среда, 17 апреля 2013 г.

ԲՈՒ՞ՐԳ, ԹԵ՞ ՀՐԱՊԱՐԱԿ

Բուրգը վերադաս և գերադաս կառույց է հրապարակի նկատմամբ՝ այդ բառերի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով: Բուրգը հիերարխիկ կարգավորվածություն ունի, հրապարակը՝ քաոսային համահարթվածություն: Բուրգը երևելի է շրջապատում և իշխում է իր տարածքի վրա, իսկ հրապարակը համարյա միշտ ոտատակ է տրվում՝ մնալով աննկատ: Բուրգն օժտված է կայունությամբ ու նպատակասլացությամբ, իսկ հրապարակը հեղհեղուկ է և հարմարվող:

Բրգաձև կամ հիերարխիկ կառուցվածք ունեցող և զինվորական կարգապահությամբ օժտված ոստիկանական մի դասակը կարող է զսպել և վերահսկել հրապարակում անկանոն հավաքված բազմահազարանոց ամբոխին: Պատահական չէ նաև այն, որ «ժողովրդավարության» քողի տակ ներկայացուցչական իշխանության հասած կուսակցություններն աշխատում են ներքին հիերխիկ կառուցվածք ապահովել իրենց համար և ամեն գնով այն պահպանել:

Հայերիս մեջ առավել ճարտարները ներքին բնազդով վաղուց զգացել են բրգաձև կառույցի ընձեռած առավելությունները և հաջողությամբ օգտվում են դրանցից՝ չնայած հակումներն ու շարժառիթները հիմնականում նյութապաշտական են:

Եթե ինչ-որ հրաշքով ամբողջ հայ ժողովուրդը գիտակցի և սահմանադրությամբ օրինականացնի բրգաձև կամ հիերարխիկ պետական մեկ միասնական կառույցի անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը, ապա շատ արագ Հայաստանը կդառնա մեր տարածաշրջանի ամենահզոր պետությունը:

Комментариев нет:

Отправить комментарий