пятница, 13 ноября 2015 г.

ԱՐՏԱՌՈՑ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ

Իշխանական խավը, հանրաքվեից իր հետագա գոյության համար լուրջ վտանգ կանխազգալով, խուճապահար որոշել է համատեղել «այո»-ի և «ոչ»-ի շրջագայական քարոզչությունը՝ այն վերածելով «կենսախինդ շոու»-ի: Բայց դա ավելի շուտ կնմանվի «ժանտախտի ժամի խնջույքի» և բնականաբար կարժանանա ժողովրդի արդարացի զայրույթին ու ծաղրուծանակին: Մարդիկ նրանց ամենուրեք մոտավորապես այսպես կպատասխանեն. «Ձեր այո-ն ու ոչ-ը թող ձեր գլխին կպչեն, ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ բան: Մենք մեր քվեաթերթիկների վրա մեր արդար պահանջներն ենք գրելու և անվավեր ենք դարձնելու դրանք»:
Այսպիսով, հանրաքվեի ընթացիկ քարոզարշավում արտառոց իրավիճակ է ստեղծված՝ «այո»-ն ու «ոչ»-ը սկսում են միասնաբար պայքարել «անվավեր»-ի դեմ: Կամաց-կամաց պղտոր ջրերը զուլալվում են, և ժողովրդի համար միանգամայն հստակ է դառնում, որ ինչպես «այո»-ն, այնպես էլ «ոչ»-ը միայն կերկարաձգեն բոլորի համար ատելի դարձած իշխանական հանցախմբի ազգակործան ու քայքայիչ գործունեությունը, իսկ քաղաքական պահանջներ պարունակող «անվավեր» քվեաթերթիկները, եթե դրանք գերակշիռ մեծամասնություն կազմեն, սահմանադրական հանրաքվեն կվերածեն ՊԱՀԱՆՋԱՅԻՆ հանրաքվեի և վերջ կտան այդ հակաժողովրդական ու ապազգային գործունեությանը:
Ժողովրդավարական կառավարման համակարգի պայմաններում, թեև հանրաքվեն հազվադեպ ու դժվարամատչելի երևույթ է, բայց այն ժողովրդի ամենազորեղ զենքն ու կռվանն է և պետք է օգտագործվի ըստ ամենահրատապ պահանջի: Ժողովուրդն է հանրաքվեի իրական տերը, և նա միանգամայն իրավասու է ինչպես մերժել իշխանության առաջ քաշած հարցադրումը, այնպես էլ շտկումներ մտցնել դրա մեջ կամ հավաքական գերակշիռ կամարտահայտության արդյունքով բոլորովին այլ հարցադրում ձևավորել:
Ամենայն հավանականությամբ դեկտեմբերի 6-ին հենց այդպիսի մի հանրաքվեի ենք վկա դառնալու: Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունն անշեղորեն մոտենում է իր անփառունակ վախճանին, և հիմա նրա միակ «փրկիչն ու պահապան հրեշտակը» Պարույր Հայրիկյանը կարող է լինել: Վերջինս արդեն ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ Սահմանադրական դատարանից պահանջելով կասեցնել դեկտեմբերի 6-ի հանրաքվեն: Պատրվակը կրկին նրա ինքնասիրահարվածության թերագնահատումն է Սերժ Սարգսյանի ձևավորած սահմանադրական հանձնաժողովի կողմից:
Եթե հանրաքվեն կասեցվի, ապա Սերժի սահմանադրությունը չի անցնի: Իսկ եթե չկասեցվի՝ ապա Սերժը չի անցնի: Երկու դեպքում էլ հաղթող կողմը ժողովուրդն է լինելու:
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նշանաբանն է՝ «600 000 ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ»
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ

Комментариев нет:

Отправить комментарий