вторник, 24 декабря 2013 г.

ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԱՅՍՕՐՎԱ ՈՒՂԵՐՁԸ



Դուք պետք է առավելագույն ճիգեր գործադրեք,
որպեսզի Աստծուն վերադարձնեք ձեր կյանք

Մայր Մարիամ
24 դեկտեմբերի, 2013 թ.

Ես եմ Մայր Մարիամը:
Այսօրվա օրով ես ձեզ այցի եմ եկել որպես լավագույն բախտի ու ճակատագրի նախանշան, որոնք սպասվում են Երկրի վրա ապրող Աստծո ուստրերին ու դուստրերին:
Այժմ հյուսիսային կիսագնդում շատ քիչ է արև շողում, և միայն հույսն է ջերմացնում մարդկանց հոգիները: Դուք գիտեք, որ կանցնի որոշ ժամանակ, և արևը հորիզոնից օր օրի ավելի ու ավելի վերև կբարձրանա:
Այդպես է նաև ձեր հոգևոր կյանքում. մարդկային մառախլապատ գիտակցությունն անկասելիորեն պետք է փոխվի պայծառ արևային օրով: Ձեր Աստվածայնության Արևը պետք է լուսավորի ձեր բանականությունը, մտքերն ու զգացմունքները: Եվ դա անպայման տեղի կունենա, սիրելինե՛րս:
Ներկայումս ձեր աշխարհում մոլեգնում են մութ ուժերն ու էներգիաները: Եվ յուրաքանչյուր ոք, ով լուսավոր էներգիա է ներմուծում ձեր աշխարհ, ենթարկվում է մեղադրանքների և նույնիսկ հալածանքի: Շատ տխուր բան է դա...
Մի ժամանակ իմ որդի Հիսուս լրիվ չափով իր վրա կրեց մարդկային ատելությունն ու հակակրանքը: Նա իր կյանքը նվիրեց մարդկանց ծառայելուն: Շատ ու շատ անբուժելի հիվանդների նա բուժեց Աստծո օգնությամբ: Շատ ու շատ մարդիկ էին գալիս, որ տեսնեին իմ որդի Հիսուսի գործած հրաշքները:
Սակայն որքան շատ բան էր նա անում մարդկանց համար, այնքան մեծանում ու ամրապնդվում էր նրա և նրա առաքելության նկատմամբ ընդդիմությունը:
Մարդկային տրամաբանության տեսակետից շատ դժվար է բացատրել, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մոլեգնած ամբոխը, որի մեջ կային և Հիսուսի կողմից բուժված մարդիկ, կատաղի կերպով իմ որդու մահապատիժն էր պահանջում:
Սակայն եթե մեզ թույլ տանք բարձրանալու գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա, ապա Քրիստոսի խաչելության տխուր իրողությունը միանգամայն հասկանալի կդառնա: Հիսուս աշխարհին բերեց հսկայական քանակությամբ Լույս՝ ոչ միայն գիտելիքի լույս, այլև հսկայական քանակությամբ Աստվածային էներգիա:
Այն ամենը, ինչ Լույսից չէր ծնված, ենթագիտակցական մակարդակով հակակրանք էր տածում Քրիստոսի առաքելության նկատմամբ: Այդ հակակրանքն իր արտահայտությունը գտավ Լույսին հակադիր ուժերի դրսևորումներով: Ձեզ հայտնի է այն օրենքը, որն ասում է՝ ամեն մի ազդեցություն ծնում է հավասար և հակառակ ուղղված հակազդեցություն: Ֆիզիկական աշխարհի այդ օրենքը լրիվ չափով կիրառելի է նաև աշխարհում տեղի ունեցող հոգևոր գործընթացների նկատմամբ: Եվ եթե մեկն օժտված է պատրանքային աշխարհին Աստվածային Լույս բերելու ներուժով, ապա կբախվի այն ուժերի հակազդեցությանը, որոնք պաշտպանում են պատրանքը:
Այդպես է, սիրելինե՛րս: Ձեր աշխարհում մինչև այժմ այդ օրենքն անխափան գործում է:
Հիսուս Քրիստոսի օրինակով քրիստոնյաների մի քանի սերունդ հնարավորություն ունեցան իրենց վրա զգալու և ուսումնասիրելու այդ օրենքի ազդեցությունը: Եվ առ այսօր քրիստոնեության ճշմարիտ շատ հետևորդներ, որոնք հետևում են Քրիստոսի Ուսմունքի էությանը, և ոչ թե դրա տառին՝ իրենց վրա զգում են հակադիր ուժերի ճնշումը:
Ձեր աշխարհում այդ հակադրությունն անխուսափելի է և միանգամից չի դադարի: Ինչպես ձեր աշխարհում ամեն ինչը, տիեզերքում գործող այդ երկու հիմնական ուժերի հակադրությունը չի կարող անմիջապես դադարել: Բայց ժամանակի ընթացքում այն ավելի քիչ ավերիչ բնույթ կստանա: Իսկ հեռավոր ապագայում այդ երկու ուժերն իրենց դրսևորումներն այնքան կհավասարակշռեն, որ նրանց հակադրությունից կծնվի համագործակցություն և փոխօգնություն:
Պաշտելինե՛րս, ձեզնից շատերն էլ են հակադրվում մեկը մյուսին: Եվ դա տեղի է ունենում նույնիսկ այն դեպքերում, երբ կարծես թե ընթանում եք միևնույն հոգևոր ուղով:
Այդ հակադրությունը բացատրվում է ձեր աշխարհի անկատարությամբ: Ուստիև ձեր էությունների միջոցով ինքնադրսևորվում են երկու հակադիր ուժեր: Տվյալ փուլում այդ դրսևորումը թշնամանքով է արտահայտվում, կասկածամտությամբ և նույնիսկ ատելությամբ: Նույն օրվա ընթացքում միևնույն մարդը կարող է ընկնել տարբեր ուժերի ազդեցության տակ:
Այդ ամենը, սիրելինե՛րս, տեղի է ունենում ձեր սրտերում Սիրո պակասության պատճառով: Իսկ ձեր սրտերի Սիրո այդ պակասությունը պայմանավորված է Աստվածային աշխարհից ձեր աշխարհի կտրվածությամբ:
Չկա Աստված՝ չկա և Սեր: Ուստի դուք պետք է առավելագույն ճիգեր գործադրեք, որպեսզի Աստծուն վերադարձնեք ձեր կյանք:
Տեսեք, թե ինչով եք շրջապատված ձեր աշխարհում: Գովազդներ, ուրբանիստական բնապատկերներ, մռայլ դեմքերով անցորդներ, ճղճիմ հեռուստահաղորդումներ: Ձեր աշխարհը բարյացակամ տրամադրված աշխարհ չէ: Եվ, մշտապես գտնվելով վախի, լարվածության ու մռայլության պայմաններում, մարդիկ համակվում են արտաքին աշխարհի այդ վիճակներով: Իսկ երիտասարդությունն իր մատաղ հասակում կորցնում է լավատեսության և ուրախության իր լիցքը, ինչն ի բնե հատուկ պետք է լիներ երիտասարդ մարդուն:
Ճշմարիտ ուրախությունները փոխարինվում են անկատար պատրաստուկներով՝ անկատար ֆիլմերով, երաժշտությամբ, թմրանյութերով:
Ճշմարիտ Սերը փոխարինվում է անկատար սիրով, որը ոչ մի ընդհանուր բան չունի Սիրո մեծ զգացմունքի հետ:
Անաստված շրջակա աշխարհում շատ հեշտ է հոգին կորցնելը:
Հենց այն պատճառով, որ մարմնավորման մեջ գտնվող շատ մարդկանց, հատկապես երիտասարդների հոգիների համար ձեր ժամանակները շատ վտանգավոր են, ես և մյուս Վեհապետները գալիս և ձեզ տալիս ենք ձեր աշխարհում տեղի ունեցող պրոցեսների ըմբռնումը և հիշեցնում, որ աշխարհը միշտ այսքան տխուր չի եղել, և որ առջևում մարդկությանը լուսավոր ապագա է սպասվում:
Սկզբում այդ ապագան կծլարձակի սակավաթիվ մարդկանց սրտերում՝ նրանց, ովքեր Ոգով ուժեղ են և կարող են շրջապատի պատրանքին հակադրել իրենց հավատը և Աստծուն ու Վեհապետներին իրենց նվիրվածությունը: Այնուհետև, երբ Աստվածային գիտակցության վիճակ ունեցող հոգիների քանակը կմեծանա, մարդկությունն իր մեծ մասով կշրջվի Լույսի կողմը: Իսկ այն մարդիկ, որոնք ներկայիս մարդկության մեծ մասին բնորոշ գիտակցության վիճակը կունենան, կդիտվեն որպես բացառիկ շեղածիններ՝ արժանի անսահման Կարեկցանքի ու Սիրո:
Միայն Կարեկցանքի, Գթասրտության ու Սիրո ազդեցությամբ է, որ ձեզնից շատերի հոգիներն ունակ կդառնան հարթելու իրենց հոգևոր հագուստի ճմռթվածքներն ու հառնելու դեպի Կյանք:
Իմ որդի Հիսուսի սխրանքն այն էր, որ չկորցրեց իր Սերն այն մարդկանց նկատմամբ, որոնք կտտանքների ենթարկեցին իրեն և իր մահը կամեցան:
Այդ է պատճառը, որ աշխարհի միլիոնավոր քրիստոնյաներ շարունակում են խոնարհվել իմ որդու սխրանքի առջև:
Ես կանխատեսում եմ, որ իմ այս Ուղերձը կարդացողներից շատերն ապագայում ունակ կլինեն Սիրով հատուցելու պատրանքային ուժերի բոլոր ծուղակների ու խորամանկ հնարքների դիմաց: Եվ նույնիսկ մահվան սպառնալիքի տակ իմ զավակներն ունակ կլինեն Գթասրտություն ու Կարեկցանք տածելու այն մարդկանց հոգիների նկատմամբ, ովքեր իրենց կչարչարեն: Քանզի շատ ու շատ են նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ են անում: Եթե իմանային, ապա երբեք թույլ չէին տա իրենց արարքներից շատերը:
Դուք կարող եք Ուղի ցույց տալ շատ մոլորյալ հոգիների: Աղոթեցե՛ք մարդկության պայծառացման համար և ներեցե՛ք բոլորին:
ԵՍ ԵՄ Մայր Մարիամը

Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить