воскресенье, 24 февраля 2013 г.

Եթե, եթե...

Եթե Սերժ Սարգսյանը ազնվորեն էն գլխից հայտարարեր, որ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից՝ ինքը ունի Հայաստանի ապագայի իր տեսլականը և մտադիր է մնալ նախագահ, որպեսզի կյանքի կոչի իր այդ տեսլականը, ապա, ո՜վ գիտե, գուցե ժողովուրդը մի կերպ հաշվի նստեր ու հաշտվեր նրա նախագահական կամքի այդօրինակ դրսևորման հետ: Բայց չէ՜, նա հիմա ուզում է համատարած ու անժխտելի ընտրակեղծիքների ֆոնի վրա ժողովրդին ներշնչել, որ ինքն այսօրվա դրությամբ արդար ընտրված նախագահ է, և որպես դրա ապացույց է բերում հայ ժողովրդի ճակատագրին բոլորովին անտարբեր օտար դիտորդների լպրծուն հայտարարությունները: Սա նշանակում է, որ նա դրժում է նախագահական իր երդումը սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը լինելու մասով և հենց այդ մասով էլ դավաճանում է ժողովրդին: Հետևաբար՝ նրան մինչև այժմ հլու-հնազանդ ենթարկվող ուժային կառույցների ղեկավարները, անկախ այն բանից, թե դեռ երեկ ինչպիսի մտերմական հարաբերությունների մեջ էին գործող նախագահի հետ, կարող են իրենց իրավունք վերապահել այլևս չենթարկվելու նրա ընթացիկ ու հետագա հրամաններին և անցնել ժողովրդի կողմը: Ներկայումս ընթացող բազմամարդ հանրահավաքներն ըստ էության հենց դրա համար են, որ ուժային կառույցների ղեկավարներն այդ քայլին գնալուց իրենց թիկունքին զգան ժողովրդի ուժն ու պաշտպանությունը և իրենք էլ փոխադարձաբար պաշտպան կանգնեն ժողովրդին: Միայն այդ դեպքում է, որ անընդհատ լարվող քաղաքական իրավիճակը շատ արագ խաղաղ հանգուցալուծում կստանա և չի ունենա անիմաստ առճակատումների դառը հետևանքներ:

Комментариев нет:

Отправить комментарий