среда, 18 ноября 2015 г.

«ՔԱՆԱԿԻ ԱՆՑՈՒՄԸ ՈՐԱԿԻ» ՀԱՄԱՊԻՏԱՆԻ ՕՐԵՆՔԸ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՆՐԱՔՎԵՆ

«Քանակի անցումը որակի» օրենքը գործում է ոչ միայն անկենդան բնության մեջ, այլ նաև մարդկային ու հասարակական հարաբերություններում: Այն համապիտանի օրենք է:
Եթե դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ձայների հաշվարկի ժամանակ պարզվի, որ քաղաքական պահանջներ կամ իշխանափոխության պահանջ պարունակող անվավեր քվեաթերթիկների քանակը չի գերազանցում մի քանի հարյուրը կամ հազարը, ապա հանձնաժողովների անդամները, վստահված անձինք և դիտորդները միասնաբար դա կընկալեն որպես «էկզոտիկա»՝ դրանց հեղինակներին համարելով մեր ժողովրդի «խենթ ու խելառ» հատվածը, և առանձնապես ուշադրություն չեն դարձնի գրառված պահանջների վրա:
Իսկ եթե նմանատիպ անվավեր քվեաթերթիկների քանակը հանկարծ գերազանցի, օրինակ՝ 250 000-ը, ապա կգործի «քանակի անցումը որակի» համապիտանի օրենքը, և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ինքնաբերաբար կվերածվի ՊԱՀԱՆՋԱՅԻՆ հանրաքվեի: Այդ դեպքում ոչ ոք չի հանդգնի ասել, որ հայ ժողովրդի կազմում 250 000 «խենթ ու խելառ» ՀՀ քաղաքացի կա:
Սակայն պետք է նկատի ունենալ, որ ժողովրդի հավաքական կամքն արտահայտող 250 000 անվավեր քվեաթերթիկները դեռ բավարար չեն, որպեսզի ժողովուրդը հաղթի, և ցանկալի իշխանափոխություն տեղի ունենա: Համարյա բոլորին է հայտնի, որ գործող նախագահն ու ՀՀԿ -ն ընտրակեղծիքների որոշակի ռեսուրսների են տիրապետում և արդեն իսկ սկսել են սովորույթի ուժով դրանք «գործի մեջ դնել»: Ուստի անհրաժեշտ է ու բավարար, որ նմանատիպ պահանջներ պարունակող անվավեր քվեաթերթիկների քանակը գերազանցի 600 000-ը: Դա միանգամայն հնարավոր է, եթե ժողովրդի անկուսակցական մեծամասնությունը կարողանա ազատվել «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզող կուսակցականների հիպնոսի ազդեցությունից և դեկտեմբերի 6-ին ցուցաբերի աննախադեպ ակտիվություն ու հանրաքվեով արտահայտված ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ:
Չգիտեմ, թե դուք ինչ եք մտածում և ինչպես եք տրամադրված, բայց եթե նույնիսկ Հայաստանում ընդամենը տասը այդպիսի "խենթ ու խելառ" կա, ապա ես գերադասում եմ լինել նրանցից մեկը։ Խաբված ստրուկի կարգավիճակով ապրելն ինձ համար չէ։
"Երբ չի լինում էլ դեղ ու ճար, խենթերն են գտնում հնար․․․"
Մեր նշանաբանն է՝ "600 000 ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ"
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ

Комментариев нет:

Отправить комментарий