգիտեն, թե որտեղից են եկել իրենց հայրերը, բայց լսել են, որ իրենց առաջին կամ վաղեմի նախնիները կառավարվում էին այդ անապատի Ոգիների կողմից: Նման վկայությունը կարելի է վերագրել նրանց տգիտությանը կամ սնահավատությանը, սակայն, եթե հաշվի առնենք Գաղտնի Վարդապետության Ուսմունքը, ապա այդ պատասխանը կարող է հիմնված լինել նախասկզբնական ավանդապատման վրա: Միայն Խորասանում ապրող մի ցեղ է պնդում իր ծագումն այն վայրերից, որոնք հիմա հայտնի են Աֆղանստան անունով, ինչը տեղի է ունեցել Ալեքսանդր Մեծից շատ ավելի վաղ, և դրա համար որպես ապացույց է բերում ժողովրդական ավանդապատումներ: Ռուս ճանապարհորդ Պրժևալսկին Չերչեն օազիսի մոտակայքում գտել է երկու հսկա քաղաքների ավերակներ, որոնցից հնագույնը, ըստ տեղական ավանդության՝ 3000 տարի առաջ ավերել է ոմն հերոս և հսկա, իսկ մյուսը մեր դարաշրջանի տասներորդ դարում ավերել են մոնղոլները:

«Այդ երկու քաղաքների տարածքն այժմ, շնորհիվ անապատի շարժվող ավազների ու քամիների, ծածկված է հետաքրքիր ու տարատեսակ մնացորդներով՝ հախճապակե ջարդված գանգեր, խոհանոցային պիտույքներ և մարդկային ոսկորներ: Տեղացիները հաճախ են այստեղ գտնում պղնձադրամներ ու ոսկեդրամներ, հալված արծաթի, ալմաստի ու բրոնզի ձուլվածքներ և, որ առավել նշանակալից է, ջարդված ապակու կտորտանքներ... Կան չփտող ինչ-որ փայտանյութից կամ այլ նյութից պատրաստված դագաղներ, որոնք պարունակում են հիանալի պահպանված, բալզամացված մարմիններ: Արական բոլոր մումիաները պատկանել են չափազանց բարձրահասակ, ամրապինդ ու երկար, գանգրահեր մազերով տղամարդկանց: Գտնվել է դամբարան որում թաղվել են տասներկու մեռած տղամարդիկ: Առանձին մի դագաղում մենք գտանք մի ջահել աղջկա դի: Նրա աչքերը փակված էին ոսկյա սկավառակներով, իսկ ծնոտներն ամուր սեղմված էին ոսկյա օղակով, որն անցնում էր կզակի տակով ու գանգի կատարով: Մարմնի վերին մասը փաթաթված էր նեղ բրդյա շորով, կուրծքը զարդարված էր ոսկե աստղերով, իսկ ոտքերը մերկ էին թողնված[20]»:

Նույն տեղում նշանավոր ճանապարհորդը նաև ասում է, որ Չերչեն գետի երկայնքով ամբողջ ճանապարհի վրա ինքը լսել է քսաներեք քաղաքների վերաբերյալ առասպելներ, որոնք շատ դարեր առաջ ծածկվել են անապատի շարժվող ավազների տակ: Նույնպիսի ավանդապատում գոյություն ունի նաև Լոբնորում՝ Քերիա օազիսում: Այդպիսի քաղաքակրթության հետքերն ու պահպանված ավանդապատումները մեզ իրավունք են տալիս վստահելու նաև այլ առասպելական ավանդությունների, որոնք ներկայացնում են Հնդկաստանի և Մոնղոլիայի չափազանց ուսյալ ու կիրթ բնիկները, որոնք պատմում են հսկայածավալ գրադարանների մասին, որոնք ավազները վերադարձրել են հինավուրց մոգական գիտելիքների զանազան մասունքների հետ, և դրանք բոլորը թաքցվել են անվտանգ տեղերում:
