среда, 16 января 2019 г.

Ինքնակենսագրական հոդված Տ. Ն. Միկուշինայի մասին (“Awareness Magazine”) ամսագրում


Ինքնակենսագրական հոդված Տ. Ն. Միկուշինայի մասին՝

ամերիկյան «Բանիմացություն» (“Awareness Magazine”) ամսագրում

Իմ ամենամեծ բացահայտումն այն էր,
որ Աստծո աշխարհը հենց այնտեղ է,
որտեղ գտնվում ենք ես և մեզնից յուրաքանչյուրը


Ես ծնվել եմ Արևմտյան Սիբիրի հարավում գտնվող Օմսկ քաղաքում, մի պետության մեջ, որն այժմ չկա՝ Խորհրդային Միությունում:




Ես Աստծո կողմը չէի ձգվում: Սակայն 15 տարեկանում մարզական վնասվածք ստացա և բժիշկների թույլ տված բազմակի սխալների պատճառով սկսեցի մեռնել: Ախտորոշումս՝ սեպսիս,  արյան ընդհանուր վարակվածություն: Մեռնելուս գործը տևեց մոտ մեկ շաբաթ: Հետո բոլորովին անսպասելի սկսեցի ապաքինվել:

Երբ վերագտա ինքս ինձ, հանկարծ հստակ գիտակցեցի, որ մի այլ աշխարհից եմ հետ եկել: Եվ այդ աշխարհում ես ինձ լավ էի զգում՝ անհամեմատ ավելի լավ, քան շրջակա ֆիզիկական աշխարհում: Ինձ գերել էին երկու գաղափարներ. առաջինը՝ հասկացել էի, որ Աստված կա և Նրան պետք է գտնել, և երկրորդ՝ ես պետք է սովորեմ:

Սակայն հասարակությունը, որում ապրում էի, Աստծո գոյությունը չէր ընդունում: Ուստի չկարողացա գտնել այն վայրը, որտեղ կարող էի գիտելիք ստանալ Աստծո մասին:
Ես գերազանցությամբ տեխնիկական համալսարան ավարտեցի, 13 տարի աշխատեցի կոսմիկական տեխնիկայի կառուցման նախագծային բաժանմունքում:

Հետո սկսվեց «վերակառուցման» շրջանը, և դադարեցին աշխատավարձ վճարել: Ես հաշվապահական գործ սովորեցի և փոքր բիզնեսի բնագավառում 10 տարի աշխատեցի որպես հաշվապահ:

1997 թ-ին իմ ձեռքն ընկավ ամերիկյան «Սամմիթ Լայթհաուզ» կազմակերպության Ուսմունքը: Մասնակցեցի այդ կազմակերպության մի քանի միջոցառումների, որոնք անցկացվում էին Ռուսաստանում:

Իմ ծանոթներից շատերն ուցում էին դեսպանորդ դառնալ և Վեհապետներից թելադրություններ ընդունել: Իմ մտքին նման բան չկար: Բայց ավելի հաճախ էի հիշում այն, ինչ հասկացել էի 15 տարեկանում. ես պետք է գտնեմ Աստծուն:

2000 թ-ին իմ կյանքում հայտնվեց մեկը, որն առաջարկեց ինձ սովորեցնել ներխոկում (медитация) անել: Ես դա չէի ուզում: Սակայն այդ մարդու համառ խնդրանքներից հետո համաձայնեցի փորձել:

Տառացիորեն երկու ամիս հետո ես սկսեցի լսել իմ Բարձրագույն Ես-ին: Հետո էլ սկսեցի լսել նուրբ ոլորտի իմ Ուսուցչին: Ապա Ուսուցիչները սկսեցին փոխարինել մեկը մյուսին՝ Կութհումի, Սանատ Կումարա, Սուրիա, Մայտրեյա, Տեր Շիվա... Ներխոկումների ընթացքում վիթխարի աշխատանք էր կատարվում իմ գիտակցության և ենթագիտակցության հետ: Ինձ սովորեցնում էին լսել Վեհապետներին: Աստիճանաբար ես Նրանց ավելի ու ավելի լավ էի լսում:

Պահանջվեց երեք տարի, որպեսզի Վեհապետները բացեն իմ չակրաները և համալարեն դրանց համակարգը:

2002 թ-ի 4 ամիսների ընթացքում ես մի մեծ թեստ անցա: Եթե ինձ առաջարկեին մի անգամ էլ անցնել նույն թեստը, ապա չէի կարողանա: Ես ամբողջովին փլուզվել էի: Երբեմն նույնիսկ ուժ չէի գտնում, որ կերակուր պատրաստեմ ինձ համար:

Տարեվերջին ինձ այցելեց Տեր Մայտրեյան, և Նրա ներկայությամբ ես հանկարծ անսովոր հնազանդություն զգացի Աստծո կամքի առաջ: Ես հասկացա, որ ընդամենը մի ավազահատիկ եմ Աստծո ձեռքում: Նա անսահման սիրում է ինձ: Ես էլ՝ Նրան: Այնքան ուժեղ, որ պատրաստ եմ ենթարկվել Նրան, ինչ էլ որ ասի: Եվ եթե Աստված ուզենար, որ ես մեռնեմ, ապա ուրախությամբ կենթարկվեի Նրա կամքին:

Երբ հաջորդական երեք ներխոկումների ընթացքում ինձ հաջողվեց հասնել հնազանդության այդ նույն վիճակին, թեստն ավարտվեց:

Ես շարունակեցի ներխոկումներս: Դրանք միանգամայն զարմանալի ներխոկումներ էին: Մի անգամ ես հայտնվեցի կատարյալ երանության վիճակում, երբ հասել եմ ամեն ինչին և այլևս գնալու տեղ չկա: Դա լիակատար խաղաղվածության ու լիակատար երջանկության մի վիճակ էր: Ես մարմինս չէի զգում: Միակ բանը, որ ուզում էի՝ դուրս չգալ այդ վիճակից: Բայց շուտով ամեն ինչ վերջացավ:

Դա ինձ համար մեծ բացահայտումը եղավ. Աստծո աշխարհը հենց այնտեղ է, որտեղ գտնվում ենք ես և մեզնից յուրաքանչյուրը: Մեզ այդ աշխարհից բաժանում է մեր գիտակցության մակարդակը՝ մեր թրթռանքը:

Դեպի Աստված տանող Ուղին դրսում չի գտնվում: Այն հենց իմ ներսում է:

2004 թ-ին մի ներխոկման ժամանակ ես իմացա, որ ինձ շնորհվել է Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի Պատմուճան:

Մեծ Սպիտակ Եղբայրությունը՝ Լույսի այն Էակների հավաքական անվանումն է, որոնք հասել են էվոլյուցիոն զարգացման հաջորդ աստիճանին: Նրանք ներկա են Լինելիության նուրբ ոլորտներում: «Մեծ» բառն այստեղ մատնանշում է այդ Էակների հոգևոր նվաճումների բարձր աստիճանը: «Սպիտակը»՝ խորհրդանշում է Լույսի այդ Էակների աուրաների անբիծ ճերմակությունը: Իսկ «Եղբայրություն» բառն այն է արտահայտում, որ Լույսի այդ Էակների միջև հաստատված են փոխհարաբերությունների միանգամայն այլ սկզբունքներ: Նրանք համայն տիեզերքի Արարչի և իրար հետ մշտապես գտնվում են Սիրո ու Միասնության վիճակում:

Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի Պատմուճան շնորհվում է միայն հատուկ պատրաստվածություն անցած անհատականություններին՝ նրանց, որոնց Եղբայրությունը վստահում է, որ ֆիզիկական ոլորտում ներկայացնեն Իրեն: Պատմուճանի առկայությունը թույլ է տալիս, հատուկ մեթոդիկայի կիրառման միջոցով, հավաստիության մեծ աստիճանով Ուղերձներ ընդունել և փոխանցել Լինելիության Բարձրագույն Ոլորտների Էակների կողմից:

Այդ իրադարձության մասին ես նշում կատարեցի իմ օրագրում և մի որոշ ժամանակ մոռացա այդ մասին: Ես մտածում էի, որ եթե իրապես ինձ շնորհվել է Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի Պատմուճան, ապա դա վաղ թե ուշ իրեն կդրսևորի ֆիզիկական ոլորտում:

Այդ ընթացքում նամակագրություն ունեի ԱՄՆ-ում ապրող մի կնոջ հետ: Նա թելադրություններ էր ընդունում Համբարձյալ Վեհապետներից և կարողանում էր հաղորդակցվել Նրանց հետ: Մի առիթով ես նրան տեղեկացրի, որ ես Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի պատմուճան ունեմ:

