пятница, 10 июня 2016 г.

ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

«Նոր Հայաստանի» հրապարակած Հայտարարության վերնագիրը և հիմնական շեշտադրումը ճիշտ կլիներ, որ այսպիսին լիներ՝ «Տարածաշրջանային անվտանգության համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման պայմանագիր ստորագրելու նախապայմանը՝ Արցախը Հայաստանի Հանրապետության հետ միավորելն է՝ որպես մեկ միասնական պետություն»: Այս նույն նախապայմանը ՀՀ ԱԺ-ը պետք է առաջ քաշեր դեռևս ԵՏՄ մտնելուց առաջ, բայց դե, ո՞վ է ինձ լսողը...
Ասել եմ և էլի՛ կասեմ՝ առանց Արցախի ինչ-ինչ միջազգային կառույցների մեջ մտնելը կամ միջպետական պայմանագիր ու համաձայնագիր ստորագրելը՝ պետական մակարդակի տխմարություն է ու մեր կողմից կատարված հանցագործություն մեր իսկ ժողովրդի դեմ:
Ոմանք այնքա՜ն անուշադիր են ֆբ-ում և այլուր տարբեր ժամանակներում ու տարբեր առիթներով արված իմ գրառումների ու ահազանգերի նկատմամբ, որ հազար անգամ ասելուց ու բացատրելուց հետո՛ էլ կարող են հարցնել՝ իսկ ինչպե՞ս Արցախը և ՀՀ-ն մեկ միասնական պետություն դարձնենք... Չալարեմ, կրկնեմ մի անգամ ևս՝ միասնական ու միաժամանակյա համաժողովրդական Հանրաքվեով, որը պետք է նշանակեն և անցկացնեն մեր երկու դանդալոշ նախագահները:
Կհարցնեք նաև՝ իսկ ո՞վ կամ ի՞նչը կստիպի, որ մեր դանդալոշ նախագահները վերջապես գնան այդ քայլին: Պատասխանում եմ՝ մենք բոլորս. ավելի կոնկրետ՝ մեր ժողովրդի երկու հատվածների համաժողովրդական հզոր Շարժումը, որն այդ նպատակին հասնելու համար կարող է և իրավունք ունի ծայրահեղ դեպքում նաև զենքի դիմել:
Հետո չեք ամաչի և վերջին անամոթ հա՛րցն էլ կտաք՝ իսկ ո՞վ պետք կազմակերպի այդ համաժողովրդական Շարժումը... Վա՜յ, տնաշեննե՛ր, 70 հատ կուսակցություն ունեք և այդ թվից կրկնակի ավել ՀԿ-ներ ու միավորումներ. էլ ինչի՞ համար են դրանք ստեղծված, եթե այս ամենակարևոր հարցում մատը մատին չպիտի խփեն: Էլ չասած, որ կա նաև լրագրողների մի հսկայական բանակ, որ ամեն մի դատարկ առիթով ժողովրդին բզբզելու և քնահարամ անելու հարցում խելքն իրենը չի:

Մի «քնած առյուծն» ի՞նչ է, որ համատեղ ուժերով՝ իրար հետ համագործակցելով, խելք-խելքի տալով, ձեռք-ձեռքի տալով, չկարողանանք արթնացնել... Եվ դա այն դեպքում, երբ, ինչպես վերջին ժամանակներում իրավացիորեն հաճախ ենք սիրում կրկնել, աշխարհասփյուռ հայությունը կամ մեր ազգն ի վերուստ օժտված է այնպիսի ներուժով, որ կարող աշխարհի բոլոր «քնած առյուծներին» մեկ առ մեկ արթնացնել՝ լինի դա գերմանու առյուծ, ինգլիզի առյուծ, ռսի առյուծ, թե՝ այլ: Հայոց Ցեղասպանության ճանաչման ներկա հաղթարշավը՝ սոսկ դրա մասնավոր վկայությունն է:
Ուրիշների առյուծներին կարողանում ենք արթնացնել, մե՛ր իսկ առյուծին՝ ո՞չ...

Комментариев нет:

Отправить комментарий