Համառոտ ամփոփենք: Գաղտնի Վարդապետությունն ընդհանուր տարածված կրոն է եղել հինավուրց ու նախապտմական աշխարհի համար: Դրա տարածվածության ապացույցները արժանահավատ պատմական արձանագրություններն են՝ փաստաթղթերի լիարժեք մի շղթա, որն ի հայտ է բերում դրա բնույթն ու առկայությունը յուրաքանչյուր երկրում՝ ներառյալ դրա բոլոր մեծ Ադեպտների ուսմունքները. այն առ այսօր գոյություն ունի Օկուլտային Եղբայրությանը պատկանող գաղտնի սրբարաններում ու գրադարաններում:
Այս պնդումն առավել հավանական կդառնա, եթե հաշվի առնենք հետևյալ փաստերը՝ ավանդապատում գոյություն ունի առ այն, որ Ալեքսանդրիայի գրադարանի ոչնչացման ժամանակ փրկվել են հազարավոր հինավուրց պապիրուսներ. Ակբարի գահակալության օրոք անհետացել են սանսկրիտով գրված հազարավոր աշխատություններ. Չինաստանու և Ճապոնիայում գոյություն ունեցող ընդհանուր ավանդությունն առ այն, որ հինավուրց անեղծ տեքստերն ու դրանց մեկնությունները, որոնցով այդ տեքստերը հասկանալի են դառնում և որոնց հատորների թիվն անցնում է հազարից՝ վաղուց է, ինչ անմատչելի են անգետների համար. Բաբելոնի սրբազան և օկուլտային հսկայածավալ գրադարանի անհետանալը. բանալիների կորուստը, միայն որոնցով հնարավոր կլիներ լուծել եգիպտական հիերոգլիֆային արձանագրությունների հազարավոր հանելուկները. Հնդկաստանում հայտնի ավանդությունն առ այն, որ անեղծ, գաղտնախորհուրդ մեկնությունները, որոնցով Վեդաները հասկանալի են դառնում, թեև ծածկված են ոչ ձեռնադրյալների աչքից, այնուհանդերձ քարանձավներում ու սրբարանաներում բաց են Ձեռնադրյալների համար. բուդդայականների հաստատուն հավատամքն իրենց սրբազան գրքերի նկատմամբ:
Օկուլտիստները պնդում են, որ բոլոր այդ փաստաթղթերը լիակատար անվտանգ կերպով զերծ են պահվում Արևմուտքի պղծիչ ձեռքերից, որպեսզի կրկին լույս աշխարհ հանվեն ավելի լուսավորյալ ժամանակներում, որոնք վրա կհասնեն, ինչպես հանգուցյալ Սվամի Դայանանդա Սարասվատին էր ասում, «երբ ավարտին հասնի Mlechchha'м-ի (Արիական քաղաքակրթությունից դուրս գտնվող մերժվածների ու վայրենիների) ժամանակը»:
Զի Ձեռնադրյալների մեղքը չէ, որ այդ փաստաթղթերը ներկայումս «կորսված են» ոչ ձեռնադրյալների համար. այն թելադրված չի եղել կյանք պարգևող Գաղտնախորհուրդ Գիտելիքի միակ տերը լինելու ցանկությամբ ու եսասիրությամբ: Միշտ եղել են Գաղտնի Գիտելիքի այնպիսի մասեր, որոնք անհաշիվ դարերի ընթացքում պետք է թաքցված մնային անգետների աչքից: Բայց դա պայմանավորված է եղել նրանով, որ անպատրաստ զանգվածներին վիթխարի նշանակություն ունեցող գաղտնիքների մատուցումը հավասարարժեք կլիներ վառած մոմը երեխայի ձեռքը տալուն, որ այն մոտեցնի վառոդի պահեստին:
Այստեղ կարող ենք տալ նաև այն հարցի պատասխանը, որը նման պնդումներից հետո հաճախ է ծագում աշակերտների ուղեղներում:
Մենք հասկանում ենք, ասում են նրանք, որ լայն զանգվածներից անհրաժեշտ է թաքցնել այնպիսի գաղտնիքներ, ինչպես օրինակ Vril-ը, կամ ժայռեր խորտակող այն ուժերը, որոնք բացահայտել է ֆիլադելֆիացի գիտնական Ջ. Քիլին, բայց մենք չենք հասկանում, թե ինչ վտանգ կարող է ներկայացնել այնպիսի մաքուր փիլիսոփայական վարդապետության բացահայտումը, ինչպիսին, օրինակ, Մոլորակային Շղթաների էվոլյուցիան է:
Վտանգը հենց այն է, որ այնպիսի վարդապետությունը, որը վերաբերում է Մոլորակային Շղթային կամ Յոթ Ռասաներին, անմիջապես տալիս են մարդու յոթական բնույթի բանալին, քանի որ յուրաքանչյուր սկզբունք համապատասխանում է միաժամանակ հայտնի ոլորտին, մոլորակին ու ռասային և ամեն մի ոլորտում մարդկային սկզբունքները համապատասխանում են յոթական այնպիսի օկուլտային ուժերի, որոնք բարձրագույն ոլորտներում օժտված են ահավոր հզորությամբ: Այդպիսով յոթական բաժանումը բանալի է տալիս այնպիսի սարսափելի օկուլտային ուժերի համար, որոնց չարաշահումն անհաշիվ չարիքներ կբերեր մարդկությանը: Մի բանալի, որը գուցե բանալի չէ մարդկանց ներկա սերնդի համար, հատկապես՝ արևմուտքի, որը պաշտպանված լինելով սեփական կուրությամբ, տգիտությամբ ու օկուլտայինի նկատմամբ անվստահությամբ, բայց այն քրիստոնեության վաղ շրջանում իրապես գործուն բանալի կլիներ այն մարդկանց ձեռքին, որոնք լիովին համոզված էին Օկուլտայինի իրական լինելու մեջ և արդեն գտնվում էին իրենց անկման շրջանում, որը նրանց արդեն հասունացրել էր օկուլտային ուժերից օգտվելու և վատագույն տեսակի կախարդանքների դիմելու համար:
Փաստաթղթերը, ճիշտ է՝ թաքցվել են, բայց բուն գիտելիքը և դրա իրական գոյությունը երբեք չեն թաքցրել այն Տաճարների Հիերոֆանտները, որտեղ ԳԱՂՏՆԱԾԵՍԵՐԸ մշտապես կարգապահությամբ են զուգակցվել և խթանել են կատարելագործումը: Դրանք շատ վաղեմի տեղեկություններ են, որոնք անընդհատ լուսաբանվել են մեծ Ադեպտների կողմից՝ սկսած Պյութագորասից ու Պլատոնից, ընդհուպ մինչև նեոպլատոնականները: Նազովրեցիների կրոնը դարերի մարտավարության մեջ փոփոխություն մտցրեց վատ ուղղությամբ:
Դրանից զատ գոյություն ունի լավ հայտնի և բավականին հետաքրքիր մի փաստ, որը հեղինակի համար հաստատել է հարգարժան մի անձ, որը երկար տարիներ ծառայել էր ռուսական դեսպանատներից մեկում. այն է՝ Սանկտ Պետերբուրգի Իմպերատորական գրադարաններում պահվում են մի քանի փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ նույնիսկ ամենավերջին ժամանակներում, երբ մասոնականությունն ու միստիկական գաղտնի ընկերություններն անարգել ծաղկում էին Ռուսաստանում, հատկապես՝ անցյալ դարի վերջում և ներկա դարի սկզբում, շատ ռուս միստիկներ են Ուրալյան լեռներով Տիբեթ անցել և գիտելիքներ ու լուսավորություն փնտրել Կենտրոնական Ասիայի անհայտ սրբատեղիներում: Եվ նրանցից ոմանք վերադարձել են գիտելիքների այնպիսի մեծ պահուստով, որի նմանը նրանք Եվրոպայում ոչ մի տեղ չէին կարող ստանալ: Կարելի էր մի քանի այդպիսի դեպք մատնանշել և մի քանի լավ հայտնի անուններ տալ, բայց նման բացախոսությունը կարող է տհաճ լինել հիշյալ ձեռնադրյալների կենդանի մնացած ազգականների համար: Կամեցողը թող Ռուսաստանի մայրաքաղաքի արխիվներում քրքրի մասոնության տարեգրությունն ու պատմությունը և կհամոզվի վերը շարադրված փաստի ճշտության մեջ:
Դա այն նույն բանի հաստատումն է, որը նախկինում պնդվել է, բայց, ցավոք՝ չափազանց անզգուշորեն: Մարդկությանը բարեգործություն անելու փոխարեն՝ կանխամտածված հորինվածքներով համեմված չարանենգ մեղադրանքներ հնչեցին նրանց հասցեին, ովքեր հաստատում էին ճշմարտացի, թեև քիչ հայտնի փաստեր, և դրանով իսկ ձեռք բերեցին զրպարտիչների ծանր կարմա: Բայց չարիքն արդեն նյութված է, և ճշմարտությունն այլևս չի կարող ժխտվել, ինչպիսի հետևանքներ էլ որ դա ունենա:
Արդյո՞ք Թեոսոֆիան նոր կրոն չէ, հարցնում են մեզ... Ոչ մի դեպքում. այն ո՛չ «կրոն» է, ո՛չ էլ դրա փիլիսոփայությունը «նոր» է, քանի որ, ինչպես արդեն ասվեց, այդ ուսմունքը նույնքան հին է, որքան մտածող մարդը: Դրա դրույթներն այժմ առաջին անգամ են հրատարակվում, բայց նախքան այդ մի անգամ չէ, որ զգուշորեն մատուցվել են և մի անգամ չէ, որ շարադրվել են եվրոպացի ձեռնադրյալների կողմից, հատկապես՝ Ռագոնի:
Քիչ չեն եղել մեծ գիտնականներ, որոնք հաստատել են այն փաստը, որ երբեք չի եղել մի որևէ կրոնի հիմնադիր՝ լինի նա արիացի, սեմիտ կամ թուրանացի, որ նոր կրոն հորիներ կամ նոր Ճշմարտություն բացահայտեր: Բոլոր այդ հիմնադիրները փոխանցողներ են եղել, բայց ոչ ինքնատիպ ուսուցիչներ: Նրանք նոր կաղապարների ու մեկնաբանությունների հեղինակներ են եղել, բայց այն ճշմարտությունները, որոնց վրա հիմնվել է նրանց ուսմունքը, եղել են հին, ինչպես բուն մարդկությունը: Այդպիսով, ամենասկզբում մարդկությանը բանավոր կերպով փոխանցված բազմաթիվ ճշմարտություններից, որոնք տրվել են ինչպես Գաղտնածեսային ձեռնադրումների ընթացքում, այնպես էլ անհատապես և հավերժացվել տաճարների Adyta - ներում, նրանք ընտրել են մեկ կամ մի քանի այդպիսի մեծ ճշմարտություններ՝ իրողություններ, որոնք տեսանելի են միայն ճշմարիտ Իմաստունին ու պայծառատեսին, և դրանք հաղորդել լայն զանգվածներին: Այդ եղանակով ամեն մի ժողովուրդ իր հերթին ստացել է այդպիսի մի քանի ճշմարտություն, որոնք դիմակավորվել են տեղական կամ հատուկ խորհրդանշաններով (սիմվոլիզմով), որոնք ժամանակի ընթացքում քիչ թե շատ վերածվել են փիլիսոփայական պաշտամունքների՝ միստիկական հանդերձանքով Պանթեոնի: Ուստի և Կոնֆու-ցզին՝ պատմական ժամանակագրությամբ շատ հին մի օրենսդիր, որը նաև համաշխարհային պատմության մեջ շատ ժամանակակից իմաստուն է՝ դոկտոր Լեգգեի[21] կողմից ներկայացվում է ոչ թե որպես ստեղծող, այլ փոխանցող: Եվ հենց ինքն է ասել. «Ես միայն փոխանցում եմ, ես չեմ կարող նոր բաներ հորինել: Ես հավատում եմ Հներին, դրա համար էլ սիրում եմ նրանց[22]»:
Այս տողերը գրողը նույնպես սիրում է նրանց և հավատում է նրանց Իմաստության այդ հինավուրց ու ժամանակակից ժառանգորդներին: Եվ հավատալով նրանց և ուրիշներին՝ նա հիմա փոխանցում է այն, ինչ ստացել ու սովորել է՝ բոլոր նրանց, ովքեր կարող են տրվածն ընկալել: Իսկ ինչ վերաբերում է բոլոր մյուսներին, որոնք կժխտեն նրա վկայությունը, այսինքն՝ մեծամասնությանը, ապա նրանց նկատմամբ հեղինակն անբարյացակամություն չի դրսևորի, քանի որ նրանք ճիշտ են իրենց ժխտումով, իսկ հեղինակը՝ հաստատումով: Երկու կողմն էլ Ճշմարտությունը դիտարկում են երկու բոլորովին տարբեր մեկնակետերից: Համաձայն գիտական քննադատության կանոնների՝ արևելագետը պարտավոր է a priori  մերժել ցանկացած ակնհայտ բան, որն ինքը լիովին չի կարող ստուգել: Ինչպե՞ս կարող է արևմտյան գիտնականը ասեկոսների հիման վրա ընդունել մի բան, որի մասին ոչինչ չգիտի: Հիրավի, այն ինչ տրվում է այս հատորներում, ընտրված է ինչպես բանավոր փոխանցված, այնպես էլ գրի առնված ուսմունքներից: Էզոթերիկական վարդապետությունների առաջին մասը հիմնված է Ստանցաների վրա, որոնք ներկա ազգագիտությանն անհայտ ժողովրդի արձանագրություններ են: Ինչպես պնդվում է, Ստանցաները գրված են մի լեզվով, որը բացակայում է բանասիրությանը հայտնի լեզուների ու բարբառների ցուցակում, և բխում են մի աղբյուրից, որը գիտությունը չի ընդունում՝ Օկուլտիզմից: Եվ վերջապես, դրանք ներկայացվում են միջնորդավորված մի օղակով, որն ամբողջ աշխարհի աչքի առաջ հալածվում է նրանց կողմից, ովքեր տանել չեն կարողանում անհարմար ճշմարտությունները կամ էլ ունեն իրենց հատուկ հորինվածքը, որը պաշտպանության կարիք է զգում: Ուստի հարկ է նախապես ակնկալել և նախապատրաստվել մատուցվող ուսմունքների ժխտման փորձերին: Ճշգրիտ գիտությունների ցանկացած բնագավառում իրեն գիտնական համարող ոչ մեկն իրեն թույլ չի տա լուրջ ընդունելու այդ ուսմունքները: Դրանք a priori   կծաղրվեն ու կմերժվեն այս հարյուրամյակում, բայց՝ միայն դրանում: Քանզի մեր դարագլխի քսաներորդ հարյուրամյակում գիտնականները կսկսեն ընդունել, որ Գաղտնի Վարդապետությունը ո՛չ հորինվածք է, ո՛չ էլ չափազանցություն, այլ սոսկ ուրվանկարն այն ուսմունքների, որոնք նախորդել են Վեդաներին : Սա մարգարեանալու հավակնություն չէ, այլ պարզապես պնդում է, որը հիմնված է փաստերի իմացության վրա: Ամեն հարյուրամյակում փորձ է արվում աշխարհին ցույց տալու, որ Օկուլտիզմը հիվանդագին սնահավատություն չէ: Մեկ որ դուռը կիսաբաց է մնացել, ապա այն ամեն նոր հարյուրամյակում ավելի շատ կբացվի: Հասել է ժամանակը, որ տրվի ավելի լուրջ ծանոթություն, քան թույլ է տրվել մինչև հիմա, թեև այն ամենը, ինչ հիմա տրվում է, կրկին շատ սահմանափակ է:


(շարունակելի)




[1] տես՝ Thesophist, հունիս, 1883 թ.
