Ինքնակենսագրական հոդված Տ. Ն. Միկուշինայի մասին՝
ամերիկյան «Բանիմացություն» (“Awareness Magazine”) ամսագրում
Իմ ամենամեծ բացահայտումն այն էր,
որ Աստծո աշխարհը հենց այնտեղ է,
որտեղ գտնվում ենք ես և մեզնից յուրաքանչյուրը
Ես ծնվել եմ Արևմտյան Սիբիրի
հարավում գտնվող Օմսկ քաղաքում, մի պետության մեջ, որն այժմ չկա՝ Խորհրդային Միությունում:
Ես Աստծո կողմը չէի ձգվում: Սակայն 15 տարեկանում մարզական
վնասվածք ստացա և բժիշկների թույլ տված բազմակի սխալների պատճառով սկսեցի մեռնել: Ախտորոշումս՝
սեպսիս, արյան ընդհանուր վարակվածություն:
Մեռնելուս գործը տևեց մոտ մեկ շաբաթ: Հետո բոլորովին անսպասելի սկսեցի ապաքինվել:
Երբ վերագտա ինքս ինձ, հանկարծ հստակ գիտակցեցի, որ մի
այլ աշխարհից եմ հետ եկել: Եվ այդ աշխարհում ես ինձ լավ էի զգում՝ անհամեմատ ավելի
լավ, քան շրջակա ֆիզիկական աշխարհում: Ինձ գերել էին երկու գաղափարներ. առաջինը՝ հասկացել
էի, որ Աստված կա և Նրան պետք է գտնել, և երկրորդ՝ ես պետք է սովորեմ:
Սակայն հասարակությունը, որում ապրում էի, Աստծո գոյությունը
չէր ընդունում: Ուստի չկարողացա գտնել այն վայրը, որտեղ կարող էի գիտելիք ստանալ Աստծո
մասին:
Ես գերազանցությամբ տեխնիկական համալսարան ավարտեցի,
13 տարի աշխատեցի կոսմիկական տեխնիկայի կառուցման նախագծային բաժանմունքում:
Հետո սկսվեց «վերակառուցման» շրջանը, և դադարեցին աշխատավարձ
վճարել: Ես հաշվապահական գործ սովորեցի և փոքր բիզնեսի բնագավառում 10 տարի աշխատեցի
որպես հաշվապահ:
1997 թ-ին իմ ձեռքն ընկավ ամերիկյան «Սամմիթ Լայթհաուզ»
կազմակերպության Ուսմունքը: Մասնակցեցի այդ կազմակերպության մի քանի միջոցառումների,
որոնք անցկացվում էին Ռուսաստանում:
Իմ ծանոթներից շատերն ուցում էին դեսպանորդ դառնալ և Վեհապետներից
թելադրություններ ընդունել: Իմ մտքին նման բան չկար: Բայց ավելի հաճախ էի հիշում այն,
ինչ հասկացել էի 15 տարեկանում. ես պետք է գտնեմ Աստծուն:
2000 թ-ին իմ կյանքում հայտնվեց մեկը, որն առաջարկեց ինձ
սովորեցնել ներխոկում (медитация) անել: Ես դա չէի ուզում: Սակայն այդ մարդու համառ
խնդրանքներից հետո համաձայնեցի փորձել:
Տառացիորեն երկու ամիս հետո ես սկսեցի լսել իմ Բարձրագույն
Ես-ին: Հետո էլ սկսեցի լսել նուրբ ոլորտի իմ Ուսուցչին: Ապա Ուսուցիչները սկսեցին փոխարինել
մեկը մյուսին՝ Կութհումի, Սանատ Կումարա, Սուրիա, Մայտրեյա, Տեր Շիվա... Ներխոկումների
ընթացքում վիթխարի աշխատանք էր կատարվում իմ գիտակցության և ենթագիտակցության հետ:
Ինձ սովորեցնում էին լսել Վեհապետներին: Աստիճանաբար ես Նրանց ավելի ու ավելի լավ էի
լսում:
Պահանջվեց երեք տարի, որպեսզի Վեհապետները բացեն իմ չակրաները
և համալարեն դրանց համակարգը:
2002 թ-ի 4 ամիսների ընթացքում ես մի մեծ թեստ անցա: Եթե
ինձ առաջարկեին մի անգամ էլ անցնել նույն թեստը, ապա չէի կարողանա: Ես ամբողջովին փլուզվել
էի: Երբեմն նույնիսկ ուժ չէի գտնում, որ կերակուր պատրաստեմ ինձ համար:
Տարեվերջին ինձ այցելեց Տեր Մայտրեյան, և Նրա ներկայությամբ
ես հանկարծ անսովոր հնազանդություն զգացի Աստծո կամքի առաջ: Ես հասկացա, որ ընդամենը
մի ավազահատիկ եմ Աստծո ձեռքում: Նա անսահման սիրում է ինձ: Ես էլ՝ Նրան: Այնքան ուժեղ,
որ պատրաստ եմ ենթարկվել Նրան, ինչ էլ որ ասի: Եվ եթե Աստված ուզենար, որ ես մեռնեմ,
ապա ուրախությամբ կենթարկվեի Նրա կամքին:
Երբ հաջորդական երեք ներխոկումների ընթացքում ինձ հաջողվեց
հասնել հնազանդության այդ նույն վիճակին, թեստն ավարտվեց:
Ես շարունակեցի ներխոկումներս: Դրանք միանգամայն զարմանալի
ներխոկումներ էին: Մի անգամ ես հայտնվեցի կատարյալ երանության վիճակում, երբ հասել
եմ ամեն ինչին և այլևս գնալու տեղ չկա: Դա լիակատար խաղաղվածության ու լիակատար երջանկության
մի վիճակ էր: Ես մարմինս չէի զգում: Միակ բանը, որ ուզում էի՝ դուրս չգալ այդ վիճակից:
Բայց շուտով ամեն ինչ վերջացավ:
Դա ինձ համար մեծ բացահայտումը եղավ. Աստծո աշխարհը հենց
այնտեղ է, որտեղ գտնվում ենք ես և մեզնից յուրաքանչյուրը: Մեզ այդ աշխարհից բաժանում
է մեր գիտակցության մակարդակը՝ մեր թրթռանքը:
Դեպի Աստված տանող Ուղին դրսում չի գտնվում: Այն հենց
իմ ներսում է:
2004 թ-ին մի ներխոկման ժամանակ ես իմացա, որ ինձ շնորհվել
է Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի Պատմուճան:
Մեծ Սպիտակ Եղբայրությունը՝ Լույսի այն Էակների հավաքական
անվանումն է, որոնք հասել են էվոլյուցիոն զարգացման հաջորդ աստիճանին: Նրանք ներկա
են Լինելիության նուրբ ոլորտներում: «Մեծ» բառն այստեղ մատնանշում է այդ Էակների հոգևոր
նվաճումների բարձր աստիճանը: «Սպիտակը»՝ խորհրդանշում է Լույսի այդ Էակների աուրաների
անբիծ ճերմակությունը: Իսկ «Եղբայրություն» բառն այն է արտահայտում, որ Լույսի այդ
Էակների միջև հաստատված են փոխհարաբերությունների միանգամայն այլ սկզբունքներ: Նրանք
համայն տիեզերքի Արարչի և իրար հետ մշտապես գտնվում են Սիրո ու Միասնության վիճակում:
Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի Պատմուճան շնորհվում
է միայն հատուկ պատրաստվածություն անցած անհատականություններին՝ նրանց, որոնց Եղբայրությունը
վստահում է, որ ֆիզիկական ոլորտում ներկայացնեն Իրեն: Պատմուճանի առկայությունը թույլ
է տալիս, հատուկ մեթոդիկայի կիրառման միջոցով, հավաստիության մեծ աստիճանով Ուղերձներ
ընդունել և փոխանցել Լինելիության Բարձրագույն Ոլորտների Էակների կողմից:
Այդ իրադարձության մասին ես նշում կատարեցի իմ օրագրում
և մի որոշ ժամանակ մոռացա այդ մասին: Ես մտածում էի, որ եթե իրապես ինձ շնորհվել է
Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի Պատմուճան, ապա դա վաղ թե ուշ իրեն կդրսևորի ֆիզիկական
ոլորտում:
Այդ ընթացքում նամակագրություն ունեի ԱՄՆ-ում ապրող մի
կնոջ հետ: Նա թելադրություններ էր ընդունում Համբարձյալ Վեհապետներից և կարողանում
էր հաղորդակցվել Նրանց հետ: Մի առիթով ես նրան տեղեկացրի, որ ես Մեծ Սպիտակ Եղբայրության
Դեսպանորդի պատմուճան ունեմ:
Այդ ժամանակ ես հաշվապահ էի աշխատում և ինձ թվում էր,
թե միաժամանակ ապրում եմ երկու աշխարհներում. ներխոկումների ժամանակ՝ Աստծո աշխարհում,
իսկ մնացած ժամանակ՝ սովորական հաշվապահ եմ:
2004 թ-ի օգոստոսի 31-ին, միանգամայն ծիծաղելի պատրվակով,
ինձ ազատեցին աշխատանքից. վճարման հանձնարարականում մի տառ էի բաց թողել...
Ես արդեն 46 տարեկան էի: Հաշվառման կանգնեցի զբաղվածության
ապահովման ծառայությունում, բայց տարիքիս պատճառով ինձ ոչ մի տեղ գործի չէին ընդունում՝
ասելով, թե «չափազանց ծեր ես»:
2005 թ-ի մարտի 3-ին Ամերիկայից իմ ծանոթն ինձ գրեց, որ
իրեն այցելել է Վեապետ Մորիան և հայտնել, որ իմ Մեծ Սպիտակ Եղբայրության Դեսպանորդի
Պատմուճանն ակտիվանում է, և ես պետք է սկսեմ Թելադրություններ ընդունել Վեհապետներից:
Ես նրան պատասխանեցի, որ լսում եմ Վեհապետներին, բայց
դեռ ոչ մի անգամ Նրանցից Թելադրություն չեմ ընդունել: Բայց նա իր նամակներում էլի ու
էլի էր պնդում նույն բանը:
Ամերիկայում առավոտ էր, ինձ մոտ՝ ուշ գիշեր: Ես գրեցի
ընկերուհուս, որ եթե Վեհապետները գան և ինձ թելադրություն տան, ապա նա առաջին մարդը
կլինի, որ կիմանա այդ մասին: Դրանից հետո քնով անցա:
Երբ առավոտյան սկսեցի ներխոկումս, ինձ այցելեց Սանատ Կումարան:
Ես տեսա, թե ինչպես է սենյակը լցվում լուսարձակող դեղնա-վարդագույն մշուշով: Սանակ
Կումարան ասաց, որ ուզում է իմ միջոցով Ուղերձ տալ:
Ես ասացի, որ ուրախ կլինեի Ուղերձն ընդունել, բայց գրիպ
ու մրսածություն ունեմ:
Նա ասաց. «Ուղարկում եմ բուժիչ ճառագայթ»: Մի րոպե անց
և՛ մրսածությունս անցավ, և՛ գրիպի հետքերն իսպառ չքացան:
Եվ ահա Վեհապետներից ընդունեցի առաջին Ուղերձը: Դա տեղի
ունեցավ 2005 թ-ի մարտի 4-ին:
Վեհապետներն օր-օրի շարունակում էին գալ, և ես ամեն օր
Ուղերձ էի ընդունում: Վեհապետները տարբեր էին: Լույսի ավելի քան 50 Էակներ՝ տարբեր
աշխարհներից:
Այդպես անցավ մեկ ամիս: Ես շարունակում էի այցելել զբաղվածության
կենտրոն, բայց ինձ համար աշխատանք չէր ճարվում:
Փողերս վերջանալու վրա էին, և ես ստիպված էի սահմանափակել
իմ սնունդը: Առավոտյան ուտում էի կես բաժակ վարսակի փաթիլներ, իսկ երեկոյան՝ կես բաժակ
հնդկաձավար կամ բրինձ:
Իսկ թելադրություններն ամեն օր գալիս էին առանց ընդմիջման:
Վեհապետները պայման էին դրել, որ նույն օրվա ընթացքում դրանք զետեղեմ «Սիրիուս» կոչված
համացանցային կայքում (http://sirius-ru.net ):
Ինքնուրույն չէի կարողանում հասկանալ, թե այդ ամենն ինչպես
է տեղի ունենում, և թե իմ այդ գրառումները որևէ արժեք ունե՞ն, թե՞՝ ոչ: Ինձ վրդովում
էր այն, որ առաջին հինգ Թելադրությունները հրապարակելուց հետո ամերիկացի իմ ծանոթն
ինձ գրեց, թե պետք է վերջ տամ թելադրություններ ընդունելու գործին, քանի որ դրանք ընդունում
եմ իմ ենթագիտակցության միջից:
Ես դիմեցի իմ ծանոթներին, նրանք էլ ինձ ուղարկեցին իրենց
ծանոթ պայծառատեսների մոտ: Բոլոր նրանք, ում մոտ եղա, նույն բանն էին ասում, թե իմ
ընդունած Ուղերձներն իսկապես աստվածային ծագում ունեն:
Թելադրությունների վերջը չէր երևում. մարտ, ապրիլ, մայիս,
հունիս... Հունիսի սկզբից ինձ համար դժվարացավ աշխատանքային ռիթմը պահպանելը: Առավոտյան
արթանում էի մեն մի մտքով՝ պետք է Թելադրություն ընդունեմ: Օրն արագ ավարտվում էր,
և իմ մտքում լոկ այն էր լինում, թե վաղը պետք է Թելադրություն ընդունեմ:
Դա շատ ծանր էր ինձ համար... Չորսամսյա լարված աշխատանք,
երբ պահանջվում է լսել անլսելին, տեսնել անտեսանելին:
Բայց դա դեռ ընդամենն Ուղերձների առաջին շրջանն էր, որ
Վեհապետները տվեցին իմ միջոցով:
Դրան հետևեց 12-ամյա նույնպիսի լարված աշխատանքը:
Ես այլևս չէի կարողանում քաղաքում ապրել: Մարդկանց օգնության
շնորհիվ ինձ հաջողվեց առանձնատուն կառուցել Օմսկի մոտակայքում:
Այդ տանն Ուղերձներ ընդունեցի մինչև 2012 թվականը:
2012թ-ի ապրիլի 12-ին տան շուրջը եղած փայտյա ցանկապատը
չորս կողմից կրակ տվին: Հրդեհն արագորեն տարածվեց սոճիների ու կեչիների վրա: Հրդեհի
բոցերը 10 մետրից բարձր էին: Դա ուղղակի կրակի ու ծխի պատ էր:
Ինձ հետ ևս 5 հոգի կային, որոնք օգնության էին հասել:
Մենք ստիպված եղանք թաքնվել տան ներսում, քանի որ դրսում սաստիկ շոգ էր ու ծուխ:
Ես բարձրացա ձեղնահարկ, որպեսզի իրեր դուրս բերեմ: Բայց
լսեցի, թե ինչպես է տանիքն արդեն ճարճատում: Տանիքի ծածկի տակ փրփրաթիթեղի շերտ կար,
որը խիստ դյուրավառ է և վառվելիս թունավոր ծուխ է արձակում: Եվ այդտեղ ես հասկացա,
որ բոլորս դատապարտված ենք վառվելու: Դա անխուսափելի էր թվում:
Մտաբերեցի, որ հարկավոր է Աստծուց օգնություն աղերսել:
Սկսեցի կանչել. «Միքայել Հրեշտակապե՛տ, օգնի՛ր, օգնի՛ր, օգնի՛ր...»:
Մի քանի այդպիսի կանչերից հետո զգացի, որ տանիքն այլևս
չի ճարճատում. կրակի աղմուկը կարծես դադարել է: Ավելի ուշ տեսա, որ սոճին, որի սաղարթը
հասել ու հպվում էր ձեղնահարկին, հանկարծակի դադարեց այրվել: Կրակն արդեն ներքևի ճյուղերին
էր հասել ու այրել դրանք, բայց սոճին ինքնուրույն հանգավ: Կրակը ոչ ոք չմարեց:
Այն, որ մենք փրկվեցինք, ուղղակի հրաշք էր:
Վեհապետների պնդմամբ ես ստիպված եղա լքել Ռուսաստանը:
Անընդհատ մի վայրից մյուսն էի տեղափոխվում, որպեսզի հարմար տեղ գտնեմ աշխատելու և Ուղերձներն
ընդունելու համար:
Ուղերձների քանակը հասավ 500-ի, լույս տեսան ավելի քան
70 գրքեր: Դրանցից շատերն այսօր թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, բուլղարերեն,
լատիշերեն, լիտվերեն, պորտուգալերեն, հայերեն և մի շարք այլ լեզուներով:
Կուզենայի, որ իմ ընդունած Ուղերձների շնորհիվ մարդիկ
հասկանային, որ Աստված հենց այնտեղ է, որտեղ մենք կանք: Մեզ Նրանից բաժանում են միայն
մեր թրթռանքները:
Ըստ էության, մենք բոլորս Աստված ենք՝ մարմին առած վիճակով:
Մեզնից յուրաքանչյուրով Աստված դրսևորում է Ինքն իրեն:
Տատյանա Միկուշինա,
Լույս և սեր
թարգմանեց Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий