суббота, 22 декабря 2018 г.

ՏԵՐ ՄԱՅՏՐԵՅԱՅԻ ՆՈՐ ՈՒՂԵՐՁԸ

Ձեռնադրումների Ուղին միշտ բաց է այն հոգիների համար,
որոնք հավատարիմ են Աստծուն և Վեհապետներին

Տեր Մայտրեյա
19 դեկտեմբերի, 2018 թ.

ԵՍ ԵՄ Մայտրեյան՝ Երկնքի մեծ Ողորմածությամբ կրկին ձեզ այցի եկածս: Մեր հաղորդակցության քաղցր րոպեներն ապրելն այնքա՜ն հազվադեպ է... Եվ ահա այս անգամ Ես եկել եմ բացառապես տիեզերական Բարեգթության ու Կարեկցության շնորհիվ: Զի Համբարձյալ Դասերը գիտեն, թե որքա՜ն ծանր է մարմնավորված լուսավոր հոգիների վիճակը, երբ խավարն ավելի ու ավելի է խտանում:
Ես հիշում եմ մեր Դեսպանորդի միջոցով կայացած մեր առաջին հանդիպումները: Հիշու՞մ եք, թե ինչպես ձեզ հրավիրեցի իմ Ձեռնադրումների Դպրոցը: Օ՜, դա անմոռանալի էր... Չհամբարձված սաներին հատկացված դասարանը լեփ-լեցուն էր դիմորդների հոծ խմբով:
Սակայն տարեցտարի դասարանում տեղերը դատարկվում ու դատարկվում էին, մինչև որ վերջին աշակերտները լքեցին նուրբ ոլորտի Իմ մենաստանում գտնվող Դպրոցը:
Մեկը պարզապես մոռացավ, որ գրանցվել է Ձեռնադրումների Իմ Դպրոցում, մյուսը գտավ մի այլ, ավելի հեշտ ուղի, մի ուրիշն էլ գործեց ամենաահավոր մեղքը՝ դավաճանություն:
Իմ Դպրոցի դռներն առաջվա պես լայնորեն բաց են: Սակայն այլևս չկան Ինձ մոտ ուսանելու ցանկություն ունեցողներ:
Նրանք, ովքեր լքեցին Իմ Դպրոցը, իրենց այս մարմնավորման ընթացքում այլևս չեն կարողանա հետ վերադառնալ: Նախկին աշակերտների մեծամասնությանը հարկ կլինի ևս 7 մարմնավորում անցնել, որ կրկին հնարավորություն ստանան ուսանելու Ձեռնադրումների Դպրոցում:
Իսկ նրանք, որ դավաճանության ծանր մեղքը գործեցին, ամենայն հավանականությամբ այլևս երբեք չեն կարողանա ուսում ստանալ Իմ անձնական ղեկավարությամբ:
Վիթխարի աստվածային հնարավորությունը ձեռքից բաց է թողնված: Սակայն այսօր Ես չեմ եկել, որ ձեզ ամոթանք տամ և վհատության գիրկը նետեմ: Իմ խնդիրն է՝ ձեզ բացատրել, թե ինչ հետևանքներ են ունենում ձեր կատարած ընտրությունները: Մարդկությունը շատ կարճ հիշողություն ունի, ուստի շատ քչերն են ունակ նկատելու այն կապը, որ գոյություն ունի սեփական նախընտրանքների և դրանց հետևանքների միջև:
Քաղաքակրթության հետագա ընթացքը որոշող ընտրությունները կատարում են, որպես կանոն, մարդկության առաջադեմ մասի ներկայացուցիչները՝ մարմնավորվածներից լավագույնները: Ներկայումս այդ ընտրություններն արդեն կատարված են, և դուք անխուսափելիորեն կբախվեք դրանց հետևանքների հետ:
Տառապանքները մաքրում են հոգին և բացում նոր հնարավորություն:
Ապաշխարանքն ու զղջումը կիսով չափ թեթևացնում են կարմայական բեռն ու տառապանքները:
Համբարձյալ Դասերը մշտապես ձեր կողքին են: Ոչ մի պարագայում մենք չենք լքում ձեզ: Սակայն հենց ինքներդ եք ձեզ հեռացնում Աստծուց և Համբարձյալ Դասերից: Այդ կտրվածությունը ձեզ զրկում է աստվածային գիտակցության վիճակներից՝ Բերկրանքից, Սիրուց, Անդորրից ու Ներդաշնակությունից:
Մենք ոչ մի տեղ չենք հեռացել:
Մենք մշտապես ձեզ հետ ենք:
Սակայն հիմա ձեզնից ավելի շատ ջանքեր կպահանջվեն, որպեսզի լսեք Մեզ և հասկանաք Մեր Ուսմունքը:
Եթե ձեր աշխարհից համանման օրինակ բերելու լինենք, ապա անցած 14 տարիների ընթացքում Մեր Դեսպանորդի միջոցով Մեր Ուսմունքը տալով՝ ձեզ ներկայացրինք դրա «պրեզենտացիան», ինչպես դա ընդունված է ձեր ցուցահանդեսներում ու խանութներում:
Մենք ընդհուպ մոտեցանք ձեզ և ներկայացրինք Մեր Ուսմունքը: Ես ինքս այս Դեսպանորդի միջոցով երեք միջոցառում անցկացրի, որոնց ընթացքում ոչ միայն դրսևորեցի Իմ ներկայությունը, այլև տվեցի Իմ Օրհնությունը: Ալմաստի միջոցով Ես ազդակ հաղորդեցի ձեր ներքին էությանը, որն ունակ էր արթնացնելու ձեր Աստվածայնությունը, ձեզ մղելու դեպի Ներքին Ուղին և դրանով ընթանալու:
Հարյուրավոր մարդիկ ստացան Իմ այդ ազդակն ու Իմ պատգամը:
Սակայն ստացված աստվածային Էներգիան, ավա՜ղ, ծախսվեց ո՛չ աստվածային գործերի համար...
Մեր Դեսպանորդի միջոցով Մենք ընդհուպ մերձեցանք չհամբարձված մարդկությանը: Բավականաչափ ամբողջական ձևով ներկայացրեցինք Մեր Ուսմունքը: Եվ հիմա, երբ բոլոր ընտրություններն արդեն կատարված են, Մեր Ուսմունքը պարունակող գրքերը Մենք կդնենք ամենաբարձր դարակի վրա՝ երբևէ մարդկությանը տրված ամենաբարձր ուսմունքների կողքին:
Հիմա արդեն ինքներդ պետք է ուղիներ փնտրեք Ուսմունքը ձեզ մատչելի դարձնելու համար:
Մարդկությունը չի գնահատում այն, ինչ տրվում է ազատ ու ձրի:
Դե ինչ, խիզախեք և գիտելիքներ ձեռք բերեք սեփական ջանքերի գնով:
Մոտ 12 տարի առաջ այս Դեսպանորդի միջոցով Ես դիմեցի ռուսաստանաբնակներին և խնդրեցի հոգալ Մեր Դեսպանորդի համար:
12 տարի անցնելուց հետո ի՞նչ արդյունք ունենք...
Տունը, որտեղից տրվում էին Մեր Ուղերձները, և որը Մեր Դեսպանորդն ինքն էր կառուցել, հրդեհի ճարակ դարձավ:
Աշրամը, որը Մենք 5 տարիների ընթացքում ողողել էինք Լույսով, պղծվեց ու կործանվեց:
Ռուսաստանի հողում տեղակայված մեր առաջնադետքը վերացվեց:
Տխու՜ր արդյունք է...
Եվ շա՜տ ափսոս, որ մարդկության լավագույն ներկայացուցիչներն իրենց նախապատվությունը տվեցին ո՛չ այն ուղուն, որը մարդկությանն ուսուցանում ենք Մենք՝ Համբարձյալ Դասերս:
Սակայն Ես ձեզ պետք է հիշեցնեմ, որ Ձեռնադրումների Ուղին անհատական բնույթ ունի: Դա այն Ուղին է, որը ձեր հոգիներին հնարավորություն է ընձեռում մեկ մարմնավորման ընթացքում հասնել էվոլյուցիոն զարգացման հաջորդ մակարդակին: Եվ այդ Ուղին հիմա էլ է բաց՝ անկախ ամեն ինչից: Քանի որ արտաքին հանգամանքներն ավելի ու ավելի են խստանում, ապա Ուղու վրա ունեցած ձեր ձեռքբերումները ևս, անկախ արտաքին հանգամանքներից, բազմակիորեն աճում են:
Եթե նույնիսկ համայն մարդկությունը վստահաբար ընթանա դեպի անդունդ, ապա ձեր խնդիրն է՝ ապավինել ձեր ներսի Աստծուն և դժվարին իրավիճակներում վարվել ձեր Խղճի թելադրանքով:
Այլընտրանքը մեկն է՝ կա՛մ ընտրում եք ձեր հոգու անմահությունը, կա՛մ ձեր մարմնի համար ապահովում եք կուշտ ու հարմարավետ կյանք:
Տեղի է ունենում այն, ինչին հավատում եք:
Եթե հավատում եք Աստծուն և Համբարձյալ Վեհապետներին, ապա վաղ թե ուշ կլինեք Մեզ հետ:
Եթե ընտրում եք խաբկանքներով ու հրապուրանքներով լի արտաքին պատրանքային աշխարհը, ապա կմնաք այդ աշխարհում, որը կավարտի իր գոյությունը:
Մեր Ուսմունքի էությունը շատ պարզ է: Սակայն այդ էությունը հասկանալու համար պետք է ունենալ որոշակի էներգետիկական մակարդակ:
Սխալ նախընտրանքների պատճառով դուք ստեղծում եք կարմա կամ էներգետիկական պատնեշ, որը ձեզ հեռացնում է Մեր աշխարհից:
Այս փուլի ձեր խնդիրն է՝ վերադառնալ գիտակցության աստվածային վիճակներին:
Ձեռնադրումների Ուղին բաց է բոլոր այն հոգիների համար, որոնք հավատարիմ են Աստծուն և Վեհապետներին:
Իմ այս Ուղերձին հատկացված աստվածային Ողորմածությունն սպառված է, և Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս:
Միայն մարդկության նկատմամբ իմ Սերը թույլ տվեց, որ դրսևորվի այս Ուղերձի փոխանցման հրաշքը:

