четверг, 28 августа 2014 г.

Գ. Ի. Գյուրջիև - «Հանդիպումներ հիշարժան մարդկանց հետ»

ՄԻՍՏՐ ԻՔՍ ԿԱՄ ՆԱՎԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆ
(հատված)

...Երկու տարի անց, մի գեղեցիկ օր Պողոսյանը հայտնվեց Թիֆլիսում, որտեղ այդ ժամանակ ես ապրում էի, և եկավ ինձ տեսակցության: Նա արդեն ավարտել էր ճեմարանը, կարճ ժամանակով եղել էր Կարսում՝ ծնողների մոտ, և հիմա պետք է ամուսնանար միայն այն բանի համար, որ իրեն եկեղեցական համայնք տրվի: Ծնողները նրա համար արդեն հարսնացու էին գտել, բայց նա դեռևս տատանվում էր՝ չիմանալով, թե ինչ որոշի: Այդ օրերը նա անցկացրեց գրքեր կլանելով, որոնք ես էի նրան մատակարարում: Երբ ես աշխատանքից տուն էի գալիս (որպես հնոցապան էի աշխատում Թիֆլիսի երկաթգծի կայարանում), մենք շատ անգամ զբոսնում էինք Մուշտաիդի ընդարձակ տարածքներում և երկար խոսում ու զրուցում իրար հետ:
Մուշտաիդում այդպիսի զբոսանքներից մեկի ժամանակ ես Պողոսյանին կատակով առաջարկեցի ինձ հետ միասին աշխատել երկաթգծի կայարանում և շատ զարմացա, երբ հաջորդ օրը նա տվեց իր համաձայնությունը և ինձ խնդրեց, որ օգնեմ գործի ընդունվել: Ես չփորձեցի հետ համոզել և մի գրությամբ նրան ուղարկեցի իմ ընկեր ինժեներ Յարոսլևի մոտ, որն էլ իր հերթին անմիջապես նրան իր երաշխավորությունը տվեց երկաթգծի վարպետի մոտ: Եվ արդյունքում Պողոսյանն աշխատանքի ընդունվեց որպես փականագործի օգնական:
Այդպես շարունակվեց մինչև հոկտեմբեր: Պողոսյանը չէր պատրասվում վերադառնալ իր նախկին կյանքին: Մի անգամ Յարոսլևի տանը ես ծանոթացա նրա ծանոթներից մեկի՝ ինժեներ Վասիլևի հետ, որը նոր էր եկել Կովկաս, որպեսզի հետախուզական աշխատանքներ կատարի երկաթգծի նոր պլանավորվող մի ճյուղավորումում՝ Թիֆլիսի ու Ղարաքիլիսայի միջև: Մեր ծանոթությունից մի քանի օր հետո Վասիլևն ինձ առաջարկեց իր հետ մեկնել որպես թարգմանիչ: Առաջարկված վարձատրության չափը շատ հրապուրիչ էր, քանի որ չորս անգամ գերազանցում էր իմ ստացածը: Էլ չասած, որ հնոցապանի իմ աշխատանքն ինձնից շատ ուժեր ու ժամանակ էր խլում: Ես Պողոսյանին առաջարկեցի մեզ հետ մեկնել՝ համապատասխան պաշտոն ստանձնելով, բայց նա մերժեց իմ առաջարկը, քանի որ իր ներկա աշխատանքով շատ էր հետաքրքրված և ուզում էր շարունակել այդ գործը:
Մեր այդ արշավը տևեց երեք ամիս: Մենք ոտատակ տվեցինք Թիֆլիսի ու Ղարաքիլիսայի միջև ընկած բոլոր հարթավայրերը, և այդ ընթացքում ես վատ չվաստակեցի, քանի որ աշխատավարձից բացի լրացուցիչ եկամուտի որոշ չափով կասկածելի մի քանի աղբյուրներ էլ ունեցա: Նախապես իմանալով, թե կոնկրետ ո՛ր բնակավայրերով է անցնելու պլանավորվող երկաթգծի ճյուղավորումը՝ ես իմ վստահելի մարդուն ուղարկում էի այդ փոքրիկ քաղաքների կամ գյուղերի տեղական իշխանությունների ներկայացուցիչների մոտ և առաջարկում այնպես «դասավորել», որ երկաթգիծն անցնի իրենց բնակավայրով: Որպես կանոն՝ իմ առաջարկն ընդունվում էր, և ես իմ «ծառայության» դիմաց համապատասխան պարգևատրում էի ստանում, ինչը երբեմն բավական շոշափելի գումար էր կազմում:
Նախքան Թիֆլիս վերադառնալս պարզ դարձավ, որ ես նյութապես բավականաչափ ապահովված եմ, որպեսզի ամբողջությամբ նվիրվեմ այն գերբնական երևույթներն ուսումնասիրելու գործին, որոնք ինձ հետաքրքրում էին:
Պողոսյանը, որն այդ ժամանակ արդեն փականագործ վարպետ էր դարձել, հիմա ավելի շատ ազատ ժամանակ ուներ ընթերցանությանը նվիրելու համար: Վերջին ժամանակներում նա հատկապես սկսել էր հետաքրքրվել հին հայկական գրականությամբ և հսկայական քանակությամբ գրքեր էր կլանում այդ թեմայով:
Մենք միաժամանակ այն եզրակացությանը հանգեցինք, որ մեր նախնիներն «ինչ-որ բան» են իմացել, և այդ գիտելիքն անվերադարձ կորսվել է: Ժամանակակից գիտությունը բանալի չունի այդ գաղտնիքը բացելու համար: Հիասթափվելով ժամանակակից գիտական գրականությունից և չգտնելով բազմաթիվ հարցերի պատասխանները՝ մենք մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրինք հին գրականության վրա: Քանի որ հնարավորություն ունեինք աշխատելու հինավուրց գրքերի հսկա հավաքածուի հետ, մենք շատ նոր բաներ կարողացանք քաղել: Հետո մենք որոշեցինք վերադառնալ Ալեքսանդրապոլ և այնտեղ մի մեկուսի տեղ գտնել, որ կարողանանք մեր ժամանակն ամբողջությամբ նվիրել հնադարյան գրքեր կարդալուն: Այդպիսի տեղ մեզ համար դարձան Անի քաղաքի ավերակները, որոնք գտնվում էին Ալեքսանդրապոլից մոտ երեսուն մղոն հեռավորության վրա: Ավերակների մեջ մենք մեզ համար խրճիթ պատրաստեցինք, իսկ սնունդը գնում էինք մոտակայքում գտնվող գյուղակներից ու հովիվներից:
Անին Բագրատունիների մայրաքաղաքն էր դարձել 961 թվականին: 1046 թ.-ին այն զավթել են բյուզանդացիները, և այդ ժամանակ Անին կոչվում էր նաև Հազար եկեղեցիների քաղաք: Ավելի ուշ քաղաքը նվաճել են թուրք-սելջուկները, իսկ 1125-1209 թվականների միջև հինգ անգամ գրավվել է Վրաստանի կողմից. 1239 թ-ին Անին զավթել են մոնղոլները, այնուհետև 1313 թ-ի երկրաշարժից քաղաքն ամբողջովին ավերվել է: Ավերակների մեջ կիսաքանդ վիճակում են Կաթողիկոսի նստավայրը, որը կառուցվել է 1010 թ-ին, 11-րդ դարի երկու եկեղեցիներ և մի եկեղեցի, որը կառուցվել է 1215 թ-ին:
Չեմ կարող լռության մատնել մի փաստ, որը կարող է հետաքրքրել իմ ընթերցողներին: Հայոց մայրաքաղաք Անիին վերաբերող տարեթվերը միակ տեղեկատվությունն է, որ ես քաղել եմ պաշտոնական աղբյուրներից: Դա առաջին և վերջին անգամն է, որ ես դիմել եմ հանրագիտարանի օգնությանը:
Գոյություն ունի հինավուրց մի առասպել այն մասին, թե երկար ժամանակի ընթացքում Հազար եկեղեցիների քաղաք կոչված Անին ինչու է հետագայում սկսել կոչվել Հազար և մեկ եկեղեցիների քաղաք: Մի անգամ հովիվներից մեկի կինը բողոքում է ամուսնուն, թե եկեղեցում հավաքվող ամբոխի աղմուկն ու իրարանցումը խանգարում են իրեն, որ ամբողջությամբ տրվի աղոթքի: Եվ ահա այդ հովիվը, կնոջ տրտունջները փարատելու նպատակով մի առանձին եկեղեցի է կառուցում նրա համար: Պետք է ասեմ, որ այն ժամանակներում «հովիվ» բառը մի փոքր այլ բովանդակություն ուներ. նախկինում հովիվներն իրենց արածեցրած հոտերի իրական տերերն էին և հաճախ շատ հարուստ էին լինում: Երբ այդ հովիվն ավարտում է եկեղեցու շինարարությունը, այն անվանում է հովվի կին Փիրուզի եկեղեցի, և այդ ժամանակից սկսած՝ Անին սկսում է կոչվել Հազար և մեկ եկեղեցիների քաղաք: Որոշ աղբյուրներ վկայում են, թե հովվի կառուցած այդ եկեղեցուց դեռ շատ առաջ այդ քաղաքում արդեն հազարից ավելի եկեղեցիներ են եղել, սակայն պեղումերի արդյունքում հայտնաբերված քարի վրայի գրառումները հաստատում են հարուստ հովվի և նրա բարեպաշտ կնոջ պատմության իսկությունը:
Հինավուրց քաղաքի փլատակների մեջ ապրելով և ամբողջ մեր ժամանակն ընթերցանությամբ ու քննարկումներով անցկացնելով՝ մենք երբեմն հանգստի համար պեղումներով էինք զբաղվում այն հույսով, որ ինչ-որ հետաքրքիր բան կգտնենք, քանի որ փլատակների տակ շատ ստորգետնյա անցուղիներ կային: Մի անգամ մենք այդպիսի անցուղիներից մեկում մի տեղի հանդիպեցինք, որի հողաշերտն իր բնույթով տարբերվում էր: Շարունակելով փորփրել, մենք նեղ մի անցք գտանք, որի մյուս ծայրը փակված էր քարերով: Քարերը հեռացնելուց հետո մենք տեսանք մի փոքրիկ սենյակ, որի կամարները ժամանակի ազդեցության տակ ճկվել էին: Դա վանականի համարյա դատարկ խուց էր, որի հատակին կավե անոթի կտորտանք կար ու փայտի փոշի, որ, անկասկած, ինչ-որ փայտե կահույքից էր մնացել: Դարակի նմանվող մնացորդների մեջ մենք հայտնաբերեցինք հին մագաղաթների մի կույտ: Դրանց որոշ մասը փոշու էր վերածվել, բայց կային նաև քիչ թե շատ պահպանված նմուշներ: Ծայրահեղ զգուշությամբ մենք դրանք հասցրինք մեր խրճիթը և փորձեցինք կարդալ: Պարզվեց, որ դրանք գրված են մի լեզվով, որը սկզբում մեզ հայերեն թվաց, բայց որևէ բառ հասկանալ հնարավոր չեղավ: Թեև ինչպես ես, այնպես էլ Պողոսյանը կատարելապես տիրապետում էինք հայերենին, բայց այդ գրառումները հասկանալու մեր փորձերն ապարդյուն անցան, քանի որ դրանք գրված էին շատ հին հայերենով, որը քիչ ընդհանուր բան ուներ ժամանակակից հայերենի հետ: Մագաղաթներն այնքան շարժեցին մեր հետաքրքրասիրությունը, որ մենք, դրանք մեզ հետ վերցնելով, շտապ վերադարձանք Ալեքսանդրապոլ և շատ օրեր ու գիշերներ ծախսեցինք դրանք վերծանելու վրա: Վերջապես, հսկայական ջանքեր գործադրելուց և հաճախակի գրաբարի գիտակների օգնությանը դիմելուց հետո մեզ հաջողվեց ինչ-որ բաներ պարզել: Դրանք նամակներ էին, որոնք մի վանական ուղարկել էր մյուսին՝ ոմն հայր Երեմի: Մեզ հատկապես հետաքրքրեց դրանցից մեկը, որը հանելուկային բնույթ ուներ: Այդ մագաղաթը, ցավոք, շատ էր վնասված և որոշ բառեր բացարձակապես հնարավոր չէր կարդալ, բայց մենք արդեն բավական փորձառու էինք դարձել վերծանության գործում: Ամենաշատը մեզ այդ պատմական փաստաթղթի ավարտական մասը հետաքրքրեց և ոչ՝ դրա սկզբնամասը: Սկսելով սովորական երկարաշունչ ողջույնի խոսքերով՝ նամակագիրն իր նամակն ավարտում էր երջանկություն մաղթելով և բարեհաջող կյանք էր կամենում այն վանքում, որում հավանաբար ապրում էր հայր Երեմը: Այդ նամակի վերջնամասում կար մի տեղեկություն, որը