Ձեռնադրումների Ուղին միշտ
բաց է այն հոգիների համար,
որոնք հավատարիմ են Աստծուն և Վեհապետներին
Տեր Մայտրեյա
19 դեկտեմբերի,
2018 թ.
ԵՍ ԵՄ Մայտրեյան՝ Երկնքի մեծ Ողորմածությամբ
կրկին ձեզ այցի եկածս: Մեր հաղորդակցության քաղցր րոպեներն ապրելն այնքա՜ն հազվադեպ
է... Եվ ահա այս անգամ Ես եկել եմ բացառապես տիեզերական Բարեգթության ու Կարեկցության
շնորհիվ: Զի Համբարձյալ Դասերը գիտեն, թե որքա՜ն ծանր է մարմնավորված լուսավոր հոգիների
վիճակը, երբ խավարն ավելի ու ավելի է խտանում:
Ես հիշում եմ մեր Դեսպանորդի միջոցով կայացած
մեր առաջին հանդիպումները: Հիշու՞մ եք, թե ինչպես ձեզ հրավիրեցի իմ Ձեռնադրումների
Դպրոցը: Օ՜, դա անմոռանալի էր... Չհամբարձված սաներին հատկացված դասարանը լեփ-լեցուն
էր դիմորդների հոծ խմբով:
Սակայն տարեցտարի դասարանում տեղերը դատարկվում
ու դատարկվում էին, մինչև որ վերջին աշակերտները լքեցին նուրբ ոլորտի Իմ մենաստանում
գտնվող Դպրոցը:
Մեկը պարզապես մոռացավ, որ գրանցվել է Ձեռնադրումների
Իմ Դպրոցում, մյուսը գտավ մի այլ, ավելի հեշտ ուղի, մի ուրիշն էլ գործեց ամենաահավոր
մեղքը՝ դավաճանություն:
Իմ Դպրոցի դռներն առաջվա պես լայնորեն բաց
են: Սակայն այլևս չկան Ինձ մոտ ուսանելու ցանկություն ունեցողներ:
Նրանք, ովքեր լքեցին Իմ Դպրոցը, իրենց այս
մարմնավորման ընթացքում այլևս չեն կարողանա հետ վերադառնալ: Նախկին աշակերտների մեծամասնությանը
հարկ կլինի ևս 7 մարմնավորում անցնել, որ կրկին հնարավորություն ստանան ուսանելու Ձեռնադրումների
Դպրոցում:
Իսկ նրանք, որ դավաճանության ծանր մեղքը
գործեցին, ամենայն հավանականությամբ այլևս երբեք չեն կարողանա ուսում ստանալ Իմ անձնական
ղեկավարությամբ:
Վիթխարի աստվածային հնարավորությունը ձեռքից
բաց է թողնված: Սակայն այսօր Ես չեմ եկել, որ ձեզ ամոթանք տամ և վհատության գիրկը նետեմ:
Իմ խնդիրն է՝ ձեզ բացատրել, թե ինչ հետևանքներ են ունենում ձեր կատարած ընտրությունները:
Մարդկությունը շատ կարճ հիշողություն ունի, ուստի շատ քչերն են ունակ նկատելու այն
կապը, որ գոյություն ունի սեփական նախընտրանքների և դրանց հետևանքների միջև:
Քաղաքակրթության հետագա ընթացքը որոշող
ընտրությունները կատարում են, որպես կանոն, մարդկության առաջադեմ մասի ներկայացուցիչները՝
մարմնավորվածներից լավագույնները: Ներկայումս այդ ընտրություններն արդեն կատարված են,
և դուք անխուսափելիորեն կբախվեք դրանց հետևանքների հետ:
Տառապանքները մաքրում են հոգին և բացում
նոր հնարավորություն:
Ապաշխարանքն ու զղջումը կիսով չափ թեթևացնում
են կարմայական բեռն ու տառապանքները:
Համբարձյալ Դասերը մշտապես ձեր կողքին են:
Ոչ մի պարագայում մենք չենք լքում ձեզ: Սակայն հենց ինքներդ եք ձեզ հեռացնում Աստծուց
և Համբարձյալ Դասերից: Այդ կտրվածությունը ձեզ զրկում է աստվածային գիտակցության վիճակներից՝
Բերկրանքից, Սիրուց, Անդորրից ու Ներդաշնակությունից:
Մենք ոչ մի տեղ չենք հեռացել:
Մենք մշտապես ձեզ հետ ենք:
Սակայն հիմա ձեզնից ավելի շատ ջանքեր կպահանջվեն,
որպեսզի լսեք Մեզ և հասկանաք Մեր Ուսմունքը:
Եթե ձեր աշխարհից համանման օրինակ բերելու
լինենք, ապա անցած 14 տարիների ընթացքում Մեր Դեսպանորդի միջոցով Մեր Ուսմունքը տալով՝
ձեզ ներկայացրինք դրա «պրեզենտացիան», ինչպես դա ընդունված է ձեր ցուցահանդեսներում
ու խանութներում:
Մենք ընդհուպ մոտեցանք ձեզ և ներկայացրինք
Մեր Ուսմունքը: Ես ինքս այս Դեսպանորդի միջոցով երեք միջոցառում անցկացրի, որոնց ընթացքում
ոչ միայն դրսևորեցի Իմ ներկայությունը, այլև տվեցի Իմ Օրհնությունը: Ալմաստի միջոցով
Ես ազդակ հաղորդեցի ձեր ներքին էությանը, որն ունակ էր արթնացնելու ձեր Աստվածայնությունը,
ձեզ մղելու դեպի Ներքին Ուղին և դրանով ընթանալու:
Հարյուրավոր մարդիկ ստացան Իմ այդ ազդակն
ու Իմ պատգամը:
Սակայն ստացված աստվածային Էներգիան, ավա՜ղ,
ծախսվեց ո՛չ աստվածային գործերի համար...
