пятница, 4 декабря 2015 г.

«ԱՅՈ»-Ի ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀՀԿ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԿԱԶՄԱԼՈՒԾՄԱՆ ՍԿԻԶԲԸ ԿԴԱՌՆԱ

Աշխարհն այսօր ալեկոծված է և շարունակում է ալեկոծվել երկու արժեհամակարգերի ակնհայտ հակադրությամբ: Մի կողմում՝ «տոլերանտությամբ» համակված և օրենքի պարտադրանքով անսքող բարոյազրկվող արևմտյան արժեհամակարգն է, որի իրական նպատակը համաշխարհային թալանի հեշտացումն է, իսկ մյուս կողմում՝ իսլամի կրոնական շղարշ հագած ջիհադա-ահաբեկչական այլազան խմբավորումների մոլեռանդությունը: Իրավացի են բոլոր նրանք, ովքեր երրորդ համաշխարհային պատերազմի հնարավոր սանձազերծումն ուղղակիորեն կապում են քաղաքակրթական այդ երկու արժեհամակարգերի անխուսափելի բախման հետ: Ըստ էության, այդ պատերազմն արդեն ընթացքի մեջ է, և մենք պարտավոր ենք ու ստիպված ենք հաշվի առնել դա:
Իմ խորին համոզմամբ՝ Ռուսաստանն այսօր միակ զորեղ ու կարող ուժն է, որն իր կոնկրետ գործողություններով փորձում է հավասարակշռել կամ խելամիտ բալանսի բերել այդ երկու իրարամերժ արժեհամակարգերը և տևական խաղաղություն հաստատել համայն աշխարհում: Մի կողմից՝ այդ երկրի իշխանությունները օրենսդրական ակտերով մերժում են հասարակությանը բարոյազրկելու անսքող միտում ունեցող արևմտյան արժեքները, մյուս կողմից՝ զենքի ուժով արգելափակում են ահաբեկչական ինչ-ինչ խմբերի ու կազմավորումների հնարավոր մուտքն իրենց երկիր:
Հայաստանը, վերջին մի քանի դարերի պատմական հանգամանքների բերումով, ինչպես նաև ելնելով ազգային ինքնապաշտպանական կենսական շահերից՝ եղել է և շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ու գործընկերը:
Բայց ինչո՞վ են հիմա զբաղված ՀՀ պետական այրերն ու իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Խելքները տվել են ժողովրդավարական կառավարման հնարավոր տարբերակների միջից անպատեհ ու ժամանակավրեպ ընտրություն կատարելուն և դրա քողի տակ ՀՀ մայր օրենքի մեջ հաճկատարորեն խցկել են վենետիկյան հանձնաժողովի կողմից պարտադրվող բազմաթիվ դրույթներ ու նախադրյալներ և հիմա փորձում են հայ ժողովրդին տխմարաբար համոզել, որ հանրաքվեով «ԱՅՈ» ասի սահմանադրական այդ «նորամուծություններին»:
Հանրաքվեին ընդամենը երկու օր է մնացել: Արդյո՞ք ՀՀԿ-ն, իր ամբողջ կազմով ու նախագահ-առաջնորդով հանդերձ, կհասցնի սթափվել, խելքի գալ և թեթևամտորեն, անհարկի չհակադրվել իր ռազմավարական հզոր դաշնակցին՝ Ռուսաստանին: Այսօրվա դրությամբ Պուտինը և այդ երկրի մյուս պետական այրերն ու քաղաքագետները դեռևս սպասողական վիճակի մեջ են և սպասում են մեր իշխանությունների նախաձեռնած այս անհեթեթ ու ժամանակավրեպ քայլի ելքին ու մեր ժողովրդի պատասխանին: Հենց որ այդ պատասխանը, ոչ առանց ՀՀԿ եռանդուն ջանքի ու սովորական դարձած կեղծարարությունների, լինի «ԱՅՈ»-ն, ապա ամենևին կարող եք չկասկածել, որ Ռուսաստանի համապատասխան հակաքայլերն այլևս անխուսափելի կդառնան: Դրանց առաջնահերթ նպատակը մեկը կլինի՝ հեռացնել Սերժ Սարգսյանին և կազմալուծել նրա ղեկավարած կուսակցությունը: Այդ խնդրի լուծմանն անհրաժեշտաբար կնպաստեն միլիոնանոց ռուսահայ համայնքը և տեղական մեծաքանակ ռուսամետ ուժերը:
Եթե Ռուսաստանն այդ քայլով արդյունքի չհասնի, ապա անհապաղ գործի կդնի ԼՂՀ խաղաքարտը:
Իսկ, թե ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել՝ ինքներդ մտածեք, պարո՛ն ՀՀ ոչ-բարով նախագահ և թեթևամիտ հհկ-ականներ...

среда, 2 декабря 2015 г.

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՀԱՍՈՒՆ ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻ ՆՄՈՒՇ

Ո՛Չ ՀՀԿ+ՀՅԴ+ԲՀԿ
ԱՅՈ՛ ՀՀ+ԼՂՀ+ՍՓՅՈՒՌՔ

Հ. Գ. - Քաղաքականապես առավել հասուն և իսկապես հայրենասեր ցուցարարները ցանկության դեպքում կարող են, մինչև դեկտեմբերի 6-ը և դրանից հետո, նմուշը որպես պաստառային լոզունգ օգտագործել իրենց երթերի և հանրահավաքների ժամանակ:

среда, 18 ноября 2015 г.

«ՔԱՆԱԿԻ ԱՆՑՈՒՄԸ ՈՐԱԿԻ» ՀԱՄԱՊԻՏԱՆԻ ՕՐԵՆՔԸ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՆՐԱՔՎԵՆ

«Քանակի անցումը որակի» օրենքը գործում է ոչ միայն անկենդան բնության մեջ, այլ նաև մարդկային ու հասարակական հարաբերություններում: Այն համապիտանի օրենք է:
Եթե դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ձայների հաշվարկի ժամանակ պարզվի, որ քաղաքական պահանջներ կամ իշխանափոխության պահանջ պարունակող անվավեր քվեաթերթիկների քանակը չի գերազանցում մի քանի հարյուրը կամ հազարը, ապա հանձնաժողովների անդամները, վստահված անձինք և դիտորդները միասնաբար դա կընկալեն որպես «էկզոտիկա»՝ դրանց հեղինակներին համարելով մեր ժողովրդի «խենթ ու խելառ» հատվածը, և առանձնապես ուշադրություն չեն դարձնի գրառված պահանջների վրա:
Իսկ եթե նմանատիպ անվավեր քվեաթերթիկների քանակը հանկարծ գերազանցի, օրինակ՝ 250 000-ը, ապա կգործի «քանակի անցումը որակի» համապիտանի օրենքը, և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ինքնաբերաբար կվերածվի ՊԱՀԱՆՋԱՅԻՆ հանրաքվեի: Այդ դեպքում ոչ ոք չի հանդգնի ասել, որ հայ ժողովրդի կազմում 250 000 «խենթ ու խելառ» ՀՀ քաղաքացի կա:
Սակայն պետք է նկատի ունենալ, որ ժողովրդի հավաքական կամքն արտահայտող 250 000 անվավեր քվեաթերթիկները դեռ բավարար չեն, որպեսզի ժողովուրդը հաղթի, և ցանկալի իշխանափոխություն տեղի ունենա: Համարյա բոլորին է հայտնի, որ գործող նախագահն ու ՀՀԿ -ն ընտրակեղծիքների որոշակի ռեսուրսների են տիրապետում և արդեն իսկ սկսել են սովորույթի ուժով դրանք «գործի մեջ դնել»: Ուստի անհրաժեշտ է ու բավարար, որ նմանատիպ պահանջներ պարունակող անվավեր քվեաթերթիկների քանակը գերազանցի 600 000-ը: Դա միանգամայն հնարավոր է, եթե ժողովրդի անկուսակցական մեծամասնությունը կարողանա ազատվել «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզող կուսակցականների հիպնոսի ազդեցությունից և դեկտեմբերի 6-ին ցուցաբերի աննախադեպ ակտիվություն ու հանրաքվեով արտահայտված ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ:
Չգիտեմ, թե դուք ինչ եք մտածում և ինչպես եք տրամադրված, բայց եթե նույնիսկ Հայաստանում ընդամենը տասը այդպիսի "խենթ ու խելառ" կա, ապա ես գերադասում եմ լինել նրանցից մեկը։ Խաբված ստրուկի կարգավիճակով ապրելն ինձ համար չէ։
"Երբ չի լինում էլ դեղ ու ճար, խենթերն են գտնում հնար․․․"
Մեր նշանաբանն է՝ "600 000 ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ"
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ

пятница, 13 ноября 2015 г.

ԱՐՏԱՌՈՑ ԻՐԱՎԻՃԱԿ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ

Իշխանական խավը, հանրաքվեից իր հետագա գոյության համար լուրջ վտանգ կանխազգալով, խուճապահար որոշել է համատեղել «այո»-ի և «ոչ»-ի շրջագայական քարոզչությունը՝ այն վերածելով «կենսախինդ շոու»-ի: Բայց դա ավելի շուտ կնմանվի «ժանտախտի ժամի խնջույքի» և բնականաբար կարժանանա ժողովրդի արդարացի զայրույթին ու ծաղրուծանակին: Մարդիկ նրանց ամենուրեք մոտավորապես այսպես կպատասխանեն. «Ձեր այո-ն ու ոչ-ը թող ձեր գլխին կպչեն, ի՞նչ սահմանադրություն, ի՞նչ բան: Մենք մեր քվեաթերթիկների վրա մեր արդար պահանջներն ենք գրելու և անվավեր ենք դարձնելու դրանք»:
Այսպիսով, հանրաքվեի ընթացիկ քարոզարշավում արտառոց իրավիճակ է ստեղծված՝ «այո»-ն ու «ոչ»-ը սկսում են միասնաբար պայքարել «անվավեր»-ի դեմ: Կամաց-կամաց պղտոր ջրերը զուլալվում են, և ժողովրդի համար միանգամայն հստակ է դառնում, որ ինչպես «այո»-ն, այնպես էլ «ոչ»-ը միայն կերկարաձգեն բոլորի համար ատելի դարձած իշխանական հանցախմբի ազգակործան ու քայքայիչ գործունեությունը, իսկ քաղաքական պահանջներ պարունակող «անվավեր» քվեաթերթիկները, եթե դրանք գերակշիռ մեծամասնություն կազմեն, սահմանադրական հանրաքվեն կվերածեն ՊԱՀԱՆՋԱՅԻՆ հանրաքվեի և վերջ կտան այդ հակաժողովրդական ու ապազգային գործունեությանը:
Ժողովրդավարական կառավարման համակարգի պայմաններում, թեև հանրաքվեն հազվադեպ ու դժվարամատչելի երևույթ է, բայց այն ժողովրդի ամենազորեղ զենքն ու կռվանն է և պետք է օգտագործվի ըստ ամենահրատապ պահանջի: Ժողովուրդն է հանրաքվեի իրական տերը, և նա միանգամայն իրավասու է ինչպես մերժել իշխանության առաջ քաշած հարցադրումը, այնպես էլ շտկումներ մտցնել դրա մեջ կամ հավաքական գերակշիռ կամարտահայտության արդյունքով բոլորովին այլ հարցադրում ձևավորել:
Ամենայն հավանականությամբ դեկտեմբերի 6-ին հենց այդպիսի մի հանրաքվեի ենք վկա դառնալու: Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունն անշեղորեն մոտենում է իր անփառունակ վախճանին, և հիմա նրա միակ «փրկիչն ու պահապան հրեշտակը» Պարույր Հայրիկյանը կարող է լինել: Վերջինս արդեն ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ Սահմանադրական դատարանից պահանջելով կասեցնել դեկտեմբերի 6-ի հանրաքվեն: Պատրվակը կրկին նրա ինքնասիրահարվածության թերագնահատումն է Սերժ Սարգսյանի ձևավորած սահմանադրական հանձնաժողովի կողմից:
Եթե հանրաքվեն կասեցվի, ապա Սերժի սահմանադրությունը չի անցնի: Իսկ եթե չկասեցվի՝ ապա Սերժը չի անցնի: Երկու դեպքում էլ հաղթող կողմը ժողովուրդն է լինելու:
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նշանաբանն է՝ «600 000 ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ»
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ

четверг, 12 ноября 2015 г.

ՄԱՐԴԱՎԱՐԻ ԲԱՑԱՏՐԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Եթե անշահախնդիր ու հայրենասեր բոլոր քաղաքական գործիչները մարդավարի բացատրեն ժողովրդին, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն ոչ թե սահմանադրական, այլ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ հանրաքվե է լինելու, և որ ամեն մի չափահաս ՀՀ քաղաքացի այդ օրը կարող է գնալ և իր սրտի ուզած արդարացի պահանջը գրել իր քվեաթերթիկի վրա, ապա ժողովրդի գերակշիռ մասը մեծագույն հաճույքով կմասնակցեն հանրաքվեին և այդպես էլ կվարվեն՝ ընտրակեղծիքների որևէ լուրջ սողանցք չթողնելով իշխանամետ ուժերի համար:
Մի՞թե չեք տեսնում, որ ժողովուրդը ոչ թե սահմանադրական շինծու փոփոխություններ է ուզում (որը կոնկրետ այս դեպքում ոչ այլ ինչ է, քան Սերժ Սարգսյանի հերթական «ձիու քայլը»), այլ ուզում է արդարացի պահանջներ ներկայացնել ամեն մի թույլատրելի չափ ու սահմանը վաղուց հատած, անբարո իշխանությանը: Ժողովուրդն ակնհայտ պահանջներ է ներկայացնում նաև ընդդիմադիր ուժերին, որ նրանք վերջապես միասնական մարտավարությամբ զորավիգ լինեն իրեն, այլ ոչ թե պառակտեն: Ուրեմն, հարգելինե՛րս, բարի եղեք հարգել ժողովրդի պահանջը և նրան զինել իր ամենազորեղ զենքով՝ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ հանրաքվեով, քանի որ առիթ-անառիթ փողոց դուրս գալով դուք միայն կփոշիացնեք նրա հավաքական կամքը և ի վերջո կմատնեք հուսահատ պարտության:
Մեր ՀԱՂԹԱՆԱԿԻ նշանաբանը պետք է լինի՝ «600 000 ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ»
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ

суббота, 24 октября 2015 г.

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իշխանափոխության նպատակ հետապնդող քաղաքացիական անհնազանդության լավագույն տարբերակը՝ դեկտեմբերի 6-ի համաժողովրդական հանրաքվեի պաշտոնական հարցադրումը անպատասխան թողնելն է: Որպեսզի այն պսակվի հաջողությամբ ու ժողովրդի հաղթանակով, ՀՀ քաղաքացիներն աննախադեպ ակտիվությամբ պետք է մասնակցեն այդ հանրաքվեին և անվավեր դարձնեն իրենց քվեաթերթիկները՝ դրանց վրա գրառելով որոշակի քաղաքական պահանջներ (մասնավորապես՝ իշխանափոխության պահանջ):
Որքան էլ իշխանական թևը փորձի կեղծել հանրաքվեի արդյունքը, միևնույնն է, վերը նշված ձևով արտահայտված քաղաքացիական անհնազանդությունն ուղղակի աչք կծակի և ակնհայտ ու անժխտելի փաստ կլինի բոլոր կողմերի համար: Այն նաև հարկ եղած դեպքում կարող է վերաճել համաժողովրդական հզոր ու անկասելի շարժման, որը հեղեղի պես կսրբի-կմաքրի կուտակված իշխանական ամբողջ աղբը: Դրա համար անհրաժեշտ և բավարար պայման կլինի այն, որ սահմանադրական կոչված հանրաքվեն ժողովուրդը կարողանա արդյունավետ կերպով վերածել ՊԱՀԱՆՋԱՅԻՆ հանրաքվեի:
Հայ ժողովրդին մաղթում եմ միասնականություն, հաջողություն և Հաղթանակ:
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