հատկապես գրավեց մեր ուշադրությունը: Այն այսպիսին էր. «Մեր պատվելի հայր Թելվանտը վերջապես իմացավ ճշմարտությունը Սարմունգյան եղբայրության մասին: Նրանց միաբանությունն  իսկապես հիսուն տարի առաջ գոյություն է ունեցել Սիրանուշ քաղաքի մերձակայքում, և ժողովուրդների տեղահանության ժամանակ նրանք էլ են գաղթել ու հաստատվել Իզրումինի դաշտավայրում՝ Նիվսիից երեք օրվա հեռավորության վրա»: Դրանից հետո նամակագիրն անցնում էր ուրիշ, ավելի քիչ հետաքրքիր նյութերի:
Մեզ ամենաշատն ապշեցրել էր այն, որ «Սարմունգ» բառը, որը հանդիպում է «Մերկ Հավատ» կոչվող գրքում, հայտնի էզոթերիկական դպրոցի անվանումն է, որը, համաձայն պատմական աղբյուրների վկայության, Քրիստոսի Ծննդից 2500 տարի առաջ կազմավորվել է Բաբելոնում, ինչպես նաև մ.թ. 6-7 դարերի ընթացքում ծաղկում է ապրել Մեսոպոտամիում ինչ-որ տեղ: Ուրիշ վկայություններ այդ մասին չկան:
Այդ էզոթերիկական ուսմունքը, որի մեջ հսկայական գիտելիքներ են կենտրոնացված, տալիս է բազմաթիվ գաղտնիքների լուծման բանալին: Ես ու Պողոսյանը վաղուց էինք հետաքքրված այդ ուսմունքով և երազում էինք ավելի ամբողջական ու հավաստի տեղեկություններ ստանալ դրա մասին: Եվ ահա, մեզ համար լրիվ անսպասելի, այդ էզոթերիկական դպրոցի մասին հիշատակություն գտանք այդ հինավուրց մագաղաթներում: Բայց հիշատակությունից բացի ուրիշ տեղեկություններ չկային, և մենք այդպես էլ ոչ մի նոր բան չիմացանք:
Եվս մի քանի օր համառ որոնումներ կատարելուց հետո մենք պարզեցինք հետևյալը: Մոտավորապես վեցից յոթերորդ դարերում ասորիների հետնորդ այսորներին բյուզանդացիները Մեսոպոտամիից քշել են Պարսկաստան: Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել հենց մեր գտած  նամակները գրելու ժամանակներում: Մենք կարողացանք պարզել, որ ներկայիս Մոսուլ քաղաքը՝ նախկին Նիեվիա պետության մայրաքաղաքը, այն ժամանակ կոչվել է Նիվսի, և որ ներկայումս այդ քաղաքի ու նրա մերձակայքի բնակչությունը հիմնականում կազմված է այսորներից: Եթե այդ էզոթերիկական դպրոցն իսկապես այն ժամանակ գոյություն է ունեցել, ապա այն միայն այսորական դպրոց կարող էր լինել: Եվ եթե հիմա այդ ուսմունքի հետևուրդներ կան, ապա նրանց պետք է փնտրել այսորական միջավայրում: Նկատի ունենալով մագաղաթում նշված երեք օրվա ճանապարհի հեռավորությունը Մոսուլ քաղաքից, մենք որոշեցինք, որ այդ վայրը պետք է գտնվելիս լինի Ուրմիայի և Քրդստանի արանքում ինչ-որ տեղ, որը հույս ունեինք փնտրել և գտնել առանց մեծ դժվարության: Այդ վայրը գտնելը դարձավ մեր կյանքի նպատակը:
Այսորները, որոնք, ինչպես արդեն նշեցի, ծագել են ասորիներից, ներկայումս ցրված են ամբողջ աշխարհով մեկ: Նրանցից շատերն ապրում են Անդրկովկասում, հյուսիս-արևմտյան Պարսկաստանում և արևելյան Թուրքիայում, ինչպես նաև ամբողջ Միջին Ասիայի տարածքում: Համարվում է, որ նրանց քանակը մոտ երեք միլիոն է: Նրանց մեծ մասը նեստորականներ են, այսինքն չեն ընդունում Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթը, մնացածները վահաբականներ են, կաթոլիկներ, գրիգորյաններ: Նրանց մեջ նաև կան սատանայապաշտներ, սակայն մեծ թիվ չեն կազմում:
Վերջին ժամանակներում տարբեր կրոնների քարոզիչներ հաճախ փորձում են այսորներին իրենց հավատքին դարձնել, սակայն արժանին պետք է մատուցել այսօրներին. նրանք ոչ միայն ձևացնում են, թե դավանափոխ են եղել, այլև կարողանում են նյութական շահ կորզել դրանից, ինչն արդեն խոսելիք է դարձել ուրիշ ազգերի միջավայրում: Անկախ կրոնական տարբերություններից՝ դավանափոխության այդ ամբողջ մրցավազքը կառավարվում է Արևելյան Հնդկաստանից:
Այսորներն ապրում են ոչ մեծ գյուղակներում, իշխանական գործառույթներն իրականացնում են հոգևոր անձինք: Մի քանի գյուղակներ կազմում են ցեղական համայնք, որը կառավարում է իշխանը, կամ, ինչպես իրենք են ասում, մելիքը: Բոլոր մելիքները ենթարկվում են նահապետին, որի իշխանությունը ժառանգաբար փոխանցվում է հորեղբորից եղբորորդուն. ընդունված է համարել որ այն սկիզբ է առել Սիմոնից՝ Հիսուս Քրիստոսի եղբորից: Հարկ է հիշատակել, որ այսորները խիստ տուժել են առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խաղալիք դառնալով ռուսական ու անգլիական քաղաքական գործիչների ձեռքին: Յուրաքանչյուր երկրորդ այսորն սպանվել է քրդերի և պարսիկների վրիժառությունից, իսկ կենդանի մնացածները փրկվել են միայն ամերիկյան հյուպատոս դոկտոր Յ.-ի գործողությունների շնորհիվ: Եթե այդ պատվարժան մարդը դեռ ապրում է, ապա հարկ է, որ այսորները պատվո պահակ կանգնեն նրա տան դռանը, իսկ եթե արդեն մեռած է, ապա արժե, որ նրա արձանը կանգնեցնեն իր հայրենիքում:
Այն ժամանակահատվածում, երբ ես և Պողոսյանը պատրաստվում էինք դուրս գալ գիտարշավի, տեղի հայերի շրջանում թափ էր առնում ազգային հիմքով քաղաքական շարժում: Հայերի շուրթերին այն մարդկանց անուններն էին, որոնք կռվում էին Հայաստանի ազատագրության համար. հատկապես հաճախ էր լսվում պատանի Անդրանիկի անունը, որը հետագայում դարձավ ազգային հերոս:
Ամենուրեք ինչպես Թուրքիայի ու Պարսկաստանի, այնպես էլ Ռուսաստանի հայերը կազմավորում էին քաղաքական կազմակերպություններ, որոնք, սակայն, այդպես էլ չկարողացան համախմբվել: Դրսից տարվող քաղաքականությունը, որի հիմնական նշանաբանն էր՝ «բաժանիր, որ տիրես», երկպառակություն մտցրեց ազգային ազատագրական շարժման կողմնակիցների շարքերում:
Մի անգամ` վաղ առավոտյան, երբ ես սովորականի պես գնում էի Արփաչայ գետում լողանալու, կես ճանապարհին՝ Կարակուլի կոչվող վայրում իմ հետևից հասավ Պողոսյանը և հայտնեց, որ մի օր առաջ` վանահայր Զ.-ի հետ զրուցելիս ինքը իմացել է, որ Հայկական կոմիտեն մտադիր է իր կուսակցության անդամների թվից կամավորներ հավաքագրել և հատուկ առաքելությամբ նրանց ուղարկել Մուշ:

«Իմ գլխում միտք ծագեց,– շարունակեց Պողոսյանը,– որ մենք կարող ենք այդ հանգամանքից օգտվել մեր նպատակներին հասնելու համար, այսինքն՝ դրանից օգտվելով փորձենք գտնել դեպի Սարմունգյան եղբայրություն տանող ճանապարհը»...

Комментариев нет:

Отправить комментарий