понедельник, 14 октября 2019 г.

ՍԻՐԵՆՔ ՈՒ ՓԱՅՓԱՅԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՎՐԻՊՈՒՄՆԵՐԸ

«Ադրբեջան» կոչվող շինծու պետության բռնապետ Իլհամը բազմիցս հայտարարել է, որ իր վարչակազմը երբեք չի հանդուրժի, որ տարածաշրջանում երկու առանձին հայկական պետություն լինի: Պարզից էլ պարզ է, որ ըստ Իլհամի ախորժակի՝ ԼՂԻՄ-ը պետք է վերադառնա «ադրբեջանի» գիրկը, և Հայաստանը դրանից հետո լինի տարածաշրջանի միակ հայկական պետությունը: Բնականաբար, Իլհամը նաև դեմ է Նիկոլի այն մոտեցմանը, որ «անկախ» Արցախը պետք է հանդես գա որպես բանակցային կողմ:
Սիրենք ու փայփայենք մեր ազգի թշնամիների այս կարգի վրիպումները՝ ի շահ հայության միասնության և Հայոց պետականության ամրապնդման: Այո՛, Հայաստանը տարածաշրջանում պետք է հանդես գա որպես միակ պետություն և մեկ կողմ, բայց իր կազմում ունենալով Արցախը՝ որպես ՀՀ անբաժանելի և անօտարելի մարզերից մեկը:
Ինձ համար տարօրինակ է ու զարմանալի, որ Իլհամի այդ հայտարարություններից հետո մինչև այսօր Արցախը ՀՀ մարզի կարգավիճակ դեռևս չի ստացել: Չէ՞ որ կա դրա օրինական հնարավորությունը. այն է՝ Արցախի ներկայումս գործող խորհրդարանը բնիկ հայկական այդ երկրամասը հռչակում է ՀՀ մարզ և ինքնալուծարվում, որից հետո ՀՀ վարչապետը որևէ մեկին նշանակում է այդ երկրամասի մարզպետ:
Պետք է նաև նկատի ունենալ, որ բոլորովին կարևոր ու էական չէ, թե ՀՀ վարչապետի կողմից հատկապես ով կնշանակվի Արցախի առաջին մարզպետ: Եթե վերջինս լավ չաշխատի կամ արցախահայության սրտով չլինի, ապա հանրային պահանջով հրաժարական կտա, և վարչապետը կառաջարկի նոր, ավելի ցանկալի և ընդունելի մարզպետի թեկնածու: Բայց այդ գործընթացը, բնականաբար, որևէ բացասական ազդեցություն չի ունենա հայ ժողովրդի միասնության և պետականության անսասանության վրա:
Մեր վիճակը բոլորովին այլ, ուղղակի ողբերգական կլինի, եթե վերը նկարագրվածի փոխարեն Արցախում 2020 թ-ին տեղի ունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Չխորանալով արդեն դրսևորված կանխանշանների ու տհաճ մանրամասների մեջ՝ միայն ասեմ, որ դրա վերջնական հետևանքը լինելու է եղբայրասպան քաղաքացիական պատերազմը՝ ինչպես բուն «անկախ» Արցախի ներսում, այնպես էլ դրա «սահմանադրական» սահմաններից դուրս և հենց դրանց ոչ  ճշգրիտ ու անօրինական լինելու պատճառով:
Հայե՛ր, հանկարծ նման ճակատագրական սխալ թույլ չտաք...
Արցախը ՀՀ մարզերից մեկն է և վերջ:
Խաչիկ-Ապեր
14.10.2019թ.