суббота, 22 декабря 2012 г.

ՍԱՆԱՏ ԿՈՒՄԱՐԱՅԻ (ԱՐԱՄԱԶԴԻ) նոր Ուղերձը՝ հայերեն



Այժմ եկել է ձեր գործելու ժամանակը

Սանատ Կումարա
21 դեկտեմբերի, 2012 թ.

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: Ես կրկին եկել եմ:
Մենք այցելում ենք ձեզ՝ մարմնավորման մեջ գտնվողներիդ, որպեսզի ցուցաբերենք այն հնարավոր օգնությունը, որն անհրաժեշտ է ձեզ:
Ամեն անգամ, նախքան գալս և եթերային օկտավաներից ձեր թանձր աշխարհին մեր Ուղերձները տալու նոր Աստվածային ողորմածության դուռ բացելս՝ երկարատև ներխոկումով մանրազնին ընտրում եմ այն խոսքերը, որոնք տվյալ պահին կարող են առավելագույն օգնություն և օժանդակություն լինել ձեզ համար: Գիտեմ, որ ձեզնից շատերն սպասում էին այս մեծ ողորմածությանը և բազմիցս մտնում էին համացանցի մեր էջը՝ համոզվելու համար, որ Աստված և Վեհապետներն իրենց չեն լքել:
Այո՜, սիրելինե՛րս, ֆիզիկական աշխարհում որքան ծանր է լինում լուսակիրների՝ մեր աշակերտների համար, այնքան ավելի մեծ ցանկությամբ  ու հաճույքով եմ ես գալիս, որպեսզի օգնության ձեռք մեկնեմ նրանց, ովքեր ծարավ են ազատագրման, ովքեր իրենց ողջ էությամբ պատրաստ են ընկալելու մեր նորացման էներգիաները, որոնք մենք անխոնջ կերպով առաքում ենք ձեր աշխարհ՝ այդ թվում նաև մեր Ուղերձների միջոցով:
Ես գիտեմ, որ ձեզնից շատերը հատուկ սպասում էին իմ այսօրվա Ուղերձին: Եվ դա կապված է շատ պատճառների հետ: Իսկ դրանցից գլխավորն այն է, որ լուսակիրների համար ավելի ու ավելի է դժվարանում մոլորակի ֆիզիկական ոլորտի համակշռությունը պահպանելը: Իրոք՝ այդպես է:
Թու՛յլ տվեք հիշեցնել նախքան ձեր մարմնավորվելը եղած այն ակնթարթները, երբ ձեզ տրվում էին հանձնարարականներ և խրատներ:
Դուք պետք է հիշեք ձեր առաքելությունը:
Պետք է հիշեք հենց հիմա:
Ամեն անգամ, երբ աշխարհի որևէ ճնշող էներգիա փորձում է տիրել ձեր էությանը, դուք պետք է հիշեք, որ պարտավոր եք չենթարկվել այդ էներգիայի ազդեցությանը: Անցյալի բոլոր այն բացասական էներգիաները, որոնք առկա են ձեր աշխարհում և հիմա թանձր օղակով շրջապատել են ձեզ, դուք պետք է հաղթահարեք ձեր ներքին ջանքերով:
Հատկապես հիմա՛ է եկել ձեր գործելու ժամանակը: Ձեր ներքին ձեռքբերումները, որոնք դրսևորվում են որպես ձեր սրտի կրակներ, որպես ձեր աուրայի շողարձակում, որպես լուսապսակ ձեր գլխավերևում՝ հենց այժմ ձեր կողմից պետք է կիրառություն գտնեն: Ցանկացած բացասական հատկանիշ, որը դուրս է լողում ձեր ներսից կամ ձեզ է հասնում շրջակա տարածությունից, պետք է ձեր աշխատանքով անհապաղ չեզոքացվի:
Դա ձեր ներքին աշխատանքն է մտքերի և զգացմունքների ոլորտներում, աստեղային ոլորտում: Դա ձեր հոգևոր թաքուն մկանների աշխատանքն է, որոնք պետք է մարզեիք այն տարիների ընթացքում, երբ կարդում էիք մեր Ուղերձները:
Հենց հիմա է, որ դուք պարտավոր եք ջանք թափել: Քանզի հենց այն աշխատանքի արդյունավետությունից է կախված Երկիր մոլորակի ապագան, որը դուք հիմա կատարում եք՝ հաղթահարելով ցանկացած բացասական վիճակ:
Եթե ձեզ հաջողվի գլուխ հանել ցանկացած բացասական վիճակից, որը պտտվում է ձեր գլխավերևում, եթե կարողանաք հաղթահարել ձեր գիտակցության բոլոր բացասական վիճակները, ապա երաշխիք կստեղծեք, որ ֆիզիկական ոլորտը չի ենթարկվի հերթական տարերային աղետի, բնապահպանական արհավիրքի կամ սոցիալական պայթյունի ազդեցությանը:
Սեփական գիտակցությունն ու ենթագիտակցությունը փոխելու ձեր նրբին աշխատանքն ունակ է կանխելու ցանկացած տարերային աղետ:
Եվ այնժամ, երբ Համբարձյալ Դասերը կհամոզվեն, որ բավարար քանակությամբ անհատականություններ կան, որոնք կարողանում են վերահսկել իրենց շրջակա տարածությունը և ղեկավարել մատերիայում առկա էներգիաները՝ Երկիր մոլորակի համար կբացվեն նոր թողության շնորհներ և Աստվածային ողորմածություններ:
Այժմ եկել է ձեր այն հիմնական աշխատանքը կատարելու ժամանակը, որի համար դուք մարմնավորվել եք: Ձեր ներքին նվաճումների միջոցով անհրաժեշտ է մշտապես պահպանել էներգիաների համակշռությունը:
Ձեր էգոն կջանա ձեզ տանել կեղծ ճանապարհով, որ մեղադրեք  ուրիշ մարդկանց, ձեր երկրի կառավարությանը, իշխանական մարմիններին: Միշտ էլ կան այնպիսի ուժեր, որոնք փորձում են է՛լ ավելի ճոճել նավակը՝ օգտվելով ամեն մի բացասական էներգիայից:
Մեր Ուսմունքի հիմնական դրույթը, որը մենք անխոնջ կերպով մատուցում ենք մարդկության զարգացման ամբողջ պատմության ընթացքում, այն է, որ եթե ձեզ հետ ինչ-որ բան է կատարվում, ապա դրա պատճառը ինչ-որ ժամանակ հենց ինքներդ եք ստեղծել:
Եվ քանի որ աշխարհը հիմա նրբանում է, ապա ձեզ համար հնարավորություն է բացվում մտքերի ու զգացմունքների ոլորտում հաղթահարելու ցանկացած բացասական էներգիա՝ նախքան դրանք կհասցնեն ֆիզիկական ոլորտում արտահայտվել փոթորիկների և համաղետների տեսքով:
Ձեզ վիթխարի հնարավորություն է տրվում, որպեսզի ձեր գիտակցությունը փոխելու միջոցով վերափոխեք ֆիզիկական ոլորտը:
Քրիստոսի գիտակցության հասած մեկ մարդը կարող է համակշռել շատերի կարման, որոնց հետ ինքը կարմայորեն կապված է և ապրում է նրանց անմիջական հարևանությամբ: Դա է պատճառը, որ մարդիկ միշտ բարեհաճությամբ էին վերաբերվում իրենց բնակության վայրում հաստատված սրբերին:
Մոր կաթի հետ նրանք գիտելիք էին ստանում, որ իրենց կողմերում բնակվող սուրբն այն բանի երաշխիքն է, որ իրենց հողի, իրենց բերք ու բարիքի հետ ոչ մի վատ բան չի պատահի: Եվ իրենց հետնորդներն էլ կլինեն առողջ ու երջանիկ:
Ձեր ժամանակներում այդպես չէ: Աշխարհը մոռացել է հինավուրց գիտելիքները: Իրենց սրբի տեղ դնողները սրբեր չեն, իսկ ով էլ որ սուրբ է՝ գրգռում է ու վանում:
Ձեր՝ լուսակիրներիդ, հիմնական խնդիրն այն է, որ աշխարհին տաք ճշմարիտ կողմնորոշիչներ: Դրա համար անհրաժեշտ է հենվել ներքին գիտելիքի վրա, որը բխում է ձեր սրտերից: Որպեսզի ներքին կապ ունենաք ձեր սրտի ներսի գաղտնախորհուրդ մարդու հետ, պետք է մշտական, ամենօրյա աշխատանք կատարեք ինքներդ ձեր ու ձեր գիտակցության հետ:
Հայտնի է տասնորդի օրենքը, համաձայն որի՝ ամեն ինչի տասներորդ մասը պետք է Աստծուն տրվի: Նմանապես՝ ձեր ժամանակի տասներորդ մասը պետք է հատկացվի հոգևոր գործառույթներին և աստվածահաճո գործերին:
Օրվա ունայնության մեջ մի՛ մոռացեք Աստծո մասին: Եթե օրվա ամենաթունդ ժամին, երբ առօրեական էներգիաները ոտից գլուխ պարուրել են ձեզ, գիտակցության ինչ-որ մի անկյունում հուշ պահեք Աստծո մասին, ապա կենսակական ոչ մի փոթորիկ կամ անհաջողություն այլևս սարսափելի չի լինի ձեզ համար:
Մշտապես պահպանե՛ք ձեր սրտի մաքրությունը՝ կենսական ինչպիսի իրավիճակում էլ որ հայտնվելու լինեք: Դա կօգնի ձեզ, որ կյանքում պահպանեք ճիշտ ուղղություն և ընթանաք այն վերին Ուղով, որն Աստված նախատեսել է ձեզ համար...

ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ

Տատյանա Միկուշինա, 2012 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий