«Ադրբեջան» կոչվող շինծու պետության բռնապետ Իլհամը բազմիցս հայտարարել է, որ իր վարչակազմը երբեք չի հանդուրժի, որ տարածաշրջանում երկու առանձին հայկական պետություն լինի: Պարզից էլ պարզ է, որ ըստ Իլհամի ախորժակի՝ ԼՂԻՄ-ը պետք է վերադառնա «ադրբեջանի» գիրկը, և Հայաստանը դրանից հետո լինի տարածաշրջանի միակ հայկական պետությունը: Բնականաբար, Իլհամը նաև դեմ է Նիկոլի այն մոտեցմանը, որ «անկախ» Արցախը պետք է հանդես գա որպես բանակցային կողմ:
Սիրենք ու փայփայենք մեր ազգի թշնամիների այս կարգի վրիպումները՝ ի շահ հայության միասնության և Հայոց պետականության ամրապնդման: Այո՛, Հայաստանը տարածաշրջանում պետք է հանդես գա որպես միակ պետություն և մեկ կողմ, բայց իր կազմում ունենալով Արցախը՝ որպես ՀՀ անբաժանելի և անօտարելի մարզերից մեկը:
Ինձ համար տարօրինակ է ու զարմանալի, որ Իլհամի այդ հայտարարություններից հետո մինչև այսօր Արցախը ՀՀ մարզի կարգավիճակ դեռևս չի ստացել: Չէ՞ որ կա դրա օրինական հնարավորությունը. այն է՝ Արցախի ներկայումս գործող խորհրդարանը բնիկ հայկական այդ երկրամասը հռչակում է ՀՀ մարզ և ինքնալուծարվում, որից հետո ՀՀ վարչապետը որևէ մեկին նշանակում է այդ երկրամասի մարզպետ:
Պետք է նաև նկատի ունենալ, որ բոլորովին կարևոր ու էական չէ, թե ՀՀ վարչապետի կողմից հատկապես ով կնշանակվի Արցախի առաջին մարզպետ: Եթե վերջինս լավ չաշխատի կամ արցախահայության սրտով չլինի, ապա հանրային պահանջով հրաժարական կտա, և վարչապետը կառաջարկի նոր, ավելի ցանկալի և ընդունելի մարզպետի թեկնածու: Բայց այդ գործընթացը, բնականաբար, որևէ բացասական ազդեցություն չի ունենա հայ ժողովրդի միասնության և պետականության անսասանության վրա:
Մեր վիճակը բոլորովին այլ, ուղղակի ողբերգական կլինի, եթե վերը նկարագրվածի փոխարեն Արցախում 2020 թ-ին տեղի ունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Չխորանալով արդեն դրսևորված կանխանշանների ու տհաճ մանրամասների մեջ՝ միայն ասեմ, որ դրա վերջնական հետևանքը լինելու է եղբայրասպան քաղաքացիական պատերազմը՝ ինչպես բուն «անկախ» Արցախի ներսում, այնպես էլ դրա «սահմանադրական» սահմաններից դուրս և հենց դրանց ոչ ճշգրիտ ու անօրինական լինելու պատճառով:
Հայե՛ր, հանկարծ նման ճակատագրական սխալ թույլ չտաք...
Արցախը ՀՀ մարզերից մեկն է և վերջ:
Խաչիկ-Ապեր
14.10.2019թ.
Комментариев нет:
Отправить комментарий