Մեր Դեսպանորդի միջոցով Մենք ընդհուպ մերձեցանք
չհամբարձված մարդկությանը: Բավականաչափ ամբողջական ձևով ներկայացրեցինք Մեր Ուսմունքը:
Եվ հիմա, երբ բոլոր ընտրություններն արդեն կատարված են, Մեր Ուսմունքը պարունակող գրքերը
Մենք կդնենք ամենաբարձր դարակի վրա՝ երբևէ մարդկությանը տրված ամենաբարձր ուսմունքների
կողքին:
Հիմա արդեն ինքներդ պետք է ուղիներ փնտրեք
Ուսմունքը ձեզ մատչելի դարձնելու համար:
Մարդկությունը չի գնահատում այն, ինչ տրվում
է ազատ ու ձրի:
Դե ինչ, խիզախեք և գիտելիքներ ձեռք բերեք
սեփական ջանքերի գնով:
Մոտ 12 տարի առաջ այս Դեսպանորդի միջոցով
Ես դիմեցի ռուսաստանաբնակներին և խնդրեցի հոգալ Մեր Դեսպանորդի համար:
12 տարի անցնելուց հետո ի՞նչ արդյունք ունենք...
Տունը, որտեղից տրվում էին Մեր Ուղերձները,
և որը Մեր Դեսպանորդն ինքն էր կառուցել, հրդեհի ճարակ դարձավ:
Աշրամը, որը Մենք 5 տարիների ընթացքում
ողողել էինք Լույսով, պղծվեց ու կործանվեց:
Ռուսաստանի հողում տեղակայված մեր առաջնադետքը
վերացվեց:
Տխու՜ր արդյունք է...
Եվ շա՜տ ափսոս, որ մարդկության լավագույն
ներկայացուցիչներն իրենց նախապատվությունը տվեցին ո՛չ այն ուղուն, որը մարդկությանն
ուսուցանում ենք Մենք՝ Համբարձյալ Դասերս:
Սակայն Ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ Ձեռնադրումների
Ուղին անհատական բնույթ ունի: Դա այն Ուղին է, որը ձեր հոգիներին հնարավորություն է
ընձեռում մեկ մարմնավորման ընթացքում հասնել էվոլյուցիոն զարգացման հաջորդ մակարդակին:
Եվ այդ Ուղին հիմա էլ է բաց՝ անկախ ամեն ինչից: Քանի որ արտաքին հանգամանքներն ավելի
ու ավելի են խստանում, ապա Ուղու վրա ունեցած ձեր ձեռքբերումները ևս, անկախ արտաքին
հանգամանքներից, բազմակիորեն աճում են:
Եթե նույնիսկ համայն մարդկությունը վստահաբար
ընթանա դեպի անդունդ, ապա ձեր խնդիրն է՝ ապավինել ձեր ներսի Աստծուն և դժվարին իրավիճակներում
վարվել ձեր Խղճի թելադրանքով:
Այլընտրանքը մեկն է՝ կա՛մ ընտրում եք ձեր
հոգու անմահությունը, կա՛մ ձեր մարմնի համար ապահովում եք կուշտ ու հարմարավետ կյանք:
Տեղի է ունենում այն, ինչին հավատում եք:
Եթե հավատում եք Աստծուն և Համբարձյալ Վեհապետներին,
ապա վաղ թե ուշ կլինեք Մեզ հետ:
Եթե ընտրում եք խաբկանքներով ու հրապուրանքներով
լի արտաքին պատրանքային աշխարհը, ապա կմնաք այդ աշխարհում, որը կավարտի իր գոյությունը:
Մեր Ուսմունքի էությունը շատ պարզ է: Սակայն
այդ էությունը հասկանալու համար պետք է ունենալ որոշակի էներգետիկական մակարդակ:
Սխալ նախընտրանքների պատճառով դուք ստեղծում
եք կարմա կամ էներգետիկական պատնեշ, որը ձեզ հեռացնում է Մեր աշխարհից:
Այս փուլի ձեր խնդիրն է՝ վերադառնալ գիտակցության
աստվածային վիճակներին:
Ձեռնադրումների Ուղին բաց է բոլոր այն հոգիների
համար, որոնք հավատարիմ են Աստծուն և Վեհապետներին:
Իմ այս Ուղերձին հատկացված աստվածային Ողորմածությունն
սպառված է, և Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս:
Միայն մարդկության նկատմամբ իմ Սերը թույլ
տվեց, որ դրսևորվի այս Ուղերձի փոխանցման հրաշքը:
ԵՍ ԵՄ Մայտրեյան
Տատյանա Միկուշինա,
2018 թ.
թարգմանեց
Խ. Մանասելյանը
Комментариев нет:
Отправить комментарий