Այդ ժամանակ ես հաշվապահ էի աշխատում և ինձ թվում էր, թե միաժամանակ ապրում եմ երկու աշխարհներում. ներխոկումների ժամանակ՝ Աստծո աշխարհում, իսկ մնացած ժամանակ՝ սովորական հաշվապահ եմ:

2004 թ-ի օգոստոսի 31-ին, միանգամայն ծիծաղելի պատրվակով, ինձ ազատեցին աշխատանքից. վճարման հանձնարարականում մի տառ էի բաց թողել...
Ես արդեն 46 տարեկան էի: Հաշվառման կանգնեցի զբաղվածության ապահովման ծառայությունում, բայց տարիքիս պատճառով ինձ ոչ մի տեղ գործի չէին ընդունում՝ ասելով, թե «չափազանց ծեր ես»:

2005 թ-ի մարտի 3-ին Ամերիկայից իմ ծանոթն ինձ գրեց, որ իրեն այցելել է Վեապետ Մորիան և հայտնել, որ իմ Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի Պատմուճանն ակտիվանում է, և ես պետք է սկսեմ Թելադրություններ ընդունել Վեհապետներից:

Ես նրան պատասխանեցի, որ լսում եմ Վեհապետներին, բայց դեռ ոչ մի անգամ Նրանցից Թելադրություն չեմ ընդունել: Բայց նա իր նամակներում էլի ու էլի էր պնդում նույն բանը:

Ամերիկայում առավոտ էր, ինձ մոտ՝ ուշ գիշեր: Ես գրեցի ընկերուհուս, որ եթե Վեհապետները գան և ինձ թելադրություն տան, ապա նա առաջին մարդը կլինի, որ կիմանա այդ մասին: Դրանից հետո քնով անցա:

Երբ առավոտյան սկսեցի ներխոկումս, ինձ այցելեց Սանատ Կումարան: Ես տեսա, թե ինչպես է սենյակը լցվում լուսարձակող դեղնա-վարդագույն մշուշով: Սանակ Կումարան ասաց, որ ուզում է իմ միջոցով Ուղերձ տալ:

Ես ասացի, որ ուրախ կլինեի Ուղերձն ընդունել, բայց գրիպ ու մրսածություն ունեմ:
Նա ասաց. «Ուղարկում եմ բուժիչ ճառագայթ»: Մի րոպե անց և՛ մրսածությունս անցավ, և՛ գրիպի հետքերն իսպառ չքացան:

Եվ ահա Վեհապետներից ընդունեցի առաջին Ուղերձը: Դա տեղի ունեցավ 2005 թ-ի մարտի 4-ին:

Վեհապետներն օր-օրի շարունակում էին գալ, և ես ամեն օր Ուղերձ էի ընդունում: Վեհապետները տարբեր էին: Լույսի ավելի քան 50 Էակներ՝ տարբեր աշխարհներից:
Այդպես անցավ մեկ ամիս: Ես շարունակում էի այցելել զբաղվածության կենտրոն, բայց ինձ համար աշխատանք չէր ճարվում:

Փողերս վերջանալու վրա էին, և ես ստիպված էի սահմանափակել իմ սնունդը: Առավոտյան ուտում էի կես բաժակ վարսակի փաթիլներ, իսկ երեկոյան՝ կես բաժակ հնդկաձավար կամ բրինձ:

Իսկ թելադրություններն ամեն օր գալիս էին առանց ընդմիջման: Վեհապետները պայման էին դրել, որ նույն օրվա ընթացքում դրանք զետեղեմ «Սիրիուս» կոչված համացանցային կայքում (http://sirius-ru.net ):

Ինքնուրույն չէի կարողանում հասկանալ, թե այդ ամենն ինչպես է տեղի ունենում, և թե իմ այդ գրառումները որևէ արժեք ունե՞ն, թե՞՝ ոչ: Ինձ վրդովում էր այն, որ առաջին հինգ Թելադրությունները հրապարակելուց հետո ամերիկացի իմ ծանոթն ինձ գրեց, թե պետք է վերջ տամ թելադրություններ ընդունելու գործին, քանի որ դրանք ընդունում եմ իմ ենթագիտակցության միջից:

Ես դիմեցի իմ ծանոթներին, նրանք էլ ինձ ուղարկեցին իրենց ծանոթ պայծառատեսների մոտ: Բոլոր նրանք, ում մոտ եղա, նույն բանն էին ասում, թե իմ ընդունած Ուղերձներն իսկապես աստվածային ծագում ունեն:

Թելադրությունների վերջը չէր երևում. մարտ, ապրիլ, մայիս, հունիս... Հունիսի սկզբից ինձ համար դժվարացավ աշխատանքային ռիթմը պահպանելը: Առավոտյան արթանում էի մեն մի մտքով՝ պետք է Թելադրություն ընդունեմ: Օրն արագ ավարտվում էր, և իմ մտքում լոկ այն էր լինում, թե վաղը պետք է Թելադրություն ընդունեմ:

Դա շատ ծանր էր ինձ համար... Չորսամսյա լարված աշխատանք, երբ պահանջվում է լսել անլսելին, տեսնել անտեսանելին:

Բայց դա դեռ ընդամենն Ուղերձների առաջին շրջանն էր, որ Վեհապետները տվեցին իմ միջոցով:

Դրան հետևեց 12-ամյա նույնպիսի լարված աշխատանքը:

Ես այլևս չէի կարողանում քաղաքում ապրել: Մարդկանց օգնության շնորհիվ ինձ հաջողվեց առանձնատուն կառուցել Օմսկի մոտակայքում:

Այդ տանն Ուղերձներ ընդունեցի մինչև 2012 թվականը:

2012թ-ի ապրիլի 12-ին տան շուրջը եղած փայտյա ցանկապատը չորս կողմից կրակ տվին: Հրդեհն արագորեն տարածվեց սոճիների ու կեչիների վրա: Հրդեհի բոցերը 10 մետրից բարձր էին: Դա ուղղակի կրակի ու ծխի պատ էր:

Ինձ հետ ևս 5 հոգի կային, որոնք օգնության էին հասել: Մենք ստիպված եղանք թաքնվել տան ներսում, քանի որ դրսում սաստիկ շոգ էր ու ծուխ:

Ես բարձրացա ձեղնահարկ, որպեսզի իրեր դուրս բերեմ: Բայց լսեցի, թե ինչպես է տանիքն արդեն ճարճատում: Տանիքի ծածկի տակ փրփրաթիթեղի շերտ կար, որը խիստ դյուրավառ է և վառվելիս թունավոր ծուխ է արձակում: Եվ այդտեղ ես հասկացա, որ բոլորս դատապարտված ենք վառվելու: Դա անխուսափելի էր թվում:

Մտաբերեցի, որ հարկավոր է Աստծուց օգնություն աղերսել: Սկսեցի կանչել. «Միքայել Հրեշտակապե՛տ, օգնի՛ր, օգնի՛ր, օգնի՛ր...»:

Մի քանի այդպիսի կանչերից հետո զգացի, որ տանիքն այլևս չի ճարճատում. կրակի աղմուկը կարծես դադարել է: Ավելի ուշ տեսա, որ սոճին, որի սաղարթը հասել ու հպվում էր ձեղնահարկին, հանկարծակի դադարեց այրվել: Կրակն արդեն ներքևի ճյուղերին էր հասել ու այրել դրանք, բայց սոճին ինքնուրույն հանգավ: Կրակը ոչ ոք չմարեց:

Այն, որ մենք փրկվեցինք, ուղղակի հրաշք էր:

Վեհապետների պնդմամբ ես ստիպված եղա լքել Ռուսաստանը: Անընդհատ մի վայրից մյուսն էի տեղափոխվում, որպեսզի հարմար տեղ գտնեմ աշխատելու և Ուղերձներն ընդունելու համար:

Ուղերձների քանակը հասավ 500-ի, լույս տեսան ավելի քան 70 գրքեր: Դրանցից շատերն այսօր թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, բուլղարերեն, լատիշերեն, լիտվերեն, պորտուգալերեն, հայերեն և մի շարք այլ լեզուներով:

Կուզենայի, որ իմ ընդունած Ուղերձների շնորհիվ մարդիկ հասկանային, որ Աստված հենց այնտեղ է, որտեղ մենք կանք: Մեզ Նրանից բաժանում են միայն մեր թրթռանքները:

Ըստ էության, մենք բոլորս Աստված ենք՝ մարմին առած վիճակով: Մեզնից յուրաքանչյուրով Աստված դրսևորում է Ինքն իրեն:

Տատյանա Միկուշինա,
Լույս և սեր
թարգմանեց Խ. Մանասելյանը