среда, 4 октября 2023 г.

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

 ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՐՑԱԽԻ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Անկեղծ ասած՝ ես միշտ թերահավատ եմ եղել առ այն, որ Երկիր մոլորակի գիտուն այրերն ու տեխնոկրատները երբևէ կկարողանան բնական ու կենդանի բանականություն հիշեցնող ինչ-որ բան ստեղծել, որը, դեռ չստեղծված, արդեն «արհեստական բանականություն» անունն է կրում: Առավելագույնը, ինչ նրանք ի վիճակի են ստեղծել՝ ներդրված որոշակի ներքին ալգորիթմով աշխատող ռոբոտային սարք կամ ավտոմատ գործող սենսորային համակարգ կարող է լինել:
Այնուհանդերձ՝ վերջերս հանցագործ Իլհամի կամոք Արցախ մուտք գործած ՄԱԿ դիտորդական խմբին հաջողվեց մի փոքր խաթարել իմ թերահավատությունն այդ հարցում: Նախ ասեմ, որ Իլհամը ՄԱԿ ներկայացուցիչներ էր ընտրել բացառապես միայն նախկին անասնապահներից կամ անասնաբույժներից, որոնք իրենց երկրներում ուղղակի չէին կարող որևէ այլ գործով զբաղված լինել նախքան ՄԱԿ ներկայացուցիչ դառնալը: Ուստի Արցախ մուտք գործած ՄԱԿ ներկայացուցիչների այդ սակավամարդ խմբի առաջին և վերջին մտահոգությունը եղավ այն, որ գնան և իրենց աչքով տեսնեն, թե ինչ վիճակում են գտնվում հիմա Արցախի գյուղերում անտեր մնացած ընտանի կենդանիները:
Իլհամի ընտրած ՄԱԿ ներկայացուցիչների այդ խմբի տարածած հայտարարությունից պարզորոշ երևում է, որ նրանք զարմացած են, ինչպես նաև նախանձով են լցված Արցախի հայ գյուղացիների նկատմամբ, որոնք նախքան իրենց հայրենիքից հեռանալը կարողացել են այնքան լավ վարժացնել իրենց ընտանի կենդանիներին, որ դրանք արդեն օժտված են արհեստական ինտելեկտով: Մասնավորապես ներկայացուցիչներն ստիպված են եղել հատուկ ընդգծել, որ այդ կենդանիները միանգամայն անվնաս են մնացել Իլհամի մեկօրյա հերթական «քյալլագյոզության» ընթացքում և հիմա էլ իրենց շատ լավ են զգում, քանի որ իրենց տերերի բացակայության պայմաններում կարողանում են հոգալ իրենց համապազօրյա սննդի մասին, ինչպես նաև բավարար հաջողությամբ պաշտպանվում են ռուս, թուրք և այլ վայրի գազանների անկանխատեսելի հարձակումներից...
Այսքանից հետո ո՞վ կարող է պնդել, թե Արցախի գյուղերում, հանդերում ու սարերում անտեր մնացած ընտանի կենդանիներն օժտված չեն արհեստական ինտելեկտով:
Խաչիկ-Ապեր
04.10.2023թ.

Комментариев нет:

Отправить комментарий