ԵՍ ԵՄ Մայտրեյան

Տատյանա Միկուշինա, 2018 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը 

воскресенье, 4 ноября 2018 г.

ԱԹԵՆԱՍ ՊԱԼԼԱՍԻ ՓՈՔՐ ՎԱՐԴԱՐԱՆ - Ուսմունք արդարացի և անարդարացի պատերազմների մասին


Աթենաս Պալլասի փոքր
Վարդարան

Ուսմունք արդարացի և անարդարացի պատերազմների մասին
 
(համառոտ Վարդարան՝ Աթենաս Պալլասի 2015 թ-ի դեկտեմբերի 22-ի թելադրության հիման վրա)
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
 
Հավատո Հանգանակ
Հավատում եմ Միասնական Աստծուն՝
Երկնքի ու Երկրի Արարչին,
որ ներկա է համայն Կյանքում:
Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,
և հնազանդորեն ենթարկվում եմ
Նրա Օրենքի Իմաստությանը:
Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝
ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:
Հավատում եմ Աստծո Միասնությանը՝
Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
 
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
 
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
 
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

1. ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը: Ես Կարմայական Վարչության անդամ եմ: Ինձ նաև գիտեն որպես Ճշմարտության Աստվածուհի: Վաղ անցյալում հատուկ իմ պատվին կառուցված տաճարներում մարդիկ պաշտում էին ինձ: Դա հինավուրց ժամանակներում էր, իմ սիրելի Հելլադայում: Իսկ հիմա ես կամենում եմ ձեզ հիշեցնել, որ ես նաև արդարացի պատերազմների հովանավորն եմ:

Աստվածամայր

2. Ձեր աշխարհում ամեն ինչ երկդիմի բնույթ ունի: Ուստի, որքան էլ ձեզ համար տարօրինակ թվա ինձնից սա լսելը, անարդարացի պատերազմներից զատ կան նաև պատերազմներ, որոնք արդարացի բնույթ ունեն: Հետևաբար նախքան այս կամ այն պատերազմին մասնակցելը հարկավոր է շատ լավ կշռադատել այն շարժառիթները, որոնցով առաջնորդվում եք դուք և այն մարդիկ, ովքեր իշխանության կրող են և որոշում են ընդունում պատերազմ սկսելու մասին:

Աստվածամայր

3. Նախ և առաջ դուք պետք է հասկանաք՝ այդ պատերազմով շահադիտական նպատակնե՞ր եք հետապնդում, թե՞ պաշտպանում եք ձեր հողը, ձեր տունն ու ընտանիքն արտաքին թշնամուց, որը ձեզ սպառնում է և հարվածներ հասցնում ձեր հայրենիքին: Շարժառիթը կարևոր է պատերազմի մասնակցող ամեն մի առանձին ռազմիկի համար: Եթե կռվին մասնակցելու գնացող մարդու շարժառիթը շահադիտական է, ապա պատերազմին մասնակցելը նրա համար հավասարազոր է ոչ ճիշտ գործողության կարմայի կուտակման: Շահադիտական շարժառիթ կարող են ծառայել փողը, իշխանությունը, կոչումը կամ պաշտոնը, ինչպես նաև ռազմավարը:

Աստվածամայր

4. Կարմայի օրենքը համայն Տիեզերքի բարդագույն օրենքներից մեկն է: Այդ պատճառով եկեք պարզենք, թե անարդարացի պատերազմին մասնակցելն ինչպես է անդրադառնում մասնակից երկրի և դրա մարդկանց վրա: Իհարկե, ցանկացած պատերազմի ընթացքում բռնություն է կիրառվում, և մարդիկ են զոհվում: Ուստի կարևոր է հասկանալ, թե ինչ կարմա է ձեռք բերում անարդարացի պատերազմ վարող երկիրը:

Աստվածամայր

5. Անարդարացի պատերազմի ամեն մի մասնակից կարմայի իր բաժինն է ունենում: Բայց ամեն մի այդպիսի պատերազմի մասնակից նաև մայր ու հարազատներ ունի: Նրա ամբողջ ընտանիքը և նույնիսկ հեռավոր հարազատներն իրենց վրա են վերցնում անարդարացի պատերազմին մասնակցողի կատարած սպանությունների ու ավերածությունների կարման: Արդյունքում թուլանում է նրա ընտանիքն ու ամբողջ տոհմը, ինչը կարող է տոհմի ֆիզիկական ու մտավոր այլասերման պատճառ դառնալ:

Աստվածամայր

6. Այդպիսով, անարդարացի պատերազմի կարման ազդում է նույնիսկ այն մարդկանց վրա, ովքեր հեռու են զինված հակամարտությանն անմիջականորեն մասնակցելուց: Բացի այդ, կա նաև անարդարացի պատերազմին մասնակցող ամբողջ երկրի կարման: Այն ընկնում է տվյալ երկրի ամբողջ բնակչության ուսերին և բախշվում հասարակության բոլոր անդամների միջև: Ոպես կանոն, դա հանգեցնում է տվյալ երկրին հատկացվող Աստծո էներգիայի հոսքի դադարեցմանը: Աստծո էներգիայի անբավարար լինելը դրսևորվում է որպես առատության պակաս, սով, տվյալ երկրի բնակչության մի զգալի մասի հոգեկան խանգարումներ՝ շիզոֆրենիա, դիվահարություն, ընկճվածություն, ինքնասպանության  հակում, ագրեսիա:

Աստվածամայր

7. Իհարկե, անարդարացի պատերազմի կարմայի մեծ մասն ընկնում է այն մարդկանց ուսերին, որոնք նման պատերազմ սկսելու որոշում են կայացնում: Սակայն, ինչպես վերն ասացի, կարմայական բեռից բաժին է հասնում նաև այդ երկրում ապրող ամեն մի բնակչի: Քանզի ոչ մի պատերազմ չի կարող կայանալ, եթե չլինեն այն մարդիկ, որոնք համաձայնվում են մասնակցել նման պատերազմի՝ հանուն անձնական շահի, թալանի կամ էլ հանուն կենդանի թիրախների վրա իրենց սպանելու հմտությունները կատարելագործելու:

Աստվածամայր

8. Առողջ հասարակությունը երբեք թույլ չի տա, որ իրեն ներգրավեն անարդարացի պատերազմի մեջ, քանի որ շատ լավ գիտակցում է, որ այդպիսի պատերազմին մասնակցելը պատասխանատվություն է դնում իր հետագա սերունդների ուսերին:

Աստվածամայր

9. Իսկ հիմա խոսենք արդարացի պատերազմի մասին: Եթե ռազմիկը մարտի է գնում իր երկիրը, հողը և ընտանիքը պաշտպանելու նպատակով և չունի շահադիտական մղումներ, եթե անշահախնդրորեն պատրաստ է իր կյանքը զոհել հանուն իր երկրի բարեկեցության, ապա այդ գործողությունն արդար է համարվում, և անգամ նրա զոհվելը ոչ թե թուլացնում է նրա ընտանիքն ու տոհմը, այլ, ընդհակառակը, հարստացնում է նոր էներգիայով:

Աստվածամայր

10. Հանուն մերձավորների ինքնազոհաբերման գնալը կարող է բռնություն չդիտվել այն դեպքում, եթե մեկը պատրաստ է կենդանի վահանի դեր կատարել հարձակվողի ու իր մերձավորների միջև: Ինքնազոհաբերության այդ բարձրագույն գործողությունը բարի կարմա է ստեղծում ամբողջ տոհմի և երկրի համար: Իմ այսօրվա Ուղերձի նպատակն էր բացատրություններ տալ արդարացի և անարդարացի պատերազմների մասին: Ես կարծում եմ, որ աշխարհում ներկայումս հաստատված պայմաններում իմ այս Ուսմունքն օգտակար կլինի ձեզ համար, և դուք կկարողանաք այն կիրառել ձեր կյանքում: ԵՍ ԵՄ Աթենաս Պալլասը:

Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

суббота, 13 октября 2018 г.

ՍԵՐԱՊԻՍ ԲԵՅ - «Ուսմունք սեռական էներգիան ճիշտ ծախսելու մասին»


Սերապիս Բեյի փոքր 
Վարդարան - 2

Ուսմունք սեռական էներգիան ճիշտ ծախսելու մասին
(համառոտ Վարդարան՝ Սերապիս Բեյի 2009 թ-ի դեկտեմբերի 15-ի թելադրության հիման վրա)
 
Հանուն Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հավատո Հանգանակ
Հավատում եմ Միասնական Աստծուն՝
Երկնքի ու Երկրի Արարչին,
որ ներկա է համայն Կյանքում:
Հավատում եմ Նրա Օրենքի արդարությանը,
և հնազանդորեն ենթարկվում եմ
Նրա Օրենքի Իմաստությանը:
Հավատում եմ Երկնքի Արքայությանը՝
ինչպես Երկրի վրա, այնպես էլ Երկնքում:
Հավատում եմ Աստծո Միասնությանը՝
Հոր, Մոր, Որդու և Սուրբ Հոգու:
Ամեն
Հայր մեր
Հայր մեր, որ Երկնքում ես,
սուրբ լինի Քո Անունը.
քո Թագավորությունը գա.
Քո Կամքը լինի Երկրի վրա, ինչպես որ Երկնքում է.
մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,
և ներիր մեր մեղքերը,
ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին.
և մի տանիր մեզ փորձության,
այլ փրկիր մեզ չարից,
քանզի Քոնն է արքայությունը
և զորությունը և փառքը հավիտենական.
Ամեն
Աստվածամայր
Ցնծա՛, Սուրբ Կույսդ Աստվածամայր,
Բարեշնորհ Մարիամ,
Տերը Քեզ հետ է.
օրհնյալ ես Դու կանանց մեջ,
և օրհնյալ է պտուղը որովայնիդ,
քանզի ծնեցիր մեր հոգիների Փրկչին:
Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն


1. ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը: Դուք ճանաչում եք ինձ. ես հաճախ եմ գալիս այս դեսպանորդի միջոցով: Հավանաբար նաև գիտեք, որ ես սպասավորում եմ ամենացածր չակրայի՝ մուլադհարայի, ճառագայթով: Այդ չակրայում ննջում է ձեր Կունդալինիի էներգիան: Դեպի Լույս ձեր համբարձման պահին կուրացուցիչ ճերմակ լույս է ճառագում այդ չակրայից, և Աստծո էներգիան բառացիորեն ձեզ պոկում է ֆիզիկական ոլորտից և վեր հանում դեպի ավելի բարձր օկտավաներ: Ուստի ես այն Վեհապետն եմ, որն աշակերտներին ճիշտ վերաբերմունք է ուսուցանում Աստվածամոր էներգիայի նկատմամբ:

Աստվածամայր

2. Ես տեղյակ եմ, որ վերջին հարյուր և ավելի տարիների ընթացքում մարդկությունը բարոյապես խիստ անկում է ապրել: Այդ անկումն արտահայտվում է նաև սեռական էներգիայի նկատմամբ վերաբերմունքով: Այսօր պետք է մի Ուսմունք տամ, որը շատ շատերին կստիպի այլ կերպ նայել իրենց սեռական մղումներին: Եվ իմ այս խրատատվության նպատակն այն կլինի, որ ինձ լսելու ունակ հոգիներին հետ պահեմ է՛լ ավելի մեծ անկումից և սեռական էներգիայի չարաշահումից: Ի՞նչ նոր խոսք ու խրատ կարող եմ հաղորդել ձեզ, որ հայտնի եղած չլինի մարդկությանը դեռևս բազմաթիվ հարյուրամյակներ և հազարամյակներ առաջ: Ձեր մշակույթը լռության է մատնում շատ բաներ, որոնք այնքա՜ն բնական են և շատ հազարամյակների ընթացքում փոխանցվել են սերնդեսերունդ: Խոսքս վերաբերում է սեռական էներգիան ճիշտ ծախսելու մասին Ուսմունքին:

Աստվածամայր

3. Հատկապես այն բանով, թե ինչ վերաբերմունք ունեք ձեր այդ գաղտնի ուժի նկատմամբ, որոշվում է ձեր հետագա էվոլյուցիոն ուղին: Այն դեպքում, երբ կարողանում եք խելամտորեն օգտագործել ձեր սեռական էներգիան, դուք հաղթահարում եք ձեր կենդանական մասը և մոտենում Աստվածամարդուն: Իմ զրույցի նյութը շատերիդ կցնցի, քանի որ անցյալի ձեր գործելակերպն անխոցելի չի եղել: Ամեն անգամ, երբ չմտածված ու չարդարացված ձևով վատնում եք ձեր աստվածային կարողությունը, դուք կարմա եք ստեղծում: Ձեր ստեղծագործական կարողությունը, ստեղծագործական ունակություններն ու առողջությունն ուղղակիորեն կապված են այն բանի հետ, թե ինչպես եք կարողանում կառավարել ձեր սեռական էներգիան: Հասարակությունն այդ թեմայի շուրջ մանրամասն բացատրություններ չի տալիս ո՛չ դպրոցական դաստիարակության, ո՛չ էլ ապագա ծնողներ դաստիարակելու ընթացքում: Սակայն այս կարևոր թեման պետք է զբաղեցնի ձեր միտքը նաև այնժամ, երբ մտահոգվում եք, թե որքանով է հավանական, որ հետագայում կկարողանաք ճիշտ կերպով տնօրինել ձեր սեռական էներգիան:

Աստվածամայր

4. Սեռական էներգիան ուղղակիորեն կապված է ձեր ստեղծագործական կարողության հետ՝ մարդկային գործունեության ցանկացած բնագավառում որևէ բան արարելու ձեր ունակության հետ: Նաև ձեր սեռական էներգիան որպես վառելիք է օգտագործվում համբարձման ժամանակ: Այստեղից հետևում է, որ պետք է խնայողական, հատուկ խնայողական վերաբերմունք դրսևորել էներգիայի այդ տեսակի նկատմամբ: Դուք կարող եք առարկել ինձ, թե Աստված է էներգիա տալիս, հետևաբար այդ էներգիայի աղբյուրն անսահմանափակ է: Դա իրոք այդպես է, բայց պայմանով, որ արդեն օժտված լինեք այդ էներգիայի նկատմամբ ճիշտ վերաբերմունքով:

Աստվածամայր

5. Ի՞նչ եք կարծում, ինչու՞ նյութականացումը, տելեպորտացիան և դրանց պես շատ հրաշքներ հնարավոր չեն ձեր ժամանակներում: Պատճառներից մեկն այն է, որ Աստծո էներգիայի հոսքը դեպի ձեր մարմիններ առավելագույն չափով փակված է: Աստծո էներգիան մատչելի չէ ձեզ նույնիսկ այն չափով, որը հնարավոր էր դեռևս մի քանի հազարամյակ առաջ: Եվ այն բանին զուգընթաց, որ մարդկությունն ավելի ու ավելի է թաղվում տգիտության մեջ, Աստծո էներգիայի հոսքն ավելի շատ է արգելափակվում:

Աստվածամայր

6. Ձեզ տգիտություն է թվում այն, երբ չեք կարողանում օգտվել հեռուստացույցից, համակարգչից կամ բջջային հեռախոսից: Ո՛չ, տգիտություն է այն, երբ չեք հետևում համայն տիեզերքում գործող Աստծո Օրենքին: Եվ այդ Օրենքի կետերից մեկը հենց այն մասին է, որ անհրաժեշտ է խնայողաբար ծախսել սեռական էներգիան: Յուրաքանչյուր մարդ օժտված է որոշակի կարողությամբ, որը կարող է սպառվել ժամանակից շուտ: Իսկ այդ դեպքում ոչ միայն չեք կարողանա ի կատար ածել ձեր աստվածային պլանն ու աստվածային առաքելությունը, այլև կվերածվեք դատարկության՝ մարդու, որի ներսում ներկա չէ Աստված: Ձեր աչքերը կխամրեն, և ձեր երկրային կյանքի ընթացքում արդեն կվերածվեք կենդանի դիակի:

Աստվածամայր

7. Սեռական մշակույթը հասարակության ընդհանուր մշակույթի մաս պետք է կազմի: Այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, նման է հասարակության բարոյական անկման այն փուլին, որը եղել է Սոդոմի ու Գոմորի ժամանակներում: Հավանաբար լսել եք, թե ինչ կատարվեց այդ քաղաքների հետ: Մարդիկ կանգնած են էվոլյուցիոն զարգացման տարբեր աստիճանների վրա: Եվ շատ փոքր տոկոս են կազմում այն մարդիկ, որոնք ծննդյան օրից օժտված են Աստծո էներգիայի նկատմամբ ճիշտ վերաբերմունքով: Դրանք Սանատ Կումարայի մաքրակյացներն են: Ըստ էության, այդ մարդիկ շատ մեծ հոգիների լիակատար կամ մասնակի մարմնացումներ են:

Աստվածամայր

8. Կան նաև մարդիկ, որոնք ունակ են վերահսկելու իրենց սեռական էներգիան և այն պահելու որոշակի շրջանակներում: Բայց դրա համար նրանք պետք է իրազեկված լինեն այն մասին, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել սեռական էներգիայի ավելորդ վատնումը: Հասարակության մեջ առկա վարվելակերպի կարծրատիպերն ու զանգվածային մշակույթը չեն նպաստում, որ այդ ասպարեզում ճիշտ վարվելակերպեր ձևավորվեն: Ուստի ծագում է գայթակղությունների նկատմամբ ներքին գիտակցված հակադրություն ձևավորելու անհրաժեշտություն: Եվ ոչ մի դեպքում չպետք է այդ թանկարժեք էներգիան ծախսել հաճույքներ ստանալու համար: Իդեալական կլիներ, եթե այդ էներգիան ծախսվեր միայն սերունդ տալու վրա:

Աստվածամայր

9. Ես խոսեցի երկու տեսակի մարդկանց մասին, որոնք ունակ են լրիվ կամ մասնակի վերահսկելու իրենց սեռական էներգիան: Մնացած մարդիկ, ցավոք սրտի, այդ հարցում անհամեմատ ցած են իջել կենդանիներից, քանզի այն, ինչ թույլ է տրվում տեղեկատվության զանգվածային միջոցներում ու համացանցում, այլ խոսքերով չես կոչի, քան բարոյական նորմերի լիակատար անկում: Ամենալուսավոր էներգիան, որը ձեզ նման է դարձնում Աստծուն, մարդկանց ուղեղներում կապվել է այլասերվածության և էլի ինչ-որ անմաքուր բանի հետ:

Աստվածամայր

10. Ձեր ուղեղներում պետք է կարգուկանոն հաստատվի: Այդ հարցում դուք պետք է Աստվածայինը ջոկեք սատանայականից: Հատիկը որոմից ջոկելն առաջին հերթին այդ հարցում պետք է լինի, քանի որ ձեր աշխարհում Աստծո էներգիայի ամենամեծ աղավաղումները հատկապես կապված են հնարավոր ամեն տեսակ սեռական աղավաղումների հետ: Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց զրույց վարել այս կարևոր թեմայով: Եվ է՛լ ավելի ուրախ կլինեմ, եթե այս ուղերձն ընթերցած մարդկանց մեջ գտնվեն բավարար քանակի անհատներ, որոնք, դրսևորելով վճռականություն ու համառություն, իրենց մեջ ուժ գտնեն, որպեսզի սանձեն ցանկություններն ու վեր հանեն իրենց Կունդալինիի էներգիան՝ որպես Աստծո Կամքին հավատարիմ լինելու նշան: ԵՍ ԵՄ Սերապիս Բեյը:

Աստվածամայր

Փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն և Աստվածամորը,
այժմ և միշտ հավիտյանս: Ամեն

среда, 3 октября 2018 г.

ԱԺ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ

Քանի որ ակնհայտ է, որ նախահեղափոխական ԱԺ պատգամավորները ցանկություն չունեն ինքնալուծարման որոշում ընդունել և հրաժարվել մինչև 2022 թ. իրենց հատկացվելիք անաշխատ եկամուտներից, ապա այսօրվա դրությամբ ժողովուրդն ինքը պետք է ընտրի այդ ապօրինի ընտրված կառույցը լուծարելու երեք տարբերակներից որևէ մեկը: Նախապես ասեմ, որ անձամբ ես վստահ եմ, որ երեք տարբերակներն էլ ի վերջո հաջողությամբ են պսակվելու, և մոտավորապես երկու ամիս հետո կայանալու է նոր ԱԺ-ի ընտրությունը:
Առաջին տարբերակը, որին երեկ ընթացք տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մերժված Սերժի ապօրինի սահմանադրության սցենարով թատերական ներկայացում բեմադրելն է: Դրա գլխավոր դերակատարներն են՝ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, որը որոշել է ժողովրդի կամքին հակառակ գնալ և ինքնակամ հրաժարական տալ. ԱԺ պատգամավորական մեծամասնությունը, որը պետք է ձևացնի, թե կամուկացի մեջ է՝ նոր վարչապետի թեկնածություն առաջադրել, թե ոչ. ԱԺ նիստերի օրերին հանրահավաքների ելած ժողովուրդը, որը պետք է հավաքվի ոչ միայն ԱԺ մերձակա այգում, այլ նաև մարզկենտրոնների ու գյուղերի հրապարակներում և հեռվից մատ թափ տա ԱԺ պատգամավորների վրա, որ հանկարծ սխալ որոշում չկայացնեն: Նաև հանրահավաքների մասնակիցները պետք է խստորեն առաջնորդվեն Նիկոլ Փաշինյանի երեկվա խնդրանք-հրահանգով, այն է՝ երբևէ դուրս չգալ սիրո և հանդուրժողականության սահմանված շրջանականերից և այդ «մատ թափ տալու» հեռահար գործը մշտապես ի կատար ածել ժպտերես խանդավառությամբ պարուրված:
Երկրորդ տարբերակն առաջարկում է նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությունը, այն է՝ առաջնորդվել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխության տրամաբանությամբ և մերժել ոչ միայն Սերժին, այլ նաև նրա մոգոնած սահմանադրությունը, նյուրնբերգյան ոճով Հայաստանը բառիս բուն իմաստով մաքրել հակահեղափոխական տարրերից ու մնացուկներից և ուղիղ ժողովրդավարությամբ անհապաղ ձեռնամուխ լինել նոր ԱԺ-ի ընտրության գործին:
Երրորդ տարբերակն առաջարկում են մի շարք քաղաքական գործիչներ և մտավորականներ, ինչպես նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Բացահայտված առարկայական փաստերի հիման վրա քաղաքական գնահատական տալ և դատական գործ հարուցել ՀՀԿ-ի դեմ և գործող սահմանադրության պահանջով արգելել այդ կուսակցության հետագա գործունեությունը Հայաստանի տարածքում: Դրան ինքնաբերաբար կհետևի այն, որ ԱԺ հհկ-ական պատգամավորները ստիպված կլինեն հրաժարվել ոչ միայն իրենց կուսակցական տոմսերից, այլ նաև պատգամավորական մանդատներից: Իսկ դրա արդյունքում ԱԺ-ը կզրկվի խորհրդարանական մեծամասնությունից, և նոր ԱԺ կազմավորելը կդառնա առարկայական պահանջ ու հրատապ անհրաժեշտություն:
Իհարկե, կա նաև հանրաքվեի միջոցով ԱԺ-ը լուծարելու տարբերակը, որն առաջարկում է քաղաքագետ Արա Պապյանը, սակայն, ըստ իս, դա շատ ծախսատար և շատ ժամանակ ու ջանքեր պահանջող տարբերակ է՝ ոչ ակնհայտ ելքով: Թերևս այս տարբերակը նույնպես դրական ելք կունենար, եթե մինչ այդ ՀՀԿ նենգադավ ու մութ գործունեությունն արդեն արգելված լիներ ՀՀ տարածքում:
Ամփոփելով ասենք, որ ամենայն հավանականությամբ մեր ժողովուրդը նոր տարին կդիմավորի նոր ԱԺ ունենալով և կտոնի ևս մեկ կարևոր հաղթանակ:
Խաչիկ-Ապեր
03.10.2018թ.