Շրջակա ցանկացած իրադրությունում դուք պետք է հավատարիմ մնաք
Բարձրագույն իդեալներին
Կ-17 – ի Վեհապետ
25 հունիսի, 2014 թ.
ԵՍ ԵՄ Կ-17-ի Վեհապետը: Ես առաջին անգամն եմ ձեզ
այցի գալիս այս դեսպանորդի միջոցով:
Հնարավոր է, որ դուք իմ անունը լսած լինեք
նախորդ դեսպանորդներից: Երկիր մոլորակում ես ներկայացնում եմ Տիեզերական
Անվտանգության Ծառայությունը:
Այն հանգամանքը, որ այսօր այցելել եմ ձեզ, պետք
է հուշի ընթացիկ պահի կարևորության մասին: Քանզի ես հազվադեպ եմ հնարավորություն
ստեղծում ինձ հետ հաղորդակցվելու համար:
Եվ այսպես, այսօր ես եկել եմ ոչ այն բանի համար,
որ ուսուցանեմ և խրատներ տամ ձեզ: Այսօր ես եկել եմ, որ ձեզ տամ խիստ որոշակի
հանձնարարականներ և նախազգուշացումներ:
Իմ տեսանկյունից՝ մոլորակի իրադրությունը հասել
է չափազանց վտանգավոր շրջադարձի: Մենք դժվարությամբ ենք զսպում մեզ հակադիր
ուժերին: Հիերարխիայի Լույսի ամբողջ հզորությունը հազիվ է բավարարում իրադրության
զսպման համար:
Դուք կարող եք դա նկատել այն
իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Երկրի վրա: Այսուայնտեղ ակտիվանում
են ռազմական հակամարտություններն ու պատերազմական գործողությունները: Այսուայնտեղ
գլուխ են բարձրացնում մարդկային գիտակցության ամենավատթար դրսևորումները:
Շատ ուժեր կան, որոնք չէին ուզենա, որ
մարդկությունն ընտրեր զարգացման Աստվածային ուղին: Այդ ուժերը փորձում են անել և
կանեն իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի հնարավորին չափ մեծ քանակի հոգիների դուրս
հանեն Աստվածային ուղուց: Դրա համար կիրառվում են բոլոր եղանակները և օգտագործվում
են ամենանենգ հնարքները:
Ձեզ հայտնի է, որ մարդկային կյանքի ամենասուրբ
ոլորտներում մեզ հակադիր ուժերը մտցնում են իրենց աղճատումները: Նախորդ
Ուղերձներում ձեզ ասվել է պաշտամունքի շատ սպասավորների մասին, որոնք փաստորեն չեն
ծառայում Աստծուն: Ես հիմա ձեզ կհիշեցնեմ մարդկային կյանքի մի այլ կողմի՝
պատերազմների ու արյունահեղությունների մասին:
Մարդկության զանգվածային գիտակցության մեջ
ատելություն և ագրեսիա սերմանելու միջոցով մոլորակի շատ վայրերում տեղի է ունենում
զանազան տաք կետերի հրահրում և բորբոքում:
Մարդկանց գիտակցության մեջ ագրեսիան խթանելու
գործընթացի էությունը պարզ է: Դա նախ և առաջ տեղեկատվության զանգվածային միջոցներն
են, որոնց մեծ մասը գտնվում են մեզ հակադիր ուժերի հովանավորության տակ, և
համակարգչային խաղերի արտադրությունը, որոնցով սիրում են խաղալ և՛ երեխաները, և՛
մեծահասակները: Դրանցից շատերն այնպիսի խաղեր են, որոնց մասնակիցները կրակում են
զանազան զենքերով և խոցում իրենց հակառակորդներին: Առաջին հայացքից անվնաս թվացող այս
ժամավաճառությունը ձեր ժամանակներում վերածվում է հույժ վտանգավոր աղբյուրի:
Երեխաները միշտ էլ սիրել են կռիվ-կռիվ խաղալ:
Դրանով նրանք հմտություն են ձեռք բերում իրենց հայրենիքը պաշտպանող զինվորներ
դառնալու համար: Եվ դա քաջալերվում ու ողջունվում էր մեր կողմից: Սակայն հիմա,
փոխանակ խթանելու ազնիվ շարժառիթները՝ խթանվում է սպանության, արյան, ավարառության
ծարավը: Եթե համակարգչային խաղերին գումարենք նաև այն ֆիլմերը, որոնք ագրեսիա են
քարոզում և գունեղ կերպով ցուցադրում մարդկանց սպանություններ, ապա կարելի է ասել,
որ երիտասարդ սերնդի գիտակցության մեջ աստիճանաբար լղոզվում են բարոյականի ու
անբարոյականի, լավի ու վատի եզրագծերը:
Այն երիտասարդները, որոնք դաստիարակվում են
համակարգչային մարտախաղերի ու ագրեսիվ մարտաֆիլմերի նման անորակ դրսևորումներով,
կորցնում են իրականության զգացողությունը: Գոյություն ունեն շատ
կազմակերպություններ, որոնք այդ ֆիլմերով ու խաղերով հիմարացած ջահելներին գրավում
են իրենց շարքերը: Եվ բռնության ու ագրեսիայի գաղափարաբանությամբ ուղեղների
լվացումից ընդամենը մի քանի տարի հետո այդ ջահելներից կազմավորվում են
մասնագիտացված վարձկաններ ու մարդասպաններ:
Առաջին քայլը միանգամայն անվնաս է թվում՝ 6-7
տարեկան երեխան նստում է համակարգչի առաջ և կրակում խաղալիքային նշանակետերի վրա:
12-13 տարեկանից երեխան արդեն սկսում է բռնություններ խթանող ֆիլմեր դիտել:
Իսկ 16-17 տարեկանից անհատն արդեն պատրաստ է, որ
իրեն ներքաշեն վարձկաններ ու մարդասպաններ պատրաստող կազմակերպության մեջ:
Այս եղանակով համակարգը բռնություն է տարածում:
Սկզբում բռնությունն ամրապնդվում է գիտակցության մեջ, իսկ տասը տարի հետո այդ
բռնությունը դրսևորվում է ֆիզիկական ոլորտում՝ այն երիտասարդների միջոցով, որոնք
երբեք չեն լսել Աստծո մասին, բայց բազմաթիվ ժամեր են անցկացրել սպանություններ ու
բռնություններ դիտելու վրա:
Այն հանրությունում, որտեղ չի վերահսկվում
երեխաների զարգացման բարոյական կողմը, շատ դժվար է արմատախիլ անել բռնությունը:
Ուստի մենք՝ Համբարձյալ Վեհապետներս, գալիս և
ձեզ հիշեցնում ենք ֆիզիկական ոլորտում կոնկրետ գործողությունների անհրաժեշտության
մասին: Այդ գործողությունները պետք է իրականացնել և՛ օրենսդրական, և՛ հասարակական
մակարդակներով, ինչպես նաև աշխարհի բոլոր երկրների պետական կառույցների
մակարդակներով:
Կան որոշակի ուժեր, որոնք կընդդիմանան այդ
գործողություններին:
Սակայն ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ ձեր խնդիրն
է՝ գործել Աստվածային վարվելակերպի նմուշներին համապատասխան: Կարևոր չէ՝
արդյունքում ձեր գործերը հաջող կլինեն, թե՝ ոչ: Կարևոր են ճիշտ շարժառիթներն ու
ճիշտ գործողությունները:
Հատկապես դա՛ կմնա ձեզ՝ ձեր հոգուն, որպես
կենսափորձ, և հենց այդ կենսափորձն է, որ դուք կունենաք ձեր հաջորդ մարմնավորման
ժամանակ:
Ինչ վերաբերում է այն կենսափորձին, որը ձեռք են
բերում այն անհատականությունները, որոնք ձգտում են ծառայել Լույսին հակադիր
ուժերին, ապա դա նույնպես կմնա իրենց հետ: Սակայն կենսափորձ էլ կա՝ կենսափորձ էլ:
Երբ դուք ընտրում եք Աստվածայինը և վարվում
բարոյական ու առաքինության ամենաբարձր նմուշներին համապատասխան, դրանով դուք
բարձրացնում եք ձեր թրթիռները և վեր բարձրանում էվոլյուցիոն զարգացման պարույրով:
Իսկ երբ ձեր ընտրությունն Աստվածայինի կողմը չէ,
դուք հայտվում եք գահավիժող պարույրի մեջ, իսկ ձեր հոգին ցած է սահում
ինվոլյուցիոն զարգացման աստիճաններով:
Այդպիսով ձեր ժամանակներում տեղի է ունենում
հետագա էվոլյուցիայի համար պիտանի հոգիների արագացված զտում այն հոգիներից, որոնք
տեղ են գրավում լինելիության ցածրագույն ոլորտներում և աստիճանաբար հեռանում դեպի
անէություն:
Ձեր խնդիրն է՝ հասկանալ, որ կարևոր չէ, թե ով
ինչպես է վարվում: Աստծո և Նրա դատաստանի առաջ ձեր հոգու համար չի կարող
արդարացում լինել այն, որ դուք վարվել եք բոլորի պես:
Ո՛չ, դուք պետք է սովորեք նախընտրել
Աստվածայինը՝ նույնիսկ եթե ձեր չորս կողմում բոլորը զբաղված լինեն բացառապես ոչ
աստվածային գործերով:
Ներկայումս հենց այդ ձեռնադրումն են անցնում այն
հոգիները, որոնք գտնվում են մարմնավորման մեջ:
Ցանկացած շրջակա իրադրության մեջ դուք պետք է
պահպանեք ձեր անկախությունը և Բարձրագույն իդեալներին ձեր լիակատար
նվիրվածությունը:
Իսկ հիմա, երբ ձեզ նախազգուշացրի ընթացիկ պահի և
դրա առանձնահատկությունների մասին, կուզենայի ձեզ փոխանցել ևս մի քանի ուղերձի
խոսքեր:
Դուք մարտիկնե՜ր եք ձեր աշխարհում...
Դուք Լույսի՛ մարտիկներ եք...
Դուք Ոգու ասպետնե՛ր եք...
Երբեք, ձեր կյանքի ոչ մի տեսակի հանգամանքներում
մի՛ մոռացեք այդ մասին...
Ձեր պարտքն է՝ Ծառայել Աստծուն և համայն
Կյանքին...
ԵՍ ԵՄ Կ-17 - ի Վեհապետը
Տատյանա Միկուշինա, 2014 թ.
թարգմանեց Խ. մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий