Նոր բանաստեղծություններ


Արարումներն ի վար

Ա. Արարումներն ի վար

Թանձրաշխարհում արարվածը նուրբ աշխարհում տեղ չունի,
Նուրբ աշխարհում արարվածը սուրբ աշխարհում տեղ չունի,
Սուրբ աշխարհում արարողը Արարիչն է՝ մեր Հայրը,
Որի ամեն արարումը անսկիզբ ու անծայր է:

Սուրբ աշխարհի արարումը աշխարհների համար է,
Նուրբ աշխարհի արարումը թանձրաշխարհի համար է,
Թանձրաշխարհի արարումը անցողիկ է, անվավեր,
Եվ դեռ հարց է՝ երբևիցե ո՞վ և ի՞նչ է հանել վեր:

Բ. Բացված փակագծեր

Եթե մի բան սկսվում է, պետք է նաև վերջանա,
Եթե մի բան երկարում է, պետք է նաև կարճանա.
Վերև-ներքև, առաջ թե ետ՝ մեր մոգոնած բաներն են,
Ժամանակի խաղ-դյութանք է մեզ սուրբ Տնից հանե՛լն էլ:

Դեռ ունակ չենք ընկալելու Հավերժը և Հայրենին,
Ուստի ծնվում ու դառնում ենք քաղաքակիրթ վայրենի.
Դեր ենք խաղում, սեր ենք խաղում անփառունակ մեր կյանքում,
Կրկին գալիս, մեր փռածը կրկին հետ ենք հավաքում:

Աստծո կանչը թանձրաշխարհում լսում են դեռ քչերը,
Դեռ հարգի է մեկը մեկի ականջին սուտ փչելը.
Դեռ հաճույքով գոց աչք-ունկով կրոններ ենք դավանում,
Եվ մի կեսը մյուս կեսի կրոնը չի հավանում:

Մեր կործանման փոսն ենք փորում հենց ինքներս մեր ձեռքով՝
Թնդանոթով, գազ ու նավթով, գովազդով ու պիղծ երգով.
Գազանների գզվռտոցը անմեղ խաղ է ներելի,
Գազանի՛ց էլ վատթար եղար, մա՜րդ արարած սիրելի...

Նեղսրտելու շատ բան չուներ Աբու-Լալա Մահարին,
Նրա օրոք մարդը մարդ էր մնում որոշ պահերի.
Հիմա որին տնտղում ես՝ ոչ խիղճ ունի, ոչ հոգի
Եվ ուզում է ամեն գնով մի նոր կռիվ բորբոքի:

Էկրանը լի է կռվազան ու հիստերիկ կանանցով,
Կողքից կռվին տոն են տալիս արուները հղփացող,
Վերնախավը գովազդում է մութ խաղերն ու կրքերը,
Թալանչիներն ու գողե՛րն են հերոսներն ու կուռքերը:

Վարպետը մեծ պոեմ գրեց, շատ կարճ արդյունք ստացավ,
Նյութապաշտի, անհավատի վզերն էլի՛ հաստացան.
Ավա՜ղ, ճիշտ էր նա գուշակել, որ գալու է Ոգու սով,
Հիմա էլ ի՞նչ պոեմ գրվի և ու՞մ համար, ո՞ր հույսով:

Երկարաշունչ կհամարեն ահազանգս այստեղից,
Քանզի անհույս բթացել են վարկանիշ ու թեստերից.
Ջահելները կհամարեն ավելորդ ջուրծեծոցի,
Ենթարկվելով բանսարկուի չափաձևման մութ փորձին:

Երբ Օրհներգ են ապականում դայլայլներով անհարկի,
Իմ երգն ի՞նչ է, որ չմատնեն ապականման վարակի.
Քչերն են դեռ ինձ ճանաչել, լավ է, որ շատ հայտնի չեմ,
Թե կառույցի մեջ մտնեի, չէի՜ն թողնի, որ շնչեմ:
...
Ես այն բոռն եմ սոկրատական, որ չի թողնում ձին քնի,
Բզզում եմ ձեր ականջի տակ խղճի ձայնով անքնին.
Խնդրեմ, հիմա հերթը ձերն է, բանտարկեք ու թու՛յն տվեք,
Որ Արարչից շնորհ առած ազատ կամքից օգտվեք:


Գ. Գոյամարտ

Գոյամա՞րտ է կյանքն, ասում եք... Արդյոք ո՞վ է ձեզ խաբել.
Եվ այդ մարտի թեժությունը դուք ձեր ինչո՞վ եք չափել...
Հա՜, մեկմեկու հանդեպ տածած ատելությամբ, իհարկե,
Դա շատ պարզ է և ակնհայտ, իզուր ինչու՞ քողարկել:

Հապա ու՞ր է ձեր սիրելը, եթե սեքսը չհաշվենք,
Որով անդարձ կաշառվել եք ու ձեր անկյունը քաշվել.
Բայց սե՛քսն էլ է ձեր սրտերում ատելություն սերմանել՝
Խանդի՜ց է, որ «սուրբ» եք պահում ձեր մահիճը «պերմանենտ»:

Այնինչ սերն է միահյուսում մոլեկուլներ ու նյութեր,
Սիրո չքնաղ պար են հյուսում ՌՆԹ-ն ու ԴՆԹ-ն.
Եթերն անափ սեր է անհուն, բայց կոչել եք «վակուում»,
Ավա՜ղ, այդքա՛ն եք ճանաչել Մորն՝ Աշխարհի Թագուհուն:

Комментариев нет:

Отправить комментарий