Երկու անգամ երկու
Երկու անգամ երկու
Ստացող աշակերտը
Իր երրորդ ու չորրորդ
Երկուսն էլ կստանա:
(Դե, չքվի՛ր, սատանա...)
Ռուսն այնքան է հային
Խաբել թե եղբայր է,
Որ նրան թշնամի
Համարել դժվա՜ր է...
(Երկու անգամ երկու՝
Մտածեցիք չո՞րս է...
Այդպե՜ս է ձեռնարկում
Սատանան իր որսը:
Փորձում է ու որսում
Ցանցով տարողունակ,
Մտքի խայծն է հոգուն
Կաշկանդում շարունակ:
Ահա, ես ուզեցի
Սոսկ փաստ բացահայտել,
Իսկ դուք շտապեցիք
Թվեր բազմապատկել:
Կեղծ թեզերը հաճախ
Ապրում են դարեդար,
Երբ մտնում են տաճար,
Կրկնվում բառ առ բառ:
Կրկնությունը բարի
Գիտելիքի մայրն է,
Բայց նաև ստերի
Ամրապնդման հայրն է):
Ուշքի՛ եկեք, հայե՛ր,
Ամո՜թ, անհարմա՜ր է․․․
Սթափվելու պահ է,
Խելքի գալու դար է։
Խաչիկ-Ապեր
11.11.2022թ.
Комментариев нет:
Отправить комментарий