[2] այդ գրքի առաջին հրատարակության առաջաբանում
[3] Դան-ը՝ չինական (և տիբեթական) հնչողությամբ Չան-ը, էզոթերիկական դպրոցների և դրանց գրականության ընդհանուր եզրույթ է: Հին գրվածքներում Ջաննա բառն ունի «մտասևեռման ու գիտելիքների միջոցով ինքզինք կերպափոխելու, երկրորդ ներքին ծնունդ ապրելու» իմաստ: Այստեղից էլ՝ Ձան-ը, հնչոցությամբ՝ Դիան  և Ձիանի Գիրքը: Տես՝ «Չինական բուդդիզմ», Էդկինսա, էջ 129-ծանոթություն: (Չան-ը չինարեն է, բայց ոչ տիբեթերեն – ռ.թ.)
[4] Պ-ն Բեգլորը՝ Բուդհագայայի գլխավոր ճարտարագետը, կարծեմ, առաջինն է դա բացահայտել:
[5] Introduction to the Science of Religion, p. 23
[6] «Ain i Akbari», թարգմանությունը՝ դ-ր Բլոխմանի, մեջբերել է Մաքս Մյուլերը op. cit.-ում
[7] «Tao-te-King» - էջ 27
[8] Մաքս Մյուլլեր, op. cit., էջ 114
[9] Դրանք այժմ գտնված և ապացուցված են Ջորջ Սմիթի կողմից (տես՝ Chaldean Account of Genesis), և որոնք, ոմն հայ կեղծարարի շնորհիվ, ամբողջ 1500 տարի մոլորության մեջ են պահել բոլոր «քաղաքակիրթ ազգերին» ու ստիպել, որ հրեական փոխադրություններն ընդունվեն որպես անմիջական Աստվածային Հայտնություն
[10] Egypt's Place in History I. – 200.
[11] Spence Hardy, The Legends and Theories of the Buddhists. – էջ 66
[12] Е. Schlagintweit – «Buddhismus in Tibet» – էջ 77
[13] Լասսենը (Ind Althertum,kunde, II. 1072) նշում է Ք.ծ.ա. 137թ Կայլասի լեռնաշղթայում կառուցված մի բուդդայական մենաստանի մասին, իսկ գեներալ Կունինգդամը խոսում է դրանից ավելի վաղ կառուցված մի ուրիշ մենաստանի մասին
[14] Rev. J. Edkins, «Chinese Buddhism»էջ 87
[15] Տես՝ Մաքս Մյուլլեր, «Դասախոսություններ»
[16] Op. cit., էջ 118.
[17] Ор. cit., էջ 318
[18] «Asiatic Researches». I –  էջ 272
[19] Տես՝ Մաքս Մյուլլեր, op. cit., էջ 288 և դրանից հետո: Ասվածը վերաբերում է նաև այն էջերի հմուտ կեղծարարությանը, որոնք խցկվել են հինավուրց Պուրանական Ձեռագրի մեջ, և որոնց վրա ճշգրիտ հնագույն սանսկրիտով գրվել է այն ամենը, ինչ Պանդիտները գնդապետ Ուիլֆորդից իմացան Ադամի, Աբրահամի, Նոյի ու նրա երեք որդիների և այլնի մասին:
[20] Ն. Մ. Պրժևալսկու դասախոսություններից
[21] Lűn Yű (§ I a); Schott, «Chinesische Literatur» էջ 7, հիշատակվում է Մաքս Մյուլլերի կողմից
[22] «Կոնֆու-ցզիի կյանքը և Ուսմունքը», էջ 96