пятница, 26 июня 2020 г.

ՏԵՐ ՄԱՅՏՐԵՅԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐՁԸ

Ես եկել եմ, որպեսզի մեկ անգամ ևս ձեզ հիշեցնեմ Մեր Ուսմունքի հիմնադրույթները

Տեր Մայտրեյա
19 հունիսի, 2020 թ.

Ես եմ Մայտրեյան: Ես եկա...

Այս բարդ ժամանակներում Ես չէի կարող չգալ, որպեսզի ուղու ամենադժվարին հատվածում նեցուկ կանգնեմ իմ նվիրյալ Բոդհիսատվաներին:

Ցավոք սրտի, աշխարհը չընդունեց հեշտ ուղով գնալու Մեր ցուցումներն ու հանձնարարականները: Մենք աննախադեպ ջանքեր գործադրեցինք. Մենք և Մեր Դեսպանորդը Մեր ուժերի սահմաններում հնարավոր ամեն ինչ արեցինք, որպեսզի ֆիզիկական ոլորտին փոխանցենք այն գիտելիքներն ու հանձնարարականները, որոնցով կհեշտանար հոգիների անցումը դեպի գիտակցության ավելի բարձր մակարդակ, դեպի Նոր Դարաշրջան, Մայտրեյայի Դարաշրջան, Աշխարհի Մոր դարաշրջան:

Մարդկությունը չի շտապում հրաժեշտ տալ իր կապվածություններին ու արատներին: Մենք այս Ուսմունքը բազմիցս ենք կրկնել, սակայն ժամանակի տվյալ պահին, երբ նոր էներգիաներն են մոտենում, անհրաժեշտ է մեկ անգամ ևս հիշեցնել:

Ես ուսուցանում եմ Ձեռնադրումների Ուղին: Ես եմ ձեզ Ձեռնադրողը:

Այդ Ուղու վրա կան մի քանի նշաձողեր: Դրանցից մեկը՝ ընտրությունն է:

Դուք ինքներդ, Արարչի կողմից ձեզ տրված ազատ կամքով, ընտրություն եք կատարում երկու աշխարհների միջև՝ պատրանքային և աստվածային. կա՛մ որոշում եք մնալ էվոլյուցիոն ուղու ճամփեզրին, կա՛մ հաջողությամբ շարունակում եք վեր ելնել էվոլյուցիայի աստիճաններով:

Սակայն մինչև հիմա շատերին դեռ հասկանալի չէ ընտրության մասին այս Ուսմունքը: Ես կպարզաբանեմ: Ընտրություններ դուք միշտ եք կատարում: Բայց ձեզ համար ակներև չէ, որ դուք ընտրություն եք կատարում աշխարների միջև: Դուք ձեր սովորական գործերն եք անում, զբաղվում եք ձեր մասնագիտական գործունեությամբ, և ձեր այդ գործունեության ընթացքում կատարում եք ձեր ընտրությունը:

Ասվածն ավելի հասկանալի դարձնելու համար բերեմ մի քանի կոնկրետ օրինակներ:

Ասենք, դուք բժիշկ եք, և կանգնած եք հետևյալ հարցի առջև՝ ձեր այցելուին վնասակար պատվաստանյութ ներարկե՞լ, կամ առողջությանը վնասող դեղամիջոց նշանակե՞լ, թե՞՝ ոչ: Եթե դուք կառավարվում եք աշխատանքը կորցնելու վախով, այլ ոչ թե ձեր այցելուին օգտակար լինելու ցանկությամբ, ապա ընտրում եք տվյալ այցելուի առողջության համար վտանգավոր դեղամիջոցներ կիրառելու տարբերակը: Ըստ էության, մարդասպանություն է ձեր արածը, միայն թե՝ ավելի թաքնահյուս միջոցներով: Եվ ահա դուք արդեն Մեզ հակադիր ուժերի կողքին եք կանգնած:

Կամ, ասենք, ծրագրավորող եք և ձեր մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցում եք այնպիսի մի ծրագրի մշակմանը, որի օգնությամբ մարդիկ հայտնվում են Մեզ հակադիր ուժերի գլոբալ վերահսկողության տակ: Եվ ահա դարձաք այդ ուժերի համագործակիցը. դուք ձեր ընտրությունը կատարեցիք պատրանքային ուժերի օգտին:

Կամ՝ դուք ուժային կառույցների ներկայացուցիչ եք և որոշում եք զենք կիրառել կանանց, երեխաների, ծերերի դեմ: Եվ դրանով դուք փաստացի սպանում եք ձեր սեփական հոգին. ձեր հոգուն զրկում եք էվոլյուցիան շարունակելու հնարավորությունից:

Կամ՝ պաշտոնյա եք, իշխանավոր, և սահմանում եք այնպիսի օրենքներ, որոնք կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց և նրանց կենսական պահանջմունքների՝ սննդի, կացարանի, երեխաների կրթության, բնակչության առողջության վրա: Ահա և արդեն դարձաք ոչ աստվածային գործերի մասնակից և խախտեցիք Աստծո Օրենքը:

Ահա այդպես է լինում, որ ձեզնից յուրաքանչյուրը, լինելով պաշտոնը, աշխատանքը կամ փողերը կորցնելու վախի ազդեցության տակ՝ կատարում է իր ընտրությունը: Ըստ էության, ձեր այդ ընտրությամբ ինքներդ ձեզ կապում եք նյութականության՝ մատերիայի հետ: Ինչ-ինչ միֆական բարիքներ կորցնելու ահից՝ դուք նախընտրում եք շղթայված մնալ մատերիային: Ինքներդ ձեզ զրկում եք ազատությունից: Գործելով Աստծո Օրենքներին ոչ համահունչ՝ ինքներդ ձեզ կտրում եք Աստծուց: Եվ այդ ընտրության հետևանքը լինում է այն, որ մնում եք մատերիական ոլորտում ստրկացված վիճակում:

Փաստորեն դուք հրաժարվում եք աստվածատուր ազատ կամքից միայն այն բանի համար, որ ֆիզիկական ոլորտում ինչ-ինչ բարիքներից հանկարծ չզրկվեք: Եվ ահա վերածվում եք մատերիայի ստրուկների:

Մարդկանցից շատերը՝ Մեր Ուղերձներն ընթերցողների 90 տոկոսը, նույնպես սպառողներ են: Նրանք վերցնում են Մեր տված գիտելիքները, Մեր տված էներգիան, բայց չեն օգտագործում էվոլյուցիայի աստիճաններով վեր ելնելու համար, այլ դրանք տրամադրում են իրենց կարիքները հոգալու գործին:

Կա նուրբ եզրագիծ, թե երբ են Մեր Ուղերձները նպաստում հոգևոր Ուղով առաջընթացին, և երբ՝ Մեր Ուղերձների ընթերցումն ավելի ու ավելի է ձեզ հեռացնում Աստծուց: Ամբողջ բանն այն շարժառիթի մեջ է, որով դուք ձեռնամուխ եք լինում Մեր Ուղերձների ընթերցանությանը:

Դա ևս այն Ուսմունքներից մեկն է, որը Մենք հաճախ ենք տվել՝ Ուսմունք շարժառիթի մասին, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած գործունեության:

Կա միայն մեկ ճշմարիտ շարժառիթ՝ ծառայել Աստծուն և բոլոր կենդանի էակներին, օգնել մերձավորին և համայն կյանքին:

Ավաղ, Մեր Ուղերձների հետ առնչություն ունեցած մարդկանցից շատ քչերն են, որ ճիշտ շարժառիթով են առաջ տանում իրենց հոգու զարգացումը:

Նաև շատ քիչ են Մեր այն աշակերտները, որոնք ընթանում են Ձեռնադրումների Ուղով:
Նրանց Ուղին՝ ինքնազոհողության, ինքնահրաժարման, ինքնանվիրման և սպասավորության ուղին է: Նրանք ոչ մի փոխզիջման չեն գնում իրենց խղճի հետ, երբ ֆիզիկական ոլորտում կայացնում են որևէ որոշում: Նրանք ավելի շուտ իրենց կյանքը կզոհեն, քան կենթարկվեն ֆիզիկական ոլորտի բազմաթիվ քմայքներին, որոնք վերջին հաշվով հանգեցնում են հոգու կործանմանը:

Այժմ վրա է հասել այն ժամանակը, որի մասին Մենք բազմիցս նախազգուշացրել ենք՝ հատիկը որոմից ջոկելու ժամանակը: Պատրանքային աշխարհն ընտրած որևէ հոգի չի կարողանա մուտք գործել տիեզերական բոլորաշրջանի նոր փուլի մեջ: Այն ժամանակն է հասել, երբ ամենայն հինը՝ այն ամենը, ինչի գոյատևումը հիմնված է իրեղենի, սովորությունների, կրքերի և արատների հետ կապվածության վրա, չի կարող գոյատևել Նոր Դարաշրջանում:

Բա՜րդ ժամանակներ են... Ուստի Ես եկա, որ մեկ անգամ ևս ձեզ հիշեցնեմ Մեր Ուսմունքի այն հիմնադրույթները, որոնք հիմա խիստ անհրաժեշտ են ձեզ:

Իմ դարաշրջանը՝ Մայտրեյայի դարաշրջանը, սարերի հետևում չէ: Սակայն, մինչ նորը կգա, Երկիրը պետք է մաքրված լինի ամենայն հնից:

Այո՛, բարդ ժամանակներ են: Ուստիև Ես եկա: Եկա, որ նեցուկ լինեմ Իմ նվիրյալ Բոդհիսատվաներին և ամրապնդեմ նրանց սպասավորությունը: Մեր ժամանակը մոտենում է:

Շատերը կփորձեն իրենց կյանքն ու իրենց ունեցվածքը փրկել՝ դիմելով դավաճանության ու սպանության: Իմ Բոդհիսատվաներն ավելի շուտ իրենց կյանքը կզոհեն, քան թե կնախընտրեն ծառայել Մեզ հակադիր ուժերին:

Ես եկա, որ ամրացնեմ ձեր հավատը և ձեր մեջ արթնացնեմ այն հոգևոր հերոսների որակները, որոնք գնացին խաչելության, ողջակիզման, սակայն հետ չկանգնեցին իրենց համոզմունքներից ու հավատից՝ մինչև վերջ ծառայելով Ճշմարտությանը:

Վերջում կուզեի ավելացնել հետևյալը. երկրները նույնպես անցնում են իրենց ձեռնադրումը, ինչպես առանձին մարդիկ:

Երկրների մակարդակի մասին Մենք դատում ենք՝ ելնելով Մեր ավետաբերների, Մեր դեսպանորդների նկատմամբ դրսևորված վերաբերմունքից: Շատ են եղել երկրներ, որտեղ սպանել են Մեր ավետաբերներին: Հիմա ու՞ր են այդ երկրները... Դրանք չկան:

Մեր դեսպանորդները որպես գործիք են ծառայում, որոնց օգնությամբ Մենք դատում ենք երկրների և առանձին անհատների գիտակցության մակարդակի մասին:

Եվ, իհարկե, Աստծո Օրենքը երբեք թույլ չի տա, որ անպատիժ ձևով ստորացնեն ու սպանեն Մեր դեսպանորդներին:

Հատկապես այն դեպքում, երբ Մեր Դեսպանորդի աշրամն Ուսմունք տարածելու վայրից վերածվում է Ուսմունք վարկաբեկելու վայրի:

Հնարավոր է՝ ներկա պահին դուք կարողանաք այլ կերպ նայել նրանց, խելքի գաք և փոխեք Մեր Ուսմունքի նկատմամբ ձեր ընկալումները:

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝
ձեր հոգիների նկատմամբ հոգածությամբ
Տատյանա Միկուշինա, 2020թ.
                                                                            թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий